Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

Է. Փոխ տալու և վաշխ վերցնելու մասին

Ընչասիրության ախտերը մեծ չարիքներ են, բայց ամենից մեծ չարիքը փոխ տվածի համար տոկոս վերցնելն է. այն մշտապես նախատվում և պարսավվում է և՛ Հին, և՛ Նոր Կտակարաններում, և պատուհասվելով չարապես պատժվում են վաշխ և տոկոս փնտրողները. նրանք, ովքեր Աստծու պատվիրաններին հակառակ` իրենց արծաթը վաշխով են տալիս և տոկոսով են պահանջում այն, անամոթաբար ուտում են տնանկների մարմինը, անողորմաբար խմում են նրանց արյունը և չեն լսում Եզեկիել հոգելից մարգարեին, ով մեծամեծ չարիքների մեջ է դնում փոխերի տոկոսները և [այն իր] պղծությամբ համեմատում է կռապաշտության հետ` ասելով. «Իսրայելի տունը կուռքերով պղծվեց, որովհետև տոկոս պահանջեց» [տե՛ս Եզեկ. ԺԸ 13]։ Իսկ Մովսեսն ասում է. «Քո եղբորը վաշխով արծաթ չտա՛ս, որովհետև այն անօրինություն է Աստծու առջև» [Բ Օր. ԻԳ 19]. որ և երկնային խորաններից դուրս է դնում նրանց, ովքեր վաշխ և տոկոսներ են պահանջում։ Իսկ [Դավիթ մարգարեն] ասում է. «Նա, ով իր արծաթը վաշխով չի տալիս և իրավունքի դեմ կաշառք չի վերցնում, հավիտյան չի սասանվի» [Սաղմ. ԺԴ 5]։ Մյուս մարգարեն ասում է. «Ով լեռների վրա զոհաբերվածը չի ուտում, վերադարձնում է պարտապանի ավանդը, վաշխ և տոկոս չի պահանջում, արդար է նա և ապրելով պիտի ապրի» [տե՛ս Եզեկ. ԺԸ 6-9]։ Իսկ նրանք, ովքեր վաշխ և տոկոս են պահանջում, ընդդիմանում են Աստծու պատվիրաններին, հակառակվում են Հոգու հրամաններին, քանզի անօրենություններով չարաչար գործադրում են Հոգու հրամաններով արգելվածը։

Եվ այնքան անօրեն են տոկոսով փոխ տալու ախտերը. մինչև իսկ բռնությամբ որդի է փնտրում ամուլ արգանդից, պտուղ է որոնում ապառաժ քարերից, առանց սերմերի կամենում է արդյունք ժողովել, արուներից ծնունդներ պահանջել, քարից կաթ կթել, քարերից բուրդ ստանալ. Լիովին վերցնում է արծաթը, որ փոխ է տվել, առանց սերմանելու հանդգնում է արդյունքներ ժողովել և իր տունը լցնել անօրեն ստացվածքներով։ Ապա նստում և խորհում է նախ բազմացնել ու ավելացնել իր ունեցվածքը և ապա անօրինությամբ [հավաքածներից] տնանկներին ողորմություն տալ և հաշտության զոհաբերություններ անել, որ հանդիմանում է Եսային` ասելով. «Ով իր հափշտակածն է ինձ զոհ մատուցում, նույնքան զազրելի է, որպես թե շուն մորթի և կամ մարդու գանգ ջախջախի» [Ես. ԿԶ 3]։ Քանզի աւելի լավ է, որ աղքատներն անտեսվեն և ողորմություն [չստանան], քան թե հափշտակվածից ինչ-որ բան ստանան։ Ավելի լավ է` քահանաները սովից մեռնեն, քան թե անարժանների ձեռքով կերակրվեն։ «Ով որ ուրիշից վերցրածն է բաշխում մյուսներին, ասում է, ոչ թե վարձ կստանա, այլ պատիժներ ու սաստիկ տանջանքներ», որովհետև փոխ տվածի ծնունդները այրող հուր են ու սպանող սուր։ Իսկ նրանք, ովքեր համարում են, թե անիրավ ինչքերով Աստծուն են ծառայում, առավել են բարկացնում Նրան։ [Քանզի]. «Պատվի՛ր, ասում է, Տիրոջը քո արդար վաստակից և քո արդա՛ր բերքից պտուղ հատկացրու նրան» [Առ. Գ 9

Մի՛ խորհիր հափշտակությունը հավաքել և ապա ողորմություն անել մեղքերի թողության համար, որովհետև երբեք հրով հուրը չի հանգչի, վերքերը վերքերով չեն բժշկվի, մեղքերով մեղքերը չեն սրբվի և ոչ էլ անօրինությամբ կքավվեն անօրինությունները, որովհետև հույժ չար էն վաշխերի անօրենությունները, և հղիի երկունքի պես են նրանց պայմանաժամերը։ Եվ եթե պարտապանն աղքատ էլ է, մտածմունքների և հոգսերի մեջ հալումաշ է լինում մշտապես, անքուն կամ դառնաքուն են նրա գիշերները, տխուր, իսկ ցերեկով շրջում է տրտում ու մտահոգ` չիմանալով, թե ուր գնա։ Երբեմն ուզում է վաճառել պախրան, որպեսզի հատուցի վաշխ[առուի] տոկոսները, երբեմն անօրեն գողությունն է ախորժում` հոգին կորստյան մատնելը և և Աստծուն դիմադարձ լինելը, փոխերի վաշխերը պահանջողի պատճառով, երբեմն մտածում է գաղտնի հեռանալ օտար աշխարհ։ Թափառական շրջում է պարտքերի բռնության պատճառով և բազում խորհուրդներից վարանում, մտքերի շփոթից մոռանում է աղոթքներն առ Աստված, և երբ ոտնաձայն է լսում, նա ներսում երկյուղից սրտաբեկ է լինում, իսկ երբ փոխառուն դրսում է տեսնում փոխատուին, փախչում ու թաքնվում է, ինչպես աղետի տագնապից, սիրտը սկսում է դողալ, գլուխը կախ ու լեզուն կապված են մնում, և ամենևին չի իշխում, չի համարձակվում նայել նրա երեսին, որովհետև նրա վրա բազմացան փոխ վերցրածի տոկոսները, և ոչինչ չունի հատուցելու և փոխատուին գոհացնելու։

Եվ արդ, տե՛ս, ո՛վ վաշխերի պահանջողդ, թե որքան տարակուսանքների ու վշտերի մեջ ես դնում եղբորդ և որքան հեծեծանքների ու աղետների պատճառ ես դառնում, դիմադա՛րձդ Աստծու և բազում մեղքերի պարտապա՛նդ, փոխ տվածիդ վրա վաշխ և վաշխերի վրա վաշխ դնելով. չար ծնունդների չար թոռներ ես ծնում. դրանք օձեր են` իժերի ծնունդներ։ Իժերի ծնունդները ծակում են իրենց մոր որովայնը և դուրս են ելնում, փոխ տվածի ծնունդները վաշխառուների հոգին են պատռում և սպանում, դառը տանջանքներ ու ահեղ հուր պատրաստում։ Որովհետև դառը արհեստ և անօրեն մշակություն ունեցավ, որ հանդգնում է առանց հողի տնկել և առանց սերմի հնձել, որի սերմը ժանտ է, իսկ հունձքը` դաժան, մշակներն անօրեններ են, և սատանան է սատարողը, վարիչն ու խրատատուն չար փոխերի տոկոսների անօրեն հնձողների։ Որ հրի պես վառում է անօրեն վաշխերի ցանկությամբ, և նա հանապազ սուր և հուր է ժողովում իր շտեմարաններում, օձերից, իժերից ու քարբի ծնունդներից առավել չարաթույն սպանողներ է ժողովում իր տանը փոխերից ու տոկոսներից։ Նա չլսեց ողբը մարգարեի, որ ըղձում էր աղավնու պես թևեր ունենալ` հեռանալու քաղաքներից, որովհետև «վաշխառությունն ու նենգությունը չվերացան նրա հրապարակներից» [Սաղմ. ԾԴ 9-12], և ոչ էլ առ Աստված նրա աղաչանքը, որպեսզի չար վաշխերից փրկի նրանց անձերը, այլ աչքերը փակած և ականջները խցած` անդադար ժողովում է վաշխերի տոկոսները։

Ո՛վ չար ախտի անօրեն ստացող. ինչից հարկ էր երկյուղով հեռանալ` տոկոսներից` գթով, նա մոտենում է վաշխի մեծ ցանկությամբ, որ ապշեցնում է միտքը` չնայելու Աստծու պատվիրաններին, հիմարեցնում է սիրտը` չհիշելու ահեղ դատաստանի Օրը, քարացնում է միտքը` չխոնարհվելու գթալու համար տառապող եղբորը, խցում է ականջներն ու աչքերը, չի ամաչում ականատեսներից, այլ հանդգնելով մերկացնել [աղքատին]` հավիտենական հուր է հավաքում ու գանձում իր թշվառացած հոգու համար։ Եվ ինչպես որ հողագործներն են Աստծուն աղաչում ու խնդրում անձրևների, սերմերի և աշխարհի լիության համար, այդպես վաշխ հավաքողը աշխարհին աղքատություն, տագնապներ, սաստիկ սով և հարկապահանջներ է ցանկանում, որպեսզի իր ինչքերը ծառայեցնի գործի և վաշխ ու տոկոսներ բերելու։ Փոխ տալու ժամանակ զվարթերես կեղծ ավորում է, իսկ երբ հասնում է տոկոսներ [վերցնելու] ժամանակը, տեսնելով պարտապանի տարակուսանքն ու չքավորությունը` չի ողորմում և ոչ էլ խնդրողի երդումին է հավատում, չի խոնարհվում վարանածի աղաչանքի առջև, այլ դժոխացած` մնում է անխոնարհելի և անհաշտ և փոխատուն իր ծառան է համարում փոխառուին։ Քննում է, թե իրեն արժանի ինչ ունի, հետազոտում է, թե տանելով` ուր թաքցնի, դռնից դուրս է պահում, բազմության մեջ նախատում է, սիրելիների մոտ ամաչեցնում, հրապարակներում խեղդում։

Դժնդակ հանդիպում է տեղի ունենում տանը. պարտապանը իր կյանքն ավելի ծանր է տեսնում, քան մահը, ատում է ժամադրության օրը, երկնչում է ամոթից, երեսները խոնարհում է [վաշխը] պահանջողին նայելիս, աչքերը վարագուրում են բռնված շան նման, ամոթից կուչ է գալիս։ Տեսե՛ք ողորմելի տեսարանը, տեսե՛ք սատանայի դաժան մեքենայությունները, տեսե՛ք նզովքների [արժանի] անօրեն օգուտները. Քանզի մոլար ախտով անամոթացած` աղքատացնում են ունևորներին, մերկացնում են աղքատներին, խեղդում են մերկին, արտասուքներից արծաթ են հավաքում և բերկրում են, երբ ավելանում է անօրեն շահը։ Ո՜վ անօրեն չար վաշխերին, որ մահվան որոգայթ է ստացողների համար, բայց չգիտեն. խեղդող պարան է, հոգու կապանք, գեհենի առիթ, խավարի առաջնորդ և բոլոր տեսակի տանջանքներն ու հավիտենական ամոթը նախապատրաստող։

Ուստիև մեծ զգուշությամբ փախչե՛նք ինչքեր տենչալուց, փախչե՛նք այդ չար ախտից, փախչե՛նք չարաժանիք գազանից, փախչե՛նք սատանայական հնարից։ Քանզի վաշխը չար օձի ուսուցումն է, վաշխը դիւական գյուտ է, վաշխը թշնամու սերմն է, վաշխը տանջանքների առհավատչյա է, վաշխը բարեպաշտության խափանիչ է, վաշխը գեհենի ճանապարհ է, վաշխը արքայությունից զրկող է, վաշխը վրդովումն է մարմնի և սպանիչը հոգու, մերժումը ամենայն արդարության։ Արդ, փախչե՛նք այդ աստվածամարտ ախտից, խավարի վարդապետից, մարդասպան մորից։ Աղաչում եմ` մի՛ հիվանդացեք այդ հիվանդությամբ, իսկ եթե արդեն ընկել ենք այդ ախտի մեջ, դո՛ւրս փախչենք։ Նրանք, ովքեր չարաչար շարժվում են դրանով, արժանի են սգի և ողբալի արտասուքների, որովհետև ախտի չարությունը նման է այն բանին, ինչպես եթե մեկը սուրը վերցրած` հոշոտում է ինքն իրեն։

Այդ [ախտը] բազում գլուխներ ունի. ագահ է, որը կռապաշտ է դարձնում. անամոթ է, որը գազանամիտ է դարձնում. անագորույն է, որն անողորմ է դարձնում, անիրավ է, որը հափշտակող է դարձնում, անձնասեր է, որը քրիստոսատյաց է դարձնում, հակառակ է Աստծու կամքին։

Եվ այժմ ի՞նչ ասեմ. քրիստոնյա չէ՛ այն մարդը, ով անիրավությամբ վաշխ է ժողովում, այլ սատանայի բագին է այնպիսին` լի մարդկային զոհերով. գերեզման է` լի նեխած մեռելներով. նա նման է գեհենի բորբոքուն հրին, որ կուլ է տալիս ամեն բան և երբեք չի հագենում։ Զարհուրե՛նք, սիրելինե՛ր, թե ո՜ւր տարավ մեզ ունեցվածքի ցանկությունը, զարհուրենք և մեծ զգուշությամբ արմատախի՛լ անենք դրա արմատը, որպեսզի ծայրերը աճելով` մեզ չհոսեցնեն ցած` դեպի անդունդ, դեպի գեհենի կրակը։

Եվ արդ, ի՞նչ անենք և կամ ո՞ր օրինակով արմատախիլ անենք չար արմատը, որովհետև իբրև օձերի ու գազանների հետ ենք խոսում և ոչ իբրև քրիստոնյաների ու քրիստոսասերների, որոնք Աստծու հրամաններին են հնազանդվում։

Պատերազմում են` բարձրաձայն բարբառելով, թէ` «Եթե մեր արծաթը վաշխով չվերադառնա մեզ, ապա փոխ չենք տա և չենք ողորմի հեծեծացող եղբորը»։ Այդ խոսքը անօրեն է և Աստծու կամքին հակառակ, այդ խոսքը սատանայական կամքի ծնունդ է, որ հեռացնում է Աստծուց. այդ խոսքը չար թշնամու սերմն է, որպեսզի մոլորեցնի ձեզ ճշմարտությունից, քանզի հենց այդ են չարի վարդապետության խորհուրդները ընդդեմ Աստծու պատվիրանների։ Քանզի Քրիստոս ասաց. «Եթե փոխ տաք նրան, ումից ետ ստանալու ակնկալիք ունեք. այդ նաև մեղավորներն են անում, իսկ դուք, ասում է, փոխ տվեք նրանց, ումից ետ ստանալու ակնկալիք չունեք» [Ղուկ. Զ 35]. երբ միմյանց բեռ ենք վերցնում, կատարած ենք լինում Քրիստոսի օրենքը, որ ասում է. «Ձեր առատությունը թող լցնի չքավորների պակասությունը, որպեսզի երկու կողմում էլ հավասարությունի լինի» [հմմտ. Բ Կոր. Ը 14]։ Եվ այժմ հիշի՛ր, որ ո՛չ թէ քեզ հրամայում է չափով ողորմություն տալ աղքատին, այլ քո ունևորությանը հավասարեցնել նրա չքավորությունը, որովհետև Աստված քո եղբայրն անվանեց չքավոր աղքատին և անդամ` քո անդամներից։ Իսկ քեզ համար օրենք չէ քո անդամին մերկ տեսնել ու անտեսել, կամ էլ զրկել ունեցածիդ բաժնից, որովհետև նա քո եղբայրը կոչվեց։

Եվ արդ, եթե նրան քո եղբայրն ես համարում, ապա հեթանոսաբար մի՛ արհամարհիր Աստծու պատվիրանները, այլ քրիստոնեաբար կատարի՛ր Տիրոջ հրամանները.ա հրամայեց լցնել ոչ միայն աղքատի, այլ շատ շատերի պակասությունը։ Արդ, Աստծուց այս հրամանն ունես, իսկ դու կա՛մ [դրամդ] փոխ ես տալիս չարաչար վաշխով և կա՛մ անօրինաբար ու անաստվածաբար պահում ես այն։ Ավելին` դեռ անամոթաբար ասում ես, թե փոխ ես տալիս, սիրում ես ասել, որ ավելի լավ է մեկը տամ, երկուսը ետ առնեմ, քան թե բոլորովին չտամ։ Իսկ նա` [աղքատը], կամենալով փարատել այդ ժամի նեղությունները, նեղության պատճառով ակամայից վերցնում է։ Դու, եթե աստվածապաշտ ես, նայի՛ր Աստծու պատվիրաններին, որ հրամայում է ձրի տալ նեղության մեջ գտնվողին և ազատել նրան [հարկ] պահանջողների բռնությունից, որպեսզի դու նույնպես ազատվես թշնամուց, որ մշտապես չարչարում է քեզ` ժողովելու, պահելու և գանձելու ուրիշների ունեցվածքը, բայց երբեք չվայելելու այն, որովհետև. «Ո՛չ աչքն է տեսնելով հագենում, և ո՛չ արծաթասերը` ուրիշներինը ժողովելով ու առնելով» [տե՛ս Ժող. Ա 8]։ Ագահ մարդու անձը դժոխք է, երբեք չի կշտանում և երբեք չի ասում` բավական է։

Ինչո՞ւ ես տարածվում, ինչո՞ւ ես անօրինություն գործում, ո՛վ թշվառական, ինչո՞ւ ես հավաքում անպտուղ արծաթը` հավիտենական գեհենի առիթը։ Դի՛ր քո աչքերի առջև Քրիստոսի դատաստանը. ի՞նչ պատասխան պիտի տաս, երբ շուրջդ հավաքվեն վաշխի պատճառով քո կողմից զրկվածները և ամբաստանեն քեզ Դատավորի առջև, ի՞նչ պիտի անես, ո՛վ թշվառական, ինչպե՞ս պիտի աղաչես։ Այնտեղ ո՛չ աղոթքները, ո՛չ ունեցվածքը, ո՛չ հարստությունը [չեն կարող քեզ օգնել]. բաժանված ես սիրելիներից, հեռու ես օգնականներից, չունես բարեխոս, չունես պատասխան. ամաչելով, տրտում, տխուր, միայնացած ու անհամարձակ ես, որովհետև ուր աչքդ ածում ես, պարզ տեսնում ես այն չարիքները, որ գործել ես. այստեղ տեսնում ես որբերի արտասուքը, այնտեղ` այրու հառաչանքները, մեկ այլ տեղում` քո կողմից կողոպտված աղքատին, ծառաներին, որոնց չարչարեցիր, դրացիներին, որոնց բարկացրեցիր. բոլորը քո առջև պիտի ելնեն և քո պատճառած չարիքներից առավել դաժանորեն քեզ հետ պիտի շրջեն հանապազ. քանզի ինչպես որ մարդու ստվերն է անբաժան նրանից, այդպես էլ մարդու մեղքերն են անբաժանելի հոգուց և հրապարակում հայտնապես ցույց պիտի տան քո բազում մեղքերի կերպարանքները։ Ուստիև ոչ ոք այնտեղ ուրանալ չի կարող իր չար և պիղծ գործերը, այլ պիտի կապվի չարախոս լեզուն, կարկամի անօրեն բերանը, պիտի դողա հանցավոր մարմինը, որովհետև յուրաքանչյուրի մեղքերը, առանց ձայն արձակելու,պիտի վկայեն նրա գործերի մասին, այնպես, ինչպես որ գառների մեջ երևում է այծերի սևությունը, այդպես էլ մեղավորների անձերը խավար հագած և խավարով պատած պիտի երևան լուսազարդ հրապարակում։

Եվ արդ, ինչո՞ւ ես այս անցողիկ կյանքի և կորստյան առիթ արծաթի համար մատնվում անվերջանալի տանջանքներին և հավիտենական ամոթին, ինչո՞ւ չես մերժում ընչասիրության չար ախտը, ինչո՞ւ չես հեռանում տոկոսի շահից, որը քեզ անօրենից առավել պիտի դատապարտի ահավոր հնոցների կրակին։

Բայց կասես, թե. «Եթե բաժանեմ ունեցածիս ավելորդը, կարհամարհվեմ, կաղքատանամ ու կսնանկանամ»։ Մի՞թե չես լսում մարգարեին, որ ասում է. «Չտեսա արդարին արհամարհված և ոչ էլ նրա զավակին հաց մուրալիս» [Սաղմ. ԼԶ 25]։ Իսկ եթե աղքատության հասար, քեզ համար ավելի լավ է հեծեծել ու թափառել, շրջել ու հաց մուրալ ողորմածնեից, քան թե կերակրվել անօրեն ու դառը տոկոսներով։ Բայց ունես ձեռքեր, ունես ոտքեր, ունես արվեստ, աշխատի՛ր, վարձվի՛ր, ծառայի՛ր և կե՛ր։ Մարմինը դարմանելու շատ հնարներ կան, եթե կամենում ես վաստակել։ Եթե մրջյունը, որ մի չնչին միջատ է, կարողանում է ինքն իրեն կերակրել, եթե մեղուները, որ ո՛չ ձեռք և ո՛չ էլ արվեստի գործիք ունեն, իրենց նշխարները թագավորներին են ընձեռում, քեզ Աստված ձեռքեր, գործիք ու ամենահնար միտք է տվել, առանց մեղք գործելու նմանվի՛ր [իրենց] կյանքի սնունդը [հայթհայթողներին]։

Եվ այժմ ընթացքդ արդարացնելու համար ի՞նչ պատասխան պիտի գտնես, որովհետև քեզ հրամայվեց աշխատել և տալ նրան, ով դրա կարիքն ունի, մինչդեռ դու քո անձի [կարիքները] չես կարողանում հոգալ։ Եվ տոկոսով փոխ տալու պատճառով մատնվում ես ահավոր աղետների. Քեզ հոգով նետում են տանջանքների հրացայտ հնոցի մեջ, ուր անդադար լաց է և ատամների կրճտոց, որից թող փրկի մեզ Սուրբ Հոգու շնորհն ու ողորմությունը. Նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից. Ամեն։

« Զ. Պտուղների [նվիրաբերման], զոհաբերության և ողորմության մասին   |   Ը. Աղքատներին մխիթարելու մասին »
© Gratun.org