Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Անտիոք Անարծաթ բժշկի վկայաբանությունը

Քրիստոսի մեծ վկա սուրբ Անտիոքոսը բժիշկ էր, բարեպաշտ հավատով ի Քրիստոս, Սեբաստիա քաղաքից, շրջում էր բոլոր գավառներում և ձրի բուժում բոլոր հիվանդներին` ոչ միայն դեղով ու արմատներով, այլև մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ և վարձի փոխարեն, որ պիտի ստանար նրանցից, ում բուժում էր, պարգևում էր նրանց հավատի սուրբ ավազանի աստվածային լույսը, որ ի Քրիստոս, լուսավորելով` բոլորին դարձի էր բերում սնոտի կուռքերի մոլորությունից։

Եվ ելավ սրբի բարեգործության համբավը ամբողջ երկրով, լսելի եղավ մինչև իսկ թագավորներին։ Այնժամ նրան բռնեց անօրեն դատավոր Ադրիանոսը և բազում, տեսակ-տեսակ տանջանքներով չարչարում էր երանելիին` դալար բրերով ու քերիչներով, սուրսայր եղեգնով։ Հրկիզելով` այրեցին-խորովեցին սրբի մարմինն առհասարակ։ Եվ կաթսայից, որ եռման էր, լցրին նրա վերքերի վրա ու նրան ստիպում էին հրաժարվել Քրիստոսից։ Իսկ նա բազում վշտերից չէր կարող բանալ իր բերանը, այլ միայն սրտանց գոհանում և օրհնում էր Աստծուն։ Երբ տեսան, որ արհամարհում է տանջանքը, նրան գցեցին վագրերի առաջ, և վայրի գազանները երանելիի հրաշալի դեմքից պատկառելով` չմոտեցան սրբին, հանդիմանելով դատավորի մոլորությունը, մինչև որ զարհուրած դատավորը օրեր անց նրան ներումն շնորհեց։

Իսկ սուրբը, զորացած Սուրբ Հոգուց, գիշերով մտավ կուռքերի տաճարը և բոլոր բագինները կործանելով խորտակեց։ Եվ դա իմացան կուռքերի պաշտոնյա քուրմերը, երանելիին բռնեցին, տարան դատավորի ատյանը։ Երկրորդ անգամ [դատավորը] հարցուփորձով չտանջեց, քանի որ գիտեր նրա համբերությունը և պնդությունը Քրիստոսի հավատքի նկատմամբ, հրամայեց գլխատել երանելիին։ Եվ դահիճներն առան-տարան նրան սպանման տեղը, և սուրբն աղաղակեց դահիճներին` թույլ տալ իրեն, մինչև աղոթի իր Տեր Աստծուն։ Եվ սուրբն իր ձեռքերը բարձրացրեց դեպի երկինք, արտասվալի, սկսեց աղոթել այսպես. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, Աբրահամի Աստված, Իսահակի Աստված և Հակոբի, ամեն մխիթարության Աստված, խոնարհեցրու ականջներդ և լսիր աղաչանքը Քո ծառայի։ Տե՛ր, տո՛ւր ինձ անվեհեր ավարտել ընթացքս, Տե՛ր, տո՛ւր ինձ վաստակներիս վարձը, որ փոքր-ինչ վաստակեցի իմ Տեր Հիսուս Քրիստոսի այգում, որը գնեց Իր արյունով։ Տե՛ր, տո՛ւր ինձ իմ վարձքը, որ հատուցեցիր հետին մշակներին Քո առատ մարդասիրությամբ։ Լսի՛ր, Տե՛ր, բոլորի աղոթքի խնդրանքը, որ իմ բարեխոսությամբ խնդրում են Քեզնից. հիվանդներին` բժշկություն, դևերին` հալածանք, կույրերին` տեսնել, կաղերին` գնալ, խուլերին` լսել, մեղք գործածներին` թողություն։ Լսի՛ր, Տե՛ր, բոլորին, որ կաղաչեն Քեզ. եթե մեկը վտանգվում է ծովում, կամ գետում, ամեն տեղ, օգնիր և փրկիր բոլոր վտանգներից ու նեղություններից։ Տե՛ր, տո՛ւր և օդի բարեխառնություն և հանդերին պտղաբերություն, փրկելով խորշակից ու եղյամածին սառնամանիքից։ Տե՛ր, շնորհի՛ր մարդկանց առողջություն, արգասավորություն, նաև` անասուններին ու թռչուններին, որովհետև Քո ստեղծածն են, և Քոնն է փառքը հավիտյանս. ամեն»։

Միևնույն ժամին երկնքից ձայն եկավ նրան և ասաց. «Քո բոլոր խնդրանքները կկատարվեն, և դու կգաս քո Տիրոջ ուրախությանը։ Բաց են դռները երկնքի, և քեզ պատրաստված է փառքի պսակ, որ պատրաստեցիր քո նահատակությամբ»։ Եվ այդ ձայնը ուրիշները չլսեցին, այլ միայն Կիրակոս դահճապետը և հավատաց Քրիստոսին ու նզովեց կուռքերին։ Եվ այդտեղ հատվեցին երանելիների գլուխները. Անտիոքոս բժշկի և Կիրակոս դահճապետի։ Եվ քրիստոնյաները վերցրին նրանց սուրբ մարմինները։ Իսկ երբ հալածանքները դադարեցին` Սեբաստիա մեծ մայրաքաղաքում կառուցեցին սրբերի վայելուչ վկայարայն և կոչեցին սուրբ Անարծաթներ, որ կա մինչև այսօր։ Եվ ի հիշատակ սրբերի` օգոստոսի 25-ին [կատարվում է նրանց տոնը], ի փառս ամենասուրբ Երրորդության, հավիտյանս հավիտենից. ամեն։

« Սուրբ Անթիմոս եպիսկոպոսի վկայաբանությունը   |   Սուրբ Ապողոնիոս ճգնավորի վկայաբանությունը »
© Gratun.org