Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Հովհաննեսի

Լ

«Եվ անցնելիս տեսավ ի ծնե կույր մի մարդու։ Աշակերտները հարցրին նրան և ասացին. «Վարդապե՛տ, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել. սրա՞նն է, թե՞ իր հորն ու մորը» (Հովհ. Թ 1)։

Առաջին իմաստասերներից առաջ եկած աղանդ կա, ովքեր ասում են, թե մարդկանց հոգիները ավելի վաղ ստեղծվեցին, քան մարմինները, և նախապես՝ մարմնի մեջ մտնելուց առաջ, հանցանքներ գործեցին, ինչպես մենք ասում ենք սատանայի մասին, թե մեղանչեց Աստծու հանդեպ։ Եվ յուրաքանչյուր անձ ըստ իր գործած հանցանքների մտնում է համապատասխան մարմինների մեջ և տանջվում։ Ով սաստիկ մեղանչում է, խեղանդամի, արատավորի, ցավագարի մարմնի մեջ է մտնում, որպեսզի առավելագույնս տանջվի, իսկ ով` չափավոր հանցանք, առողջ և անարատ մարմնի մեջ, որպեսզի չափավոր տանջվի։ Արտաքին իմաստասերներն ասում են, թե այս է պատճառը մարմինների կուրության, ցավի և այլ արատների։ Այսպես ասացին հեթանոսների մանկամիտ իմաստասերները, մանավանդ հիմարները, որոնք ցնորվեցին՝ խաբվելով սատանայից։

Իսկ հրեաները, քանի որ միայն գրին են ծառայում, որը սպանում է, համաձայն Մովսեսի խոսքի. «Ես եմ Աստվածը, որ ծնողների մեղքերը հատուցում է որդիներին, մինչև նրանց երրորդ սերունդը, ովքեր ատում են Ինձ» (հմմտ. Ելք Ի 5), կարծում են, թե որդիները տանջվում են հայրերի հանցանքների պատճառով։ Այս պատճառով աշակերտները հարցրին Քրիստոսին, թե սա՞ մեղանչեց, այսինքն՝ սրա հոգի՞ն մեղանչեց, որ մտավ այսպիսի մարմնի մեջ, թե՞ սրա ծնողները մեղանչեցին, որի պատճառով սա տանջվում է, քանզի հրեաները Գրքից գիտեին, որ հայրերի մեղքերն անցնում են որդիներին (հմմտ. Սաղմ. ՃԸ 14), ինչպես ասում է սաղմոսերգուն, ում մեջ հանգչում էր Քրիստոսի մասին ծածուկ գիտության ու իմաստության խորհուրդը ուսանած աշակերտը։


«Հիսուս ասաց. «Մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրանում» (Հովհ. ԺԳ 31)։

Քրիստոսին նմանվողները փառավորում են Աստծուն իրենց մեջ, իսկ Աստված փառավորվելով նրանց մեջ` փառավորում է նրանց։ Արդ, քանի որ Քրիստոս փառավորեց Աստծուն՝ Իր Հորը, նույնպես և Ինքը փառավորվեց Նրանից՝ Հոր Միածին Որդին։


«Հիսուս ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, և Ինձ չճանաչեցի՞ր, ով Ինձ տեսավ, տեսավ Հորը» (Հովհ. ԺԴ 9)։

Երևացող մարմնով տեսան նաև հրեաները, քահանայապետներն ու փարիսեցիները, և նրանք, ովքեր խաչեցին Նրան, բայց Հորը չտեսան։ Իսկ ով կարողացավ իմանալ, թե Հիսուսն է Բանն Աստված և Աստծու Իմաստությունն ու Զորությունը, Ճանապարհը, Ճշմարտությունը, Կյանքն ու Դուռը, և այն ամենը, ինչը Քրիստոսի մասին ասվեց սուրբ Գրքերում, այնպիսին տեսավ Հորը։


«Եվ Ես պիտի աղաչեմ Հորը և նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. Ճշմարտության Հոգին» (Հովհ. ԺԴ 16)։

Առաջին Մխիթարիչը Քրիստոսն է, երկրորդ Մխիթարիչը՝ Ճշմարտության Հոգին։ Նույնն է ասում նաև Հովհաննեսը Ընդհանրական թղթում. «Եթե մեկը մեղանչի, Հոր մոտ Մխիթարիչ ունենք Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը» (հմմտ. Ա Հովհ. Բ 1)։


«Եթե Ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի» (Հովհ. ԺԵ 22)։

Արդ, ինչպե՞ս հասկանանք, թե մեղք չէին ունենա նրանք, որոնց հետ չխոսեց Քրիստոս կամ Քրիստոսի աշակերտները. և եթե այդպես է, ամենքն էլ, որ Քրիստոսից առաջ ծնվեցին մարմնով, մեղք չունեն, նույնպես և նրանք, որոնց չպատմվեց Նրա մասին։

Արդ, կարծում եմ այսպես է պետք հասկանալ, թե միայն հրեաների վերաբերյալ ասվեց, որոնց մոտ եկավ, ուսուցանեց ու հրաշքներ գործեց, սակայն նրանք չհավատացին։ Բայց մեկն էլ կարող է ասել, թե ովքեր չունեն բանականություն, ինչպես մանուկներն ու հիմարները, սրանք չգիտեն, [ուստի] և մեղք չունեն, իսկ որոնց Աստված Քրիստոսի միջոցով բանականություն պարգևեց, և գիտեն բնությամբ ընտրել բարին ու չարն և արհամարհելով բարին՝ գործում են չարը, այսպիսիները բոլորն էլ մեղք ունեն։

« ԻԹ   |   ԼԱ »
© Gratun.org