Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մատթեոսի

ԺԴ

Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու» (Մատթ. ԻԸ 1)։

Թե ո՞ր ժամին հարություն առավ` ամենքին էլ անհայտ է։ Մատթեոսն ասում է. «Շաբաթ երեկոյան, երբ կիրակին լուսանում էր», իսկ Հովհաննեսի ասելով՝ «Մարիամ Մագդաղենացին առավոտյան արշալույսին է գերեզման գալիս»։ Ղուկասը հաստատապես ասաց՝ «կիրակի օրը՝ առավոտյան շատ վաղ», Մարկոսն էլ ասաց նույնը, ինչ որ Ղուկասը (տե՛ս Հովհ. Ի 1, Ղուկաս, ԻԴ 1, Մարկոս, ԺԶ 2)։

Այն հարցին, թե ինչո՞ւ ավետարանիչները զանազան ժամեր ասացին, որոշ մեկնիչներ ինչ-ինչ պատճառներ բերելով` պատասխանեցին այս հարցին, իսկ ես այսպես գիտեմ, թե Քրիստոսի նախախնամության և մարդասիրության շնորհիվ այսպես եղավ, քանզի եթե բոլորին էլ նույնն ասեին, ապա հերձվածողներից և հեթանոսներից ոմանք կասեին, թե ամենքը միաբանվեցին և այդ պատճառով նույնը հայտնեցին։ Թվում է՝ այդ իսկ պատճառով ավետարանիչների խոսքերը մի փոքր զանազանվեցին։ Արդ, նրանց զանազանությունը մի կողմ թողնելով՝ անցնենք առաջ։


«Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա» (Մատթ. ԻԸ 2) և այլն։

Գրված է, որ խաչելության ժամանակ երկրաշարժ եղավ (տե՛ս Մատթ. ԻԷ 51), բայց` ոչ մեծ, ապա՝ մեծ երկրաշարժ, քանի որ հարությունը մեծ և սքանչելագույն է, քան խաչելությունը։


«Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20)

«Առաքյալների հետ մինչև աշխարհի վախճանը» լինելը այդ ե՞րբ եղավ, քանզի այն ժամանակ բոլորը վախճանվեցին։ Այս մասին պետք է ասել, որ [խոսքը] ոչ միայն առաքյալներին է ուղղված, այլև նրանց աշակերտած բոլոր քրիստոնյաներին։ Փառք Քրիստոս Աստծուն. ամեն։


ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Մատթեոսի սուրբ Ավետարանի մեկնությունը կատարվեց Սուրբ Հոգով։

« ԺԳ   |   ԺԵ »
© Gratun.org