Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Բ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Երենիոս եպիսկոպոսի վկայաբանությունը

Երբ բարի բարքերով և աստվածպաշտությամբ կրթվելով լավագույնին են ցանկանում` լցված Աստծու երկյուղով, այն ժամանակ միանգամից այն ամենը ինչ այս աշխարհում արհամարհված է, շտապում է դեպի խոստացված բարիքների վայելչությունը, որովհետև այն ինչ լսվել է և հավատքով հաստատվել իբրև առընթերակից, ցանկացել է նրան` իսկույն ականատես լինելով և ընկալելով կփառավորի Տիրոջը:

Երանելի Երենիոս եպիսկոպոսին Սերմեաց քաղաքում պատահածը. նրա սովորական հեզության և աստվածային երկյուղածության բերումով, քանի դեռ շատ փոքր էր, արժանի եղավ եպիսկոպոսության աթոռի, և երբ Դիոկղետիանոս թագավորի ժամանակ սկսվեցին հալածանքները, ուրիշների նման դա պատիվ չհամարելով` մաշվեց, քայքայվեց երկրային իրական տրտմությամբ արհամարհեց առաջիկա ուրախությունը, բայց անհաղթելի և անվեհեր հոժարությամբ ընթանալով, առաջիկան մտածելով և վերջինը մոռանալով` ձգտում էր վերին կոչման նպատակին, որ իշխանի խիստ մեքենայությունները չխախտեցին նրա հաստատուն միտքը: Ո՛չ տեսակ–տեսակ հալածանքները, որ չարչարում էին, ո՛չ գետերի հոսանք, ո՛չ զանազան տանջանքների սպառնալիքը, այլև ովքեր ամեն ինչից ավելի սովոր են ցավի, մարդկանց նեղսրտություն, մանուկների արտասուք, կանանց կականալի խոսքեր և տխուր դեմքեր, ծանոթների սուգ մատաղահաս որդիների վրա, հարազատների հեծություն և բարեկամների աղեխարշումն այնպիսի հասակի համար, որ հորդորում է լալ և ողբալ: Այլ, ինչպեսև ասացինք, բռնված լավագույնների ցանկությամբ և դատաստանի երկյուղը աչքի առաջ ունենալով, հույժ զարհուրեց Տիրոջ ձայնից, որ ասում էր. «Եթե մեկը ուրանա Ինձ մարդկանց առջև, կուրանամ և Ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33, Ղուկ. ԺԲ. 9): Եվ ամեն ինչ արհամարհում էր և ուրախությամբ շտապում առաջիկա հույսին:

Այնուհետև տարան դատավոր Պորոբոսի մոտ, որ այն ժամանակ իշխանություն ուներ Պանոնեայում: Հարցրեց, թե կամենո՞ւմ է զոհ մատուցել: Երանելի Երենիոսը պատասխանեց. «Այլևս չեմ ուզում ձեզ հետ լինել»: Այնժամ նրան բանտ նետեցին: Այնտեղ բազում օրեր կապանքների մեջ տանջելուց հետո, դատավորը գիշերով նստում է ատյանում, նորից իր մոտ է բերել տալիս երանելի վկա Երենիոսին: Բազում տանջանքների ենթակելով` «Ինչո՞ւ չես ուզում զոհ մատուցել»,– հարցին, սուրբը պատասխանեց. «Որովհետև Աստված ունեմ, որ մատաղ հասակից սովորեցի պաշտել և չեմ կարող երկրպագել ձեր աստված կոչվածներին»: Պորոբոս դատավորն ասաց. «Մահ ստացիր, բավ են չարչարանքները, որոնց համբերեցիր»: Երենիոսն ասաց. «Կստանամ մահ` փոքր ժամանակ հետո, երբ քո պատճառած մահից կընդունեմ հավիտենական կյանքը, որ Աստծուց է»: Պորոբոսն ասաց. «Կին կամ որդիներ ունե՞ս»: Սուրբն ասաց` Ոչ: Պորոբոսն ասաց. «Ունե՞ս ծնողներ»: Եվ նա ասաց` Ո՛չ: Երանելի Երենիոսը այս ասում էր` մտքում ունենալով Տիրոջ պատվիրանները. թե` «Ով սիրում է հորն ու մորը, կամ եղբայրներին ու որդիներին` առավել քան Ինձ` Ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ. 37): Ապա նայեց երկինք, մտովի աղոթելով և թողնելով մարդկային բոլոր իրերը ոչ մեկին ավելի քան Տիրոջը գիտենալ և ունենալ չէր խոստովանում: Դարձյալ դատավորն ասաց նրան. «Ես գիտեմ, որ որդիներ ունես, գոնե հանուն նրանց զոհ մատուցիր»: Սուրբը պատասխանեց. «Իմ որդիները, ինչպես և ես, իրենց օգնական ունեն Աստծուն, որ կարող է նրանց ապրեցնել, իսկ դու արա՛ քեզ հրամայվածը»: Պորոբոսն ասաց. «Քեզ խորհուրդ եմ տալիս, երիտասա՛րդ, զոհ մատուցիր, որ քեզ տեսակ–տեսակ տանջանքներով չսպանեմ»: Երենիոսն ասաց. «Չե՛մ մատուցի, ինչ ուզում ես` արա՛, և գիտցիր, որ Քրիստոսի զորությամբ քաջաբար կհամբերեմ ամեն ինչի»:

Պորոբոս դատավորը մահվան վճիռ կայացրեց և ասաց. «Քանի որ չես ուզում հավանել թագավորների հրամանին, ուստի ինքնակալների հրամանով կգցվես գետը: Երենիոսն ասաց. «Ես հույս ունեի տեսակ–տեսակ տանջանքների, որ սպառնացիր, և ավելի մեծ ի՛նչ կարող է լինել ինձ, եթե ուզես ինձ սրով սպանել, որի համար աղաչում եմ քեզ: Այդ ևս հրամայիր, որ իմանաս, թե քրիստոնյաները արհամարհում են մահը` հանուն Աստծու հավատի, որ սովորեցինք»: Եվ դատավորը բարկացավ սուրբ Երենիոսի համարձակությանը, հրամայեց սրով սպանել նրան: Իսկ սուրբը երկրորդ հաղթության նահատակ եղավ, ասելով. «Շնորհակալ եմ Աստծուց, որ մահվան բազում համբերությամբ պայծառագույն պսակ շնորհեց ինձ»: Եվ երբ եկան կամրջի մոտ, որ կոչվում է Արտեմիս, հանեց շորերը, ձեռքը երկինք պարզեց, աղոթեց այսպես. «Տեր, թող բացվի երկինքը և ընդունվի Քո ծառայի հոգին, որ Քո ժողովրդի համար է և Քո կաթուղիկե եկեղեցու և բոլորի, որ հավատացել են Քեզ, Տեր իմ Հիսուս Քրիստոս, սրա համար եմ չարչարվում»: Եվ սուսերով հատեցին նրա գլուխը, որ ընկավ Սամոն կոչվող գետը:

Սա կատարվեց ահեկան ամսի վեցին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ, որի հետ Հորը և Սուրբ Հոգուն փառք, պատիվ և զորություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

« Սուրբ Դիոմիդես բժշկապետի վկայաբանությունը   |   Սուրբ Երմոնիոս կույսի վկայաբանությունը »
© Gratun.org