Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

Ա

«Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու» (Մատթ. Ա 1)։

Գիրք լինելության են ասում հերձվածողները[1], նրանք, ովքեր ասում են, թե Քրիստոս՝ Աստծու Որդին, գոյակցությամբ մշտնջենավորակից չէր Հորը, այլ ստեղծված է և սկիզբ է առել Մարիամից։ Իսկ մենք այդպես չենք ասում, այլ գիրք լինելության ենք ասում Լինելությանը, Նրան, Ով մեր փրկության համար մարդ եղավ և ամեն ինչով մեզ նմանվեց, բացի մեղքերից։


«Հուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից, Աբրահամը ծնեց Իսահակին՝ Սառայից, Իսահակը ծնեց Հակոբին՝ Ռեբեկայից, Հակոբը ծնեց Հուդային՝ Լիայից» (Մատթ. Ա 2-3)։

...Բայց մյուսների մայրերի մասին լռեց և միայն Թամարին հիշելով՝ ասաց, թե Հուդան ծնեց Փարեսին՝ Թամարից։ Վերը նշվածը այս խնդրի վերաբերյալ ասում ենք, թե Աբրահամին հիշատակելիս հիշեց նաև Սառային, քանի որ Աբրահամը և Սառան մի մարմին էին, և Իսահակն ու Ռեբեկան նույնպես մի մարմին էին, իսկ Հուդան և Թամարը մի մարմին չէին, քանի որ Թամարին այս Հուդան պոռնիկ համարեց։

Այդ պատճառով Ավետարանիչը հիշեց Թամարին նույնպես և Բերսաբեին, Ռահաբ պոռնիկին և Հռութ Մովաբացուն, որպեսզի ցույց տա, որ [Աստված Իր] բազում և անքննելի մարդասիրությունից [մղված]՝ արժանի է համարում պոռնիկներին իսկ որդի կոչվել և պոռնիկներին ու օտարազգիներին մայր է անվանում։


«Հովրամը ծնեց Ոզիային, Ոզիան ծնեց Հովաթամին» (Մատթ. Ա 8)։

Չորրորդ Թագավորության գրքում գրված է. Հովրամը ծնեց այս Ոքոզիային, որի վախճանվելով[2] հետո Հովրամ թագավորի դուստրը՝ Ոքոզիայի քույր Հովսաբեթը, փախցրեց [Ոքոզիայի որդի] Հովասին, որը և թագավորեց, որից հետո [թագավորեց] նրա որդի Ամասիան, նրան հաջորդեց իր որդի Ազարիան (տե՛ս Դ Թագ. Ը, Թ, ԺԱ)։ Արդ, հարց կա կապված այդ երեք թագավորների անունների հետ[3]։


«Ահա կույսը պիտի հղիանա և որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել» (Մատթ. Ա 23)։

Թարգմանիչները «աաղամա»[4] բառը եբրայերենից թարգմանեցին կույս, իսկ Ակյուղասն[5] ու Սիմաքոսը՝ օրիորդ կամ մանկամարդ[6], իսկ Երկրորդ Օրենքում «ադաղամայ» բառը թարգմանեցին կույս հետևյալ խոսքում. «Եթե քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանված կույս աղջկա և այլն» (Բ Օրենք ԻԲ 23)։

« Ատենագրական Վաստակը   |   Բ »
© Gratun.org