Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Հովհաննեսի

ԻԹ

«Ես եմ կենաց հացը, ով դեպի ինձ գա, չի քաղցի» (Հովհ. Զ 35)։

Կենդանի Հացը Բանն Աստված է, Ով զորացնում է մարդու սիրտը, հոգին և կենդանություն է տալիս նրանց, ովքեր լսում և ուսանում են խորախորհուրդ գիտությունը, որ ո՛չ միայն կերակրում, այլև փափկացնում է նրանց սրտերը Տիրոջ հանդեպ։


«Ամեն ոք, որ լսում է Հորից և ուսանում է, գալիս է դեպի ինձ» (Հովհ. Զ 45)։

Նրան, ում Հայրը հայտնում է` ինչպես որ Պետրոսին, նա սովորում է երկնավոր Հորից և մոտենում Քրիստոսին ու միավորվում Նրա հետ։


«Ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն Նա, որ Աստծուց է, Նա՛ է տեսել» (Հովհ. Զ 46)։

Բնությամբ անտեսանելիին ինչպե՞ս կարող է մեկը տեսնել։ Իսկ որ ասվեց, թե հրեշտակները հանապազ տեսնում են Իմ Հոր երեսը, որ երկնքում է (տե՛ս Մատթ. ԺԸ 10), ըստ կարելվույն ասվեց Մատթեոսի ավետարանում։


«Ես եմ երկնքից իջած կենդանի հացը, եթե մեկը այս հացից ուտի, հավիտենապես կապրի» (Հովհ. Զ 51-52)։

Ով լսում է Քրիստոսի վարդապետական խոսքը և գործում է ըստ Նրա խոսքի, այնպիսին հոգեպես չի մեռնում, թեև մարմինն առ ժամանակ ապականվում է։


«Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ» (Հովհ. Զ 57)։

Ով արժանավայել կերպով է ուտում և ըմպում, Նրա մեջ է բնակվում Աստծու Խոսքը, իսկ ովքեր ուտում են և խմում անարժանորեն, իրենց իսկ դատաստանն են ընդունում, քանի որ չեն զատորոշում Տիրոջ մարմինը և արյունը, ինչպես ասում է երանելի Պողոս առաքյալը (տե՛ս Ա Կորնթ. ԺԱ 29)։


«Հիսուս պատասխան տվեց և ասաց. «Մի գործ արեցի, և ամենքդ զարմացել եք» (Հովհ. Է 21)։

Մի գործ ասելով` նկատի ունի երեսունութ տարվա անդամալույծին բժշկելը։


«Աչքներիդ երևացածի պես մի՛ դատեք» (Հովհ. Է 24)։

Ով երեսին է նայում ու դատում աչքի տեսածով, նա չի կարող արդարությամբ դատել, քանզի ասված է, թե մարդը տեսնում է երեսը, իսկ Աստված՝ սիրտը (հմմտ. Մարկ. ԺԲ 14)։


«Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր` ասելով» (Հովհ. Է 37)։

Զատիկն անվանում է մեծ տոն, իսկ «վերջին օր»` տոնի յոթերորդ օրը, քանզի յոթ օրում էին այն տոնում։

Կանգնած էր Բանն Աստված, քարոզում էր Իր մեծ ու բարձր վարդապետությունը, և այդ մասին է ասվում, թե «աղաղակում էր», սակայն չէր գոչում մարդկային ձայնով, ինչը և այդպես կարծելը հիմարություն է։


«Ինչպես ասում է գիրքը. «Նրա որովայնից գետեր կբխեն» (Հովհ. Է 38)։

Թե ո՞ր գիրքը նկատի ունի, պետք է փնտրել։


«Հիսուս ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, թե Ես եմ...» (Հովհ. Ը 28)։

Երբ ասում է «Բարձրանալ»՝ նկատի չունի խաչի չարչարանքները, քանզի ովքեր խաչեցին, այն ժամանակ չիմացան Նրան, այլ «բարձրացնելը» այնպես հասկացիր, ինչպես մարգարեն է ասում. «Կբարձրացնեմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ» (Սաղմ. ԻԹ 1)։ Եվ միասին կբարձրացնենք Նրա անունը։ Արդ, ովքեր այդպես կբարձրացնեն Մարդու Որդուն, նրանք կարող են իմանալ, որ Քրիստո՛ս է Աստծու Որդին, և չար աղանդների խոսքերից չեն խաբվի։


«Նա ի սկզբանե մարդասպան էր, և ճշմարտության մեջ չմնաց» (Հովհ. Ը 44)։

Աշխարհի արարչության սկզբից Ադամին հրապուրելով՝ սպանեց, նույնպես և Կայենին՝ սովորեցրեց սպանել եղբորը։


«Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացավ տեսնել Իմ աշխարհ գալու օրը, տեսավ և ուրախացավ» (Հովհ. Ը 56)։

Աբրահամ հայրապետը և Մովսեսն ու մարգարեները նախապես հոգևոր աչքերով տեսան Քրիստոսի մարմնանալու օրը և խաչի բովանդակ խորհուրդը, որ կատարվեց իր ժամանակին, տեսան և ուրախացան, քանի որ փրկվեցին դժոխքից և մահվանից։

« ԻԸ   |   Լ »
© Gratun.org