Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

Զ. Պտուղների [նվիրաբերման], զոհաբերության և ողորմության մասին

Սատանան բազում գաղտնաձիգ նետերով վիրավորում է մեզ, բայց վերքերը չի երևացնում. [մեր] գործերի սկզբում [մեզ] ցույց է տալիս, թե առաքինի ընթացք ունենք, բայց ավարտում է ահավոր անօրենություններով. մեր չարչարանքների համար վարձատրություն [ստանալու] փոխարեն գցում է անօրինությունների ու մեղքերի տակ, ինչպես որ Կայենին` իր ընծաներով [տե՛ս Ծն. 5] և Յեփթայեին` իր ընծաներով [տե՛ս Դատ. ԺԱ 34-39], որոնք բարու կերպարանքով անօրինության գործեր արեցին։ Այժմ էլ սատանան շատերի հետ է նույնն անում` ապարդյուն ու դատարկ դարձնելով Եկեղեցուն ընծայաբերված պտուղներից ու զոհաբերություններից։ Եվ տեսնում ենք, որ նրանք ոչ միայն զուր են չարչարվել ու ջանքեր թափել, այլ նաև թշնամանքով հանդիմանվել են. և ընդունել են Աստծու պատիժներն ու անեծքը։ Ինչպես Մաղաքիա մարգարեն է ասում. «Թող անիծյա՛լ լինի այն մարդը, որն ունևոր է, իր հոտի մեջ որձ ունի, սակայն արատավորն է մատուցում Տիրոջը» [տե՛ս Մաղ. Ա 14]։ Պատուհասի է ենթարկում նաև քահանաներին, ովքեր խոտանը կընդունեն ժողովրդից` ասելով. «Դուք, քահանանե՛ր, անարգում եք իմ անունը. դուք իմ սեղանին պիղծ հաց եք մատուցում` խոտան, գողացված կամ անօգուտ, այսինքն` նիհար [անասուն], կընդունե՞մ դրանք ձեր ձեռքից։ Ձեզ վրա անեծք կուղարկեմ, կնզովեմ ձեր օրհնությունները, կվերացնեմ դրանք ձեզ հետ միասին, որովհետև ձեր սրտերում չդրեցիք` երկնչել ինձնից» [տե՛ս Մաղ. Ա 6-10, Մաղ. Ա. 13, Մաղ. Բ 2-3

Արդ, եթե նրանք, ովքեր անպիտան զոհ մատուցեցին Հնում, պատժվեցին այսպիսի պատիժներով, ապա ի՞նչ պիտի անեն նրանք, ովքեր Նորում իրենց կալի ու հնձանի խոտանը կնվիրեն Աստծուն և իրենց հոտերի վտիտն ու տկարը կմատուցեն աղքատների սեղանին. որով և` խոտան և անընդունելի պատարագով, Կայենը կորստյան մատնվեց. «Որովհետև արդար չբաժանեցիր, ասում է, թող դա էլ դեպի քեզ դառնա» [հմմտ. Ծն. Դ 7]։ Արդ, մենք պետք է երկնչենք այս խոսքից. քանզի եթե նրանք, ովքեր առանց օրենք ունենալու մեղանչելով` այդպես պատժվեցին, ապա որքան ավելի [պիտի պատժվենք] մենք, որ օրենք ունենալով ենք մեղանչում։ Որովհետև եթե Հնում եղողներից և շնորհներից չվայելողներից էր այդպիսի արդարություն պահանջվում, ապա որքան առավել արդարություն պիտի պահանջվի Նորում եղողներիցս (եթե անգամ սակաւ սայթաքենք), որ խրատվեցինք օրենքներով, վայելեցինք շնորհներից և տեսանք օրինակները։ Արդ, եթե անպիտանը նվիրենք Աստծուն, Նա մեզ ինչպե՞ս կների և թողություն կտա. քանի որ ասում է. «Քո դաշտի ու հնձանի առաջին բերքը, նաև քո խաշներից ամենաընտիրը մատուցիր քո Աստծուն» [տե՛ս Բ Օր. ԺԵ 19], և` «Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից և քո արդար բերքից պտուղ հատկացրու Նրան» [Առ. Գ 9]. այդ[պիսի ընծան] է ընդունելի Աստծու առջև։ «Բայց նա, ով իր հափշտակածից, գողացածից, զրպարտությամբ, վաշխով ու տոկոսով, բռնի վաճառքով, տառապողներին զրկելով ձեռք բերածից է զոհ մատուցում եզ, ոչխար կամ այծ, իմ առջև պի՛ղծ է այն և նույնն է, թե շուն է մորթում, մարդու գանգ է ջախջախում և կամ խոզի արյուն է թափում» [տե՛ս Ես. ԿԶ 3

Եվ արդ, ինչպե՜ս որևէ մեկը կհամարձակվի մատուցել այդպիսի զազրելի զոհ, որ գեհենի առիթ է, և կամ աղքատներին ընդունելու և կերակրելու փոխարեն հարուստներին և կարիք չունեցողներին պատվելով` կորստյան [մատնվել]։ Այդ նաև Քրիստոս արգելեց` ասելով. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի։ Այլ երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հատուցման օրը» [Ղուկ. ԺԴ 12-14]։ Ո՞ւմն են այս խոսքերն ու հրամանները. մի՞թե Աստծու Որդունը` Հիսուսինը չեն։ Եվ արդ, ինչո՞ւ ես արհամարհում Քրիստոսի հրամանները։ Եթե կամենում ես քո մեծամեծներին պատվել, պատվի՛ր. երեք հարյուր վաթսունհինգ օր ունես` մարմնիդ տալու, այդ օրերից մեկը հոգուդ նվիրիր։ Ահա այդ մեկ օրն էլ չես կամենում նվիրել հոգևոր գործերի և հոգուդ համար մի հրավերք անել։ Եթե քո վիրավորված հոգու բժիշկ դարձրեցիր աղքատներին և նրանց հավաքեցիր` իբրև բարեխոս ու Աստծուն աղաչող, մեղքերդ քավելու համար նրանց քո տուն կանչեցիր, ապա աղքատներին ընդունելուդ օրը, երբ քավվում են քո մեղքերը, դադարեցրո՛ւ մարմնավոր խորհուրդներդ և ունևորներից, մարմնավոր սիրելիներիցդ և քո մարմնավոր հարազատներից ոչ ոքի մի՛ հրավիրիր քո տուն, որպեսզի նրանց սպասավորելով, նրանց հաճոյանալով, նրանց շուրջը պտտվելով, նրանց սեղանի վերև հրավիրելով և առատ կերակուր և գինի տալով` մեղքերի թողությունից չվրիպես։ Իսկ քո մեղքերի քավության առիթները` հավաքված աղքատները, ներքևից վերև նայեն և դատարկ սեղանի առջև նստած` հոգոց հանեն. նրանցից ոմանք էլ իբրև արհամարհվածներ` մնան դրսում և բազմածների ձայները լսեն միայն, իրենց սրտում իրենց արհամարհված լինելը խորհեն, թաքնված ու աչքները խոնարհած նստեն։ Արդ, զոհ [մատուցելուդ] օրը այսպիսի խնջույք չանե՛ս, որովհետև արածդ ծախսերի համար անվարձ կմնաս։

Այլ եթե կամենում ես քո մեղքերին թողություն խնդրել, կանչի՛ր որբերին ու այրիներին, նեղվածներին ու տառապողներին, խեղանդամներին, կույրերին ու կաղերին, կարոտյալներին ու գերիներին, բոլոր քաղցածներին և մխիթարություն չունեցողներին, նրա՛նց մխիթարիր, նրա՛նց սփոփիր, նրա՛նց կերակրիր, միայն նրա՛նց սպասավորիր, նրա՛նց շուրջը պտտվիր, նրա՛նց ուրախացրու և քաղցր խոսքերով ծառայիր, որպեսզի քո ընտանիքին մեղքերի թողություն և փրկություն լինի։ Ադպե՛ս կազմակերպիր զոհաբերությանդ հրավերքը և հարուստներին ու մեծամեծներին մի՛ ընդունիր թշվառների և աղքատների հետ, այլ թող նրա՛նք լինեն պատվավոր աթոռին, և նրանք` բարձրագլուխ, նրանք` [սեղանի] վերևում, և նրանք` ներքևում, միայն նրա՛նց ընդունիր աղաչանքներով և միայն նրա՛նց ճանապարհիր աղերսանքներով։ Եվ եթե այդպես ընդունես, ոչ թե տվեցիր, այս վերցրիր. ոչ թե ծախսեցիր, այլ մեծամեծ շահ հավաքեցիր և թողություն ստացար։ Այս ամենի մասին էր Տերն ասում. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր հարուստներին» [Ղուկ. ԺԴ 12], որպեսզի նրանց ուշադրություն դարձնելով` աղքատները չարհամարհվեն, իսկ դու աչառու լինելու համար իբրև օրինազանց չդատվես, ըստ այն խոսքի, որ ասում է. «Եթե շքեղ զգեստներ ունեցողին ասեք. «Դու նստիր այստեղ` պատվավոր [տեղում]», իսկ աղքատին ասեք. «Եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ», այդ անելով` դուք արդյո՞ք ձեր մեջ աչառություն արած և չար խորհուրդների դատավոր չեք լինի» [տե՛ս Հակ. Բ 3-4]. քանզի հարուստներին հաճոյանալով` մեղք եք գործում` իբրև օրին ազանց հանդիմանվելով օրենքից։

Եվ արդ, աղքատների համար տրված խնջույքին աղքատներին ու հարուստներին միասին հավաքելով` այսպիսի դատապարտության մի՛ ենթարկվիր. քանզի հարուստները մտնելով` բարձ ու պատիվ են փնտրում, պատվավոր տեղերը, փառաբանություն, հարգանք ու շողոքորթություն են քեզնից պահանջում, իսկ աղքատները նստում են ներսում` մոռացված, խոնարհ ու լուռ։ Լավ և ընդունելի կոչունք չէ սա. ոչ ոք որոմը ցորենի հետ չի սերմանի և փուշը որթատունկի հետ չի տնկի, ոչ էլ քեզ է պետք մարդահաճություն ու սնափառություն խառնել խոնարհությանն ու մեղքերի ապաշխարությանը. դրանք խանգարում և ապականում են իրար։ Քեզ համար անհնարին է մի աչքով երկինք նայել, իսկ մյուսով` երկիր, և այն օրը հաճելի լինել մարմնավորներին ու հոգևորներին միաժամանակ։ Հոգևորներն աղաչում և խնդրում են` քեզ երկինք տանել, իսկ մարմնավորները շողոքորթությամբ, սնափառությամբ, բազում սուտ խոսքերով ու սուտ հարգանքով դեպի անդունդ են քարշ տալիս քեզ. հոգևորներն հրավիրում են դեպի լույս, իսկ մարմնավորներն առաքում են դեպի խավարը։ Ահա այսպիսի վնասակար խափանիչ է քեզ համար աղքատների խնջույքին հարուստներին հրավիրելը։ Այլ դու աղքատների՛ն սփոփիր, աղքատների՛ն հանգստացրու, աղքատների՛ն աղաչիր, հացդ քաղցողների՛ն բաժանիր, մերկերի՛ն հագցրու, անօթևանին տա՛ր քո տուն, «և այնժամ կկանչես, և Աստված քեզ կլսի, և մինչև քո խոսելը քեզ կասի` ահա հասել եմ» [Ես. ԾԸ 9

Այսքան շահավետ է աղքատներին ընդունելը, և Աստծուն մոտ են նրանց աղոթքները։ Այս մասին և մարգարէն է ասում. «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը» [Սաղմ. Խ 2-3]։ Արդ, կարոտյալներին կերակրելու համար երանությունը այս է. և Քրիստոս [Իր համար արված] է համարում այն։ Իսկ հարուստների համար բացված սեղանից ի՞նչ կշահես, և կամ ի՞նչ օգուտ ունի այն. քանզի շահավետ է քաղցածների՛ն ընդունելը և ո՛չ կուշտերին, և Քրիստոսն էլ չի ասում, թե` «Կուշտերի՛ն կերակրեցեք», չի ասում, թե` «Հագեցածներին ջուր տվեք», այլ. «Տեսեք ծարավածներին և ջուր տվեք խմելու, տեսեք մերկերին և հագցրեք և օտարներին ձեր մեջ ընդունեցեք» [տե՛ս Մատթ. ԻԵ 35-36]։ Այսպիսիներին [կերակրելն] է արժանի վարձատրության և երանության, այլ ոչ թե հագեցածներին ու կարիք չունեցողներին կշտացնելը։ Որովհետև նա, ով կերակրում է աղքատներին ու կարոտյալներին, օտարականներին ու հիվանդներին, ոչ թե մարդկանց, այլ Քրիստոսին է ընդունում, Քրիստոսին է կերակրում, Քրիստոսին է հագցնում, Քրիստոսին է սփոփում, Քրիստոսին է մխիթարում, Քրիստոսին է հանգիստ տալիս, և Քրիստոսին է սպասավորում, որովհետև անսուտ է տերունական խոսք (տե՛ս Մատթ. ԻԵ 40

Եթե [աղքատներին ընդունելով]` Քրիստոսին է, որ ընդունում ես, ապա արժան չէ, որ Քրիստոսի ընդունելությանը զեխացածների բազմությանը հավաքել, նրանց ներս բերել, իսկ Քրիստոսին դրսում թողնել, նրանք մեծարանքով` վերևում, իսկ Քրիստոս` արհամարհանքով ներքևում, նրանք` պատվով բազմոցների վրա, իսկ Քրիստոս` արհամարհանքով պատվանդանի մոտ, նրանք` այնտեղ` վերևում, զվարթորեն սպասավորություն են ընդունում, իսկ Քրիստոս այստեղ` ներքևում, նստում է գլուխը կախ։ Չպետք է այսպիսի արհամարհանքով ընդունել Քրիստոսին, որովհետև սրտմտության ու բարկության ես մղում և ոչ թե ողորմության և մեղքերիդ թողության։ Քանզի եթե ընդունելությունդ ողորմություն է, ինչո՞ւ ես հրավիրում բազում ականատեսների և մարդկանցից հատուցում ընդունում։ Ահա Քրիստոս քեզ սովորեցնում է` ասելով. «Ողորմություն անելիս զգո՛ւյշ եղիր` մարդանց առջև չանելու այն։ Որովհետև նա, ով մարդկանց առջև է անում, մարդկանցից է հատուցում ստանում։ Այլ թող քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ» [տե՛ս Մատթ. Զ 1-4

Արդ, մի՛ զրկվիր այդպիսի վարձատրությունից և քո ողորմությանն ականատեսներ մի՛ հավաքիր, այլ զգուշությա՛մբ մատակարարիր` ծածուկ, որովհետև մոտ է գողը, կգողանա քո վարձը. դարանակալ է ավազակը, կհափշտակի քո ողորմությունը. մոտիկ են նենգողները` նենգելու և քո բարիքը քեզնից խլելու. շուրջբոլորդ ամբարիշտներն են շրջում և ջանում են զուր դարձնել ջանքերդ և անվաստակ թողնել գործերիցդ։ Այլ բոլորից զգուշացի՛ր երկյուղով, զգուշացի՛ր իմաստությամբ, զգո՛ւշացի՛ր մարդահաճության ախտից և սնափառության դևից, որպեսզի քոբրիքը` չարիք և քո լույսը խավար չդարձնեն։ «Քանզի եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը` որչա՜փ ևս ավելի» [Մատթ. Զ 22]. քանզի եթե չարիք դարձավ ողորմությունդ, ապա չարիքներդ ինչ պիտի լինեն։ Ուստիև ծածկի՛ր բոլորից քո ողորմությունները և ինչպես որ չես կամենում մեղքերիդ պղծությունները ցույց տալ, այդպես էլ ապաշխարությանդ ողորմությունը ցույց մի՛ տուր, այլ ծածկի՛ր ապաշխարությանդ առաքինությունը, ինչպես զազրելի մեղքերդ, և ամեն ժամ ընդունելի կլինի քո ապաշխարությունը, և մեղքերի թողություն կգտնես։ [Մարդկանց] հաճելի լինելու ու սնափառության համար ընդունելություն մի՛ արա և ի ցույց մարդկանց ողորմություն մի՛ տուր աղքատներին, չքավոր աղքատներին ընդունելուդ օրը մեծամեծներին ու ունևորներին [նվերներ] մի՛ բաշխիր և ո՛չ էլ հրավիրիր նրանց։ Աստծուն մի՛ նվիրիր քո կալի կամ հնձանի խոտանը, ծուռ մի՛ նայիր Եկեղեցուն կամ քահանաներին տրված պտուղներին, որի համար հանդիմանվեց Կայենը, մեր հոտի գերն ու լավը մեզ չթողնե՛նք և վատն ու խոտանը մորթենք աղքատներին ու կարոտյալներին ընդունելու օրը, ագահությամբ, հափշտակությամբ, անիրավությամբ հավաքված ունեցվածքից աստվածային ընծաներ չմատուցե՛նք, որովհետև Աստծու առջև պիղծ են բոլոր զրկողներն ու նրանց ինչքերը։ Եվ այս ամենն անենք ըստ Աստծու կամքի, որպեսզի Աստված հաճի, ընդունի և մեղքերի թողություն շնորհի մեզ։ Սրբությամբ և անմեղությա՛մբ ապրենք և փառքով ու պատվով երկինքը ժառանգենք և արժանանանք հասնելու խոստացված բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին վայել է փառք և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« Ե. Թուղթ տնանկներին ողորմելու մասին   |   Է. Փոխ տալու և վաշխ վերցնելու մասին »
© Gratun.org