Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Հովհաննեսի

ԻԴ

Հովհաննեսը՝ տասներկուսից մեկը, այն աշակերտն է, ում սիրում էր Հիսուս, ով և Նրա կրծքովն ընկավ այն գիշերվա ընթրիքի ժամանակ, երբ մատնվելու էր Քրիստոս։ Սա ո՛չ ազգաբանությունը գրեց և ո՛չ էլ սատանայից փորձվելը։ Ազգաբանությունը չգրեց այն պատճառով, որ սկիզբը ոչ թե մարդկային ծննդից, այլ աստվածային ծննդից սկսեց, ուստի անազգ էր՝ ըստ մարգարեի խոսքի. «Նրա ազգատոհմը ո՞վ պիտի պատմի» (Եսայի ԾԳ 8)։ Իսկ Հովհաննեսը Աստվածությունից սկսեց սկիզբը, և պատմելով ասում է, որ Աստծու Միածին Որդու ծնունդը առաջ էր, քան բոլոր հավիտյանները։


«Սկզբից էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր» (Հովհ. Ա 1)։

Աստծու Միածին Որդին կոչվում է Բան, որովհետև մեր անբանությունը վերցրեց և մեզ բանական դարձրեց։ Նա ի սկզբանե Հոր մոտ էր և չստեղծվեց, ինչպես հերձվածողներից[1] ոմանք ցնորվեցին՝ ասելով. «Կար ժամանակ, երբ չկար Որդին»։ Արդ, եթե Միածին Որդին ի սկզբանե Հոր Խոսքն է, ու եթե մեկն ասի. «Կար ժամանակ, երբ չկար Որդին», ապա անբան է ասում Հորը՝ սկիզբ ունեցող, առանց զորության և իմաստության։ Առաքյալն ասում է. «Քանզի Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է» (Ա Կորնթ. Ա 24)։


«Եվ առանց նրա չեղավ ոչինչ» (Հովհ. Ա 3)։

Ամեն ինչ, որ ունի գոյություն, Քրիստոսով եղավ. իսկ չարությունը՝ ո՛չ, քանզի գոյություն չունի, այլ բարու պակասությունն ու զլացումն է, ինչպես պոռնկությունը, շնությունը և նման բաները, որոնք Քրիստոսով չեն եղել, այլ բանսարկուի խարդավանքներով։ Այս պատճառով էլ չի ասվում` Քրիստոսից եղավ, քանզի այն, ինչ որ եղավ Նրանով, կյանք էր, և կյանքը մարդկանց լույսն է (տե՛ս Հովհ. Ա 4)։ Իսկ այդպիսիները մարդկանց համար ո՛չ կենդանություն են և ո՛չ էլ լույս, այլ մարդկանց հոգիներին՝ մահ և խավար։


«Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. Ա 5)։

Խավար էր մարդկային կյանքը և բովանդակ երկրային աշխարհը, որը խախտեց Աստծու հրամանը։ Եվ այն խավար աշխարհի իշխանը, որ անդունդների վրա էր, նվաճեց ամեն մարդու, բացի Քրիստոսից, ըստ խոսքի. «Գալիս է այս աշխարհի իշխանը և Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի» (Հովհ. ԺԴ 30)։


«Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես էր» (Հովհ. Ա 6)։

Հովհաննեսը Աստծուց առաքվեց, ոչ ինչպես Եսային կամ Երեմիան կամ այլ մարգարեներից մեկը, որ առաքվեցին Իսրայելի ժողովրդի մոտ՝ մեղքերի հանդիմանության համար, այլ առաքվեց Աստծուց իբրև հրեշտակ՝ մարդկանց Լույսի մասին վկայելու և Նրա ճանապարհը պատրաստելու համար։ Ահա ես առաքում եմ, -ասում է, -իմ պատգամաբերին քո առջևից՝ քո ճանապարհները պատրաստելու համար (հմմտ. Եսայի Խ 3, Մաղ. Գ 1)։


«Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. Ա 8)։

Սա այլաբանություն չէ, ինչպես մեկը կարող է կարծել, քանզի սրա վերաբերյալ ասվեց. «Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին» (Հովհ. Ա 7). որովհետև երկու և երեք վկաների բերանով հաստատվում է ամեն ինչ, և երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է (տե՛ս Բ Օր. ԺԹ 15)։ Հովհաննեսը մարդ էր և ճրագ, ուստի կրկնակի անունով կոչվեց, որպեսզի վկայի իբրև մարդ և ճրագ։


«Այդ լույսն էր Ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ» (Հովհ. Ա 9)։

Ճշմարիտ Լույս է, բայց ո՛չ տեսանելի, այլ` իմանալի, որ հալածում է հոգիների անգիտության խավարը։ Լուսավորվեցե՛ք, ասում է, գիտության Լույսով (հմմտ. Ովսե Ժ 12), և մեր երեսների Լույսը Տեր Քրիստոսն է։


«Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ» (Հովհ. Ա 12)։

Ինչպես ամեն ոք իշխանություն ունի Աստծու Որդի լինելու, նույնպես և ունի իշխանություն սատանայի որդի լինելու։ Նույն ավետարանիչը իր թղթում ասում է. «Ով ճանաչում է, թե Հիսուսն է Քրիստոս, Աստծուց է ծնված» (հմմտ. Ա Հովհ. Ե 1), իսկ ով չի ճանաչում, Աստծուց չէ ծնված։ Եվ սրանով հայտնի են լինում սատանայի և Աստծու որդիները։


«Նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհ. Ա 13)։

Ովքեր հավատացին Քրիստոս Աստծուն և ընդունեցին Նրան, իշխանություն ստացան Աստծու որդիներ լինելու. հիրավի ասվում է՝ ո՛չ արյունից, և ո՛չ մարմնի կամքից, այլ` Աստծու կամքից։


«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհ. Ա 14)։

Ոչ թե Աստծու Բանի բնությունը փոխվեց մարմնի բնության կամ այլայլվեց, ինչպես ասում են սառած ջրի մասին, այլ Բանը մարմին եղավ, այսինքն՝ մարդ եղավ՝ վերցնելով մարդու մարմին, հոգի և մարդուն հատուկ ամեն ինչ։ Ուստի և Աստվածաբանը վրա բերեց, թե բնակվեց «մեր» մարդկային բնության մեջ։


«Եվ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. Ա 14)։

Որովհետև Բանն Աստված Աստծու Որդի լինելու իշխանությունը ժամանակի մեջ չստացավ, դրա համար էլ ասվում է` տեսան Նրա փառքը` որպես Միածնի և միայն ճշմարիտ Աստծու, որ բխում է Հորից՝ Աստվածության աղբյուրից։ Նաև մյուս աշակերտները, տեսան այն սքանչելիքները, որոնք Նա անում էր՝ իբրև Աստված, առավել ևս Որոտման որդիները և Պետրոսը, որ տեսան այլակերպությունը լեռան վրա։

«Լի շնորհներով և ճշմարտությամբ»։ «Շնորհներով», քանի որ նրանք, ովքեր կանչվում են նրանից և կանչվեցին, շնորհներով փրկվեցին և ո՛չ գործերով, իսկ «ճշմարտությամբ», որովհետև ամեն ինչում ճշմարիտ է Նրա վարդապետությունը։


«Հովհաննեսը վկայում է նրա մասին, աղաղակում և ասում է. «Սա է, որի մասին ասացին» (Հովհ. Ա 15)։

Հովհաննեսի առաջին վկայությունը սկիզբ է առնում այսպես. «Նա, որ իմ ետևից էր գալիս, ինձանից առաջ եղավ» (Հովհ. Ա 15), և ավարտվում է հետևյալ խոսքով. «Նա ինձ հայտնեց» (տե՛ս Հովհ. Ա 18), դրանից իմանում եմ, որ Նա առաջ էր, քան ես, որպես Անդրանիկն ու ամենապատվականը բոլոր արարածների, քանզի Նրա լրումից ես և այլ մարգարեները ստացանք աստվածային և մարգարեական շնորհը. «Եվ շնորհներ՝ շնորհների փոխարեն» (Հովհ. Ա 16)։ Օրենքի շնորհները, որ ճշմարտության ստվերներ էին, Մովսեսի միջոցով տրվեցին, իսկ կատարումը և իրական շնորհն ու ճշմարտությունը` Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։


«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն Միածին Որդուց, որ Հոր ծոցում է, Նա պատմեց մեզ» (Հովհ. Ա 18)։

Քանզի անմարմին է Աստված և վեր է, քան բոլոր զգալի և տեսանելի բնությունները, ապա ուրեմն անտեսանելի է մարմնավոր աչքերին, իսկ իմանալի տեսությամբ տեսանելի է և՛ Միածին Որդուն, և՛ նրանց, որոնց Որդին կհայտնի, որոնք «սրտով սուրբ» են (Մատթ. Ե 8) և Աստծուց ծնվեցի

« ԻԳ   |   ԻԵ »
© Gratun.org