Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Հովհաննեսի

ԻԵ

«Եվ հարցրին Նրան ու ասացին. «Եղիա՞ն ես դու, և ասաց՝ ոչ. մարգարե՞ ես դու, և պատասխան տվեց, թե` ոչ. իսկ ասա՛ մեզ, դու ո՞վ ես և ի՞նչ պատասխան տանք մեզ առաքողներին» (Հովհ. Ա 21-22)։

Քանզի հրեաները ակնկալում էին Եղիայի, Քրիստոսի կամ մարգարեի գալուստը, որի համար ասվում է. «Տեր Աստված ձեր եղբայրներից ձե՛զ համար մարգարե առաջ կբերի, նրան լսեցեք» (Բ Օրենք ԺԸ 15), դրա համար հրեաներից ուղարկվածները իրար ետևից հարցնում էին Նրան` արդյո՞ք Քրիստոսն է կամ Եղիան, թե մարգարե ։ Եվ Նա պատասխանեց, թե` նրանցից չեմ։

Թվում է, թե պատասխանը ճշմարիտ չէ, քանզի Քրիստոս Հովհաննեսի մասին ասաց, թե նա՛ է Եղիան։ Այս մասին պետք է ասել, թե Հովհաննեսը այն Եղիան չէր, որ վերացավ երկինք հրեղեն կառքով և ձիերով, որի մասին նրանք ասում էին։ Այլ որովհետև Հովհաննեսը եկավ Եղիայի հոգով և զորությամբ, դրա համար էլ Քրիստոսից Եղիա կոչվեց։


«Ի՞նչ ես ասում քո մասին։ Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես ասաց Եսայի մարգարեն» (Հովհ. Ա 22-23)։

Ես Քրիստոսի՝ Աստծու Որդու, նախընթաց խոսքը բարբառողի և գոչողի ձայնն եմ անապատում՝ երկրային աշխարհում, որ դեռևս զուրկ էր աստվածպաշտությունից։ Եվ սա խորհրդանշական է, քանզի Եսային այսպես է ասում ըստ Յոթանասնից թարգմանիչների. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները» (Եսայի Խ 3), իսկ ավետարանիչն ասում է. «Ուղղեցե՛ք Տիրոջ ճանապարհները»։ Կարծում եմ` եբրայերենով շարադրվեց մարգարեի վկայությունը։ Եվ արդ՝ երկու կերպով էլ պատրաստվում և ուղղվում էին Տիրոջ շավիղները՝ աստվածաբանական գիտությամբ և առաքինի գործերով։


«Եվ հարցնելով նրան՝ ասում են. «Եվ ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոս և ո՛չ Եղիան, և ո՛չ էլ մարգարեն» (Հովհ. Ա 25)։

Չէին գիտակցում, որ մկրտեց ոչ թե մարգարեն, որ Քրիստոսն է, այլ նրա աշակերտները, և ո՛չ Եղիան, և ո՛չ էլ մարգարեներից որևէ մեկը։


«Ես ձեզ մկրտում եմ ջրով, ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում» (Հովհ. Ա 26)։

Իմ մկրտությունը մարմնավոր է, բայց Քրիստոս, Ով ձեր մեջ է, աշխարհի մեջ և կամ զորությամբ յուրաքանչյուրիդ հոգու մեջ, Ով գալիս է իմ ետևից` ըստ մեր մարդկային բնության, ինձանից առաջ եղավ՝ հավիտյաններից առաջ անճառապես ծնվելով Հորից։

Արդ, եթե «ձեր մեջ կա» ասվեց ոչ տեսանելի և մարմնավոր իմաստով, ուստի և «իմ ետևից է գալու» խոսքը նույնպես մարմնավոր իմաստով չասվեց։ Նաև՝ ոչ զգայական ձայնի իմաստով է ասվում «կանչողի ձայնը անապատում», այն է` հոգիներում, որ անապատ են դարձել Աստծու [ներկայության պակասից], հրամայում է պատրաստել Նրա ճանապարհները։


«Ում կոշիկները արժանի չեմ հանել» (Մատթ Գ 11)։

Այս ասվեց Մատթեոսի ավետարանի մեկնության ժամանակ, և երկու կոշիկները մեկնվում է որպես Աստծու Որդու մարմնանալը և դժոխք իջնելը։ Մեկը եթե իմանա այս խոսքի զորությունը, այնպիսին կհանի կոշիկները, և հանելը առավել է, քան արձակելը, ինչպես որ Քրիստոսի պատմուճանի վերաբերյալ ասվեց, որը անկար էր և վերևից ներքև հյուսված։

Իսկ այս ավետարանիչն ասում է. «Որի կոշիկների կապերը արձակելու արժանի չեմ» (Հովհ. Ա 27)։ «Կոշիկի» վերաբերյալ արդյոք խոսք ասե՞լ է որևէ մեկնիչ, ով Քրիստոսի մարդանալու մասին արժանացավ ուսանել և իմանալ։ Նախկին մեկնիչներն այս մասին խոսք չեն ասում։ Ուստի և հարցնում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր» (Մատթ. ԺԱ 3)։

Իսկ այլ մեկնիչ ասում է՝ «կոշիկները» Քրիստոսի գործերն են, ընթացքը և Աստվածության խոսքը, ինչը մարդն անկարող է իմանալ, ուստի և կանանցից ծնվածների մեջ մեծագույնը իրեն արժանի չհամարեց այն մեկնել։


«Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Հորդանանի մյուս կողմում, ուր գտնվում էր Հովհաննեսը և մկրտում» (Հովհ. Ա 28)։

Բեթաբրիա թարգմանվում է պատրաստության տուն, որ գտնվում է Հորդանանի ջրերում։ Արդ, ով առաքվեց պատրաստել Տիրոջ ճանապարհը, բնակվում էր պատրաստության տանը` դեգերելով մեզ համար երկնքից Բանի իջնելու մտքերի մեջ։

Այս Հորդանանը անցան իսրայելացիները՝ լվացվելով եգիպտացիների նախատինքներից (տե՛ս Հեսու Ե 9)։ Իսկ Եղիան գետը անցնելով` երկինք վերացավ (տե՛ս Դ Թագ. Բ 11)։ Անցավ և Եղիսեն՝ արժանանալով վարդապետական կրկնակի շնորհների (տե՛ս Դ Թագ. Բ 15)։ Սրանում սրբվեց Նեեման ասորին (տե՛ս Դ Թագ. Ե 14) և սրանում երևաց Սուրբ Հոգին՝ աղավնակերպ (տե՛ս Հովհ. Ա 32)։


«Հաջորդ օրը այնտեղ տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն ու ասաց. «Ահա՛ Գառն Աստծու, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29)։

Հիսուս, Ում նախապես ճանաչեց, երբ կանգնած էր բազմության մեջ, Հովհաննեսի վկայությունից երեք օր հետո եկավ Հովհաննեսի մոտ։ «Հաջորդ օրը» զորության և լուսավորության իմաստն ունի։ Հովհաննեսը լինելով մարդ, Քրիստոսին մատնանշում է իբրև Աստված, և լինելով ձայն՝ ակնարկում է Բանը։

Բազում կենդանիներ էին մատուցվում սեղանի վրա, չորքոտանիներ և թռչուններ, հորթ, ոչխար, այծ և եզ, խոյ, նոխազ, գառ, ուլ և սրանցից միայն գառը հիշվեց, որովհետև հաճախ էր մատուցվում սեղանի վրա իբրև պատարագ։ Նույնպես և Քրիստոս Իր անձը պատարագ մատուցեց Հորը, և ոչ թե մի կամ բազում ժամանակների համար, այլ մինչև աշխարհի վախճանը Իր վրա վերցնելով մեղավորների մեղքերը, որի մասին ասվեց. «Որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29), և ոչ թե վեցրեց կամ վերցնելու է։


«Սա է նա, որի մասին ես ասում էի՝ իմ ետևից գալիս է մեկը, որ ինձնից առաջ եղավ, քանզի նախկինում իսկ կար» (Հովհ. Ա 30)։

«Իմ ետևից է գալիս», այսինքն՝ իմ երևալուց հետո հայտնվելու է այս այրմարդը, Ում մասին ասացի։ Նախապես Հովհաննեսը Նրան չասաց այր, Ով իրենից հետո էր գալու, իսկ այժմ ասում է. «Որ ասվեց՝ ա՛յս այրն է», որպեսզի Քրիստոսին ցույց տա իբրև կատարյալ այր և մարդ։


«Եվ ես չէի ճանաչում նրան. այլ Նա, Ով առաքեց ինձ ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» (Հովհ. Ա 33)։

Եվ ինչպես թե չգիտեր, եթե կույսի՝ Քրիստոսի մոր՝ Եղիսաբեթին հանդիպելու և ողջունելու ժամանակ խայտաց մոր որովայնում։ Արդարև գիտեր, թե Նա է Քրիստոս, բայց չգիտեր, թե Նա՛ է, Ով Հոգով և կրակով է մկրտում. «Որի վրա տեսնես Հոգին, որ իջնում է և մնում, նրա վրա...» (Հովհ. Ա 33)։ Իջավ Հոգին նաև մարգարեների և առաքյալների վրա, բայց մշտապես չմնաց, իսկ Հիսուսի վրա իջավ և մնաց։


«Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը, նաև իր աշակերտներից երկուսը» (Հովհ. Ա 35)։

Այս օրը երրորդն է այն օրվանից հետո, երբ փարիսեցիներն ուղարկվեցին նրա մոտ` հարցնելու, թե ո՛վ է [ինքը]։


«Եվ ասում է նրանց. Ամեն, ամեն ասում եմ ձեզ...» (Հովհ. Ա 51)։

Այդ «ամեն» բառը Յոթանասնից թարգմանիչները եբրայերենից թարգմանեցին «եղիցի», իսկ Ակյուղասը թարգմանեց «հավատալ»։


«Այսուհետև պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս և իջնելիս Մարդու Որդու վրա» (Հովհ. Ա 51)։

Պարզապես ուսուցանում է Քրիստոսի հրաշալի գալուստը, երբ հրեշտակներն այլևս չեն առաքվելու այնպիսիների սպասավորության համար, որոնք ժառանգելու են արքայությունը, այլ իջնելու և ելնելու են Քրիստոսի հետ, և այս լինելու է հայտնապես։

Իսկ ավելի խորհրդաբար այսպես է մեկնվում. բացվում է երկինքը, որտեղ կան իմաստության գանձեր ու գաղտնիքներ, և այն է ճշմարիտ գիտությունը։ Եվ իսրայելացիները պիտի գիտենան, որ հրեշտակների բնության մեջ չկա նենգություն և չունեն սպասավորության կարիք։ Նրանք, որ ելնում են, օգուտ ստանալու համար են ելնում. իսկ որ իջնում են` օգտակար լինելու համար` նմանվելով Նրան՝ Աստծու Որդուն, որ մեր փրկության համար իջավ երկնքից և պատարագվեց։ Եվ «երկինքը բացվում է» Քրիստոսով, այսինքն բացվում են Աստծու գիտության և իմաստության բոլոր գանձերը, որը մեզ ավելի ցանկալի է, քան երկնքի բացվելը։

« ԻԴ   |   ԻԶ »
© Gratun.org