Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Ղուկասի

ԺԷ

«Եվ երբ աշխարհից Նրա վերանալու օրերը լրանում էին» (Ղուկ. Թ 51)։

Նրա՝ իմաստությամբ, հասակով և շնորհով հասունանալու հետ մեկտեղ լրանում էին Նրա վերանալու օրերը։


«Եվ մինչդեռ նրանք գնում էին ճանապարհով, մեկը Նրան ասաց. «Տե՛ր, կգամ Քո ետևից, ուր էլ գնաս»։ Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի» (Ղուկ. Թ 57)։

Ինչպես Մատթեոսն է ասում, ասողը դպիրներից էր, թե. «Քո ետևից կգամ» (Մատթ. Ը 19), իսկ դպիրներին ասվեց. «Վա՜յ ձեզ, դպիրներիդ և փարիսեցիներիդ» (Մատթ. ԻԳ 13)։ Այդ իսկ պատճառով ասաց` դպիրները աներևույթ աղվեսների և թռչունների որջ և բնակավայր են. Մարդու Որդին քո և քեզ նմանների մեջ Իր գլուխը դնելու տեղ չունի։


«Եվ Նա ասաց. «Թող ինձ նախ գնալ թաղել իմ հորը» (Ղուկ. Թ 59)։

Այս մասին ասվեց Մատթեոսի ավետարանի մեկնությունում, թե մեռյալ անվանեց նրանց, ովքեր մեղքերով են մեռած, թեպետ հոգի– ները մարմիններից դեռևս չեն ելել։


«Մեկ ուրիշն էլ նրան ասաց. «Քո ետևից կգամ, Տե՛ր, բայց նախ հրամայիր հրաժեշտ տամ իմ տանը»։ Հիսուս նրան ասաց. «Ոչ ոք իր ձեռքը մաճի վրա չի դնի և ապա ետ նայի, եթե շահեկան է երկնքի արքայությունը» (Ղուկ. Թ 61-62)։

Ինչպես մեկը, որ կամենա վարել և թողնի վարը` անպիտան է, որովհետև պտղին չի հասնի, այնպես էլ ով սկսում է առաքինություն գործել և ապա հետ է դառնում, նա անպիտան է և չի շահի երկնքի արքայությունը։

«Այնուհետև Տերը ընտրեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս» (Ղուկ. Ժ 1)։

Նախ` ընտրեց տասներկուսին, որպեսզի դատավորներ լինեն՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար, այնուհետև` յոթանասուներկուսին, որպեսզի դատեն հեթանոսների յոթանասուներկու ազգերը, որովհետև ջրհեղեղից հետո Նոյի որդիներից յոթանասուներկու ազգեր սփռվեցին բոլոր մայրցամաքների և կղզիների վրա։


«Հունձը առատ է» (Ղուկ. Ժ 2)։

Այս մասին արդեն ասվել է Մատթեոսի ավետարանի մեկնությունում։


«Ճանապարհին ոչ ոքի ողջույն մի՛ տվեք» (Ղուկ. Ժ 4)։

Ձեր քարոզության ճանապարհին ողջույն մի՛ տվեք անպիտաններին և անարժաններին, այլ ձեր ողջույնը պահեք արժանավորներին ողջունելու և խաղաղություն մաղթելու համար։


«Քաղաքը որ մտնեք և ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացե՛ք. «Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թոթափում ենք ձեզ վրա» (Ղուկ. Ժ 10-11)

Մատթեոսը ա՛յլ կերպ է ասում. «Քաղաքից ելնելիս ձեր ոտքերի փոշին թոթափեցեք» (Մատթ. Ժ 14), իսկ Ղուկասն ասում է. «Նրա հրապարակներում ասացեք. ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին թոթափում ենք ձեզ վրա», որովհետև չընդունեցիք մեր քարոզությունը։ Արդ, անպարտ ենք։ Ձեզ վրա եղած փոշին՝ ձեր քաղաքի վարդապետների մեղքն ու անիրավությունը, մեզանից թոթափում ենք ձեզ վրա։

Իսկ Մատթեոսի ասածը, ինձ թվում է, հետևյալ նշանակությունը ունի. ոտքը խորհրդանշում է հոգու ամենաթույլ և ամենատկար զորությունը, ուստի և Քրիստոս աշակերտների ոտքերն էր լվանում և ոչ թե ձեռքերն ու գլուխը։ Հետևաբար ասում է` երբ ելնեք քաղաքից, ուր ձեզ չընդունեցին, նրանց աղտը, որ կպել է ձեր ամենավատթար և տկար անդամներին՝ ոտքերին, թոթափեցեք նրանց վրա և զերծ մնացեք նրանց կերակուրներից և հակառակության ու տրտմության այլ գործերից, որպեսզի ամբողջովին սրբված ելնեք, և նրանք` որպես անարժաններ, չօգտվեն։


«Ամեն ինչ Ինձ տրվեց իմ Հորից. և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, եթե ոչ՝ Հայրը, և թե ո՛վ է Հայրը, եթե ոչ՝ Որդին» (Ղուկ. Ժ 22)։

Այստեղ հանդիմանում է Մարկեոնին[1], ով ասաց. «Երկու երկինքները պատկանում են միայն Որդուն և ոչ՝ Հորը»։ Սակայն եթե չէին պատկանում Հորը, ինչպես տրվեց Որդուն, ըստ խոսքի. «Տրվեց ինձ իմ Հորից»։ Ուստի ոմանք Աստծու մասին կարծեցին, թե Արարիչն է Տիրոջ ու Դատավորի, և ո՛չ թե Հայրը։ Այդ իսկ պատճառով մերժելով

նրանց կարծիքը՝ ասաց. «Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից. և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, բայց միայն Հայրը, և ում Հայրը կհայտնի, և ոչ ոք չգիտե Հորը, բայց միայն Որդին, և ում Որդին կկամենա հայտնել»։


«Հիսուս պատասխանելով ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը» (Ղուկ. Ժ 30) և այլն։

Մարդը, որ իջնում էր Երուսաղեմից Երիքով, Ադամն է և նրա նման հանցանք գործած բոլոր մեղավորները։ Իսկ Երուսաղեմը դրախտն է, որից արտաքսվեցին։ Երիքովը աշխարհն է, ուր գնում էր` ելնելով դրախտից։ Ավազակները սատանան է և նրա գնդերը։ Մերկությունը՝ փառքից և անմահությունից զրկվելն է, վերքերը՝ մեղքն ու բոլոր հանցանքները։ «Թողեց կիսամահ»՝ քանզի մեղքերով վիրավորվելու պատճառով կիսամահ էր։

«Կիսամահ»՝ նրա համար, որպեսզի «սամարացու», այսինքն՝ Փրկչի, գալստյան ժամանակ վերստին կենդանանալու ակնկալությունը ունենա։ Քահանան և ղևտացին մարգարեներն են, ինչպես թվում է ինձ, և վարդապետները, որոնք Քրիստոսից առաջ էին։ «Սամարացին» Քրիստոսն է։ «Սամարացի կոչվեց և դիվահար, -ասում է Գրիգորը[2], -բայց փրկեց նրան, ով իջնում էր Երուսաղեմից Երիքով և ընկավ ավազակների ձեռքը»։ «Ձեթը» ողորմությունն է, որ հեղեց նրա վրա։ «Գինին» ուրախությունն է, որ ընծայվեց` ի նշան ավազակներից փրկվելու։

«Գրաստը», որի վրա դրեց խոշտանգվածին, Իր մարմինն է, որով վերացրեց աշխարհի մեղքերը։ «Պանդոկն» Աստծու Եկեղեցին է, իսկ «պանդոկապետն» առաքյալներն են և Եկեղեցու վարդապետները։ «Երկու դահեկանները» Հին ու Նոր Կտակարաններն են։ Սամարացու «երկրորդ անգամ դարձը» Քրիստոսի երկրորդ գալուստն է, երբ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իր գործերի, առաքյալներին և այլ վարդապետներին՝ արքայության պսակը, քանզի տքնեցին և վաստակած ճգնությամբ Ադամի որդիներին դարձրին դեպի բարեպաշտություն։


«Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուս մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին Նրան ընդունեց իր տան մեջ։ Նրա քույր Մարիամը նստեց Հիսուսի ոտքերի առաջ և լսում էր Նրա վարդապետությունը. իսկ Մարթան սպասավորելու պատճառով խիստ զբաղված էր» (Ղուկ. Ժ 38-40)։

Մարթան խորհրդանիշն է գործնական բարեպաշտության, իսկ Մարիամը՝ հոգևոր։ Եվ երկուսն էլ լրացնում են միմյանց։ Այսինքն՝ հոգևորը կատարյալ չէ առանց գործնականի, և ոչ էլ գործնականը առանց հոգևորի։ Այդ իսկ պատճառով Ղուկաս ավետարանիչը Գործք Առաքելոցում ասում է. «Սկսեց Հիսուս գործել և ուսուցանել» (Գործք Ա 1)։ Մարթան խորհրդանիշն է նրա, ով իր տան՝ հոգու մեջ, ընդունում է Քրիստոսին բարեպաշտության գործերով ու ջանքերով, իսկ Մարիամը՝ հոգով։

Հնարավոր է նաև` Մարթան հրեա ժողովրդի խորհրդանիշն է, որը այժմ էլ ճգնում է տառի վրա, որը սպանում է, իսկ Հոգին, որ ապրեցնում է, չի ընդունում և փնտրում։ Իսկ Մարիամը հեթանոսաց Եկեղեցու խորհրդանիշն է, որ թողնելով և արհամարհելով աստվածային գրքերի տերևը՝ տառը, (տե՛ս Մատթ. ԻԱ 19) ընտրում է պտուղը՝ գեղեցիկ բաժինը, ըստ խոսքի. «Ինչո՞ւ ես հոգ տանում և աշխատում շատ բաների վրա, մինչդեռ մե՛կ բան է պետք» (Ղուկ. Ժ 41)։ Այսինքն՝ ինչո՞ւ ես ջանում և աշխատում բազում օրենքների և պատվիրանների վրա, մինչդեռ մե՛կ բան է պետք, որից կախված են և որով կատարվում են բոլոր օրենքներն ու պատվիրանները (տե՛ս Մատթ. ԻԲ 40). «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (հմմտ. Ղուկ. Ժ 27)։ Նաև կարելի է այսպես կարծել. Մարթան նրանք են, ովքեր Քրիստոսին ընդունեցին իրենց տանը՝ իրենց հոգիների մեջ, սակայն դեռևս հրեաբար ապրում են հին խմորից չձերբազատված, իսկ Մարիամը վերինն է խնդրում և ոչ երկրայինը։


«Եվ Հիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. սիրելի՛, ինձ երեք հաց փոխ տո՛ւր, որովհետև իմ սիրելին ճանապարհորդությունից եկավ ինձ մոտ» (Ղուկ. ԺԱ 5-6)։

Հիսուսի աշակերտների սիրելին ու բարեկամը Հայր Աստված է և Քրիստոս՝ Աստծու Որդին, «կեսգիշերը»՝ կարճ կյանքի ընթացքը, որի ժամանակ մտնում է ոչնչացնողը (հմմտ. Ելք ԺԲ 23), քննելով կենաց խոսքը...[3]։

...Այսպիսի զորությունները թեև անարգվում են անպիտաններից և վաճառվում երկու դահեկանի՝ հիմարությամբ և լրբությամբ, սակայն նրանցից ոչ մեկը Աստծուց մոռացված չէ[4]։


«Նայեցե՛ք ագռավներին, որոնք ո՛չ սերմանում են և ո՛չ հնձում» (Ղուկ. ԺԲ 24)։

Հարյուր քառասունվեցերորդ Սաղմոսում ասվեց. «Նա, որ ուտելիք է տալիս բոլոր անասուններին, ագռավի ձագերին, որոնք դիմում են Իրեն», (Սաղմ. ՃԽԶ 9) նաև Հոբի գրքում է ասվում՝ «Ո՞վ է ագռավների համար կերակուր պատրաստել» (Հոբ. ԼԸ 41)։

Ագռավի ձագերի մասին պատմությունը հետևյալն է. երբ ձագերը դուրս են գալիս ձվերից, հայրն ու մայրը հեռանում են` մոռանալով ձագերին։ Ծնողների մոռանալու և նրանց չկերակրելու ժամանակ Աստծու բազում խնամակալությամբ ձագերի կտուցի շուրջբոլորը խոնավություն է գոյանում, որից որդեր են ծնվում ու հավաքվում նեխած խոնավության մեջ, նաև այլ շնչավորներ՝ ճանճեր, մժեղներ ու բազում այսպիսիներ։ Եվ բոլոր ձագերն էլ ճանճերով են կերակրվում, մինչև կարողանան թռչել և որսալ իրենց կերակուրը։ Այսքանը՝ այդ պատմության մասին։ Ագռավ և ագռավի ձագեր ասելով՝ ակնարկում է [այն] մեղավորներին, ովքեր իրենց ողջ սրտով աղաղակում են Տիրոջը, և Տերը տալիս է նրանց հոգու կերակուրը։


«Եվ թող ձեր մեջքները լինեն գոտեպնդված, և ճրագներդ վառված՝ ձեր ձեռքերում» (Ղուկ. ԺԲ 35)։

Ովքեր սրբությամբ և զգաստությամբ են ապրում, նրանց մեջքերը «գոտեպնդված» են։ Ու քանի որ այս կյանքը գիշեր է` ճրագի անհրաժեշտություն կա, իսկ «ճրագը» մեր միտքն է՝ հոգու աչքը։


«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց» (Ղուկ. ԺԲ 37)։

Համաձայն ասվածի՝ «Զորություն հագավ Տերն ու գոտևորվեց» (Սաղմ. ՂԲ 1), նաև՝ «Իր մեջքը գոտևորելով արդարությամբ» (Եսայի ԺԱ 5), որով յուրաքանչյուրին ըստ արժանիքների կնստեցնի և ըստ արժանիքների կսպասավորի։


«Եվ կանցնի, -ասում է, - նրանց սպասավորելու» (Ղուկ. ԺԲ 37)։

Տերը, զանց առնելով մարմնավոր արթնությունը, սպասավորում է այնպիսիններին, որոնք հոգևոր արթնության մեջ են։


«Եթե երկրորդ կամ երրորդ պահին գա» (Ղուկ. ԺԲ 38)։

Մարդու կյանքի առաջին և երկրորդ պահը մանկության և երիտասարդության հասակն է, երրորդը՝ ծերունական։ Արդ, հրամայում է արթուն լինել ամեն հասակում, որպեսզի արժանի լինենք բազմելու և սպասավորվելու Տիրոջ կողմից։


«Եվ Տերն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր Տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց» (Ղուկ. ԺԲ 42)։

Սրբի պաշտամունքն ու հնազանդությունն այն է, որ սպասավորի և ծառայի Աստծուն, ինչպես որ Մովսեսն է կոչվում Աստծու ծառա և պաշտոնյա, քանզի Աստված տեսնում է1 իր ծառաներին։


«Նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում շատ է ավանդված, նրանից ավելին կպահանջվի» (Ղուկ. ԺԲ 48)։

Բոլորին հավասարապես տրված չէ և բոլորին հավասարապես ավանդված չէ։ Քրիստոսի կողմից տրվեց և ավանդվեց Պետրոսին ու Ղուկասին, բայց` ոչ հավասարապես, ուստի և ավելին կպահանջվի Պետրոսից։


«Երկրի վրա կրակ գցելու եկա. և ինչքա՜ն եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի։ Եվ մի մկրտություն ունեմ մկրտելու և ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի։ Կարծում եք, թե երկրին խաղաղությո՞ւն տալու եկա» (Ղուկ. ԺԲ 49)։

Սա այն խաղաղությունն է, որ հոգին ունի մարմնի մեջ։ Տերը հուր է գցում մարմինների մեջ՝ այն անվանելով երկիր, որպեսզի մոխրացնի մարմնի խորհուրդները և ոչնչացնի խոտը, փայտը և եղեգը՝ մարմնի վատթար խորհուրդներն ու մտքերը, քանզի ասում է՝ «Աստված ոչնչացնող կրակ է» (Բ Օր. Դ 24)։ Այս հուրը ներգործելով մեզ վրա՝ մեր ճրագները վառվում են, և մեր լապտերները չեն հանգչում։


«Որովետև մեկ տան մեջ այսուհետև հինգ հոգի իրարից բաժանված պիտի լինեն, երեքը՝ երկուսից, և երկուսը՝ երեքից» (Ղուկ. ԺԲ 52)։

Յուրաքանչյուր տան մեջ, այսինքն` մարմնի, հինգ զգայարաններ կան։ Եվ քանի դեռ հինգ զգայարանները չեն ընկալել վարդապետության խոսքը, միաբան են, իսկ երբ ընդունեն, այնժամ կմեկուսանան տեսողությունն ու լսողությունը մյուս երեքից՝ հոտոտելիքից, ճաշակելիքից և շոշափելիքից։

Երբ զգայարանները ընդունեն վարդապետի խոսքը, այնժամ երկու զգայարանները՝ տեսողությունն ու լսողությունը, որոնք իմաստասիրական են և բանական, կբաժանվեն մյուս երեքից, քանզի հոտոտելիքը, ճաշակելիքը և շոշափելիքը՝ ուսումնառության համար ոչնչով օգտակար չեն կարող լինել, այլ միայն մարմնի կազմության և հաստատության համար են։ Իսկ երկուսը՝ տեսողությունն ու լսողությունը, բաժանված են սրանցից և օգտակար են ոչ միայն ապրելու, այլև իմաստասիրությամբ ապրելու համար։ Քանի որ տեսողությամբ ճանաչելով երկինքը, աստղերի դիրքն ու դրանց կարգը և ամբողջ աշխարհը, զարմանում ենք Արարչի գործերի վրա։ Նույնպես և լսողությամբ ուսանում ենք ուղիղ վարդապետության խոսքը և ուսանելով` ուրիշներին ենք ուսուցանում։


«Հայրը պիտի բաժանվի որդուց, և որդին հորից» (Ղուկ. ԺԲ 53)։

Սա առանձին կարդա սկզբից[5]՝ չկապելով նախորդ մեկնության հետ[6]։ Սա այն է, որ ուսուցանում է հավատի բաժանումը անհավատությունից. «Հայրը բաժանվում է որդուց», բարի միտքը բաժանվում է վատթար խորհրդից՝ հավանության չարժանացնելով։ «Եվ որդին՝ հորից», որը չի թաղում մեռած հորը (տե՛ս Մատթ. Ը 21-22)։ «Մայրը՝ աղջկանից», չընդունելով իր անարժան ու անպիտան պտուղը։ «Աղջիկը՝ մորից»՝ նյութից, որին չի միավորվում հոգին։ «Սկեսուրը իր հարսից», որը անօրեն է գտնվել մարդու՝ հոգու հանդեպ, որ նման է մորը։ «Հարսը իր սկեսրոջից», որը հանցանքների պատճառով բաժանվեց հոգուց։

« ԺԶ   |   ԺԸ »
© Gratun.org