Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

Ա. Թուղթ հանցավոր վարքի խոստովանության մասին

Սուրբ Հոգին ցանկացողներն ու աստվածային սերը բաղձացողները սպասում են Աստծու Որդու գալստեանը և փափագում են անմահ փառքը, մշտապես խորհում են վերինը և հանապազ այնտեղի ուրախությունն են փափագում, արհամարհում ուրանում են անցաւոր [ամեն բան] և ամեն օր աւելի վեր են բարձրանում ոչ միայն հավատի ճշմարտությամբ, այլ նաև վարքի առաքինությամբ, միշտ զգոն են սրտի սրբությամբ և հանապազ պատրաստ են հոգիներն անարատ [պահելու], շարժվում և ապրում են աշխարհում, բայց ոչ այս աշխարհի հաճույքներով, այլ իբրև օտարներ, թափառականներ և ուրիշ աշխարհի մանուկներ` նեղվում ու մաշվում են բազում կարիքներից` զորանալով այն հույսով, թէ` «Ուր ես եմ, այնտեղ և իմ պաշտոնյան կլինի» [Հովհ. ԺԲ 26]։ Այսպիսին են հոգևորների պատիվներն ու աստվածասերների պարգևները։

Իսկ ես վիրավորվեցի չարի բազում նետերից և հաղթվելով` դատապարտվեցի. խոստովանում եմ իմ պարտությունն ու ծանուցում եմ իմ ամբարշտությունը, պատմում եմ իմ անթիվ մեղքերն ու արտասվում եմ իմ ահավոր անօրինությունների համար։ Որովհետև վերքերիս ցավերն ստիպում են ինձ պատմել, և աղետներիս տագնապներն ինձ հարկադրում են պաղատել, դեղ որոնել վերքերիս և մշտապես արտասուքի վտակներ խնդրել, որոնցով լաց լինեմ մեղքերս և բժշկեմ վերքերս։ Ուստիև մեծ բաղձանքով հանապազ ցանկանում և ըղձալի տենչանքով հարաժամ հայցում եմ մարգարեական ողբը, որպեսզի ձայնակից լինելով մարգարեին` ողբամ, արտասվելով` աղերսալի գորովի ձայնով միշտ բարբառեմ` ասելով, թե` «Երանի՜ մեկը իմ գլուխը բազում ջրերի շտեմարան դարձներ, իսկ աչքերս` արտասուքի հորդահոս աղբյուրներ, և միշտ` օրուգիշեր, լաց լինեի անդադար» [տե՛ս Երեմ. Թ 1], դառնապես արտասվեի իմ ամբարշտության համար և ողբայի չարիքներս, իմ անօրինությունների բազմության համար լաց լինեի, միշտ ողբայի մեղքերիս համար, հեծեծեի անբավ հանցանքներիս համար, անթիվ պղծություններիս համար հառաչեի, ահեղ կործանմանս համար կոծեի և տանջանքներիս աղետների համար ողբայի դառնապես։ Որովհետև հանցանքներիս համար խղճմտանքը հանապազ խեղդում է ինձ, և չարիքներս հարաժամ չարչարում են ինձ. երբ նայում եմ իմ անթիւ մեղքերի բազմությանը, իմ ահեղ ախտերի անօրինությանը, որ մշտապես մաշում են մարմինս, խարշատում են ոսկորներս, ճզմում են սիրտս, գալարում են որովայնս, անձս դողում է երկյուղից, և հանապազ հալչում են բոլոր անդամներս։ Քանզի ողբում եմ վերքերիս ցավերի համար, բայց միտքս համառում է ապշած, «որովհետև գիտեմ բարին, բայց չարիք եմ գործում» [տե՛ս Հռոմ. Է 19], գիտեմ արդարությունն ու անօրինություն եմ գործում, խոսում եմ ճշմարիտը, բայց անիրավություն եմ խորհում, երևում եմ սրբություն, բայց աղտեղությանն եմ մերձենում, ճանաչում եմ ճշմարտությունը, բայց մոլորությանն եմ հարում, տեսնում եմ լույսը և խավարն եմ փափագում։

Եվ այժմ ո՞վ պիտի լաց լինի, ո՞վ պիտի ողբա ինձ` մեղք երի մեջ մեռածիս և անօրինությամբ կործանվածիս, ամբարշտությամբ խավարի խորքերն ու անդունդներն ընկածիս համար, քանզի չարիքներս չարչարում, և պղծություններս սպանում են ինձ։ Եվ արդ, ինչպե՜ս լաց լինեմ և կամ ինչպիսի՜ ողբով ողբամ անթիվ մեղքերիս բազմությունը ես, որ իմ իսկ հանցանքների պատճառով եմ հիվանդացել և իմ իսկ ծուլության պատճառով եմ ցավագնել։ Որովհետև ինձ անմահություն խոստացավ, իսկ ես մնում եմ մահվան մեջ, վերև` երկինք հրավիրեց, իսկ ես դժոխքի անդունդն եմ իջնում, փափագելի դրախտը պատրաստեց, իսկ ես խոցոտող փշերն ընտրեցի, մշտնջենավոր կյանք ու փառք [տվեց], իսկ ես իմ մեղքերով սպանեցի ինձ։ Եվ այժմ ո՜ր սուգը կամ ո՜ր ողբը բավական կլինեն` այս ամենը ողբալու, ինչպիսի՜ լացն ու արտասուքը, ինչպիսի՜ հառաչանքն ու պաղատանքը, առաքինության ինչպիսի՜ ջանքերը կբժշկեն իմ վերքերը, որոնք անթիվ են ու անհամար։ Իսկ իմ անձը հեղգանում ու ծուլանում է, ահավոր մեղքերի բազմությունից անճարացած` թուլանում է և անշեջ գեհենի հրից սարսելով` սարսափում։ Քանզի հիշելով ահեղ դատաստանի մեծ Օրն ու սոսկալի ատյանի արհավիրքը` անձս դողում է երկյուղով, միտքս ահով զարհուրում է, սիրտս ողբալ է պահանջում, աչքերս արտասուքներ են բաղձում. ահավոր ատյանի ահը շտապեցնում է ինձ ապաշխարել, բայց չարի պատրանքները հանապազ ծուլացնում են ինձ։ Ահա նեղված եմ երկուսից էլ և տագնապած եմ ամեն բանով, որովհետև օրերս մշտապես մեղքերի մեջ անցկացրեցի, կյանքս վատնեցի անօրինությամբ, ոչ մեկին բարիք չարեցի, արդարություն երբևէ չգործեցի, այլ բոլոր անդամներս ապականելով` կորստյան մատնեցի բազմադիմի հանցանքների մեջ. բերանս պղծեցի բամբասանքներով, լեզուս աղտեղի դարձրի դատարկաբանությամբ, ականջներս` չար բաներ լսելով, աչքերս` աղտեղի բաների նայելով, սիրտս` զազրելի խորհուրդներով, անձս անպարկեշտ ընթացքով մաշեցի հանապազ։ Եվ մարմինս առողջ, իսկ սիրտս ճշմարիտ չպահեցի բնավ, այլ մեղքերով` ցավերի և հանցանքներով` հիվանդությունների մեջ [նետեցի]։ Կամենում եմ զղջալ և խոստովանել, բայց թշնամին հապաղել է տալիս, կամենում եմ ապաշխարել, բայց թշնամին ծուլացնում է, կամենում եմ Աստծու առջև ընկնել, բայց թշնամին հեռացնում է, կամենում եմ պաղատել, խնդրել ու աղաչել, բայց թշնամին կարծրացնում է, կամենում եմ ողբալ ու արտասուքներով լաց լինել, բայց թշնամին ցամաքեցնում է, կամենում եմ ողորմություն տալ աղքատին, բայց թշնամին իմ աղքատությունն է ինձ հիշեցնում, կամենում եմ պահքով մաշել ինձ, բայց թշնամին մարմնով տկարանալս է ինձ հիշեցնում, կամենում եմ խոնարհվել ու եղբորը հնազանդվել, բայց սիրտս համառում է հպարտությամբ, քանզի ինչով որ կարող եմ մեղքերս քավել, [նույնով] թշնամու չարության որոգայթն եմ առջևս գտնում։

Եվ արդ, նեղված եմ ամեն բանով, և անձս հեծեծում է հանապազ. հիշելով մեղքերիս բազմությունը` դողում եմ սարսափով և խորհուրդներիս զազրելիությունից վարանում. անմաքրությանս նայելով` ողբում եմ հանապազ, անօրինությունս մտաբերելիս տարակուսանքների արհավիրքներն են ինձ վրա ընկնում, և երկունքի ցավերն են ինձ զարկում։ Որովհետև մշտապես տեսնում եմ ահավոր ատյանի ահը, մեծ ու ահավոր բեմի սարսափները, փողի սոսկալի ձայնը, հրեշտակապետի ահալի բարբառը, ծովածավալ հրի բորբոքումն ու ամբողջ երկրի վրա տարածումը, արդարների` վեր բարձրանալը և մեղավորների մնալը, բոլոր մեղավորների հավաքվելը և իրենց խոսքերի ու գործերի համար հաշիվ տալը, Դատավորի սոսկալի դեմքը, անխնա դատաստանի Օրը, մեղավորների չար ամոթը և հավիտենական դառն ու անվերջանալի տանջանքները։ Եվ հեծեծում ու դառնապես լաց եմ լինում այս ամենի համար` անդադար ողբալով իմ մեղքերը, որովհետև տեսնում եմ, որ խիստ սարսափելի են գեհենի արհավիրքները, տեսնում եմ սոսկալի աղետները, ուր ո՛չ ունեցվածքն ու աղաչանքը կօգնեն, ո՛չ լացն ու արտասուքը, ուր ո՛չ հեծություն և ո՛չ հառաչանքներ են պետք, ո՛չ արդարները կխնդրեն, և ո՛չ սուրբերը կբարեխոսեն մեղքերով ընթացողների համար։ [Այնտեղ] անծանոթ ես ծանոթներին և հեռավոր ես մերձավորներին, ատելի ես սիրելիներին և թշնամի ես բարեկամներին, ամբողջովին մենակ ես և օտար ես բոլորին։ Ոչ ոքի աղաչել չես կարող. ոչ ոք քեզ չի ճանաչում, աղիողորմ կողբաս ու լաց կլինես, և ոչ ոք չի խոնարհվի դեպի քեզ։ Սաստիկ ծարավից կտոչորվես, և ոչ ոք քեզ չի գթա, հանապազ կայրվես և խորովումից [ազատվելու] հնար չես գտնի բոլորովին, մթով պատած` հնոցի հրի, խավարով պատած` անլույս գեհենի մեջ ես, խավարային գբի մեջ` գարշահոտ, որդնալից տարտարոսի ներսում։ Ուր ներքևից հուրն է բորբոքվում, վերևից հրի ահավոր հոսանքներն են հորձանք տալիս, հորդում իջնում են հրեղեն առատահոս գետերը։ Ուր խավարը շոշափելի է, և ամենևին չես կարող տեսնել որևէ մեկին, քանզի սև մեգով պատած և կայծակների մեջ ընկած` լաց ես լինում ու ողբում ես անդադար, և միայն քո նեղությունն ես կոծում, որովհետև ահաւոր ցավերի աղետների մեջ կարծում ես, թե միայն դու ես տանջվում ու չարչարվում։ Հանապազ հեծում ու առանց հանգստանալու ու մխիթարվելու դառնորեն լաց ես լինում. վշտեր, նեղություններ ու մշտնջենավոր տառապանքներ, դադար չունեցող տանջանքներ ու անդիմանալի տագնապներ, անպատմելի ցավեր ու նմանը չունեցող կսկիծներ, վարանած ես ու ամբողջովին տարակուսած։ Քանզի այնտեղ խոսքերը միայն ճիչն ու վայն են, պաղատանքն ու ողոքանքը, լսում ես միայն ախ ու հառաչանք, հեծեծանք ու տագնապ, անդադար լաց ու ողբ. չկա ողորմություն, այլ միայն խաշվում ես միշտ վշտերի մեջ, հանապազ կարիքների մեջ հալումաշ ես լինում արտասվելով ու պաղատելով, որոնք ոչ ոք չի լսում, և պաղատանքներն էլ չեն ընդունվում, որովհետև անցել է ժամանակը։ Այլ ա՛յժմ է լաց լինելու և ողբալու ժամանակը, ա՛յժմ է ախի ու հառաչանքի ժամանակը, ա՛յժմ է աղաչելու, պաղատելու, թողություն խնդրելու ժամանակը, որովհետև ա՛յժմ է արտասուքների շահն ու օգուտը, ողորմության սերմերն ու ապաշխարության պտուղը, [ա՛յժմ է] ժամանակը հառաչելու և ողորմություն խնդրելու։

Եվ արդ, այժմ է, որ մեր մարմնի սուղ նեղությունը պիտի փոխանակենք անվերջանալի ցավերի ու տանջանքների հետ, որպեսզի այս աշխարհում սակաւ պահքով ու չարչարանքով փրկուենք գեհենի բորբոքված բոցից ու ահեղ կայծակներից, փոքր-ինչ տքնելով և աղոթելով` փրկվենք հրեղեն հորդահոս գետերից, փոքր-ինչ տրտմելով` փրկվենք ահավոր հնոցներից ու չարաժանիք ու խածոտող որդերից, այստեղ [մեր մեղքերի համար] ախով ու հառաչանքով այնտեղ ազատվենք դառը տանջանքներից և անլույս խավարից, այստեղ փոքր-ինչ լաց լինելով ու արտասվելով` այնտեղ փրկվենք մշապես լաց լինելուց ու հանապազ ողբալուց, և այստեղ մեկ ապաշխարության փոխարեն այնտեղ ազատվենք միգապատ խավարից, դառը մահից և հավիտենական ամոթից։

Արդ, այս ամենը մտաբերելով, ո՛վ իմ բազմամեղ անձ, մի՛ հեղգանա պահք պահել, մի՛ ծուլանա աղոթել, մի՛ դադարիր զղջալ, մի՛ հապաղիր խոստովանել, մի՛ վհատվիր ապաշխարելիս, մի՛ հոգնիր ողորմություն տալուց, մի՛ դադարիր լաց լինելուց, մի՛ հանգստանա ողբալուց, մի՛ սպասիր վախճանին և հույսդ մի՛ դնիր ծերությանդ վաստակին, մի՛ համարիր, թե երկար ես ապրելու այս աշխարհում, և մի՛ ասա, թե` հետո կապաշխարեմ։ Թշնամին գող է ու խաբող. այդպես հապաղել տալով` խաբում ու կորստյան է մատնում քեզ։ Ասում ես. «Այժմ [մեղք] գործեմ, հետո կապաշխարեմ»։ Ասում ես. «Երիտասարդությանս օրերին հանգստանամ, հետո կապաշխարեմ։ Այսօր վայելեմ, իսկ վաղը պահք կպահեմ, այսօր հեշտանամ, հետո կպարկեշտանամ, այժմ հավաքեմ, ասում ես, հետո կբաժանեմ աղքատներին»։ Այսպիսին են թշնամու պատրանքները, որոնցով խաբում ու կորստյան է մատնում մեզ` տարեցտարի ուշացնելով և ժամեժամ հետաձգելով գործել բարին։

Եվ արդ, մի՛ խաբվեք այսպիսի պատրանքներից. անհայտ է [ձեր] վախճանի օրը, այս աշխարհից ելքն աներևույթ է. երկունքի նման վրա կհասնի, և չես հասցնի զղջալ և ապաշխարել, գողի պես գիշերով վրա կհասնի և կոծել ու ապաշխարել չի տա, հավորսի թակարդի նման հանկարծակի կբռնի և թույլ չի տա լաց լինել, հեծեծել և ողորմություն անել։ Առյուծի պես կհարձակվի, կգոչի ու կհափշտակի, և ամենևին չես հասցնի [փրկվել]։ Եվ արդ, ա՛նձ իմ, ի՞նչ պիտի անես և կամ ի՞նչ պիտի գործես, դո՛ւ, որ խորհում ես բարին, բայց չես անում, կամենում ես ողորմություն տալ և հապաղում ես, ասում ես, որ զղջում ես, բայց արտասուքով չես լվանում անկողինդ, ինպե Դավիթը, ով նաև ասում էր. «Մոխիրը որպես հաց կերա և ըմպելիքիս արտասուք խառնեցի» [Սաղմ. ԺԱ 9], ով ամբողջ գիշեր հեծեծում ու դառնորեն լաց էր լինում անդադար։ Հոժարում ես պահք պահել, բայց ո՛չ նինվեացիների պես քուրձ ես հագնում և ո՛չ էլ մոխրի վրա ես նստում, որոնք նաև «ետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրինություններից, որ իրենց ձեռքով էին կատարվում» [Հովնան, Գ 8]։ Ախորժում ես արտասվել ու լաց լինել, բայց այն պոռնիկի պես պաղատելով չես ողբում [տե՛ս Ղուկ. Է 38], կամենում ես ողորմություն անել նեղության մեջ եղողներին, բայց ոչ այն այրի կնոջ պես, որ իր ամբողջ ունեցածը տուեց [տե՛ս Մարկ. ԺԲ 42

Արդ, այսպիսին է ապաշխարության ջերմությունը, որ չի խնայում ո՛չ ունեցվածք և ո՛չ մարմնի չարչարանք, այլ նեղում է, մաշեցնում, տառապեցնում և միայն մեղքերի թողություն և հոգու` ախտերից բժշկություն է խնդրում, որոնցով և մենք պիտի քավենք մեր մեղքերը և պիտի բժշկենք մեր հոգու վերքերը։ Քանզի կարելի է և պահքով ու ծոմաջան տքնությամբ մեր մեղքերը քավել, կարելի է և աղոթքներով ու խնդրվածքներով ու գորովագին պաղատանքներով մեր մեղքերը քավել, կարելի է քուրձ հագնելով, մոխրի վրա նստելով և գետնախշտի անկողնով մեր մեղքերը քավել, կարելի է լաց լինելով, ողբալով ու տնանկներին գթալով մեր մեղքերը քավել, կարելի է ախուվախ անելով, հառաչելով ու անդադար հեծեծանքներով մեր մեղքերը քավել, կարելի է հեզությամբ, խոնարհությամբ ու հնազանդությամբ քավել մեր մեղքերը, կարելի է աղքատությամբ, ինչքեր չունենալով ու մերկությամբ քավել մեր մեղքերը, կարելի է բարի վարքով և բոլորին բարերարություն անելով քավել մեր մեղքերը, կարելի է եղբայրասիրությամբ ու Աստծու երկյուղով մեր մեղքերը քավել, կարելի է ուղիղ խրատով ու վարդապետությամբ քավել մեր մեղքերը, ըստ այն խոսքի, որ ասում է, թէ` «Ով [մեղավորին] իր մոլորության ճանապարհից ետ է բերում, կփրկի իր հոգին մահվանից և կծածկի իր մեղքերի բազմությունը» [տե՛ս Հակ. Ե 20]։ Այլև միայն ճշմարիտ դարձն ու ուղիղ խոստովանությունը բավական են փրկության ու արդարության համար, ըստ այն խոսքի, որ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրինությունները, որ արդարացվես» [Ես. ԽԳ 26

Եվ այժմ ի՞նչ ունես ասելու, ո՛վ իմ բազմամեղ անձ, եթե չես բժշկվում այսքան դեղերով. փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառը նիրհիցդ, դարձի՛ր կորստյան տանող ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտությանդ խավարը, սթափվի՛ ր անզգա մոլորությունիցդ և ե՛կ դեպի քեզ, հեռացրո՛ւ քեզնից մեղքերիդ սաստկությունը, թեթևացրո՛ւ անօրինությանդ բեռների ծանրությունը, քավի՛ր անթիվ հանցանքներիդ բազմությունը, բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցոտումը և լվա՛ ամբարշտությանդ գարշահոտ տիղմը, որպեսզի սրբված ու մաքրված հոգով, լուսազարդված ու պայծառ մարմնով համարձակ դեմքով ու զվարթերես անցնես տիեզերական ահավոր ու անհամար բանակների բազմության միջով, կանգնես Աստծու ահավոր ու մեծ Բեմի առջև և աշխարհատես հրապարակում Նրանից լսես այն քաղցր ու երանելի խօսքը, թե` «Եկե՛ք, իմ Հօր օրհնածնե՛ր, մտե՛ք և ժառանգեցե՛ք երկնքի բարիքների վայելչությունը» [տե՛ս Մատթ. ԻԵ 34] Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, Որին փառք և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն։

« Ս. Հովհան Մանդակունի   |   Բ. Թուղթ ապաշխարության մասին »
© Gratun.org