Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

ԺԳ

«Այն ժամանակ Հիսուս նրանց հետ եկավ մի գյուղ, որի անունը Գեթսեմանի էր» (Մատթ. ԻԶ 36)։

Գեթսեմանի թարգմանվում է պարարտության ձոր։


«Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տրտում է մինչև ի մահ» (Մատթ. ԻԶ 38)։

Եվ քիչ հետո ասում է։ «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպես ես եմ կամենում, այլ՝ ինչպես դու» (Մատթ. ԻԶ 39)։

Սկսեց տրտմել, տանջվել և աղոթել, որ եթե հնարավոր է, բաժակը հեռացվեր Իրենից։ Ո՜վ Փրկիչ, Աստծու Միածին Որդի՛, նախապես ասացիր, թե Մարդու Որդին մատնվելու է մեղավորների ձեռքը, խաչն է ելնելու և երրորդ օրը հարություն է առնելու, և ինչպե՞ս կարելի է «բաժակը հեռացնել» և սուտ հանել խոսքերը։ Այո, -ասաց, -որպես ճշմարիտ մարդ տրտմում, տանջվում և աղոթում եմ Իմ Հորը, քանզի գիտեմ, թե Իմ արյան համար վրեժխնդրություն է լինելու՝ տաճարի կործանում և քաղաքի հրկիզում և բյուրավոր մարդկանց կոտորում. ոմանց՝ սովով, ոմանց՝ սրով և ուրիշներին՝ գերության քշելով, որը եղավ Հռոմի Վեսպասիանոս կայսեր կողմից։ Բայց թող լինի ոչ թե Իմ կամքը, այլ` Հոր, որպեսզի նրանց անհավատությամբ հեթանոսներին փրկություն լինի, և Ի՜մ մահով ամենքը փրկվեն մահվանից։


«Այն ժամանակ կատարվեց, ինչ ասվել էր Երեմիա մարգարեի բերանով. «Եվ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից, և տրվեց բրուտի ագարակի համար, ինչպես Տերը ինձ հրամայել էր» (Մատթ. ԻԷ 9-10)։

Երեմիայի կողմից ասվածը հայտնապես չգտանք, իսկ Զաքարիայի մարգարեության մեջ այսպես է ասվում. «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ եթե՝ ոչ ասացե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»։

Տերն ինձ ասաց. «Դու բովի մեջ գցիր դա, քննի՛ր, թե այն փորձվա՞ծ է արդյոք այնպես, ինչպես ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար»։ Ես վերցրի երեսուն արծաթը և Տիրոջ տանը գցեցի բովի մեջ (Զաք. ԺԱ 12-13)։


«Մերկացրին նրան և նրա վրա կարմիր վերնազգեստ գցեցին։ Եվ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին» (Մատթ. ԻԷ 28)։

Հանեցին և՛ անկար պատմուճանը, և՛ նրա հանդերձները, ինչպես և Հովհաննեսն է ասում. «Եվ նրան ծիրանի զգեստ հագցրին»՝ կարմիր քղամիդ (Հովհ. ԺԹ 2)։ Քանի որ վերնազգեստը արյան գույնով էր ներկված, դրա համար էլ հագցրին, թեև չգիտեին, թե աշխարհի արյունը վերցրեց մարդկանց փրկության համար։ Եվ փշերից պսակ գործելով՝ դրեցին Նրա գլխին, Ով Իր գլխով կրեց աշխարհի հոգսն ու փուշը։


«Եղեգը տվեցին նրա աջ ձեռքին» (Մատթ. ԻԷ 29)։

«Եղեգը» խորհրդանշում է տկարությունը, որը վերցնելով Իր ձեռքը՝ վերցրեց մեր տկարությունը և մեզ պարգևեց Իր արքայության զորության գավազանը։


«Եվ դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդ՝ Սիմոն անունով» (Մատթ. ԻԷ 32)։

Ե՛վ Մարկոսը, և՛ Ղուկասը ասում են, թե Սիմոն Կյուրենացին էր վերցրել Հիսուսի խաչը։ Իսկ Հովհաննեսն ասաց՝ «Խաչափայտը Նա Ինքն էր վերցրել» (Հովհ. ԺԹ 17)։ Երկուսն էլ հնարավոր է, որ լինի. նախ` Ինքն է վերցնում խաչը, իսկ հետո, Սիմոնը հայտնվելով` Նրան սպասավորում է, և ո՛չ պատահաբար, այլ` Աստծու կամքով. որպեսզի ծառայություն մատուցի Քրիստոսի խաչին։


«Վեցերորդ ժամից խավար եղավ երկրի վրա մինչև իններորդ ժամը» (Մատթ. ԻԷ 45)։

Մարկոսը նաև ժամն է ասում, թե երբ խաչվեց, և թե երբ խավար եղավ, ինչպես որ` Մատթեոսը։ Ղուկաս ժամի մասին չի ասում, այլ միայն` արեգակի խավարման (հմմտ. Ամովս Ը 9)։

Եվ ինչպե՞ս էր հնարավոր լուսնի լրման ժամանակ արեգակի խավարում, քանզի զատիկը լուսնի լրմանն էր լինում` տասնչորսերորդ օրը, բայց թերևս Արարչի չարչարանքների պատճառով փառավոր հրաշք եղավ, և արեգակը խավարեց բնական օրենքներից դուրս։

Իսկ Հովհաննեսը ո՛չ խաչելության ժամն է ասում, ո՛չ էլ խավարի մասին է հիշում։


«Եվ իններորդ ժամին Հիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. ԻԷ 46)։

Եվ ինչո՞ւ թողեց` կհարցնի մեկը։ Բայց կարծում եմ այսպես պետք է հասկանալ։ Ձայնով գոչեց, թե` Հայրը կամենում է Ինձ թողնել, որպեսզի մարգարեներից հետո Նրա դեմ այսչափ մեղանչած ժողովուրդն արժանապես մեկուսացվի լույսից և լինի խավարի մեջ, և Նրա պատվական արյունը հեղվի հեթանոսների համար։


«Եվ ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան ու Նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով՝ մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին» (Մատթ. ԻԷ 52-53)։

«Սուրբ քաղաք» անվանում է վերին Երուսաղեմը, ինչպես բացատրեց նախկին մեկնիչներից մեկը։ Բայց ինձ թվում է, թե «շատերին երևացին» ասելով՝ այս երկրավոր Երուսաղեմը նկատի ունի։

Բայց ինչո՞ւ սրբերը Նրա հարությունից հետո միայն մտան սուրբ քաղաքը։ Որովհետև, նախ հարկ էր` մեռելներից Անդրանիկն երևար շատերին, ապա` մյուսները, որոնք կերպարանակից եղան Նրա մահվանն ու հարությանը։

« ԺԲ   |   ԺԴ »
© Gratun.org