Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Ղուկասի

ԺԶ

«Քանի որ շատերը ձեռնարկեցին գրել պատմությունը» (Ղուկ. Ա 1)։

Քանի որ շատերն էին խոստանում մարգարեություն գրել. և ոմանք ճշմարտությամբ էին գրում, իսկ ոմանք էլ՝ ստությամբ, ինչպես Անանիան՝ Ազարի որդին [ստությամբ մարգարեացավ] (տե՛ս Երեմ. ԻԸ 15-17), այնպես էլ ներկայումս շատերը ավետարան գրեցին, ոմանք՝ ստությամբ և ոմանք՝ ճշմարտությամբ։


«Ովքեր սկզբից Խոսքի ականատեսներն ու սպսասավորները եղան» (Ղուկ. Ա 2)։

Բանի ականատեսները նրանք էին, ովքեր Քրիստոսի խոսքերն էին գրում, իսկ սպասավորները՝ ովքեր Նրա գործերն էին գործում։ «Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Նրա առջևից» (Ղուկ. Ա 17)։

Եղիա նշանակում է համբարձված, Հովհաննես՝ Տիրոջ առջևից ընթացող։ «Եղիայի շնորհով և զորությամբ», այսինքն՝ Սուրբ Հոգով, և ո՛չ թե Եղիայի հոգով, որպեսզի չկարծես, թե մարմնից մարմին մարդկանց հոգիների փոխադրում կա, ինչպես ոմանք ցնորվելով այդպես ասացին[1]։


«Որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի» (Ղուկ. Ա 17)։

Ո՞ր հայրերի որդիների մասին է ասում։ Հայր էր Աբրահամը, և նրա սիրտը դեռևս դարձած չէր դեպի մեզ, իսկ երբ նրա գործերը կատարենք, այն ժամանակ նրա սիրտը կդառնա դեպի մեզ և իրեն որդիներ կդարձնի։


«Եվ խնդրելով տախտակ՝ գրեց. «Թող դրա անունը Հովհաննես լինի» (Ղուկ. Ա 63)։

Հովհաննես թարգմանվում է Աստծու շնորհ և Աստծու ձայն, իսկ Զաքարիա՝ Աստծու հիշողություն, Եղիսաբեթ՝ Աստծու յոթներորդ։ Արդ՝ Աստծու շնորհը Աստծու հիշողությունից ծնեց Հովհաննեսին Հին Կտակարանի յոթնյակի ավարտին։


«Եվ քո իսկ հոգու միջով սուր պիտի անցնի» (Ղուկ. Բ 35)։

Մարգարեացավ Մարիամի գայթակղվելու մասին Քրիստոսի խաչվելու ժամանակ, ինչպես և առաքյալների, ովքեր թողեցին նրան ու փախան, գայթակղվելով այն մտքից, թե Նա Աստծու Որդին չէր։


«Որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. Բ 35)։

Որպեսզի չմնան գաղտնի, այլ հայտնի դառնալով՝ կորչեն բոլոր գայթակղությունները։


«Իսկ մանուկն աճում և զորանում էր հոգով և իմաստությամբ լցված»[2] (Ղուկ. Բ 52)։

Որպես մարդն է աճում ու զորանում հոգով և իմաստությամբ լցված։


«Եվ Ինքը Հիսուս շուրջ երեսուն տարեկան էր, և ինչպես կարծվում էր, որդին էր Հովսեփի, և սա՝ Հեղիի, [և սա]՝ Մատաթեի» (Ղուկ. Գ 23)։

Մատթեոսը Հակոբին է անվանում Հովսեփի հայր, իսկ Ղուկասը՝ Հեղիին։ Արդ, ասվում է, թե Հովսեփը երկուսին էլ որդի էր, Հակոբին՝ բնությամբ և Հեղիին՝ որդեգրությամբ։

Հեղին և Հակոբը եղբայրներ էին ոչ թե մի հորից, այլ` մի մորից։ Եվ Հեղիի անզավակ վախճանվելուց հետո, Հեղիի կնոջն առավ Հակոբը, որպեսզի իր եղբորը զավակ հասցնի՝ ըստ Մովսեսի հրամանի։ Արդ, Հակոբը, առնելով իր եղբոր՝ Հեղիի կնոջը, ծնեց Հովսեփին։ Արդ, Հովսեփը Հակոբի որդին է բնությամբ և Հեղիի՝ ըստ Մովսեսի հրամանի։ Եվ Մատթեոսը ազգահամարի կարգը գրելիս, հոր անունն ասում է ըստ բնության, իսկ Ղուկասը՝ համաձայն Մովսեսի օրենքների։ Եվ վերջից սկսելով՝ ազգաբանությունը հասցնում է Հովսեփից մինչև Դավիթ, ապա Աբրահամից՝ Ադամին և Աստծուն։


«Եվ Ինքն շրջում էր քաղաքներում և գյուղերում՝ քարոզելու և ավետարանելու Աստծու արքայությունը» (Ղուկ. Ը 1)։

Գյուղերում շրջելը, քարոզելն ու ուսուցանելը ցույց են տալիս անտունների, աղքատների և տառապյալների նկատմամբ Նրա մարդասիրությունը։


«Ո՛չ ոք ճրագը վառելով այն չի թաքցնի անոթի տակ կամ մահիճի տակ չի դնի, այլ աշտանակի վրա, որպեսզի ովքեր մտնեն, լույսը տեսնեն» (Ղուկ. Ը 16)։

Սա ասում է ոչ թե տեսանելի ճրագի մասին, այլ` իմանալի Բանի ուղիղ վարդապետության, որը չի թաքցվում որևէ անոթի կամ մարմնի տակ, այլ դրվում է իր աշտանակի վրա։ Տան անոթը հոգու զորություններն են, մահիճը՝ մարմինը։ Ներս մտնողները, ճշմարիտ լույսի` Բանի վարդապետության լսողներն են։


«Ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, նրանից կվերցվի» (Ղուկ. Ը 18)։

Նա, ով որ ունի ճրագը և դնում է աշտանակի վրա, նրան կտրվի գաղտնին ու անհայտը, իսկ ով չի վառում և չի դնում աշտանակի վրա, թեև կարծում է` ինչ-որ բան գիտի, հանդիմանվելով կզրկվի, որպեսզի ստությամբ չուսուցանի։


«Եվ պատմեցին նրան ու ասացին. «Քո մայրը և Քո եղբայրները կանգնել են դրսում» (Ղուկ. Ը 20)։

Գուցե «մայրը և եղբայրները» խորհրդանշում են Հին կտակարանի ժողովարանը, որը չընդունեց Քրիստոսի խոսքը։ Իսկ եթե Մարիամի և եղբայրների՝ Հովսեփի որդիների մասին էր խոսքը, ինչո՞ւ էր ասում. «Իմ մայրը և եղբայրները նրանք են, ովքեր լսում են Իմ խոսքը և կատարում»։ Մի՞թե մայրը և եղբայրները չէին լսում ու կատարում Նրա խոսքը։

«Եվ նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք» (Ղուկ. Ը 22) և այլն։

Ծովակը մեր կյանքի ալիքներն են, իսկ մրրիկը` նրանք, ովքեր ալեկոծվում են սուտանուն գիտության ամեն խոսքից։

« ԺԵ   |   ԺԷ »
© Gratun.org