Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Ա
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կյանքի այլ պատմություն

Ո՛վ եղբայրներ, այսօր աստվածաբանությամբ ճոխացած մեծն Գրիգորիոս մեզ հրավիրեց հոգևոր ուրախության` իր ճգնավոր բարեպաշտության իմաստների հանդեսին, և մեր առջև սեղանավորեց իր առաքինության աննյութ և անուշահամ խորտիկները, հաճույք պատճառելու մեզ այն կերակրով, որ վեր է բարձրացած բոլոր առաքինություններից։ Եվ դուք մի՛ զարմացեք մեր այսքան համարձակությանը, որ խիզախում ենք մեզնից բարձր բաների։ Որովհետև այնքան եմ փափագում նրա առաքինություններին, որ մոռանում եմ իմ տկարությունը, բայց և վստահելով Քրիստոսին` ճշմարիտ լույսով, որ օժանդակի իմ տկարությանը` գիտությունների մեծազոր իմաստների հույսով պատմել կարենամ նրա անմատչելի առաքինությունների մասին։ Նաև դրա համար մինչև օրս պատշաճ համարեցի լռության տալ պատմելու մեր այս ցանկությունը, որովհետև չտեսա մեկին, որ կարգ և հետևումն անի պատմելու նրա առաքինի վարքը, որպես ուղղություն հետո եկողների։ Ինչպեսև նա ինքը պատմեց Բասիլիոսի և այլ եպիսկոպոսների ու վկաների մասին, որոնք նահատակվեցին հանուն Քրիստոսի։ Եվ արդ, ինչպես վերն ասացի, չգտնվեց սա ձեռնարկող, մենք պետք է պարտքը հատուցենք նրա, մանավանդ որ չի կարելի այնպիսի այրի այնքան առաքինությունը մոռացության տալ...

Ե՛կ այսուհետև հատուցենք հապաղելու դիմաց, մեր խոսքի նորահունձ առաջին արմտիքի պտղով պսակենք Աստվածաբանին։ Թեկուզ ոչ ըստ նրա արժանիքի, բայց մեր հոժարամտությունն ու ջանքը չպակասեցնենք։ Գիտեմ, որ ամեն ինչով մեծախորհուրդ է այրը և կների մեզ մեր տկարությունը, քանի որ գթած հայրը իր զավակի անարվեստ մտքից ու անարվեստ լեզվից ելած թոթովանքը զվարճությամբ է ընկալում։ Այդպեսև այս երանելին կարծեմ ընտանեգույն կհամարի մեր ասածները, կուրախանա մեզնով։ Քանի որ երբ կենդանի էր, այսպես գրկած հոգևոր սիրով էր գրում մեզ, ինչո՞ւ ոչ [հիմա], որ փոխադրվել է մաքուր Լույսի մոտ, բարձրագույն կյանքի։ Բայց և ձեզնից խնդրում եմ, ով սուրբ ժողովուրդ, մի՛ պահանջեք նրա ուղղությունների ճշգրիտ իմաստները։ Նախ, իմաստից, որ նվազ եմ զորությամբ նրա համեմատ, և ապա, ոչ ոք նրա մասին գրավոր բան չթողեց մեզ, այլ իբրև հասկ հավաքելու ենք նրա խոսքերի պարարտ անդաստանից, ինչ որ նրա մասին կա։ Եվ նմանվենք իմաստուն ճարտարապետի, որ մանր քարերը մեծամեծների մոտ ժողովելով շարում է որմի մեջ և դրանով հարմարեցրած կազմում է թագավորի կատարյալ տուն։ Եվ այժմ սկսենք` որտեղից վայելչապես արժան է սկսել։

Հայրենիքով սա Երկրորդ Կապադովկիա գավառից էր, ծնված Անձիանձու քաղաքում, և նրա բազմազարդության շնորհիվ քաղաքը երևելի եղավ։ Որովհետև մակեդոնացոց աշխարհը այնքան անվանի չեղավ Աղեքսանդրի տիրակալությունից, և կամ Պարսկաստանը Կյուրոս թագավորի միջոցով, որքան փառքով ծաղկած զարդարվեց Անձիանձու քաղաքը Գրիգորի միջոցով։ Բայց ինձ թվում է` սա այլ պատճառ չունի, քան նրա առաքինությունից [քաղաքի] ստացած սննդի դայակությունը։ Հայրե՛ր, լսեցե՛ք և կպատկառե՛ք, ընկալելով բարի հոր պատմությունը, որ ոչ միայն մարմնի, այլև հոգու հայրեր լինեք։ Նաև նրա հայրը, Աբրահամի նման, հնազանդվելով Աստծու կամքին, թողեց իր աշխարհն ու գավառը, գահագլուխ մեծություններն ու բազմաստվածության մոլորությունը` փոխադրվեց աստվածպաշտության և Աստծու շնորհների հարազատ աշակերտ դարձավ։ Որ նախ իբրև սուրբ ոչխար խառնվեց Քրիստոսի հոտին, ապա և Սուրբ Հոգու շնորհով հաստատվեց հանճարեղ հովիվ Անձիանձի եկեղեցու։ Իսկ նրա մայրը սուրբ էր և սուրբ նախնիներից, այլ առաքինություններով հանդերձ, բարի արմատներից բարեպաշտությամբ պտղաբերեց բարի շառավիղը, քանի որ տենչում էր արու զավակ ունենալ և դրա համար մաղթանք էր մատուցում այնքան մեծ բարիքներ տվող Աստծուն և հասնում բաղձանքին։

Ո՜վ հավատի մեծություն, ո՜վ սիրո ջերմություն. հղանալուց առաջ խոստանում էր Տվողին մատուցել ինչպես Աննան Սամուելին։ Եվ ի՞նչ հետո, Նա, որ կատարում է Իր երկյուղածների կամքը` լսեց նրա աղոթքը, և գիշերային տեսիլքով նրան ցույց տվեց լինելիք մանուկը, այլև տեսքն ու անունը և առաքինությունները, որոնց նվիրվեց։

Այս ամենը ցույց տվեց նրան Բարձրյալը նախքան ծնունդը։ Ապա ծնվեց և բարեսնունդ աճեց, բարեպաշտության ժառանգորդ լինելու բարի ծնողներին, զորանում էր իր հասակակիցներից ավելի` քրիստոնյաների բարեպաշտության կարգով։ Նրան անկատար հասակը չէր խանգարում կատարյալ ուսումից և բարքից, ինչպես որ պատանիներն են պարապում։ Այս ամենը արհամարհում էր իբրև անօգուտ, ձգտում ավելի լավին, և նրա փույթն ու հոժարությունն այս էր` ստանալ առաքինություններ և զգուշանալ չարիքից, քանի որ անուշ յուղը մթագնում է, երբ դրվում է գարշահոտության մոտ։

Իսկ երբ պատանյակն աճեց, մինչև որ կարող էր այնուհետև մտնել արտաքին իմաստից դպրոց, գնաց Կեսարիա, և այնտեղ քաջալերություն գտավ ուսումնակիցներից, և ոչ սակավ մանուկներ հավաքելով` նավարկեց Պաղեստին, քանի որ մեծ էր բաղձանքը հռետորական իմաստների։ Այնտեղից գնաց Եգիպտոս, Աղեքսանդրիա և այլ քաղաքներ։ Իր մեջ հավաքեց բազում մարդկանց իմաստությունը` ըստ սողոմոնյան իմաստության խրատի։ Այն ժամանակ եգիպտացիների շատ օգտակար գիտելիքներ հավաքելուց հետո մտածեց գնալ Աթենք։ Որովհետև իր մորից այսպիսի հրաման և պատվեր ուներ։ Եգիպտական նավ նստելով` գնաց Պարթենիոն, ոչ նավարկելի ժամանակ։ Այնժամ հանկարծակի սաստիկ հողմ բարձրացավ ու խռովեց ծովը, և թանձրամած խավարն ելավ ու ծածկեց ծովը, ինչպես եգիպտացոց խավարը` Մովսեսի օրերին։ Ոչ քիչ վտանգ բռնեց բոլորին, որ նավի մեջ էին։ Բայց նա ոչ այնքան մարմնի, որքան հոգու վտանգ էր տեսնում։ Որովհետև բոլորը մարմնի մահն էին կոծում, իսկ նա հոգու, քանի որ կյանքի և փրկության ջրով դեռ մկրտված չէր, որ հասավ իրեն մահու և կորստի ջուրը։ Արդյոք ի՞նչ էր անում այն մեծը, որ նախքան վերստին ծնվելը զարդարված էր առաքինությամբ։ Ելավ, հանեց իր վրայից զգեստը և ուժգին գոչմամբ աղաղակի ձայն հանեց երկինք և այնքան դառնացած հոգով արտասուք էր հեղում, հիացնելով բոլորին, որ նավի մեջ էին, այնպես որ իրենց անձի համար լռածները նրա ողբով էին հետաքրքրվում։ Իսկ նա բոլոր մեծություններն իր մեջ ամփոփած` Նրան էր կանչում օգնության, որ միակն է սքանչելիք գործելու կարողությամբ... [Նա], որ Կարմիր ծովը կիսեց իր ժողովրդի համար և նույնը ստաբարոյի և ընդդիմա մարտի կորստի համար պատրաստեց, որ անապատում վեմն աղբյուրացրեց և ջրերի դառնությունը քաղցրացրեց, որ ձեռքերը խաչաձև տարածելով Ամաղեկին մահացրեց, և նույն խորհրդով առանց պատերազմող ձեռքերի ու գործիքի Երիքովի բարձր պարիսպը կործանեց, որ կուլ գնացած մարգարեին կետի տաք որովայնում ամբողջ պահեց առանց հալելու, նույն կերպ նրան լի ոգով նավակ կազմեց և ուղարկեց հեթանոսներին քարոզելու։

Սրանք և սրանց նման բաներ, որ գրված են աստվածային Գրքում, ի մի էր բերում իր մաղթանքով Աստծու առջև։ Նաև պայման էր դնում չուշացնել մկրտությունը` կորստից ազատելուց հետո, և նա ամբողջ արդյունքը ապրեցնողին էր խոստանում։ Եվ ի՞նչ այնուհետև. խոնարհվեց պաղատանքին նրա` Այն, որ ողորմածն է և արագ հասնող սրտի խորքից Իրեն խնդրողներին։ Եվ իսկույն ծովի խռովությունը փարատում է և թանձրամած խավարը անօսր ու հստակ օդի է վերածում։ Իսկ նրա բարեպաշտ ծնողները այս ամեն վտանգավոր անցքերը երազով իմանալով զգուշանում են մանկան համար, և տևական աղոթքով և հորդառատ արտասուքով աղաչում էին Աստծուն օգնել այն վտանգվածին։ Եվ իսկույն պաղատանքից հետո տեսնում են գիշերվա երազով իրենց որդյակին, որ Քրիստոսի զորությամբ հաղթահարում է դևերի դառնությունը, որ նրան կործանում բերին, որ հետո ինքն իսկ պատմեց ծնողներին։ Իսկ նավում եղողներից` մի երիտասարդ, որ խորհրդակից էր նրան, տեսնում է գիշերը, ծովի ալեկոծության սկզբին, նրա երանելի մորը, որ գալիս է ծովի վրա և բռնելով նավից հանում է ցամաք։ Եվ երբ պատմեց տեսիլը` իսկույն ծովը հանդարտվեց։ Եվ նավի մեջ եղողները գնացին ընկան Գրիգորի առաջ, հավատով խոստովանեցին նրա Աստծուն, որ օգնական է լինում իրենց։ Այս սքանչելիքը ինչո՞վ է նվազ մեծն Եղիայի [սքանչելիքից]։ Ինչպես նա իր աղոթքով երկնքից հուր էր իջեցնում պատարագին, որ Աստծուն մատուցում էր ընդդեմ սիդովնացիների կուռքերով մոլորվածների, որով սքանչացավ ժողովուրդը և խոստովանեց ճշմարիտ Աստծուն։ Այդպես և Գրիգորիոսը իր պաղատանքների միջոցով ծովի սաստիկ խռովությունը և թանձրամած խավարը նույն օդի ու միջօրեի փոխեց։ Մինչև որ նավում եղողները, ճանաչելով ճշմարիտ Աստծուն, միայն Նրան փրկիչ և օգնական ճանաչեցին։

Իսկ ապա քանի որ նրան հույժ տագնապեցնում էր աթենացիների ուսումնասեր և բազմիմաստ համբավը և դրա համար քաջալերելով իր ուսումնակիցներին` հասավ այնտեղ։ Նաև մի այլ անապական խնդությամբ, որ պետք է ասել, լցնում էր այնտեղ։ Քանի որ մեծն Բասիլիոսը որոշ ժամանակ անց ելավ Բիզանդիայից` գնաց Աթենք։ Եվ միմյանց տեսնելով ուրախացան, որովհետև համագավառ էին և ուսումնակից։ Այնուհետև լինում են բնակակից և առաքինությունների մեջ` լծակիցներ, և մի կոչման հույսն ունեին և պայծառացած էին մի լույսով` ճշմարիտ հավատով։ Իսկ գիտելիք ձեռք բերելիս, թե ինչպես միմյանցից օգնություն էին ստանում` հայտնապես երևում է նրանց, որ իմաստության լծակից են։ Որովհետև ոչ միայն միմյանց հարցուփորձ անելով հայտնի են դառնում ծածուկ իմաստները, այլև` ամրանալով հաստատվում են։ Արդ, սրանք իմաստուն երկրագործների նման, որ արորաձիգ եզանն են ընկերովի աշխատեցնում, իրենց մտքի պարարտ անդաստանի քաղցր ակոսը պատռում էին, սերմանելով նրա մեջ իմաստության հմտությունը։ Իսկ հակառակություններին, որ մանուկները սիրում են, խիստ համբերող էին։ Եթե դռանը ուրիշների քննության հակառակություն լիներ, այդ պահին դժվարաշարժ էին լինում, իսկ բարիքի դեպքում դյուրաշարժությամբ ծագում էին բոլորի համար, այնպես անվանի էին երևում, մինչև որ գրեթե նրանց համբավը հռոմայեցոց աշխարհն էր հասել. նրանց մեծախոհ էին անվանում։ Ու թեպետ այնքան բազմություններից պատիվ էին ստանում և այնքան դյուրապատիր մարդկանցով էին շրջապատված, բայց հոգու առաքինությունը հաստատուն և անշարժ էին պահում և հակառակորդներից ներքև չէին ձգվում, ինչպես որ նրանց վրա կատարվեց մարգարեական խոսքը։ Այս պատճառով մենք չենք երկնչի երկրի խռովությունից, [եթե] լեռները փոխադրվեն ծովի սիրտը։ Նաև ժուժկալությամբ պակաս չէին, քան մեծն Հեղիասը և երանելի Հովհաննես Մկրտիչը` կանանցից ծնվածներից մեծագույնը, որովհետև միայն մի մատի ծայրով էին մոտենում այս կյանքին։ Իսկ մարմնի փափկությունները, որ հանդերձանքով են և կերակրով, սա բնավ ոչ մի բանով արժանավոր չէին համարում։ Եվ ի՞նչ ասենք, այլ առաքինությունների հետ նաև նրանց ողջախոհությունը, որ մինչև մահ անարատ` նվիրվեցին Աստծուն. սրա հետ` նրանց անընչասիրությունը շատ զարմանալի էր, որովհետև թեպետ առաքինության համբավի բերումով նրանց բազում ինչք էին նվիրում, բայց նրանք խուսափում էին իբրև ագահությունից և հափշտակությունից, և ասում էին` «Իմաստությունը վարձի համար չենք ձեռք բերել, որ սա գործադրենք վաճառաշահության համար»։ Իսկ սնափառությունն ու գոռոզամտությունը ամբողջապես հերքելով մերժում էին որպես իմաստության ապականիչ և բարձրագույն իմաստության խորհուրդները խափանող։

Իսկ նրանց հանճարի մասին ի՞նչ է պետք ասել, որով միաբան ու համամիտ լինելով` չէին դադարում գիշեր ու ցերեկ խորությամբ պեղել և գտնել իմաստության գանձերը, ինչպես ասում է երանելի Հոբը։

Որովհետև ուշադրություն դարձրեց զարդարելուն և փարթամությանը նրանց, որ կուզենան նմանն ստանալ, նաև արտաքինների իմաստությունը. ոչ թե հախուռն կերպով հավաքելով չարն ու բարին, որ անմտության է հանգեցնում, [այլ] նրանցից հավաքում և ամփոփում էին օգտակարը, որ չէր հակասում աստվածային իմաստությանը, և ամենայն ավելորդը, որ ըստ հեթանոսական ավանդության էր, փորձելով մերժում էին, որովհետև այն ամենը, որ համահունչ է սուրբ Գրքի խրատներին և ոգով քաղցր, միասին սովորեցին։ Իսկ այն բաները, որ հաճոյական են, բայց դառնացնում են հոգին, մերժեցին, այսինքն` խորհրդավոր թվերը, երկրաչափական հավասարությունները, աստղերի դրությունը և շարժումները` ծննդաբանության առնչությամբ։ Իբրև մի նոր Մովսես կամ Դանիել օտար աշխարհում երևացին աստվածային հոգով զարդարված, նույնիսկ նրանցից առավել։ Որովհետև ոչ թե գերեվարվել էին հին պատմության նման, այլ մանավանդ համաձայն Գրքի, նրանց բոլոր մտքերը գերված էին ի հնազանդություն Քրիստոսի, քանի որ իրենց իմաստության առաջին պտուղներն էին համարում։

Իսկ այնուհետև ի՞նչ։ Այժմ մեր խոսքը նրանց մասին տկար գովեստը չէ, այլ պետք է ավանդել նրանց սողոմոնյան իմաստության գովքը, որ միշտ դեգերում էին Դավթի դռանը նստած, և մենք շտապենք պատմության մյուս [դրվագներին։]

Արդ, Բասիլիոսը, իմաստության բարի գանձերն ընկալելով, իմաստուն վաճառականի նման, վաճառաշահ վերադարձավ այնտեղից։ Իսկ Գրիգորիոսը Աթենքի իր մյուս ուսումնակիցների համար ուշացնում էր գնալը, որովհետև նաև թույլ չէին տալիս մեկնել, այլ մնալ այնտեղ և խրատել նրանց։ Նրան շատ էին խնդրում ընդունել Աթենքի իմաստության աթոռը։ Իսկ նա աղաչանքներից հարկադրված, նաև բարեկամության երախտահատույց լինելու համար մի քիչ մնաց այնտեղ, այնուհետև անսալով ծնողների աղաչանքին` վերադարձավ նրանց մոտ։ Երբ եկավ ծնողների մոտ` գրեթե երեսուն տարեկան էր։ Գալով, անմիջապես ընդունեց աստվածային մկրտություն Սուրբ Հոգու լուսավորությամբ և սահմանեց իր անձին` չխորհել կենցաղային բաներ, որով ներքև է քաշվում ամեն ինչ։ Ավելի առաջ նույնպես, նախքան լուսավորվելը, այդպես էր որոշել։ Դրանից հետո հեռացավ իր քաղաքակիցներից, շտապեց անապատ, որովհետև թեպետ ցանկանում էր ծնողների կարոտին հագուրդ տալ, լսել նրանց բարեպաշտ խրատները, սակայն նկատի առնելով տան հոգսերի հետ կապված զբաղմունքները` չէր հավանում, և ապա կրոնավորելով, աշխարհից չունենալով ոչինչ, տրվում էր միայն աղոթքի և սուրբ Գրքի ընթերցման։ Եվ սա` մշտապես հսկելով. սրբեց իր սրտի խորհուրդը, բազում անգամ տեսնում էր Քրիստոսին, խոսում Նրա հետ գիշերվա երազով, երանություն էր զգում ըստ ձայնի. «Երանելի են նրանք, որ սուրբ են սրտով, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն» (Մատթ. Ե. 8)։ Այսպիսին էր մեծն Գրիգորիոս. թողնելով քաղաքների փողոցները, իմաստունների հպարտությունը, իշխանների խստությունը, դատապարտյալների հակառակությունը, գողերի դավաճանությունները, սուտ հրապարակները, հարուստների ագահությունը, վաճառողների երդումները, փարթամների գոռոզությունը, կարոտյալների տառապանքը, զեխացածների հարբեցողությունը, նաև մարդկային կարծեցյալ փառքերը, որ մարդկանց կաշկանդելով ետ են պահում երկնային ճանապարհից, պղտորում, մթնեցնում են մտքերը և թույլ չեն տալիս ընդունել մաքուր Լույսը։ Այս ամենը ոչ թե կրոնավորության սկզբից, այլ մանկությունից իսկ մերժում էր Գրիգորիոսը։

Իսկ երբ նրա հայրն ստիպելով նրան քահանա էր ձեռնադրում, տես, թե ինչ արեց. այնժամ թողեց եկեղեցին, փախավ Պոնտոս, իր ուսումնակից Բարսեղ Մեծի մոտ, որովհետև վայել չէր այս երկու լուսավորներին միմյանցից բաժանված լինել մարմնով, երբ հոգով և իմաստությամբ բաժան չէին։

Ապա կիրառելով առաքինության վարքը` մեկ հոգով և մեկ դավանությամբ կրոնական հանդեսով ստանձնում էին ճգնավորական վարք. նրանց պարագային կատարվում էր տերունական խոսքը, թե` «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով` այնտեղ եմ Ես նրանց մեջ» (Մատթ. ԺԵ. 20)։ Նաև ի՞նչ ասեմ այս երանելի այրերի մասին, որոնք Մովսեսի նման առաքինությամբ բարձրանալով Սուրբ Հոգու ամպով ամրապես ծածկվեցին ամեն տեսակ աշխարհական խռովքներից և ստացան Սուրբ Հոգու վարդապետությունը և նրանից օրինադրվեցին։

Այդ ժամանակ վախճանվեց Գրիգորի Կեսարիոս եղբայրը, որ թագավորներից ուներ հանրային իշխանություն` գանձատան վրա։ Իսկ նրա հայրը ծերացած էր և իր որդի Կեսարիոսին ողբալով շատ էր թախծել, չէր դիմանում միայնությանը, նաև հանգուցյալի ունեցվածքի ժառանգորդ չկար, և բոլորը որսի վրա հարձակվող շան նման ձգտում էին հափշտակել։ Այնժամ պաղատական նամակներ էր գրում, որպեսզի [Գրիգորիոսը] գա իր մոտ։ Իսկ նա մեծ վնաս էր համարում հորը չհնազանդվելը, մանավանդ այնպիսի քահանայապետին ու ծերունուն, թեպետ ոչ կամովին, սակայն պատվիրանին հնազանդվելով եկավ նրա մոտ։ Եվ երբ կարգավորեց եղբոր ունեցվածքին վերաբերող ամեն ինչ, հիշելով Պոնտոսի խաղաղ կյանքը` ուզում էր վերադառնալ այնտեղ։ Ապա ծերունի հայրը շատ թախանձեց, որովհետև մոտ իննսուն տարեկան էր, մնաց այնտեղ, չնայած դժվար էր, բայց հույս ուներ մեծամեծ վարձերի պատվիրաններից, որ հորդորում են պատվել բարեպաշտ ծնողներին։

Այն ժամանակ չարի ազդմամբ ուղղափառների վրա բռնացել էր Արիոսի հերձվածը` Կոստանդիանոս Փոքր թագավորի միջոցով, և սուրբ քահանայապետներից շատերը թագավորական հրամանով ինչ-որ զրպարտությունների պատճառով վտարվեցին եկեղեցուց, այնուհետև մեծ նեղություն էր ուղղափառ քահանաներին ու ժողովրդին։ Որովհետև աղոթատուն չունեին և ոչ իրավունք` անօրեն դատավորներից։ Եվ գրեթե ամբողջ տիեզերքը հաղորդվեց պիղծ հերձվածին` թագավորի հրովարտակի համաձայն։ Ամենուրեք Քրիստոսի ուղղափառ հովիվներին արտաքսելու համարձակություն տրվեց ամբարիշտ հովիվներին, որոնք այդ իրավունքն ստանալով ապականիչ գայլերի նման մասնատելով ցրում էին Քրիստոսի հոտը։ Երբ սա այսպես եղավ, ոմանք սպառնալիքի երկյուղից զարհուրած ընկնում էին ուղղափառության բարձունքից, ուրիշներ ինչքով էին խաբվում, մյուսները մարմնական սիրո փաղաքշանքով, մի մասը` ինքնակամ, իսկ ովքեր ճշմարտության մեջ հաստատուն չէին` պարտավորագրով էին միանում հայհոյությանը։

Այլևս ի՞նչ ասենք ուրիշների մասին. երանելիի ծերունի հայրը ևս ընկավ սատանայի կարթին, իսկ այն գավառի կրոնավորները, չներելով նրան, ազատ էին համարում իրենց նրան հաղորդվելուց։ Ժողովուրդը նույնպես հեռացավ նրանից։ Այնուհետև ի՞նչ էր անում Աստծու երջանիկ մեծն Գրիգորիոս. նախ վերցրեց ճգնավորներից ոմանց, նրանց հետ պաղատում էր Ամենատիրոջը, խնդրելով չարի քայքայումը, ապա իր անձը տալիս էր լռության, որովհետև խռովք էր ցույց տալիս ծերունի հորը։ Սրանից հետո խրատում էր նրան և խնդրում ճշմարտության խոստովանությամբ ազատվել անկումից, և նզովելով պիղծ հերձվածը, որ խռովության ամպրոպը ևս վերանա և խաղաղություն ու միավորում հաստատվի Աստծու եկեղեցում, ինչպես և եղավ։ Քանի որ իսկույն կանգնում էր անկյալ հովիվը և ուղղափառ եկեղեցու գավթում հավաքելով միավորում էր բարեպաշտ հոտը։ Այսպես իմաստուն Գրիգորիոսը լուսավոր իր վարդապետությամբ բուժում էր հիվանդացածներին, հանդարտեցնում, խաղաղեցնում էր խռովյալներին և հեռացածներին սերտորեն միավորում։ Եվ դա անում էր ոչ թե միայն այն քաղաքում, այլ համարյա գավառի բոլոր մասնատված բնակիչներին, հովիվներին, հոտերը խաղաղարար խոսքերով բերում միավորում էր մեկ կաթողիկե առաքելական եկեղեցու մեջ։

Իսկ որովհետև մեր քրիստոնյաների չարիքը բազմանում էր աստվածային պատվիրանների քամահրումով ու քակտումով, ուստի նա ինքը ներողամիտն Աստված թույլ էր տալիս մեզ վրա հառնելու պիղծ Հուլիանոս Պառավատոսին, որ նշանակում է հանցավոր, որովհետև անարգեց հավատքը, որ ստացել էր սուրբ նախնիներից, երանելի Կոստանդին Մեծից, և իրեն Քրիստոսի հակառակորդ էր դարձրել ու ամեն հնարքով ձգտում էր քրիստոնյաներին հեռացնել ճշմարիտ հավատից. սրանք` թեպետ ոչ ակնհայտ հալածանքով, սակայն ծածուկ ու խորամանկ խորհրդով էր կատարում։ Ամենուրեք հրահանգում էր հելլենական ուսման դպրոցներ չընդունել քրիստոնյաներին։ Իսկ Աստծու ներողամտությունը թույլ էր տալիս նրան երկու ամիս, վեց ամիս` թերևս զղջա, ետ կենա ամբարիշտ մտքերից։ Երբ Ամենատեսը տեսավ, որ անզղջանալի է, արագորեն թեքեց բարկության սուրը` ինչպես արժանի էր նրա ամբարշտությանը, և նրա բարբարոսական ու գազանական կյանքից զրկեց նրան, և երանելի Գրիգորիոսը արձանագրեց ամբարշտի չարությունը։ Բայց սրանք հետո. մենք վերադառնանք մեր խոսքի ընթացքին։

Արդ, երբ իմաստուն Գրիգորիոսը տեսավ, որ ամբարիշտ Հուլիանոսը քրիստոնյաների դեմ սահմանած այլ չարիքների հետ (ինչքի հափշտակում, զինվորական պատվից զրկում) իր չարությամբ օրինադրեց, որ քրիստոնյաների երեխաները չսովորեն հելլենների իմաստությունը։ Տե՛ս թե ինչ արեց [Գրիգորիոսը]. գրեց աստվածաբանական ճառեր ի հանդիմանություն Հուլիանոսի և ցույց էր տալիս քրիստոնյաների ուսման համար հելլենական իմաստության անպիտանությունը։ «Որովհետև- ասում է- բոլորը առասպել են, սուտ պատմություններ, բազմաստվածության մոլորություններ»։ Եվ բոլորի համար օգտակարները ընդհանրապես դրեց ողջախոհների առաջ, որ իրապես արժանի են գովեստի` իմաստունի սքանչելի պատմություններ։ Գրով ներկայացրեց քերականական նյութեր` զանազանված պես-պես իմաստներով, որ նաև շատ օգտակար են բարեպաշտությանը։ Քանի որ աստվածաբանությունը վերաբերում է Եռյակ Անձնավորության և մի բնության ստույգ դավանությանը, առաքինության, առ Աստված աղոթքի գովք է, նաև փախուստ բազմաստվածության պագշոտ ու զազրաբան առասպելների խաբեությունից։ Այսպիսի իմաստությամբ գիտելիքներ էր հաստատում քրիստոնյա մանուկներին ուսուցանելու, զերծ մնալով նախանձոտ առասպելաբանությունից ամբարշտի, որ հրամայում էր չարամտորեն։ Անօրենն ինքն իսկ զգում էր, որ իր օրենքը հանդիպել է հակառակության։ Քանի որ ավելի վեհ էր նկատում Գրիգորիոսի մտքերը` բարեպաշտ ուսմունքով հանդերձ, քան արտաքին յուրայինների առասպելաբանությունը։

Միայն այս իմաստասիրական ուսմամբ չէր, որ իմաստուն Գրիգորիոս կարգեց բարեպաշտության դպրոցը. հանդիմանում էր նրան նաև թագավոր դառնալուց առաջ, երբ երկուսով մանուկ լինելով Աթենքում, ուսումնակցության բերումով բարեկամացել էր աստվածային իմաստությամբ նախապես, զգուշացնում էր նրան կատարելիք անօրինություններից։ Մանկան տեսքից հայտնապես երևում էր նրա ամբարշտությունը։ Որովհետև նրա տեսքը լի էր խռովությամբ և տեսնողներին քամահրող։ Դեմքը գազանակերպ էր, մարմինը` այլանդակ ու անհեթեթ, խոսքը լի անմտությամբ, մտքով ու գործով դյուրագնաց ամեն չարիքի, իսկ բարեպաշտության ու ժուժկալության կրթվելը, առաքինության բոլոր գովքերը արհամարհում էր նա։ Այս ամենը` լինելիք չարիքները, բարեպաշտությունից հեռանալը, նախապես տեսնելով` Գրիգորիոսը հայտնում էր նրան։ Բայց նա դրանից չէր օգտվում, որովհետև ինքն էր խավարեցրել իր մտքի աչքերը։ Այսպիսի ընթացքով նրա թագավորությունը, որ ամբարտավանությամբ հոխորտում էր քրիստոնյաների վրա, չարաչար հանդիմանվեց, և չարը չարով վերացավ, ոչինչ չշահելով այս կյանքից, միայն հավիտենական տանջանք կուտակեց իր համար։

Այն ժամանակ Կապադովկիայի Կեսարիայում էր սուրբ Եվսեբիոս եպիսկոպոսը։ Իսկ Բարսեղ Մեծը քահանայության աստիճան ստացած, թշնամական նախանձի պատճառով հեռացավ նրանից Պոնտոս։ Այնժամ հերձվածողների բազմությունները միասին հավաքված գնացին Կեսարիա, մաքառեցին մայրաքաղաքի եպիսկոպոս Եվսեբիոսի հետ։ Իսկ նա թեև վարքով պարկեշտ էր, բայց չուներ աստվածաբանական իմաստների կրթություն` չէր համարձակվում ընդդիմանալ հերետիկոսներին։ Այնժամ նամակ հղեց լուսավորիչ Բարսեղ Մեծին, պաղատելով, խոստովանեց դիմադրելու անկարողությունը, աղաչում էր արագ հասնել և մարտակցել Կեսարիա մայրաքաղաքի եկեղեցուն։ Իսկ երանելին, լինելով բարեպաշտության նվիրյալ, շտապ հնազանդությամբ գնաց այնտեղ, հատկապես ուղղափառության պայքարի համար։ Եվ իբրև Քրիստոսի քաջ զինվոր մտավ հերձվածողների ամրոցները և տակնուվրա արեց. նրանց ստությունը վախկոտի նման փախստական եղավ ճշմարտության առջև։ Չէ՞ որ ամենուրեք, բոլոր դարերում, Աստծու մարդասիրությունը գործադրում է ուժը իր ծառաների գործակցությամբ։ Նույնպես և այս ժամանակ սրանց երկու լուսատու տվեց` Բարսեղ Մեծին եմ ասում և Գրիգորիոսին, որ Հոգու սիրով միացած, այրեցին Քրիստոսի եկեղեցու անդաստանից հերձվածի փուշը, որ աճել էր սատանայի վարդապետությունից։

Կարճ ժամանակ անց հասավ նախահիշյալ Եվսեբիոս եպիսկոպոսի վախճանը, և երանելի Գիրգորիոսը հավանության թուղթ է հղում Կեսարիա մայրաքաղաքը, որ նրա փոխարեն եպիսկոպոսական աթոռին ձեռնադերեն Բարսեղ Մեծին։ Դա անում էր ոչ թե մարմնապես սիրելի լինելու պատճառով, այլ Սուրբ Հոգով իմացավ Քրիստոսի եկեղեցու ուղղափառության այն չափը, որ նրանով էր իրագործվում։ Երբ Բարսեղ Մեծը ձեռնադրվեց Կեսարիայի աթոռին` մեծ ուրախություն էր այդ կողմերի ուղղափառներին։ Բայց հետո Աստծու այրը ուրիշ կողմից է դժվարության հանդիպում, քանի որ ոմանց իշխանասիրությունից երկու մասի բաժանվեց Կապադովկիան, որ առաջ մեկ վիճակ էր` մայրաքաղաք Կեսարիայի իշխանության ներքո։ Նախանձն ու իշխանությունը այսպես սպանում ու կործանում են, նաև վրիպեցնում հավատքից։ Սրանք Կայենից են, որ ամբաստանում է Հովհաննես ավետարանիչը։ Այն ժամանակ Բարսեղ Մեծը թեև երկիրն այսպես բաժանված էր տեսնում, չէր գրում ոչինչ, այլ բուժում էր արագ հասած հիվանդությունը և եկեղեցիների առավել խնամքի համար գավառում բազմացնում էր եպիսկոպոսներ։ Երբ ուզեց Սաղեմի եկեղեցու համար եպիսկոպոս ձեռնադրել, մտածեց, որ ոչ ոք եկեղեցուն պիտանի չի լինի, ինչպես մեծն Գրիգորիոսը։ Եվ այս առթիվ խորհրդակցում էր Գրիգորիոսի սքանչելի ծերունի հոր հետ։ Եվ երբ Աստծու այրն ստիպված է լինում հնազանդվել. նախ նա ինչպես ասացինք, լռություն էր պահպանում և ոչինչ չէր կամենում աշխարհից. ա՛յս պատճառաբանեց, ապա ասաց, որ Սաղեմի տեղը անհարմար է ու բազում խռովությամբ լի, թագավորների հարկերի տակ և այսպիսի պատճառաբանություններ բերեց։ Հետո, երբ չհամոզվեց, քանի որ ուզում էր այս կյանքում ապրել առանց հոգսի ու զբաղմունքի, նրան խնդրեցին հանձն առնել Անձիանձի եկեղեցու վերակացությունը` իր ծերունի հոր փոխարեն։ Իսկ նա հանձն առավ վերատեսչի պաշտոնը. հոր հրամաններին մինչև վերջ ընդդիմանալը պակաս հանցանք չէր համարում և ասում էր այսպես. «Ո՛վ հայր պատվական, սա ևս քո իմաստությունից գաղտնի չլինի, որ թեև ստիպվում եմ, բայց չի կարելի անտեսել նախախնամությունն ու սպասավորության շնորհը, որ Աստծուց ինձ վստահվեց քո միջոցով, այլ հարկավոր է Աստծու եկեղեցուն ծառայել»։ Այնժամ հայրն ասում է նրան. «Ո՛վ որդյակ իմ, քանի կենդանի եմ` ինձ ծերության գավազան եղիր, որ և Աստծու` քեզ պարգևած շնորհը հայրական օրհնությամբ հաստատվի քեզ վրա։ Իսկ երբ վախճանվեմ, կատարիր Աստծու կամքը այնպես, ինչպես կուզես»։ Սուրբ Գրիգորի` Անձիանձի եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո նրա ծեր հայրը որոշ ժամանակ ապրեց, հասավ հարյուր տարվան, նրա մայր Նունին դրանից մի փոքր պակաս, առաքինի կենցաղավարությամբ ժամանակավորից փոխադրվեցին մշտնջենական և անծերանալի կյանք։ Իսկ նրա սրբուհի քույրը` Գորգոնիան, և Կեսարիոս եղբայրը ծնողներից առաջ վախճանվեցին, և նա պատվեց նրանց թաղելով և գերեզմանները վայելուչ կերպով արդարելով, պատարագով, ավանդեց Քրիստոսին։ Նա իրապես ըստ առաքելական կանոնի աստվածային պատվիրանների համաձայն ընդունեց, լավ վերակացու եղավ բարեպաշտ ծնողներին ու իր տանը, ապա հաստատվեց Աստծու եկեղեցու վերատեսուչ։

Մեծն Գիրգորիոսը ծնողների մահից հետո քիչ ժամանակ մնաց եկեղեցում, հիշեց առաջվան ուխտը անզբաղության, այնտեղի եկեղեցին թողեց, գնաց Սելևկիա, հասավ այնտեղ, մնաց Պողոս առաքյալի աշակերտ սրբուհի Թեկղիի տաճարում։ Այսպես վարվելով մտածում էր, որ Անձիանձի եկեղեցում իր փոխարեն ուրիշը կձեռնադրվի։ Իսկ երբ Աստծու տեսչությամբ վերադարձավ եկեղեցին` իր հոտը գտավ անհովիվ։ Մարդիկ բազում արտասուքով խնդրում էին, որ այնտեղ հաստատի իր աթոռը։ Ու թեպետ առանձնական կյանքը սիրելով չէր կամենում, բայց մեծ թախանձանքով պաղատող բազմությունը հարկադրեց։

Այն ժամանակ Մեծն Բարսեղը տեսավ եղբայրների նվազելը և սիրո պակասելը անօրինության շատությունից, երբ ախտահարներին պիղծ համարելով` անտեսում էին մարդատեցությամբ, մինչդեռ նրանք շատ մարդասիրության և ախտակցության կարիք էին զգում։ Եվ խորհելով բարեպաշտության մասին, որ վայել է բոլորին, մանավանդ եկեղեցու բարեզարդ առաջնորդներին, և իր մոտ կանչելով երանելի Գրիգորիոսին` զանազան պատշաճ վայրերում մեծամեծ տներ է կառուցում աղքատների ու ախտաժետների համար։ Եվ տներին նշանակում են հավատարիմ և իմաստուն սպասավորներ և բոլոր տկարներին ու հաշմանդամներին այնտեղ են հավաքում և եկեղեցու տարեկան հասույթից վերակացուների միջոցով բաժանում նրանց, ինչպես հայտնապես երևում է Գրիգորի ճառից, որ այն ժամանակ իմաստասիրեց աղքատասիրության և եկեղեցու մանկանց մարդասիրական ջանքի, մանավանդ ընթերցող ուսումնասերների և աշխատասերների մասին, որ սրտանց մտադրված նայեն իմաստունների և բանասերների ծածուկ գանձերին։

Այժմ պատմեմ զորությունն ու սքանչելիքը, որ նրանցով գործեց Աստված Բիզանդիայում և այլ բազում քաղաքներում, հերձվածողների մեջ, ինչպես երբեմն մեծն Մովսեսի և Ահարոնի միջոցով` եգիպտոսում սքանչելագործեց։ Որովհետև Արիոսի, Մակեդոնի և Եվնոմիանոսի աղանդը, որ փոքր Կոստանդիանոսի ժամանակ արմատացավ Աստծու եկեղեցիներում, առավել ևս բռնացած էին ուղղափառ կողմերի վրա, Վաղես կայսեր ժամանակ։ Իսկ հետո, մեծն Թեոդոս բարեպաշտի թագավորության շրջանում Աստծու նախախնամ ողորմությունը արթնացրեց երանելի Գրիգոր Աստվածաբանի հոգին, այցելելու ապականողներից կորսվածներին, և ինչպես այն ժամանակ Աստված Եգիպտոսում տեսավ Աբրահամի զավակի չարչարանքը, նրանց փրկիչ ուղարկեց Մովսեսին, ասելով. «Արի քեզ ուղարկեմ Եգիպտոս, որովհետև լսեցի նրանց հառաչանքը և իջա նրանց փրկելու» (Ելք, Գ. 7-10, Զ. 13)։ Այսպես շտապ ուղարկեց Աստծու այր Գրիգորիոսին Բիզանդիա` Աբրահամի որդիների ճշմարիտ հավատից դուրս վանելու հոգիների խավարն ու պիղծ հայհոյությունը։ Որովհետև, ինչպես ավելի վերն ասացինք, թագավորական քաղաքում երբ բռնացավ պիղծ հերձվածը, բարեպաշտ Թեոդոս թագավորը Աստծու մեծ քահանայապետներ Բարսեղին ու Գրիգորիոսին բողոք գրեց` գալու և մարտնչելու սուրբ եկեղեցու դեմ պատերազմողների հետ։ Եվ սուրբ Բարսեղը որոշ ժամանակով հետաձգելով իր գնալը` շտապեցնում էր իմաստուն Գրիգորիոսին. նա բավական էր հերձվածողների մարտը հաղթահարելու։

Իսկ նա եկավ Կոստանդնուպոլիս, տեսավ որ հույժ թափուր են մնացել ուղղափառների եկեղեցիները բոլոր ուղղադավան հոտապետներից, միայն իբրև նվազած առագաստ փայլում էր լեռան վրա։ Լոկ Անաստասի տաճարը, որ այժմ կոչվում է սուրբ Հարություն, որ թերևս արհամարհված էր փոքր լինելու պատճառով։ Սուրբ Գրիգորն այնտեղ իջևանեց և պատերազմելով քարկոծեց աստվածային վարդապետությամբ հերձվածողների գնդերը, ինչպես Դավիթը այլազգիներին, վանեց ու ցրեց նրանց, քանդելով նրանց ամրոցները։ Եվ նրանցից բռնվածներին գերեց, որ ճշմարտությունից հեռացած էին, ասես հենց այդտեղ կատարելով սուրբ Գրքի խոսքը. «Դավթի տունը գնալով մեծանում էր, և Սավուղի տունը նվազում էր» (Բ. Թագ. Գ. 1)։ Պետք էր տեսնել սրբի գալստյամբ բազմազան բարեկարգություններ, ոմանց բարեպաշտության ուռկանով որսում էր, մտածելով նաև մյուսների մասին։

Երբ սուրբն այսպես արեց արիոսականներից ոմանք լցվեցին բարկությամբ, ուրիշները չար նախանձով բռնվեցին սատանայի գործակցությամբ, պատերազմում էին նրա դեմ և հերքվում ճշմարտության կողմից։ Նրանք գլխակորույս փախան։ Երևաց մի այլ հայհոյիչ` Ապողինարես անունով, ասորի։ Սա ապականամիտ վարքով ուրիշ առանձնակի չարափառություններ էր ուսուցանում, որովհետև ասում էր, թե Տիրոջ փրկական մարդեղությունը կիսակատար է և չէր փառավորում բովանդակ փրկագործության խորհուրդը, այլ ասում էր` «Բանը մարմին է առել առանց մտավոր և բանավոր Հոգու, դրա փոխարեն Բանն Աստված բովանդակել է սոսկ մարմնի մեջ»։ Սա հելլենական ուսում էր ստացել և այդպես պարզամիտներից շատերին ավազակաբար կորստյան վիհ էր առաջնորդում։

Իսկ քաջ հովիվ Գրիգորիոսը, երբ տեսավ Քրիստոսի սուրբ ոչխարների հոտի անխնա հոշոտվելը ապականիչ գայլից, արիաբար պատերազմում էր նաև այդ մասնատող գազանի դեմ։ Այնժամ ապողինարականները արիոսականների և հոգեմարտների հետ միաբանեցին իբրև չարադև այրեր հակադրվելով Գրիգորին։ Որովհետև տեսնում էին, որ իրենք պարտված են նրա ճշմարիտ վարդապետության խոսքով, և հարմար ժամանակ գտնելով իրենց չարությանը` հարձակվեցին քարերով ու բրերով Աստծու այրի վրա, ինչպես երբեմն հրեաները Ստեփանոսին։ Բայց Աստծու օգնականությամբ հովանավորված անվնաս էր դարձնում ցասումը, և ինչպես այն ժամանակ Աստված Բանը դատապարտեց հրեաներին, երբ բարձրացրին լեռան կատարը` այնտեղից գահավեժ անելու համար, այսպես և երանելիի պարագային սքանչելագործեց։ Իսկ Գրիգորիոսը բնավ չզայրացավ չարից դրդվածների դեմ, այլ նմանվելով իր Տիրոջը` հեզ և խոնարհ, ոչինչ չպատասխանեց, լոկ հանդարտությամբ սաղմոսում էր ասելով. «Թեպետ ես գնացի մահվան ստվերների մեջ, չարերից չվախեցա, որովհետև, Տեր, դու ինձ հետ ես» (Սաղմ. ԻԲ. 4)։ Թեպետ նա չէր չարչարվում միայն հոժարությունից առանց տանջանքի և առանց չարչարանքի պսակավոր հանդիսացավ։ Որովհետև ինչպես երանելի վկաները կռապաշտների հետ, նույնպեսև նա ճշմարտությունն ուրացողների դեմ էր պատերազմում, նմանվելով սուրբ հայրերին` երանելի Պետրոս Ալեքսանդրիայի հայրապետին և Աթանասին եմ ասում։

Արդ սրանք այսպես եղան. [նա] ստիպվեց բարեպաշտ ինքնակալից և ուղղափառ կողմերից` հաստատվելու Կոստանդնուպոլսի հայրապետական աթոռին։ Եվ դա միանգամայն իրավացի էր, քանի որ ուր վաստակ և աշխատության քրտինք կա, այնտեղ` և առաքելական աթոռի ժառանգության վարձ։ Իսկ երբ չարը տեսավ իր պարտվելը և ճշմարտության թագավորելը` տե՛ս, թե հետո ինչ գործեց։ Ի հայտ բերեց Մաքսիմինոս անունով մեկին` հակառակ Գրիգորի։ Նա եգիպտացի էր և բարքով, կերպարանքով բարբարոս, գործերով ևս առավել, որովհետև շան նման որովայնամոլություն և ագահություն ուներ, իսկ տմարդությամբ և անողորմությամբ հույժ առավել էր Նաբաղի նման, հմուտ և տեղյակ էր հելլենների իմաստության։ Սա առաջինը եկավ մեր սուրբ հայրապետ Գրիգորիոսի մոտ, աշակերտեց նրան և անչափ կեղծավորությամբ մերձավոր եղավ սրբին, մինչև իսկ` սպասավոր և սեղանակից։ Սրանից հետո` և՛ սեղանի սպասավոր և՛ սարկավագ, ապա նաև քահանա ձեռնադրվեց, այդպիսով միացավ եկեղեցու ժառանգավորների դասին։ Ու թեև այսպես բազում պատվի արժանացավ սուրբ հայրապետից, սակայն նմանվելով Հուդային, չարություն էր կուտակում իր սրտի մեջ դավաճանելու իր վարդապետին և սատանայական փառասիրությամբ ցնորված` կամենում էր հափշտակել թագավորական քաղաքի հայրապետության աթոռը։ Գտնելով իր դավաճանությանը հարմար ժամանակ, որ բարեպաշտ Թեոդոս թագավորը արևմուտք էր գնացել բարբարոսների դեմ պատերազմելու, Մաքսիմինոսը իրեն մի համախոհ գտավ մի քահանա Նյուսիա քաղաքից, որ Կոստանդնուպոլսի մի վաճառականից գործ էր ստանձնել։ Սրանք բազում ոսկի վերցնելով մատուցեցին ծերակուտականներին, որպեսզի Մաքսիմինոսին տան հայրապետական աթոռը, և նրանցից արտոնություն ստանալով ավելի շատ գանձ` ոսկի ու արծաթ ուղարկեն Աղեքսանդրիա` Պետրոս եպիսկոպոսին, որ երանելի Աթանասից հետո նստում էր սուրբ ավետարանիչ Մարկոսի աթոռին։ Իմաստուն Գրիգորիոսն ինքը նրա ձեռքով էր հաստատվել Կոստանդնուպոլսի աթոռին։ Երբ [Պետրոսն] ստացավ ոսկին, չհետաքրքրվեց Մաքսիմինոսի վարքով, այլ իսկույն մի եպիսկոպոսի ուղարկեց` ձեռնադրելու նրան։

Իսկ երբ ուղարկվածները եկան և առավոտյան ժամին մտան եկեղեցի, առանց հայրապետին և մյուս ժառանգավորներին, բարեխոհ ժողովրդին տեղյակ պահելու, անմիջապես հոգ էին տանում սկսելու ձեռնադրությունը։ Իսկ երբ իմացան կղերականներն ու ժողովուրդը` զայրացան, հասան և խափանեցին նրանց ծրագրած անկարգությունը, որ հազիվ մազապուրծ լինելով փախչում էին խռովյալ ամբոխից։ Եվ քանի որ նրանք արբած էին ագահությամբ ու փառամոլությամբ չհրաժարվեցին նանիր ծրագրից, այլ իրենց գործակից դարձնելով եկեղեցուց հեռացածներին, գնացին Մաքսիմինոսին ձեռնադրեցին ոմն ռամիկի տանը։ Քաղաքի բազմությունն այս լսելով բարկությամբ բորբոքված հարձակվեց նրանց վրա, բայց սուրբ Գրիգորը իջեցրեց նրանց զայրույթը։ Ու թեև այսպես ետ կանգնեցին հանդուգն հարձակումից, բայց բազում պարսավանք էին թափում Մաքսիմինոսի վրա, նաև խիստ մեղադրում էին սուրբ Գրիգորին, որ նրան այնքան պատվականների մեջ ունենալով` այսպիսի հանդգնության համարձակություն էր տվել։ Իսկ երանելին հեզությամբ ու հանդարտությամբ հանգստացնում էր ամբոխին. «Մի՛ բարկանաք, որդյակնե՛ր, ո՛վ գիտե մարդու մտքերը, բացի Նրանից, որ ստեղծեց նրան, որև ուշադրության է առնում ամեն լինելիք` որպես եղած, որովհետև մարդ առաջ է նայում ըստ աստվածային Գրքի խոսքերի, այլև աշակերտելով մեր ճշմարիտ վարդապետին` Աստծու Միածին Որդուն, և բոլորին կոչ է անում ընդունել Նրա քաղցր լուծը և թեթև բեռը, որև ասաց. «Ով կա ինձ մոտ` չեմ արտաքսի» (Հովհ. Զ. 37)։ Նաև մեծ [բան] էր Մաքսիմինոսին. մկրտեցի նրան պաշտելու Երրորդություն Ապողոնի փոխարեն, որովհետև պակաս բան չգտա մեր համեմատությամբ սիրով առ Երրորդություն։ Այդպես և մեր Տեր Հիսուս Քրիստոս ցույց տվեց մատնիչների մեջ և մեզ սովորեցրեց։ Ուստի և մենք պարտավոր ենք կատարել այսպես ստանձնածը, թեպետ նա հետագային բացահայտեց իր ծածուկ կեղծավորությունը։ Այսպիսով խաղաղեցնում էր ժողովրդին։

Իսկ Մաքսիմոսը աննահանջ նույն համառ մտքին էր մնում. իր հետ վերցնելով իրեն ձեռնադրող եգիպտացի եպիսկոպոսներին` ընդառաջ գնաց բարեպաշտ ինքնակալ Թեոդոսին Թեսաղոնիկեում, խնդրելով Կոստանդնուպոլսի հայրապետական աթոռը։ Որովհետև չկարողացավ եկեղեցականների միջոցով` մտածեց թագավորական իշխանության օգնությամբ հափշտակել աթոռը։ Իսկ բարեպաշտ Թեոդոսը բարկացած հրամայեց հեռացնել նրան իր մոտից, նաև հալածել թագավորական քաղաքից` մեծամեծ սպառնալիքներով։ Բայց նա, թեև այդպես ամոթալից էր ամեն ինչում, սակայն փառամոլությամբ անզգայացած` շարունակում էր լրբանալ և գնաց Աղեքսանդրիա, բազում ոսկի տվեց քաղաքի եպարքոսին, որպեսզի այնտեղ հափշտակե Պողոսի աթոռը։ Երբ քաղաքի բազմությունն այդ լսեց` մեծ բարկությամբ հուզվեց։ Եվ եթե քաղաքի նույն եպարքոսը չխաղաղեցներ աղմուկը` բազում սպանություններ կլինեին։ Այնժամ [եպարքոսը] նրան հալածեց Աղեքսանդրիայից. նա հետագայում չարաչար հարվածներով ստացավ իր հանդգնությանն արժանի հատուցում։

Այս այսպես եղավ. մեծն Գրիգորիոսը, երբ Կոստանդնուպոլսում ջնջեց ապականիչ հերձվածը և հաստատեց առաքինության արմատները, կամեցավ այնտեղից դառնալ իր քաղաքը. հավաքեց ամբողջ բազմությունը, նրանց խրատեց` պահել ճշմարիտ ավանդությունը, որ ստացան նրանից, և սովորեցրեց նախանձախնդրությամբ պահել առաքինությունը։ Լսելով նրա հրաժեշտի խոսքը` ժողովուրդը և ժառանգավորները արտասվում էին, և բոլոր ծերերն ու երիտասարդները, հայրերն ու կանայք, իշխաններն ու ռամիկները, իմաստուններն ու տգետները աղաղակ բարձրացրին, միաձայն ողբով լալիս էին իրենց որբանալը քաջ հովվից։ Այնժամ ժողովրդից մեկը իմաստուն խոսք ասաց նրան բարձր ձայնով. «Ո՜վ հայր սուրբ, գնում ես մեզանից, և կարծում եմ, թե սուրբ Երրորդության դավանությունը, որ բազում չարչարանքով հաստատեցիր` կվերանա քո հոտից։ Որովհետև այժմ, առանց հովվի մնալով, հոտը կարո՞ղ է դիմակայել բազում գայլերին, որոնք նոր խոսքերով իբրև հոշոտող ժանիքով տարտղնում են եկեղեցու սուրբ ուղղափառ գավիթից»։ Այս լսելով սուրբը համաձայնեց լինել այնտեղ` եկեղեցում, մինչև ժողովրդի հավաքվելը, որ հրամայեց բարեպաշտ Թեոդոսը, որպեսզի նրա փոխարեն մեկ ուրիշին ձեռնադրեն նրանց հոգիների վերատեսուչ։ Այսպես համոզվելով` մարդիկ գնացին իրենց տները։

Իսկ երանելին այնուհետև ավելի ընդարձակ վարդապետությամբ լուսավորեց բոլորին ու իբրև իմաստուն երկրագործ բոլոր վնասակար բաները հեռացրեց Քրիստոսի եկեղեցուց, որպեսզի առաքելական վարդապետության ճշմարիտ սերմը ամենայն վնասակարից ազատելով պտղաբեր դարձնի։ «Որովհետև,- ասում է,- այն, որ առաքյալները բազում աշխատությամբ սերմանեցին, ձգտելով, որ նույն աստվածային շտեմարանում հավաքվենք. քանի որ վայելումը բոլորին է, չէ՞ որ, ասում է,- թե՛ սերմանողները, թե՛ հնձողները` բոլորը կցնծան»։ Նաև ոչ թե միայն խոսքով էր ուսուցանում, այլ ավելի շատ գործով էր օրինակ տալիս, ըստ առաքելական խրատին` ասված Տիմոթեոսին. «Օրինակ եղիր հավատացյալների,- ասում է,- խոսքով, ընթացքով, հավատով, սիրով, մինչև ես գամ» (Ա. Տիմո. Դ. 12)։ Որովհետև աշակերտները սրանցով ավելի են հետևում ուսուցիչներին, քան միայն ճարտար խոսքով։ Այս պատճառով նաև երանելի Գրիգորիոսը ժուժկալությանն առնչվող բոլոր դժվարություններին նախ ինքն էր դիմանում, ապա ուրիշներին էր ուսուցանում։ Իսկ ողջախոհությունը, հեզությունը և քաղցրությունը առավել ևս կրում էր իր մեջ։ Իսկ իմաստության խոսքերը ոչ թե հավասարապես բաժանում էր բոլորին, այլ իմաստուն բժիշկների նման`դեղը տալիս էր ըստ յուրաքանչյուր ցավի։ Որովհետև անկատար ներին կատարյալ խորհուրդները չէր կարող հայտնել, իսկ կատարյալից չէր թաքցնում, ավելացնելով նրանց օգուտը։ Նույնպես և հանդիմանելիս` ոմանց առանձին, եթե հանցանքը հայտնի չէր, իսկ հայտնիները` հրապարակավ, որպեսզի մյուսները ևս զգուշանան, ոմանց` քչով, ինչպես և Տերը հրամայեց, նաև նրա երանելի առաքյալները. ոմանց տանջանքների սպառնալիքն էր հիշեցնում, ուրիշներին հորդորում էր անճառ խոստումով. ո՛չ փաղաքշելիս գովքը հասցնում էր մեղկության, ո՛չ հակառակողներին նախատելիս էր թուլանում։ Նրա խոսքերը շատ քաղցր և խոնարհ էին, ինչպես մեղր, որպեսզի բոլորին ախորժ լիներ և ձգեր դեպի իրեն` երբ խոսում էր առաքինության մասին։ Ավանդությունների խնդրում ավելի բարձր էին նրա խոսքերը. երբ սուրբ Երրորդության վերաբերյալ աստվածաբանություն էր բացատրում, բերելով նույն օրինակը, ում անունն ստացավ, ասում եմ մեծ և զարմանքի արժանի Որոտման որդուն` աստվածաբան Հովհաննես ավետարանչին. ուներ սրա և՛ իմաստության ոգին, և՛ գիտությունը, ինչպես որ ակնհայտ ցույց են տալիս նրա վարդապետական ճառերը։ Նաև մարգարեությունից պակաս չէր, ինչպես ինքն իսկ ասում է իր ճառերից մեկում` եպիսկոպոսների գալստյան առթիվ։

Եվ ոչ ուշ, այլ շատ շուտ, բարեպաշտ Թեոդոսի ժամանակ, երանելիի մարգարեությունը կատարվեց. արեգակի ճառագայթների նման ուղղափառ վարդապետությունը ծագեց ու տարածվեց ամբողջ տիեզերքում. Քրիստոսի եկեղեցիները աճելով բազմացան երկնքի աստղերի նման։ Եվ ինչ ասել կուզե, բազում տոնախմբություններով, ճառերով զարդարեց ուղղափառների եկեղեցիները, կամ նրա իմաստները ավելի բարձր են, քան շատերինը։ Իսկ նրա հեզության ու քաղցրության որքանությունը արդյունքն է վկայում, որ այն ժամանակ ստացվեց, և որ բարի է ստանալ բոլորի համար, առավել ևս վարդապետներին։ Այդպես և մեր բոլորի ուսուցիչ Հիսուս Քրիստոս ցույց տվեց և սովորեցրեց։ Ուղղափառների ժամանակ, երբ հերձվածողների վրա իշխեցին, երանելին միշտ իջեցնում էր նրանց զայրույթը, որ անհավատների չարին չարով չհատուցեն։ Եվ այսպես էր ասում. «Որդյակներ, մի՞թե մեզնից այս չի պահանջում Քրիստոս, մի՞թե այսպես չի ուսուցանում մեզ Ավետարանը. մեղավորներին դարձնել ապաշխարության, իսկ մոլորյալներին` ճշմարտության գիտության, որպեսզի այժմ ճանաչելով իրենց մեղքը` խոստովանությամբ ընկնեն Տիրոջ առջև և խառնվեն սուրբ հոտին, նախքան կգա վրեժխնդրության օրը մեղավորներից, ովքեր չապաշխարեցին։ Սրա համար մեծ իմաստությամբ ներողամիտ եղեք նրանց հանդեպ, ո՛վ կատարյալ այրեր, որովհետև ոչ միայն պետք է ներել նրանց, այլև սիրել ու բարիք գործել, և աղաչել Աստծուն։ Այս բաները ևս պատվիրեց մեզ Քրիստոս։ Իսկ եթե այս ամենից հետո չզղջան, նրանց թողեք այլ օրվա դատաստանի և դատավորի, քանի որ Նա ասաց. «Վրեժխնդրությունն իմն է, և ես կհատուցեմ» (Եբր. Ժ. 30)։ Այսպիսի հեզության ու հանդարտության խոսքերով խրատում էր իր ժողովրդին։

Իսկ բարեպաշտ Թեոդոս թագավորը, երբ վտարեց արևմուտքի բարբարոսներին և մեծ հաղթությամբ վերադարձավ, բազում ավար ու գերիներ բերեց` նրանց ամբարշտությանն արժանի, և Աստծու սուրբ քահանայապետին ընդունեց մեծ պատվով։ Եվ նրա վաստակին արժանի` առավել լայն գովքի ու շնորհակալության խոսք մատուցեց նրան և իր գովեստների վերջում այսպես ասաց. «Ո՛վ հայր սուրբ, կարծում եմ, Աստծու կանխատեսությամբ վստահվում է քո աշխատասեր իմաստությանը` Նրա եկեղեցին. թույլ տվեց պատերազմողներին որոշ ժամանակ նեղել քեզ, որպեսզի Իր հաղթող զորությամբ թշնամու կարծեցյալ զորությունը պարտության մատնի քեզնով և Իր եկեղեցին պսակի մեծամեծ հաղթությամբ։ Եվ քանի որ քոնն են վաստակն ու քրտինքը, քոնը կլինի և պսակը։ Ահավասիկ ես տալիս եմ այս տաճարն ու հայրապետությունը, մանավանդ որ Աստված ինքը քեզ է հանձնել այն»։ Իսկ երևելին լցվեց Սուրբ Հոգու շնորհներով, ողջունեց թագավորին և աղոթքով հաստատեց նրա ամենապարգև թագավորությունն ու մեկնեց նրա մոտից։

Արդ մինչև այստեղ արիոսականների ձեռքին էր Աստծու տունը, և երբ թագավորից լսեցին այդ մասին` կռվում էին սրբի դեմ։ Քանի որ թագավորի ահից չէին համարձակվում, բայց թաքուն մարտնչում էին, երբեմն նույնիսկ գալով նրա մոտ պաղատում էին, որ խնդրի թագավորին իրենց վերադարձնելու սուրբ տաճարը։ Այսպես գաղտնի և բացահայտ զինվում էին նրա դեմ։ Ու մի օր որոշեցին դավադրաբար սրով սպանել նրան գիշերը, և քանի որ չկարողացան այդ անել տաճարի շուրջը եղած բազմության պատճառով, երկու կողմը սուսերամերկ հարձակվեցին միմյանց վրա` ինչպես բարբարոսների պատերազմում։ Նաև քաղաքամեջի փողոցներում, ուր հանդիպեին` բախվում էին միմյանց. այնուհետև երկու կողմերի կանանց և երեխաների բազմությունից շատ հառաչանքներ էին լսվում։ Ու մի օր պատահեց, երբ թագավորը մտնում էր եկեղեցի, հայրապետի հետ, առավոտյան ժամին, մթագին ու մռայլ մառախուղ եղավ, շրջապատեց արեգակը, որին սովոր չէին արարածները. այս տեսնելով արիոսականները ուրախացան, կարծելով թե իրենց Աստծու տաճարից վտարելու դիմաց` Աստված վրեժխնդիր էր լինում նրանցից։ Դրանից ուղղափառների կողմի պարզամիտներից շատերը տարակուսեցին գայթակղվելով։

Իսկ երբ մտան սուրբ տաճարը հայրապետն ու թագավորը ժողովրդով հանդերձ, միաբան ձեռքերը վերև բարձրացրին մեծամեծներն ու տնանկները, այր ու կին, ծեր ու մանուկ, արտասվելով պաղատանք էին մատուցում Ամենատիրոջը։ Եվ հանկարծ, դեռ չէր ավարտվել նրանց օրհնությունը, ամպն ու մառախուղը հեռացան, ծագեց արեգակի լույսը` սովորականից ավելի պայծառ, և Աստծու տաճարը լուսավորվեց հրաշալի լույսով, իսկ մարդկանց մտքերը առավել հաստատվեցին ի սեր սուրբ հայրապետի։ Եվ սկսեցին միաձայն ու միակամ աղաչել թագավորին, որպեսզի [Գրիգորին] տիրապես հաստատի հայրապետական աթոռին։ Իսկ երանելին, քանի որ չէր ախորժում այդպիսի պատվավոր բան ընդունել, նեղվում էր ժողովրդի աղմուկից, ճշմարտախոս մեկի միջոցով ժողովրդին հրամայեց լռել, քանի որ ինքը չէր ուզում խոսել ժողովրդի հետ` ժուժկալությունից ձայնի խիստ նվազած լինելու պատճառով։ «Ո՛վ իմ որդյակներ, լռեցեք, քանի որ, թեպետ մենք չենք ուզում, բայց անհրաժեշտ է Սուրբ Հոգու խնամակալությունը»,-այս խոսքից հետո ժողովուրդը լռեց։ Իսկ թագավորը շատ զարմացավ իմաստուն այրի առավել խոնարհությունից։ Այսպես ժողովուրդը մեծ ուրախությամբ ցրվեց, յուրաքանչյուրը գնաց իր տունը, և հակամարտությունը դադարեց, և եկեղեցու հողմակոծված նավը հասավ նավահանգիստ, իսկ մերկացած սուրը դրվեց պատյան։ Այս ամենը եղավ և կատարվեց աստվածասեր թագավորի և սուրբ հայրապետի միջոցով։

Իսկ երանելի Գրիգորիոսը, թեպետ չէր ցանկանում, որովհետև շատ էր սիրել միանձնության ազատությունը, բայց թագավորի և ժողովրդի բազմության ստիպումով հաստատվեց հայրապետական աթոռին։ Թագավորը` իբրև արդար և սուրբ հոր ու հայրապետի և Աստծու քահանայապետի արժանի պատիվ հատկացրեց նրան. քանի որ, թեպետ բարեպաշտ Թեոդոսը արտաքին իմաստության անտեղյակ էր, բայց ուղիղ դավանությամբ և եկեղեցիների նկատմամբ խաղաղ մտքով հույժ առավել էր բոլոր թագավորներից, ու աղոթքներով` ևս առավել, քանի որ դրանով ավելի էր զբաղվում, քան թագավորական հոգսերով։

Երանելի Գրիգորիոսը թեպետ թագավորին տեսնում էր այսպես բարեպաշտությամբ զարդարված, բայց և, տեսնելով նրանց, ովքեր շրջապատում էին թագավորին կաշառքով, արծաթսիրությամբ ու պերճանքով, որ մանավանդ ատելի էր իր համար, և այն պատճառով, որ հաճախ չէր մտնում այնտեղ, այլ աղոթքով, տքնությամբ ու վարդապետությամբ այցելում էր հիվանդներին և ավելի ձգտում էր բժշկության, այդ պատճառով չէր շտապում մտնել թագավորի մոտ և երբեմն հեռանում էր ագարակներ` տրվելով լռության։ Նրան հույժ փափագելի էր մենաստանը։ Այսպես աշխատասեր լինելով ամեն ինչում երանելին հապաղկոտ էր թագավորի և իշխանների ապարանք մտնելիս։ Նաև վայելչապես մտքում ուներ առակախոսի ասածը. «Հաճախակի մի՛ այցելիր քո բարեկամին, որ չատի քեզ» (Առակ. ԻԵ. 17)։ Եվ այսպես քաջ հովիվը նմանվեց իր Տիրոջը. հեռու մնալ ամեն երկրայինից, որովհետև եկեղեցու եկամուտի առատությունից, զանազան զարդերից, տեսակ-տեսակ թանկագին անոթներից ու անբավ գանձերից չստացավ իր անձի համար և ոչ մի դանգ, այլ ամբողջը աղքատներին, որբերին ու այրիներին բաժանել հրամայեց։ Նաև եկեղեցու ագարակների ծախսերը ճշտությամբ չէր պահանջում մատակարարներից և հաշիվ չէր պահանջում հաշվեմատյաններից, ասելով, թե այդպես անելը վաճառականների գործն է, և ոչ եկեղեցականների ու իշխանների, կամ եպիսկոպոսների։ «Մեզ,- ասում է,- անհրաժեշտ է նախ մաքրել բոլոր մարդկանց խղճմտանքը, ապա միայն խրատել բոլորին և սովորեցնել ոգու առաքինություն»։ Այն ժամանակ նա մահացու հիվանդացավ և երանելին սենյակում անկողին ընկավ, և ժողովրդի բազմությունը եկավ սենյակի դուռն ու տանիքը` տեսնելու նրան, իսկ նա իջեցրեց ոտքը հատակին և հարցրեց [նրանց] գալստյան պատճառը։ Նրանք խնդրում էին աղոթել թագավորի և իրենց համար նաև` բոլոր ուղղափառ եկեղեցիների։ Իսկ նա աղոթեց, ուրախացած գնացին սուրբ հայրապետի մոտից, բայց մի մանուկ մնաց այնտեղ և բռնելով սրբի ոտքերը լալիս ու կոծում էր ինքնիրեն եղուկ ասելով, պաղատում թողնել իր հանցանքները։ Գրիգորիոսը հարցրեց պաղատանքի պատճառը, իսկ նա չէր պատասխանում, այլ միայն գլխիկոր ողբում էր ու քավություն խնդրում։ Մեկը նրանցից, որ մոտն էին ասաց նրան. «Ո՛վ հայր սուրբ, այդ պատանին քո սպանիչն է, որ ոմանց սադրանքով ուզում էր սրախողխող անել քեզ, բայց Քրիստոսի պահպանիչ աջը, որ քեզ մոտ էր, թույլ չտվեց նրանց հղացումը կատարվի։ Սա իբր իր կողմից կատարվեց հանդգնությունը, այդ պատճառով ողբը բերանն առած լալիս ու կոծում է»։

Այն ժամանակ երանելին արտասվելով խանդաղատեց նրան ասելով. «Մի՛ վախեցիր, որդյա՛կ, կհաշտվի բարերար, մարդասեր և անոխակալ Քրիստոս քեզ հետ, միայն խոստովանիր քո մեղքերը և նզովիր պիղծ հերձվածը, Աստծու առջև ընդունիր ուղղափառ դավանությունը»։ Այսպես մխիթարեց նրան վարդապետական շնորհքով, հաստատեց ճշմարիտ հավատքի մեջ և ուղարկեց խաղաղությամբ։ Ամբողջ քաղաքը, երբ տեսավ ու լսեց սրբի այսպիսի անոխակալությունն ու բարեգթությունը` առավել ևս հաստատվեց նրա սիրո մեջ։

Այդ ժամանակ եկան Կոստանդնուպոլսում հավաքվեցին հարյուր հիսուն եպիսկոպոս` բոլոր կողմերից, որ հռոմեացոց իշխանության տակ էին, բացի եգիպտացիներից։ Սա եղավ ինքնակալի հրամանով, որպեսզի ժողովի միջոցով Գրիգորիոսին հաստատեն հայրապետական աթոռին, և որպեսզի ժամանակին ծագած Մակեդոնի հերձվածը հեռացնեն Քրիստոսի եկեղեցուց։ Ու քանի որ ընդդիմամարտ Մակեդոնի, Եվ նոմիանոսի և Արիոսի հերձվածները և բազում ուրիշներ երանելի Գրիգորիոսն իբրև քաջ հովիվ ժողովի գալուց առաջ հալածում էր Քրիստոսի հոտից, իսկ ժողովի գալուց հետո նրանց պատերազմակից լինելով հերձվածների մնացածներին վտարեցին նզովելով նրանց աղանդները։ Այնժամ սուրբ ժողովը Գրիգորիոսին հաստատեց հայրապետական աթոռին` ինչպես նախապես կար, թագավորի և ժողովրդի կամքով։ Այս կատարեցին Անտիոքի սուրբ Մելիտոս եպիսկոպոսի առաջնորդությամբ։ Վերջինս սուրբ մարդ էր, կատարյալ առաքինությամբ, Վաղես կայսեր ժամանակ բազում չարչարանք էր կրել արիոսականներից, բազում ժամանակ բանտարկված էր ուղղափառության պատճառով։ Սրա համաձայնությամբ Գրիգորիոսը հաստատվեց թագավորական քաղաքի հայրապետության աթոռին։ Նա, թեպետ սկզբում դժվարանում էր, սակայն [բազմության] փափագով և Սուրբ Հոգուց ընկալած իր առատապարգև վարդապետական շնորհներով կարող էր կերակրել այնքան բազմությունը, հանձն առավ վերատեսչությունը։ Նաև կասկածում էր. գուցե հակառակորդներից մեկը ստանձնելով մայրաքաղաքի աթոռը` իշխանությամբ շատերին հեռացնի ճշմարտությունից։ Այս ամենի համար հրաժարվեց միանձնության անզբաղ կյանքից և համաձայնեց ժողովին ու երանելի Մելիտոսին, հաստատվեց հայրապետական աթոռին։ Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում հասավ սուրբ Մելիտոսի վախճանը, և քաղաքի բազմությունը սգաց նրա համար։ Սուրբ Գրիգորիոսը բարեվայելուչ զարդարեց նրա մահվան օրը` գերեզմանական ճառով։

Քիչ ժամանակ անց Կոստանդնուպոլիս եկան նաև Եգիպտոսից կանչվածները, քանի դեռ այնտեղ էին նախահիշյալ հարյուր հիսուն եպիսկոպոսները։ Եվ դժգոհում էին ժողովից, իբր թե առանց իրենց համաձայնության հաստատեցին Գրիգորիոսին հայրապետական աթոռին։ Ոչ թե այդ անում էին նրան ատելով, այլ վրեժխնդիր էին լինում, որ առանց իրենց կամքին են կատարել։ Այնժամ ժողովականներից ոմանք ևս համախոհ եղան նրանց և սկսեցին բանավիճել. կեսն ասում էր, որ հարմար է Գրիգորիոսը, որին և նախապես վիճակվել է, ուրիշները հակառակվում էին։ Իսկ նա ասաց նրանց. «Ես, ո՛վ հովիվներ և սուրբ հայրապետներ, ինձ համար քահանայապետության իշխանությունը այլ բան չեմ համարում, քան միայն չարչարանք ու տքնություն, և ժամանակը վկա է, թե ձեր գալուց առաջ ինչքան ջանք պահանջվեց ինձնից։ Վկայում է եկեղեցին ուղղափառների, թե որքան նվազությունից այդքան մեծ առավելություն հասավ։ Բայց և հույս ունեմ, որ այդ ամենը կուտակվելով պահվում է ինձ հատուցման օրվա համար։ Այլև ես ոչ թե փառքի, կամ բարձրագահ աթոռի, կամ թագավորական այս քաղաքով երևելի լինելու ցանկացող եմ, այլ այս հոտի սիրույն և թագավորական հրամանին և նախապես ձեր ստիպմանը անսալով ստանձնեցի այս աթոռը։

Բայց այժմ ինձ ճիշտ չի թվում ձեր այսպես գործելը, որովհետև բոլորդ համաձայն չեք դրան, որ ձեր կամքով անում եք։ Բայց ես այսուհետև, առանց տրտմության, կամովին հեռանում եմ այս աթոռից, և դուք արեք ինչ որ մտածում եք։ Որովհետև ինձ համար շատ սիրելի է այն անապատը, որ նախապես ստացա, ինչպես ինձ է թվում` մեզ Աստծուց դա չի օտարացնում, այլ մանավանդ որ մերձավորներն են անում աշխարհի ալիքների նավակոծությունից փախչողներին և խաղաղ նավահանգստի ապավինողներին»։

Այս ասելով նա ելավ եպիսկոպոսարանից և հանգրվանեց եկեղեցուց հեռու մի տեղ։ Այնժամ ժողովրդից շատերը գնացին նրա մոտ արտասվալից ընկան ոտքերը, պաղատում էին ասելով. «Ո՛վ հայր սուրբ, ողորմի՛ր քո հոտը, որ բազում քրտինքով ու աշխատությամբ ստացար, մի՛ լքիր քո ձեռքով տնկածը, որ քեզնից բխած` Սուրբ Հոգու կենարար ջրով, հավատքով սնել ու աճեցրել ես։ Քո շնորհների առավելությունը տո՛ւր քեզ սիրողներին, քո մնացած կյանքը տո՛ւր քո ժողովրդին, այն զավակներին, որոնց վրա բազում ժամանակ քո կյանքի ավյունը մաշեցիր, որպեսզի քո կենդանությանը քո հորդառատ վարդապետությունից լուսավորվածներս քո վախճանին ստանանք վարդապետության շնորհները քո նշխարներից»։

Այս լսելով երանելին արտասվեց և իբրև գթած հայր խանդաղատում էր ու սփոփում նրանց, համոզելով դադարեցնել ողբերը։ Եվ իր սրտի աչքերը բարձրացնելով առ Աստված` աղոթք էր մատուցում, որպեսզի տնօրինի նրան օգտակարը...

« Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կյանքի պատմությունը   |   Սուրբ Գրիգոր Սքանչելագործի վարքը »
© Gratun.org