Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Բարղամի վկայաբանությունը

Այն օրերին հռոմայեցոց թագավորն էր ամբարիշտ Նոմերիանոսը։ Իր արքայության երկրորդ տարում հալածանք սկսեց Աստծու եկեղեցու դեմ, մտադրվելով ամբողջապես վերացնել քրիստոնյաների կարգն ու կրոնը և չարաչար տանջանքներով սպառել Քրիստոսի հավատացյալներին։ Դատավորներ և իշխաններ ուղարկեց իր տերության բոլոր կողմերը, որ դատապարտեն նրանց, ովքեր չեն պաշտում սնոտի չաստվածներին և չեն երկրպագում աստված կոչվածներին։ Այն ժամանակ խռովության ամպրոպ և դառն սուգ եղավ Քրիստոսի հավատացյալներին։ Այդ նույն օրերին անօրեն Պրեմիանոս իշխանը եկավ Կիլիկիայի կողմերը ասորիների մայրաքաղաք մեծն Անտիոք, վերցրեց այդ նահանգի եպարքոսական իշխանությունը` քննելու և մահվան դատապարտելու, ում որ գտնի Տիրոջը հավատացող։ Բազում քրիստոնյաներ` միասին հափշտակված պատուհասվում էին հելլենացի բռնավոր այդ անաստվածներից, որ մարտնչում էին Աստծու եկեղեցու դեմ։ Այլ կալանավորների հետ բռնվեց նաև երանելի Բարղամը և բանտարկվեց Անտիոք քաղաքում նրա ձեռքով, ով գրավել էր դատական իշխանությունը։ Որը նույն քաղաքում չարաբարո և վայրագ կարծրությամբ էր գործում։ Եվ հրապարակով նա նստեց դատողական բեմին, ասում է իր առաջ եղած զինվորներին. «Այստեղ բերեք այն աղարտված ծերուկին»։ Եվ իսկույն նրան բերին նրա առաջ։ Իշխանն ասում է նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Եվ նա պատասխանում է. «Եթե ճշմարիտ անունս ես հարցնում, իմ կատարյալ անունը քրիստոնյա է։ Այդպես եմ կոչվում, իսկ նախ իմ ծնողներից կոչվել եմ Բարղամ»։ Իշխանն ասաց. «Լավ է, որ անունդ Բարղամ է, քանի որ դա կարող է մեզ հավատարիմ դարձնել, որովհետև անունդ, ծերությունդ և հասակդ քեզ բազում անզգամության կհասցնեն»։ Բարղամն ասաց. «Ես շատ գեղեցիկ անուն և կենցաղավարություն ունեմ, քանի որ խոստովանում եմ Աստված` Աստծուց ծնված նախքան հավիտյանս և մարմնացած վերջին օրերս»։ Դատավորն ասաց. «Անզգամ, դրա մասին չհարցրի քեզ, այլ ինձ թվում ես անխոհեմ բարբառող, չնայած ծեր ես»։ Բարղամն ասաց. «Մի՛ բարկացիր, ո՛վ իշխան, քանի որ սիրելով Քրիստոսին, քեզնից հրաման չառա, բայց պատասխանեցի»։ Դատավորն ասաց. «Ամենայն ստուգությամբ ուզում եմ հարցնել քեզ. այս ամբոխը, որ կա մեր շուրջը, ուզում է ճշմարիտ հարցումը լսել և տեսնել քո համառելը»։ Ամբոխն ասում է. «Ահա բոլորս այստեղ ենք` լսելու քո խոսքը իբրև մեր նախորդի, քանի որ մեր կրոնը բռնությամբ չէ»։ Դատավորն ասաց. «Այժմ պետք է դու ըստ կարգի պատասխան տաս և ոչ թե այլ բաներ բարբառելս։ Այսուհետև քեզ հայտնի լինի, որ եթե իմ հարցից դուրս պատասխան տաս` չարաչար վախճան կունենաս»։ Բարղամն ասաց. «Մեծ իղձով ցանկանում եմ, որ դու ճշմարտությամբ հարցնես, իսկ ես ամենայն ստուգությամբ պատասխանեմ, որովհետև ուզում եմ, որ եկած ամբոխը, մանավանդ քրիստոնյաները, տեսնեն ինձ։ Ես գիտեմ, որ հակառակվելուց առաջ քրիստոնեությունն է պատվվել, ուզում եմ քեզ ստուգությամբ հարցնել մեր կամքի իրավունքը, իսկ սրան դատավոր [կարող է] լինել Քրիստոսի Հայրը։ Արդ առաջին ճշմարտությունն է` խոստովանել Քրիստոսին, ապա մաքուր վարքով կենցաղավարել. հանդարտություն, հեզություն, սեր, քաղցրություն, արդարություն, ներողամտություն, բարեգործություն և ինչ որ ատում ես` ընկերոջը չանել»։ Դատավորն ասաց. «Երդվում եմ աստվածներով և ինքնակալի բախտով, որ լավ ասացիր, թե ճշմարտությունը և ուղիղ կենցաղը ազատության եղանակից են, բայց ես դա քեզ չհարցրի։ Արդ, ո՞ւմ ես երկրպագելու»։ Բարղամն ասաց. «Ես նախապես ասացի` երկրպագում եմ Հորը և Որդուն, որը Նրանից է ծնվել, և Նրա էակից ու մշտնջենական փառակից Սուրբ Հոգուն»։ Պրիմիանոս դատավորն ասաց. «Քեզ չասացի՞, որ ծեր հասակդ քեզ շեղել է զազրախոսության և խելացնորության։ Քեզ չի՞ թվում, որ ինքնակալը աստված է»։ Բարղամն ասաց. «Երդվում եմ Աստծու Որդի Հիսուսով, որ ամաչում եմ գլուխս բարձրացնել և նայել քեզ, որ արարված մարդկանց աստված ես ասում և դրանց աստված ես անվանում, քանի որ ես չեմ ուզում արարածի պաշտել և երկրպագել, այլ ամեն ժամ խոստովանում եմ Աստծու Որդուն, որ Հորից է ծնվել հավերժից առաջ»։ Պրիմիանոս իշխանն ասաց. «Անպարտելի ինքնակալները հրամայեցին` ովքեր աստվածներին չեն երկրպագում` ողջակիզել»։ Բարղամն ասաց. «Պատրաստ եմ իմ մարմինը տալ, որ անես ինչ կամենաս, որ ես քիչ կամ շատ տանջանքներով կհամոզեմ քեզ, որ արարածներին և ձեռակերտներին չեմ երկրպագում»։ Դատավորն ասաց. «Պատուհասները քեզ համար կան և մնում են, բայց այժմ գանք ամբոխին, որ մեր շուրջն է. ասա՛ Հայրը ի՞նչպես Որդի ունեցավ և երբ»։ Բարղամն ասաց. «Հնարավոր չէ, որ հավերժից առաջ եղածը ժամանակով սահմանափակվի, քանի որ ասում է. «Հավիտյանից առաջ ծնեցի քեզ» (հմմտ. Եբր. Ա. 5, Ե. 5)։ Եվ ինչու ես Աստծու մասին հարցնում` ինչպես և երբ»։ Հեգեմոն Պրիմիանոսն ասաց. «Երբ քեզնից լսեցի, թե քո Աստվածը Որդի ունի, դրա համար հարցրի, թե դա ինչպես է։ Ես իմ աստվածներին եմ երկրպագում, ինչպես հրամայեցին իմ տերերն ու թագավորները»։ Բարղամն ասաց. «Ասացի և այժմ նույնը կրկնելուց չեմ հրաժարվում. երկրպագում եմ Աստծու Որդուն, որ ծնվել է անժամանակաբար, իսկ իրերը և մարդկանց ձեռքի գործերը երբեք աստված չհամարեցի և այսուհետև այդպես կլինի թեկուզ ամբողջ փորոտիքս դուրս թափես կամ մարմինս կտոր-կտոր հոշոտես»։ Դատավորն ասաց. «Քեզ չեմ ների զազրախոսությանդ և համառ մտքիդ համար, այլ չարաչար հարվածներով կպատուհասեմ անզգամությունդ և շղթաներով կմաշեմ քո կզակի կարծրությունը, որ հավանելով կատարես մեր ինքնակալ թագավորների հրամանը։ Քանի որ ողոքական խոսքերով կամեցա քո միտքը դարձնել իմաստության և խնայելով ծերությունդ ներողամտաբար հարցափորձեցի քեզ, իսկ դու անհողդողդ մնացիր անմիտ անզգամությանդ»։ Բարղամն ասաց. «Մի՛ բարկանա ինձ վրա, ով թագավոր, քանի որ մարմնիս վրա իշխանություն ունես, իսկ հոգուս վրա ունի Աստված` ամեն ինչի արարիչը, որին հավատացել եմ և հաստատուն եմ նրա խոստովանությանը մինչև մահ։ Եվ երբեք զոհ չեմ մատուցի սնոտիներին, չեմ երկրպագի խուլ և կույր դևերին, որոնք խավարի տանջանքների են մատնում նրանց հոգիները, ովքեր մոլորվելով հավատում և երկրպագում են իրենց»։ Դատավորն ասաց. «Մի՛ կարծիր, թե միանգամից վերջ կտամ քո կյանքին, այլ` փոքր-փոքր, սակավ առ սակավ կխոշտանգեմ քո մարմնի բոլոր անդամները ի ցույց բոլորի։ Տեսնեմ` քեզ կօգնի՞ Աստծու Որդին, որ դու ասում ես»։ Բարղամն ասաց. «Օգնեց և կօգնի և չի թողնի, որ հեռանամ իր կամքից ու սիրուց կամ պաշտեմ մարդկանցից ստեղծված աստվածների սնոտիապատիր ձուլածո արձաններին»։ Դատավորն ասաց. «Ահավասիկ կսկսեմ քո չարաչար տանջանքները, որ մտքովդ չեն անցնում քո անզգամության համաձայն, որպեսզի տանջանքների միջոցով հպատակվես ինքնակալների հրամաններին և զոհ մատուցես աստվածներին»։ Բարղամն ասաց. «Ո՛վ իշխան, եթե չես բարկանա` ճշմարիտ եմ ասում ստուգապես. աստվածների երկրպագուները հիմարացած են, որովհետև դրանց ստեղծողները անհայտ և շուտ են մահանում։ Ինչու պիտի դրանցից ստեղծվածները հավիտյան մնան»։ Դատավորն ասաց. «Մաշկեցեք դրան չորս կողմից, որպեսզի դրա մեջ շրջող դևը հավանի և լսի մեզ»։

Բարղամն ասաց. «Նախապես ասացի քեզ, որ ես մի Աստված եմ պաշտում, որ ստեղծեց ամեն ինչ, և երկրպագում եմ Նրան։ Ուստի չեմ վախենում քո սպառնալիքներից, քո աչքերի առաջ ունենալով Աստծու երկյուղը` կմնամ անսասան։ Եվ ոչ միայն ես, այլև բոլորը, որ հետևում են այս օրենքներին ու կրոնին»։ Պրիմիանոս իշխանն ասաց. «Հիմա կզգաս տանջանարանների քերանքը»։ Բարղամն ասաց. «Երդվում եմ Աստծու Որդիով, որ չզգացի քո այդ տանջանքները, իմ աչքում ունենալով իմ Աստծուն։ Տանջանքներից առավել վշտացած եմ ձեր անզգամությամբ, որ ճարտար մարդկանց կռած-կոփածները աստված եք անվանում, որի համար տենչում եմ ազատվել այս կյանքից և չեմ լսում քո խոսքերը»։ Դատավորն ասաց. «Ի՞նչ ես խոսում, Բարղամ, հավանիր և զոհ մատուցիր, քանի որ պատկառում եմ պատվական սպիտակ մազերիցդ և քո վայելչագեղ պատկերից, քեզ խնայելով, ուզում եմ բավարարվել ստացածդ տանջանքներով»։ Բարղամն ասաց. «Ես բնավ տանջանքներ չզգացի և պատրաստ եմ մարմինս տալ ավելի խիստ տանջանքների, որքան և պատճառես ինձ։ Քեզ կհավանեցնեմ իմ գործերին` հավատում եմ Աստծուն, իսկ դևերին զոհ չեմ մատուցում, որովհետև Քրիստոսի սերը ինձ չի թողնում հեռանալ իրենից։ Եվ եթե չբարկանայիր, քեզ համառոտակի կասեի մեր բարեպաշտության մասին։ Արդ, ներիր մեծահոգաբար»։

Իշխանն ասաց. «Ասա, ինչ որ ուզում ես ասել. իմաստուններից ո՞վ չգիտե, որ ձեր խոսքերը պառավների առասպելներ են, իսկ դուք ստության հետևողներ։ Բայց ասա. մի՞թե ինձ կարող ես քրիստոնյա դարձնել»։ Սուրբն ասաց. «Աղերսում եմ Աստծուն, որ ոչ միայն դու լինես քրիստոնյա, այլև բոլորը, ովքեր պատրաստած ձեռակերտները աստված են համարում, որպեսզի զղջան և խոստովանեն, որ Աստծու Որդին ճշմարտապես ծնվել է Հորից։ Իսկ իմ հավատի մասին` ասում է. «Ո՞վ մեզ կանջատի Քրիստոսի սիրուց` նեղությունները, անձկությունները թե հալածանքը, սովը, վիշտը թե սուրը. սրա համար [ոչ ոք] չի կարող հեռանալ Աստծու սիրուց և զոհ մատուցել դևերին, հավատալ մարդկանց ձեռքի գործերին և արարածներին»։ Իշխանն ասաց. «Բազմիցս ներեցի քեզ, կարծելով թե ավելի օգտակար բան կխոսես, բայց դու անուսաբար այդպիսի զազրախոսություն ես հնչեցնում անիմաստ և տգետ մարդկանց ականջին»։

Այնժամ զինվորներին հրամայեց բռնել և կախել գլխիվայր և քերել, մինչև որ մերկանա ամբողջ մարմինը։ Իշխանն ասաց նրան. «Մեզ ցույց տուր, որ քո Աստվածն ու հավատքը կօգնեն քեզ»։ Բարղամն ասաց. «Օգնել է և կօգնի, ոչ միայն ինձ, այլև բոլորին, որ կան և մնում են այս խոստովանությամբ։ Քանի որ այստեղ, այս աշխարհում ընդունելության և պատվի են արժանանում, իսկ հավիտենական կյանքում կժառանգեն երկնի արքայություն»։ Իշխանն ասաց. «Հրամայում եմ բանտարկել, որ ավելի ու ավելի ուժեղ տանջենք դրան»։ Բարղամն ասաց. «Այժմ ևս նույն Աստվածն է, որ ինձ օգնական եղավ, և երբ կկամենաս չարչարել` պատրաստ եմ, որովհետև իմ Աստվածը չի թողնի իր սիրուց և անսպառ բարիքից հեռանալ, որ կա և մնում է Նրան հուսացողներիս»։

Քիչ օրեր անց անօրեն Պրիմիանոս իշխանը քաղաքում, ավելի բարձր բեմի նստած, և քաղաքի ամբոխը իր շուրջը, զինվորներին հրամայեց առաջ բերել երանելի Բարղամին։ Այնժամ զինվորները գնացին բանտ` իշխանի հրամանով և հանեցին նրան, կապանքներով բերին իշխանի մոտ` հրապարակի ատյանը։ Այնժամ իշխանն ասաց նրան. «Համոզվեցի՞ր այսուհետև ազատվել մնացած տանջանքներից»։ Բարղամն ասաց. «Բազում անգամ լսեցիր ինձնից, որ չեմ շեղվել իմաստներից և դևերին զոհ չեմ մատուցի, չեմ ուրանա իմ Աստծուն և արարածներին չեմ երկրպագի։ Եվ այժմ նույնը կրկնել քեզ չեմ հրաժարվում։ Արդ, իսկույն արա ինչ որ ուզում ես»։ Իշխանն ասաց. «Կախեցեք դրան և քերեցեք երկաթի շեղբերով, որ դրան բռնած չար դևը ելնի նրանից»։ Բարղամն ասաց. «Ես դև չունեմ, բայց և բնավ չեմ զգում քո տանջանքները»։ Իշխանն ասաց. «Ես ձանձրացա, նաև իմ պաշտոնյաները հոգնեցին ու հեռացան, բայց չես համոզվում։ Այժմ դա երկու ոտքով կկախվի երկու ծառից»։ Եվ անմիջապես արեցին, ինչպես զինվորներին հրամայեց իշխանը։ Բարղամն ասաց. «Ճշմարիտ եմ ասում իմ Տեր Հիսուս Քրիստոսով. ոչինչ թվացին քո հնարած տանջանքները` Աստված թեթևացնում էր դրանք»։ Իշխանն ասաց. «Ի՞նչ ես ասում, Բարղամ, զոհե՞ս և ազատվես, թե ոչ»։ Բարղամն ասաց. «Չգիտես, թե ինչ է Քրիստոսի սերը»։ Իշխանն ասում է. «Համաձայնիր հետս, որովհետև երկար կախվելուց բերանիդ փականքները թուլացել են, և մարմնիդ հոդերը բաժանվել են, որի համար խնայելով քեզ ողորմում եմ ալեհերությունդ և հորդորում եմ քեզ, որ զոհ մատուցես և ազատվես»։ Բարղամն ասում է. «Իմ Աստծով, որ երկնքում է բնակվում և երկրի վրա օգնական է Իր նահատակներին` ասում եմ. չզգացի տանջանքներդ և չեմ զոհի ապականացու սին աստվածներին։ Գրված է. «Աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն արարել` կկորչեն երկնքի տակ» (Երեմ. Ժ. 11)։

Իշխանն ասում է. «Պարզեցեք դրա ձեռքերը և տակը կրակ տարածեցեք, և այնտեղ մի բագին մատուցեք, իսկ դրա ձեռքերին կնդրուկ լցրեք. և եթե անշարժ մնան ձեռքերը` կտեսնենք, իսկ եթե ձեռքերին եղածը թափի բագինի մեջ` ուրեմն զոհ մատուցեց»։ Իսկ Քրիստոսի արիագույն զինվոր Բարեղամը վեր պարզեց իր ձեռքերը և հեռացրեց բագինից և աչքերը երկինք բարձրացնելով` ասում էր. «Քեզ` Հորդ և Քրիստոսիդ եմ տալիս մարմինն իմ. Քո պատրաստ բնակարանից հաշտության աչքով երկնքից նայիր ցրված ու պառակտված Քո ժողովրդին, և իմ արյան հեղումը ի մաքրություն սրանց համարիր»։ Եվ կնդրուկը բագինի մեջ չլցրեց, այլ հրի վառվելուց նրա ափերը փակվել էին, քանի որ կայծակը տոչորելով խորովում էր մարմինը սուրբ վկայի, և մկանները միասին իրար վրա էր հավաքում և մի կողմից ծակում էր ձեռքը։ Եվ այսպես առ Աստված ունեցած սիրով հանդուրժելով` Փրկչի նահատակը ավանդեց հոգին, վկայելով Նոմերիանոս թագավորի տարիներին, մեծ Անտիոքում, Պռիմիանոս հեգեմոնի իշխանության ժամանակ, դեկտեմբեր ամսին, որ քսան և ութն էր ամսի, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Աստծու Որդու, մեզ թագավորելու. Որի հետ` Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« Սուրբ Բարդողոմեոս առաքյալի վկայաբանությունը   |   Պատմություն և խոսք Ելլադիոսի՝ սուրբ և փառաբանված Բարսեղ հայրապետի՝ Կապադովկիո Կեսարիայի արքեպիսկոպոսի կյանքի և սքանչելագործությունների մասին »
© Gratun.org