Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Հովհաննեսի

ԻԷ

«Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուս Երուսաղեմ ելավ։ Եվ տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ և աղավնիներ» (Հովհ. Բ 13-14)։

Հովհաննես ավետարանիչը այս պատմում է իբրև Հիսուսի երկրորդ գործ, իսկ մյուս ավետարանիչները այս պատմեցին վերջում։ Թվում է`Հիսուս այս արեց երկու անգամ. առաջինը, որ պատմում է Հովհաննեսը, և երկրորդը՝ երեք ավետարանիչները։

«Արջառը» խորհրդանշում է երկրայիններին, և նրանց, որ միայն երկրայինի մասին են խորհում ու խոկում։ «Ոչխարը» խորհրդանշում է անմիտ հոգիներին, ովքեր կեղծավոր են և թվացյալ հեզություն են ցույց տալիս, սակայն այդպիսին չեն։ «Աղավնին» նա է, ով թեթևամտորեն ու դյուրությամբ շրջվում է ճշմարիտ վարդապետությունից դեպի այլ վարդապետություններ։ Լումայավաճառները և պղնձավաճառները նրանք են, ովքեր սրտով սուրբ չեն։


«Եվ չվանից եռահյուս խարազան պատրաստելով...» (Հովհ. Բ 15)։

Խարազանը պատրաստեց չվանից և ոչ թե կաշվե նյութից՝ ցույց տալով Իր քաղցրությունը և մարդասեր վարդապետությունը։ Բայց «եռահյուսը» արդյոք ի՞նչի խորհրդանիշն է։ Սողոմոնն ասում է՝ դու այդ երեք անգամ գրիր քո խորհուրդների և իմացության մեջ։ Եվ ինչպես ցույց է տալիս աստվածային գիրքը, այս խոսքն ունի և՛ ուղիղ, և՛ այլաբանական իմաստ։ Իսկ առակի այլաբանությունը երկակի է. մեկը՝ մեղմագույն, մյուսը՝ բարձրագույն և մեծագույն, ինչպես՝ «մի՛ պոռնկացիր» և «մի՛ շնացիր» խոսքերից հայտնի է դառնում, որ հրամայում է մարմնական ցանկություններից հեռու մնալ։ Իսկ այլաբանորեն՝ առաջինը վերաբերում է դևերի սպասավորությանը (տե՛ս Ելք ԼԴ 15). ըստ մարգարեի խոսքի. «Պոռնկությամբ երկիրը պղծում էին քարի ու փայտի հետ շնանալով» (հմմտ. Երեմ. Գ 9)։ Եվ երկրորդ՝ շնանալ և պոռնկանալ ասելով` նկատի ունի նրանց, ովքեր ուղղափառ վարդապետությունից և Եկեղեցուց շեղվելով`այլևայլ աղանդների են հարել։

Արդ որովհետև Քրիստոս չվանե խարազանով՝ իր քաղցրիկ վարդապետությամբ էր ուսուցանում, վերոհիշյալ արջառավաճառներին, ոչխարավաճառներին, աղավնավաճառներին ու սրանց նմաններին, և ուսուցանում էր խոսքի բովանդակությունն ու խոսքի երկակի նշանակությունը, այդ իսկ պատճառով, ինչպես ինձ է թվում, «եռահյուս խարազան» վերցնել է ասում։


«Հիշեցին նրա աշակերտները, թե գրված է. «Քո տան նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի» (Հովհ. Բ 17)։

Վաթսունութերորդ սաղմոսում գրված է. «Քո տան նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի» (Սաղմ. ԿԸ 10)։ Նախանձախնդիր Քրիստոսը Որդին է նախանձոտ Հոր։ Ես եմ, -ասում է, -նախանձոտ Տեր Աստվածը, Իմ փառքը չեմ տա ուրիշներին և Իմ առաքինությունները՝ կուռքերին (հմմտ. Ելք Ի 5)։


«Հրեաները ասում էին՝ քառասունվեց տարում կառուցվեց այս տաճարը» (Հովհ. Բ 20)։

Այն, որը շինեց Սողոմոնը, հրկիզվեց Նաբուգոդոնոսորի օրոք. ապա վերստին շինվեց քառասունվեց տարում, որը քանդեց

Անտիոքոսը։ Սրանից հետո դարձյալ շինվեց, որը Հերովդեսը քանդելով շինեց առաջվա նման, ինչպես Հովսեփոսն է պատմում[1]։


«Եվ հավատացին գրին և այն խոսքին, որ Հիսուս ասել էր։ Եվ երբ Հիսուս Զատկի տոնին...» (Հովհ. Բ 22-23)։

Քանի դեռ ոմանք չեն հավատում, Զատիկը տոն չի ասվում, այլ հրեաների զատիկ, իսկ այժմ որովհետև հավատացին խոսքին ու գրին, Զատիկը տոն ասվեց։


«Բայց Ինքը Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ» (Հովհ. Բ 24)։

Քանզի չէին հավատում Նրան, այլ՝ Նրա անվանը։


«Հիսուս պատասխան տվեց. «Ով որ ըմպի այս ջրից, դարձյալ կծարավի» (Հովհ. Դ 13)։

Նույն օրինակով ասվում է նաև հրեաների մասին. ամեն ոք, ով մկրտվի ըստ Մովսեսի օրենքների, պետք կունենա այլ՝ վերնագույն մկրտության։ Եվ ամեն ոք, ով պատարագ է մատուցում իր անձի համար, պետք ունի այլ պատարագի, և ամեն ոք, ով թլպատվի ըստ մովսիսական օրենքի, պետք ունի Քրիստոսից հոգևոր թլպատության, և ամեն ոք, ով տոնում է ըստ Մովսեսի օրենքի, պետք է տոնի նաև քրիստոսյան լավագույն տոնը։


«Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հավատա՛ ինձ, որ կգա ժամանակ, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը» (Հովհ. Դ 21)։

Ո՛չ Երուսաղեմում և ո՛չ էլ սամարացիների լեռան վրա են երկրպագում Աստծուն, այլ ամեն տեղ, ուր լինում է Քրիստոսի զորության գալուստը։ Նաև գիտակցելով, թե Աստված հոգի է և ոչ թե մարմին, Նրան երկրպագում են հոգով ու ճշմարտությամբ (Հովհ. Դ 24), այլ ոչ թե մարմնով ու մարմնական վայրերում։ Ովքեր երկրպագում են Նրան, ճշմարիտ երկրպագուներ են, այլ ոչ թե նրանք, ովքեր Հին Ուխտի օրինակով և ստվերով են երկրպագում Աստծուն, այլ նրանք, որ երկրպագում են հոգով ու ճշմարտությամբ։


«Կինն ասաց նրան. «Գիտենք, որ Մեսիան՝ Քրիստոս կոչվածը, կգա. երբ Նա գա, մեզ ամեն ինչ կպատմի» (Հովհ. Դ 25)։

Իմացիր, որ տկարներն ու նվազները օրենքներով ու մարգարեներով էին ակնկալում Քրիստոսի գալուստը։


«Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք արտերը, որ սպիտակել են և հասել հնձի համար» (Հովհ. Դ 35)։

Կա՛մ առաքյալների մասին ասաց, ովքեր մշակվեցին և հնձվեցին այս երկրային աշխարհից, և կամ այնպիսիների մասին, ովքեր առաջ, քան առաքյալները, պատրաստվեցին, իսկ առաքյալները հնձելով՝ եկան Քրիստոսի կալը, որովհետև սերմանվեց օրենք, և հնձվեց խոսք, որի մեջ է կատարելությունը։

« ԻԶ   |   ԻԸ »
© Gratun.org