Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

ԺԱ

«Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներից երկուսին ուղարկեց» (Մատթ. ԻԱ 1)։

Ուղարկեց, որպեսզի բերեն էշը և նրա քուռակը։ Էշը խորհրդանշում է հրեա հիմար ժողովրդին, որովհետև անչափ հրաշքներ գործեց նրանց մեջ, սակայն Նրան չճանաչեցին, և մինչև այսօր էլ չեն հասկանում մովսիսական և մարգարեական գրքերի միտքն ու զորությունը, իսկ քուռակը հեթանոս ժողովուրդն էր, որ դեռևս անփորձ էր աստվածպաշտության մեջ։

Էշի արձակվելը խորհրդանշում է Հին Կտակարանի լուսաբանումը, որը կապված էր անհայտության և խրթնաբանության կապանքներով, որ արձակեցին Քրիստոսի աշակերտները։ Իսկ քուռակը՝ Նոր Կտակարանն է, որի վրա նստեց Քրիստոս` առաքյալների հարդարմամբ, այն է` էշի ու քուռակի վրա զգեստները գցեցին։


«Բազում ժողովուրդներ իրենց զգեստները փռեցին» (Մատթ. ԻԱ 8) և այլն։

Ժողովուրդը խորհրդանշում է այն բազում ազգերը, որոնք իրենցում ճանապարհ պատրաստեցին կենարար Խոսքի համար։


«Ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում» (Մատթ. ԻԱ 8)։

Կտրում էին հին գրի կապված և անհայտ խոսքերը, որոնք նոր վարդապետները՝ Սուրբ Հոգու ազդեցությամբ, Քրիստոսին վերագրեցին՝ իսկապես գիտենալով, թե Նրա վերաբերյալ ասվեցին։


«Իսկ առջևից ու ետևից գնում էր ամբոխը» (Մատթ. ԻԱ 9)։

Առջևից գնացող ամբոխը՝ մարգարեների խմբերն են, իսկ ետևինը՝ առաքյալների, ովքեր միաբանորեն Աստծու Որդուց հայցում էին բոլորիս փրկությունը` գոչելով Ովսաննա։


«Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ եկավ դեպի այն և նրա վրա ոչինչ չգտավ, այլ միայն տերև» (Մատթ. ԻԱ 19)։

Թզենին թլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն` առերևույթ կենդանություն, ուստի Նրա գալով` չորացան։


«Ինչպե՞ս է ձեզ թվում. մի մարդ երկու որդի ուներ» (Մատթ. ԻԱ 28)։

Մարդը Քրիստոսն է, իսկ երկու որդիները՝ երկու ժողովուրդները՝ հրեաներն ու հեթանոսները։ Նա ով ասաց, թե «Գնում եմ, Տե՛ր». ու չգնաց՝ հրեա ժողովուրդն է, որ ասաց` գնամ այգի ուրախությամբ գործ անելու, սակայն չգնաց։ Իսկ երկրորդը՝ հեթանոս ժողովուրդը, որ ասաց. «Չեմ գնում». բայց հետո զղջալով՝ գնաց այգի» (տե՛ս Մատթ. ԻԱ 29-30)։


«Լսեք մի այլ առակ. «Մի տանուտեր տնկեց այգի և այն ցանկապատեց ու նրա մեջ հնձան փորեց» (Մատթ. ԻԱ 33) և այլն։

«Այգին» ներկա ժողովուրդն է, «ցանկապատը»՝ Աստծու պահպանությունը, «աշտարակը»՝ տաճարը, «հնձանը»՝ պատարագներ և նվերներ մատուցելու վայրը, իսկ «մշակները»՝ հրեաները և ժողովրդի իմաստունները։

«Տիրոջ հեռու երկիր գնալը» խորհրդանշում է հրեղեն ամպով ծածկվելը և այլևս չերևալը (հմմտ. Գործք Ա 9)։ Երբ ժամանակը մոտեցավ, ուղարկեց Իր «ծառաներին»՝ այսինքն առաքեց մարգարեներին, և «որդուն»՝ Քրիստոսին։


«Սա է ժառանգը, եկեք սպանեք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք» (Մատթ. ԻԱ 38)։

Ինչպես որ Հերովդեսը, լսելով Նրա գալստյան մասին, կոտորեց Բեթղեհեմի մանուկներին՝ կամենալով Նրան ոչնչացնել (տե՛ս Մատթ. Բ 16), նաև ծեծվեց Միքիան՝ ապտակ ստանալով Սեդեկիայից (տե՛ս Բ Մն. ԺԸ 23), սպանվեց Զաքարիան տաճարի մեջ՝ սեղանի առջև (տե՛ս Մատթ. ԻԳ 35), քարկոծվեց Երեմիան (Երեմ. ԼԸ 6) և Հովիադայի որդի Զաքարիան (տե՛ս Բ Մն. ԻԴ 20-21)։


«Հիսուս դարձյալ պատասխանեց և առակներով ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց» (Մատթ. ԻԲ 1)։

Նախկին առակում ասաց «տանուտեր մարդ», իսկ այժմ՝ «թագավոր», քանի որ առաջինում չհիշվեց զորականներ ուղարկելը, իսկ այստեղ` հիշվեց։ Հարսանիքն արեց Հայր Աստված Իր Որդու` փեսայի և հարսի՝ եկեղեցու միջև, որը անապականություն է ընդունում Նրա հետ միավորվելով և հաղորդվելով։ «Ծառաներ» կոչում է Մովսեսին և մարգարեներին։


«Եվ նրանք չկամեցան գալ» (Մատթ. ԻԲ 3)։

Ոմանք չեկան այս կյանքի հոգսերի և աղտեղության պատճառով։


«Եվ դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց» (Մատթ. ԻԲ 4)։

... Վարդապետներին և հայրապետներին։


«Ահա իմ ճաշկերույթը պատրաստված է, իմ մեծ ցուլերը և իմ պարարտ անասուննեը մորթված են» (Մատթ. ԻԲ 4)։

«Ճաշը» աստվածային իմաստության ու գիտության սեղանն է։ «Մեծ ցուլերը» Աստծու մասին ուրախարար խոսքերն են։ «Պարարտ» կոչում է քաղցր վարդապետությունը, որ պարարտեցնում է հոգիները։


«Թագավորը լսելով բարկացավ, զորք ուղարկելով՝ բնաջնջեց սպանողներին և այրեց նրանց քաղաքը» (Մատթ. ԻԲ 7)։

«Զորքը» Աստծու հրեշտակային զորքերն են, ապա նաև Վեսպեսիանոսը[1] և նրա զորքը, որ գալով կոտորեց Հրեաստանը՝ Քրիստոսի խաչելությունից հետո, և հրկիզեց նրանց քաղաքները։


«Այնժամ թագավորն իր ծառաներին ասաց» (Մատթ. ԻԲ 8)։

Այստեղ «ծառաները» առաքյալներն ու հրեշտակներն են, որոնց սահմանված են հեթանոսներին կանչելու համար։ Ինչպես և ասացին առաքյալները հրեաներին. «Ձեզ հարկավոր է նախ պատմել Աստծու խոսքը, բայց որովհետև ձեզ անարժան դարձրիք հավիտենական կյանքի համար, այդ պատճառով հեթանոսներին ենք գնում» (հմմտ. Գործք ԺԸ 6)։


«Եվ ծառաները ճանապարհների վրա ելնելով՝ հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ և՛ չարերին և՛ բարիներին» (Մատթ. ԻԲ 10)։

Հավաքեցին չարերին, որպեսզի նրանք մոռանան իրենց չարությունը և հագնեն հարսանյաց հանդերձ և ստանան աստվածային կերակուր։ Նաև կանչեցին բարիներին, որ հեթանոսներն էին։

Իսկ հեթանոսները ինչո՞վ էին բարի։ Բարի ասելով` պետք է հասկանալ այնպիսիներն են, ովքեր չարության մեջ մեղմ էին և բնական օրենքներով էին ապրում։


«Եվ երբ թագավորը ներս մտավ հրավիրվածներին տեսնելու» (Մատթ. ԻԲ 11)։

Թագավորը, նախքան ուրախությունը, ներս մտավ, որպեսզի տեսնի, թե ո՞վ է ուրախության արժանի, և ով՝ ոչ։


«Այնտեղ տեսավ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել» (Մատթ. ԻԲ 11)։

Քանի որ չէր հանել չարության և ամբարշտության զգեստը, այլ տակավին դրանցով էր զգեստավորված և միայն նենգությամբ ու խորամանկությամբ էր մտել, այսինքն՝ անաստվածությամբ ու ամբարշտությամբ՝ իր հետ ոչինչ չբերելով Քրիստոսի պատվիրաններից ու առաքինությունից, այդ պատճառով էլ պապանձվեց, որովհետև պատասխան չուներ։

Հրեշտակները կապում են նրա ձեռքերն ու ոտքերը և հանում դուրս՝ տանջանքի վայրը (տե՛ս Մատթ. ԻԲ 13)։ Ոտքերը՝ ընթացքն է, իսկ ձեռքերը՝ ներգործելու զորությունը։


«Փարիսեցիները Նրա մոտ են ուղղարկում իրենց աշակերտներին՝ Հերովդեսականների հետ միասին» (Մատթ. ԻԲ 16)։

Հերովդեսականները Հերովդեսի կողմից էին, ովքեր ասում էին՝ պետք չէ պատերազմել կայսեր դեմ։


«Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախոս ես» (Մատթ. ԻԲ 16)։

Նենգությամբ էին գովում` դրդելով ասել, թե պետք չէ հարկատու լինել կայսեր, որպեսզի Նրան մատնեն Հերովդեսականների ձեռքը։ Իսկ Փրկիչն աստվածավայել պատասխան տվեց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ 21)։ Նրանք կարծում էին, թե իրենց կպատասխանի՝ «Ոչինչ չտալ կայսեր, քանզի Աստծուն էք ծառայում և ո՛չ մարդկանց»։


«Այն օրը Նրան մոտեցան սադուկեցիները և ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց, եթե մեկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի» և այլն (Մատթ. ԻԲ 23-24)։

Սադուկեցիները հարություն չէին ընդունում և ոչ էլ հոգիների անմահություն, նույնպես և սամարացիները։ Արդ, նախատելով նրանց, ովքեր ասում են, թե հարություն կա, հարցրին Քրիստոսին՝ եթե յոթն էլ հարություն առնեն, ում կինը կլինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրև կին ունեցան (տե՛ս Մատթ. ԻԲ 28)։


«Հիսուս, նրանց պատասխանելով, ասաց. «Մոլորվածնե՛ր» (Մատթ. ԻԲ 29)։

Որովհետև, մյուս մարգարեներին չէին ընդունում` բացի Մովսեսից, և գրքերի զորությունը չէին հասկանում և միայն բառերին էին նայում։ Քանզի եթե հասկանային հետևյալ խոսքը. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը և կենդանիների Աստվածը, այլ ոչ մեռելների» (Մատթ. ԻԲ 23), ապա կընդունեին նրանց հոգու անմահ լինելը և կհավատային հարությանը։


«Արդար Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի» (Մատթ. ԻԳ 35)։

Հովսեփոս Եբրայացի պատմիչը հիշատակում է, թե Հովաս թագավորը Զաքարիային[2] սպանեց տաճարի մեջ՝ սեղանի առջև։


«Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. ԻԴ 12)։

«Շատերի» է ասում և ո՛չ թե` բոլորի, քանզի չպիտի ցամաքի նրանց սերը, ովքեր գնում են նեղ ու անձուկ ճանապարհով։


«Եվ արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր հեթանոսների. և ապա պիտի գա վախճանը» (Մատթ. ԻԴ 14)։

Մեկը այս խոսքը մեկնելով՝ ասում է, թե ինչքան պակասեն այն ազգերը, որոնց քարոզվելու է Ավետարանը, այնքան էլ ժամանակ է մնալու մինչև վախճանը։


«Երբ տեսնեք ավերածության պղծությունը» (Մատթ. ԻԴ 15)։

Դանիելի խոսքը այսպես գրվեց. «Մեկ ու կես յոթնյակում պիտի վերանան զոհերն ու ընծաները, ավերածության պղծությունը պիտի մնա տաճարի վրա, ու մինչև ժամանակի վախճանը վերջ պիտի տրվի ավերվածին» (Դան. Թ 27)։ Վախճանը պիտի վերջ տա ավերվածությանը։

Հրեաները կարծում էին՝ պղծի տաճար մտնելը այն է, որ հռոմեացիները խոզի գլուխ ուղարկեցին1, սակայն Պողոսը մեզ ուսուցանում է. թե պիղծը նեռն է, որ գալու է աշխարհ ավերելու և ապականելու համար և նստելով տաճարում` իր անձը ցույց է տալու որպես թե Աստված է (տե՛ս Բ Թեսաղ. Բ 4)։


«Այն ժամանակ, ովքեր Հրեաստանում լինեն, թող փախչեն լեռները» (Մատթ. ԻԴ 16)։

Ինչո՞ւ է ասում` ովքեր Հրեաստանում լինեն, թող փախչեն լեռները։ Նրանց, ովքեր ավերածության պղծությունը համարեցին հռոմեացիների կամ Պիղատոսի (տե՛ս Ղուկ. ԺԳ 1) կողմից իրագործվածը, ճշմարտորեն ասում է, թե ովքեր Հրեաստանում են, թող փախչեն լեռները, քանի որ, ասում են, թե այնպիսի դառնություն չէր եղել հրեաներին, ինչպես եղավ Վեսպեսիանոսից։

Իսկ եթե անապատի պիղծը նեռն է, որ գալու է բաժանելու հավատացյալներին Քրիստոսից, այդ դեպքում ինչո՞ւ է միայն Հրեաստանում եղողներին ասում, որ փախչեն լեռները։ Թերևս մեկն ասի, թե պիղծ նեռը թագավորելու է Հրեաստանում, դրա համար են միայն նրանք փախչելու լեռները, նաև` հույժ ահաբեկության և երկյուղի պատճառով։


««Եվ ով տանիքի վրա կլինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. և ով հանդում կլինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող ետ չդառնա։ Բայց վա՜յ այդ օրերին հղիներին ու ստնտուներին» (Մատթ. ԻԴ 17-19)։

Քանի որ չեն կարող փախչել, այլ պետք է աղոթեն։


««Աղոթեցե՛ք, որ այն փախուստը չլինի ձմռանը կամ շաբաթ օրը» (Մատթ. ԻԴ 20)։

«Ձմռանը»՝ եղանակի խստության պատճառով, իսկ «շաբաթ օրը»` քանի որ հրեաները շաբաթ օրը անցնում են միայն երեք ասպարեզ ճանապարհ։ Այդ այսպես է մեկնվում ոմանց կողմից։

Իսկ եթե Փրկիչն ամեն ինչ առակով խոսեց, ապա ուրեմն անհրաժեշտ է այլաբանորեն հասկանալ։ «Հրեաստան» անվանեց նրանց պաշտամունքի ստվերը՝ օրենքի տեսանելի տառը, որից հրամայում է փախչել դեպի օրենքների և մարգարեների վեհագույն մտքերը՝ դեպ առաքյալների նոր վարդապետությունը։

«Եվ ով տանիքի վրա կլինի, այսինքն՝ ով ունի բարձր, կատարյալ առաքինություն և աստվածապաշտության հյուսված պսակ, իր տանից բան վերցնելու համար թող ցած չիջնի» (տե՛ս Մատթ. ԻԴ 17), նկատի ունի՝ մարմնավոր բաները։ Եվ ովքեր թողել են իրենց հանդերձները՝ մարմնական ցանկությունները, թող ետ չդառնան դեպի նույն ցանկություննեը։

Այն ժամանակ վա՜յ նրանց, որ չարություն հղացան և նրանց, ովքեր տալիս են իրենց աղտեղի անառակության կաթը։ Նաև հորդորում է աղոթել, որպեսզի հոգու փախուստը մարմնից չլինի ձմռանը կամ շաբաթ օրը։ «Ձմեռ ժամանակը»՝ մեղքերի ալեկոծության և ամբարշտությունների խռովության ժամանակն է, իսկ «շաբաթ օրը», որպեսզի դատարկության և անհոգության մեջ չլինի վախճանը, այլ բարի և առաքինի գործերի ժամանակ։


«Քանզի ուր դիակն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Մատթ. ԻԴ 28)։

«Դիակ» և «ընկած» անվանեց Իր մարմինը, քանի որ չարչարվեց և մեռավ։ Իր մեռած մարմինը ընկած անվանեց, որն ընկավ մեր փրկության համար, իսկ արծիվներ անվանեց Իրեն հավատացողներին, ովքեր արքայավայել և արժանավորապես կերակրվում են Նրանից։

Այսպիսիներին արծիվներ անվանեց և ոչ թե` ագռավներ կամ անգղներ և այլ ուրիշ մեռելակեր թռչուններ, քանի որ արծիվը, ինչպես ասում են, պատրաստի որս և մեռած մարմին ուտելը արժանի չի համարում. այլ ինքն է վաստակում, ջանում և կենդանիներ որսալով՝ կերակրվում։ Նաև այս պետք է գիտենալ, որ հունարենում չի ասում «դիակ», այլ` «ընկած»։


«Արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը պիտի չտա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն» (Մատթ. ԻԴ 29)։

Սա հայտնի խոսք է, քանզի ինչպես ասում է Եսային. «Երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի և կլինի նոր երկինք և նոր երկիր» (Եսայի ԼԴ 4)։ Հայտնի է նաև, որ այս տեսանելի աստղերն ընկնում և խավարում են։

Իսկ ըստ առակի մեկնության՝ «արեգակը» պետք է հասկանալ սատանան, որովհետև կերպարանավորվում է լույսի հրեշտակի կերպարանքով, նաև նեռը, որ իրեն աստված է անվանում։ «Լուսինը» հերձվածողների եկեղեցիներն ու հրեաների ժողովարաններն են, որոնք կարող էին լուսավորվել Աստծու ճշմարտությունից, սակայն նրանից չեն լուսավորվում, այլ` սատանայից, որին աստված են անվանում։ Իսկ աստղերը նրանց վարդապետներն են, ինչպես և գրված է Հուդա առաքյալի ընդհանրական թղթում. «Մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը» (Հուդա Ա 13)։

Իմացի՛ր, Մարդու Որդու նշանը Նրա իմաստությունն է, խոսքը և երկնավոր ճշմարտությունը՝. «Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևաց» (Սաղմ. ՁԴ 12), իսկ «երկնային զորությունները» երկնավորների բանական դասերն են, որոնք Նրան Իր առաջին գալստյան ժամանակ տեսան անարգ կերպարանքով, իսկ երկրորդում՝ կտեսնեն հրաշափառ կերպարանքով, ուստի հիացած` կդողան։


««Պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. ԻԴ 30)։

Ինչպես համբարձման ժամանակ ասվեց. «Ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Ա 9), և դարձյալ. «Ամպից մի ձայն եկավ» (Մատթ. ԺԷ 5), այդպես էլ նույն ամպի վրայով գալու է Քրիստոս։ Այ-սինքն՝ երկնավոր բանական զորություններով պետք է իմանանք Քրիստոսի գալուստը։


««Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով» (Մատթ. ԻԴ 31)։

«Ելից» և «Թվոց» գրքերում, նաև առաքելական թղթերում շեփորը խորհրդանշում է Աստվածային խորհրդի բարձր ձայնը։


««Թզենուց սովորեցե՛ք առակը» (Մատթ. ԻԴ 32)։

Արդ, «թզենին» կա՛մ ամբողջ աշխարհն է խորհրդանշում, որի վախճանի մասին է մարգարեանում, կա՛մ էլ այն բոլոր մարդկանց, ովքեր ընթանում են երանելի կենդանության հույսով և ցանկանում են տեսնել Աստծու Բանին, որպեսզի ուրախանան։ Քանզի ինչպես թզենին իր մեջ զորություն ունի ձմռանը ծաղկելու, նույնպես և մարդը առաքինությամբ զարդարվել` այս հանցավոր աշխարհում, որովհետև դեռ չի հասել ավետյաց պսակին, այլ հույս է տածում և տեսնում է խոստացված բարիքները, ինչպես հայելու մեջ, իսկ արդար Դատավորի գալստյան ժամանակ, երբ հասնի ավետյաց պահը, այնժամ կտեսնի հայտնապես, և ոչ` հույսով, ինչպես թզենու պտուղը, որ ձմռան ժամանակ աներևույթ է, իսկ ամռանը ամենքին տեսանելի է դառնում։


«Երբ նրա ոստերը կակղեն, և տերևը ցցվի» (Մատթ. ԻԴ 32)։

Քանի դեռ ձմեռ է, ոստը սառած է, և տերևը ցցված չէ, իսկ երբ եղանակը ձմեռայինից ամառայինի փոխվի, այնժամ ոստերը կկակղեն, և տերևները կցցվեն։ Նույնպես և նա, ով բարձրանում է աշխարհից՝ ալեկոծյալ խռովությունից, և ճանապարհորդում է դեպի հավիտենական խաղաղություն, բերում է կակղած ոստեր՝ մարմնեղեն սիրտ և ոչ` քարեղեն, ապա` տերևներ և կատարյալ պտուղ։


«Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս սերունդը չպիտի անցնի, մինչև այդ բոլորը կատարվի» (Մատթ. ԻԴ 34)։

«Այս սերունդը» ասված է Նոր Կտակարանի համար։ Չի անցնի այս սերունդը, և չի գա խոստացված ավետիսը լավագույն սերնդի մեջ, եթե չկատարվի այդ բոլորը, որ ասացի՝ նեռի գալստյան, այս աշխարհի վախճանի ու կորստյան մասին։


«Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. ԻԴ 36)։

Օրն ու ժամը, երբ պիտի լինի աշխարհի վերջը, ոչ ոք չգիտե։ Եվ հարց՝ ինչո՞ւ չգիտե Որդին այն, ինչը գիտե Հայրը։

Ոմանք ասացին, թե մինչ չարչարվելը, քանի դեռ մարմնով չէր փառավորվել, այսպես ասաց. «Ո՞ւր դրիք Ղազարոսին» (Հովհ. ԺԱ 34), որպեսզի ցույց տա իրեն որպես ճշմարիտ մարդ։ Իսկ երբ փառավորվեց, և Աստված նրան առավել բարձրացրեց և շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն (Փիլիպ. Բ 9), ապա մարմնական աղտերը թոթափեց Իր վրայից, ուստի` ամեն ինչ, որ գիտե Հայրը, գիտե և Որդին։

Իսկ ոմանք ասացին, ըստ Պողոսի հետևյալ խոսքի. «Այն ժամանակ և Որդին կհնազանդվի Հորը» (Ա Կորնթ. ԺԵ 28)։ Իսկ ե՞րբ էր Նա Հորը անհնազանդ։ Նա Եկեղեցու Գլուխն է, իսկ մենք մարմինն ենք և Նրա անդամները (հմմտ. Ա Կորնթ. ԺԲ 27)։ Եվ քանի որ դեռ չեն հնազանդվել Նրան մարմնի բոլոր անդամները, նրանց անհնազանդությունը Գլուխն Իրեն վերագրեց, քանզի եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները (տե՛ս Ա Կորնթ. ԺԲ 26)։ Նույնպես և այն օրվա մասին մեր անգիտությունը իրենը համարեց։

Դարձյալ ասվեց. «Նրան, Ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր արեց» (Բ Կորնթ. Ե 21)։ Ո՛չ թե Որդին մեղք գործեց, քա՜վ լիցի, այլ մեր մեղքերը Իրենը համարվեցին, և մեր անեծքները նույնպես Իրենը համարվեցին, ըստ խոսքի. «Անիծյալ դառնալով մեզ համար, որովհետև գրված է, թե՝ «Անիծյալ է այն մարդը, որ կախված է փայտից» (Բ Օր. ԻԱ 23, Գաղ. Գ 13)։ Նույն օրինակով և իմացիր ասվածի վերաբերյալ. «Ո՛չ հրեշտակները գիտեն օրը և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»։


«Այն ժամանակ երկուսը, որ ագարակում լինեն, մեկը պիտի վերցվի, և մյուսը պիտի թողնվի» (Մատթ. ԻԴ 40)։

«Ագարակը», աշխարհը և անդաստանը խորհրդանշում են մարդկանց միտքն ու հոգիները։ Ով իր ագարակում գործում է մտքով ու հոգով, ինչպես Նոյը և Աբրահամը, և ոչ մարմնական ոգով, այնպիսին պիտի ընդունվի արքայության մեջ։ Իսկ մյուսը, որ իր ագարակում գործում է մարմնական ցանկություններով, ինչպես Կայենը, նա դուրս կթողնվի արքայությունից։ Նույնպես և երկուսի դեպքում, ովքեր աղում են աշխարհի երկանքը, այսինքն՝ ուսուցանում են և իրենց վրա կրում աշխարհի ծանրությունը։ Ով բարությամբ է ուսուցանում և համբերությամբ կրում աշխարհի բեռն ու տանջանքները, պիտի ընդունվի արքայության մեջ, իսկ մյուսը՝ որպես անարժան, աքայությունից դուրս պիտի թողնվի։


«Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը» (Մատթ. ԻԴ 42)։

Այս ասաց ոչ միայն աշխարհի վախճանի վերաբերյալ, այլև` յուրաքանչյուր մարդու։ Արթուն եղեք բարի գործերով, քանզի չգիտեք ձեր վախճանի օրը, թե երբ Տերը կկանչի ձեր հոգին մարմնից։


«Արդյոք ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթ. ԻԴ 45)։

Երբ հավատքն ու իմաստությունը ընկալվում են որպես առաքինություն, միմյանց հետ են ընթանում, այսինքն՝ հավատարմությունն ու իմաստությունը, և ով իմաստուն է, նա նաև հավատարիմ է։ Իսկ նա, ով ունի իմաստությունը որպես խորամանկություն, այնպիսին կարող է հավատարիմ չլինել, սրանք իմաստուններ են օձի և անիրավ տնտեսի նման։

Արդ, ով հավատարիմ է և իմաստուն, ինչպես Պողոսը, Պետրոսը և նրանց նմանվողները, և ովքեր իրենց վարդապետության կերակուրը տալիս են արժանավորներին իր ժամանակին, այդպիսի ծառաներին, որոնց Քրիստոս կարգեց այս աշխարհի` Իր տան վրա, Իր գալստյան ժամանակ երանելիներ կդարձնի։


«Իսկ եթե չար ծառան իր մտքում ասի» (Մատթ. ԻԴ 48)։

Ապա եթե ծառան իմաստուն և հավատարիմ չէ, այլ` չար ու հիմար, և անում է չարություն ու հիմարություն, Տերը գալով երկուսի համար էլ կհատուցի նրան։

« Ժ   |   ԺԲ »
© Gratun.org