Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Գուրիասի և Սամոնասի վկայաբանությունը

Դիոկղետիանոս թագավորի ժամանակ Գուրիաս անունով մի մարդ Սարկիդիմիա կոչվող գյուղից, Աստծու երկյուղած և ամեն առաքինությամբ զարդարված, ուներ իր բարեպաշտությանը համաշունչ մեկին նույն գյուղից, որի անունն էր Սամոնաս։ Նրանք ամեն ինչով վարժ ու հմուտ էին Աստծու պատվիրաններին և հանապազ, առանց դադարելու սերմանում էին կյանքի Բանը, Քրիստոսի հավատացյալներին զգուշացնելով կուռքերի մոլորությունից` չվախենալ և չերկնչել մահից և բռնավորների սպառնալիքից։

Այս լսեց բռնավորը, զինվորների մի դաս ուղարկեց` բերելու սուրբ վկաներին։ Եվ տարան այլ բազում քրիստոնյաների հետ միասին։ Եվ հրամայեց բանտ նետել և պահել զգուշությամբ, մինչև որ հանգամանորեն քննի նրանց։ Այդ օրերից հետո թագավորը հրամայեց արձակել բոլորին իրենց տեղերն ու գյուղերը, իսկ սուրբ Գուրիասին և Սամոնասին չարձակեցին, այլ միայն նրանց պահեցին բանտում։ Եվ նրանք շատ ուրախ եղան, լսելով շատերի մասին, որոնք այն օրերին վկայեցին ի Քրիստոս։

Այնժամ դատավորը նստեց Եդեսիա քաղաքում, հրամայեց սրբերին առաջ բերել և ասաց. «Իմացե՛ք, որ դուք պարտավոր եք անսալ ինքնակալի քաջ արանց հրամաններին և աստվածներին զոհ մատուցել և շարժվել հելլենացոց կարգով ու կրոնով` ինչպես մենք, հեռանալ սնոտի պաշտամունքից և փրկվել առաջիկա տանջանքներից, որ կրելու եք»։ Սրբերն ասացին. «Այն, որ քո խավարյալ մտքին ունայնություն է թվում` ճշմարտության լույսն է, որ չես կարող նայել և նկատել, մեզ այն կյանքն է հավիտենական և կենդանություն տվող։ Տանջանքներից, որ սպառնում ես, չենք երկնչում։ Իսկ քեզ լսել բնավ չենք կամենում»։

Դատավորն ասում է. «Լիովին գիտեք ինքնակալի հրամանը, որ ասում է ձեզ` քրիստոնյաներիդ, կա՛մ զոհ մատուցել, կամ` մեռնել։ Արդ, տանջանքից առաջ փութացեք կատարել ձեզ հրամայվածը»։ Սրբերը պատասխանեցին. «Մենք ապականացու թագավորի հրամանները չենք կատարում, մանավանդ որ [նա] տարրերը աստված է համարում։ Այլ շտապում ենք պահել անմահ Թագավորի պատվիրանները, որ ասում է. «Ո՛վ ուրանա ինձ մարդկանց առջև` ուրանալու եմ և Ես նրան իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33, Ղուկ. ԺԲ. 9 (հրեշտակները)։ Իշխանն ասաց. «Եվ հիմա չեք ուզում կատարել մեր թագավորների կամքը»։ Սրբերն ասացին` Ո՛չ։ Իշխանն ասաց. «Ձեր համառության համար բազում տանջանքներ եմ պատրաստում ձեզ»։ Սրբերն ասացին. «Թեկուզ տանջանքի մեջ մեռնենք առժամանակյա մահով, կհասնենք անստվեր Լույսին, հավիտենական և անվախճան կյանքին, որ խոստացավ Աստված իր սիրելիներին»։

Այնժամ բարկացած դատավորը հրամայեց նրանց բանտ նետել։ Օրեր անց դարձյալ բերելով նրանց ասաց. «Իմ բազում ներողությունն ու երկայնամտությունը ձեզ հավանության չհանգեցրին, այսուհետև ձեզ վրա կտեղամ նեղություններ, կմատնեմ չարչարանքի ու տանջանքի, ինչպես արժանի եք, քերելով ձեր կողերը և մարմիններդ կիզելով հրով, ձեռքերդ կապելով և զանազան կարգի տանջանքներ տեղալով ձեր գլխին»։ Սրբերն ասում են. «Գրված է` «Մի՛ վախեցեք նրանցից, որ սպանում են մարմինը, իսկ հոգին չեն կարող սպանել» (հմմտ. Ղուկ. ԺԲ. 4-6)։ Արդ, չենք հավանելու ձեր խավարասեր կրոնին և մատնվելու տանջանքի անշեջ հրին, այլ մենք պետք է չարչարվենք` ինչպես մեր Տերը չարչարվեց մեզ համար, որպեսզի հաղորդակից լինենք Նրա փառքին»։ Դատավորն ասաց. «Մի՛ շաղակրատեք, զոհեցեք և կգնաք ձեր տները»։ Սրբերն ասացին. «Մենք ունենք տուն` անձեռագործ տաճար երկնքում, որ դու չես տեսնում»։ Իսկ դատավորը, երբ տեսավ նրանց անխախտ հավատը, ասաց դահիճներին. «Կախեցեք դրանց մի ձեռքից և նրանց ոտքերից կախեցեք ծանր ու մեծամեծ քարեր»։ Այդպես կախված էին օրվա երրորդ ժամից մինչև ութերորդ ժամը, և նրանց բերանից աղաչանքի խոսք չլսվեց, այլ այնպես էին համբերում, կարծես օտար մարմնով կրեցին տանջանքի ցավը։ Դատավորն ասաց մեկին. «Մոտեցիր այդ թշվառականներին և հարցրու, թե արդյոք հավանեցին կատարելու ինքնակալի կամքը, թե ոչ»։ Իսկ ամենագով սուրբ վկաները չկարողացան խոսքով պատասխանել, այլ ձեռքի նշանով ցույց էին տալիս, որ չեն հավանել։ Ապա հրամայեց իջեցնել և դնել խավարչտին բանտ և նրանց ոտքերը պնդել կոճղով։ Եվ երեք օր հետո դարձյալ հարցրեց նրանց աստվածներին զոհ մատուցելու մասին, և մերժեցին։ Ապա օգոստոս ամսից մինչև նոյեմբեր նրանց թողին այդպես։ Ապա հրամայեց առաջ բերել և ասաց. «Այսուհետև կլսե՛ք մեր թագավորներին»։ Սրբերն ասացին. «Ինչպես անփոփոխելի է մեր միտքը, նույնպես անփոփոխելի և անշարժ է մեր խոստովանության հավատքը առ Քրիստոս»։

Եվ հրամայեց կախել նրանց աջ ոտքից, իսկ ձախ ոտքից կախել ծանր կապար և այդպիսի դժնդակ տանջանքի մեջ թողնել հինգ օր, հետո հրամայեց հարցնել` կուզենա՞ն զոհ մատուցել։ Իսկ վկաները չպատասխանեցին, բայց միայն կախաղանի վրա սկսեցին աղոթել այսպես. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, ճշմարտության Աստված և ողորմության Տեր, զորացրու մեզ, ինչպես զորացրիր երեք մանուկներին Բաբելոնի հնոցի մեջ, մեզ զորություն տուր, Տեր, դիմադրելու չարին, որ եկել-հասել, պաշարում է մեզ, որպեսզի չշիջի մեր բարեպաշտության ճրագը, մեզ չհաղթահարեն տեսակ-տեսակ տանջանքները, որ սաստկացած կուտակվել են մեզ վրա։ Նայի՛ր, ամենակալ Տեր, և փրկիր մեզ և արժանի արա մեռնելու քո սուրբ անվան համար»։

Եվ բռնավորը հրամայեց իջեցնել նրանց կախաղանից։ Եվ ուժ չունեին գնալու, քանի որ մեռելի էին նման։ Եվ հրամայեց ուսերի վրա առնել և տանել բանտ։ Եվ տասնհինգերորդ ամսին` առավոտյան [դատավորը] ելնելով հրապարակ` նստեց բեմի վրա և հրամայեց առաջ բերել սրբերին։ Սպասավորները ուսամբարձ բերին սրբերին նրա առջև։ Դարձյալ դատավորն ասաց. «Լսեցե՛ք ինձ, որ զոհ մատուցեք աստվածներին և մի՛ զրկվեք այս արեգակի քաղցր լույսից, որպեսզի չարագործների մահով չմեռնեք։ Կարձակվեք կապանքներից և կգնաք ձեր տները։ Այդ ամենի հետ պարգևներ կստանաք արքունիքից։ Դա կլինի` եթե կատարեք ձեզ հրամայվածը, իսկ եթե ընդդիմանաք թագավորի հրամանին, այլևս չեք տեսնի արեգակի` բոլորի թագավորի լույսը»։ Սրբերն ասացին. «Երբ Աստված արարեց նախաստեղծ Ադամին ու նրա բոլոր ծնունդներին, արեգակն ստեղծելով` նրանց ծառայության տվեց, որ արևելքից մինչև արևմուտք գնալով մեզ ծառայակից է. արդ, ինչպես եք նրան թագավոր անվանում։ Սակայն ինչ կարիք կա քննության, քանի որ պատրաստ ենք մեռնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար»։

Իշխանն ասաց. «Եթե կամենաք, դեռևս կշահեք թագավորի կամքը և բազում փառքի կարժանանաք»։ Սրբերն ասացին. «Մեր մարմինները տանջելուց առաջ իսկ, երբ ժամանակն է մեր մշակության վարձքը ստանալու երանության մեջ` ուզում ես մեզ մոլորեցնել, ով աստվածամարտ»։ Բռնավորն ասաց. «Մոտեցել է այսուհետև ձեր մահվան վճռի ժամանակը»։ Այս լսելով` սրբերը գոհացան Աստծուց, իսկ դատավորը, երբ տեսավ նրանց հաստատուն միտքը և մահվան հոժարությունը, զարմացավ, ձեռքն աչքերի վրա դրած երկար ժամանակ լուռ էր։ Եվ այսպես ասաց. «Երդվում եմ անմահ աստվածների փառքով, որ ես չէի ուզում ձեզ չարչարել, բայց դուք ձեր ապրելը չկամեցաք։ Ես թագավորի հրամանը ոտնահարել չեմ կարող»։ Եվ դահիճներին հրամայեց գիշերով հանել նրանց քաղաքից [դուրս] մի տեղ և այնտեղ գլխատել։ Երբ տանում էին` սրբերը ցնծությամբ էին գնում, և երբ տեղ հասան` դարձան դեպի արևելք, ծունր իջան և տարածելով ձեռքերը` արտասուքով ասացին. «Տեր Աստված ամենակալ, Հիսուս Քրիստոս, Աստված ճշմարիտ, որ հանուն մեզ մահ ճաշակեցիր, ընդունիր մեր հոգիները Քո աստվածության անուշահոտության մեջ և մեր ոսկորները պահիր Քո ամրածածուկ աջով, և եթե մեկը նեղվել է վշտերից ու նեղությունից կամ չար դևերից` մեզանով աղաչում եմ Քեզ, լսիր Քո երկնքի սրբությունից և ազատիր վտանգներից»։ Ավարտելով աղոթքը, խոնարհեցին իրենց գլուխները, և դահիճը հանելով սուրը կտրեց սրբերի պարանոցները։ Այսպես վկայեցին սրբերը նոյեմբեր ամսի տասնիննին։ Եվ առավոտյան հավատացյալները Սամոնասի դուստրերի հետ, անուշ յուղերով ու խունկով պատեցին Քրիստոսի սուրբ վկաներին և տապան դրին ի փառս և ի պատիվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան, որին փառք, հավիտյանս հավիտենից. ամեն։

« Սուրբ Գեորգ զորավարի վկայաբանությունը   |   Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կյանքի պատմությունը »
© Gratun.org