Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

Գ

«Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է» (Մատթ. Գ 1)։

Հովսեփոս պատմիչը իր պատմության[1] տասնութերորդ գլխում վկայում է Հովհաննեսի մասին։ Եվ Հովհաննեսը, քարոզելով հրեաներին անապատում, ասում էր. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. Գ 2)։

Արդ, ինձ թվում է` այստեղ Հրեաստանն է անապատ անվանում կամ էլ ամբողջ երկիրը, որ շեղված էր աստվածպաշտությունից, ապա վրա է բերում.


«Երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. Գ 2)։

Մոտեցել էր Քրիստոսի գալուստը։ Առանց Հովհաննեսի և նրա պես մեկի չի կարող պատրաստ լինել Քրիստոսի ճանապարհը, իսկ անապատ ճանապարհով Աստծու խոսքը չի գնա դեպի հոգիները, և նրանք, ում շավիղները ուղիղ չեն, չեն կարող ընդունել ճշմարտին՝ Քրիստոսին։


«Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղղեցե՛ք նրա շավիղները» (Մատթ. Գ 3)։

Ձայնը Հովհաննեսինն է, կանչողը՝ Քրիստոս։ Երկիրը դեռևս շեղված էր աստվածպաշտությունից։ Քանի որ ինչպես ձայնի միջոցով խոսքն ու կանչն ենք ըմբռնում, նույնպես և Հովհաննեսի միջոցով ըմբռնում ենք Աստծու խոսքը և կյանքի կանչը։


«Անապատում կանչողի ձայնը» (Մատթ. Գ 3)։

Հոգիներո՛ւմ, որ անապատ են դարձել մարդկային զբաղմունքների ու խռովությունների և Աստծուց մեկուսանալու պատճառով, ինչպես սաղմոսերգուն է ասում. «Եղա, ինչպես մեկուսի ճնճղուկ տանիքում» (Սաղմ. ՃԱ 7)։ Հովհաննեսը ձայնով մեկ գոչում էր, թեև ոչ` երևելիների նման, ինչպես Քրիստոսի համար է ասվում. «Կանգնած աղաղակում էր», ինչպես նաև Մովսեսի համար էր ասում Աստված. «Ինչո՞ւ ես կանչում ինձ» (Ելք ԺԴ 15)։ Նաև Դավիթն է ասում. «Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի» (Սաղմ. ՀԶ 2)։


«Եվ ինքը՝ Հովհաննեսը, քարոզում էր, նա ուղտի մազից զգեստ ուներ և կաշվե գոտի՝ իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր» (Մատթ. Գ 4)։

Ուղտի մազ էր հագել՝ վերացնելու համար նրանց կուրությունը, ովքեր կուլ էին տալիս ուղտերին (տե՛ս Մատթ. ԻԳ 24) և մերկացել էին Գառից՝ Քրիստոսի զգեստից։ Եվ ինչպես Հակոբը Հովսեփի վրա ողբալու ժամանակ մազեղեն քուրձ էր կապել մեջքին (տե՛ս Ծննդ. ԼԷ 34), նույնպես և Հովհաննեսը՝ մորթիով, որ կապված էր մեջքին, ողբում էր Իսրայելի մեջքի պտուղը և նրանց հոգիների ամլության մեռելությունը, ինչպես Եղիան ողբում էր ժողովրդի վրա։

Իսկ «մորեխով կերակրվել» ասում է՝ ցույց տալով նրանց հոգու կերակուրը, թե վեմի վրա հաստատված չէին, այլ օդագնաց և շարժուն էին, ինչպես մորեխը։ Նաև ուտում էր վայրի մեղր, այլ ոչ ընտանի` խորհրդանշելով նրանց ամբարշտության վայրագությունը, որ թողած ընտանի բարեպաշտության քաղցրությունը՝ սնվում էին վայրաբնույթ ամբարշտության քաղցրությամբ, որը չէր գործադրվում մովսիսական և մարգարեական վարդապետության մեջ ընտանի անխայթ մեղուների կողմից, այլ արտաքին պիծառների, ինչը միառժամանակ քաղցր էր թվում քիմքին, իսկ քիչ հետո ավելի էր դառնանում, քան լեղին, որովհետև Հովհաննեսի գործը ողբալն էր ու ժողովրդին լաց ու կոծ անելու կոչելը։ Ինչպես ասում էին մանուկները. «Ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք» (Մատթ. ԺԱ 17)՝ ակնարկելով Հովհաննեսի գալուստն ու վարքը։


«Խոստովանելով իրենց մեղքերը» (Մատթ. Գ 6)։

Ովքեր խոստովանում են մկրտության ժամանակ, արձակվում են իրենց մեղքերից, որովհետև, արդարև, իրենք իրենց են մեղադրում, [ըստ խոսքի]. «Եվ դու նախ խոստովանի՛ր քո մեղքերը, որպեսզի արդարացվես» (Եսայի ԽԳ 28)։ «Մեղքերս քեզ ցույց կտամ, և իմ հանցանքները չեմ թաքցնի» (Սաղմ. ԼԱ 5, Եսայի ԽԳ 26)։


«Տեսնելով սադուկեցիներից և փարիսեցիներից շատերին, որգալիս էին նրա մոտ մկրտվելու, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից» (Մատթ. Գ 7)։

Այսպես ասաց աներևույթ թշնամուն և նրա սպասավորներին, քանզի նրանք իժերի որդիներ և ծնունդներ են, ովքեր ընթանում են նրա վարդապետության հետ և վարժվում։ Արդ, Հովհաննեսը տեսնելով, որ իրեն մոտենում են թյուր և կամակոր մտքերով՝ չխոստովանելով իրենց մեղքերը, նրանց իժերի ծնունդներ և որդիներ անվանեց։ «Որտեղի՞ց իմացաք, -ասում է, -թե բարկություն է գալու և հարկ է փախչել բարկությունից, ինչո՞ւ եք մեղքերի խոստովանություն ցուցադրում, որը, սակայն դուք չեք խոստովանում»։


«Արդ ապաշխարությանը արժանի պտուղ տվեք» (Մատթ. Գ 8)։

Եվ մի տվեք միայն տերև, ինչպես թզենին, որն անիծում է Քրիստոս (տե՛ս Մատթ. ԻԱ 18-20), ինչը ցույց էր տալիս, թե պտղի փոխարեն է միայն տերև էր բերում։


«Եվ մի՛ հավակնեք ասել դուք ձեզ, թե Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել» (Մատթ. Գ 9)։

Այսպես ասաց նրանց, ովքեր ըստ մարմնի պարծենում էին Աբրահամով։ Սրանով մարգարեանում է նրանց կարծրանալն ու հեռանալը և հեթանոսների կանչվելն ու քարեղեն սրտի փոխարեն հոգեղեն մարմին[2] ստանալը, ովքեր անզգամների նման քարերին և փայտերին էին ծառայում։


«Արդ, ահավասիկ կացինը ծառերի արմատին է դրված» (Մատթ. Գ 10)։

Եվ ո՞վ է կացնավորը, որ կտրում է անհավատությունը. սա Քրիստոսի խոսքի մասին է, որ ազդու և հատող է, քան ամենայն երկսայրի սուր, որով կտրվեցին իմանալի ծառի ոստերը, որոնք հնազանդվեցին Նրա վարդապետությանը, որպեսզի պատվաստվեն գեղեցիկ ձիթենու վրա (տե՛ս Ովսե. ԺԴ 7)։


«Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար» (Մատթ. Գ 11)։

Իմ մկրտությունը մարմնավոր է, նման է սրբողի հոգուն։ Իսկ որ ասաց՝ ապաշխարության համար, հայտարարեց, թե օգուտ է տալիս նրանց, ովքեր բարի կամքով և ուղիղ մտքով են մոտենում [մկրտությանը], և դատապարտում է նրանց, ովքեր դժկամությամբ են մկրտվում։


«Ինձանից հետո գալիս է ավելի հզորը, քան ես, որի կոշիկները արժանի չեմ ոտքերից հանելու» (Մատթ Գ 11)։

Ինձանից հետո գալու է Նա, որի երկու կոշիկների, այսինքն՝ մարմնանալու և դժոխք իջնելու [իմաստը] արժանի չեմ մեկնելու, կամ մտքով իմանալու Հին ու Նոր Կտակարանների իմաստն ու զորությունը։


«Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. Գ 11)։

Որպեսզի ոչ միայն մեղքերի թողություն շնորհվի, այլև մեղքերի լիակատար ջնջում և ոչնչացում։ Թողությունը Սուրբ Հոգով է լինում, [իսկ մեղքերի լիակատար] ոչնչացումը՝ իմանալի հրով։


«Որի քամհարը իր ձեռքում է, և կմաքրի իր կալը» (Մատթ. Գ 12)։

Քամհարը Քրիստոսի զորությունն է, ցորենի և հարդի ընտրողն ու զատորոշողը, ասել է թե՝ արդարների և մեղավորների։ Կալը երկիրն է, ինչպես և գրված է «Դատավորներ» գրքում, Գեդեոնի բուրդը կալի մեջ դնելու պատումում, ուր կալը նախապես չոր էր, այսինքն՝ ուներ աստվածպաշտության պակաս, բացի գեղմից՝ Իսրայելի ժողովրդից։ Իսկ հաջորդ օրը` հակառակն է նշանակում. չորությունը՝ բրդի վրա, և խոնավությունը՝ ամբողջ կալի (տե՛ս Դատ. Զ 36-40)։

Արդ, քամհարով՝ իր ազդու խոսքով, վարդապետության կամակատարներին՝ հավատացյալներին, [պիտի առանձնացնի] իր կալում, իսկ անհավատ ապստամբներին պիտի այրի անշեջ հրով։


«Իսկ Հովհաննեսը ընդդիմացավ նրան և ասաց. «Ի՛նձ պետք է քեզնից մկրտվել, և Դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մատթ. Գ 14)։

Հովհաննեսը կարծում էր, որ ինքը պետք է մկրտվի Աստծու Գառից, Ով վերցնում է աշխարհի մեղքը (Հովհ. Ա 29)։


«Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թո՛ւյլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է մեզ կատարել Աստծու բովանդակ արդարությունը» (Մատթ. Գ 15)։

Քանզի ոչ թե արդարության կարիք ունեմ, որ ապաշխարությունից է, և դրա համար եմ մկրտվում, որպեսզի մեղքերի թողություն լինի, այլ այսպես հարկ է Ինձ ու քեզ կատարել ամբողջ արդարությունը։ Քանի որ Ես, որ անմեղ եմ, կարծում եմ` կարիք ունեմ մկրտության, ապա որքան ևս առավել՝ մեղավորները, ովքեր մկրտության ժամանակ խոստովանելով [իրենց] մեղքերը՝ թողություն պիտի գտնեն։

« Բ   |   Դ »
© Gratun.org