Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Ղուկասի

ԺԸ

«Եվ Հիսուս ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք պատրաստեց, և հրավիրեց շատերին։ Ընթրիքի ժամին իր ծառաներին ուղարկեց կանչելու հրավիրվածներին» (Ղուկ ԺԴ 16-17)։

«Ծառան» Քրիստոսն է, որովհետև բոլորին հրավիրելու և փրկելու համար ծառայի կերպարանք առնելով՝ ծառայեց Հորը, ու չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու (Մարկ. Ժ 45)։ Եվ ասաց՝ «Ես ձեր մեջ չեմ բազմած, այլ սպասավոր եմ» (հմմտ. Ղուկ. ԻԲ 27)։ Իսկ «ընթրիքի ժամը» առաջին գալուստն է։


«Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի...» (Ղուկ. ԺԴ 18)։

Չկամեցան գալ ընթրիքի նրանք, ովքեր գնեցին ագարակ, այսինքն` սովորեցին աստվածպաշտությանն օտար աղանդի ուսմունքը։ Այդպիսին կարիք ունի բարձրանալու և տեսնելու ագարակը, այսինքն՝ փորձելու և քննելու հավատի աղանդը, որը ձեռք բերեց։


«Եվ մյուսն ասաց. «Հինգ զույգ եզներ գնեցի, և գնում եմ դրանք փորձելու» (Ղուկ. ԺԴ 19)։

Հինգ զույգ ասվեց, որ թողած իմանալի և մտավոր զգայարանները, միայն մարմնավոր հինգ զգայարաններով է իմաստասիրում։


«Իսկ մյուսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ» (Ղուկ. ԺԴ 20)։

Ասաց կին եմ առել, այսինքն` ո՛չ թե իմանալի և հոգևոր իմաստություն, այլ` մարմնավոր, նաև այս աշխարհի զբաղմունքներն ու ցանկություններն են։


«Եվ ծառան գալով այն պատմեց իր տիրոջը» (Ղուկ. ԺԴ 21)։

Նա պատմում է Քրիստոսի ընթրիքից նրանց հրաժարվելու և աստվածային փրկությունից հրեաների հեռանալու մասին։


«Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները» (Ղուկ. ԺԴ 21)։

Սրանք բոլոր հեթանոսներն են։ Ովքեր «նստած» են` նրանք են, որ ընդարձակ ճանապարհով ընթացան և առանց վարդապետության և հավատի կյանք վարեցին. «ու փողոցները», որոնք երբեմն չարության ուղիներ են համարվում։ «Քաղաքը» երկրավոր աշխարհն է։ «Աղքատները, խեղանդամները, կաղերը, կույրերը» այս աշխարհի հիմարներն են։ «Աղքատներն» աստվածպաշտությունից աղքատացածներն են։ Նույն օրինակով իմացիր «խեղանդամների, կույրերի և կաղերի» վերաբերյալ. սրանք չէին տեսնում և չէին ընթանում ըստ ճշմարիտ իմաստության։


«Եվ Տերը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհների ու ցանկապատների առաջ և մարդկանց այստեղ մտցրո՛ւ» (Ղուկ. ԺԴ 23)։

Ընթրիքի կանչվեցին նրանք, ովքեր քաղաքի փողոցներում և հրապարակներում էին նստած։ Ապա Տերը հրամայեց կանչել նաև նրանց, ովքեր քաղաքից դուրս էին։

Եթե «քաղաք» անվանվում է երկրավոր աշխարհը, ապա ովքե՞ր էին քաղաքից դուրս գտնվողները, որոնց հրամայեց կանչել. կարծում եմ` սրբերի հոգիներն էին, որոնք դժոխքում արգելափակված էին, և որոնց ազատեց Քրիստոս՝ դժոխք իջնելով (հմմտ. Ա Պետ. Գ 19)։


«Եվ դառնալով նրանց ասաց. «Եթե մեկը ինձ մոտ գա և չատի իր հորը և մորը...» (Ղուկ. ԺԴ 26)։

Եվ ինչպե՞ս է որ, Նա, Ով հրամայեց սիրել թշնամիներին, հրամայում է ատել հորն ու մորը, եղբորն ու քրոջը, կնոջն ու որդիներին, այլև իր իսկ անձը։ Արդ, ինչպես ինձ թվում է, և ինչպես Մատթեոսն էլ է ասում, այս է հորդորում. «Եթե մեկը իր հորը կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ...» (Մատթ. Ժ 37), այլ արժանի է նա՛, ով առավելագույն սիրով և անքակտելի հաստատությամբ Ինձ կսիրի, ապա` իր հորը, մորը, եղբայրներին, կնոջը և որդիներին։ Քանզի նրանց սերը Իմ սիրո հանդեպ այնչափ մեղմագույն պիտի երևա, որ մինչև իսկ ատելություն թվա։

« ԺԷ   |   ԺԹ »
© Gratun.org