Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Հովհաննեսի

ԼԱ

«Եվ Նրա այս խոսքի վրա, սպասավորներից մեկը մոտենալով ապտակ տվեց Հիսուսին. և Հիսուս ասաց. «Եթե չար խոսեցի, վկայի՛ր, իսկ եթե բարի, ինչո՞ւ ես խփում Ինձ» (Հովհ. ԺԸ 22-23)։

Կատարվեց մարգարեի միջոցով ասվածը. «Իմ ծնոտներս ապտակի տվեցի և իմ երեսը չդարձրի թքից» (Եսայի Ծ 6)։


«Այս պատահեց, որպեսզի կատարվի գրվածը, թե՝ նրա ոսկորը չպիտի փշրվի» (Հովհ. ԺԹ 36)։

Օրենքի գրքում Քրիստոսի օրինակի՝ գառան մասին, ասվեց. «Նրա ոսկորը մի՛ փշրեք» (Ելք ԺԲ 10)։


«Եվ դարձյալ մեկ այլ գիր ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին» (Հովհ. ԺԹ 37)։

Ինչպես թարգմանեցին Յոթանասնից թարգմանիչները, Զաքարիան ասում է. «Պիտի նայեն ինձ, փոխանակ ինձ ծաղրելու կամ իմ առջև պարելու», իսկ եբրայերեն տարբերակում՝ «Պիտի նայեն ինձ, որին խոցեցին»։ Ավետարանիչն էլ ըստ այսմ բերեց հետևյալ վկայությունը, որ գրված էր եբրայերեն տարբերակում։


«Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել» (Հովհ. Ի 17)։

Քանզի դեռ չէր ելել բարձունքն ի վեր և չէր ազատել գերությունից, դրա համար ասաց. «Մի՛ մոտեցիր ինձ», որպեսզի ընդունայն մոտեցած չլինես։

Քրիստոսի համբարձվելուց հետո ոմանք այսպես են մոտենում Նրա մարմնին, առաքինությամբ ու գիտությամբ հոգու աղտը դուրս հանելով, և ապա մոտենալով ճանաչում են Նրան որպես Աստված՝ հավասար Հորը և Ամենասուրբ Հոգուն, Դատավոր՝ կենդանիների և մեռելների։

Փառք ամենասուրբ Երրորդությանը, հավիտյանս. ամեն։

« Լ   |   Հիշատակարան »
© Gratun.org