Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Բ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Դիոմիդես բժշկապետի վկայաբանությունը

Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի ժամանակ Աստծու եկեղեցու մեծ հալածանք եղավ, քանի որ Հռոմայեցոց ենթակա աշխարհով մեկ տարածվեց հրաման` երկրպագել կուռքերի` ոսկուց, արծաթից և պղնձից կերպարանած անշունչ արձաններին։ Այնուհետև հավատացյալների ժողովներին ամենուրեք նրանց տերության մեջ բազում դեպքեր տեղի ունեցան։ Որովհետև ամենուր, որտեղ բռնեին քրիստոնյաներին` թագավորի նշանակած դատավորներն ստիպում էին զոհ մատուցել գարշելի դևերին ու նրանց ձուլածո պատկերներին։ Շատերին չարչարում էին մեծամեծ տանջանքներով, ոմանց սպանում էին, մի մասի ինչքը հափշտակում։ Այսպես դառն նեղության մեջ էին բարեպաշտները այդ օրերին։ Այդ ժամանակ մի այր երևաց Կիլիկիայի Տարսոնում, կրոնով քրիստոնյա, տոհմով ազնվական, շատ հարուստ, բարեպաշտ և Աստծու երկյուղած` զարդարված ամեն առաքինությամբ։ Նրա անունը Դիոմիդես էր։ Սա պատվական էր երևում բոլորի աչքին, քանի որ երիտասարդ էր տարիքով, գեղեցիկ կերպարանքով, այնքան որ գրեթե բոլոր տեսնողներին զարմացնում էր նրա պատկերի գեղեցկությունը։ Տեղյակ և հմուտ էր բժշկական արվեստին` մանկությունից ի վեր, ավելի քան բոլոր հելլենացի իմաստասերների մանուկները։ Այնպես որ բժշկական բոլոր արվեստները, որ նրանք պատմում էին` գիտեր լիակատար` Ասկղեպիոսինն ու Հիպոկրատինը, Դիմոկրատեսինն ու մեծ Գաղիանոսինը։

Սա շրջում էր ամենուրեք և ձրի բժշկում բոլորին առհասարակ։ Բայց նա բժշկությունը կատարում էր ոչ այնքան մարդկային գիտությամբ, որքան իր մեծ հավատքով, յուրաքանչյուրի վրա կարդալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Որովհետև ստուգապես աշակերտել էր ճշմարիտ բժիշկ Քրիստոսին և այնպես ոչ միայն մարմիններն էր բուժում, այլև հոգիները` բոլորին ուսուցանելով հաստատուն և անշարժ մնալ ճշմարիտ Աստծու հավատքին և ոչինչ համարելով անմռունչ կուռքերը, չվախենալ առժամանակյա մահից, արհամարհել անցավոր փառքը և սպասել միայն հավիտենականին, հայտնապես խոստովանել բոլորի առջև Քրիստոսին։ Այսպիսի քաջալերությամբ և վարդապետական մխիթարությամբ այս Դիոմիդեսը լցրեց ամբողջ Կիլիկիա աշխարհը։ Ապա մտադրվեց գնալ հասնել Բութանիա աշխարհը, որպեսզի և այնտեղ կալանավոր եղբայրներին բժշկական ծառայություն մատուցի ու քաջալերի։ Գալով Նիկիա քաղաքը` ուզեց բնակվել այնտեղ, որովհետև նրա աչքին ցանկալի թվաց քաղաքի դիրքը` նման հոյական Տարսոնին, ուր սնվել էր։ Բնակվելով այնտեղ` իր արվեստն էր բանեցնում, շրջում քաղաքի հրապարակներում և աներկյուղ համարձակությամբ քարոզում Քրիստոսին, բուժում բոլորին։ Եվ սա անում էր ոչ միայն քաղաքում, այլև Բութանիայի ամբողջ գավառում։ Նաև այն քրիստոնյաները, որ արգելափակաված էին բանտում, բազում հարստություն էին տալիս բանտապահներին։ Եվ նա համարձակ ամեն ժամ մտնում էր նրանց մոտ, բուժում նրանց վերքերի խոցերը։ Շրջում էր ամենուրեք, հավաքում բազում հարստություն և դրանով դարմանում նրանց, և քաջասիրտներին համոզում էր, աղաչում աղոթել իր և ամբողջ աշխարհի համար, որպեսզի անցնի կռապաշտության խռովությունը և բարեպաշտության հավատքը համարձակորեն քարոզվի ամբողջ աշխարհում։ Իսկ վհատածներին զորացնում էր ասելով. «Ժամանակավոր են այդ տանջանքները, իսկ պսակները հավիտենական։ Հիշեցեք սուրբ վկաներին, որ ձեզնից առաջ բազում չարչարանքով նահատակվեցին Քրիստոսի համար և այս աշխարհում բարի հիշատակ թողին բոլորին, իսկ հանդերձյալ կյանքում` երկնքի արքայությունը իրենց Տիրոջ հետ ժառանգելու համար»։ Հիշեցնում էր նրանց և Տերունական սպառնալիքը, որ պատմվում է ավետարանում, ասում է. «Ամեն մեկը, որ ուրանա Ինձ մարդկանց առջև, կուրանամ և Ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33, Ղուկ. ԺԲ. 9)։ Եվ դարձյալ հորդորական խոսքերից. «Մի՛ վախեցեք նրանցից, որ սպանում են մարմինը և չեն կարող սպանել հոգին» (Մատթ. Ժ. 28)։ Եվ դարձյալ առաքելական խոսքն էր հիշեցնում. «Ժամանակիս չարչարանքները արժանի չեն գալիք ժամանակներին, որ լինելու են» (Հռոմ. Ը. 18)։ Նաև այլ բազում այսպիսի քաջալերական խոսքեր էր առաջ բերում սուրբ Գրքից նրանց մխիթարելու համար։

Ապա երբ հեթանոսներից ոմանք տեսան, որ այսպես սրտապնդում էր բոլորին, գնացին Նիկոմիդիա քաղաքը, պատմեցին Մաքսիմիանոս թագավորին և ասացին. «Մի քրիստոնյա մարդ, անունը Դիոմիդես, զբաղմունքով բժիշկ, ապրում է Նիկիա քաղաքում և բժշկության պատրվակով շրջում է ամբողջ Բութանիա աշխարհը և կախարդական հավանությամբ շատերին հրաժարեցնում է աստվածներից, ասելով թե աստվածներ չեն, այլ անմռունչ կուռքեր, և մի ուրիշ ոմն խաչվածի Աստված է անվանում ու բոլորին նրան աշակերտեցնում։ Եթե արագ չգաս և չբռնես նրան, տեր իմ արքա, այս աշխարհը ապստամբեցնելով քո ինքնակալությունից` կհանի քո դեմ»։ Երբ թագավորն այս լսեց, լցվեց զայրույթով և նախանձի կրակով բորբոքվեց ինչպես հրով, որովհետև դրանից առաջ նույնպես նրա ականջին հասել էր սրբի համբավը։ Այնժամ բազում զորքով դահիճներ ուղարկեց, որպեսզի իսկույն կապեն նրան երկաթե կապանքներով և բերեն իր առջև։

Եկան դահիճները Նիկիա քաղաքը, բռնեցին երանելիին` երբ քարոզում էր հրապարակում, արագ կապկպեցին ձեռքերն ու ոտքերը, ինչպես հրամայված էր թագավորից, և դնելով գրաստի վրա ճանապարհ ընկան դեպի Նիկոմիդիա քաղաքը։ Իսկ Աստծու սուրբ այրը, թեպետ մեծ ցանկություն ուներ հանուն Քրիստոսի տանջանքներ ընդունելու, բայց հոգ էր տանում նրանց համար, ում հաջողությամբ տնօրինում էր. գուցե թուլասիրտներից մեկը չհամբերելով` ուրանա Քրիստոսին և գայթակղվելով ընկնի կռապաշտության վիհը, կերակուր դառնա վիշապի չար հոգուն։

Մինչդեռ նա այսպես տխրում էր և մտահոգվում սրբերի համար, որ տանջվում էին հանուն Քրիստոսի, դահիճներն շտապում էին շուտ հասնելու թագավորական ատյան, իսկ երբ հասան մի տեղ, որ հեռու չէր քաղաքից, սուրբը աղաչեց դահիճներին, որպեսզի իրեն իջեցնեն գրաստից, թույլ տան մի փոքր աղոթել։ Նրանք լսելով նրա աղաչանքը, թույլատրեցին` ինչպես կամեցավ։ Հեռացավ նրանցից մոտ մի քարընկեց, ծունր դրեց և սկսեց աղոթել այսպես. «Իմ Տեր Հիսուս Քրիստոս, բարձրյալ Հոր Որդի, անվանված Աստված հրեշտակների և բոլորի, օրհնում եմ Քեզ, որ արժանի դարձրիր ինձ ընդունելու խոստովանական վկայություն Քեզ համար։ Աղաչում եմ Քեզ, Թագավոր իմ և Աստված, ընդունիր պաղատանքս և կատարիր բարի խնդրանքս, որ հայցում եմ քեզնից` կյանքիս ավարտին հասած. մի՛ թող ինձ Քո ձեռքից, որպեսզի բանսարկուի մեքենայությունների թակարդում բռնվելով չընկնեմ նրա խաբեության պատրանքի մեջ։ Մի՛ թող խոցոտել ինձ այս աշխարհի իշխանի հրաշեկ նետերից. ինձ չծածկեն այս կյանքի հորձահոս մրրկյալ ալիքները։ Օգնիր ինձ, երկնային նավապետ, Տեր իմ Հիսուս, որ անդնդասույզ լինելով չընկղմվեմ այս հավիտենական [մեղքի] խորքերը։ Փրկիր ինձ վիշապի որովայնից, ինձ կորզիր արյունախանձ գազանի ժանիքներից, որ պտտվում է շուրջս, գոչում և ուզում է կլանել ինձ։ Որովհետև Դու ստեղծեցիր ինձ` իմ մոր որովայնից և իմ պատկերը Դու հորինեցիր, իսկ ես Քեզ` իմ գեղեցկահարմար ստեղծողին և Տիրոջը, խոստացա պահել սա անարատ։ Արդ, անփոփոխ պահիր սա բոլոր անդամներով` հավատի վեմի հանդեպ, որի մեջ սկզբից ևեթ հիմնվելով հաստատվեցի, որի համար և Քո անապական արյունը հեղեցիր։ Եվ ինչպես Քո նախախնամող կամքը ուզի օգուտն իմ, այնպես վերջացրու իմ ընթացքը։ Ես ոչ թե այս առժամանակյա մահից եմ վախենում, այլ Քեզ` ամենագետիդ եմ հանձնում իմ հոգու պահպանությունը, որպեսզի անապական ընդունեմ սա միավորված անեղծ մարմնին` Քո երկրորդ գալստյանը. և հարազվարճ բերկրանքով Քո բոլոր սրբերի հետ փառավորեմ Քեզ Քո Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս հավիտենից. ամեն»։ Երբ երանելին ավարտեց այս աղոթքը, ասաց ամբողջը, կնքեց ինքնիրեն սուրբ Խաչի նշանով, ավանդեց հոգին ի Քրիստոս։

Իսկ զինվորներն սպասում էին այնտեղ, ուր իջեցրել էին նրան գրաստից. երկար ժամանակ սպասեցին նրա գալուն, և երբ ուշացավ և չեկավ նրանց մոտ, կարծեցին թե փախել է և եկան այնտեղ` նրան գտան վախճանված։ Նախ կարծեցին, թե քնած է, մոտեցան արթնացնելու նրան, բայց երբ իմացան, որ վախճանվել է` զարմացան սքանչելիքից և մտածելով թե ինչ անեն, որովհետև վախենում էին թագավորի զայրույթից, կտրեցին սրբի գլուխը, տարան թագավորին և նրան պատմեցին ինչ որ եղել է։

Երբ թագավորը տեսավ, շատ տրտմեց պատկերի այնքան վայելչության համար, որ նա կենդանի չէր եկել իր մոտ։ Նույն պահին հրամայեց նույն զինվորներին, որպեսզի վերցնեն, տանեն այնտեղ, ուր մարմինն է և գլուխը միացնելով մարմնին այնտեղ շիրմի մեջ դնեն ու թաղեն։ Եվ նրանք վերցրին սուրբ գլուխը, թագավորի հրամանի համաձայն վերադարձան, տարան միացրին մարմնին։ Եվ երբ այդ արեցին, Աստծու շնորհք իջավ նրանց վրա, և տեսան Քրիստոսի ճշմարիտ լույսը։ Մի կողմ թողնելով զինվորական պատիվը` աշակերտ դարձան ճշմարիտ հավատքին և սուրբ նշխարների սպասավոր եղան։ Բնավ չվախենալով թագավորի ահագին սպառնալիքներից, անվեհեր քարոզում էին Քրիստոսին և իրենց զինակիցներից շատերին հորդորում էին մտնել Նրա ամենահաճելի լծի տակ` ինչպես իրենք։ Արդ, այսչափ զինվորների մասին, որոնք հավատացին։ Իսկ մենք վերադառնանք այնտեղ։

Որովհետև երբ զինվորները կտրեցին գլուխը մեռած մարմնից, ճանապարհի այն տեղը, որ հեռու չէր Նիկիա քաղաքից, մարմինը հանձնեցին քաղաքի իշխանին, իսկ իրենք գլուխը վերցրած գնացին թագավորի մոտ։ Այն ժամին սքանչելիք եղավ. մի ագռավ թռավ, կանգնեց սուրբ մարմնի դիմաց և այլ թռչունների չէր թողնում մերձենալ նրան։ Եվ այսպես մոտը մնաց երեք օր։ Ապա երեք օր անց Սեբաստիա գավառից մի մեծահարուստ կին, որի անունը Պատրոնիա էր և բազում ժամանակներից ի վեր տառապում էր իր որովայնի ցավով, բժիշկների վրա մեծ ծախսեր էր արել, և` անօգուտ։ Սա մոտեցավ քաղաքի իշխանին, խնդրեց Դիոմիդես սուրբ վկայի մարմինը` նրան տալով բազում գանձ, վերցրեց, օծեց անուշ յուղերով, սուրբ կտավով պատեց և դրեց պատշաճ մի տեղ, և իսկույն բուժվեց նրա արգանդի ցավը։ Նաև շատ ուրիշ բժշկություններ եղան սուրբ վկայի միջոցով։

Այսպես վախճանվեց սուրբ վկա Դիոմիդեսը` ճանապարհին, Բյութանիայի մայրաքաղաք Նիկիայի մոտ` նախքան օգոստոս ամսի երեք կաղանդները, Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի թագավորության ժամանակ, իսկ մեզանում` մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Աստծու Միածին Որդու թագավորությանը։ Ապա քիչ ժամանակ անց ծագեց լույսի աստղը` քրիստոսապսակյալ կայսր Կոստանդիանոսը, և ամբարիշտ թագավորների զավակներին վերացրեց, կործանեց նրանց պաշտամունքի բոլոր դիվաբնակ կուռքերը, և բարեպաշտությունը ծագեց, ծավալվեց ամբողջ տիեզերքում։ [Նա] հալածեց կռապաշտության խավարը, և թագավորական հրամանով ամբողջ տիեզերքում բազմացան եկեղեցիները և մեծապատիվ վայելչությամբ կառուցվեցին սրբերի վկայարաններ։ Այնժամ թագավորը հրամայեց երեք եկեղեցի կառուցել սուրբ և մեծափառ Դիոմիդես վկայի անունով. մեկը մայրաքաղաք Նիկիայում, մեկը հռչակավոր Նիկոմիդիայում, ևս մեկը իր նոր ձեռակերտ մեծ Կոստանդնուպոլսում` Նոր Հռոմում։ Երեք եկեղեցիներին բաժին հանեց սրբի նշխարներից և հրաման տվեց տարեցտարի տոնախմբել նրա հիշատակի օրը` օգոստոսի երեք կաղանդներից առաջ։ Մինչև այժմ այդ օրը բժշկություններ են լինում սուրբ վկայի միջոցով։ Որով միշտ և հանապազ փառավորվում է սուրբ Երրորդությունը` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին. հավիտյանս հավիտենից. ամեն։

« Սուրբ Դեմետրիոսի վկայաբանությունը   |   Սուրբ Երենիոս եպիսկոպոսի վկայաբանությունը »
© Gratun.org