Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

Դ. Ընդունելի և ոչ ընդունելի աղոթքների մասին

Մեր մտքերն ամփոփելով` հասկանանք ճառիս խոսքերը, երևացող բաներով ճանաչենք աներևույթները և իմանանք, թե ինչպիսի ահուդող ու ծանր պատիժներ են [սպասում] մեղավորներին Դատավորի առջև իրենց մեղքերի ամոթով կանգնելու ժամանակ։ Ինչպես են այլագունում նրանց երեսները, ինչպես են սոսկում, սարսափում, ահից դողում ահեղ Դատավորի դիմաց. և [ինչպես են] գլխիկոր, աչքերը խոնարհած և լեզուները կապված կանգնում Նրա առջև։ Իսկ եթե հանդգնում են աղաչել ու խնդրել, սրտի երկյուղով ու անհամարձակ լեզվով հիվանդաձայն բարբառում են և մեծ աղերսանքով ցավագին պաղատանքներ մատուցում, արտասվում, աղաչում, խնդրում, որպեսզի [շարժեն] Դատավորի գութն ու ողորմածությունը` փրկվելու իրենց հանցանքների համար պատիժներից։ Ուրիշ ոչ մի բանով զբաղված չեն նրանց մտքերը, նրանց աչքերն ուրիշ տեղ չեն նայում, և ականջներն այլ տեղ [դեգերում]։ Եվ երբ Դատավորը խոսում է նրանց հետ, չեն համարձակվում երեսները դարձնել կամ խոսել ծառայակիցներից որևէ մեկի հետ, այլ մեծ պատկառանքով միայն Դատավորին ան նայում` աղաչելու և խնդրելու իրենց հանցանքների թողություն և տանջանքներից [փրկություն]։

Իսկ որքա՜ն առավել մեզ համար է կարևոր մեծ պատկառանքով կանգնել ահավոր ու մեծ Դատավորի առջև. սաստիկ սարսափով ու սոսկալի դողությամբ մտնել, կանգնել Աստծու առջև և ցավագին ողբերով ու հորդահոս արտասուքներով աղաչել ու թողություն խնդրել։ Մեր մտքերն այլ կողմ և խորհուրդներն այլ կողմ չպետք է առաքել, մեր աչքերն այլ ու ականջներն ուրիշ կողմ չպետք է թափառեցնենք, երբ մեկը կամենում է իր մեղքերի ու հանցանքների համար աղաչել ու խնդրել Աստծուն, որպեսզի հեծեծանքներով ու հառաչանքներով հաշտեցնենք Տիրոջը և խոնարհեցնենք` [լսելու] մեր պաղատանքներն ու գթալու մեզ, որով քավի մեր մեղքերն ու սրբի մեր անօրինությունները, փրկի մեզ տանջանքների ահեղ աղետներից ու հավիտենական ամոթից մեր աղոթքներով ու պաղատանքներով և գթագին սրտի ջերմությամբ։

Քանզի շատերը աղոթքներով մեծ բարիքներ ընդունեցին և հաճելի եղան Աստծուն, գտան մեղքերի թողություն և հոգիների փրկություն, մանավանդ նրանք, ովքեր արտասուքներով և տնանկների հանդեպ գթով աղոթեցին։ [Այդպիսիները] ոչ միայն մեղքերի թողություն են գտնում, այլև և՛ մարմնի համար անհրաժեշտն են ստանում, և՛ երկնային բարիքները։ Քանզի աղոթականի աղոթքները ձեռք են, [որոնք] բռնում են Աստծու ոտքերից և իսկույն խոնարհեցնում են [Նրան] դեպի խնդրողի աղաչանքները, որովհետև Աստված հույժ կամենում և ախորժում է աղաչողի խնդրանքը. «Խնդրեցեք և կտրվի ձեզ, հայցեցեք և կգտնեք» [Մատթ. Է, 7. Ղուկ. ԺԱ 9

Եվ արդ, հարկ է, որ բոլոր նրանք, ովքեր ծանրացած են մեղքերով և նեղված են վշտերից, վտանգված են թշնամիներից և չարչարվում են ցավերից, միշտ աղաչեն ու խնդրեն անդադար աղոթքներով ու պաղատանքներով։ Քանզի նրանք, ովքեր պարզ մտքով և աննենգ հավատով աղոթում են Աստծուն և բարին են խնդրում, ստանում են այն ամենը, ինչ խնդրում են, ինչպես որ ստացան մեր առաջին հայրերը։ Իսկ եթե մեկն ասի, թէ` խնդրեցի, բայց չստացա, աղոթեցի, բայց չընդունեցի. [ասենք, որ] շատ չխնդրեցիր անիրավ դատավորից խնդրող այն այրի կնոջ պես (տե՛ս Ղուկ. ԺԸ 1-6), և կամ ինչպես այն բարեկամը, որ կեսգիշերին նկանակ խնդրեց (տե՛ս Ղուկ. ԺԱ 5), որը ոչ թե բարեկամ լինելու, այլ շատ խնդրելու համար ստացավ։ Այդպես Աննան ցավագնած հոգով, արտասուքներով ու աղոթքներով շատ խնդրելով` ստացավ Սամուելին (տե՛ս Ա Թագ. Ա)։ Այդպես ժողովուրդը տրտմության հովտում լաց եղավ Աստծու առջև, և նրանց ջերմագութ աղոթքների ու պաղատանքների համար Աստված նրանց համար հանեց Գեդեոնին և փրկեց Իսրայելը (տե՛ս Դատ. Բ, Զ)։ [Այդպես նաև] Եզեկիայի արտասվագին աղոթքների համար նրա կյանքին տասնհինգ տարի ավելացավ (տե՛ս Դ Թագ. Ի)։ Եվ դու, եթե այդպիսի արտասուքներով և ամբողջ սրտով աղոթես Աստծուն և չերկմտես, Նա կընդունի քո խնդրվածքները։

Աղոթողին բազում խոսքեր պետք չեն. մաքսավորը մեկ խոսք արձակեց, նրա աղոթքը ընդունելի եղավ, և նա թեթևացրեց իր մեղքերի ծանր բեռները (տե՛ս Ղուկ. ԺԸ)։ Մովսեսն անշշունջ բերանով աղաղակեց, և ծովը մինչև հատակը բաժանվեց (տե՛ս Ելք ԺԴ 21)։ Եվ դու, եթե ամբողջ սրտով խնդրես, [ոչ] միայն կցամաքեցնես մեղքերի ծովը, այլ նաև կդադարեցնես բարկության ալիքները։ Քանզի Աստծու` [աղոթքները] չընդունելու պատճառն այն է, որ շատ չես խնդրում, ամբողջ սրտով չես աղաչում, կամ էլ [քեզ համար] վնասակարագույն բան ես խնդրում։ Իսկ եթե անդադար աղոթքներով հոգու համար օգտակարը խնդրեք, անհնարին է Աստծուց այն չստանալը։ Ահա Եղիայի աղոթքները փակեցին ու բացեցին երկինքը (տե՛ս Գ Թագ. ԺԸ), Դավթի աղոթքը կանգնեցրեց հրեշտակի սուրը (տե՛ս Հովն. Բ), Հովնանի աղոթքը նրան կետի փորից կենդանի դուրս հանեց (տե՛ս Հովն. Բ), քանանացու աղոթքը նրա դստեր միջից հալածեց դևին (տե՛ս Մատթ. ԺԵ), աղոթքները սրբեցին պոռնիկներին, բժշկեցին հիվանդներին, մաքրեցին բորոտներին, լուսավորեցին կույրերին, արդարացրեցին մեղավորներին։

Եվ արդ, մեր առջև են ընդունելի աղոթքների այս բոլոր օրինակները. եթե կամենաս, կարո՛ղ ես [նրանց] նմանվել, հանել քեզ մեղքերի բանտից ու արձակել սատանայական կապանքներից։ Միայն աղոթի՛ր Աստծուն արտասվալից պաղատանքներով և կթեթևանաս ամբարշտությանդ ախտերից, կառողջացնես անօրինությանդ ցավերը, կբժշկես հանցանքներիդ հիվանդությունը։ Միայն ամբողջ սրտով աղոթի՛ր Աստծուն և կազատվես սատանայի որոգայթներից, կփրկվես չարաժանիք վիշապից և ողջանդամ կազատվես թունավոր վիշապից։ Միայն անդադար աղոթքներով խնդրի՛ր Աստծուն, և կլուսավորի մոլորությանդ խավարը, կցամաքեցնի մեղքերիդ պղծության աղտեղությունն ու ցանկությանդ տիղմը։ Երբ անբիծ հավատով ամբողջ սրտով աղոթես Աստծուն, կընդունես մեղքերի թողություն և հանցանքների քավություն, կընդունես երկնքի արքայությունն ու անբավ բարիքները, կընդունես մարմնի առողջություն և հոգու փրկություն, կընդունես բարի օրեր և խաղաղ կյանք` [ազատ] բոլոր զրպարտողներից։ Աղոթքները դադարեցնում են բռնակալների բարկության ալիքները, ետ են դարձնում Աստծու սրտմտությունն ու ցասումը, աղոթքները հարստացնում են աղքատներին, զորացնում են տկարներին, աղոթքները բժշկում են հիվանդացածներին և հալածում են մոլեկան ախտերը, աղոթքներն ամուլին ծնող են դարձնում, որդի չունեցողին` բազմորդի, ազատում են ծովի ալեկոծությունից, փրկում են գետերի հորձանքներից, կերակրում են քաղցածներին, հագցնում են մերկերին, դադարեցնում են տարաժամ մահերը, կատարում են հավատով խնդրողների բոլոր խնդրվածքները։

Այսպիսին է ճշմարիտ աղոթքների զորությունը նրանց համար, ովքեր կամենում են մերձենալ նրան. այն բանական անարյուն պատարագ է. յուրաքանչյուրի աղոթքն է պատարագ Աստծուն։ Բայց եթե ընկերոջդ չես սիրում, քո աղոթքներն ընդունելի պատարագ չեն, որովհետև Աստծու առջև չեն բարձրանում։ Որովհետև անհնարին է, որ ընկերոջ հանդեպ քեն ունեցողի աղոթքները ելնեն առ Աստված։ Իսկ եթե սրտի սիրով աղոթես Նրան, «մինչև քո աղաղակելը պիտի ասեմ, թե` ահա՛ հասել եմ» [տե՛ս Ես. ԾԸ 9]։ Քանզի անարատ արտասուքներով ու ողորմությամբ աղոթքները աղոթականի առջև բացում են երկնքի դռներն ու բարձրանում են դեպի Աստծու լսելիքը. եթե միայն առանց թերանալու են խնդրում Նրան։

Սատանան, իմանալով այս ամենը (որ աղոթքներով մեծամեծ զորություններ ու անբավ բարիքներ են գործվում), գնում մոտենում է նրան, ով կամենում է աղոթել, և նախ մահճում է պատերազմում նրա հետ` անկողնի մեջ մնալը հաճելի դարձնելով, քունը քաղցրացնելով, մարմինը ծանրացնելով` այս ու այն կողմ շրջել, հորանջել է տալիս։ Մի կերպ վեր կենալով` ալարելով գնում է եկեղեցի և ներս մտնելով` կանգնում է Աստծու հանդիման։ Սատանան այնտեղ էլ է ծածկում նրա միտքը, որպեսզի չհիշի իր հանցանքների բազմությունը, և չիմանա, թե Աստծու առջև է գտնվում. [և նա] ո՛չ օրհնությունն է լսում, ո՛չ փառաբանություններն է հասկանում, ո՛չ էլ ընթերցվածքների վարդապետություններն են մտնում նրա սիրտը։ Չի հեծեծում և չի հառաչում իր մեղքերի անօրինությունները, լաց չի լինում և չի ողբում իր հոգու վիրավորվածությունը, չի աղաչում և չի խնդրում Աստծուց, արտասվալից պաղատանքներով չի հաշտեցնում Տիրոջը` խոստովանելով իր չարիքների բազմությունը և հայտնելով իր անօրինության ծածկված դեզերը, որպեսզի փրկվի ահեղ տանջանքներից ու անլույս խավարից։ Փոխանակ լաց լինելու և պաղատելու, մեծ աներկյուղությամբ և արհամարհանքով ենք Աստծու առջև և պատկառանքով, ահով ու դողով չենք աղաչում ու պաղատում, ինչպես դատապարտվածները` դատավորների առջև, և կամ ինչպես մեղավոր ծառաները, որոնք իրենց տերերի ոտքերի առջև աղաչում են մեծ երկյուղով ու պաղատանքներով խնդրում։ Ո՛չ հեծեծանքներով, հառաչանքներով ու ողորմագին ողբերով արտասվում ենք մահապարտների պես, որոնց քարշ տալով տանում են իրենց չարչարանքների տեղը, և ո՛չ էլ քրձով, մոխրով ու մեծ սգով ընկնում ենք Աստծու առջև, որպեսզի փրկի մեզ բորբոքված գեհենից ու սաստիկ տանջանքներից, որդերի չարությունից ու անլույս խավարից։

Եվ արդ, ոչ միայն ահով ու խանդաղատագին աղաչանքներով չենք կանգնում Աստծու առջև` աղաչելու և խնդրելու վերքերի բժշկություն, այլ աղոթքների ու պաղատանքների ժամանակ մեղքերի թողություն խնդրելով` լվացվում, օծվում ենք և զարդարում ենք մեր հանդերձները, կարծես թե պատրաստվում ենք գնալ բոզանոց կամ թատերախաղերի. և եկեղեցի մտնելով` կանայք սնափառ պերճանքով ու մոլեկան հպարտությամբ բոզերի կերպարանքով են կանգնում Աստծու առջև, իսկ տղամարդիկ` բոզահոմանիների։ Եվ ցոփոգի մեղկությամբ իգանում են պիղծ ցանկութամբ և հափրանալով` վավաշոտում են որձ այծերի և իգամոլ ձիերի նման, և այնտեղ իսկ` եկեղեցում` սրբությունների հանդեպ, պղծություն, շնություն ու պոռնկություն են գործում. թեև մարմնով չեն գործում, բայց մտքով նույնն են գործում ակնարկելով, անամոթ նայվածքով և քծնող շան ձայնով։ Տերն ասում է. «Ով ցանկությամբ է նայում, կատարյալ շնացող է» [տե՛ս Մատթ. Ե 28]։ Նրանք արժանի են փայլակի, կայծակի ու հրե շանթերի` երկնքից իջնելու, այրելու և այնտեղ իսկ նրանց սպանելու, իսկ դրանից հետո` հավիտենական հրին, ահավոր խավարին ու անվերջանալի տանջանքներին այն բանի փոխարեն, որ աղոթքների ժամանակ պիղծ ցանկություններ ունեցան իրենց սրտում։

Ո՛վ թշվառական, եկել ես` հեծեծելու և Աստծուն պաղատելու, արտասուք թափելու և խնդրելով ողբալու, հայցելու, հառաչելու և թողություն խնդրելու, իսկ այժմ ա՞յդ է խնդրողիդ կերպարանքը` ի տես նայողների զարդարելդ, օծելդ, լվանալդ. ա՞յդ է կերպարանքը հայցողիդ և մեղքերի թողություն խնդրողիդ` անառականալդ, հաճոյանալդ և պիղծ ցանկութեամբ ակնարկելդ, ա՞յդ է կերպարանքը Տիրոջը քո չարիքների համար հաշտեցնողիդ` ցանկութեան ախտով բոզահոմանիների` քո գեղեցկությունն ու հասակը զննե՞լը։ Ինքդ քեզ սատանայացնում ես և աղաչում ես փրկվել սատանայից. դու քո կամքով դիվահարվում ես, և խնդրում ես փրկվել դևերից։ Ինչպե՞ս կարող ես այդպիսի կերպարանքով հեծեծել Աստծու առջև և կամ ինչպե՞ս կարող ես այդպիսի խորհուրդներով հառաչել. նաև համարձակվեցիր Աստծու առջև զազրելի մտքով ու սատանայական կերպարանքով մտնել և պոռնկանոց դարձնել Աստծու Եկեղեցին. չե՞ս սոսկում ու դողում սրբություն սրբոցից և Աստծուհեղ դեմքից։ Մի՞թե չգիտես, որ Սրտագետը քննում է քո խորհուրդները և գիտի ամեն բան. մի՞թե չլսեցիր, թե Նա պիտի դատի մտքերի և [հաշիվ] պիտի պահանջի անամոթ հայացքների համար։

Եվ այժմ զգաստացի՛ր և հեռո՛ւ վանիր քեզնից կեղծավորական մտքերիդ խաբեությունն ու պաճուճանքներդ, ապա՛ միայն մտիր Աստծու առջև և լսիր։ Երբ մահվան դատապարտվածները մտնում են թագավորների մոտ, չեն մտածում զարդարվելու մասին, այլ խնդրանքներ ու պաղատանքներ [մատուցելու]։ Երբ վիրավորները հիվանդանոց են մտնում, զանազան [բաների մասին] չեն խորհում, այլ միայն վերքի համար դեղ որոնելու և ցավերը բժշկելու։ Այդպես էլ մեղքերով վիրավորին ու անօրինություններով հիվանդացածին եկեղեցի մտնելիս պաճուճանքներ ու պիղծ խորհուրդներ պետք չեն, և ոչ օծվել ու մազերը հյուսել է պետք աղոթելու և Աստծուն պաղատելու ժամանակ։ Այլ պետք է նեղել մարմինը, մաքրել խորհուրդները և նվաստ կերպարանքով, բեկված սրտով, խոնարհ անձով մտնել, կանգնել Աստծու առջև և բազում պաղատանքներով ողբալ ու դառնապես լաց լինել, անդադար հեծությամբ աղաչել ու խնդրել, կուրծքը բախել, ձեռքերը տարածել, արտասուքներ հոսեցնել, նեղվող սրտով, անհամարձակ լեզվով, ամոթալից երեսով, ողբալի ձայնով խոստովանել չարիքները, խանդաղատելի խոսքերով հաշտեցնել Աստծուն և մեղքերի թողություն ստանալ։

Սրա՛նք են աղոթքների և խնդրվածքների ձևերը, դեպի որոնք խոնարհվում է Տերը և լսում, որոնցով ներում է հանցանքներն ու քավում է անօրինությունները, որոնցով մաքրվում ենք և սրբվում պղծությունների չար ախտերից և սատանայական խորհուրդներից, որոնցով ընդունում ենք արքայությունն ու անմահ կյանքի փափկությունները։ Իսկ մենք, հիշելով իսկ այս ամենը, մեծ արհամարհանքով ենք մտնում Աստծու մոտ և սատանայի հետ ենք լինում, որ շփոթեցնելով` խառնում է մեր մտքերը տեսակ-տեսակ մտածություններով, ցրելով` հոսեցնում է մեր մտքերը դեպի այս աշխարհի հոգսերն ու զբաղմունքները. աղոթքների օգնությունն ու շահը հազիվ սկսած` գրավվում ենք չարի չար խորհուրդներով. ներսում ծնրադրած աղոթում ենք, բայց մեր մտքերը բազում բանդագուշանքներով դրսում այս ու այն կողմ են թափառում։ Որովհետև աղոթելիս խորհում ենք մեր տան և անդաստանների հոգսերի մասին, աղոթելիս հաշվում ենք մեր արտերի բերքը և այգիների պտուղները, թե քանի կապիճ հաց և կամ քանի մար գինի կլինի ինձ. աղոթելիս մտաբերում ենք մեր խաշներն ու կովերը, թե քանի արջառ կամ ոչխար կունենանք, այդ ժամանակ նաև մեր գործն ու մշակների վարձն ենք հիշում, թե` վա՛յ, եթե սա ելնի իմ տնից։ Նաև մեր ընկերոջ դատաստանն ենք հիշում աղոթելիս և դատ[ապարտ]վում ենք Աստծու առջև։ Աղոթելիս խորհում ենք նաև մեր եղբոր կողմից ամբաստանվելու մասին, դեռ Եկեղեցուց չարձակված` մեր թշնամուց ենք սկսում գանգատվել` լեղու պես դառնացնելով աղոթքների քաղցրությունը։ Սատանան այնպես է հափշտակում մեր միտքը, որ աղոթելիս մինչև իսկ աղտեղի խորհուրդներ է հիշեցնում. սկսում ենք համրել փոխ տվածի վաշխն ու տոկոսները, աղոթքների մեջ հիշում ենք ընկերոջ նախանձն ու թշնամանքը։ Եվ ո՛չ միայն այսպիսի չար խորհուրդներով ենք դատապարտվում, այլ նաև դատարկախոս լեզվից և շատախոսությունից վնասվում և վիրաւորվում ենք աղոթելիս, որովհետև վնասում ենք շատերի հոգուն, գերում ենք նրանց մտքերը և հանում ենք աղոթքներից և փառաբանություններից, դարձնում դեպի խավար խոսքերը և իջեցնում ենք կորստյան խորխորատները։ Մի՞թե այս ամենն արժանի չեն ահեղ բարկության և գեհենի բորբոքուն հրի, բազում տանջանքների և անլույս խավարի, որ այսքան անօրինանում ենք Աստծու առջև և աղոթքներից դուրս ենք ելնում պատիժների դատապարտված. և ո՛չ թե պատվվում ենք իբրև աղոթողներ, այլ իբրև հայհոյողներ ու արհամարհողներ դատապարտվում ու պատժվում ենք։

Իսկ եթե մեղանչում ենք աղոթելու և բարի գործ անելու ժամանակ, ապա որքա՜ն առավել, երբ չարիք ենք գործում. երբ չարիքի խորքերն ենք ընկղմվում ներսում` նավահանգստում, ի՞նչ պիտի անենք, երբ ելնելով դուրս` հրապարակներ կամ վաճառատեղիներ, մտնենք մեղքերի ծովի` երդման, հայհոյության, զրկանքի, սնափառության, բամբասանքի, նախանձի, բարկության, ագահության, հարբեցողության, որկրամոլության, հպարտության և բոլոր ախտերի բազմության մեջ, որոնք առավել, քան ալեկոծված ծովը, ընկղմում և խորասույզ անելով` մահվան են մատնում բազմատեսակ մեղքերով։ Եվ արդ, ինչպե՞ս կամ ինչո՞ վ կարող ենք փրկվել մեր անթիվ չարաչար գործերից և սատանայի բազում հնարանքներից, որ ոչ միայն դառը չարիքներով չարչարում է և սպանում, այլ նաև հնարներ է գործադրում և սուրբ աղոթքների քաղցրությունը դժնդակ լեղու դառնության է վերածում. ուրիշ կերպ չենք կարող զերծ մնալ չար իժից ու դառը քարբից, այլ միայն մշտապես պատրաստ լինելով սատանայի մեքենայությունների դեմ և զգուշանալով նրա աներևույթ նետերից։

Կարող ենք փրկվել, եթե մշտապես հիշենք մեր վախճանի օրը այն վտանգի երկյուղով, որ մեր հոգին աններելի շտապողականությամբ մարմնից պիտի պահանջվի և բռնի կերպով պիտի տարվի խավարային մեգով մթապատած. եթե ամեն ժամ հիշենք սոսկալի մեծ բեմի արհավիրքները, դատաստանի ահագին Օրը, եթե հարաժամ զգուշանալով` խորհենք այն ամոթի մասին, որ պիտի լինի տիեզերական հրապարակի առջև, տանջանքների բազմության, թունավոր որդերի դառնության, աղջամղջի շոշափելի խավարի, գարշահոտ տարտարոսի խորության, գեհենի հրի բորբոքուն կայծերի, հնոցների բարձրաձայն գոչյունի, հրեղեն հորդահոս գետերի սարսափների, մեղավորների` հանապազ այրվելու և խորովվելու և աղետների ու ցավերի սաստիկ կսկիծների մասին։

Եթե մշտապես հիշես այս ամենը, կարո՛ղ ես փրկվել սատանայի որոգայթներից, կարո՛ղ ես երկյուղով լինել Աստծու առջև, կարո՛ղ ես սուրբ աղոթքներ մատուցել, կարո՛ղ ես սգալ, լաց լինել, և դառնապես ողբալ, կարո՛ղ ես նաև քաղցրացնել Դատավորի հայացքը, խոնարհեցնել դեպի ողորմությունն ու գութը և ընդունել մեղքերի թողություն և հանցանքների քավություն, ժառանգել լուսեղեն խորանները, փափագելի դրախտի փափկությունը, հավիտենական ուրախությունների հեշտությունները, ցանկալի անմահ կյանքը և անվերջանալի բարիքների վայելչությունները Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ. Նրան փառք, պատիվ և գոհություն հավիտյանս հավիտենից. ամեն։

« Գ. Թուղթ Պահքի պնդության մասին   |   Ե. Թուղթ տնանկներին ողորմելու մասին »
© Gratun.org