Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ներածություն

Ատենագրական Վաստակը

Ստեփանոս Սյունեցին թողել է հարուստ մատենագրական ժառանգություն։ Նա մի տքնաջան աշխատող է եղել, Սուրբ Գրքի հմուտ մեկնիչ, աստվածաբան, քերականագետ, լեզվագետ, շարականագիր, երգիչ, ընդդիմասաց, ճառագիր։ Սյունեցին ըստ Օրբելյանի գրել է բազմաթիվ շարականներ, բաժանելով այն ութը ձայների, կարգել ու շարել է Քրիստոսի Ծննդյան, Մկրտության, Բեթանիա և Երուսաղեմ գալու, Չարչարանքների, Հարության, Համբարձման, Հոգեգալստյան, Եկեղեցու և այլ տերունի տոների ու սրբերին նվիրված շարականները[1]։ Սյունեցին զբաղվել է նաև ժամակարգությամբ, գրել է դրանց մեկնությունը և հայոց Եկեղեցում ժամերգության մեջ առաջին անգամ մտցրել «Կանոնի կարգը»[2]։

Ինչպես նշեցինք, Ստեփանոս Սյունեցին, քաջագիտակ լինելով Աստվածաշնչին, հմտանում է Նրա մեկնության մեջ։ Դվինի կաթողիկոսարանում նա աշակերտներին ուսուցանել է Աստվածաշնչի իր մեկնությունները, որոնք հետևյալն են։

  1. «Մեկնութիւն Արարածոց»[3]։

  2. «Մեկնութիւն Դանիէլի»[4]։

  3. «Մեկնութիւն Յոբայ»։

  4. «Մեկնութիւն Չորից Աւետարանաց»։

  5. «Պատճառք ի թելադրութիւն առաջին տեսլեանն Եզեկիէլի», ձեռ. Սրբոց Յակոբեանց, թիվ 69 և թիվ 1322։

  6. «Մեկնութիւն ժամակարգութեան», հրատ. Ս. վրդ. Ամատունի, «Արարատ», 1915-17 թթ.։

Նրանից մեզ է հասել մի ընդդիմախոսական ճառ՝ «Վասն անապականութեան մարմնոյն Քրիստոսի» (հրատ. Գ. Տեր-Մկրտչյան, «Արարատ», 1902թ.) և մի քանի պատասխան թղթեր.

  1. «Պատասխանի առ վարդապետսն Աղուանից», ձեռ. Ս Յ թիվ 145[5]։

  2. «Թուղթ Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի իմաստասիրի. պատասխանի թղթոյն Գերմանոսի պատրիարքին Կոստանդինապոլսին»։

  3. «Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսին պատասխանի թղթոյն Անտիոքայ պատրիարքին Վասն հաւատոյ դաւանութեան» (ըստ Կ. Եպս. Մկրտչյանի՝ այս թուղթն անվավեր է)։

Ստ. Սյունեցուց մեզ են հասել նաև այլ գործեր.

  1. «Պատճառ հիմնարկութեան սրբոյ եկեղեցւոյ»։

  2. «Տեառն Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի ասացեալ վասն նախերգանի աղաւթիցն, որ կատարի ի գիշերի»։

  3. «Յաղագս տապանակին»։

  4. «Աղաւթք սրբոյն Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի, զոր ասացեալ է վասն կնքելոյն զգերեզմանն»։

  5. «Աշխարհացոյց Ստեփաննոսի Հայոց իմաստասէրի ասացեալ ի գրոց մեկնութենէ»։

  6. «Մեկնութիւն նշանաց»։

  7. «Մեկնութիւն քերականին», տպ. Պետերբուրգ, 1915 թ.։

  8. «Սակս աւերման Ղիոն քաղաքի և շինելոյն Հռոմայ»։ Սյունեցուց մեզ հասել է նաև «Պիտանի լուծմունք սահմանաց Դաւթի և Պորփիւրի» խորագիրը կրող աշխատությունը, ուր մեկնաբանել ու վերլուծել է Դավիթ Անաղթի «Սահմանք իմաստասիրութեան» և Պորփյուրի «Ներածութիւն» աշխատությունները։ Սյունեցու այս գործը, անկասկած, նպաստել է փիլիսոփայական մտքի զարգացմանը։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրա «Քերականութիւնը»։

Սյունեցին նաև մեծ թարգմանիչ է։ Ուսումնասիրելով հունական գրականությունն ու փիլիսոփայություն, լավ տիրապետելով նաև հունարենին, լատիներենին, հավանաբար նաև եբրայերենին՝ նա ձեռնամուխ է եղել շատ կարևոր գրքերի թարգմանության գործին։ Սյունեցուն են պատկանում հետևյալ երկերի թարգմանությունները.

  1. «Վարք Դիոնիսիոսի և լուծումն գրոց նորին. թարգմանեալ ի Ստեփաննոսէ Սիւնեաց»։

  2. «Թուղթ Դիոնիսիոսի Արիսպագացւոյ առ Տիտոս «Վասն ննջման Մարեմայ»»։

  3. «Դիոնիսիոս Արիսպագացւոյ Եպիսկոպոսի Աթենացւոյ «թուղթ զանազան»»։

  4. «Յաղագս երկնայնոց քահանայապետութեանց», ձեռ. Ս Յ, թիվ 451։

  5. Կիւրեղ Աղէքսանդրացի Հայրապետի «Գիրք պարապմանց» (տպ. Կ. Պոլիս, 1717 թ.)։

  6. Նեմեսիոս եպիսկոպոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» (տպ. Վենետիկ, 1889 թ.)։

  7. Գրիգոր Եպիսկոպոս Նիւսացու «Յաղագս կազմութեան մարդոյ», ձեռ. Ս Յ, թիվ 390։

  8. Գէորգ Պիսիդէսի «Յաղագս Վեցօրեայ արարչութեան» (տպ. Վենետիկ, 1906 թ.)։

  9. «Տեսիլ սրբոյն Մեթոդի Եպիսկոպոսի Պատարայ և վկայի յաղագս անցելոյն, ներկայիս և ապառնեացն, ասացուածք յԱստուածաշունչ գրոց, զոր թարգմանեալ է տեառն Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի»։

  10. Գերմանոս Պատրիարքի «Հաւատոյ թուղթ», «Գիրք թղթոց», Բ, տպ. Երուսաղեմ, 1994, էջ 494-514։

  11. Աղեքսանդրիոյ Աթանաս Հայրապետի ճառերը, «Կնիք հաւատոյ», Էջմիածին, 1914 թ. (ըստ Կարապետ եպիսկոպոսի)։

  12. Մեկնութիւն Ղեւտիկոնի։

Սյունեցու մատենագրական վաստակի մի կարևոր մասը մեկնություններն են։ Ի թիվս այդ մեկնությունների Սյունեցին գրել է նաև «Չորս Ավետարանների մեկնությունը»։ Այս ձեռագիրը գտնվել է Գարեգին ծայրագույն վարդապետ Հովսեփյանի կողմից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ձեռագրական հավաքածուի թիվ 446 գրչագրում և այդ մասին ծանուցվել «Արարատ» ամսագրում (1917, էջ 193-198)։ Սույն ձեռագիրն այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և կրում է 5551 թիվը։ Այն Մայր Աթոռ էր բերվել Լիմ Անապատից. գիրը՝ բոլորգիր, գրիչ՝ Կիրակոս, ստացող՝ Հովհաննես, գրության վայրը՝ Կամրջաձորի վանք, Արշարունիք, ժամանակ՝ ՈԴ (1155)։

«Չորս ավետարանների մեկնություն» կոչված աշխատությունը գլխավորաբար մեկնությունն է Մատթեոսի Ավետարանի։ Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները մեկնված են շատ համառոտ կերպով, և մեկնված է բացառապես Մարկոսի Ավետարանի ԺԴ գլխի 51-52 համարները՝ համատես համարվելով Մատթեոսի Ավետարանին։ Ձեռագրի հիշատակարանում Սյունեցին գրում է. «Մատթէոսական աւետարանն գրեցաւ ըստ կարգի, իսկ ի յայլ աւետարանիչսդ, որ ինչ մեկուսանայր ի Մաթէոսական աւետարանէն՝ եւ զայս ընձեռեցի, Ձերոց հրամանի հնազանդեալ»։

«Չորս Ավետարանների մեկնությունները» գրված են այդ ժամանաշրջանի կաթողիկոս Դավիթ Արամոնեցու պատվերով։ Սյունեցին այդ մասին հիշատակարանում գրում է. «Հրաման առեալ ի քրիստոսասէր հայրութենէդ Ձերմէ, ո՛վ պատուական քահանայապետ, շարագրեցի... որ ինչ մեզ թուեցաւ դժուարապատում ի մեկնութիւն»[6]։

Պետքէնշել, որ հետագա ընդօրինակություններում Ղուկասի և Հովհաննեսի մեկնություններն առանձնացվել են և հանդես եկել որպես առանձին մեկնություններ։ Ղուկասի մեկնությունը, բացի վերոհիշյալ հմր. 5551 ձեռագրից, մեզ է հասել նաև Վենետիկի հմր. 740 ձեռագրով։ Հովհաննեսի Ավետարանի մեկնությունը բացի 5551 ձեռագրից,պարունակվում է նաև Երևանի ՄԱՄ-ի թիվ 1349, 1350, 2520, 9372, ինչ-պես նաև Երուսաղեմի Ս Յ վանքի ձեռագրատան թիվ 1046 ձեռագրերում։ Շնորհիվ Սարգիս Կունդի «Ղուկասի Ավետարանի մեկնության» մեջ պահպանված հատվածների՝ գիտությանը հայտնի է դառնում, որ Ստեփանոս Սյունեցին, բացի իր «Չորս Ավետարանների մեկնությունից», գրել է նաև Ղուկասի Ավետարանի առանձին մեկնություն, որը մեզ չի հասել[7]։

Ստեփանոս Սյունեցու այս գործի արժեքը մեծանում է նաև նրանով, որ նրա օգտագործած շատ աղբյուրներ կորած են և գիտությանը ծանոթ են դառնում միայն Սյունեցու հետևյալ մեկնության միջոցով։

Սյունեցու մեկնություններում կիրառված են մի շարք մեկնաբանական մեթոդներ. պարզաբանական, այլաբանական, պատմական, բնագրային-քննդատական, աստվածաբանական, քարոզչական, որոնք գործածվում են ըստ հարկի՝ բարեհարմար կերպով, մեկնելու համար ավետարանական դժվարիմաց պատմությունները, խոսքերն ու բառերը։

Սյունեցին «Չորս Ավետարանների մեկնությունը» գրելիս օգտագործել է «յառաջագոյն» մեկնիչների գործերը, սակայն ոչ թե բառացի հառաջաբերությամբ, այլ քննական-քննադատական ոգով։ Օրինակ՝ Մատթեոս ԺԳ 16-17 համարների մեջ Քրիստոս Իր աշակերտներին ասում է. «Երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ականջներին, որ լսում են։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ ցանկացան տեսնել...»։ Այդ առիթով Սյունեցին հայտնում է, որ ոմանք կարծել են, թե Քրիստոս նրանց հետ խոսեց հարության և դատաստանի մասին, սակայն իրեն ավելի պատշաճ է թվում այն բացատրությունը, ըստ որի աչք և ականջ բառերը ակնարկում են ոչ թե մարմնավոր, այլ հոգևոր ականջները և աչքերը, որոնցով մարգարեները և արդար մարդիկ տեսան Քրիստոսի գալստյան օրը։

Դարձյալ Ստեփանոսը Որոգինեսի «Մատթեոսի մեկնությունից» մի բացատրություն է մեջբերում և այդ մասին գրում. «Այդ այդպես մեկնեց Որոգինեսը, և ես չեմ ընդդիմանում, բայց ըստ այժմեական մեկնության՝ կարծում եմ, թե «ով ունի բարի սերմը՝ բարի հոգին, որ [բարի] հող անվանվեց, նրան պիտի տրվի և ավելացվի»։

Սյունեցու «Չորս Ավետարանների մեկնություն» աշխատությունը քննելով՝ տեսնում ենք, որ նրանում առկա են օտար մեկնիչների գործերը, որոնք մեծ մասամբ կորած են և կամ էլ միայն պատառիկներով են պահպանվել։ Անվանապես հիշատակված են հետևյալ աշխատությունները.

  1. Որոգինեսի Մեկնութիւն Մատթէոսի Աւետարանին։

  2. Ակյիւղասի Հին Կտակարանի յունական թարգմանութիւնը։

  3. Սիւմաքոսի Հին Կտակարանի յունարէն թարգմանութիւնը։

  4. Թէոդիտոնի Հին Կտակարանի յունարէն թարգմանութիւնը։

  5. Փիլոն Եբրայեցի, Մեկնութիւն Հնգամատեանի։

  6. Յովսէփոս Փլաւիոսի «Հրէական հնութիւնք»։

  7. Հին Կտակարանի Եօթանասնից թարգմանութիւնը։

  8. Հին Կտակարանի եբրայեցերէն բնագիրը։

  9. Նոր Կտակարանի յունարէն բնագիրը։

  10. Գրիգորի՝ Նազիանզացու «Յինքն յագարակէ անդրէն եկեալ» ճառից։

Իհարկե, Սյունեցու օգտագործած աղբյուրները միայն վերոհիշյալները չեն։ Օգտագործված են նաև այլ հայերեն և օտարալեզու աշխատություններ, որոնք թեպետ անվանական չեն հիշատակված, սակայն դրանց գոյությունն են հաստատում «ոմանք ասում են» և կամ «ոմանք կարծեցին» բառերը։

Սյունյաց դպրոցը, հայկական դպրանոցների մեջ ունեցել է առաջնակարգ դիրք՝ իբրև կենտրոն-քերթողական, աստվածաբանական, մեկնողական, փիլիսոփայական, երաժշտական և այլ գիտությունների և որպես Հայ եկեղեցու դավանության և արժեքների անաղարտ պահպանմանը նախանձախնդիր վարդապետների դաստիարակ։ Սյունեցին մեկն է այդ գիտուն վարդապետներից, և իր «Ավետարանների մեկնությունը» վկայությունն է Սյունյաց դպրոցի մեկնաբանական բարձր ուսման մասին։

Փոքրածավալ այս երկասիրությունը վաղ շրջանի ինքնուրույն մեկնություններից է։ Հավանական է, որ այն երկար տարիներ իբրև դասագիրք է գործածվել Սյունյաց դպրոցներում։

«Չորս Ավետարանների մեկնությունը» երկն գրաբար բնագրով տպագրվել է երեք անգամ։ Առաջին անգամ տպագրվել է 1958 թ., բազմահմուտ գիտնական Մեսրոպ եպս. Գրիգորյանի ջանքերով, երկրորդ անգամ՝ 1991 թ. Անթիլիասում, որն առաջինի վերատպությունն է։ Երրորդ անգամ այն հրատարակվեց 1994 թ.` Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանի աշխատասիրությամբ։ Աշխարհաբար թարգմանությունն իրականացված է այս վերջին հրատարակությունից։

« Կյանքն ու Գործունեությունը   |   Ա »
© Gratun.org