Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԻԴ. Ողբեր

Խոստովանողնե՛ր, շտապեցե՛ք
Փրկվել ջանալ մեր օրերում,
Քանզի ահեղ Օր կա մեր առջև`
Ահեղ ատյան և հուր անշեջ։

Այժմ իսկ լաց լինենք և ողբանք,
Եվ խնդրենք թողություն,
Որ փրկվենք անշեջ հրից,
Որ սպառնում է մեղավորներին։

Միշտ, հանապազ արտասվենք.
Գորովագին պաղատանքով,
Աղերսալի հառաչանքով
Հաշտեցնենք մեղքերը Քավողին։

Ընկնենք Նրա առջև` խոստովանելու,
Այն ամենն, ինչ արեցինք ծածուկ այստեղ,
Հայտնելու, ասելու և ցույց տալու
Բազմությունները գաղտնի մեղքերի։

Քանզի այնտեղ` աշխարհատես հրապարակում,
Քննվում են մեր խորհուրդները,
Ցույց են տրվում մեր հանցանքները,
Հայտնվում են մեր սրտի գաղտնիքները։

Ես զարհուրում ու դողում եմ,
Երբ լսում եմ ձայնը փողի,
Որ տագնապով կանչում է ազգերին
Մեծ և ահեղ Օրվա ատյանին։

Քանզի չարաչար մարտնչեց ինձ հետ
Ամենամեղ սատանան
Եվ խիստ ծանր վիրավորած`
Հանեց գցեց անմահ փառքից։

Դառը չարիք նա պատրաստեց`
Տարտարսը գեհենի,
Որ մեղավորիս սպառնում է`
Այրել հնոցում կայծակների։

Դուք, որ ունեք սրբության սեր,
Ողբալով ինձ համար արտասվեցեք,
Ջերմագութ պաղատանքով
Ինձ համար թողություն խնդրեցեք։

Քրիստոսասերնե՛ր իմ սիրելի,
Օգնեցե՛ք ինձ` վիրավորիս,
Եվ գորովով մեծ, «ողորմի՛ր»ով
Տիրոջն աղաչեցեք ինձ համար։

Հառաչանքով աղաչում եմ ձեզ`
Ողբակցեցե՛ք մեղավորիս,
Պաղատանքով լա՛ց եղեք ինձ հետ`
Ձայնակցելով իմ վշտին։

Կական բարձրացնելով` ինձ ողբացե՛ք,
Եվ ողբի ձայն արձակեցեք,
Քանզի չարաչար բռնվեցի
Չար նետերից սատանայի։

Թշնամին ինձ միգապատեց
Իր խավարին ցանկություններով,
Սուր հանելով` վիրավորեց.
Որից, աղաչո՛ւմ եմ ձեզ` բժշկեցե՛ք։

Սուրբ հավատի մանկունք, ո՞ւր եք,
Ողորմեցե՛ք ինձ` նեղվածիս,
Եվ գթագին պաղատանքով
Մեղքերը Քավողին աղաչեցեք։

Ձեր աղոթքին եմ ապավինում,
Եվ խնդրում եմ ինձ թողություն,
Քանզի զանազան մեղքերով եմ մեղանչել
Եվ չեմ կարողանում ապաշխարել։

Զարհուրել եմ ու դողում եմ,
Երբ հիշում եմ, որ մեծամեղս
Այն երկիրը պիտի անցնեմ
Եվ փառքի Տիրոջը պիտի տեսնեմ։

Քրիստո՛ս գթած և ողորմած,
Գթա՛ և ինձ` բազմամեղիս,
Որ ես գտնեմ ողորմություն,
Երբ գումարվի մեծ ատյանդ։

Քանզի ահեղ և սոսկալի
Օրն է սպասում մեղավորիս,
Որ քննում է գաղտնիքները սրտի
Եվ հայտնում ծածուկ խորհուրդները։

Արդ, աղաչում եմ, մարդասե՛ր Տեր,
Այն Օրը ինձ մի՛ պահանջիր,
Մի՛ մատնիր չար տանջանքների
Եվ անշեջ հրի կայծակների։

Որ փառք տամ և օրհնեմ Քեզ`
Հորը, Որդուդ և Սուրբ Հոգուդ,
Որ օրհնյալ ես միշտ` հավիտյանս,
Փառավորված հավիտյանում։

Նրա աղոթքը[12]

Ո՛վ, որ անեղ, անսկիզբ ես և Արարիչը բոլոր արարածն երի, Ում ո՛չ երկիրը տանել կարող է, և ո՛չ էլ երկինքը` բովանդակել։ Այլ վեր ես երկնքից և ծագերից անդին, և բոլոր երևացողներս ու աներևույթները Քո մեջ ենք բովանդակված։ Դու ես տիրում ամեն բանի, և Քո հրամանն է կառավարում բոլոր արարածներին. Դու ես աղքատացնում, և Դու ես հարստացնում, Դու ես հարվածում և Դու ես բժշկում։ Դու ես սատանայից վտանգվածիս Սփոփողն ու մեղքերով հիվանդացածիս Առողջացնողը, Դու ես աղոթքներն Ընդունողն ու խնդրվածքները Կատարողը։ «Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր Քո ծառայիս» [Սաղմ. ՁԵ 1], Տե՛ս, Տե՛ր, իմ տառապանքները և գթությա՛մբ ընդունիր ինձ, «Տե՛ր, քո զայրույթով մի՛ հանդիմանիր ինձ և քո բարկությամբ ինձ մի՛ խրատիր» [Սաղմ. Զ 2]։ Որովհետև գթությունների Աստված ես, գթա՛ և ինձ` մեղավորիս, որ բազում հեծեծանքներով ու պաղատանքներով խնդրում և աղաչում եմ Քեզ։ Քանզի ծանր վիրավորվել եմ մեղքերով և ցավագնել անօրենությամբ, չարաչար ախտերով հանցավոր և պիղծ խորհուր դներով ամբարիշտ եմ դարձել, մեղավոր հոգովս` աղտ եղի, և մեղքերի մեջ թավալված մարմնովս զազրելի եմ դարձել. ամոթահար երեսով եմ կանգնած Քո առջև և ամոթ ահար եմ ինձ նայողների առջև։

Արդ, Դու, Տե՛ր, քաղցր ու ներող, մեղավորների համար համբերող կոչվեցիր, որ ասացիր. «Անօրենը եթե ետ կանգնի իր գործած անօրենություններից, չեմ հիշի անիրավությունները, որ նա գործեց» [Եզեկ. ԺԸ 21-22]։ Եվ այժմ ահա մեղավոր ծառաս եկել ընկել եմ Քո առջև և աղաչում ու խնդրում եմ Քեզնից ողորմություն. մի՛ հիշիր իմ բազում մեղքերը, մի՛ հանդիմանիր իմ անօրենությունները, եթե իմ կամքով և եթե ակամայից մեղք գործեցի, եթե խոսքերով, գործերով և անվայել մտածումներով պղծվեցի, եթե անգիտությամբ, ծուլությամբ և մոռացությամբ գործեցի, որովհետև Դու, Տե՛ր, սովոր ես գթալու և ողորմելու, թողություն շնորհելու բազում մեղք երին և քավելու անօրենության բոլոր հույլերը։ Որ սրբեցիր պոռնիկներին, ազատեցիր ավազակին, արդարացրեցիր մաքսավորին և թեթւացրեցիր մեղքերով ծանրաբեռնվածն երին։ Քանի որ ողորմած Աստված ես և գթում ես մեղավորներին, ովքեր հավատով դիմում են Քեզ, գթա՛, Տե՛ր, նաև ինձ` բազմամեղիս, և փրկի՛ր ինձ թշնամու թույնից։ Ցրի՛ր, Տե՛ր, իմ` [այս ու այն կողմ] հածող աչքերի խավարը և բա՛ց արա իմ` անվայել բաներ լսելուց խլացած ականջները, բժշկի՛ր բամբասանքներից վիրավորված լեզուս և սրբի՛ր իմ սիրտը չար խորհուրդներից։

Քեզ եմ ցանկանում, բարերա՛ր Տեր, և փափագում եմ իմ գթած Հորը. գթա՛ մեղավորիս և ընդունի՛ր, ինչպես անառակ որդուն։ Հագեցրո՛ւ իմ քաղցը Քո սիրով և առատաբուխ շնորհովդ լցրո՛ւ իմ ծարավը, քանզի միշտ առ Քեզ մոտենալ եմ կամենում և Քեզ նայել եմ բաղձում հարաժամ, Քո շնորհներն եմ փափագում մշտապես և հանապազ Քո ողորմությանն եմ կարոտում։ Պատժվածների հետ մի՛ մեղադրիր և ատելիների հետ մի՛ դատապարտիր, այլ ընդունի՛ր Քո կամքը կատարողների և պահպանի՛ր Քո պատվիրանները պահողների հետ։ Քանզի եթե առանց ներելու քննես հանցանքներս, զուր է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի կրակն է իմ ժառանգությունը։ Քանզի եթե իմ մեղքերն ու անվայել մտքերը դատես, ապա ես երանի կտամ որովայնում չեղածին, այլ նայի՛ր իմ խնդրանքներին ու պաղատանքներին և Քո ողորմությունից մի՛ հեռացրու ինձ, որ բաղձում եմ Քո ողորմությունը և Քո գթությանն եմ կարոտում։ Որովհետև միշտ պղծեցի իմ մարմինը և հանապազ աղտեղի դարձրեցի հոգիս ո՛չ միայն չարաչար վարքով, այլ նաև զազրելի խորհուրդներով։

Եվ այժմ լվա՛ մեղքերից և մաքրի՛ր ցեխաթաթախ տիղմից։ Քեզ խնդրեցի և Քեզ եմ աղաչում. կատարի՛ր իմ փափագը. խառնի՛ր ինձ սուրբերի դասերին և արդարների ժողովին` նրանց, ովքեր հարաժամ վայելում եմ Քո բաղձալի տեսությունը։ Համարձակ երեսով չեմ հայցում բարեգործի պես, այլ աղերսանքով խնդրում եմ, իբրև պարտապան և բազմամեղ։ Ո՛չ ...[13] ունենալով համարձակվում եմ, իբրև մաքուր, այլ Քո մաքրությամբ իմ գարշահոտությունը մաքրել եմ աղաչում։ Քանզի անթիվ են մեղքերիս բազմությունները և անօրենությանս հույլերը հանապազ խեղդում են ինձ, մշտապես ճմլում են սիրտս և հալում ու մաշում են մարմինս ու ոսկորներս։ Այն պատճառով եմ համարձակվում հանապազ պաղատել, աղաչել ու խնդրել, որովհ ետև Դու իմ Հայրն ու Տերն ես, իմ Արարիչն ու Ստեղծողը. ո՞ւմ մոտ գնամ և կամ ումի՞ց օգնություն խնդրեմ։ Քո հանդեպ մեղանչեցի և Քո առջև եմ խոստովանում ու Քեզ եմ աղաչում. մի՛ զրկիր ինձ Քո ողորմությունից և մի՛ գցիր Քո երեսից։ Խնդրում եմ Քեզ` բարերար Տիրոջդ ու իմ բազմագութ Արարչիդ, հավիտենական ամոթով մի՛ ամաչեցրու ինձ և այն մեծ Օրը մի՛ դատապարտիր. տիեզերական հրապարակում ինձ մի՛ հանդիմանիր, անողորմ տանջանքովդ մի՛ տանջիր և սոսկալի գեհենովդ մի՛ պատուհասիր։ Այլ փրկի՛ր հրացայտ հնոցներից ու հրեղեն հրահոսան գետերից, չարաժանիք որդերից ու անլույս խավարից, դառը դատաստաններից ու դաժան տանջանքներից, անքակտելի կապանքներից և անդադրում նեղությունն երից, մշտատև ողբերից ու ատամների կրճտոցից։ Այլ գթա՛ մեղքերով վիրավորվածիս և բժշկի՛ր անօրենությ ամբ հիվանդացածիս, ընդունի՛ր, ինչպես այն հայհոյողին ու հալածչին, և ցրի՛ր իմ մեղքերի բազմությունները, սրբի՛ր պղծություններիցս, ինչպես այն պոռնիկին, և արդարացրո՛ւ, ինչպես մաքսավորին։ Ողորմի՛ր ինձ, ինչպես այն քանանացուն, և ների՛ր իմ հանցանքները, ինչպես ավազակինը։ Բնակեցրո՛ւ ինձ սուրբերի դասերում և արդարների` [Քո] կամքը կատարողների խորաններում` անանց կյանքի վայելչության և անբավ բարիքների ուրախության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք հավիտյան. ամեն։

« ԻԳ. Մխիթարության թուղթ վախճանվածների՝ այս աշխարհից [մեկնածների] մասին   |   ԻԵ. Խրատի [խոսք] զանազան առաքինությունների մասին »
© Gratun.org