Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

Ը

«Այդ օրը Հիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին։ Եվ նրա մոտ շատ ժողովուրդ հավաքվեց» (Մատթ. ԺԳ 1-2)։

Բազում մարդասիրության պատճառով դուրս էր գալիս տնից ոչ միայն տեսանելի կերպով, այլև ինչպես ինձ է թվում` անտեսանելի։ Եվ անտեսելով Իր բնության հոգևոր և երկնային լինելը՝ նստում էր ծովեզերքին՝ այս ծովանման ալեծուփ կյանքում, որպեսզի հանդարտեցնի և խաղաղեցնի ծովը՝ մարդկային ալեկոծ կյանքը։ Նույն այդ մարդասիրության պատճառով նաև նավ էր մտում, այսինքն՝ մեր մարդկային մահկանացու և ապականացու մարմինների մեջ, որպեսզի ազատի մահվանից ու ապականությունից և դարձնի անմահ և անապական։


«Եվ նրանց հետ առակներով էր խոսում» (Մատթ. ԺԳ 3)։

Նրանց հետ, ովքեր կանգնած էին ծովեզերքին, առակներով էր խոսում, որովհետև դեռևս անկարող էին հայտնապես լսել Քրիստոսի խոսքը, իսկ աշակերտներին դիմում էր իբրև ընկալողների։


«Ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ» (Մատթ. ԺԳ 12)։

Գտանք Որոգինեսի[1]՝ Մատթեոսի ավետարանի մեկնության տասներկուերորդ գլխում, թե` ամենայն տունկ, որ տնկեց Աստծու Միածին Որդու Հայրը, այդ տնկիում Միածնի վարդապետությունը պիտի աճի։ Եվ ոչ ոք թող չկարծի, թե Պողոսի տնկածը և Ապողոսի աճեցրածը՝ Աստծու տնկիներից դուրս են (տե՛ս Ա Կորնթ. Գ 6), քանզի ամեն տունկ, որ Աստծու կամքով է տնկված, Աստծու տունկ է կոչվում, և աճում է այդպիսի տունկը։ Ով ունի այդպիսի տունկ, նրանը կավելացվի։ Բայց այն, ինչը չտնկեց երկնավոր Հայրը մարդկանց հոգիներում, այլ` հակառակորդը, և այն, ինչ էլ որ ունի` նրանից պիտի վերցվի։

Այդ այսպես մեկնեց Որոգինեսը, և ես չեմ ընդդիմանում, բայց ըստ այժմեական մեկնության, կարծում եմ, թե ով ունի բարի սերմը՝ բարի հոգին, որ բարի հող անվանվեց, նրան պիտի տրվի և ավելացվի։ Իսկ որն ընկավ ճանապարհի եզրին և ժայռերի վրա, այդ նա է, ով ընդունեց Քրիստոսի վարդապետությունը, բայց չարը գալով՝ վերցրեց այն, որովհետև հաստատված չէր սրտի մեջ. նրանից վերցվեց [նաև] այն ամենը, ինչ ուներ։


«Երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ականջներին, որ լսում են։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ ցանկացան տեսնել, ինչ տեսնում եք, բայց չտեսան, և լսել, ինչ լսում եք, բայց չլսեցին» (Մատթ. ԺԳ 16-17)։

Կարծում եմ ամենքին հայտնի է, որ «աչքեր» և «ականջներ» ասելով՝ նկատի չունի տեսանելիները, քանի որ տեսանելի աչքերով Քրիստոսին տեսան նաև փարիսեցիները և հրեաների ամբոխը։ Նրանք նաև Քրիստոսի զգալի ու նյութական ձայնը լսեցին ամբողջ մերձակայքում։ Ապա ուրեմն երանի է տալիս առաքյալների աչքերին ու ականջներին, որ այնպես տեսան Քրիստոսին, ինչպես հարկ էր Աստծու Որդուն տեսնել, և այնպես լսեցին Նրան, ինչպես հարկ ու պատշաճ էր Աստծու Որդուն լսել։ Ոմանք կարծեցին, թե հարության և դատաստանի մասին խոսեց նրանց հետ, և դրա համար երանելի դարձան։ Բայց ինձ թվում է՝ առաջինն ավելի պատշաճ է։

Ասում է` «շատ մարգարեներ և արդարներ», բայց՝ ոչ ամենքը, քանի որ մարգարեներից և արդարներից ոմանք, հոգևոր աչքերով տեսան Քրիստոսի գալստյան օրը։ Ինչպես Ինքն իսկ՝ Քրիստոս ասաց. «Աբրահամը տեսավ թե՛ մարդանալը և թե՛ դժոխք իջնելը և թե՛ կամակոր վիշապից կապվածներին արձակելը և ուրախ եղավ այս տեսնելու համար» (հմմտ. Եբր. ԺԱ 13, Հովհ. Ը 56)։


«Լսեցե՛ք դուք սերմնացանի առակը» (Մատթ. ԺԳ 18)։

Իսկ այս առակը հենց Ինքն էլ մեկնում է, որի պատճառով պետք չէ երկարաբանել։


«Նա ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց՝ ասելով. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց։ Իսկ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ սերմանելով՝ գնաց» (Մատթ. ԺԳ 24-25)։

Ամենայն բարու և մարդկային արդարության «սերմանողը» Աստված է։ «Անդաստանը» աշխարհն է, իսկ «քնած մարդիկ» նրանք, ովքեր ծուլանում են և անտեսում Աստծու հրամանը։ «Թշնամին» Աստծու հակառակորդն է՝ բանսարկուն։ «Ցորենը» արդարության պտուղն է, «որոմը»՝ անիրավությունը։ Իսկ որոմը թողնելը և քաղհան չանելը մինչև հունձքը, ինձ թվում է, երկու բան է նշանակում. կա՛մ` որոմը քաղհան անելու ժամանակ հնձող հրեշտակների և այլ զորությունների` ցորենն էլ հետը արմատախիլ անելն է` անգիտության պատճառով. իսկ որ անգիտանում են, հայտնի է Եզեկիել մարգարեի խոսքից. «Որոնց վրա, -ասում է, -նշան կա, չմոտենա՛ք» (Եզեկիել. Թ 6) և Ելից գրքից, երբ եբրայեցիներին հրաման է տրվում` դռան սեմին արյունով նշան անել, որպեսզի սատակիչը այնտեղ չմտնի (տե՛ս Ելք. ԺԲ 23)։ Կա՛մ` նրա համար ասվեց, թե` թող մնա մինչև հունձքը կամ էլ մինչև որոմի վախճանը, որ եթե չփոխվի և չդառնա ցորեն, ապա այս աշխարհի վախճանին որոմը կայրի անշեջ հրով, և ցորենը կհավաքի Իր շտեմարաններում (հմմտ. Մատթ. ԺԳ 40)։


«Նրանց այլ առակ էլ ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ փոքրագույն է, քան բոլոր սերմերը» (Մատթ. ԺԳ 31) և այլն։

Մանանեխի հատիկը նմանեցնում է, -ինչպես ինձ է թվում, Իր քաղցր և թեթև վարդապետության ոչ բեռ լինելուն, թեև որոշ ժամանակ խստագույն և ծանրագույն է թվում, բայց երբ հասունանում և պտուղ է տալիս, ավելի մեծ ծառ է դառնում, քան ամեն տեսակ բանջար, որ օգտագործում է մարդ հիվանդ ժամանակ, ինչպես և ասում է. «Ով տկար է, բանջարեղեն է ուտում» (Հռոմ. ԺԴ 2)՝ պինդ կերակուրը չմարսելու պատճառով. ապա թռչունները գալիս հանգչում են այդպիսի ծառի վրա։

Եվ կամ «մանանեխի հատիկ» Իրեն է անվանում, քանի որ փոքրացավ և աղքատացավ՝ առնելով ծառայի կերպարանք, իսկ երբ փառավորվեց և բարձրացավ, բոլորին դեպի Իրեն ձգեց, ժառանգեց ազգերին և իշխեց երկրի բոլոր ծագերին։ Մեծ Ծառ եղավ, որի վրա երկնքի բոլոր թռչունները հանգստացան, այսինքն՝ մարգարեների, առաքյալների և բոլոր արդարների հոգիները։

Կամ էլ սա Քրիստոսի խոսքն է Աստծու արքայության մասին, որ նախապես փոքր և անարգ էր երևում, բայց արագ աճեց, քան ամեն խոսք, որ սերմանված է մարդկանց մեջ, հույժ մեծացավ և այնքան զորացավ, որ աստվածային և երկնավոր զորությունները հանգստացան էին ճյուղերի վրա։ Նրա «ոստերը» պետք է կարծել նրանք են, ովքեր աճեցին Նրա խոսքով, այսինքն` առաքյալներն ու առաքյալներին նմանվողները։


«Այլ առակ խոսեց նրանց հետ. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց» (Մատթ. ԺԳ 33)։

«Թթխմորը» Քրիստոսի վարդապետությունն է, «կինը»՝ մարդու հոգին։ «Երեք չափ ալյուրը» հոգու երեք մասերն են՝ բանական, սրտմտական և ցանկական, և կամ ժամանակի երեք մասերը՝ անցյալը, ներկան և ապագան։ Ով այս երեք ժամանակներում իր մեջ կպահի

Քրիստոսի վարդապետությունը, այնպիսին իրեն ամբողջովին լուսավոր կդարձնի։


«Այն ժամանակ թողելով ամբոխին՝ տուն եկավ» (Մատթ. ԺԳ 36)։

Հիսուսի տունը բազմացած գիտությունն է, որը Նրա մասին ասված է ավետարաններում, թե ինչ խոսեց և ինչ գործեց։


«Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը՝ արքայության որդիները» (Մատթ. ԺԳ 37-38)։

Ովքեր ընդունեցին բարի սերմը՝ Քրիստոսի վարդապետությունը, եղան բարի սերմեր՝ Աստծու արքայության որդիներ։ Իսկ ովքեր ընդունեցին չար վարդապետությունը և մի կողմ թողեցին Քրիստոսի սերմը, սրանք եղան չարի որդիներ, գեհենի կրակի արժանի որոմ։

Արքայությունը Քրիստոսի Եկեղեցին է և Աստվածային խոսքը, ուստի գայթակղությունները, այսինքն՝ այլևայլ աղանդները, որ անօրենություն են գործում, կհավաքվեն և կգցվեն բոցավառ հնոցի մեջ։


«Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» (Մատթ. ԺԳ 42)։

Հոգին իր կերակրի՝ բարի գործերի ու ճշմարիտ գիտության մանրողն ու ծամողն է։ Ասվում է, որ սա հանդիմանության ժամանակ ճանաչվելով որպես բարի գործերի և ճշմարիտ գիտության արհամարհող, նույն ճշմարիտ գիտությունից հանդիմանվելով՝ կրճտացնելու է իր ատամները և ինքն իրեն ամբաստանելով՝ տանջվի։


«Այն ժամանակ արդարները Աստծու առաջ կծագեն, ինչպես արեգակը» (Մատթ. ԺԳ 43)։

Անբավ պայծառություն ու համարձակություն է խոստանում այստեղ կրած նեղությունների և քաջությունների փոխարեն, որը վայելելու են հանդերձյալ հավիտենության մեջ՝ Իրենց Հոր թագավորությունում։


«Դարձյալ՝ Աստծու թագավորությունը նման է արտի մեջ թաքնված գանձի» (Մատթ. ԺԳ 44)։

«Արտը» աստվածային մարգարեական գիրն է, որ բացատրում է բառերով շղարշված տնկիների զանազանությունը, իսկ «գանձը»՝ մտքից ծածկված բառերում առկա զորությունն ու իմաստությունը։

Նաև այլ կերպ ասած, «արտը» Քրիստոսն է, Ում մեջ թաքնված են գիտության և իմաստության բոլոր գանձերը, իսկ «գանձերը» այն գաղտնին ու ծածուկն են, որոնքՆա չի գցում շների և խոզերի առջև, այսինքն՝ սրբությունը։


«Դարձյալ՝ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում» (Մատթ. ԺԳ 45) և այլն։

Կան գեղեցիկ մարգարիտների բազում տեսակներ. հնդկական ու պարսկական, իսկ արևմտյան ծովում՝ բրիտանական։ Լինում են և օվկիանոսներում, ինչպես նաև Ակառնական[2] ծովում և Բոսֆորում։

Արդ, այսքանը տեսանելի մարգարիտների մասին։ Իսկ նա, ով որոնում է գեղեցիկը՝ հոգևոր մարգարիտը, և չի որոնում այլափառների և աղանդավորների աղջամղջային և սևաթույր խոսքերը, այլ ճշմարիտ օրենքներն ու գեղեցիկ ճրագները, Աստծու խորհուրդների հազարապետերին՝ առաքյալներին և մարգարեներին, և նրանց մեջ ամենից Անգինին՝ Քրիստոսին, և ով գտնում է այս մարգարիտը, իր ամբողջ ունեցվածքը վաճառում է, որպեսզի այն գնի և կորցնում է փոքրագույնը, որպեսզի վեհագույն գիտությունն ընդունի։


«Դարձյալ՝ երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանին, որ ամեն տեսակ բան է հավաքել» (Մատթ. ԺԳ 47)։

Ալեկոծյալ ծովը մարդկային կյանքն է։ Աներևույթ ուռկանով բոլոր ազգերից հավաքելը` կա՛մ զանազան ու բազմադիմի մարդկանց հոժարելն է, կա՛մ էլ հեթանոսների կոչվելը։ Ուռկան գցողները Տերն ու հրեշտակներն են, որ սպասավորում են Նրան։ Եվ ուռկանը դուրս չի գա, մինչև չլցվի հեթանոսներով, այսինքն՝ Քրիստոսի վարդապետությունը չի դադարի մինչև աշխարհի վախճանը։


«Եվ Հիսուս նրանց ասաց. «Այս բոլորը իմացա՞ք» (Մատթ. ԺԳ 51)։

Ոչ թե հանդիմանելով էր հարցնում, քանզի ճշմարտապես գիտեր` իմացան, թե ոչ, այլ հաստատապես. «ո՛չ ամբողջությամբ իմացաք այս բոլորը» ։


«Եվ նրանց ասում էր. «Դրա համար երկնքի արքայությանն աշակերտած ամեն օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձից հանում է նորը և հինը» (Մատթ. ԺԳ 52)։

Երկնքի արքայությանը աշակերտած կոչում է նրան, ով Հրեաստանից է ստանում Քրիստոսի ուսմունքը, իսկ ավելի խորն իմաստով ասած՝ աշակերտ կոչում է նրան, ով գրագիտությունից հասնում է հոգևորականի աստիճանի։ Արդ նա, ով զորացել է ճշմարիտ գիտությամբ, արքայության մեջ լինում է տանտեր, և ո՛չ միայն ծառայությունից, այլև աղքատությունից ազատվելով՝ լինում է ինչպես Քրիստոս։ Իսկ այն, որ այս տանտերի նման մի դպիր իր գանձերից հանում է Հին ու Նոր Կտակարանները՝ ցույց է տալիս, թե ոչ միայն պետք չէ, այլև անհնարին է բաժանել Նորը Հին Կտակարանից։

« Է   |   Թ »
© Gratun.org