Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Հովհաննեսի

ԻԸ

«Այնուհետև Հիսուս նրան գտավ տաճարում և ասաց. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի չար բան չպատահի քեզ» (Հովհ. Ե 14)։

Սրանից իմացիր, որ մարմինները ախտահարվում են մեղքերի ու հանցանքների պատճառով։


«Հիսուս պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ» (Հովհ. Ե 17)։

Աստված երբեք չի դադարում բոլորին բարեգործելուց և խնամելուց, նույնպես և Որդին՝ Բանն Աստված։


«Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, եթե չտեսնի Հորը, որ կատարում է» (Հովհ. Ե 19)։

Որդին ոչինչ չի անում`տարբեր Հոր գործերից ու կամքից։


«Քանի որ Հայրը սիրում է Որդուն և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան. և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր. ինչպես Հայրը հարություն է տալիս մեռյալներին, նույնպես և Որդին կենդանացնում է՝ ում կամենա» (Հովհ. Ե 20-21)։

Եվ պատվում է Հորը՝ նրանից վերցնելով դատաստանը, որ չդատի ոչ մեկին, քանզի «Հայրը չի դատում ոչ մեկին, այլ ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. Ե 22)։ Հայրը հարություն տվեց մեռյալին Եղիայի միջոցով և ոմանց էլ՝ ուրիշներով։ Նույնպես և Որդին հարություն տվեց այրու որդուն, քահանայապետի դստերը և Իր բարեկամ Ղազարոսին։ Նաև հարություն պիտի տա բոլոր մեռյալներին։


«Կգա ժամանակ, երբ մեռյալները կլսեն Աստծու Որդու ձայնը և լսելով կկենդանան» (Հովհ. Ե 25)։

Կկենդանանան՝ կյանքի և դատաստանի համար։ Եվ ինչո՞ւ է ասում, թե Հայրը ոչ մեկին չի դատում, քանզի մարգարեն ասում է. «Տերն է դատում իր ժողովրդին» (Սաղմ.Է 9), նաև «Դատի՛ր ինձ, Տե՛ր, ըստ քո արդարության» (Սաղմ. ԼԴ 24)։ Ոմանք կարծեցին` սա Հոր մասին է ասված, որովհետև եբրայական բնագրում Ռայ[1] գիրը, որ նշանակում է այդ, ամեն տեղ «Հայր» բառն է մատնանշում։ Նաև Փրկիչն Ինքն է ասում՝ Հայրը վրեժխնդիր է լինում նրանց համար, ովքեր աղաղակում են Իրեն։ Վրեժխնդիր է լինում նաև դատաստանը, ինչպես Պողոսն է ասում. «Անքնին են նրա դատաստանները» (Հռոմ ԺԱ 33)։

Այս մասին պետք է համառոտ ասել, թե քանի որ Որդին ըստ Հոր կամքի է դատում, այդ պատճառով էլ ասվում է, թե Հայրն է դատում։ Եվ դատաստանը տվեց Որդուն, որպեսզի պատվեն Որդուն ահեղ դատաստանի համար, ինչպես պատվում են Հորը (տե՛ս Հովհ. Ե 22-23)։


«Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը» (Հովհ. Ե 23)։

Որդին Հոր Արդարությունը, Զորությունը և Իմաստությունն է։ Արդ, ով չի պատվում Հոր Արդարությունը, Զորությունը և Իմաստությունը, Հորն ասում է՝ առանց Արդարության, Զորության և Իմաստության։


«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում» (Հովհ. Ե 24)։

«Դատաստան» ասելով` արդ պետք է հասկանալ դատապարտություն։ Ով հավատում է Հորը և լսում Քրիստոսի խոսքը նա չի դատապարտվի, այլ արդեն իսկ մահվանից փոխվեց դեպի հավիտենական կյանք։


«Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող» (Հովհ. Ե 30)։

Նաև դատելու ժամանակ, որովհետև ըստ Հոր կամքի է դատում, դրա համար ասում է՝ ոչինչ Ինձնից չեմ անում և իմանում։


«Եվ Իմ դատաստանը ճշմարիտ է» (Հովհ. Ե 30)։

Քանզի ըստ Հոր կամքի եմ դատում։


«Եվ եթե ես վկայեմ Իմ մասին, Իմ վկայությունը ճշմարիտ չէ» (Հովհ. Ե 31)։

Ոմանք դրանք միմյանց հակառակ կարծեցին, բայց դա այդպես չէ. այժմ ասաց, թե Իմ վկայությունը, որ Իմ մասին է, ձեզ ճշմարիտ չի թվում, որովհետև մարդկանցից և ոչ մեկի վկայությունը իր անձի մասին, ճշմարիտ չի թվում։ Իսկ քիչ հետո, որ ասաց. «Ես վկայում եմ իմ մասին» (Հովհ. Ը 18), սա ցույց է տալիս դեպքերի հաստատությունն ու ճշմարտությունը, թեև այն մարդկանց կարող է ճշմարիտ չթվալ։


«Հովհաննեսն էր վառվող և լուսավորող ճրագը» (Հովհ. Ե 35)։

Քրիստոս կոչվեց Լույս, իսկ Հովհաննեսը՝ ճրագ։ Լույս կոչվեցին նաև առաքյալները. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. Ե 14), որովհետև լուսավորեցին մարդկային ազգը՝ հալածելով ամբարշտության խավարը այն մարդկանց միջից, ովքեր հավատացին և հավատում են նրանց քարոզության խոսքին։


«Եվ Հայրը, որ առաքեց ինձ, նա վկայեց Իմ մասին» (Հովհ. Ե 37)։

Թեպետև Հովհաննեսը վկայեց Իմ մասին, սակայն Ես մարդկանցից վկայություն չեմ առնում (հմմտ. Հովհ. Ե 41). քանզի մեծ է Հոր վկայությունը, որ առաքեց Ինձ։


«Քննեցե՛ք գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք» (Հովհ. Ե 39)։

Գրքերը քննում է նա, ով չի մնում միայն Գրքի ազդեցության տակ, որը սպանում է, այլ փնտրում է Հոգու միտքն ու զորությունը, որը ապրեցնում է։ Նա, ով չի քննում Գրքերը, ի՛նչը պատմում է Քրիստոսի մասին, այնպիսին չի կարող վկայել Նրա մասին։


«Չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք» (Հովհ. Ե 40)։

Գնացեք Հիսուսի մոտ` ոչ տեսանելի ճանապարհով, այլ` մտքով՝ Նրա կամքը կատարելու համար։


«Ես մարդկանցից փառք չեմ առնում» (Հովհ. Ե 41)։

Սաղմոսաց գրքում գրված է. «Տիրոջը փառք ու պատիվ մատուցեք» (Սաղմ. ԻԸ 2)։ Ոչ թե Աստծուն են հարկավոր մեր բարիքներն ու մատուցած փառքը, այլ` որպեսզի մենք փառավորվենք ու պատվի արժանանաք՝ Նրան փառավորելով ու պատիվ մատուցելով, և աստվածապաշտներ լինենք։


«Բայց ճանաչեցի ձեզ, որ Աստծու հանդեպ կատարյալ սերը չունեք ձեր մեջ» (Հովհ. Ե 42)։

Աստծու սերը Նրա խոսքն է ու հրամանը։ Արդ, որովհետև Աստծու հրամանը ու Նրա խոսքը չէին կատարում, դրա համար ասաց՝ ձեր անձերում չունեք Աստծու սերը, այլ` սուտանուն գիտություն։


«Ես եկա Իմ Հոր անունով և Ինձ չեք ընդունում» (Հովհ. Ե 43)։

Հոր անունով եկավ, որովհետև չէր փնտրում Իր փառքը, այլ Նրա փառքը, Ով առաքեց Նրան։ Եվ ոչ ոքի չէր ասում բարի, բացի Իր Հայր Աստծուց, Ում և ասաց՝ մեծ է, քան Ինքը. «Իմ Հայրը մեծ է, քան Ես» (Հովհ. ԺԴ 28)։ Պարզապես ընկալվում է նաև` Իմ Հոր անունով, ա՛յն անունով, որով կոչեց Նրան հրեշտակը, ըստ խոսքի. «Պիտի ծնվի որդի, և կկոչես Նրա անունը Հիսուս, քանի որ նա պիտի փրկի Իր ժողովրդին մեղքերից» (Մատթ. Ա 21)։ Եվ Հիսուս եբրայերենից թարգմանվում է Փրկիչ։


«Եթե ուրիշ մեկը գա Իր անունով, նրան կընդունե՞ք» (Հովհ. Ե 43)։

Նեռը՝ Քրիստոսի հակառակորդը, գալու է իր անունով, որին ընդունելու են հրեաները։ Եվ արդեն իսկ նրա սպասավորներին ընդունել են, որի մասին ասվեց, թե` արդեն իսկ բազում նեռեր են եկել։

« ԻԷ   |   ԻԹ »
© Gratun.org