Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ներածություն

Մուտք

Հայ մատենագրության երախտավորներից մեկն է Սբ. Ստեփանոս Սյունեցին, ում անձի, հոգևոր վաստակի, թերևս, ամենասպառիչ որակումը տրված է 14-րդ դարի համանուն մատենագիր Ստեփանոս Օրբելյանի պատմագրական երկում։ Ըստ ամենայնի դրվատելով Սյունեցու արժանիքները՝ նա գրում է. «Ստեփանոսը սյունն էր երկնքի և խարիսխը՝ հավատքի, սուրբ Եկեղեցու անխախտելի վեմն ու անվախ պաշտպանը, մարդն էր երկնային և հրեշտակ՝ երկրային, հավիտյան մեռածը և միշտ կենդանի, հրեշտակներին հիացնողը և քերովբեներին զարմացնողը»[1]։

Համաձայն Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի՝ Ստեփանոս Սյունեցու կենսագրական աղբյուրները հետևյալներն են՝

  1. Վարքի «Սկզբնական» կամ սկզբնագիր խմբագրություն (10-րդ դար)։

  2. Մովսես Կաղանկատվացի, «Աղվանից պատմություն» (7-10-րդ դար)։

  3. Կիրակոս Գանձակեցու երկերը (13-րդ դար)։

  4. Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), իբրև գլխավոր աղբյուր ունենալով «Սկզբնականը», ինչպես նաև ծանոթ լինելով Մովսես Կաղանկատվացու և Կիրակոս Գանձակեցու պատմություններին, և օգտագործելով Ղևոնդի (8 -րդ դար), Ուխտանեսի (10-րդ դար), Սամվել Կամրջաձորեցու (10 -րդ դար), Սամվել Անեցու (12-րդ դար) և Վարդան Վարդապետի տեղեկություններն ու ձեռագրերի հիշատակարանները՝ գրել է Ստեփանոս Սյունեցու կյանքն ու վկայաբանությունը, այն համալրելով պատմական կարևոր տեղեկություններով[2]։

  5. Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դդ.), քաղելով Մխիթար Այրիվանեցու և Կիրակոս Գանձակեցու պատմություններում զետեղվածը՝ վերջնական խմբագրել է Ստեփանոսի վարքը, ինչը հետագայում դարձյալ անցել է «Յայսմաւուրքի» մեջ[3]։

  6. «Յայսմաւուրքի» տարբերակը[4]։ 12-րդ դարից հետո կատարվել է Ստեփանոս Սյունեցու վկայաբանության նոր խմբագրություն։ «Սկզբնականի» համեմատությամբ այս վկայաբանությունը տարբերվում է Մխիթարի և Ստեփանոս Օրբելյանի խմբագրություններից։ Ըստ այսմ՝ Սյունեցու՝ Հռոմից բերած գրությունների և Գերմանոս պատրիարքի թղթի ընդունողը ոմն Բաբկեն կաթողիկոսն է[5]` Դավիթ Արամոնեցու փոխարեն (728-41)։ Ըստ այս խմբագրության՝ Գերմանոս պատրիարքի թղթի պատասխանը Սյունեցին գրել է Բաբկեն կաթողիկոսի հրամանով։ Սյունեցու և Սմբատ Բագրատունու հանդիպման և Լևոն կայսեր վերաբերյալ պատմությունն ու խոսակցությունը այս խմբագրության մեջ բացակայում են[6]։ Նույն խմբագրություն պարունակող երկու «Յայսմաւուրքներն» էլ առկա են Անթիլիասի կաթողիկոսարանում[7]։

  7. Վարդան Վարդապետի խմբագրություն։

Համաձայն Կարինյան ձեռագրացուցակի՝ Վարդան Վարդապետը (13-րդ դար) ևս խմբագրել է Ստեփանոս Սյունեցու վկայաբանությունը[8]։

Մենք Սյունեցու կենսագրությունը ներկայացնելիս մեծապես օգտվել ենք Մեսրոպ վրդ. Գրիգորյանի «Ստեփանոս Սյունեցի»[9] աշխատությունից, ուր լայնորեն օգտագործված են Մխիթար Այրիվանեցու և Ստեփանոս Օրբելյանի խմբագրած վկայաբանությունները, ինչպես նաև մյուս խմբագրություններն ու նորագույն ուսումնասիրությունները։

Կյանքն ու Գործունեությունը »
© Gratun.org