Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

Թ

«Եվ երբ Հիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց։ Եվ գնալով Իր գավառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում» (Մատթ. ԺԳ 53-54)։

Հարց է ծագում գավառի անվան վերաբերյալ, թե ո՞րը նկատի ուներ` Նազարե՞թը, թե՞ Բեթղեհեմը։ Եվ կարծում եմ, որ ավետարանիչը խորհրդավոր կերպով լռեց, քանի որ ամբողջ Հրեաստանը, ուր անարգվեց, կոչվում է Նրա գավառ։


«Եվ Նրանով գայթակղվում էին» (Մատթ. ԺԳ 57)։

Արդյոք ինչո՞ւ էին «գայթակղվում»` իբրև թե Նա օտար՝ դիվական զորությա՞մբ է ուսուցանում, և ոչ՝ Աստծու Հոգով։ Որովհետև եթե կարծեին` Աստծու Հոգով է ուսուցանում, Հիսուս չէր կրի անպատվություն և չէր ասի, թե անարգված մարգարե չկա, բայց միայն՝ Իր գավառում Իր տանը (տե՛ս Մատթ. ԺԳ 57)։ Ուստի եթե տեսնում ես Հիսուսին տակավին հրեաներից անարգված, իսկ հեթանոսների մեջ` քարոզված և պատվի արժանացած, հասկանում ես, որ Իր գավառում պատիվ չունի, այլ` օտարների մեջ։

Այդ իմանում ենք նաև այլ մարգարեների օրինակով, ինչպես անարգվեցին Երեմիան՝ Անաթովթում, Եղիան՝ Հենթեզբոնում, Եղիսեն՝ Հենեբաղմաուղաքում, Սամվելը՝ Հեներմաթենում, Մովսեսը՝ իր ժողովրդից, քանզի եթե հավատային Մովսեսին, կհավատային և Քրիստոսին։ Թվում է` այդ պատճառով Պողոսը Տարսոնում չքարոզեց, և այլ առաքյալները նույնպես, թողնելով իրենց Հրեաստան գավառը` ելան հեթանոսների մեջ։


«Այն ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և ասաց. «Նա՛ է Հովհաննես Մկրտիչը. մեռելներից հարություն է առել և դրա համար նրա միջոցով զորավոր գործեր են լինում» (Մատթ. ԺԴ 1-2)։

Հավատացյալներին տրված են զորություններ, համաձայն հետևյալ խոսքի՝ «Որովհետև ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի» (Մատթ. ԺԳ 12)՝ հաղթելու համար անհավատության զորությունը։ Հետևաբար, զորություններ լինում են նաև անհավատների մեջ, թեև` ոչ շատ։ Եվ դու տես, որ ընդդիմադիր զորությունները նախ Հերովդեսին մղեցին Հովհաննեսի դեմ, ճանաչելով նրան որպես Աստծու Որդու առջևից ընթացող, ապա`Հուդային և քահանայապետերին։


«Քանզի Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտի մեջ էր դրել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով» (Մատթ. ԺԴ 3)։

Դեռևս մեռած չէր Փիլիպպոսը, այլ կենդանի էր, և իր եղբոր մեքենայությունների պատճառով հեռացվել էր չորրորդապետությունից և զրկվել կնոջից։ Այդ իսկ պատճառով այդպիսի ամուսնությունը անօրինական էր։


«Եվ թագավորը տխրեց, բայց երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ» (Մատթ. ԺԴ 9)։

Այժմ պարտ էր երդմնազանց լինել, քան թե պահել երդումը։


«Երբ Հիսուս այդ լսեց, այնտեղից նավակով առանձին գնաց մի ամայի տեղ» (Մատթ. ԺԴ 13)։

Մարգարեի սպանվելուց հետո, Բանը գնաց հեթանոսների մեջ, որոնք գնում էին նրա ետևից. գթալով՝ բժշկեց նրանց հիվանդներին։ Հիրավի, նախ բժշկեց ամբոխի հիվանդներին, ապա նոր` կերակրեց հացով ու ձկով, որպեսզի չթուլանան ճանապարհին։


«Եվ Հիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր» (Մատթ. ԺԵ 21-22)։

Հիսուս ոչ թե եկավ Տյուրոսի սահմանները, այլ մոտեցավ Տյուրոսին և Սիդոնին, իսկ քանանացին ելնում էր այնտեղից, որովհետև եթե մնացած լիներ այնտեղ, չէր կարող աղաղակել առ Տեր։


«Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ» (Մատթ. ԺԵ 24)։

Կհարցնեն՝ ո՞ր Իսրայելի ոչխարներն էին մոլորվածները, արդյոք ըստ մարմնի՞ Իսրայելի, և ինչո՞ւ ի սփյուռս հեթանոսների տարածվեց փրկությունը։ Ապա ուրեմն Աստծուն տեսնող Իսրայելի մոլորյալ հոգիների մոտ ուղարկվեց։


«Եվ Հիսուս, Իր մոտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և բան չունեն, որ ուտեն» (Մատթ. ԺԵ 32)։

Նախկինում աշակերտները նրան աղաչեցին` կերակրել հինգ հազարին, իսկ այժմ առանց որևէ մեկի խնդրանքի, Իր [նախաձեռնությամբ] չորս հազարին կերակրեց։ Նրանք, հացի առաջին բազմացման ժամանակ, մի օր անց` երեկոյան կերակրվեցին, իսկ այստեղ՝ երեք օր մնալուց հետո կերակրվեցին, որպեսզի չբաժանվեն Խնամողից։ Այնտեղ աշակերտներն ասացին. «Հինգ հաց և երկու ձուկ ունենք», իսկ այստեղ պատասխանելով ասացին. «Յոթ հաց ունենք և քիչ ձուկ»։ Այնտեղ խոտի վրա էին նստած, իսկ այստեղ՝ գետնի։


«Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան ու փորձելով՝ նրա– նից ուզում էին, որ ցույց տա իրենց երկնային մի նշան» (Մատթ. ԺԶ 1)։

Փարիսեցիներն ու սադուկեցիներն զանազան աղանդներ էին և միմյանց`հակառակ,սակայն,այժմ,Քրիստոսինփորձելուհամարմիավորվեցին։ Բազում անգամ միաբանվեցին նաև հեթանոս իմաստունները, որոնք նախապես բաժանվել էին միմյանցից հակառակության պատճառով։ Սրանք միաբանվում էին նաև ոմանց փորձելու և նրանց ուսմունքը պարզելու համար։ Միմյանց հակառակ զորությունները միաբանվում էին՝ «Ընդդեմ Տիրոջ և Նրա Օծյալի» (տես Սղմ. Բ 2)։


«Եվ նրանց թողելով՝ գնաց» (Մատթ. ԺԶ 4)։

Փորձողներին չար ու շնացող ասելով` գնաց, ինչպես փեսան կգնար՝ թողնելով պոռնկացածին, երբեմնի հավատարիմ քաղաքը՝ Սիոնը՝ հրեաների ժողովարանը։


«Եվ Նրա աշակերտները, գնալով ծովի այն կողմը, մոռացան հաց վերցնել» (Մատթ. ԺԶ 5)։

Քրիստոսի աշակերտները ծովի այն կողմն անցան, ասել է թե` մարմնավորից վերածվեցին հոգևորի։


«Արդ, ինչպե՞ս չեք իմանում, թե հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգույշ լինել փարիսեցիների և սադուկեցիների խմորից» (Մատթ. ԺԶ 11)։

Եթե հացը վարդապետություն է, ապա վարդապետությունը կերակուր է, և կերակուր կա, որ ապրեցնում է, կա, որ սպանում է հոգին։ Այստեղ հայտնի եղավ ասվածը. «Երկնքից հաց տվեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան» (Սաղմ. ՀԷ 25)։


«Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ. ԺԶ 17)։

«Հովնանի որդի»՝ եբրայերեն «Բարիովնա», թարգմանվում է աղավնու որդի։ «Մարմինը և արյունը չէ, որ հայտնեցին քեզ», այլ` երկնային վարդապետությունը։ «Եվ մարմինը չէ, որ հայտնեց քեզ», քանզի և անհնարին իսկ է, այլ նա կարող է տեսնել Աստծու Որդուն, ում հոգում Հայրը կծագեցնի Հոգու լույսը։


«Դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. ԺԶ 18)։

Ինչպես Քրիստոս Իրեն կոչում է արքայության Դուռ, քանի որ Նրանով են մտնում արքայություն, նույնպես սատանան և նրա հրեշտակները դժոխքի դռներ կոչվեցին, քանզի նրանցով են մտնում արտաքին խավար։


«Քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները» (Մատթ. ԺԶ 19)։

Երկնքի արքայությունը Քրիստոս է, և Նրա առաքինությունն ու վարդապետությունը սուրբ դռներնեն։ Ըստ սրանց նմանության՝ իմացի՛ր և իմանալի բանալիների վերաբերյալ։


«Այն ժամանակ խստիվ պատվիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը» (Մատթ. ԺԶ 20)։

Քանի որ բոլոր գործերը դեռևս կատարված չէին՝ չարչարվելը, խաչվելը և մեռելներից հարություն առնելը, որոնք Քրիստոս պետք է իրագործեր, դրա համար պատվիրելով ասաց՝ ոչ ոքի չասեն, թե Նա է Քրիստոս, որպեսզի շատերը չգայթակղվեն Նրանով, թե ինչպես է Նա Քրիստոսը, որ չկատարեց բոլոր գործերը։


«Եվ Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար, որովհետև ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը» (Մատթ. ԺԶ 23)։

Այս արժանի է ասել ամեն մի մարդու, ով հեռանում է աստվածային հավատից և խորհում է Մարկիոնի կամ այլ հերձվածողի նման, ովքեր ուսուցանում են մարդկայինը՝ թողնելով աստվածայինը։

Արդ, այժմ Պետրոսի կամքին հակառակ` նրան ասաց՝ «ետև՛ս գնա», իսկ ի հակառակ Պետրոսի գիտենալուն` ասաց՝ «սատանա», որ է հակառակորդ, քանզի Պետրոս կարծում էր, թե Հայրը չի լինի Քրիստոսի քավիչը, եթե չարչարվի։


«Այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա Իր անձը, վերցնի Իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. ԺԶ 24)։

Ով մերկանում է հին մարդուց, և ինքն իրեն ուրանալով ասում. «Կենդանի եմ այսուհետև, բայց ոչ թե Ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ. Բ 20), այսպիսին վերցնում է իր խաչը և գնում Քրիստոսի ետևից՝ համաձայն հետևյալ խոսքի. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի» (Գաղ. Զ 14)։


«Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթ. ԺԶ 26)։

Նա՛ է շահում ամբողջ աշխարհը և կործանում իր անձը, ում համար ոչ աշխարհն է խաչը ելած, և ոչ էլ ինքը՝ աշխարհի։ «Աշխարհ» այժմ չի անվանում բոլոր արարծներին, որովհետև անկարելի է շահել երկինքը և աստղերը, այլ աշխարհ է անվանում երկրային իրերը։


«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած Իր արքայությամբ» (Մատթ. ԺԶ 28)։

Չի ճաշակի մահ նա, ով ուտում է կենաց հացը՝ Քրիստոսի մարմինը՝ ճշմարիտ Հացը, և ըմպում Բանի արյունը՝ ճշմարիտ ըմպելիքը։ Իսկ մահ ճաշակում է նա, ով վիշապից է ուտում, որի մասին գրված է. «Որպես կերակուր տվեցիր Եթովպիայի ժողովրդին» (հմմտ. Սաղմ. ՀԳ 14)։

Դարձյալ՝ մահ չի ճաշակի նա, ով ուտում է կենաց ծառից։ Եվ նա է ճաշակում մահ, ով ուտում է այն ծառից, որի մասին ասաց. «Այն օրը, երբ ուտեք դրանից, կմեռնեք» (Ծննդ. Բ 17)։ Արդ, Փրկչի ասած՝ մահը չեն ճաշակի, վերաբերում է նրանց, ովքեր ուտում են Նրա մարմինը արժանիորեն, ինչպես և ըմպում են Նրա արյունը, և ոչ թե ասում է` կապրեն և չեն տեսնի մահ, որովհետև բոլորն էլ վախճանվեցին։

« Ը   |   Ժ »
© Gratun.org