Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ներածություն

Կյանքն ու Գործունեությունը

Ստեփանոս Սյունեցին ծնվել է հավանաբար 688 թվականին Դվինում։ Նա Դվինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագերեց Սահակի որդին էր։ Իր նախնական կրթությունը ստացել է Դվինի Հայոց Կաթողիկոսարանում։ Այս մասին վկայում է Ստեփանոս Օրբելյանը և շարունակում. «Դաստիարակվում էր և զարգանում հայոց կաթողիկոսարանում։ Լրիվ հասունանալուց հետո այդ ջահը չէր կամենում թաքնվել մարմնավոր ծածկոցի տակ, այլ հրաժարվելով բազմամարդ քաղաքից՝ գնում է մեծահամբավ և հիասքանչ հանդիսարանը՝ հրեշտակաերամ սուրբ կրոնատունը՝ Մաքենացոց աստվածաբնակ առաքինարանը»[1]։ Այստեղ նա ուսանում է հայրերի հայր Սողոմոնի մոտ, ով այդ ուխտի առաջնորդն էր և հայտնի էր որպես խստակրոն և իմաստուն մարդ։ Նա էր, որ 701 թ-ին[2] ձեռնարկել էր հայ և օտար սրբերի վկայաբանությունների հավաքածուի՝ «Տոնականի» կազմության աշխատանքները[3]։

Այստեղ սովորելուց հետո Սյունեցին, չբավարարվելով ձեռք բերածով, դուրս է գալիս այս մենաստանից և դիմում դեպի գիտությունների աղբյուրը՝ Սյունյաց վարդապետարանը, որը Հայաստանի բոլոր գիտությունների գլխավոր կաճառն էր, և ուներ երկու հարյուրամյա պատմություն։ Այստեղ նա սիրով ընդունվում է Սյունյաց երանելի Մովսես եպիսկոպոսից և աշակերտում նրան, ով էլ հոժարում է վարժեցնել Ստեփանոսի «սուր ու անհագ» միտքը, վերջինս էլ իր ունեցած շնորհներով արագորեն հմտանում է աստվածային գիտությունների մեջ և շուտով եպիսկոպոսից իրավունք է ստանում մնալ րաբունարանի ամբիոնում և վարժարանի սաների համար մեկնաբանել «Աստվածա-շունչը»։ Լծվելով ուսուցչական աշխատանքի՝ նա աշակերտներին մատուցում է Հին ու Նոր Կտակարանների մեկնությունները։

Վկայություններ կան, թե նա վարժարանում ուսանողներին «ոչ միայն բանավոր էր մեկնում աստվածային գրքերը, այլև սուրբ գրությունների մեծ մասի մեկնությունն ավանդում էր գրավոր, համառոտ, բայցիմաստալից[4]։ Երկար դասավանդելուց հետո, երբ մոտենում է երանելի Մովսեսի վախճանը, վերջինս Ստեփանոսին է հանձնում աթոռի հոգաբարձությունը։ Այնուհետև Ստեփանոսը մեկնում է Դվին՝ Եղիա Արճիշեցի կաթողիկոսի (703-717 թթ.) մոտ, ու Սյունիքի եպիսկոպոսության աթոռի համար ձեռնադրել է տալիս Անանիա վարդապետին, իսկ ինքը մնում է կաթողիկոսարանում ու երբեք չի դադարում Հին ու Նոր Կտակարանների գրքերը մեկնաբանել[5]։

Ըստ Մխիթար Այրիվանեցու՝ Ստ. Սյունեցին շուրջ 710 թ. Գրիգոր Գռզիկ կրոնավորի (Այրիվանքի միաբան) հետ գնում է Աթենք, որտեղ ուսանում է փիլիսոփայություն և ուսումնասիրում Սուրբ Գրքի բնագրերն ու մեկնությունները[6]։ Աթենքից նրանք անցնում են Կոստանդնուպոլիս (մոտ. 712 թ.), որտեղ դարձյալ զբաղվում են եկեղեցական հայրերի աշխատությունների ուսումնասիրությամբ։ Այստեղ Ստեփանոսը Դավիթ անունով մի հայ գիտնական հյուպատոսի օգնությամբ թարգմանում է սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու «Յաղագս երկնայնոցն քահանայապետութեանց» երկը։ Նա թարգմանում է նաև Գրիգոր Նյուսացու «Յաղագս կազմութեան մարդոյ» և Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» աշխատությունները[7]։ Այս ընթացքում նա ծանոթանում է Գերմանոս պատրիարքի հետ (715-730 թթ.), և հաճախ է լինում եկեղեցում։

Մի անգամ Գերմանոսը Սուրբ Ծննդյան տոնի պատարագին նրան առաջարկում է հաղորդություն ընդունել, սակայն Ստեփանոսը մերժում է։ Պատրիարքը հետաքրքրությունից ելնելով հարց ու փորձ է անում հայերի դավանության մասին և այդ կապակցությամբ մի նամակ է գրում ու տալիս Ստեփանոսին, որպեսզի նա այն Հայաստան բերի[8]։ Ստեփանոսը իր ընկերոջ հետ 720 թ.-ին վերադառնում է Հայաստան՝ իր հետ բերելով Գերմանոսի նամակը, որի սկսվածքն է՝ «Քրիստոսն է մեր խաղա-ղությունը»։ Այդ նամակում հույն պատրիարքը հայերին առաջարկում է ընդունել Քաղկեդոնի ժողովի դավանությունը՝ փորձելով ապացուցել նրա ճշմարտացիությունը։ Սակայն Սյունեցին, Դվինում բառ առ բառ վերլուծելով թուղթը, հերքում է այնտեղ առաջ քաշված դրույթները և կուռ տրամաբանությամբ ու սուրբգրային վկայություններով հաստատագրում Հայ եկեղեցու դիրքորոշումը։ Այդ թղթի վերնագիրն է՝ «Քրիստոսը խաղաղություն բերելով»[9]։

Ստեփանոս Սյունեցու վերադարձի և Գերմանոս պատրիարքին ուղղված նամակի պատմության առնչությամբ Մխիթար Այրիվանեցին և Ստեփանոս Օրբելյանը հիշատակում են տարբեր պարագաներ և նշում տարբեր ժամանակներ։ Համաձայն Մխիթար Այրիվանեցու՝ Ստեփանոսի և Գրիգորի վերադարձին Հովհան Օձնեցի կաթողիկոսը թողել էր կաթողիկոսության աթոռը և ապրում էր իբրև կրոնավոր, իսկ Դավիթը դեռևս չէր նստել աթոռին[10]։ Մինչդեռ համաձայն Ստեփանոս Օրբելյանի՝ Ստեփանոսի վերադարձին Հովհան Օձնեցի կաթողիկոսը արդեն վախճանված էր[11]։

Նկատի առնելով պատմական պարագաներն ու ժամանակագրական ճշգրտությունը՝ հավաստի ենք համարում Մխիթար Այրիվանեցու վկայությունը և որպես ժամանակակից կաթողիկոս՝ ընդունում ենք Հովհաննես Օձնեցուն։ Կ. Պոլսից վերադառնալուց հետո Դվինի կաթողիկոսարանում Սյունեցին կրոնական ծառայության հետ միաժամանակ կարգավորում է «Շարակնոցը» և գրում է ավետարանիչների դժվարըմբռնելի խոսքերի մեկնությունները, ինչպես նաև «Հոբի» գրքի, «Եզեկիելի» մարգարեությունների մեկնությունները։[12] Դվինում քարոզության ժամանակ Ստեփանոսը հանդիմանում է Սմբատ Բագրատունի քաղկեդոնական իշխանին։ Սմբատը լինելով «երկաբնակ», համառությամբ չէր ուզում հասկանալ Ստեփանոսի բացատրած ճշմարիտ վարդապետությունը և հալածում է նրան մահվան սպառնալիքով[13]։ Ուստի Ստեփանոսը ծպտված փախչում է Կ. Պոլիս և ապաստանում է մի ուղղափառ միայնակյացի մոտ, ով «հմուտ էր արտաքին իմաստությունների մեջ»[14] և խորամուխ էր աստվածաբանական և իմաստասիրական գիտությունների մեջ։

Սմբատ Բագրատունին, իմանալով եղելությունը, նամակ է գրում Լևոն Իսավրացի կայսերը, որպեսզի հալածի Ստեփանոսին։ Լևոն կայսրը հետաքրքրվում է այս խնդրով և հարցումներ է ուղղում Ստեփանոսին հայոց հավատքի մասին։ Իսկ Ստեփանոսը համարձակությամբ պատասխանում է. «Ո՛վ բարերար արքա, հրամայի՛ր բացել գրապահոցները, որպեսզի ես այնտեղ գտնեմ այն գրքերը, որոնք ցույց կտան ճշմարիտ դավանությունը»։ Թագավորից հրաման ստանալով՝ գտնում է սուրբ հայրերից ոսկետուփ մի մատյան՝ գրված ճշմարիտ դավանանքի մասին և հանձնում թագավորին, որը նա, խիստ հավանելով, ուրախ բացականչում է. «Դուք՝ հայերդ, ա՞յս հավատքն ունեք», Ստեփանոսը պատասխանում է՝ այո՛։ Այնուհետև կայսրն ասում է. «Գնա՛ Հռոմ և այնտեղ զննի՛ր մեծ եկեղեցու գրապահոցները, և եթե գտնես սրա նման ուրիշ երեք գիրք ևս, ապա ես ամբողջ աշխարհն այդ դավանանքին կդարձնեմ»[15]։

Ստեփանոսը սրտագին ցնծությամբ գնում է Հռոմ, և այնտեղ գտնում ուրիշ երեք մատյաններ ևս՝ բովանդակությամբ հար և նման առաջինին։ Դրանցից մեկը սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու «Պարապմանց» ու «Գանձուց» գրքերն էին, մյուսը՝ սուրբ Աթանաս Ալեքսանդրացու երկերը, իսկ երրորդը՝ սուրբ Եպիփանի գրվածքները, սակայն վստահություն չտածելով կայսեր խոստումի վրա՝ 728 թ.-ին

վերադառնում է Դվին[16]։ Վերադառնալով Հայաստան՝ իր հայրենի երկիրը, այն գտնում է արաբների կողմից ավերված և Հովհաննես Օձնեցի կաթողիկոսին՝ վախճանված, որին հաջորդում է Դավիթ Ա Արամոնեցին։ Դավիթ կաթողիկոսը մեծ ուրախությամբ ընդունում է Ստեփանոսին և նրա՝ Հռոմից բերած ուղղափառ գրությունները[17]։

Այն ժամանակ վախճանվել էր նաև Սյունյաց Հովհան եպիսկոպոսը և Սյունիքի Բաբկեն ու Քուրդ իշխանները, գնալով Դավիթ կաթողիկոսի մոտ, նրանից խնդրում են, որ մեծ իմաստասեր երանելի Ստեփանոսին, ով հրեղեն սուր էր Ամենասուրբ Հոգու ձեռքին, ձեռնադրի Սյունյաց եպիսկոպոս։

Եվ ահա Ստեփանոսը, ստանալով եպիսկոպոսական աստիճան, մեկնում է իր թեմը և աստվածային օրենքներով խրատում ու ուսուցանում բոլորին, որպես սուր՝ կտրելով ախտահարված մասերը, որպես իմաստուն բժիշկ՝ բժշկելով վիրավորներին, որպես ընտիր աղ՝ համեմելով անհամությունները, որպես պայծառ արեգակ՝ լուսավորելով խավարյալներին։ Ըստ Օրբելյանի՝ նրա նշանավոր գրվածքները ուրիշ մեկնիչների գործերի մեջ փայլում էին պայծառ ջահի նման[18]։

Նա ամռան ամիսներին շրջում էր իր թեմի տասներկու գավառներում` քարոզելով Ավետարանը։ Հոգևոր ծառայության անհրաժեշտությամբ գնում է Եղեգնաձորի բարեբեր գավառի Մոզ ավանը, որտեղ բնակվում էր մի անբարոյական կին՝ համակված զանազան ախտերով։ Մինչ այդ եպիսկոպոսը նրան երեք անգամ զգուշացրել էր՝ ըստ Տիրոջ հրամանի, բայց նա չէր զղջացել։ Այդ պատճառով այս անգամ սուրբը սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում։

Այնուհետև սաստիկ շոգի պատճառով դուրս է գալիս գյուղից ու գնում Ավագ Ակ կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքը` զովանալու։ Կարգադրում է իր վրանը այնտեղ խփել, իսկ ինքը բարձրանում է մոտակա ուռենու վրա դրված մահճին հանգստանալու։ Առիթից օգտվելով, անպատկառ կինը, ցանկության կատաղի բոցից մղված` իր սիրեկանի հետ գալիս է սրբին սպանելու։

Մոտենալով ծառին` նա սիրեկանին ստիպում է բարձրանալ ծառը և սրով սպանել Ստեփանոսին։ Սիրեկանն էլ բարձրանալով տեսնում է, որ մի հրեշտակ, Ստեփանոսի գլխավերևում կանգնած, հով է անում։ Այս տեսնելով` նա կարկամում է ու թուլանում և ամբողջ մարմնով մեկ ցնցվում։ Ապա մի կերպ ծառից իջնելով՝ տեսածը պատմում է կնոջը։ Սակայն կինը իր պոռնկական քաղցրածոր խոսքերով նրան հորդորում է կրկին ծառը բարձրանալ։ Նա էլ բարձրանալով՝ առաջինից ավելի հրաշափառ տեսարան է տեսնում և սաստկապես թուլանալով, անզգա մարմնով, մեռելի նման ցած է ընկնում ծառից։ Իսկ կինը, սիրեկանին տեսնելով այդպիսի պատուհասի մեջ, զղջալու փոխարեն ավելի է չարանում և սատանայից դրդված՝ վերցնելով սուրը հարվածում է, և սրբի անբիծ արյունը թափվում է փայտե մահճի վրա, ինչպես Տիրոջ արյունը` խաչափայտի վրա։

Սպասավորները, առավոտյան իմանալով եղելությունը, սաստիկ լաց ու կոծով վերցնում են սրբի մարմինը և տանում Սիոն կոչված լեռան վրայի մենաստանը, որը լի էր ճգնավորներով։ Ապա Արկազն գյուղի բնակիչները, իմանալով դեպքի մասին, իրենց տանուտերի հետ ընդառաջ են դուրս գալիս և սպասավորներին համոզում սրբի մարմինն ամփոփել այն եկեղեցում, որը կառուցվել էր քաջ զորավար սուրբ Քրիստափորի անունով։ Եվ այդպես էլ վարվում են։

Իսկ Աստծու երանելի Նոյ ճգնավորը այն առավոտ տեսնում է երկինքը բացված, և հրեշտակների բազմությունը խմբերով ելնում են Ստեփանոսին ընդառաջ՝ բարձրաձայն գոչելով. «Բարի՜ և հավատարի՜մ ծառա, ե՛կ, մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ»[19]։ Եվ այսպես մեծամեծ գովեստներով նրան տանում են ու հասցնում Աստծու ահեղ Աթոռի մոտ, որի վրա նստում է Քրիստոս՝ Աստծու Որդին։ Ապա սուրբը երկրպագելով՝ մոտենում է Տիրոջը և ցույց տալով սպիտակ նափորտով փաթաթված արյամբ լի իր գոգը` ասում է. «Քոնն են վրեժխնդրությունը և արդարադատությունը»[20]։ Եվ առաքյալներն ու հայրապետները նրան համբուրելով տանում են իրենց կայանը՝ մինչ հատուցման օրը։

Սուրբ Նոյը, այս երազը տեսնելով, հասկանում է, որ աղետ է սպասվում։ Եվ այդպես էլ լինում է, ու հանկարծակի վրա է հասնում Տիրոջ պատուհասը։ Թանձր խավարը քառասուն օր պատում է ամբողջ գավառը և սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն է լինում. լեռները տապալվում են, գետնի կեղևը ծովի ալիքների նման ծփում է և տներն ու ապարանքները վեր են ածվում բնակիչների գերեզմանների, իսկ աղբյուրները խափանվում են, ու գետերը՝ կորչում։ Բոլոր վայրերն էլ երերում են, իսկ անդունդներից և օդի միջից լսվում են մարդկային ձայներ, որ ասում են. «Վա՜յ ձոր, վա՜յ ձոր»։ Այդ օրը զոհվում են տասն հազարից ավելի մարդիկ։ Եվ կատարվածի պատճառով այդ վայրը կոչվում է Վայոց ձոր[21]։

Պատուհասի քառասուն օրերը անցնելուց հետո դադարում է Աստծու բարկությունը, և գավառի մնացած բնակիչները հավաքվելով հրավիրում են կաթողիկոսին ու վանականների ժողով գումարում։ Ապա բազում օրեր եկեղեցում գիշերային արարողություններ են կատարում և սուրբ Ստեփանոսի աճյունը փոխադրում սուրբ Ստեփանոս Նախավկայի անունը կրող եկեղեցին, որը նաև Թանահատ[22] էր կոչվում, քանի որ այնտեղի միաբաններն անդադար սպասավորություն էին կատարում՝ իրենց զերծ պահելով փափուկ կերակուրներից, ուստի և կոչվեցին թանահատներ։ 735 թ. միաբանները գերեզմանի վրա մի փոքրիկ մատուռ կառուցեցին, որի տեղում էլ հետագայում՝ 1273-1279 թթ., Պռոշ իշխանը և իր որդիները կառուցում են գմբեթավոր գեղեցիկ մի տաճար՝ որպես «Սուրբ Ստեփանոսի հարկ»[23]։

Ըստ ավանդության՝ նրա մասունքների միջոցով բազմաթիվ բժշկություններ են կատարվել տեսակ-տեսակ ցավերով ու հիվանդություններով տառապողների վրա, ովքեր հավատով ապավինել են սրբի բարեխոսությանը։

Ստեփանոսը Աստծու արդարությանն ու ողորմությանն է հանձնում իրեն սպանողին, ինչպես որ Նախավկան էր վարվել՝ «Տե՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց» (Գործք Է 59)[24]։ Իսկ տիրասպան կինն ավելի ուշ սգավոր է դառնում, ինքն իրեն դատապարտելով ու կուրծքը ծեծելով՝ եղելությունը պատմում է ամենքին և մարդկանցից պատիժ հայցում։ Այնուհետև, գալով վանքի դիմացը, արևմտյան մասում, ձորակի այն կողմում հողը փորելով՝ մինչև ստինքները թաղվում է փոսի մեջ. ամառ ու ձմեռ տոթակեզ ու ցրտահար լինելով, գիշեր-ցերեկ վայում ու ողբում է` խոստովանելով իր մեղքերը։ Այդպիսով շարժում է հայրապետի գութը, ով էլ Տիրոջից ներում է հայցում նրա համար։

Մի օր էլ՝ պատարագի ժամին, սրբի տապանից լսվում է ահեղ գոչյուն. «Թող ներվեն քո մեղքերը, ո՛վ կին»[25]։ Եվ բոլորը լսելով այդ՝ գոհություն են հայտնում Աստծուն, Իր մեծ մարդասիրության ու անհիշաչար բարերարության համար։ Իսկ կինը, թեև ներում է ստանում, սակայն իր տեղից դուրս չի գալիս, այլ մնալով այնտեղ՝ վախճանվում ու թաղվում է իր ապաշխարության փոսի մեջ, այդպես էլ մնալով վանքի դիմաց։

Ոմանք ասում են՝ Սյունեցին եպիսկոպոսություն արեց մեկ տարի, իսկ ոմանք էլ՝ ութ։ Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի՝ Ստեփանոս Սյունեցին, 728 թ. վերադառնալով հայրենիք և անմիջապես ձեռնադրվելով եպիսկոպոս, ութը տարի սպասավորելուց հետո 735 թ.[26] նահատակվում է։ Ըստ «Յայսմաւուրքի»՝ Ստեփանոսը մահացել է 735 թ. հուլիսի 23-ին։

« Մուտք   |   Ատենագրական Վաստակը »
© Gratun.org