Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Ղուկասի

ԻԱ

«Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան։ Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում» (Ղուկ. ԺԸ 1)։

Ոմանք Քրիստոսին վերագրեցին այս առակը, քանզի որպես Աստված՝ Աստծուց չի երկնչում և մարդկանցից չի ամաչում, որովհետև անարգ ոչինչ չի գործել։ Արդ, եթե Քրիստոս արդարության Դատավորն է, և Նրա բոլոր ճանապարհները արդար են, և իրոք դա այդպես է, հետևաբար՝ ըստ ոմանց մեկնության՝ Քրիստոս անիրավ դատավոր է, քանզի ավետարանիչը քիչ հետո ավելացնում է. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը» (Ղուկ. ԺԸ 6)։ Եվ քանի որ այդպես հասկանալը հետին հիմարություն է, և հակառակ են միմյանց արդար ու անիրավը դատավորները, ապա պետք է մեկնել այսպես։

Երկուսի՝ անիրավի և չարի մասին այստեղ պետք է հասկանանք հետևյալ կերպ. մեկն անիրավ դատավորն է, իսկ մյուսը՝ այրու ոսոխը, որ անիրավ դատավորի իշխանության տակ է։ Եվ չարերի մեջ էլ է հնարավոր, որ մեկն իշխի, իսկ մյուսը՝ ենթարկվի, ինչպես և Բեղզեբուղը դևերի իշխան կոչվեց։

Արդ, անիրավ դատավորը չերկնչեց Աստծուց, քանզի Նրա Որդուն մատնեց խաչելության, իսկ Նրա մարգարեներին ու առաքյալներին՝ մահվան, և մինչև այժմ քրիստոնյաներին հալածանքների է ենթարկում՝ Աստծու թույլտվությամբ։ Նա ամբարտավան ու ամբարհավաճ դատավոր է և մարդկանցից էլ չի ամաչում՝ արհամարհելով մարդկային ցեղը։

Իսկ քաղաքի այրին մարդու հոգին է` այրիացած Քրիստոսից, Ով եկեղեցական Հոգու Փեսան է։ Այս այրին, թողած Քրիստոսին, ապավինում էր անիրավ դատավորին. հալածված լինելով ոսոխից՝ դևից, իրավունք էր խնդրում մեկ այլ դևից, որպեսզի ձերբազատվի ոսոխի բռնությունից։ Այս ոսոխը, ինչպես ասացի, կա՛մ դև է, որ ճնշում էր, կա՛մ էլ սատանային հնազանդված մարդ։ Իսկ անիրավ դատավորը այրուց հոգնելով` կատարեց այն, ինչ որ խնդրում էր։

Այս առակը խրատում է, որ պետք է անձանձրույթ աղոթել Աստծուն։ Քանզի եթե անիրավ դատավորը, որ ոչ Աստծուց էր երկնչում և ոչ էլ մարդկանցից ամաչում, այրու տևապես հաճախելու և թախանձելու պատճառով նրա դատը տեսավ, որչափ ևս առավել Քրիստոս՝ արդարության Արեգակը և Դատավորը, պիտի լսի նրանց աղաչանքներն ու պաղատանքները, ովքեր ամեն օր աղաչում և պաղատում են Նրան։

« Ի   |   ԻԲ »
© Gratun.org