Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Ղուկասի

ԻԳ

«Մի մարդ այգի տնկեց և այն հանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդության գնաց» (Ղուկ. Ի 9)։

«Այգին» աստվածային, մարգարեական և առաքելական վարդապետությունն է, իսկ ում տրվեց այգին, որպեսզի պտղաբերի, հրեա ժողովուրդն է։ «Ծառաները» Մովսեսը և այլ մարգարեներն են։ «Որդին», Ում սպանեցին, Քրիստոսն է՝ Աստծու Միածին Որդին։


«Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն լեռները» (Ղուկ. ԻԱ 21)։

Այս և ինչ որ գրված է, մեկնվեց Մատթեոսի ավետարանում։


«Ասում եմ ձեզ, այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ պասեքը կատարվի Աստծու արքայության մեջ» (Ղուկ. ԻԲ 16)։

Հարկ է իմանալ, թե ինչո՞ւ պետք է զատիկը կատարվեր Աստծու արքայության մեջ, որի ստվերը կատարվում էր ժողովրդի մեջ։


«Ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր։ Եվ դուք եք, որ իմ փորձության մեջ ինձ հետ էիք մնում մինչև այժմ» (Ղուկ. ԻԲ 27-28)։

Աշակերտների փորձությունները որպես Քրիստոսի փորձություններ են ասվում։ Իսկ երբ համբերելով հաղթահարում ենք փորձությունները՝ այնժամ Հայրը ավանդում է Նրան արքայությունը։ Այնժամ Որդին էլ մեզ է ավանդում, որպեսզի հոգեպես ուտենք և արբենք Նրա սեղանի շուրջ, որպեսզի նստելով աթոռի վրա՝ դատենք Իսրայելի տասներկու ցեղերին (հմմտ. Ղուկ. ԻԲ 30)։


«Եվ Հիսուս նրան ասաց. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն» (Ղուկ. ԻԲ 48)։

Մարդկանցից շատերն են ասում, թե սաստիկ սիրում են Քրիստոսին. բայց և ոմանք, կամենալով նրան պատիվ մատուցել, բարեհամբավեցին, թե կնոջից չծնվեց, և ուրիշներն էլ, թե երևութապես երևաց մարդկանց, այլոք էլ` ինչ-ինչ աղանդային մտքերով շեղվեցին հավատքից։

Այդ և ինչ որ գրված է մինչև հարությունը, մեկնվեց Մատթեոսի ավետարանում։


«Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր հարյուր վաթսուն ասպարեզով» (Ղուկ. ԻԴ 13)։

Էմմավուսը Երուսաղեմից հեռու է հարյուր քսան ասպարեզով, և ինչո՞ւ է գրված հարյուր վաթսուն ասպարեզ։ Արդ, սա որևէ նշանակություն չունի, եթե գրված չէ հարյուր քսան ասպարեզ։

Այստեղից մինչև Ղուկասի ավետարանի ավարտը, մյուս ավետարանիչներից ոչ ոք չպատմեց։

« ԻԲ   |   ԻԴ »
© Gratun.org