Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

Բ

«Որովհետև Նրա աստղը տեսանք արևելքում» (Մատթ. Բ 2)։

Ինչպես այն մեծ աստղերը, որոնք գիսավորներ են կոչվում, իրենց երևումով նոր բաներ են խորհրդանշում, [այնպես էլ այս] աստղը, առավել փառահեղ երևաց Փրկչի ծնվելու ժամանակ, կամ էլ նույնիսկ մի հրեշտակ երևաց՝ աստղի նմանությամբ։


«Իսկ նրանք ասացին. «Հրեաստանի Բեթղեհեմ...» (Մատթ. Բ 5)։

Բեթղեհեմ [բառը] հացի տուն է թարգմանվում, ուր ծնվեց Կենդանի Հացը, որ երկնքից իջնելով` աշխարհին կենդանություն պարգևեց։


«Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, Հուդայի առաջնորդների և իշխանների մեջ ոչնչով ավելի փոքր չես, քանզի քեզնից մի իշխան պիտի ելնի, որ պիտի հովվի Իսրայելին» (Մատթ. Բ 6)։

Միքիա մարգարեն այսպես է ասում. «Եվդու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տուն, սակավամա՛րդ կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի Իշխան, և Նրա ծագումն աշխարհի սկզբի օրերից է» (Միք. Ե 2)։

Արդ, քննելի է` արդյոք ինչո՞ւ Ավետարանիչը նույնությամբ չգրեց [բառերը], ինչպես որ կային մարգարեի մոտ, այլ փոխեց։ Կարծիքներ կան, թե այս վկայությունը փոխանցվել է եբրայերեն տեքստից և ոչ թե` Յոթանասնից թարգմանության։


«Եվ բանալով իրենց գանձատուփերը՝ Նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթ. Բ 11)։

Ոսկի մատուցեցին՝ գիտենալով թե թագավոր է, կնդրուկ` քանզի Աստված է, զմուռս` որպես մահվան նշանակ, որը Նա ընդունելու էր մեր փրկության համար։


«Եվ երազի մեջ հրաման առնելով...» (Մատթ. Բ 12)։

Ումի՞ց են հրաման ստացել՝ գրված չէ։ Հայտնի է, որ Տերն Ինքն է հրամայել։ Հրաման են ստացել ետ չդառնալ Հրեաստանի ոչ խաղաղ ճանապարհով։


«Որպեսզի կատարվի Տիրոջ կողմից ասվածը, թե Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ որդուն» (Մատթ. Բ 15)։

Ըստ Յոթանասնից թարգմանության Ովսեի մարգարեությունում այսպես է գրված. «Քանի դեռ մանուկ էր Իսրայելը, ես սիրեցի Նրան և Եգիպտոսից կանչեցի Նրա որդիներին» (Ովսե. ԺԱ 1), իսկ Ակյուղասը[1] գրում է. «Ժամանակը լրանալով՝ ընկավ Իսրայելի թագավորը. սիրեցի Նրան և Եգիպտոսից կանչեցի Իմ որդուն»։ Քանի որ Մատթեոսը եբրայերենով գրեց այս ավետարանը, և նա, ով թարգմանել է, վկայությունն ըստ եբրայերենի է տվել։


«Մարդ ուղարկելով՝ կոտորեց Բեթղեհեմում գտնվող բոլոր մանուկներին» (Մատթ. Բ 16)։

Ովքեր կամովին մահանում են Քրիստոսի անվան համար, կատարյալ են, իսկ այս դեպքում Նրա համար և Նրա փոխարեն այն մանուկներն էին նահատակվում, ովքեր ունեին Քրիստոսի նույն հասակը և ծննդյան նույն վայրը։


«Ռամայում մի ձայն լսելի եղավ, ողբ, լաց ու սաստիկ կոծ. Ռաքելը լալիս էր իր զավակների վրա և չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային» (Մատթ. Բ 17-18)։

Եբրայերեն տեքստում այսպես է. «Բարձունքում[2] մի ձայն լսելի եղավ, լալիս են որդիների համար, քանի որ նրանք չկային» (Երեմ. ԼԱ 15)։ Լալիս և կոծում են նրա՛նք, ովքեր հարության խորհուրդը չեն գիտակցում, իսկ ովքեր սովորեցին Քրիստոսից, թե Իրենով պիտի հարություն առնեն, այնպիսիք չեն լալիս ու կոծում։


«Որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասվածը, թե՝ Նազովրեցի պիտի կոչվի» (Մատթ. Բ 23)։

Այստեղ «Նազովրեցի» բառը մեկնաբանվում է որպես սուրբ, և մարգարեներից շատերը այսպես ասացին Քրիստոսի վերաբերյալ։

« Ա   |   Գ »
© Gratun.org