Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Ղուկասի

ԻԲ

«Հիսուս ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է» (Ղուկ. ԺԹ 9)։

Աբրահամի որդի նա՛ է, ով կատարում է Աբրահամի գործերը։ Արդ, քանի որ Զաքեոսը Աբրահամի գործերը գործեց, Քրիստոսից Աբրահամի որդի անվանվեց։


«Եվ ասաց. «Մի ազնվական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու համար» (Ղուկ. ԺԹ 12)։

Ազնվական մարդը Քրիստոսն է, որ գալով այս հեռու աշխարհը՝ երկնավորներից երկրավորների մոտ, թագավորեց և երկինք համբարձվեց, և դարձյալ գալու է մեռյալներին և կենդանիներին դատելու։


«Եվ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տվեց» (Ղուկ. ԺԹ 13)։

Նույն առակն է, ինչ որ Մատթեոսի ավետարանում, սակայն այնտեղ նրա տվածը տաղանդ և քանքար անվանվեց։ Մեկնվում է նույն կերպ, բայց միայն զանազանվում է նրանով, որ Մատթեոսի ավետարանում ութ քանքար ասվեց, իսկ այստեղ՝ տասն, որ կատարյալ թիվ է։


«Ուղարկեց իր աշակերտներից երկուսին և ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել» (Ղուկ. ԺԹ 29-30)։

«Կապված ավանակը» ժողովուրդն է, որի մեջ երբեք չի հնչել Քրիստոսի վարդապետության խոսքը։ Ավանակին կապանքներից արձակում են Քրիստոսի երկու աշակերտները, որոնք, ինչպես կարծում եմ, Հին ու Նոր Կտակարաններն են և նրանց վարդապետներն ու մեկնիչները։


«Եվ մինչ ավանակը արձակում էին, նրա տերերը ասացին նրանց. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում» (Ղուկ. ԺԹ 33)։

Նախքան Քրիստոսի՝ ավանակին տիրելը և թագավորելը, ավանակը բազում տերեր էր ունեցել, և այդ այդպես է։ Եվ այն, ինչ մեկնաբանելի է ըստ կարգի, արդեն կա Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ[1]։


«Եվ իրենց հանդերձները նրա վրա գցելով…» (Ղուկ. ԺԹ 35)։

Աշակերտներն անբան ավանակի վրա գցում են իրենց հանդերձները՝ մարգարեական և առաքելական վարդապետության խոսքերը։ Մատթեոսն ասում է. «Կապված էշ և նրա հետ ավանակ» (Մատթ. ԻԱ 5)՝ հայտնելով երկու ժողովուրդների՝ հրեաների և հեթանոսների մասին, իսկ Ղուկասը՝ միայն ավանակ է ասում։


«Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ սկսեց օրհնել Աստծուն» (Ղուկ. ԺԹ 37)։

Ըստ Մատթեոսի՝ «Բազմության ամբոխը, որ Նրա առջևից և հետևից էր գնում, աղաղակում էր» (Մատթ. ԻԱ 9)։ Գուցե ամբողջ ամբոխը, որ աղաղակում էր, աշակերտների բազմությունն էր, որ այնտեղ օրհնեց Աստծուն. նրանք, ովքեր խոստովանեցին Նրան Քրիստոս՝ ասելով. «Օրհնյալ է, որ եկավ և գալու է Տիրոջ անունով» (հմմտ. Ղուկ. ԺԹ 38)։


«Գոնե այս օրերին գիտենայիր դու քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից» (Ղուկ. ԺԹ 42)։

Իսրայելի վրա կուրություն իջավ, Երուսաղեմի տեսողությունից ծածկվեց այն, ինչ նրա խաղաղությունն էր, որովհետև նա չիմացավ Քրիստոսի գալստյան օրը։

« ԻԱ   |   ԻԳ »
© Gratun.org