Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Բաբելաս եպիսկոպոսի և երեք մանկանց վկայաբանությունը

Գալով Անտիոք քաղաքը` Նոմերիանոս թագավորը պիղծ դևերին զոհ էր մատուցում։ Ուզեց մտնել Աստծու տունը։ Իսկ երիցս երանելի Բաբելասը` Աստծու եկեղեցու եպիսկոպոսը, որ Անտիոքում էր, Քրիստոսի հոտի գեղեցիկ և հանճարեղ հովիվը, գիտեր մեծ իմաստությամբ հովվել իր ենթականերին, երբ լսեց, որ Նոմերիանոսը ուզում է մտնել Աստծու տաճարը, ձայնը բարձրացրեց ժողովրդի մեջ և բարձրագոչ ասաց. «Հաստատո՛ւն եղեք, որդյակներ, այստեղ, ներսում մնացեք, որովհետև ապականիչ գայլն ուզում է մտնել Աստծու տունը. եթե Աստված մեզ [օգնության] չհասնի` կորչելու ենք բոլորս»։ Նրանք այդ լսելով` մնացին ներսում, իսկ սուրբը դռան առջև նստած սպասում էր անօրենին։ Եվ եկավ Նոմերիանոսը, ուզում էր մտնել եկեղեցի։ Աստծու սուրբ ծառա Բաբելասն ընդառաջ գնալով արգելեց նրան. «Այստեղ չպետք է մտնես պիղծ և կեղտոտ ձեռքերով»։ Իսկ Նոմերիանոսը բռնի մտնել էր փորձում, և զարմացած էր այրի համարձակությամբ, նաև ակնածելով նրա բարի համբավից, մի պահ լուռ մնաց, ապա հրամայեց նրան պահել ամենայն զգուշությամբ, ինքը զայրացած դարձավ արքունիք։

Հաջորդ օրը [թագավորն] ատյանում նստեց, հրամայեց նրան բերել բոլորի առջև ու ասաց. «Ա՛յ թշվառական այր, ի՞նչ ես մտածել և ի՞նչ նկատի ունեիր, որ հանդգնեցիր արգելել ինձ, չգիտե՞ս, որ քեզ հետ խոսում է թագավորը։ Աստվածները գիտեն, որ չես փախչի իմ ձեռքից, և տեսնենք` քո Աստվածը կօգնի՞ քեզ»։ Բաբելասն ասաց. «Ես տառապած մարդ էի, իսկ Աստված կամեցավ ինձ դարձնել իր ժողովրդի հովիվ։ Ուստի տեսնելով, որ ապականիչ գայլը մտնում է Քրիստոսի հոտը, շտապեցի ուշք դարձնել, որ հոտից կորուստ չունենամ և հաշիվ տամ Աստծուն»։ Նոմերիանոսն ասաց. «Հիմա ինձ գա՞յլ համարեցիր և ոչ թագավոր»։ Բաբելասն ասաց. «Աստծու ներողամտությամբ ես դու թագավոր և մեր մեղքով. գոնե այդպես խրատվելով դառնանք դեպի Նա։ Բայց ես քեզ ճշմարիտ թագավոր չեմ համարում, որովհետև չգիտես Նրան, որ քեզ այդ պատիվը տվեց։ Եթե գիտենայիր` միայն Նրան կերկրպագեիր և միայն Նրան կպաշտեիր և ոչ Նրա ստեղծածներին։ Արդ` այսպիսի գործերով բարկացնում ես քո արարչին, որ չգոյությունից գոյության բերեց քեզ և պատիվ տվեց, որպեսզի փառավորես Նրան։ Քեզ ասում եմ բաներ, որ բոլորը գիտեն. եթե քո պաշտոնյաներից մեկը փախչեր քեզնից ու գնար այլազգի թագավորի մոտ, չէի՞ր զայրանա։ Այդպես մտածիր Աստծու մասին։ Երկնի ու երկրի արարիչը խանդով է նայում այդ բաներին։ Չէ՞ որ, երբ Իսրայելը դառնացրեց Աստծուն` մարգարեի միջոցով ասաց նրանց. «Դուք նախանձեցրիք ինձ չաստվածներով, և ես կնախանձեցնեմ ձեզ ազգով և անմիտ ազգով կզայրացնեմ ձեզ» (Բ. Օրինաց ԼԲ. 21)։ Արդ` դու ևս կզայրացնես Աստծուն, և Նա կխլի իսկույն քո թագավորությունը և կտա ուրիշի, որին չես ուզում։ Դրանով կիմանաս, որ բարվոք է Աստծուն խոստովանել և ոչ թե Նրա արարածներին աստվածացնել և երկրպագել նրանց. չէ՞ որ գրված է. «Երկրպագիր քո Տեր Աստծուն և պաշտիր միայն Նրան» (Մատթ. Դ. 10)։

Նոմերիանոսն ասաց. «Աղճատվում ես թշնամանելովդ։ Քեզ չի՞ թվում, որ այս արարածները մեծ աստծունն են կամ չե՞ս տեսնում նրանց ազդեցությունը և առաջադիմությունը, որ ունեն։ Բայց ես ուզում եմ իմանալ` ո՞ր ազգն է ասում` գիրն անմիտ է. այդ որ ասես` սիրով կլսեմ քեզ»։ Բաբելասն ասաց. «Աստված մարդուն անմեղ ստեղծեց, իսկ սատանան երկնքից ընկավ և զրկվեց փառքից, որ ստացել էր Աստծուց, և նախանձելով մարդկային ցեղին` հափշտակեց մեր նախնիներին իր չար մտքերով, և այդպես եղանք անմիտ։ Իսկ Աստծու Միածին Որդին` ճշմարիտ Աստված, ներողամիտ եղավ այնքան կռապաշտության հանդեպ և իր ստեղծածների կորուստը տեսնելով` երևաց մեզ և ողորմելով կորզեց մոլորությունից։ Եվ այնուհետև անմիտ չենք, քանի որ գիտենք Աստծուն, մանավանդ որ իրենից իմացանք` չկա նախապես գիտցող, լոկ Աստծուց բացի։ Իսկ այդ ամենը, որ ասում եք` առասպել են և բանաստեղծների մտքեր. անունով են միայն աստվածներ և ոչ գոյությամբ, քանի որ եթե մարդկային արվեստը չլիներ` այդ աստվածները չէիք ունենա։ Այժմ եթե ուզում ես ինձ լսել և մոլորությունիցդ խուսափելով իմաստուն լինել` Աստված քեզ կընդունի, իսկ եթե ոչ` կաս և կմնաս այդ անմտության մեջ»։ Նոմերիանոսն ասաց. «Ձեր գիրքն առասպել է, իսկ մերը` գործ և իմաստ, և իր մեջ ունի ճշմարտության պատկերը, որովհետև այնտեղ աստվածային մի զորություն կա։ Դրա համար հրամայում եմ զոհ մատուցել նրանց։ Եվ իմացիր, թե չլսես` անպատիժ չես մնա, որովհետև դու ավելի լավ չես քան նրանք, որ քեզնից առաջ եկան սրան և արժանացան մեծ պատվի»։

Բաբելասն ասաց. «Ովքեր պարտվեցին` պարտվեցին իբրև մարդ, իսկ ինձ չես կարող խաբել, և եթե ինձ խոստանաս երկնքի արքայությունը, որից ինձ ուզում ես խորթացնել, տանջանք ես ժառանգելու, քանի որ Աստված քեզնից պահանջում է մարդկանց հոգիները, որ կորցրիր»։ Նոմերիանոսն ասաց. «Ի՞նչ է Աստված. այդ անունն ինձ ասա` ինչպես է բացատրվում»։ Բաբելասն ասաց. «Աստծու մեծությունը չգիտես, թեև [Նրա] թևերով թռչում ես։ Մի՛ որոնիր Աստծու անունը, որովհետև չես գտնի, քանի որ ամեն կանչված անուն մի լավի կողմից է անվանվում. մեկը կկանչի, մյուսը կլսի։ Եվ ամեն մեկը, որ կկոչի` «Աստված, Աստվա՛ծ», ոչ թե Աստծու անունը, այլ փառքն է ասում։ Արդ` մի՛ խնդրիր բան, որ Աստծունը չէ։ Աստված իմաստության ճանապարհ է` առանց հասնելու, Աստված որ ամեն ինչ ստեղծեց մարդու համար»։ Նոմերիանոսն ասաց. «Ի՛նչ է մարդը»։ Բաբելասը պատասխանեց. «Կյանքի ընդունիչ, եղածը վայելող»։ Նոմերիանոսն ասաց. «Աստվածներով, պատասխանեցիր կարգով և խիստ իմաստությամբ, ինչպես քո համբավն էր։ Բայց քեզ պակասում է միայն աստվածների իմացությունը, և կարող էիր բարի այր լինել»։

Բաբելասն ասաց. «Անզգա՛մ, ամբարիշտ և ինքնագոհ բռնակալ, այդ պատիվը, որ քեզնից է` թշնամանք է ինձ, և քո գովասանքը` անարգանք։ Քանի որ ես լի եմ ամենայն բարությամբ, որովհետև գիտեմ իմ Աստծուն և քարերին չեմ երկրպագում»։ Նոմերիանոսն ասաց. «Նոր շղթա կգցեմ քո պարանոցին, որովհետև չեմ կարող հանդուրժել, և իբրև չար ծառայի ու իր տիրոջը թշնամանողի` կապանք կդնեմ ոտքերիդ»։ Բաբելասն ասաց. «Աստծուն ունեմ ինձ իշխան ու թագավոր, տերեր ու եղբայրներ` երկյուղածներ Աստծու։ Արդ, դու հավատա՛ Աստծուն, և կհամբուրեմ քո ոտքերը։ Որովհետև պատիվ է ինձ այն, ինչ դու թշնամություն ես համարում։ Այլև այս չարչարանքով Աստծու պիտանի ծառա չեմ, այլ անպիտան, քանի որ երանելիներն են Աստծու համար չարչարվում»։ Նոմերիանոսն ասաց Բիկտորինոս դքսին. «Ուզում եմ քեզնով խրատել անզգամների ուսուցիչ Բաբելասին և հրամայում եմ նրա պարանոցին շղթա դնել, նաև ոտքերին` կապանք, ի թշնամություն նրա, որ ոչ քիչ լուտանք թափեց մեզ վրա»։ Բիկտորինոս դուքսն ասաց. «Քո քաջությամբ երդվելով` վաղուց եմ ցանկացել հասնել քո երկյուղին` այդ ամբարիշտ մարդու կապակցությամբ։ Որովհետև անօրեն և ինչ-որ նոր օրենք է ուսուցանում և բազում հոգս է պատճառում մեզ` անգոսնելով մեր հրամանները»։ Նոմերիանոսն ասաց. «Դու հիմա հրամայվածներն արա այդ անհավան Բաբելասին, իսկ ես դրանից հետո կամաց-կամաց կջնջեմ նրա նմաններին»։

Դուքսը Բաբելասի պարանոցն ու ոտքերը շղթայեց և հրամայեց դուրս հանել, որ տեսանելի լինի բոլորին։ Բաբելասն ասաց. «Գոհանում եմ իմ Աստծուց, որ իրեն խոստովանելովս ինձ հասցրեց այս պատվին, իսկ քեզ և քո թագավորին չեմ հարգում»։ Դրանից հետո Նոմերիանոսն ասաց. «Կանչեցեք Բաբելաս ուսուցչին երիտասարդների, որ ամեն ժամ անզգամությամբ է շարժվում»։ Եվ եկավ Բաբելասը, ասաց. «Ուսուցիչ եմ երիտասարդների, որ երբեմն մտքով մանկանում են, երբեմն իմաստությամբ պատահում են նրանց, որ ուզում են շեղվել ճշմարտությունից, բայց ձեզ` անզգամներիդ ու ձեզ նմաններին ուսուցիչ չեմ»։ Նոմերիանոսն ասաց. «Աստվածներով [եմ երդվում] քեզ վայել են այդ շղթաներն ու կապանքները, որ ոտքերիդ են»։ Բաբելասն ասաց. «Դու շարժվում ես` առաջնորդվելով անզգամությամբ, իսկ ես երդվել եմ Աստծու Որդու [անունով]. ինձ այնքան է վայել, որքան քեզ ոչ` այդ թագը, որ գլխիդ է»։ Նոմերիանոսն ասաց. «Ո՛վ թշվառական, զոհ մատուցիր, բուժվիր տանջանքներից, որ քեզ պահեն, և մի՛ պարծենար այն մանուկներով, որոնց սովորեցնում ես»։ Բաբելասն ասաց. «Որ մանուկների ուսուցիչ եմ` ահա քեզ ասացի։ Իսկ եթե ուզում ես տեսնել` ի՛նչ է մանկանց սնունդը և աստվածային վարդապետությունը, ինձ հետ ունեմ երեք մանուկ` ըստ Աստծու սնված, հրամայիր նրանց բերել` և կտեսնես նրանց քաջությունը, որ Աստված նրանց հետ է։ Թերևս իմ փորձով չհամոզվեցիր և ինձ նայում ես իբրև աղճատվածի ու շատախոսի»։

Եվ Նոմերիանոսը հրամայեց բերել մանուկներին, որոնց մասին Բաբելասն ասաց։ Եվ երբ մտան, [Նոմերիանոսը] հարցրեց նրանց` մայր ունե՞ն։ Եվ նրանք ասացին. «Այո՛, բայց մորից առավել ունենք տեր Բաբելաս մեր ուսուցիչը»։ Հրամայեց բերել և նրանց մորը, ու երբ մտավ` հարցրեց նրան` «Ի՞նչ է քո անունը»։ Եվ նա ասաց. «Թեուդուլե»։ Նոմերիանոսն ասաց. «Դրանք քո որդինե՞րն են»։ Եվ նա ասաց` «Այո՛, ես եմ ծնել դրանց և հանձնել եմ իմ հովիվ Բաբելասի ձեռքը, և նա սովորեցրեց նրանց աստվածպաշտություն»։ Նոմերիանոսն ասաց. «Դրա երեսն ապտակեցեք սաստիկ իր երեխաների առջև և դրան ասացեք, որ հանդուգն չխոսի»։ Իսկ զավակները տեսան իրենց մորը տանջանքի մեջ, միաբան աղաղակեցին ու ասացին. «Բռնավոր, իզուր մի՛ խփիր մեր մորը, որովհետև ազատ է, և ճիշտ ասաց` ինչ որ ասաց, նա ծնեց մեզ, բայց սնեց մեր տեր Բաբելասը։ Թեկուզ դարձյալ զայրանաս` մեր տերն է, քանի որ աստվածպաշտություն է սովորեցնում»։ Եվ զայրացած Նոմերիանոսը հրամայեց երիտասարդներին առանձնացնել։ Հրամայեց առաջինին փոկով [հարվածել] տասներկու, երկրորդին` ինը, երրորդին` յոթ [անգամ]։ Իսկ մանկունք մի մարդու պես ասացին. «Օրհնյալ է Աստված, որ Նրա համար չարչարվում ենք»։

Նոմերիանոսն ասաց նրանց մորը. «Քո առաջին որդին քա՞նի տարեկան է»։ Եվ նա պատասխանեց. «Տասներկու»։ «Իսկ երկրո՞րդը»։ Եվ նա ասաց. «Ինը»։ «Իսկ երրո՞րդը` քանի»։ Եվ նա ասաց. «Յոթ»։ Սրանից հետո աղաղակեց. «Քրիստոնյաների Աստվածը մեկ է. իմ որդիների քանակի համաձայն այնպես տանջվեցին Նրա համար, որ կվերջացնի նրանց ու կպսակե»։

Նոմերիանոսը հրամայեց դուրս հանել նրանց մորը և ներս տանել Բաբելասին և ասաց նրան. «Անզգամների վարդապետ և մանուկների ուսուցիչ, փորձեցի այն, որ պարծենում էիր մանուկներով. սուտ դուրս եկար, քանի որ առաջ գալով մանուկները խոստացան զոհ մատուցել աստվածներին»։ Բաբելասն ասաց. «Չա’ր, գլխիցդ սուտ ես խոսում, քանի որ քո հայր սատանայի որդին ես, որը մշտապես ստում է, և դուք չեք կարող հաղթել որևէ մեկին, ո’չ դու, ո’չ քո հայր սատանան, եթե չստեք»։

Նոմերիանոսն ասաց. «[Երդվում եմ] Ասկլեպեոսով, արհամարհում եմ քո խոսքն ու թշնամանքը և տանջանքով կամաց-կամաց կվատնեմ քեզ, եթե չհավանես և զոհ չմատուցես, դրանից հետո կհրամայեմ գլուխդ կտրել»։ Բաբելասն ասաց ծիծաղելով. «Այժմ և ծաղրի եք արժանի»։ Նոմերիանոսն ասաց. «Աղճատվում ես. ո՞ւմ ծաղրին ենք արժանի»։ Բաբելասն ասաց. «Եթե քո աստվածները լսեն, որ միայն Ասկլեպեոսի անունը տվիր` կզայրանան քո դեմ։ Արդարև ես ամաչում եմ ձեր անզգամությունից, որ չեք կարող իմանալ, այլ երկրպագում եք` ում չերկրպագեցին կամ չհավանեցին մանուկները»։ Նոմերիանոսն ասաց. «Թե քո Քրիստոսը լսի` կբարկանա, որ միայն Աստված ես ասում, ի՞նչ կանես»։ Բաբելասն ասաց. «Ահա դու արժանի չես լսելու քրիստոնեից գիտությունը, բայց այս ամբոխի համար, որ շուրջս է, ասում եմ, որ քո անօրինությամբ դրանք ևս չզրկվեն գթությունից։ Երբ քրիստոնյաները Որդուն են ասում, խոստովանում են Հորը և երբ Հայր են ասում` խոստովանում են և Որդուն, որովհետև բաժան չեն ո՛չ Հայրը որդուց, ո՛չ Որդին Հորից, և Աստված համեմատելի չէ դևերին, որոնց երկրպագում ես։ Եվ գրված է. «Ի՞նչ հաղորդություն լույսի և խավարի միջև» (Բ. Կորն. Զ. 14-15)։

Իսկ մանուկները այնքան ժամ կախված էին Բաբելասի հետ։ Նոմերիանոսն ասաց, որ Բաբելասին տանեն` կապանքներն ու անուրները պարանոցին։ Եվ քանի որ ծանր էին և հաստ, երկար կախելով վերքեր էին առաջացնում։ Իսկ որ նրա շուրջն էին ծանոթները, չարչարակից լինելով նրան` ասացին. «Խոստացիր զոհել և ազատվիր տանջանքից»։ Բաբելասն ասաց. «Այնքան չեմ սգում այդ անզգամին, որ գահին է նստում, որքան ձեզ, որ հավատում եք դրան, որ և կորցրեց ձեր կյանքը։ Դրան չհավանելով արդյո՞ք ձեզ կհավանեմ. բնավ։ Ձեր տանջանքը կյանք է, որովհետև թեթևացնում է ինձ, որի համար և չարչարվում եմ և չեմ զգում բնավ»։

Այնուհետև թագավորը հրամայեց տանջել նրան։ Ու մինչ երանելի Բաբելասը կախաղանին էր, մանուկները աղաղակում էին և ասում. «Բռնավոր և ամբարիշտ, ինչո՞ւ մեր տիրոջը և բարի հովվին այդպես առանց մի պատճառի տանջում ես. քանի որ պաշտում է բոլորի Տիրոջը, դրա համար առավել պատվի է արժանի և ոչ տանջանքի։ Դրա փրկությամբ երդվում ենք` Աստծու ձեռքից չես պրծնի, այլ մատնվելու ես գեհենի հրին»։ Եվ Նոմերիանոսը ցասումով հրամայեց տանջել նրանց։ Իսկ մանուկները միաբերան ասացին. «Չե՞ս ամաչում, ամբարիշտ, այդչափ բազմության առջև հաղթվելով մանուկներից, որովհետև դու ավելի պիտի տանջվես, քան մենք։ Երդվում ենք նրանով, որ անմիջապես կարող է քեզ հատուցել, որովհետև չենք ընկրկում քո տանջանքներից»։ Եվ թագավորը հրամայեց իջեցնել Բաբելասին և թաքցնել տանը, որպեսզի առանձին հարց[աքննի] մանուկներին։

Եվ ասաց նրանց. «Որդյակնե՛ր, համաձայնեցեք ինձ` և բազում պատիվներ կշնորհեմ ձեզ, որ ուրիշ մեկը չի կարող»։ Իսկ նրանք միաձայն ասացին. «Խորամանկ և նենգավոր, մեզ մահ մի՛ նյութիր, քանի որ քո բոլոր շնորհները լի են գեհենի պատվով։ Երբ որ մեր վարդապետը տերունական կնիքը տվեց մեզ` կատարյալ դարձանք և մեզնից վանեցինք չար խորհուրդները, և հաղորդվեցինք հաստատուն կերակրին, պատրաստ ենք մեռնելու Քրիստոսի անվան համար։ Դու կարծում էիր թե երբ մեզնից մեկուսացնես մեր ուսուցչին` կհաղթես մեզ։ Աստծու Որդու անվամբ ենք երդվում, որը կարող է օգնել մեր հովվին` ուր և լինի, և բուժել քո պիղծ ձեռքից, և այս ժամանակները փոխել անմիջապես, եթե չուրանանք և ամոթ չանենք մեր հովվին, որ աղոթում է իր հոտի համար»։

Իսկ երանելի Բաբելասը լսում էր դա այն տանը, ուր արգելափակված էր։ Նոմերիանոսն ասաց. «Առա՛ջ բերեք Բաբելասին»։ Ու երբ եկավ` ասաց. «Արդարև [սրանք] ըստ Աստծու իմ որդիներն են, իսկ ես իմ Աստծու համար, որից ծնվեցի` կին չեմ ճանաչում»։ Նոմերիանոսն ասաց. «Եվ ինչո՞ւ ամեն ինչով քեզ են նման»։ Բաբելասն ասաց. «Աղոթքով խնդրում եմ, որ ամբողջապես ինձ նման լինեն, բացի իմ մեղքերից»։ Նոմերիանոսն ասաց. «Քեզ ասացի` ազատվիր տանջանքներից, դու հնազանդվել ես չարչարվել, և չլսեցիր ինձ, և աղաչում եմ քեզ` հաճեցրու քո միտքը առաջին տանջանքին, միայն դրանից հետո բավարարվի՛ր տանջանքովդ, համոզիր մանուկներին, որ այդպես դեռահաս չզրկվեն քաղցր կյանքից»։ Իսկ Բաբելասը զայրացած ասաց. «Ո՛վ անմիտդ բոլոր մարդկանցից և ամբարիշտ բռնավոր, զբաղվեցիր մեզնո՞վ, պատերազմական հոգսերը թողած, և` թե ինչպես պետք է դիմավորել այլազգիներին. հավատում եմ Քրիստոսի Հայր Աստծուն։ Ինչպես որ հերքեցիր մեզնից, այդպես կհաղթահարվես թշնամիներիցդ։ Գոնե խոստում տուր որդիներիդ և քո պարգևները պահիր քեզ, քանի որ չես կարող այնքան մեզ շնորհել, որքան ձգտում ես զրկել մեզ»։

Եվ թագավորը բարկացավ, նրան և երեք մանուկներին մահվան վճիռ տվեց։ Իսկ երանելի Բաբելասը երեք մանուկների հետ վճիռն ստացավ, երդվեցրեց մոտը եղողներին և ասաց. «Երդվեցնում եմ ձեզ մեր Աստծով, որ տեսնում է ամեն ինչ, անուրներն ու կապանքները, որ ոտքերիս են, ես վկայում եմ, որ բռնավորը հավետ տանջվելու է անվախճան հրի մեջ»։ Ու մինչդեռ ելնում էր դռնից, այսպես էր սաղմոսում. «Փրկեցիր մեզ մեր թշնամիներից և մեր ատելիներին ամոթահար արեցիր» (Սաղմ. ԽԳ. 8)։ Նրա հետ սաղմոսում էին մանուկները։ Իսկ երանելի Բաբելասը աղաչում էր դահիճներին, որ պատրաստ էին գլխատելու, որ նախ մանուկներին սպանեն, ապա իրեն։ Եվ նրանց կանգնեցնելով իր աջ ու ձախ կողմը, ասաց. «Ահա ես և իմ մանկունք, որ տվեց Աստված»։ Իսկ երբ նրանց վախճանված տեսավ` ասաց. «Օրհնյալ Աստված քրիստոնյաների, որ արիր քո բազում ողորմությունը, արդարև դեռահաս մանուկների բերանով հաստատեցիր քո օրհնությունը»։ Այնպես նրան ևս գլխատեցին, թաղվեց շղթաներով, երեք մանկանց հետ։

Աստված, որ Իրեն հուսացողներին զորություն է տալիս, փառավորում փառավորիչներին` Նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից. ամեն։

« Սուրբ Ափրասի վկայաբանությունը   |   Սուրբ Բաբելաս Մեծի և ութսունչորս աշակերտների վկայաբանությունը »
© Gratun.org