Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Ղուկասի

ԺԹ

«Ձեզնից ով է այն մարդը, որ, երբ հարյուր ոչխար ունենա, և կորցնելով նրանցից մեկը արոտավայրում, չի՞ թողնի իննսունիննին և չի՞ գնա կորուսյալի ետևից» (Ղուկ. ԺԵ 3-4)։

«Հարյուրը», որ կատարյալ թիվ է[1], մարդկային կատարյալ հոգու խորհրդանիշն է։ Իսկ «կորուսյալ ոչխարը» նա է, ով մեղքերով ու անօրենությամբ է կորուսյալ և որին Մարդու Որդին եկավ որոնելու և ապրեցնելու, կրելով իր ուսերի վրա, քանզի մեր անօրենությունները և մեղքերը կրեց մարմնով՝ իր ուսերով, որոնց վրա խաչը կրելով՝ գնում էր դեպի չարչարանքները։


«Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա, և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի սրբի տունը փութով ու չի փնտրի» (Ղուկ. ԺԵ 8)։

Կինը խորհրդանշում է մարդու հոգին։ Նրա ունեցած տասը դրամները կատարյալ առաքինություններն են՝ միաբանությամբ հինգ հոգեղեն և հինգ մարմնեղեն զգայարանների. որոնցից եթե մի առաքինություն կորցնի, «կվառի ճրագը»՝ աստվածային Խոսքը, որը հիշեցնում է աստվածային պատվիրանները. «Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր և քեզ օտար աստվածներ թո՛ղ չլինեն» (տե՛ս Ելք Ի 3-15)։ «Կավլի իր տունը»՝ մարմինը կսրբի չարությունից, որը պատվիրանազանցությունից եղավ, «կկանչի իր բարեկամներին և հարևաններին»՝ համափառ և հավատակից մարդկանց, «և նրանց կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորսված առաքինությունը»։


«Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը»։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց» (Ղուկ. ԺԵ 11)։

Ինչպես որ առաջին երկու առակներում, այնպես էլ այստեղ, մեղավորներին ապաշխարության կոչ է արվում։ Իսկ ավագ և կրտսեր որդի ասելով՝ պետք է զատորոշել բանական հոգիների երկու զորությունները. ավագ որդին խորհրդանշում է տակավին չմեղանչողներին, իսկ կրտսեր որդին՝ մեղավորներին, ովքեր զրկվեցին Աստծու փառքից։

Ոմանք ասացին՝ երեց որդին Իսրայելի ժողովուրդն է, իսկ կրտսեր որդին՝ հեթանոս ժողովուրդը։ Բայց չեմ կարծում, որ դա ճշմարիտ է, քանզի որդեսեր հայրը երեց որդուն ասաց, թե «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է» (Ղուկ. ԺԵ 31), իսկ իսրայելացիները բազում անգամ հանցանք գործելով՝ միշտ Հոր հետ չեղան։ Իսկ հեթանոս ժողովուրդը երբեք Հորից մաս չէր առել ու կորցրել։ Այլ, ըստ իս, երեց որդին խորհրդանշում է այն անձանց, ովքեր չեն մեղանչել, իսկ կրտսերը՝ այն անձանց, ովքեր մեղանչում են և ապաշխարում։

Սակայն, մեկը կհարցնի՝ ի՞նչ պատճառով անառակ մարդիկ կրտսեր կոչվեցին, իսկ արդարները՝ երեց. այս մասին պիտի ասեմ, թե առաքինությունից բաժանվելու և անառակության պատճառով կրտսեր կոչվեց իր եղբոր նկատմամբ, այլ` ոչ ըստ ժամանակի, ինչպես որևէ մեկը կարող է կարծել, թե Փրկիչն է այժմ հայրը, քանի որ աշակերտներին ասաց. «Իմ որդյակներ» (Հովհ. ԺԳ 33), և դառնալով՝ «Քաջալերվիր, դո՛ւստր, քո հավատքը քեզ փրկեց» (Մատթ. Թ 22)։


Գնաց հեռու երկիր» (Ղուկ. ԺԵ 13)։

Արդարությունից և երկնային կյանքից հեռանալով՝ գնաց դեպի այս խավար աշխարհի երկրային ցանկություններն ու զբաղմունքները։


«Եվ վատնեց իր բոլոր ունեցվածքը՝ անառակ վարքով ապրելով» (Ղուկ. ԺԵ 13)։

Հայրը նրան ավանդեց առաքինության ինչքերը, իսկ նա, Հոր հրամանը զանց առնելով, կորցրեց բոլոր առաքինությունները, ինչպես որ և ես` շարադրողս[2], Քրիստոսից և նրա աշակերտներից ուսանելով աստվածային առաքինության բոլոր գործերը, հեռացա անառակ գործեր վարելով։


«Եվ այն քաղաքում սաստիկ սով եղավ» (Ղուկ. ԺԵ 14)։

Աստծու խնամակալության և Տիրոջ խոսքը լսելու սով եղավ, որպեսզի աղքատանալով ու չքավորության մեջ ընկնելով` դառնար Հոր մոտ և ցանկանար Հոր մարդասիրական հեզությունը։ «Եվ նա սկսեց չքավորել» (Ղուկ. ԺԵ 14)։ Այսինքն` մոռացավ իր ցանկությունը։


«Եվ գնալով դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին» (Ղուկ. ԺԵ 15)։

Քաղաքացիներն այն «գավառի» սատանան և նրա դաշնակիցներն են։


«Եվ նա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու» (Ղուկ. ԺԵ 15)։

Սատանայի արտը և ագարակը այն վայրն է, ուր կային տնկիներ, որոնք երկնավոր Հայրը չէր տնկել, և կային խոզեր, որոնք տրորում էին մարգարիտը և անցնում։ Նա խոզեր էր արածեցնում, այսինքն՝ այնպիսիներին, ովքեր իրենց մարմնի ցանկություններն էին կատարում և թավալվում էին մարդկային ախտի ժանտահոտության մեջ, նաև այնպիսիներին, ովքեր պիղծ հոգով են լցված և սերմանում են մարմինը, բայց ոչ հոգին։


«Եվ ցանկանում էր հագենալ եղջերենու պտղով, որը խոզերն էին ուտում» (Ղուկ. ԺԵ 16)։

Բանական հոգին ցանկանում է ուսանել, թեկուզ և ոչ բարի խոսքից։ Բայց այդ խոսքի` եղջերենու պտուղը քաղցր է և պարարտացնում է մարմինը, թեև աղիքների խցանում է առաջացնում, որը խորհրդանշում է նյութասերների և մարմնասերների խոսքերը, ովքեր ըստ իրենց լսած բարբաջանքների՝ մարմնական ցանկությունները բարի են ասում։


«Եվ ոչ ոք այդ նրան չէր տալիս» (Ղուկ. ԺԵ 16)։

Հետինները խախտված ուսմունքը չեն ավանդում բարին փնտրողներին, որպեսզի չհանդիմանվեն։


«Եվ խելքի գալով ասաց» (Ղուկ. ԺԵ 17)։

Որպես թմրած և թմրությունը թոթափած՝ հիշում է հոր տան երանելությունը։ Վարձկան է կոչվում նա, ով ծառայում է Աստծուն կամ ուրիշ մեկին, և ծառայում է ոչ թե նրան սիրելու պատճառով, այլ որ ծառայության փոխարեն վարձատրվելու ակնկալություն ունի։


«Եվ կասեմ նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ» (Ղուկ. ԺԵ 18)։

«Մեղանչեցի երկնավորների առաջ», որովհետև թողած երկնավորների գործերը` երկրավորների կողմը բռնեցի։ «Քո առաջ». որովհետև քո պատվիրանը զանց առնելով` սատանային հարեցի։


«Եվ վեր կացավ գնաց իր հոր մոտ» (Ղուկ. ԺԵ 20)։

Խոսքն ասելուն պես գործի անցավ՝ վերջինները մոռանալով և առաջիններին ձգտելով։


«Եվ դեռևս նա հեռվից գալիս էր, հայրը տեսավ նրան և գթաց, ընդառաջ գնալով ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան» (Ղուկ. ԺԵ 20)։

Տակավին հեռու էր, որովհետև հանցանքներից դեռ չէր ձերբազատվել։ Եվ որովհետև զղջալով շտապում էր հոր մոտ. հայրը տեսավ նրան և ընկավ նրա պարանոցով, որովհետև նա ազատվել էր սատանայի լծից, և նրան համբույր տվեց՝ խորհրդանշելով որդու հետ միավորությունը։


«Հայրն իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրե՛ք և նրա ոտքերին կոշիկներ» (Ղուկ. ԺԵ 22)։

«Առաջին պատմուճանը» հոգու առաջին զարդն է, որով զարդարում և ուրախացնում է ապաշխարողներին և հանցանքների տրտմալի անզարդությունը թոթափողներին։ «Մատանին» նկարագիրն է հոգու` գործերով զարդարվելու։ «Կոշիկները» ո՛չ թե եգիպտացիներինն է, որ հրամայվեց հանել նրանց, ովքեր ելան ու քայլեցին սուրբ երկրի վրա (տե՛ս Ելք Գ 5), այլ` որ հագան սուրբ ավետարանի քարոզչության համար (տե՛ս Եփես. Զ 15)։


«Եվ բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, որպեսզի ուտելով ուրախանանք» (Ղուկ. ԺԵ 23)։

«Պարարտ եզը» ողջախոհ վարդապետության խոսքն է, կամ Ինքն իսկ Քրիստոս՝ Աստծու Խոսքն ու Իմաստությունը (հմմտ. Ա Կորնթ. Ա 24), ինչպես և Սողոմոնն է ասում. «Իմաստությունը շինեց իր տունը և կանգնեցրեց յոթը սյուներ, մորթեց իր մսացուները...» (Առակ. Թ 1-2)։


«Իսկ նրա ավագ որդին ագարակում էր» (Ղուկ. ԺԵ 25)։

Ավագ որդին, ինչպես և ասվեց, այն բանական էակն է, որ, լինելով բարի մշակ, մեղք չի գործել, բարի ու պարարտ անդաստանում, հակառակ այն անդաստանին, ուր խոզեր կային։


«Եվ մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը» (Ղուկ. ԺԵ 25)։

Երգերը ըստ երաժշտության լինում են և համաձայն, և կրկնաձայն։ Արդ պարտ էր, որ որդու՝ հոր մոտ վերադառնալիս և ապաշխարելիս համաձայն երգեր լսվեին և ոչ թե` հակառակ։ Եվ համաձայն երգերն են աստվածաբանությունները, գովեստները, օրհնությունները և այսպիսի զանազան երգերը, որոնք կատարվում են Աստծու փառքի համար։


«Ահա այսքան տարի ծառայեցի քեզ և երբեք քո հրամանները զանց չարեցի, և ինձ երբեք մի ուլ չտվեցիր» (Ղուկ. ԺԵ 29)։

Իմացիր, որ սուրբ մարդկանց կյանքը անգործ և ապարդյուն չի անցնում, այլ իրենց էության մեջ պատշաճ ծառայություն ունեն։


«Ինձ մի ուլ իսկ չտվեցիր», քանի որ ուլ մորթելը բանական հոգու համար է, որպեսզի բարձրացնի մեղավորին և սուրբ կենդանություն տա նրան։ Եվ չտվեց այն պատճառով, որ մեղավոր չէր ավագ որդին, դրա համար էլ կարիք չուներ ուլ մորթելու և զոհելու։


«Երբ եկավ քո այս որդին, որ քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, ընդունեցիր» (Ղուկ. ԺԵ 30)։

Խոսքերս վստահելի են առաջիկայում խորհելու համար. «պոռնիկները» նյութական և մարմնական կյանքի զանազան չարություններն են։


«Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես» (Ղուկ. ԺԵ 31)։

Հոր վկայությունն է, թե երբեք չմեկուսացավ բարուց։


«Պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. ԺԵ 32)։

«Մեռած էր», քանի որ անառակությամբ ապրելով` վատնել էր կենարար գոյությունը։ «Կորած էր», քանի որ կորստյան տանող «լայն և ընդարձակ ճանապարհով» էր ընթանում։ Իսկ մտադրվելով հոր մոտ գալ՝ կենդանացավ ու գտնվեց` թոթափելով մեռելությունն ու կորուստը։

« ԺԸ   |   Ի »
© Gratun.org