Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

ԺԲ

«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի» (Մատթ. ԻԵ 1)։

Տասը կույսերը մեր տասը զգայարաններն են` հինգը հոգևոր և հինգը մարմնավոր։ Եվ մարմնավորներն են՝ տեսանելիքը, լսելիքը, հոտոտելիքը, ճաշակելիքը և շոշափելիքը։ Նույն օրինակով և հոգեղենը։

Արդ ասաց. «Ով ինձ տեսավ, տեսավ իմ Հորը» (Հովհ. ԺԴ 9)։ Մարմնավոր աչքերով նաև հրեաները տեսան Քրիստոսին, բայց Հորը չտեսան, ապա ուրեմն հոգու տեսողության մասին է ասում։ Նույնպես և լսելը, հոտոտելը, ճաշակելը և շոշափելը։

Արդ, ով հոգու զգայարաններին է ծառայեցնում մարմնական զգայարանները, ըստ խոսքի. «Տասնալար նվագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ» (Սաղմ. ՃԽԳ 9), այնպիսին իմաստուն է, քանի որ հինգ իմաստուն զգայություններով է առաջնորդվում, իսկ ով միայն մարմնավոր զգայություններով է առաջնորդվում, այնպիսին հիմար է, քանզի ոչնչով չի զանազանվում անասուններից։

Սրանք էլ լամպեր ունեին, ինչպես իմաստունները, որովհետև ամենքն էլ հավասարապես հոգի ունեն։


«Հիմարներն առան իրենց լապտերները, բայց իրենց հետ ձեթ չվերցրին» (Մատթ. ԻԵ 3)։

Ձեթն առաքելական և մարգարեական խոսքն է։ Հիմարները չունեին այսպիսի ձեթի առատություն՝ հեղված իրենց հոգիներում, և երբ փեսան ուշացավ, ամենքն էլ ննջեցին։ Քրիստոս տակավին ներում է և դանդաղում է մեզանից յուրաքանչյուրին դատել։ Ննջում են բոլորը, քանզի դեռ աշխարհում են։


«Եվ կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա՛ փեսան գալիս է, եկե՛ք» (Մատթ. ԻԵ 6)։

Երբ բոլորը ննջեն, հրեշտակները բարձր ձայնով կկանչեն ննջեցյալներին, և բոլորը հարություն կառնեն։ «Պատրաստները»՝ հոգևոր զգայարաններով ապրածները, Հիսուսի հետ կմտնեն արքայություն, իսկ հիմարներն արքայությունից կարտաքսվեն։


«Եվ իմաստունները պատասխանեցին և ասացին. «Գուցե ձեզ և մեզ բավական չի լինի» (Մատթ. ԻԵ 9)։

Երբ ժամանակն էր ուսանելու, չուսանեցինք։ Արդ, վարդապետելու ժամանակն անցել է, ոչ մենք ունենք հնարավորություն ձեզ ուսուցանելու, և ոչ դուք՝ ուսանելու։

Սա նաև կարելի է այսպես հասկանալ. ծերության վերջին շրջանում կամ հիվանդության ժամանակ, եթե մեկը կամենա չառաջնորդվել մարմնավոր զգայարաններով, չի կարողանալու։ Անգամ եթե վերջում կամենա ուսանել և ապրել ըստ հոգևոր զգայարանների, կարող է հանկարծակի վրա հասնել վախճանը, ինչպես և առակն է ցույց տալիս, թե ինչպես դուռ կփակվի նրա վրա։


«Քանզի ինչպես մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց տվեց. մեկին տվեց հինգ քանքար, մյուսին՝ երկու և մի ուրիշին՝ մի» (Մատթ. ԻԵ 14-15)։

Տաղանդը կշռի միավոր է, ինչպես լիտրը, մնասը և այլն, որն առաջին թարգմանիչները անվանեցին քանքար։ Մարդը, որ տվեց քանքարը, Քրիստոսն է, ինչպես ուսուցանում է Աստվածային խոսքը. «Իմ արծաթը ընտիր ու փորձված է, յոթնապատիկ մաքրված ու զտված հողից» (հմմտ. Սաղմ. ԺԱ 7)։ «Եվ գնաց հեռու երկիր»՝ երկրից դեպի երկինք։

Բայց ինչո՞ւ է ասվում հինգ, երկու և մի։ Ով հինգը վերցրեց, ըստ Սողոմոնի[1], ճշմարտապես ճանաչեց աստվածային գրերի վեհագույն միտքը, Պողոսի ասած` աստվածային հինգ զգայարաններով։ Արդ, վարժ զգայարաններով կարողացան այնտեղ տեսնել աներևույթը, որը աշխարհի սկզբից արարածների միջոցով ճանաչվեց (հմմտ. Հռոմ. Ա 20), նաև այլոց ամեն ինչ ուսուցանեցին աստվածային վարդապետությամբ։

Իսկ ով երկուսը ստացավ, սրան ոչ միայն գիր տրվեց, այլև աստվածային գրերի զորությունը, թեև ոչ այնպես կատարյալ, ինչպես որ հինգը ստացողինը։ Այսպիսին նախ քննելով Աստծու արարածների տեսակները և նրանց նյութը` սրանցից բարձրանում է դեպի տեսակների ու նյութի Արարիչը՝ բոլոր արարածների Անդրանիկը, և ուսուցանելով նաև այլոց՝ երկուսը կրկնապատկում է։

Իսկ ով մեկն առավ, այսինքն` միայն գիրը, և այլոց չուսուցանեց, այլ թաքցրեց իր սրտի խորքում, ինչպես հրեաները, որոնցից ծածկվեց գրվածի իմաստը, մինչդեռ պարտավոր էր տալ սեղանավորներին` հմուտ վարդապետներին, ովքեր ունեին բարի վարդապետությունը, և նրանցից ուսանելով գրվածքի իմաստը` նաև այլոց ուսուցաներ։ Արդ, քանի որ չարեց այն, ինչ պարտավոր էր անել, ելավ արտաքին խավարը։

Եվ եթե զարմանում ես, որ Աստծու խոսքը չուսուցանելու համար այսպիսի պատուհաս է լինում, լսի՛ր Պողոսին. «Վա՜յ է ինձ, եթե չավետարանեմ» (Ա Կորնթ. Թ 16)։ Արտաքին խավարը հոգեվիճակ է, երբ հոգին ամբողջապես խավարած է դառն տրտմությամբ, և չկա աստվածային լույսի այցելություն։ Նաև Փիլոն Եբրայեցին, մովսիսական գրվածքները մեկնաբանելով, ասում է. «Խավարը, որ անդունդների վրա է, բոլոր աշխարհից դուրս է» (տե՛ս Ծննդ. Ա 2)։ Եվ տես, որ աշխարհի անարժանները արտաքսվում են ամբողջ աշխարհից և ոչ միայն Աստծու դրախտից։

« ԺԱ   |   ԺԳ »
© Gratun.org