Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Բարդողոմեոս առաքյալի վկայաբանությունը

[Երբ] Վերնատանը Սուրբ Հոգին իջավ նրանց մեջ, սուրբ առաքյալների գլխավորները` տասներկու աշակերտները, վիճակ ստացան տարբեր ազգեր, հողմերի ձայնով երկնագործելու հրեղեն լեզուների տարուբերմամբ, և ավագության ձեռնադրություն ստացան, իշխանություն ստացան մեղքերը թողնելու և բռնելու, և ցույց տալու նշան ու արվեստ, ախտերին փարատում շնորհելու, և ցավերը վերացնելու, և սատանային հալածելու, և մեղքերից բաժանելու, ապականության ծառայությունից ազատելու` դեպի ազատությունը Աստծու Որդու փառքի, և դեպի Նրա պատվիրանները գնալու, և արժանի լինելու խոստացված պարգևներին ու այնտեղ եղած բարություններին։ Եվ ըստ Սուրբ Հոգու առաջնորդության` սփռվեցին-գնացին դեպի բոլոր կողմերը լեզուների` կենդանի խոսքը քարոզելու, և սուրբ ավազանի ծննդյամբ ու Սուրբ Հոգու արարչական զորության հովանավորությամբ նրանց լուսավորելու։

Գնաց և երանելի առաքյալ Բարդողոմեոսը, որ տասներկու [աշակերտներ]ից մեկն էր, հասնելով մտավ իր առաքելական ընտրության վիճակը։ Եվ Թովմա առաքյալի հետ միասին իր քարոզության սկզբում նրան պատահեց մտնելու Հնդկաց սահմաններին մերձակա Եդեմ կոչված քաղաքը։ Եվ անցնելով քաղաքի միջով նստեց մի աղբյուրի մոտ, որում հմայությամբ դյութական ազդեցություններ էին կատարվում. ստահոդ խաբեության մոլոր պաշտամունքի ցնորքի [պահին] դևերի հայտնություններ, [որ] ձայն էին տալիս աղբյուրին` իբրև աստվածներից մեկին։ Այնտեղ բազում նվերներ և զոհեր էին մատուցվում աղբյուրին։ Ուստի ստաբանում էին, թե ինքնիրեն է բխել և լի է սնիչ զորությամբ բույսերի և տունկերի և սերմերի, և այլևայլ ծառերի, զանազան ծաղիկների, համով և հոտով։ Եվ աղբյուրն [այն] անվանում էին Նեղոսի դուստր։ Եվ մի օր, երբ քաղաքի բազմությունը պատրաստվում էր զոհ մատուցել, ընծայել ոսկի և արծաթ դրամներ և թանկագին ակնեղեն, և մեծագին ու պատվական հանդերձներ, դևերն սկսեցին բարբառել աղբյուրի ներքևից և պղպջակներով ջուրը վեր էին մղում, բորբոք հրի ուժգնությամբ և սաստիկ հողմի հնչումով սարսափեցնելով լսողներին և տեսնողներին` հրի փայլմամբ և հողմի հնչմամբ։ Եվ արհավիրքի ժամին մեծաձայն աղաղակ բարձրացրին և ուժգին գոռալով գոչում էին աղբյուրի անունը` իբրև աստծու, որ կարող է օգնել և պարգևներ ընդունել նրանից։ Իսկ սուրբ առաքյալը հիացած էր ու զարմացած իր մտքում, մեծ տրտմությամբ լցվեց նրանց մոլորության և աղտեղի գործի զուր չարչարանքների և սխալ ընթացքի, անօգուտ ծախսերի և անիմաստ աղաղակի պատճառով, որ ժխորով հավաքվել էին տղամարդիկ ու կանայք իբրև ճիճու և զազրատեսիլ զեռուն` տղմուտ վայրերում կայտառ խլրտում էին աղբյուրի պատվին, դևերի կեղծավորության պատրանքով։ Այնժամ երանելի առաքյալը գնաց նրանց մեջ` աղբյուրի վրա, հանեց թիկնոցը, որ ուսին էր գցել, պարզելով գցեց ջրի դեմ, աղոթեց Տեր Հիսուս Քրիստոսի անունով և բարձր ձայնով ասաց. «Ցամաքելով ցամաքի այս ջուրը և ամենևին խոնավության ուժ չունենա»։ Եվ իսկույն փակվեց հորդահոս ջրի վտակը և եղավ իբրև ապառաժ վեմ, և հրի որոտման ձայնը և հողմի փայլատակելը լույսի ձևով` կորավ և դադարեց։ Եվ դևերը աղաղակ բարձրացրին, ճչացին մեծակական ողբով ու հառաչելով ասացին. «Ո՛վ Հիսուս նազովրեցի, մինչև ե՞րբ տագնապներ հասցնես մեզ վրա և թույլ չտաս մնալ ջրերի անդունդում և մեր բնակության վայրում։ Ամեն երկրից մեզ հալածական դարձրիր Քո խաչով և այժմ Քո աշակերտների միջոցով նեղում ու հալածում ես, չարչարում ու վտանգում նախքան ժամանակը, որ գալու է մեզ»։ Այնժամ սուրբ առաքյալը սաստելով նրանց ասաց. «Ո՛վ պիղծեր, դժնիներ ու մարդատյացներ, արդարության թշնամիներ և մոլորության վարդապետներ, ահա սաստում եմ ձեզ հանուն մեր տեր Հիսուս Քրիստոսի, չեք կարող մնալ այստեղ»։ Եվ անմիջապես կորան ու սպառվեցին, ջնջվեցին ու վերացան մեջտեղից, ինչպես մոմը, որ չի կարող հրի առաջ մնալ, այդպես վատնվելով պակասեցին։ Եվ բազմակույտ ամբոխը տեսավ։ Մեծ ահով բռնված դարձան առաքյալին, ընկան սուրբ առաքյալի առջև մեծ սքանչելիքների համար, որ եղան աղբյուրի վրա։ Իսկ կեսը գնալով շրջակա տեղերով պատմում էին այդ բաների մասին, մեծ և զարմանալի գործերը և հրաշափառագույն նշանները, որ կատարվեցին առաքյալի միջոցով։ Եվ բոլորը գալիս էին տեսնելու սքանչելիքները, քանի որ բազում ժամանակներ հնչել են աղբյուրից. և մի ակնթարթում ցամաքելով սպառվեց հորդահոս ջուրը։

Եվ քաղաքի բազմությունն սկսեց ծարավից նեղվել, և քարեր առնելով ձեռքերը ուզում էին նետել առաքյալի վրա, բայց քարերով խփեցին ու միմյանց սատկեցրին։ Հանդուգն ու խուռն քարընկեցությունից սատկեց մոտ երեսուն հոգի։ Եվ սուրբ առաքյալը մոտեցավ մեռածներին, ձեռքը դրեց և աղոթեց նրանց վրա, նրանց հոգիները վերադարձան իրենց, և կանգնեցին կենդանի։ Եվ նրանցից յուրաքանչյուրը շտապում էր բերել դևերից հիվանդացածների ու պես-պես նեղվածների, կույրերի ու կաղերի, անդամալույծների, խուլերի և համրերի, լուսնոտների, պես-պես ցավերից նեղվածների և բոլորին բուժեց։ Այնժամ սկսեց նրանց քարոզել Մատթեոսի ավետարանը, և խնդությամբ լսելով ընդունում էին սուրբ ավետարանի քարոզությունը։ Սուրբ առաքյալը ելավ քաղաքից դուրս մի հարթ, ապառաժոտ վայր, ծունր դրեց, աղոթեց և գոհացավ Քրիստոսի շնորհներից, որ բացեց նրանց միտքը հավատալու Տեր Հիսուս Քրիստոսին, որ ճշմարիտ Աստված է և հավիտենական կյանք։ Եվ այնտեղ Խաչի նշանը արեց և խոսեց բարձրաձայն։ Եվ ահա ահեղ որոտման շարժում ու թնդյուն եղավ, և այդ տեղը պատռվեց խախտվելով և հոսեց հորդաբուխ, քաղցրահամ վտակների` աղբյուրի ջուրը։ Եվ շրջապատելով հանդարտ ու հեզ շարժմամբ սկսեցին ուրախանալ։ Եվ նրանց իջեցնելով ջուրը` մկրտեց և լուսավորեց Սուրբ Հոգու լույսով և կատարեց պատարագի խորհուրդը, և նրանց մեղքերի թողության համար հաղորդեցրեց Աստծու Որդու կենդանարար մարմնին ու արյանը, որ կյանք է ու ապրեցնող և հավատացուցիչ սուրբ Երրորդության։ Եվ սուրբ առաքյալի միջոցով կենդանացածներին այնտեղ երեցներ կարգեց և նրանց հաստատեց ճշմարտության հավատքին։

Եվ գնաց մարաց և հելլենացոց կողմերը և չընդունվեց նրանցից, չկարողացավ կատարել այնտեղ զորություններ, բայց քչերը նրանցից, որոնց քարոզեց Մատթեոսի ավետարանը` հավատացին Բանին և թողին աշխարհի ամբողջ ինչքը և գնացին նրա հետ ամեն տեղ, ուր գնում էր։ Այնտեղից դարձավ, մտավ Խորին Ասորոց Բուստր քաղաքը։ Եվ երբ մտնում էր քաղաք, բարձրացրած բերում էին մի մեռած պատանու` Բուստր քաղաքի հազարապետի որդուն, որի անունը Անդրոնիկոս էր, և տասներկու տարեկան էր։ Եվ նրա ետևից բազում լալականներ` փողերով ու քնարներով, դաս-դաս խմբերով կոծելով մրմնջում էին և հորդահոս արտասուք հեղում պատանու համար։ Նույն պահին առաքյալն ընդառաջ գնաց հրապարակում, մեկնեց իր ձեռքը, մոտեցավ դագաղին, ուր մեռած պատանին էր և ասաց. «Պատանի՛ դու, քեզ եմ ասում, վե՛ր կաց` հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի»։ Եվ իսկույն մեռյալը կանգնեց, և ովքեր բարձրացրած տանում էին` կանգ առան։ Եվ բազմությունը նայեց սուրբ առաքյալի երեսին, և տեսան, որ հուր ցոլաց սուրբ առաքյալի բերանից և մտավ պատանու բերանը, և կենդանացավ։ Աղաղակեցին միաբերան և ասացին. «Աստված է երևացել մեր մեջ»։ Եվ երիտասարդները բռնեցին սուրբ առաքյալին, բարձրացրին իրենց բազուկների վրա, իսկ ուրիշներն շտապում էին զոհեր ու պատարագ բերել։ Իսկ սուրբ առաքյալը փախավ նրանց ձեռքից, հեռացավ ամբոխից և աղաղակեց. «Ես ծառան եմ ամենակալ Տիրոջ և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի, և Սուրբ Հոգու, որի անունով կենդանացավ այդ մեռյալ պատանին։ Ես ուղարկվել եմ ձեզ մոտ քարոզելու արքայության Ավետարանը, որպեսզի դուք ընդունելով կյանքի Բանը` ապրեք և դառնաք ձեր ընդունայն պաշտամունքից, որ պաշտում եք ձեր տգիտության և անհավատության պատճառով, և ճանաչեք միակ ճշմարիտ Աստծուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ ստեղծեց երկինքն ու գետինը, ծովը և ամենը ինչ որ կա դրանց մեջ»։ Եվ նրանց տվեց Մատթեոսի Ավետարանը, որ վերցրել էր քարոզության համար։ Եվ երեք օրում հազիվ զսպեց ժողովրդին` զոհ չմատուցելու իրեն։ Այնժամ մկրտեց պատանուն Սուրբ Հոգու լուսավորությամբ, հոգևոր հրով և ջրի մաքրությամբ, հայր հազարապետով և նրա ընտանիքով ու ազգականներով հանդերձ։ Եվ պատանու անունը դրեց Մատթեոս` սուրբ ավետարանչի անունով, և նրան ձեռնադրեց առաքյալների բաժանման տասնութերորդ տարում։

Իսկ ովքեր քաղաքից ելել էին պատանու հետևից և տեսան սքանչելիքը և որ հազարապետն ու ամբողջ ազգը հավատացին Քրիստոսին` սուրբ առաքյալի խոսքերով ու նշաններով, իրենք ևս եկան հոժարակամ մկրտվեցին ջրավազանում Սուրբ Հոգով։

Այն քաղաքում յոթ բագին կար, իսկ դրանց մեջ` մարդու նմանությամբ կռած ու քանդակած կուռքեր, ձևով Արեսի, և չափով Արամազդի, որ զորապետը, առաքյալի հրամանով, խորտակելով կործանեց և բաժանեց աղքատներին ու կարոտյալներին։ Եվ սուրբ առաքյալը բազում զորություններ կատարեց` հիվանդների և ախտաժետների վրա, [փրկելով] պես-պես ցավերից, չարչարանքներից, և բազում դևեր հանեց և հալածեց քաղաքից` տեսնողների համար ակնհայտ։ Եվ այնտեղ սեղան հաստատեց և իր աշակերտներից մեկին թողեց այնտեղ` քահանայագործելու, նաև պատանուն` ըստ ձեռնադրության, որ ստացավ Սուրբ Հոգու լույսը։

Եվ երբ նրանց հաստատեց կրոնական սուրբ հավատի, ելավ գնաց Գերմանիկեի աշխարհը` Սուրբ Հոգու ընտրած վիճակը։ Երբ նա մտնում էր այնտեղ, այն ամբողջ երկրում տարածվեց նրա համբավը, և` նշաններն ու գործերը, որ կատարվում էին սուրբ առաքյալի միջոցով, արեգակի ճառագայթների նման տարածվում էին ամբողջ երկրով մեկ։ Եվ բոլորը շտապում էին գալ նրա մոտ, և բերում էին հիվանդներ` պես-պես ցավերով, և Տիրոջ զորությամբ բուժվում էին։ Շատերը նստում էին ճանապարհներին` սպասում, ակնկալելով հանդիպել նրան, որպեսզի երբ նա անցներ, հիվանդությամբ ախտահարվածները և դիվահարները առողջություն գտնեին։ Եվ երբ նրանց թագավորը լսեց առաքյալի այնքան սքանչելիքների լուրը, շատ բորբոքվեց, և առաքեց իր ծառաներին, հրամայեց նրան բանտում պահել հինգ օր։ Հինգ օր հետո իր մեծամեծներով ու Գերմանիկեի իշխաններով հանդերձ նստեց ատյանում և հրամայեց բերել նրան։ Երբ գնացին բանտ, մեծ բազմություն էր գալիս, շրջապատելով այն վայրը, և բանտից դուրս սաստիկ լույս ծագեց` ինչպես արեգակի լույսը միջօրեին։ Եվ ահ պատեց նրանց, որ եկել էին սրբին ատյան` խոշտանգման տանելու։ Եվ ահով շտապ դարձան այնտեղից, իրենց տեսած մեծամեծ սքանչելիքները պատմեցին թագավորին և նրա հետիններին։

Այն ժամանակ թագավորը նաև նրա հետի մեծամեծները մեծ ցասումով հրամայեցին, որ հրկիզեն բանտը և դրա հետ այրեն Աստծու սրբին։ Իսկ նա բանտում ամեն օր աղոթում էր, որ Աստված գթա իր արարածներին, և դառնան մոլորությունից, որ ընկել էին խորին կորստի անգիտության խավարի մեջ, սատանայական խաբեպատիր մոլորությամբ, որովհետև պաշտում էին իրենց ստեղծած, իրենց ձեռքի գործերին։

Ու մինչ նրանք այսպես էին մտածում սրբի մասին, հանկարծակի ահեղ որոտմունք ու ճայթյուն եղավ ամպերից` հրացայտ փայլատակումով։ Նրանք ընկան գետին և նրանց մտքերը ցնորվեցին, եղան անխոս անասունի նման, որոնց մեջ չկա իմաստություն։ Իսկ սուրբ առաքյալը բանտից դուրս ելավ, մեկ առ մեկ ձեռքը դրեց նրանց վրա, կազդուրվեցին, կանգնեցին իրենց ոտքերի վրա։ Եվ նրանց միտքը վերադարձավ իրենց, և սուրբ առաքյալից խնդրեցին ողորմություն, գթություն հայցեցին Տեր Աստծուց և` բուժում ստանալ իրենց հասած հարվածներից։ Իսկ Աստծու սուրբն ասաց. «Ում մարմնի աչքերն են բաց` տեսնում են միայն այս աշխարհի լույսը, և ոչ ճշմարիտ լույսը, որ լուսավորում է աշխարհ եկող ամեն մարդու։ Արդ, եթե համաձայնեք իմ խոսքերին և հավատաք Աստծու Միածին Որդու Ավետարանի քարոզությանը, որ ես եմ ձեզ ավետարանում, կընդունեք ձեր ստացած հարվածների բուժումը, որ հայցում եք Տիրոջից` իմ բարեխոսության միջոցով, և կապրեք դուք և կլինեք անստվեր լույսի ու հավիտյան անանց կյանքի ժառանգորդներ, որ Աստծու Որդին Հիսուս կտա ձեզ, եթե հավատաք Նրա անվանը աներկբա խոստովանությամբ»։ Պատասխանեցին. «Հավատում ենք քո Աստծուն, որ դու հավատալով պատմում ես մեզ, միայն թե մեր անձերն ապրեն, և լուսավորես մեզ»։ Եվ առաքյալը, ինչպես ամեն տեղ, այնտեղ ևս քարոզեց Մատթեոսի Ավետարանը, և Եսայի տեսանողի մարգարեությունը, և դրանց մեկնությունը, որ կա առակներում, և խորիմաստ ճառերը, որ կային մարգարեության ու սուրբ Ավետարանի մեջ։

Այնուհետև թագավորները, մեծամեծները, նախարարները սկսեցին շտապեցնել սուրբ առաքյալին և ասացին. «Շուտ կատարիր մեր մեջ Ավետարանի քարոզությունը, որից, ասում ես, մկրտվելով կհասնենք մեղքերի թողության և երկնքի արքայության, որպեսզի բուժումն լինի մեզ հասած հարվածներից։ Արդ, մի՛ ուշացնիր մեզ տալ օգուտը, որ մեր փրկության համար է, որ քո բերանից լսեցինք, և մեզ հասած այս պատուհասի խրատը։ Այժմ իմացանք և ճանաչեցինք, որ քո Աստվածը ճշմարիտ Աստվածն է, և չկա մեկը Նրանից բացի, և մենք Նրան կծառայենք ու կհնազանդվենք, քանի որ Նա է Աստված ճշմարիտ և հավիտենական կյանք և աշխարհների փրկիչ»։ Այնժամ սուրբ առաքյալը նրանց տարավ վտակի մոտ, որ հարավակողմում իջնում էր փոքր ձորակից, իջեցրեց ջուրը, մկրտեց նրանց։ Եվ նրանք բացին աչքերը և տեսան Սուրբ Հոգին, որ իջնում էր օդով և պարզ լույսով, և լուսավորեց նրանց, նրանց լույս հագցրեց իբրև հանդերձանք, իսկույն սեղան բացեց և կերակրեց նրանց երկնային հացով և Աստծու Որդու արյունով, և աղոթելով` ձեռքը դրեց նրանց վրա, որպեսզի հաստատ մնան հավատքին, որ ընդունեցին և լուսավորվեցին Սուրբ Հոգու լույսով։ Եվ նրանք խնդրում էին սուրբ առաքյալին, որ մնա իրենց մոտ և հովվի իրենց, որ անբաժան մնա իրենցից։ Իսկ նա պատասխանեց. «Ես նաև այլ քաղաքներում եմ ավետարանելու, ինչպես ասաց Քրիստոս. «Գնացեք բոլոր հեթանոսների մեջ, մկրտեցեք նրանց հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» (Մատթ. ԻԸ. 19)։ Արդ, Քրիստոս ինքը, որին հավատացիք և լուսավորվելով կնքվեցիք Նրա Հոգով, Նա կլինի ձեզ հետ, իսկ մենք [մեկնենք], քանի որ մեզ է հանձնել հեթանոսներին, մի՛ հակառակվեք Նրա հրամանին»։ Եվ լսելով` թույլ տվին նրան։

Եվ սուրբը գնաց հասավ Պարթևների, Մարերի և Ելիմացոց երկիրը, և նրանց քարոզում էր կյանքի Բանը։ Պարթևներից շատերը դարձան դեպի զորությունների Տերը` նշաններով, հնարներով և պես-պես բժշկությամբ, որ սուրբ առաքյալից ստացան, առողջացում ախտերից` Տիրոջ ողորմությամբ և գթությամբ։ Եվ այնտեղ լուսավորելով շատերին` գնաց Պարսից և Մոգուց կողմերը և սկսեց նրանց քարոզել իր սովորական վարդապետությունը, Մատթեոսի Ավետարանը, և ինչ հանգամանք որ կար մոգերի վերաբերյալ` դրեց նրանց առջև։ Եվ հասավ մինչև նրանց կրակապաշտության վայրը, որ մոգության օրենքով պաշտում էին, իր ձեռքերը պարզեց դեպի արևելք, արեգակի դեմ, որը պաշտում էին, և արգելեց այն և նրա ճառագայթների ուժը պակասեցրեց մինչև օրվա վեցերորդ ժամը։ Եվ երկնքից նշան` հրո սյուն կանգնեց կրակարանի մեջ, հանդիմանելով նրանց մոլորությունը` տեսիլքով ու սքանչելիքով, փոխանակ սպասարկեն Հելիոսին, Սեփին, Արեսին և Պռենին։ Բայց չնայած ի վերուստ այնքան մեծ սքանչելիքներ ու զարմանալի նշաններ եղան, բայց նրանք չվախեցան դառնալու տարրերի երկրպագությունից, որի մեջ ընկել էին սնոտի առասպելաբանությամբ ու բարձրահոն պարծանքով, միայն ութ հոգուց բացի, որոնց լուսավորեց և հանեց նրանց խուժադուժ ազգի կործանվածների միջից։

Եվ անցավ գնաց Հայոց Գողթն գավառը, շտապեց հասնել Թադեոսի վիճակը` ըստ Սուրբ Հոգու հրամանի։ Եվ այնտեղ քարոզեց կյանքի Բանը, և նրանք խնդությամբ ու մեծ հոժարությամբ ընդունեցին, հավանեցին ու հնազանդվեցին, լուսավորվեցին ավազանի մկրտությամբ։ Նրանց [մոտ] երեցներ թողեց այնտեղի մոգերից, որ աշակերտեցին սուրբ առաքյալին։ Եվ բազում զորություններ կատարեց Աստված այն այրերի ձեռքով ամեն տեղ, ուր հասնում էին նրանց ոտքերը։ Եվ շատերին սնոտի պաշտամունքից դարձրին ի Տեր, և նրանց վրա իջավ առաքելական շնորհ։

Սանատրուկ թագավորի քսանիններորդ տարում սուրբ առաքյալ Բարթուղիմեոսը մտավ Հայաստան Սուրբ Հոգու հրամանի համաձայն որ նրան ընտրեց հեթանոսներին դարձի բերելու առաքելության։ Եվ Թովմային, որ յոթանասուն աշակերտներից էր, ըստ իր առաջնորդական վերակացության, գրեց նրան, որ իրենց զանց չառնի` քարոզելու արքայության Ավետարանը, ինչպես ամեն տեղ, Թադեոս առաքյալի փոխարեն։

Եվ սուրբ առաքյալը եկավ Արտաշի բլուրը, հանդիպեց մի ուրիշի` տասներկուսից, Հուդա Հակոբյանին։ Եվ այնտեղ, ուր պատահեցին միմյանց` տերունական Խաչի նշանը կանգնեցրին և միմյանցից բաժանվեցին մեծ ուրախությամբ։ Եվ Հուդան գնաց իր տեղերը։ Իսկ Բարթուղիմեոսը գնաց մտավ Հայոց Հեր և Զարևանդ գավառները, և հիվանդների վրա նշաններ ու հմտություններ բանեցրեց, և բազում դևեր հանեց, այնտեղ լուսավորեց շատերին և մխիթարեց սուրբ ավետարանի վարդապետության խոսքերով, նրանցից հավաստում ստացավ, որ հաստատուն կմնան ընդունած հավատքին, և հավատարիմ եղան։ Մեկ-մեկ ձեռքը դնելով` նրանց հանձնեց Աստծու շնորհներին։ Իսկ ինքը գնաց Հայոց Ուրբանիոս քաղաքը։ Եվ նրա մոտ էին գալիս բոլոր նեղվածները պես-պես ցավերից ու տանջանքներից, և բուժեց բոլորին և լուսավորեց սուրբ ավազանի մկրտությամբ։

Նրա մասին լսեց Ոգուհին` Սանատրուկ թագավորի քույրը, որ Աբգարի քրոջ դուստրն էր, և եկավ նրա մոտ գաղտնաբար, լսեց նրանից կյանքի Բանը, հավատաց մեր Տեր Հիսուս Քրիստոսին` ինքը և բոլոր յուրայինները։ Եվ հագավ կուսության զգեստ, իսպառ հրաժարվեց աշխարհի փառքից և աշակերտելով առաքյալին` շրջում էր նրա հետ։ Թագավորը լսեց եղելությունները, մեծ ցասումով բռնեց` կատաղի արյունարբու գազանի նման, ուղարկեց Տերենտիոս հազարապետին և նրա հետ եղածներին։ Եվ երբ հազարապետը թագավորի հրամանով եկավ նրա մոտ և տեսավ Աստծու սրբին` գորով զգաց նրա նկատմամբ, և նա սկսեց նրան քարոզել արքայության ավետարանը։ Եվ Տերը բացեց նրա միտքը` անսալու նրա խոսքերին։ Նա բորոտության ախտով էր տառապում, և սուրբ առաքյալը նրան գիշերով մկրտեց, և լուսավոր ամպը հովանի եղավ այնտեղի վրա, և հրո լույսը շրջափակեց սրբարար ավազանը։ Երբ նա ելնում էր ջրից` նրա վրայից ընկավ գոսացած մաշկը` ծառի կեղևի և որթի տերևի նման և լույս հագավ իբրև հանդերձ։ Եվ տեսնելով սքանչելիքը` շատերը հավատացին Տիրոջը։

Երբ սքանչելիքի լուրը հասավ թագավորին, առավել զայրացավ, աններում բարկությամբ շտապ նախարարներից ուրիշ մեկին ուղարկեց, որ արագ վերջ տա դրան, որ չթուլանան ու մնան, տևաբար լսեն նրանց։ Եվ սուրբ առաքյալին` կույսի և հազարապետի ու մյուս աշակերտածների հետ տարան ատյան։ Եվ վեց հոգի սուրբ առաքյալին փշոտ մահակներով տանջեցին մեկ ժամի չափ, և կարծում էին, որ նա մեռել է. քաշեցին քաղաքից դուրս գցեցին։ Բայց սուրբ առաքյալը կենդանի էր զորությամբ և ուժով իր Տիրոջ, որին հավատացել էր։ Մոտ երեք ժամ այսպես ընկած մնաց, և նրա շուրջը [հավաքվել էր] մեծ բազմություն քաղաքից և նրա մերձակայքից։ Երեք ժամ հետո շարժեց ձեռքը, և ձեռք մեկնեցին, նա ելավ նստեց ամուր, և ձեռքերը վեր բարձրացրեց դեպի երկինք, ասաց. «Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, այս վիճակը ձեռքից մի՛ թող Թադեոսի, Հուդայի և իմ` Բարդուղիմեոսի խնդրանքով, որ հոգ տանեմ այս երկրի համար, որ ոտնահար չլինի թշնամուց, այլ սրանց տուր ողորմության շնորհ, որպեսզի դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր և անտեղի մոլորվել են անհավատության տգիտությունից։ Սրանց տուր հովիվ և առաջնորդ, որ Քեզ ճանաչեն միակ ճշմարիտ Աստված և` որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին։ Ինձ ևս ընդունիր, Տեր իմ, և Քեզ հավատացողներիս պահիր»։

Երբ սա ասաց` հողը շարժվեց, և ահա լուսեղեն կամարը եկավ կանգնեց սրբի վրա։ Եվ նա նայեց վերև` երկինք, ավանդեց հոգին, և անուշության հոտ բուրեց, և սուրբ Թադեոս առաքյալը մարմնավոր տեսիլքով ընդառաջ էր գալիս նրան։ Եվ գնացին նույն կողմը, որտեղից եկավ աստծու սուրբ Թադեոսը։ Եվ ահ պատեց բոլորին, և այն օրը երկու հազար հոգի հավատացին, և բոլորը փառավորում էին Աստծուն կատարվածի համար։ Իսկ կամարաձև լույսը [սրբի] մարմնի վրա մնաց տասներկու օր։

Իսկ երանելի Ոգուհիին ու հազարապետին սպանեց սրով, նաև բազում ուրիշների։ Տեսնելով սուրբ առաքյալի մարմինը` հանգստի տեղափոխեցին նույն տեղում, նույնպես և մյուս վկաներին, ի փառս ամենասուրբ Երրորդության։ Իսկ երբ որոտումն եղավ` խուլերը լսեցին և բուժվեցին, տեսան կույրերը և լուսավորվեցին, և համրերը խոսեցին, և բոլորը ամեն ախտից բուժվեցին, որոնք հավատացին մեր Տեր Հիսուս Քրիստոսին` սուրբ առաքյալ Բարդուղիմեոսի միջոցով։ Եվ հավատացյալները միաբան ձեռքերը վեր բարձրացրին, միաբերան փառավորում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա հետ Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ` այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« Երանելի Բարդիշո եպիսկոպոսի վկայաբանությունը   |   Սուրբ Բարղամի վկայաբանությունը »
© Gratun.org