Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

Է

«Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք» (Մատթ. ԺԱ 2-3)։

Հովհաննեսը, ով տեսավ Սուրբ Հոգին աղավնակերպ իջած Քրիստոսի վրա և լսեց երկնքից եկած ձայնը, թե. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. Գ 17), և Հիսուսին տեսնելիս ասաց. «Ահա՛ Գառն Աստծու, Ով Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29), ինչպե՞ս է այժմ կասկածելով, թե արդյոք նա է Քրիստոս, առաքում Իր աշակերտներին Նրան հարցնելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։

Այս մասին ասենք համառոտ։ Ոչ թե ինքը թերահավատ լինելու պատճառով առաքեց աշակերտներին Հիսուսի մոտ՝ Նրան հարցնելու, այլ` իր աշակերտների թերահավատության, որպեսզի նրանք հավատան Նրա իսկ՝ Քրիստոսի բերանով, թե Նա է, որ գալու է և պետք չէ ուրիշին սպասել։ Ուստի և Քրիստոս Իր Աստվածությունը հրաշքներով ցույց տալուց հետո ասաց. «Երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղվում» (Մատթ. ԺԱ 6)։ Եվ արձակելով Հովհաննեսի աշակերտներին՝ ժողովրդին այսպես ասաց Հովհաննեսի մասին։


«Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժվող եղե՞գ։ Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մա՞րդ» (Մատթ. ԺԱ 7-8)։

Այս ամենը ի պատասխան հարցումների ասվեց, քանի որ Հովհաննեսը նախապես ասել էր. «Ահա՛ Գառն Աստծու, որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» իսկ հետո, առաքեց աշակերտներին՝ հարցնելու Նրան, թե Նա՞ է Քրիստոս։ Դրանից ժողովուրդը ենթադրեց, թե Հովհաննեսը սասանվել է և թերահավատ դարձել։ Այդ իսկ պատճառով Հիսուս ասաց` մի՛ կարծեք, թե ինչպես եղեգը շարժվում է տեսանելի հողմից (հմմտ. Մատթ. ԺԱ 7), այնպես էլ Հովհաննեսը աներևույթ հողմից շարժվեց ու գայթակղվեց Իմ պատճառով և դրա համար աշակերտներին առաքեց հարցնելու, այլ՝ Իր աշակերտների գայթակղության պատճառով, որպեսզի լսելով. «Երանի է նրան, ով իմ պատճառով չի գայթակղվում»` մի կողմ թողնեն գայթակղությունը։ Այլ ի՞նչ ելաք տեսնելու հանձին Հովհաննեսի. մի՞թե փափուկ զգեստներով զարդարված մարդու։ Փույթ չէ Հովհաննեսի համար մարմնի փափկությունը, որովհետև ազատված է աշխարհի բոլոր զբաղմունքներից։

Մարգարե՞ կարծեցիք նրան, այո՛, ասում եմ ձեզ առավել, քան մարգարե (տե՛ս Մատթ. ԺԱ 9), քանի որ ոչ միայն մարգարեացավ Իմ մասին, այլև արժանի դարձավ Ինձ մկրտել, որի համար էլ մարգարեն նրան հրեշտակ է անվանում. «Ահա առաքում եմ իմ հրեշտակին Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի» (Մաղաք. Բ 2)։


«Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը մեծ է, քան նա» (Մատթ. ԺԱ 11)։

Կանանցից ծնվածները նրանք են, որոնք տղամարդու սերմից են ծնվել։ Արդ, տղամարդու սերմից են ծնված մեծ մարգարեներից` Մովսեսը, Եղիան, Եղիսեն, և առաքյալներից՝ Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, սակայն այսպիսիններից և ոչ ոք մեծ չէ, քան Հովհաննես Մկրտիչը, թեկուզև մեկը նրանց հավասար համարի, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը մեծ է, քան նա։

Ես, -ասում է, -կույսից ծնվածս, կրտսերագույն և փոքրագույն կարծվածս` քան Հովհաննեսը, նրանից մեծ եմ։

Կամ էլ` ինչպես ոմանք մեկնեցին, նկատի ունի երկնավորների բազում դասերը, որոնք երկնքի արքայության մեջ են՝ քերովբեները, սերովբեները, աթոռները, տերությունները, զորությունները, իշխանությունները, պետությունները, հրեշտակապետերը և հրեշտակները։ Այս երկնավորներից մեկը, որ փոքր է թվում, մեծ է, քան Հովհաննեսը, քանզի եթե Հիսուս չարչարանքների և մահվան պատճառով փոքր համարվեց, քան հրեշտակները, ապա որչա՜փ ևս առավել Հովհաննեսը։

Ես կարծում եմ, եթե մեկը Աստվածածնին փոքր համարի Հովհաննեսից, ո՛չ թե ժամանակը նկատի ունենալով, այլ քանի որ արուն պատվականագույն է, քան էգը, շատ չի նվազեցնի նրա մեծությունը, քանզի ինձ թվում է, որ Աստվածածինը մեծ է, քան Հովհաննեսը։


«Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև այժմ Աստծու արքայությունը բռնադատվում է. և հզորներն են հափշտակում այն» (Մատթ. ԺԱ 12)։

Հովհաննեսի օրերը և Քրիստոսի օրերը ժամանակով չէին չափվում, ինչպես Աքազ թագավորի, Սողոմոնի և ուրիշ թագավորների ու մարդկանց օրերը, այլ` [իշխող] անձանց հերթակայությամբ։ «Նրա օրոք, -ասում է, -արդարություն և մեծ խաղաղություն թող տիրի, մինչև լուսնի վախճանը» (Սաղմ. ՂԱ 7)։ Արդ, ով նախապես խրատված է Քրիստոսի և Հովհաննեսի խոսքերից և գնում է անհարթ ու քարքարոտ ճանապարհով, այնպիսին բռնությամբ է հափշտակում Աստծու Արքայությունը։ Եվ այն պատճառով է «բռնությամբ հափշտակել» ասում, որովհետև բռնադատում է իր մարմինը՝ մի կողմ թողնելով մարմնական ցանկությունները։


«Օրենքը և մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննես։ Եվ եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է։ Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթ. ԺԱ 13-15)։

Ինչպես Մովսեսը և մարգարեները Քրիստոսի վերաբերյալ մարգարեացան և Նրան էին սպասում, նույնպես և՝ Հովհաննեսը։ Եվ Քրիստոս գալով ժառանգեց հայրենի ժառանգությունը, ըստ [մարգա-րեների խոսքի]. «Ազգերին քեզ կտամ ծառայության և երկրի բոլոր ծագերը՝ քեզ ժառանգություն» (հմմտ. Սաղմ. Բ 8)։ Իրապես կատարվեց ամեն մարգարեություն, որ Քրիստոսի գալստյան և գործերի մասին էր։

Իսկ որ ասաց, թե նա է Եղիան, որ գալու է, ոչ թե [այն իմաստով, որ] Հովհաննեսը Եղիա Թեղբացու հոգին ուներ, քանզի եկեղեցին չի ընդունում հոգիների փոխադրումը[1] օտար մարմինների մեջ, այլ միայն այն, թե Սուրբ Հոգին, որ Եղիայի վրա էր, նմանողությամբ [հանգչել էր նաև] Հովհաննեսի վրա։ Եվ ինչպես Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ նախապես Եղիան է գալու, նույնպես և Հովհաննեսը նախապես գալով [առաջին գալստյան ժամանակ] ճանապարհ պատրաստեց քարոզության ձայնով։ Դրա համար էլ կոչվեց Եղիա։

Տե՛ս, միգուցե խոսքը Մովսեսն է, և Մովսեսին էլ ձայնակից է Եղիան, կամ այլ մեկը մարգարեներից միչև Հովհաննեսը, որ ցույց տվեց կատարյալ խոսքը, որ մեզ մոտ է, և մեր հոժարությամբ է ընդունելը կամ չընդունելը, որի համար և ասաց` եթե կամենաք ընդունել, նա՛ է Եղիան։ Այլև, Մովսեսն ու Եղիան այն լեռան վրա վեհագույն ու փառավորագույն երևացին Քրիստոսի հետ, ուստի և ավելացրեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։


«Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում» (Մատթ. ԺԱ 16)։

Մանուկները երևացին՝ հիմարությամբ նմանվելով տղայամիտների, և իբրև մանուկներ՝ նախատում են իրենց նմաններին, ովքեր ոչ սգակից են լինում և ոչ էլ խնդակից։ Նույնպես և այն սերունդը տրտմակից չեղավ Հովհաննեսին, որ տրտմության մեջ էր նրանց հանցանքների պատճառով և իր մեջ կրում էր նրանց մեռելությունը, և ոչ էլ Քրիստոսի հետ խնդակից, Ով եկավ և վերացրեց ամբողջ աշխարհի մեղքերը։


Այն ժամանակ նա սկսեց պարսավել այն քաղաքները, որոնց մեջ եղան Նրա բազում զորավոր գործերը, բայց նրանք չապաշխարեցին։ «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետև, եթե Տյուրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին» (Մատթ. ԺԱ 20-21) և այլն։

Ինչպես ասվեց, նախատում էր այն քաղաքները, որոնցում բազում հրաշքներ և զորություններ գործեց։ Եվ նախատական խոսքերով հիշեցնում էր հատկապես անշնորհքության և երախտամոռության հանցանքները։

Քորազին այստեղ թարգմանվում է իմ խորհուրդը` ըստ եբրայական անունների թարգմանության։ Իսկ Բեթսայիդա, որ Պետրոսյանց և Հովհաննիսյանց գավառն է, թարգմանվում է որսողների տուն, Կափառնայումը՝ մխիթարության վայր, Տյուրոսը, որը Ծուրն է, եբրայերենից թարգմանվում է պնդություն։ Սիդոնը, որը Ծայդանն է, թարգմանվում է որսողներ, Սոդոմը՝ կուրություն կամ ամլություն։ Ահա, ուրեմն, սրանք, ինչպես կարծում եմ, ժամանակին մխիթարված, հորդորված և հափշտակված են եղել աստվածային խոսքերի վարդապետությամբ, որից հետո մեղք են գործել հեթանոս վարդապետների ազդեցությամբ[2]։

Իսկ այն, որ ասաց, թե դատաստանի օրը Սոդոմից և Գոմորից ավելի սոսկալի է լինելու, դրանով մեզ ուզեց ցույց տալ, թե կա տանջանքների զանազանություն և զատորոշում։


«Այն ժամանակ Հիսուս պատասխան տվեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին» (Մատթ ԺԱ 25)։

Նախ` նախատեց Կափառնայումը և այն քաղաքները, որոնցում ավելորդ եղան Քրիստոսի հրաշքներն ու զորությունները, այնուհետև` Հորը գոհություն հայտնելով` ասաց. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր»։ Եվ ոմանց այս շարադրանքը անհարմար է թվում, թե արդյոք ինչո՞ւ հիշված քաղաքների մասին նախատինքներով խոսելուց հետո՝ ավելացրեց. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Տե՛ր» և այլն։

Բայց ոմանց է միայն այդպես թվում։ Իսկ ինձ թվում է` Տիրոջ գոհությունը Հորը նրա համար է, որ գաղտնի մնաց աշխարհի իմաստուններից, թե արդյոք ինչո՞ւ հրաշքները եղան այս նշված քաղաքներում և ո՛չ այն մյուսներում, և հայտնվեց մանուկներին, որոնց երանելի Պողոսը Աստծու հիմարներ է անվանում. «Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը» (Ա Կորնթ. Ա 25)։


«Ամենայն, ինչ տրվեց ինձ՝ իմ Հորից, և ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ՝ Հայրը. և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ՝ Որդին» (Մատթ. ԺԱ 27)։

Որդուն տրվեց ամեն ինչ, քանզի Որդին մատնվեց և տրվեց ամենքի համար։ Տրվեց Նրան ամեն ինչ, որպեսզի՝ իբրև Աստծու իմաստություն, խափանի օտար իմաստնությունները և որպես Աստծու զորություն՝ հալածի անօրենությունը, նաև` իբրև ճշմարտություն՝ կորստյան մատնի ստությունը։


«Ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթե ոչ՝ Հայրը. և ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ՝ Որդին, և նա, ում Որդին ուզենա հայտնել»։ Այս ասաց ոչ թե նրա համար, որ չհավատան Հորը, այլ` Որդուն, և դարձյալ` ոչ ոք չհավատա և չգիտենա Որդուն, այլ` միայն Հորը, այլ այն պատճառով, որ Աստծու բնության Էությունը ոչ ոք չի կարող գիտենալ, քանզի եթե հայելու օրինակով և առակով փոքր ի շատե գիտենք և փոքր ի շատե մարգարեանում ենք, -ինչպես ասում է առաքյալը (տե՛ս Ա Կորնթ. ԺԳ 9), -ապա ուրեմն ճշմարտությամբ ոչ ոք չգիտե Աստծուն և ոչ էլ Որդուն, եթե, իհարկե, Հայրը չկամենա հայտնել մեկին Որդու գիտությունը, ինչպես ասվեց Պետրոսի մասին, թե. «Մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ. ԺԶ 17)։


«Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ» (Մատթ. ԺԱ 28)։

«Բեռներ» է անվանում ոչ միայն մարմնի ախտերն ու չարչարանքը, այլև` հոգու հանցանքներն ու անիրավությունները։ Հավատացեք ինձ, -ասում է, -և ճանաչեք Հորս՝ Իմ հայտնությամբ։ Եվ ես ձեզ կհանգստացնեմ, և կազատեմ բոլոր ախտերից ու չարչարանքներից։


«Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. ԺԱ 30)։

Ով անօրենության լուծը գցի ու մտնի Քրիստոսի ծառայության լծի տակ, նրան թեև որոշ ժամանակ բեռը ծանր կթվա, և լուծը՝ խստագույն, սակայն այն բարիքների հույսը. «որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ» (Ա Կորնթ. Բ 9), և այդ պատրաստված բարիքներից օգտվելու ակնկալությունը այս լծի ու բեռների ծանրությունն ու խստությունը ավելի քաղցր կդարձնի` քան ամենաքաղցրները, և ավելի թեթև՝ քան ամենաթեթևները։ Ինչպես օրինակ` երբ մեկը գոտեմարտի մտնի հաստատապես հաղթության պսակի ակնկալությամբ, այսպիսի մեկի համար հակառակորդի զորությունը անզորություն և տկարություն կհամարվի։


«Կամ՝ ինչպե՞ս կարող է մեկը մտնել հզոր մի մարդու տուն և հափշտակել նրա գույքերը, եթե նախ չկապի հզորին» (Մատթ. ԺԲ 29)։

«Հզոր» է անվանում Աստծու հակառակորդներին, որոնց բեղզեբուղ և դևերի իշխան էին կոչում, և նրա զենքը և «տունը» նրա պաշտոնյաներն են, որոնց մեջ բնակվում են, ինչպես Քրիստոսի տուն և տաճար են կոչվում նրանք, որոնցում բնակվում է Քրիստոս, «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով» (Բ Կորնթ. Զ 16)։ Նաև երանելի Պողոսն է ասում. «Նրա տունը մենք իսկ ենք» (Եբր. Գ 6)։ Եթե, -ասում է, - նախ չկապեի Բեղզեբուղին, չէի կարող նրա գույքը և տունը հափշտակել և ավար առնել։


«Ով ինձ հետ չէ՝ իմ դեմ է, և ով ինձ հետ չի հավաքում՝ ցրում է» (Մատթ. ԺԲ 30)։

Ով հավաքում է խոսքով, ճշմարտությամբ, զորությամբ և լույսով, ինչպես Քրիստոս, այնպիսին չի կորցնում։ Իսկ ով առանց խոսքի, լույսի և իմաստության է հավաքում, այնպիսին, իրոք, ցրում է։


«Ամեն մեղք և հայհոյանք կներվի մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի։ Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. ԺԲ 31-32)։

Քանի որ Աստծու Հոգով եմ հանում դևերին և ոչ թե դևերի իշխանով միջոցով, իսկ նրանք Սուրբ Հոգին հայհոյեցին և բեղզեբուղ կոչեցին, ապա նրանց չպիտի ներվի այդ հայհոյությունը։ Եվ եթե Ինձ որպես մարդու Որդու ինչ-որ բան ասեն, կներվեն` եթե ապաշխարեն, ինչպես շատերը։ Իսկ ով Աստծու Հոգին դևերի իշխան կոչի, նրան ներում չի լինի ո՛չ այս աշխարհում, ինչպես ասում է, և ո՛չ էլ հանդերձյալում։


«Կա՛մ ծառը բարի արեք, և նրա պտուղն էլ բարի կլինի, կա՛մ ծառը չար արեք և նրա պտուղն էլ չար կլինի» (Մատթ. ԺԲ 33)։

Բարի ծառ անվանում է Աստծու Հոգին և բարի պտուղ՝ Նրա վարդապետությունը. չար ծառ է անվանում սատանային և չար պտուղ՝ սատանայի վարդապետությունը։ Ով առաքինի վարքով է ապրում, գործում և ճշմարտությամբ վարդապետում, այնպիսին Սուրբ Հոգուց սերմանված բարի ծառ է անվանվում, նմանապես և՝ նրա պտուղը։ Իսկ ով հակառակն է սովորել և մարդկանց ստությամբ է ուսուցանում, այնպիսին չար ծառ է անվանվում և դառը պտուղ։

Այսպես ասելով՝ նկատի ունի հետևյալը` կա՛մ Սուրբ Հոգունը եղեք և պտղաբերեցեք բարի պտղով, և կա՛մ հակառակորդինը։ Եվ կեղծավորությամբ մի՛ ուսուցանեք, որովհետև մեղավորին և կեղծավորին Աստված ասում է. «Դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը և իմ ուխտը առնում քո բերանդը» (Սաղմ. ԽԹ 16)։


«Այն ժամանակ օրենսգետներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել [երկնքից]»։ Նա պատասխանեց և ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում» (Մատթ. ԺԲ 38-39) և այլն։

Քանի որ չէին կամենում ուսանել, այլ՝ նենգությամբ փորձել, դրա համար փարիսեցիներին անվանեց «չար և շնացող ազգ»։ Չար ազգ անվանեց, քանի որ չար վիշապի խորհրդով մոլորվեցին, և «շնացող»` քանզի թողնելով իրենց ամուսնուն՝ ճշմարտության Խոսքը, այսինքն՝ Քրիստոսին, օրինազանց եղան։

Աստվածային գրքերում «նշան» ասելով հասկանում ենք այն, ինչը պետք է ապագայում լինի, ինչպես և պատմվում է Հին Կտակարանում Հովնանի երեք օր ձկան փորում մնալը, որը խորհրդանշում է Քրիստոսի երեք օր երկրի սրտում մնալը։

Նշան կա նաև Նոր Կտակարանում, որ ակնարկում է ապագայում կատարվելիքները, ինչպես ասում է երանելի Պողոսը. «Մենք ենք իսկական թլպատությունը» (Փիլիպ. Գ 3), որ հարության և աստվածպաշտության խորհրդանիշն է, ինչպես Աբրահամի և նրա որդիների թլպատությունը։


«Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան և պիտի դատապարտեն նրան» (Մատթ. ԺԲ 41) և այլ։

Աստվածաշունչը բազում օրինակներով ցույց է տալիս մեռյալների հարությունը, հատկապես` տերունական ձայնի միջոցով։ Եվ նրանք իրոք կդատապարտվեն, որովհետև նինվեացիք լսելով Աստծու ծառայի՝ Հովնանի ձայնը, ապաշխարեցին, Իսկ այս ազգը լսելով Աստծու Որդու ձայնը` չապաշխարեց։ Նույնը պետք է իմանալ նաև հարավի թագուհու գալու և Սողոմոնի իմաստությունը լսելու վերաբերյալ (Մատթ. ԺԲ 42)։


«Սակայն երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ գտնելու, երբ չի գտնում, այն ժամանակ ասում է. «Դառնամ իմ տունը, որտեղից ելա»։ Եվ գալով այն գտնում է դատարկ, մաքրված ու կարգի բերված» (Մատթ. ԺԲ 43-44)։

«Անջրդի վայրերը» մարդկանց հոգիներն են, որոնցում սատանան հանգիստ չի գտնում, իսկ «մաքրված ու կարգի բերված տունը»՝ մեղավոր հոգիները, որոնցում հանգստանում և բնակվում են սատանան և նրա պաշտոնյաները։ Այս տեսակը նմանեցնում է այն փարիսեցուն, ով իր հոգին զարդարում է իբրև տաճար և բնակավայր դևերի համար։


«Մինչդեռ խոսում էր ամբոխի հետ, ահա Նրա մայրն ու եղբայրները կանգնած էին դրսում և ուզում էին խոսել Նրա հետ» (Մատթ. ԺԲ 46)։

Քրիստոսի մայրը հայտնապես կույս Մարիամն է, և Նրա ոչ հարազատ եղբայրները՝ Հովսեփի որդիները, քանի որ Նա ճշմարտապես Հովսեփի որդին չէ, թեև ոմանց, ովքեր չգիտակցեցին Կույսից ծնվելու խորհուրդը` այդպես թվաց։

« Ե   |   Ը »
© Gratun.org