Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

Ժ

«Եվ վեց օր հետո Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին և նրանց հանեց առանձին մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց» (Մատթ. ԺԷ 1-2)։

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի» խոսքն ասելուց հետո անցնում է վեց օր։ Եվ վեց օր անց ելնում է լեռը և պայծառակերպվում նրանց առջև։ Պատմությանը հարազատ մնալով, այսպես է մատուցվում այն առակով. վեց օրում ստեղծվեց աշխարհը, և քանի որ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը արհամարհում էին տեսանելի աշխարհը, ուստի վեց օրում անցնելով աշխարհով՝ Քրիստոսի հետ բարձրանում են լեռան վրա և Բանին տեսնում հրաշափառ և պատվական տեսքով։


«Նրանց առաջ պայծառակերպվեց»

Նա ո՛չ տեսք ուներ և ո՛չ էլ գեղեցկություն (Եսայի ԾԳ 2)։ Ահավոր էր փառավոր տեսքը և սոսկալի։

«Եվ Նրա դեմքը փայլեց, ինչպես արեգակը» (Մատթ. ԺԷ 2)։ Դեմքը փայլեց իբրև արդարության Արեգակ՝ խավարի և գիշերի գործերը այրելու և աստվածային գործերը լուսավորելու համար։


«Եվ Նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը» (Մատթ. ԺԷ 2)։

Հանդերձը խորհրդանշում է ավետարանական և առաքելական գրքերի աստվածաբանողի և դրանց բառերի մեկնաբանողի միտքը։


«Նրանց երևացին Մովսեսն ու Եղիան» (Մատթ. ԺԷ 3)։

Մովսեսն օրենքներն է խորհրդանշում, իսկ Եղիան՝ մարգարեությունները։ Տե՛ս, միգուցե Զեբեդիոսի որդիներին ասելու համար երևացին Մովսեսն ու Եղիան. Մովսեսը՝ աջից, և Եղիան՝ ձախից, թե նստել իմ աջ և ձախ կողմերում՝ ես չէ, որ կտամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրված է Իմ Հորից (տե՛ս Մատթ. Ի 23)։


«Պետրոսը պատասխանեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, բարի է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք» (Մատթ. ԺԷ 4)։

Ոմանք արհամարհում են Պետրոսին այն խոսքի համար, որ ասաց. «Բարի է, որ մենք այստեղ լինենք»։ Քանզի եթե բարի էր այդտեղ լինելը, ապա Հիսուս Ինքն արդեն բարին էր կատարում։

Եվ դարձյալ ինչո՞ւ ասաց՝ երեք տաղավար, այդ ասելով՝ կարելի է կարծել, թե մեկուսացնում է նրանց իրարից. մի՞թե մի տաղավարը երեքին բավական չէր։ Այս հարցին պատասխանեց Մարկոսը. «Սակայն չգիտեր, թե ինչ է խոսում, որովհետև զարհուրած էին» (Մարկ. Թ 5)։


«Եվ մինչ Նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ» (Մատթ. ԺԷ 5)։

Երեք տաղավարների փոխարեն մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ, որպեսզի ամբողջացնի այն, ինչին նայում էին՝ Ավետարանին, օրենքներին և մարգարեություններին։


«Եվ ահա ամպից մի ձայն եղավ» (Մատթ. ԺԷ 5)։

Ամպից ձայն եկավ Մովսեսին, Եղիային և մանավանդ աշակերտներին, որպեսզի հաստատապես իմանան, թե իսկապես Նա է Աստծու Որդին։ Եվ ամպը, ինչպես կարծում եմ, հոգեղեն էր, և Տիրոջ Խոսքը ուղղվեց նրանց, ինչպես մարգարեներին։

Եվ երբ լսում ենք Եսայիից, թե «Զավակներ ծնեցի և մեծացրի» (Եսայի Ա 2), ոչ թե հասկանում ենք Եսայիի որդիները, այլ` մարգարեի երկնավոր Հոր։ Նույնպես և ձայնը, որ ամպից եկավ, ամպից չէր, այլ` Հորից, որ լսեցին Հիսուսի` իրենց մոտենալիս։


«Իրենց աչքերը բարձրացնելով՝ տեսան միայն Հիսուսին» (Մատթ. ԺԷ 8)։

Այսինքն՝ Ավետարանը, օրենքները և մարգարեությունները միաբանված և մեկ եղած։


«Եվ երբ նրանք իջնում էին լեռից, Հիսուս նրանց պատվիրեց. «Այդ տեսիլքը ոչ ոքի չասեք, մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն առնի» (Մատթ. ԺԷ 9)։

Ինչպես և նախորդ դեպքերում, չէր կամենում, որ ամբոխն իմանա իր հրաշալի փառքի մասին,որպեսզի չարչարանքների ժամանակ գայթակղվելով` չմեղանչի, որովհետև այդ ամենն օգտակար էր իմանալ միայն հարությունից հետո։


«Աշակերտները Նրան հարցրին և ասացին. «Հապա ինչո՞ւ օրենսգետներն ասում են, թե նախ Եղիան պիտի գա» (Մատթ. ԺԷ 10)։

Աշակերտներն ասացին. «Մենք այժմ Եղիային տեսանք քեզ հետ, իսկ օրենսգետները ուսուցանում են, թե նախքան Քրիստոս Եղիան պիտի գա, բայց ահա հասկացանք, որ սուտ են ուսուցանում»։ Եվ Նա նրանց ասաց Հովհաննեսի մասին, և հավատացին (տե՛ս Մատթ. ԺԷ 10-13)։


«Եվ Հիսուս նրան սաստեց, դևը նրանից դուրս եկավ» (Մատթ. ԺԷ 17)։

Ինչո՞ւ է գրված, թե սաստեց լուսնոտին, այլ ոչ` դևին։ Կարծում եմ, որ պատուհասը մեղքերի պատճառով էր պատահել. որպեսզի սաստվելով՝ օգներ դևին դուրս գալ։


«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, կտեղափոխվի» (Մատթ. ԺԷ 19)։

Երկնքի արքայությունը նմանվեց մանանեխի հատիկի, ինչպես և գովելի հավատը նմանվեց մանանեխի հատիկի. իսկ եթե մի բանով նման են, ուրեմն իրար էլ նման կլինեն։ Հետևաբար, գովելի հավատը նմանվում է երկնքի արքայությանը։ Հավատը միանգամայն իրավացիորեն նմանվեց հատիկի, որը պետք է երկրագործել, որպեսզի աճելով մեծ ծառ դառնա։


«Եվ ոչինչ անհնարին չի լինի ձեզ համար» (հմմտ. Մատթ. ԺԷ 19)։

Ով ճշմարտապես հավատում է, նրա համար անհնարին ոչինչ չի կարող լինել։


«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք և չլինեք մանուկների պես, չեք մտնի երկնքի արքայությունը» (Մատթ. ԺԸ 3)։

Եվ եթե ամենքը, ովքեր մտնում են արքայություն, պետք է դառնան և լինել մանուկների նման, ապա Աստծուց Որդուն տրված բոլոր մանուկների մասին ասվեց. «Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց» (Եսայի Ը 18), քանզի ամենքն էլ մտքի կատարելության և չարության տեսանկյունից մանուկներ են։


«Ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծը» (Մատթ. ԺԸ 4)։

Նույնը չէ ինքն իր անձը խոնարհեցնելն ու տառապեցնելը և ուրիշի պատճառով խոնարհվելն ու տառապելը։ Ով իրեն խոնարհեցնի, նա կբարձրանա, իսկ ով խոնարհվում և տառապում է տնանկությունից կամ ուրիշների պատճառած ինչ-ինչ նախատանքներից, ապա դա խոնարհություն չէ։ Բայց Քրիստոս հրամայում է ինքն իրեն խոնարհեցնել, ինչպես Ինքը՝ որպես մանուկ, հոժարությամբ խոնարհվելով կանգնեց նրանց մեջ։


«Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի…» (Մատթ. ԺԸ 6)։

Չեմ կարծում, թե փոքրիկը և մանուկը նույնն են, քանզի այն փոքրը, ով չի գայթակղվի, երկնքի արքայությունում մեծ կլինի։ Եվ դարձյալ` փոքրը եթե գայթակղվի, երկնքի արքայություն չի մտնի, ինչպես մանուկը, ով զերծ է և վեր է գայթակղությունից։ «Քանզի Տիրոջ անունը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն» (հմմտ. Սաղմ. ՃԺԸ 165)։ Այս ասաց նրանց մասին, ովքեր գայթակղեցնում են այս փոքրիկներից մեկին, որովհետև փոքրերը դյուրությամբ են գայթակղվում։ Անուշադրության մի՛ մատնեք նրանց, որպեսզի մեր մեջ եղող փոքրերից ոչ ոք չկորչի, քանզի «փոքրը» տկարահավատ հավատացյալն է։


«Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզանից» (Մատթ. ԺԸ 8)։

Մարդկանց գործերը երկու կերպ են` ըստ Աստծու և ընդդեմ Աստծու։ Նույնպես և ընթացքը. ոմանք ընթանում են ըստ Աստծու, և ոմանք էլ` ոչ։ Արդ, ով երկու կերպ էլ գործում է և երկու ընթացքով էլ ընթանում է և ոչ թե մեկով, որ ճշմարիտն է, գեհենի է արժանի։ Իսկ ով Աստծուն հաճելին է գործում, նրանն է երկնքի արքայությունը։

Նույնը պետք է իմանալ նաև երկու աչքերի վերաբերյալ (տե՛ս Մատթ. ԺԸ 9), դրա համար և փեսան հարսի մի աչքի մասին ասաց. «Մեր սիրտը խոցեցիր քո մի աչքով» (Երգ. Դ 9), նաև ասում է. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան» (Հովհ. Թ 39)։ Առաջին դեպքում չտեսնելը ավելի վատ է, քան տեսնելը։


«Տեսեք, այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. ԺԸ 10)։

Մեծերը չեն արհամարհվում, իսկ փոքրերը դյուրությամբ են արհամարհվում։ Ուստի փոքրերը պահպանվում են հրեշտակների կողմից. «Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է և պահպանում է նրանց» (Սաղմ. ԼԳ 8), իսկ կատարյալներին Տերն է պահում, ինչպես և ասվում է. «Ամենայն ժամ Տերն իմ առաջ է, որպեսզի չսասանվեմ» (Սաղմ. ԺԵ 8), և դարձյալ՝ «Ինձ ձայն կտա, ու կլսեմ Նրան, և Նրա հետ կլինեմ նեղության մեջ» (Սաղմ. Ղ 15)։

Բայց ի՞նչ է նշանակում երկնքում հրեշտակների` Աստծու երեսը տեսնելը։ Անհնարին է տեսնել Աստծու երեսը, քանզի բնությամբ անտեսանելի է։ Ինձ թվում է՝ Աստծու երեսը տեսնելը՝ Աստծու կամքը իմանալն ու կատարելն է։


«Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա» (Մատթ. ԺԸ 12)։

«Մի մարդը» Քրիստոսն է, որ սկզբից իսկ Աստծու պատկերով էր։ Նա, լեռան վրա թողնելով իննսունինը ոչխարներին, եկավ փնտրելու կորուսյալ ոչխարին՝ մարդկային հոգին։


«Դարձյալ ձեզ ասում եմ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է» (Մատթ. ԺԸ 19)։

Միաբանվեցին Պողոսն ու Սոսթենեսը՝ մի թուղթ գրելով (տե՛ս Ա Կորնթ. Ա 1), նաև Պողոսը, Շիղան ու Տիմոթեոսը (Թեսաղ. Ա 1)։ Նաև Կորխի որդիները՝ Դավթի քառասունմեկերորդ սաղմոսում. «Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ մեր անձերը քեզ են փափագում, Ո՛վ Աստված» (հմմտ. Սաղմ. ԽԱ 1)։

Նաև միաբանվում են նրանք, ովքեր կատարյալ են նույն մտքով և մեկ կամքով։ Եվ երկուսի միաբանվելը երկրում ու Քրիստոսի հետ լինելը` ոչնչով չեն զանազանվում միմյանցից։ Եվ երկուսը՝ հոգին ու մարմինը, եթե միաբանվեն, մարմինը կհնազանդվի, և հոգին կենդանություն կտա։ Եվ դարձյալ, միաբանված են նաև երկու կտակարանները, որոնց մեջ է Քրիստոս և ծանուցվում է երկուսից էլ։


«Դրա համար երկնքի արքայությունը նմանվեց մի թագավորի» (Մատթ. ԺԸ 23) և այլն։

Այս առակի մտքերը հետևյալն են. մեզ ուսուցանել, թե պարտավոր ենք մեր հանդեպ եղած հանցանքները մարդկանց ներել` պարտական ամեն մարդու միջոցով, և սրանից հետո [ներել] արտաքիններին[1], բանսարկուին և կամ նրան, ով ինչ ունի այս աշխարհից։ «Քանքարը» բարի մարդիկ են, որոնցով Աբրահամը և այլ մարդիկ մեծանուն եղան։ Չար քանքարը կապարից է, որի վրա նստած է անիրավ կինը, ինչպես տեսավ Զաքարիան (տե՛ս Զաք. Ե 7)։


«Տերը հրամայեց վաճառել նրան և նրա կնոջն ու որդիներին» (Մատթ. ԺԸ 25)։

Աստված հրեշտակներին և մյուս սպասավորներին հրամայում է՝ նրան, նրա կնոջն ու որդիներին տալ տանջողներին։ Հրեշտակները ապագա դատաստանի ժամանակ տանջողներն են։


«Եվ փարիսեցիները, մոտենալով Նրան, փորձեցին և ասացին. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջն արձակի ամեն մի հանցանքի պատճառով» (Մատթ. ԺԹ 3)։

Փորձում էին Նրան՝ կարծելով, թե երկուսից մեկը կպատասխանի` կամ ոչինչ չի ասի ամուսնալուծության մասին, կամ՝ մեղք կհամարի ամուսնությունը։ Իսկ Նա, պատասխանելով նրանց, ասաց. «Չե՞ք ընթերցել, թե Նա, Ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց» (Մատթ. ԺԹ 4)։ Ենթադրվում էր, որ «Ծննդոց» գրքում ասված հետևյալ խոսքը ոչ թե Աստծու կողմից է, այլ` Ադամի. «Այս պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ ետևից» (Ծննդ. Բ 24)։ Սակայն այժմ Փրկիչն ասում է, թե Աստծու կողմից է ասված այդ՝ խրատելով նրանց, թե Ադամը Աստծու միջոցով խոսեց` մարգարեանալով։


«Ապա ուրեմն ոչ թե երկու, այլ մեկ մարմին են» (Մատթ. ԺԹ 6)։

Ուրեմն տղամարդու և կնոջ միաբանությունը Աստծուց է սահմանված. տղամարդը` որպես իշխան, իսկ կինը՝ հնազանդվող։ Հաստատապես երկու չեն, այլ մեկ մարմին, ինչն ակնարկում է Քրիստոսի և Եկեղեցու միությունը։ Հայրը Եկեղեցին զուգեց Քրիստոսի հետ, և ինչ որ Աստված միավորեց, մարդը` եկեղեցականը, թող չբաժանի Քրիստոսից անարժան գործերով։


«Նրանց ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլ տվեց արձակել ձեր կանանց» (Մատթ. ԺԹ 8)։

Սրանից պարզ է դառնում, որ սահմանվեցին այնպիսի օրենքներ, որոնք կարեկից եղան այդպիսիների տկարությանը, որոնց տրվեցին օրենքները, ինչպես և Նոր Ուխտում ասվեց. «Բայց, չպոռնկանալու համար, յուրաքանչյուր մարդ թող իր կինը ունենա (Ա Կորնթ. Է 2)։


«Իր աշակերտները Նրան ասացին» (Մատթ. ԺԹ 10) և այլն։ Եվ Նա ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ նրանք, որոնց տրված է» (Մատթ. ԺԹ 11) և այլն։

Ոչ միայն ճգնութուն, այլև աղոթքներ են պետք կուսությունը պահողին։ Ուստի հավելեց՝ «որոնց տրված է», այսինքն՝ ովքեր բարությամբ ու Աստծուն հաճելի կերպով կխնդրեն. այդպիսիներին է տրված։ Ապա ուրեմն ով չխնդրեց, նրան տրված չէ, քանզի չխնդրեց, ինչպես Աստծուն էր հաճո։


«Կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից այդպես են ծնվել. և կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել» (Մատթ. ԺԹ 12)։

«Իրենք իրենց ներքինիներ դարձնել» ասելով` նկատի ունի ոչ թե անդամների հատումը, ինչպես ոմանք կարծեցին և հատեցին իրենց արական անդամները, այլ` ժուժկալությամբ և զգաստությամբ ապրելը, պոռնկությունից և աղտեղի գործերից զերծ մնալը։ Փրկիչն Ինքը նրանց պատրաստեց և պատվիրեց ամեն ինչ խոսքով, կարգով և հոգևոր օգնությամբ գործել, որպեսզի կարողանանք արժանապես տեսնել երկնավոր Հորը։


«Դարձյալ ասում է. «Ավելի դյուրին է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծու արքայություն» (Մատթ. ԺԹ 24)։

Հունարենում պարանի փոխարեն գրված է «ուղտ», որը խորհրդանշում է վատթար գործերով խեղաթյուրվածներին և կորուսյալներին։ Այսպիսիներին ավելի դյուրին է ապաշխարությամբ և ուղիղ վարքով մտնել արքայություն, քան այդպիսի հարուստին։


«Աստծու[2] արքայությունը նման է մի տանտիրոջ» (Մատթ. Ի 1)։

Աստվածային գրքերում Աստված մարդ է կոչվում բազմիցս` Աստծու Որդու՝ մարդկային կերպարանք առնելու պատճառով։ Նա նաև այս տան Տանուտերն է, որի մասին առաքյալն ասում է. «Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան վրա, իսկ Քրիստոս՝ իբրև Որդի, իր տան վրա, և նրա տունը հենց մենք ենք» (Եբր. Գ 5-6)։


«Կարող եք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ» (Մատթ. Ի 22)։

Փրկության բաժակն այն է, որ ասվեց. «Տիրոջ առաջ պատվական է իր սրբերի մահը» (Սաղմ. ՃԺԵ 15)։

« Թ   |   ԺԱ »
© Gratun.org