Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Չորս սուրբ վկա զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքոսի և Բասիլիոսի վկայաբանությունը

Սուրբ եպիսկոպոս Թեոպոմպիսի և Թեովն կախարդի վկայությունից հետո այս չորս զինվորները` Բասիոսը, Եվսեբիոսը, Եվտիքոսը և Բասիլիոսը միասին եկան թագավորի առջև, քանդեցին իրենց մեջքի գոտիները, դրին նրա ոտքերի մոտ, բարձրաձայն աղաղակելով ասացին. «Քրիստոնյա ենք»։ Նրանք առաջնորդներ և արքունի դռան պատվականներ էին, ավելի մեծ պատիվ ունեին, քան իրենց զինվորակիցները։ Իսկ երբ թագավորը տեսավ, շատ բարկացավ և ասաց նրանց. «Իսկապես քրիստոնյա՞ եք, ինչպես ասացիք»։ Այնժամ նրան ասացին. «Քրիստոնյա ենք»։ Եվ թագավորն ասաց նրանց. «Ձեզ ի՞նչն ստիպեց այդ ասելու ինձ»։ Պատասխանեցին միաբերան և ասացին. «Բավական է, որ մեր մանկությունից մինչև այսօր հանցանք գործեցինք, այսուհետև ուզում ենք ապաշխարել մեր առաջին հանցանքների համար և խոստովանում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին` Թագավորին, որ կա և կմնա հավիտյան, որ Իր բազում ողորմությամբ մեզ քավիչ կլինի»։ Այս խոսքի վրա թագավորն առավել ևս բարկացավ, բայց մտածեց իր բարկությունը մեղմել, քանի որ նրանց շատ էր սիրում և սկսեց ասել նրանց ծածկաբար. «Ին՞չ քրիստոնյա եք, որ բերանով ու շրթունքներով խոստովանում եք, թե քրիստոնյա եք, և ձեր սրտերը, խառնվել են ձեր ունեցվածքին։ Արդ, եթե ճշմարիտ քրիստոնյա եք դուք, ինձ տվեք այն ամենը` ինչ ունեք, որ դրանք բաշխեմ ձեր ընկերներին»։ Սա ասում էր, որպեսզի փորձեր նրանց միտքը, թերևս պահեն և չտան նրան իրենց ունեցվածքը։ Երանելի Բասոսը գնաց և բերեց մոտ քսան լիտր ոսկի, դրեց նրա ոտքերի տակ և ասաց. «Իմ ամբողջ ունեցվածքը տալիս եմ քեզ»։ Նրա նման երանելի Եվսեբիոսը, տեսնելով Բասոսի հոժարությունը, ինքը ևս եկավ, բերեց քառասուն լիտր ոսկի։ Ցանկալի այր Եվտիքոսը եկավ, բերեց վաթսուն լիտր ոսկի և ասաց. «Սա ոչինչ է Աստծու համար»։ Այս ասաց թագավորի առջև։ Իսկ Քրիստոսի երանելի ծառա Բասիլիոսը ոգևորվեց բազում զորությամբ, եկավ, բերեց ոսկի յոթանասուն լիտր և ասաց. «Այս ամենը զոհաբերեցինք Աստծու սիրու համար, ոսկին, արծաթը և պատվական հանդերձները անարգ կհամարենք»,- և թագավորին ասացին. «Այս ամենը ոչինչ է և ոչինչ է համարված. եթե բոլորը շահենք, ի՞նչ օգուտ է մեզ, ինչպես գրված է. «Եթե ամբողջ աշխարհը շահենք և մեր անձերը կորցնենք ինչ շահ է» (Մարկ. Ը. 36)։ Եվ դարձյալ ասում է. «Ի՞նչ կտաս քո անձի փոխարեն» (Մարկ. Ը. 37)։ Եվ` «Լավ է ընկնել Աստծու ձեռքը և ոչ մարդկանց ձեռքը» (Սիրաք Բ. 22),- որովհետև մենք չենք կարող մոռանալ մեր հայր և ուսուցիչ սուրբ եպիսկոպոս Թեոպոմպիոսի նեղությունները, որ քսաներեք օր եղավ մեր տանը, ո՛չ կերավ, ո՛չ ըմպեց և ո՛չ սով զգաց, այլ համարձակությամբ և բազում զորությամբ սքանչելիքներ էր անում։ Որովհետև այն գիշեր տեսանք մեծ լույս, որ լուսավորեց նրան և ամբողջ տունը, և տունը հիմքից շարժվեց։ Մենք չենք կարող մոռանալ մեր ճշմարիտ հովվին, որով գտանք ճշմարտության ճանապարհը, իսկ այն, որ դու ասում ես` Զոհ մատուցեցեք աստվածներին, որոնք ո՛չ տեսնում, են ո՛չ լսում և ո՛չ խոսում և չեն կարող բարի կամ չար բան անել. քանի որ երեք ամիս եղան իմ տանը և բոլորովին նշան չտեսանք և ոչ զորություն, թաղված էին մոխրի մեջ, և երբ տեսնում էինք փոշին` նրանց երեսներից մաքրում էինք, իսկ իրենք անկարող էին վերացնել, որովհետև չէին կարող գնալ, նրանց գրկած տանում էին մեհյանի քուրմերը և այսպես խաբում էին մարդկանցից շատերին և քարոզում էին, թե սրանք են աստվածները։ Իմացի՛ր սա, ո՛վ թագավոր, դրանք իրենք կորսված են և կորցնում են շատերին։ Բայց դու ճանաչիր ճշմարիտ Աստծուն, որ կա և մնում է հավիտյան։ Իսկ մեզ վրա իշխանություն ունես` ինչ ուզում ես` արա՛, պատրաստ ենք շահել մեր օգուտը հանուն մեր Աստծու»։

Թագավորը, այս լսելով, հրամայեց բանտ նետել նրանց, և այնտեղ մնացին յոթ օր, այնտեղ գալիս էին նրանց փեսաները և քույրերը, աղաչում նրանց, քաջալերում և ասում. «Եղբայրնե՛ր, դիմացեք և համբերեցեք բոլոր փորձություններին, որովհետև մեր Փրկիչն ասաց. «Փնտրեցեք, և կտրվի ձեզ» (Մատթ. Է. 7, Ղուկ. ԺԱ. 9)։ Քանի որ չկա ավելի հզոր, քան Տերը, որ մեր օգնականն է։ Այս ևս հիշեցեք, եղբայրնե՛ր, որ այս աշխարհիս բարիքները ընդունայն և անցավոր են, այժմ պարտավոր ենք ձգտել, մինչև հասնենք հավիտենական կյանքի անապականության։ Քանի որ այս աշխարհիս հանգիստը ժամանակավոր է, իսկ հուսացյալ աշխարհի կյանքը` հավիտենական»։ Այսպիսի խոսքերով քաջալերում էին նրանց իրենց ազգականները։

Ութերորդ օրը թագավորը հրամայեց նրանց տանել իր ապարանքը, կանչեց նրանց, և թագավորն ընկավ նրանց ոտքերը, ասաց. «Լսեցե՛ք ինձ, որդյակնե՛րս, ինքներդ գիտեք ինձ և իմ թագավորությունը։ Իսպառ չեմ բարկացել ձեզ վրա. դուք ևս խնայեցեք ձեզ, որ չարաչար չմեռնեք, որովհետև ամեն մարդու մահը հասած է. մեկը պատվով, իսկ մյուսը անարգությամբ է վախճանվում։ Դուք մի՛ նայեք Թեոպոմպեոս եպիսկոպոսի մահվանը, որովհետև կախարդ էր և ինքը խնդրեց անարգության մահը»։ Այս խոսքերը լսելով` ազատները չխռովեցին և չխաբվեցին նրա ասածով, այլ միասին ավարտեցին. «Քրիստոնյա ենք, և դու չես կարող խաբել մեզ, քանի որ Աստծու շնորհն է մեզ վրա իջել»։ Երբ թագավորն այս լսեց և չկարողացավ նրանց համոզել` հրամայեց վերստին նրանց բերել իր առջև։ Եվ երբ բերին Բասոսին, թագավորն ասաց նրան. «Ինչո՞ւ զոհ չես մատուցում իմ աստվածներին»։ Սուրբ Բասոսը պատասխանեց. «Չեմ զոհում»։ Թագավորը բարկացավ և հրամայեց նրա ձեռքերը ետևը կապել, [կապել] նրա ոտքերը և նրան ի ցույց դրեց իր բարեկամներին, ապա հրամայեց կտրել նրա ձեռքերը կացնով։ Այդպես անդամ առ անդամ կտրատեցին նրան` մինչև հոգին ավանդեց Քրիստոսի երանելի նահատակ Բասոսը և իր վկայությունը կատարեց բարի խոստովանությամբ ի Քրիստոս Հիսուս, Տեր մեր, որին փառք հավիտյանս։

Սրանից հետո շտապ առաջ բերին Եվսեբիոսին։ Թագավորն ասաց. «Եվսեբիո՛ս, դու խնայիր քեզ և զոհ մատուցիր աստվածներին, որ չարաչար չմեռնես»։ Երանելի Եվսեբիոսը բարձր ձայնով պատասխանեց. «Չլինի, որ ես թողնեմ իմ Տիրոջը, որ սիրեց ինձ և իմ սիրելի բարեկամին, որ [ինձնից] առաջ նահատակվեց և խորհրդակից եղավ իմ բարիքին»։ Թագավորն ասաց. «Ոչ ոք քո բարեկամը չէ, և ոչ ոք չի կարող քեզ փրկել իմ ձեռքից»։ Երանելին ասաց նրան. «Պապանձվի՛ր և մի՛ կրկնիր քո խոսքը»։ Բարկացավ դատավորը և հրամայեց կախել նրան գլխիվայր` երկու ոտքից և նրա ամեն ոտքը կապել մի սյան։ Այդպես պրկված` չարչարանքով իր վկայությունը ավարտեց խաղաղությամբ։

Նրա նահատակվելուց հետո [դատավորը] հրամայեց բերել երրորդին, և նրա առաջ կանգնեց Եվտիքոսը, և թագավորն ասաց նրան. «Գիտե՞ս, ովքեր լսում և կատարում են իմ կամքը` պարգևներ եմ շնորհում նրանց, իսկ ովքեր հակառակ են իմ խոսքերին` հանում եմ այս կյանքից։ Արդ, ընտրիր դու քեզ` պարգևներ կամ մահ»։ Պատասխանեց Եվտիքոսը և ասաց. «Քո պարգևները քեզ լինեն ի կորուստ. մարդկային պատիվը ժամանակավոր է, աստվածային զորությունն է անվախճան պատիվը։ Քանի որ երևացող հույսը` հույս չէ, իսկ քո պատիվն ու հույսը կորուստ է մեզ»։ Երբ երանելին այս ասաց ատյանում` [դատավորը] հրամայեց մեխ խփել նրա ծնոտին, և այդպես երեք մասի բաժանվեց նրա մարմինը, և իր վկայությունը կատարեց խաղաղությամբ։

Այնուհետև հրամայեց առաջ բերել չորրորդին, որի անունը Բասիլիոս էր և պատվական ու երևելի էր նրա պալատում։ Եվ թագավորն ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, լսիր իմ խոսքը, որ ասում եմ` և կավելանա քո պատիվը, և կփառավորեմ քեզ բոլորից շատ, որ իմ պալատում են։ Թող ոչ ոք չխաբի քեզ սնոտի խոսքերով, հիշի՛ր, որ բարի ցանկություն ունեմ քո մասին. քեզ իշխան կկարգեմ բոլոր զորքերիս, որ ամեն ոք լսելով երանի տա քեզ, և դու կատարես բոլոր արքունական հրամանները, որովհետև չունեմ ոչ մեկը իմ պալատում` քեզնից առավել, և բոլորից ավելի քեզ եմ սիրում։ Լսիր, ինչ որ ասացի քեզ, և կհաշտվի Ապողոն մեծ աստվածը քեզ հետ և կփրկի քեզ այդ կորստից։

Իսկ երանելի և մեծատոհմ Բասիլիոսն ասաց. «Ո՛վ դու անզգա և անմիտ, ի՞նչ ես խոսում, ո՛չ դու, և ո՛չ քո Ապողոնը չեք կարող ապրեցնել իրեն և քեզ, որ հույս ես դրել նրա վրա։ Որովհետև ինքը այրվելու է։ Եվ ամենքը, որ հավատան նրան` կայրվեն նրա հետ»։ Այս լսելով թագավորը խիստ բարկացավ, հրամայեց սուր բերել, պատռեց նրա որովայնը և ասաց նրան. «Որովհետև իմ սերը սուտ համարեցիր, քեզ կպատռեմ իբրև ամբարիշտի»։ Պատասխանեց երանելին և ասաց հոգին ավանդելուց առաջ. «Այսօր պահեցիր ինձ, և չօտարացա պատվական մահից, որով նախ մեռան սուրբ եղբայրներն իմ»։ Այս ասաց այն վայելուչը և բարեզարմը, ննջեց խաղաղությամբ։ Սա ևս կատարեց իր վկայությունը։ Եվ [չորս] զինվորները միասին թաղվեցին։ Այսպես նահատակվեցին բարի խոստովանությամբ ի Քրիստոս, որ արաց ամսի ութն էր, պսակվեցն ի Քրիստոս Հիսուս Տեր մեր, որին փառք հավիտյանս. ամեն։

« Սուրբ Բասսոսի և նրա որդիներ Թեոգնեսի, Ագապի և Պիստիսի վկայաբանությունը   |   Երանելի Բարդիշո եպիսկոպոսի վկայաբանությունը »
© Gratun.org