Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Ղուկասի

Ի

Ասաց աշակերտներին. «Մի մեծահարուստ մարդ տնտես ուներ, և նրա մասին ամբաստանություն եղավ, իբրև թե վատնում է տիրոջ ունեցվածքը» (Ղուկ. ԺԶ 1)։

Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մեղավորներին, ովքեր ներում են իրենց պարտապանների պարտքերը և առատապես բաշխում են իրենց սիրելի մամոնան՝ հարստության ու մեծության ինչքերը, կամ էլ ներելով պարտքերը` իրենց սիրելիներ են դարձնում հրեշտակներին ու արդարներին։


«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում» (Ղուկ. ԺԶ 19)։

Ակնարկում է բոլոր այն մեծատուններին, ովքեր միայն մարմնականն են հոգում և զբաղված են երկրային գործերով։ «Եվ մի աղքատ»` մի հոգով աղքատ, որի մասին ասվեց. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. Ե 3)։


«Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև ընկած» (Ղուկ ԺԶ 26)։

Ինչպես որ արդարներն ու մեղավորները միմյանցից մեկուսացած են գործերով, այնպես էլ` կայաններով և տեղերով։ Նաև այս իմացիր, որ առակը հարություն է խորհրդանշում և ծանուցում է հանդերձյալ կյանքի մասին։


«Փարիսեցիների կողմից հարցվեց, թե ե՞րբ պիտի գա Աստծու արքայությունը» (Ղուկ. ԺԷ 20)։ Եվ քիչ հետո ասաց. «Աստծու արքայությունը ձեր ներսում է» (Ղուկ. ԺԷ 21)։

Հոգու ներգործությունները մեր մեջ են և մեր ներսի զորություններում, ինչպես և ասում է, «Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և իմ բոլոր ներսը թող օրհնի սուրբ անունը Նրա» (հմմտ. Սաղմ. ՃԲ 1)։ Արդ ում մեջ որ ներգործությամբ առկա է Քրիստոս, նրա ներսում է Աստծու արքայությունը, իսկ ում մեջ որ կարողությամբ է ներկա, այլ ոչ` ներ– գործությամբ, նրանց մեջ ևս կարող է լինել Աստծու արքայությունը։

Նմանապես և փարիսեցիների մեջ էր Աստծու արքայությունը, թեև նրանք չէին գիտակցում, բայց եթե հավատային Քրիստոսին, թե Աստծու Միածին Որդի է, ապա և ներգործությամբ իրենցում կու-նենային Աստծու արքայությունը, ինչպես որ Պողոս երանելին։


«Ասում եմ ձեզ, այն գիշեր, եթե երկու հոգի լինեն մի մահճի մեջ...» (Ղուկ. ԺԷ 34)։

Այս և ինչ որ գրված է, մեկնվեց Մատթեոսի ավետարանում։

« ԺԹ   |   ԻԱ »
© Gratun.org