Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Բ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Վկայաբանությունը Եվգինիա կույսի, նրա հայր Փիլիպոսի, նրա մոր և եղբայրների, որ իր հետ էին

Հռոմ մեծ քաղաքում Կոմիդեոս ինքնակալի թագավորության ժամանակ, իր հյուպատոսության յոթերորդ [տարում], մեծ և վայելուչ Փիլիպոսին ուղարկեց Աղեքսանդրիա քաղաքը` Եգիպտացոց աշխարհը, իր իշխանությանը հպատակ դարձնելու համար, որպեսզի բոլորը միասին հնազանդվեն նրա հրամաններին։ Այս Փիլիպոսը իր կին Կղոդեայի և երկու որդիների` Ապիտոնիոսի ու Սերգեոսի և դուստր Եվգինիայի հետ Հռոմից եկավ Աղեքսանդրիա` բոլոր եգիպտացիներին հռոմեացիների բարքին հարմարեցնելու։ Իսկ նրա դուստր Եվգինիան տասնվեցամյա էր և պայծառանում էր ընտիր իմաստներով, հունական և հռոմեական դպրությամբ էր զբաղվում, այնպես, որ փիլիսոփաներին սքանչելի էր երևում։ Ու մի օր նրա հայրը հարցրեց, թե կուզենա՞ ամուսնանալ Ակյուլինեոս հյուպատոսի հետ։ Եվգինիան պատասխանեց իր հորը և ասաց, որ պատիվն ու սրբությունը ավելի է գերադասում, քան տղամարդու բնությունը։ Իսկ նրանք պես–պես խոստումներով ու հնարներով աշխատեցին խափանել սուրբ անձը։

Պատահմամբ նրա ձեռքն անցան սուրբ առաքյալ Պողոսի և երանելի կույս Թեկղի պատմությունները։ Եվ գաղտնի կարդալով օրըստօրե` արտասվում էր, մանավանդ որ հեթանոս ծնողներ ուներ։ Իսկ երբ օրըստօրե կարդում էր սուրբ Թեկղիի պատմությունը, մտքով անցավ նմանվել նրա գործերին, հոգով որոշեց ուսումնասիրել քրիստոնեից վարդապետությունը։ Թույլտվություն խնդրեց իր ծնողներից, որ հրամայեն իրեն գնալ մի ագարակ, և հանդիպեց ընթացող մի դեսպակի, մտովի խորհրդածելով երանելի Թեկղիի վարքի մասին` ասում է իր ներքինիներին` Պրոտեոսին և Հիակինթոսին. «Դուք անտեղյակ չլինեք այնքան չաստված կոչվածների մասին քերթողների ստեղծաբանությանը, և որչափ իմաստասերները ստում են ճշմարիտ Աստծու մասին։ Մի՞թե նրանց մեջ իսկապես այնպիսի ճշմարտություն կգտնենք, ինչպես այս աստվածային Գիրքը ասում է Աստծու մասին։ Բայց խիստ տառապած և ստեղծական միտքը հավատում է կոփածո քարերին կամ ձեռագործ փայտից օգնություն խնդրում»։ Մինչդեռ այս մտքին էին, սկսեցին խորհել և քննել ճշմարիտ Աստծու և պես–պես պաշտամունքների մասին։ Եվ իրենց համար որոշեցին, թե ավելի լավ բան չկա, քան այս զորությունը։

Քանի դեռ այս և այսպիսի մտորումների մեջ էին, որոշ քրիստոնյաներից լսեցին, որոնք ասում էին. «Հեթանոսների բոլոր չաստվածները դև են, իսկ երկինքը Տերն է ստեղծել»։ Եվգինիան լսեց, հրամայեց կանգնեցնել դեսպակը և երկար զարհուրած իր սրտում ասաց. «Ճանապարհին մեր մտածածի նման ճիշտ ժամանակին պատահեցինք սուրբ Գրքի վկայությանը և ճանաչեցինք անպիտան ու մալորական սնոտի պաշտամունքի կորուստը, ուրեմն գործենք, որ մեր մտածածի նման հանդիպեց, որպեսզի երկյուղածության այս օրինակով կարողանանք հասնել անչափ մեծության խորհրդին, տեսնենք, թե մինչև երբ այս անհաստատ մտքով [տարվենք] և ճշմարիտ Աստծու մասին այլ խոսքեր փնտրենք, և հավատքի միաբանության մասին, և կարգը, որով կարողանանք այս երանելի փախուստին հանդիպել, և բանսարկուի գազանությունը մերժենք, ընկալենք Քրիստոսի հավատքը»։

Այն ժամ Եվգինիան իր ներքինիներին` Պրոտեոսին և Հիակինթոսին ասաց այսպես. «Մարդկային պատիվը ձեզ տիկին արեց, իսկ իմաստությունը քույր։ Արդ, եղբայրներ, միասին և կատարյալ միաբանությամբ մարդկային պատվի փառքը մերժելով, շտապենք ճշմարիտ Աստծու ծառայության, որ ամենևին չբաժանվենք ընդդիմացողի հակառակությամբ, բայց եկեք դուք ինձնից ծամիս հյուսքը հեռացրեք և դուք ևս շուտով պատրաստվեցեք. միգուցե այս գիշեր մեզ ճանապարհի ելք գտնվի, որպեսզի մեզ ճանապարհ հաջողվի Աստծու մարդկանց մոտ։ Եվ դուք երկուսդ` մեկդ աջից, մեկդ ձախից գնալով ինձ ծածկաբար դեսպակից վայր իջեցրեք, և թող դեսպակս դատարկ գնա, իսկ մենք երեքով շտապենք Աստծու մարդկանց մոտ»։ Գաղափարը հաճո թվաց նրանց, և մյուս օրը եղավ այնպես` ինչպես որոշեց։

Իսկ երբ նրանք հավատացին` Քրիստոս շնորհներ տվեց։ Բայց երբ նա իջավ դեսպակից` սուրբ Հեղինոս եպիսկոպոսը` բազմությամբ հանդերձ ուղեկից եղավ ճանապարհին։ Նրանք սաղմոսում էին միաբան, միաձայն ասելով. «Արդարների ճանապարհն ուղիղ է, սրբերի ճանապարհը պատրաստված է» (Սաղմ. ՂԵ. 5)։ Այնժամ Եվգինիան ասաց Պրոտեոսին և Հիակինթոսին. «Տեսնո՞ւմ եք սաղմոսելու զորությունը և մտածեցեք` գուցե մեզ նշան ցույց տա, ինչ որ լսեցինք քրիստոնյաներից, որոնք սաղմոսում էին իրենց Աստծուն։ Որովհետև երբ ճշմարիտ Աստծու մասին էինք մտածում, լսեցինք, որ մարդիկ Աստծուն պաշտում էին. «Հեթանոսների բոլոր աստվածները դևեր են, բայց երկինքը Տերն է ստեղծել» (Սաղմ. ՂԵ. 5)։ Ահավասիկ կուռքերի երկրպագությունից մեր հրաժարվելու պահին հանդիպեցին հազարները միաբան ասելով. «Արդարների ճանապարհն ուղիղ է, սրբերի ճանապարհը պատրաստված է»։ Մենք ևս եկեք խառնվենք օրհնիչների բազմությանը և դասվենք նրանց շարքը և լինենք նրանց ճշմարտության հաղորդակից, թեպետև իրիկնանում է»։

Եվ այսպես սրանք լծակից եղան պաշտողներին և հարցրին, թե ո՞վ է ծերունին, որ մենակ շուքով նստել էր ժողովրդի մեջ։ Այնժամ մեկից լսեցին, թե` «Սա Հեղինոս եպիսկոպոսն է, որ մանկությանը քրիստոնյաների հետ շրջել է վանքերում, որ շրջակա գազաններին ապականելով կործանել է։ Եվ ինչ ասեմ կամ ինչ պատմեմ բազում ժամանակներում եղած նրա առաքինություններից։ Բայց քիչ ժամանակ առաջ Իրաս անունով մի կախարդ աշխատում էր ժողովրդին հեռացնել սուրբ Գրքից, համարձակվեց իր ցնդաբանությամբ հակառակվել սուրբ եպիսկոպոս Հեղինոսին։ Սուրբ եպիսկոպոսը տեսավ նրա մտքի թերությունը, խոսքով չկարողացավ քանդել` ամբողջ բազմության առջև ասաց. «Ի՞նչ կարիք կա, որ մենք խոսքով մրցենք կորստյան որդուդ և անհավատիդ հետ, որ մեզնից առաջադրվածը չի հավանում, ոչ միայն գլորվածներին չի կանգնեցնում, այլև կանգնածներին իր ունայն վարդապետությամբ կործանում ու բռնադատում է։ Բայց նախ ապրեցնել փորձենք, եթե է Աստված, որ ճշմարիտ է ստեղծում ամեն ինչ, մեր` Իր հետին ծառաների միջոցով ցույց է տալիս իր անճառ զորության ներգործությունը»։ Եվ ասում է. «Այսուհետև այս քաղաքի մեջ, թող բորբոք հուր վառվի և ձեր աչքի առաջ առանց դողալու երկուսով մտնենք, և ով չայրվի` նրա պաշտամունքի ճշմարիտ լինելուն հավատանք»։ Այս միտքը հաճո թվաց ամբողջ բազմությանը, քանի որ բազմության մեծ մասը հավատում էր կախարդի կողմին, իսկ նույն ժամին վառվեց–բորբոքվեց կրակը, և սուրբ եպիսկոպոս Հեղինոսը առաջարկեց երկու հոգով աներկյուղ մեջը մտնել։ Բայց Իրաս կախարդն ասաց. «Ոչ այդպես, այլ ամեն մեկս առանձին մտնենք։ Բայց առաջ դու մտնես, որ առաջարկեցիր այսպես անել»։ Սուրբ Հեղինոսը ձեռքերը երկինք պարզեց` արտասուքով լի և ասաց. «Դո՛ւ գիտես, Տեր Հիսուս Քրիստոս, կենդանի Աստծու Որդի, որ հնոցում երից մանկանց չորրորդը եղար։ Ես մարդկային փառքից ոչինչ չցանկացա, այլ միայն Քո ժողովրդի փրկությունը, որի գովությանն արժանացրիր ինձ, իսկ մատնիչը իր արբանյակի միջոցով ձգտում է արդար ճանապարհից ինձ քարավեժ անել։ Որի փրկության համար հոժարակամ մտնում եմ այս կրակի մեջ հաստատելով, թե Քեզ այնտեղ կգտնեմ ինձ վրա ցողելիս, որ կրակից ինձ բան չմոտենա»։ Այս ասելով խաչակնքեց և մտավ ներս և բազում ժամեր մնաց բոցի մեջ` բնավ չվնասվելով հրից։ Այնժամ բազմությունը տեսավ չքնաղ սքանչելիքն ու երևույթը։ Թեպետ [Իրասը] ընդդիմանում էր, նրանք վերցրին և գցեցին կրակի մեջ. նա սկսեց այրվել։ Երանելի Հեղինոսն շտապեց, թեև հիրավի այնպիսի հարվածներով [Իրասը] տանջվում էր, սակայն նրան կենդանի հափշտակեց սուրբ Հեղինոսը, բայց նրան բոլորը նախատեցին, և թողեցին տեղում։ Դա, որ տեսնում եք` հանապազ փառավորում է Աստծուն։

Այնժամ Եվգինիան իր ներքինիների` Պրոտինիոսի և Հիակինթոսի հետ ծունկի եկավ, աղաչելով սուրբ Հեղինոսին, որպեսզի իրենց առավել ևս հաստատի հավատքի մեջ։ Աղաչեցին նրան, որ նրա միջոցով ճանաչեն Տիրոջը։ Իսկ նա ասաց նրանց. «Սովորություն պետք է դարձնել առավոտյան օրհնությունը, որպեսզի ձեզ շնորհվի զվարթ երևույթ»։ Բայց նրան աղաչեց Եվգինիոսը, որ աղոթի իրենց համար. «Մենք երեքս հռոմայեցի ենք ծնունդով, և թողած կուռքերի պաշտամունքը եկանք քո հետևից, հասանք այստեղ»։ Ու մինչ նրանք պատմում էին, ծերունին լուռ էր, որովհետև այն ամենը, որ պատմելու էին նրան, նա տեսնում էր երազով։ Երբ նա վերջացրեց, նրանք հասան տեղ և գտան մի երկյուղած մարդու, որ եղել էր նրա հետ, որի անունը Եվտրոպիոս էր։ Նրան ասաց. «Կռապաշտությունը ուրացած երեք երիտասարդ միասին հասել են և [ուզում են] փրկիչ Քրիստոսին ծառայել։ Աղաչում են հավատացյալ ժողովրդին` այս է նրանց ցանկությունը, որ արժանի լինեն քո սրբության միջոցով ուղղվելու և անարատ հավատքի ընդունող լինեն»։ Սուրբ Հեղինոսն այնժամ ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Տեր Հիսուս Քրիստոս, որ սրան հասնելու ինձ արժանացրիր. տեսնել այն, ինչ քո սուրբ կամքի շնորհներով նախապես ցույց էիր տվել»։ Նրանք մտնելով նրա մոտ աղոթք մատուցեցին, և նա, ավարտելով աղոթքը, բռնեց Եվգինիայի և մյուսների ձեռքերը և ասաց. «Ի՞նչպես է որ հատկապես ցույց տալով ձեր անձերը ցանկացաք տեսնել Աստծու տառապյալ ծառայիս, բայց ի՞նչ տեսաք իմ մեջ, որ եկաք մոտս, հայտնեցեք ինձ, քանի որ ուզում եմ ձեզնից լսել և որպեսզի կարողանամ ձեր առաջադրած մտքից ինչ–որ օգուտ ստանալ»։ Նրան պատասխանեց բարեխոհ Եվգինիան ու ասաց. «Երբ քարի ու փայտի մեջ հնարավոր չէ, որ բնակվի Աստծու զորությունը, մենք մեր մեջ առանձին որոնում էինք թե որն է ճշմարիտ պաշտամունքը, որի մեջ հանգչում է երկրպագելի և երկնային Աստվածը։ Այստեղից հնչմունք լսեցինք, որ միաբան օրհնելով ասում էիք. «Հեթանոսների բոլոր չաստվածները դևեր են, իսկ երկինքը ստեղծել է Տերը» (Սաղմ. ՂԵ. 5)։ Ուստի այս բարեխորհուրդ ձայնով հրավիրվելով` թողինք կուռքերի պաշտամունքը և ժողովրդով հանդերձ շտապ հասանք այստեղ, քո աստվածաբանության հետևից, գալիս ենք հավատալով Աստծուն, սրանց հետ լինելու քո աստվածասեր հավատքի և ճշմարիտ հրամանների միաբան։ Բայց երեքիս եղբայրությունը մեկ է. մեզնից մեկի անունը Պրոտեոս է, մյուսինը` Հիակինթոս, իսկ ես կոչվում եմ Եվգինիոս»։ Երանելի Հեղինոսն ասաց. «Բարվոք է կոչումդ, Եվգինիո՛ս, քաջապես ավարտելով ճգնությունը, քեզ անցկացրիր Տիրոջ մոտ։ Բայց դու սա գիտեցիր, որ նախ ինձ Աստված հայտնեց քո մասին, Եվգինիո՛ս, թե որտեղից և ո՞ւմ դուստրն ես, և ովքեր են քեզ հետ եկողները։ Տերն ինձ ցույց տվեց, որ սրանք դեպի Աստված քաջալերվեցին քեզնով»։ Եվ սուրբ Հեղինոսը նրանց հրամայեց, որ երեք ամիս եկեղեցիներն ու վանքերը շրջեն, նրանց ուղիղ հավատով արժանացրեց սուրբ մկրտության։ Դրանից հետո նրանց տարավ վանք, հանձնեց գլխավորին, բայց ոչ մեկին չասաց եղելությունը։

Արդ, կրկնենք այն տեղից, նույն ժամանակ, երբ Պրոտեոսն ու Հիակինթոսը, Եվգինիային առած դեպակը ճանապարհից դատարկ ուղարկեցին նրա մոր մոտ։ Իսկ նրա ընտանիքը կարծեց, թե եկել է Եվգինիան։ Բոլորը խնդությամբ ընդառաջ գնացին, և երբ նրան դիպակի մեջ չգտան, բոլորը միասին կոծելով լալիս էին, և քաղաքում եղավ խռովություն ու ամբոխում, և ողբում էին անհնարին ու կոծում սաստիկ, և բոլորը հույժ տրտմության մեջ էին. ծնողները դստերն էին ողբում, եղբայրները քրոջը, ծառաները տիրուհուն, և քաղաքացիներից յուրաքանչյուրը` ծնողների սգի և ընտանիքի տառապանքի ու տրտմության համար։ Եվ անչափ պատահարներ եղան, և շրջում էին ամբողջ իշխանությունով մեկ` փնտրելով Եվգինիային, հարցնում էին վհուկներին, խնդրում էին կախարդներին, կուռքերին զոհ էին մատուցում և ասում էին, թե Եվգինիային անմահ աստվածներն են վեր տարել։ Իսկ հայրը հավատաց սրան, ելավ սգից, կարծելով, թե արդարև աստվածների թիվն է դասվել, և նրան մաքուր ոսկուց արձան կանգնեցրեց, բայց նրա մայր Կղոդիան և եղբայրները` Ապիտոնը և Սարգիսը, չէին դադարում տրտմելուց, սաստիկ սգի մեջ էին։

Իսկ Եվգինիան հոգու տղամարդկային միաբանությամբ Պրոտեոսի և Հիակինթոսի հետ հասել էր վանք։ Եվ այնքան աստվածային ուսմամբ առաջադիմեցին ի Քրիստոս, որ երկու տարվա ընթացքում ամբողջ Գիրքը սերտեցին։ Իսկ երրորդ տարին, մինչդեռ այդպիսի վարքի ու ընթացքի մեջ էին, վանքի երեցը վախճանվելով փոխվեց իր Տիրոջ մոտ։ Նրա մահից հետո բոլոր եղբայրներին թվաց երանելի Եվգինիան կկարգվի գլխավոր, իսկ նա հրաժարվում էր, որովհետև արգելված էր խղճի մտոք, որ էգը Աստծու մարդկանց չպետք է գլխավորի։ Բայցև երկնչում էր, որ ընդդիմությամբ և աղտեղությամբ չլինի` ովքեր նրան հրավիրում են այս [պաշտոնին]։ Այնժամ բոլորը միաբան կամքով հարձակվեցին նրա վրա, և նա այս բանը քանիցս ասաց նրանց. «Քրիստոնյաների ժողովներում ասացեք, թե Քրիստոս ինչպես կսահմանի լինելիքը, որի համար, եթե հրամայեք առաջ բերել ավետարանները և բանալով կարդաք և ինչ որ հրամայված լինի այդ գլխում` լսենք»։ Նրանք բերին սուրբ Ավետարանը, երանելի Եվգինիան առավ, երկրպագեց, և բոլորը լռելով աղոթք մատուցեցին, բացեց և գտավ տեղը, ուր գրված է. «Ասաց Հիսուս իր աշակերտներին. «Գիտեք, որ իշխանները տիրում են հեթանոսներին, և մեծամեծները վտանգում են նրանց. բայց այդպես չլինի և ձեր մեջ, այլ ով կամենա ձեզնից առաջին լինել` լինի ձեր վերջինը և բոլորի ծառան» (Մատթ. Ի. 25–27)։ Իսկ կարդալուց հետո Եվգինիան ասաց. «Եթե սրա օրինակով վարեք ձեր մտքերը, քանի որ այսպես է, կմնաք Աստծու հրամանով։ Ծառան և նրա ծառայակիցները պարտավոր են նրա կամքի համաձայն իրենց անձը Աստծու առաջ կատարյալ ցույց տալ, որ ընդունելի լինի նրանից»։ Եվ բոլոր եղբայրները հավանակից եղան. հանձն առավ գլխավորել, որ նրանց չտրտմեցնի, որովհետև բոլորը խնդրեցին նրան վերացնել վանքի հոգսերը, համաձայնեց դրան։

Բայց իր մեջ ցույց էր տալիս ողջ խոնարհությունը և սպասավորությունը, որ պարտավոր էին կրտսերները մատուցել նրան, դա ինքն էր անում ավելի լավ. ջուր բերել ջրհորից, փայտ կոտրել, հատակը մաքրել, եղբայրների պետքերը սպասարկել։ Բայց առանձնացրեց իրեն մի փոքր սենյակ` վանքի դռան մոտ, որպեսզի դրանով ևս որևէ առավելություն չերևա այլ ընկերների նկատմամբ։ Եվ երբ գալիս էին գիշերային հսկման, նրան գտնում էին առաջինը եկած, և չկար բոլոր եղբայրներից մեկը, որ նրանից ավելի խոնարհ լիներ, ամեն ժամի պատրաստ էր եղբայրների համար, և խրատում էր ստեպ–ստեպ` որևէ մեկին երդումով բան չասել, համեստորեն խոսել, և ասում էր, թե` Ինչքան պարտավոր ենք Աստծու ծառաներս երկյուղածություն ցուցաբերել, սովորել Նրա հրամաններից, բայց մտածենք այսուհետ թեև այնչափ փույթ, մտքի հոժարություն ունենանք մեր սրտում, որ մեզնից ոչ ոք չհանդգնի Աստծուն արհամարհել, որովհետև այսպիսի օրինակով ուրանում է Տիրոջը, որ սովորեցնում է անել այն, որ Նա չհրամայեց»։ Իսկ այս ամենը սովորելով նրանից` հաստատվում էին հավատքի մեջ և ո՛չ ցերեկը ո՛չ գիշերը աստվածային Գրքից անպարապ չէին։ Բայց այսքանը Աստծու համար պատվական էր, մինչև դևերին հալածում էր, և Աստված նրա միջոցով առողջություն էր շնորհում հիվանդներին։

Մի կին կար ծերակուտականներից` հարուստ ու հռչակավոր, որի անունը Մելանի էր։ Չորսօրյա սարսռումով բազում ժամանակ ծախսելով եկավ նրա մոտ։ Նրա լանջի վրա Եվգինիան Քրիստոսի նշանը նկարեց, նրա հիվանդության բոլոր ախտաժետությունները հեռացրեց և ողջացնելով ոտքի կանգնեցրեց նրան։ Դրանից հետո երանելի Եվգինիան շտապեց վանք։ Մելանին դարձյալ ստեպ–ստեպ կանչում էր Եվգինիային, իսկ Եվգինիան երկյուղածությամբ գնում էր նրա մոտ։ Մելանին չգիտեր, որ նա կին է և ուղիղ մտքով չէր ցանկանում տեսնել Եվգինիային, և ոչ այն բանի համար, որ նրա բարեխոսությամբ առողջացավ, այլ կարծում էր, թե նա այր է։ Եվ անարժան մտքով մարդ էր ուղարկում նրա մոտ ասելով. «Ինչու դատարկ աշխատությամբ հարվածում ու մաշում ես անձդ և կորցնում ես ծաղիկ երիտասարդությունդ։ Մի՞թե Աստված սիրում է տրտումներին։ Արդյո՞ք ամեն մարդու այսպես է հրամայում, որ առանց խնդության և առանց սփոփանքի իրենց կյանքի ամբողջ ժամանակը անցկացնեն։ Այդպես չէ, այլ դու արի, և կվայելենք Աստծու պարգևները, որ իբր անշնորհք լինելով մեզ անարժան չհամարենք Աստծու պարգևներին։ Ուստիև քո երախտիքի համար, հավատա ինձ, հնազանդ եմ քեզ, որ ինձ մոտ լինելով այդպիսի դժվարությանդ վերջ տաս, և պայծառ ու բարի ժամանակներ վայելենք, և լինես իմ ամբողջ ունեցվածքի տերը, այլև տեր լինես իմ անձին, որ զարդարված եմ պատվով, իսկ ազգով` երևելի, և իմ հարստությունը մեծ է, և չեմ կարծում թե անիրավացի եմ Աստծու առջև։ Եթե կամենում ես իմ ամուսինը լինել և մերժել սգավորությունդ` վայելիր բարի ժամանակները»։

Այս և սրանց նման բաներ ասաց Մելանին, սուրբ Եվգինիան ելավ մահաբեր և կորստական խոսքերից, կամենալով նրա անձը ազատել մահվան խեղդուկից, բացատրելով նրան, որ շատ գծուծ է աշխարհի ցանկությունը, քանի որ մեկը կարծում է ձեռքում բռնել ժամանակավոր ցանկությունը, յուր անձը զրկում է անանց փափկությունից։ Եվ ամենևին պետք չէ հանձն առնել մարմնավոր ցանկությունները, որովհետև բանսարկուն դրա միջոցով է փաղաքշում, խաթարելու և կորցնելու մարդկանց հոգիները։ Իսկ երանելի Եվգինիայի այս խոսքերին Մելանին խցում էր ականջները` չընդունելու համար ասածը, քանի որ դառն անամոթության գաղտնիքով ըմբռնել էր, ինչպես և գրված է. «Չարարվեստ անձի մեջ իմաստություն չի մտանի» (Իմաստ. Ա. 4)։

Իսկ Եվգինիան ջանում էր բոլոր օրինակներով ազատել նրան կորստական մահից։ Մեկնեց նրա մոտից, իսկ Մելանին մարմնի հիվանդությունն էր պատճառ բռնում և աղաչում էր երանելի Եվգինիային գալ հիվանդատես։ Իսկ սուրբը մտավ և նստեց սենյակում` նրա մոտ։ Գաղտնի գրկախառնությամբ Մելանին անամոթաբար հանդգնում էր մոտենալ նրան և անարժան խոսքերով հրապուրում էր ամբարշտության։ Այնժամ երանելի Եվգինիան իմացավ չար դևի նենգությունն ու բանսարկուի չարությունը, որ նրա մեջ էր, աջ ձեռքը մեկնեց իր ճակատին և խաչակնքեց և բարձրաձայն ու սաստիկ արտասուքով, նաև հառաչելով սկսեց ասել. «Պատշաճությամբ դու կոչվեցիր Մելանի, քանի որ քեզնից գիճության սևություն և չարության ապականություն է փչում, որովհետև մթին մեղքերի դուստր ես դու և կորստյան առաջնորդ, սատանային սիրելի, ցանկության բորբոքում և անիրավ ու անվախճան մահվան քույր, մշտնջենական գեհենի դուստր, մթացյալ անամոթի ցանկություն, Աստծու թշնամի, բանսարկուին ընդունելի. հեռո՛ւ վանիր մոլորությունդ Քրիստոսի ծառաներիցս»։

Երբ նա այս լսեց` զայրույթը բորբոքվեց, և չկարողացավ տանել ամոթը, վախենալով, թե հասնելով բազում ականջների, այս լուրը շատերի աչքին նախատինք կլինի։ Գնում է Աղեքսանդրիա և հրապարակի մեջ, եպարքոս Փիլիպոսի առջև ամբաստանելով ասում է. «Հանդիպեցի մի անհավատ երիտասարդի, որ իրեն քրիստոնյա էր անվանում, որին ես կանչել էի առողջության համար, քանի որ հռչակվել էր, թե կարող է օգնել հիվանդներին։ Իսկ երբ որ նա մոտեցավ ինձ` դժնի և անամոթ խոսքերով դիմեց ինձ և ինձ գրգռում էր թշնամանքի։ Ինչ հարկ կա շատ խոսելու։ Քանի որ վերևից նայելով հանդգնեց դիմել ինձ իբրև գերու, ու եթե սենյակում չլիներ իմ աղախիններից մեկը, որի շնորհիվ չենթարկվեցի նրա բռնությանը, թերևս ինձ վրա կատարեր իր չար ցանկությունը»։

Այս լսելով եպարքոսը խիստ բարկացավ, զինվորների բազմություն ուղարկեց և հրամայեց նրան և նրա հետ եղողներին երկաթով կապել և քիչ օրերի ընթացքում հասցնել հրապարակ` թատրոնի առաջ, որպեսզի նրանց լսելով հրամայի նրանց գցել գազանների առաջ։ Իսկ երբ ժամանակը հասավ, երանելի Եվգինիային ու բոլորին, որ նրա հետ էին, երկաթե կապանքներով բերեին հրապարակը` ի տես ամենքի։

Բազմությունը, չգիտենալով արդարությունը, աղաղակում էր նրանց դեմ, մանավանդ նրանք, որ Մելանիի կողմից էին։ Որովհետև բազմությունը պես–պես ցանկություններ ուներ. ոմանք աղաղակում էին հրով ոչնչացնել նրանց, ուրիշները` գազանակուր անել և այլք, աղաղակում էին, որ տեսակ–տեսակ տանջանքներ տան նրանց։

Այնժամ եպարքոսը լռեցրեց բազմությանը, Եվգինիային կանգնեցրեց բոլորի առջև և հարցրեց. «Ինչպիսի համարձակությամբ այդքան հանդգնությունը հասցրեց քեզ մինչև ազգային սինկղիտոսներից Մելանիին կիսամահ տարադեմ տեսնելով` քրիստոնյայի կերպարանքով մտար նրա մոտ, իբր թե հմուտ ես բժշկական արվեստին և ազատածին կնոջը թշնամանքի ու անարգության կոչեցիր։ Մի՞թե այսպիսի բան է հրամայում գործել ձեր Քրիստոսը, կամ դա՞ է ձեր պաշտամունքի խոստովանությունը, որ ապականության գործեր կատարեք»։

Այնժամ Եվգինիան պատասխանեց եպարքոսին ասելով. «Աղոթքով խնդրում էի, որ [պարզվի] այս զրպարտությունը, որ եկել է մեզ վրա, ես կամենում էի խղճով հաղթել և այս հնարովի համբավը հանդերձյալ դատաստանին պահել, որովհետև հնարավոր չէ վախեցնել ճշմարիտ սրբությանը` չարարվեստությամբ նրա վրա բարդելով, և ոչ իսկ պարկեշտությունը, սրբությունը կարող են գնալով թաքնվել։ Որովհետև իմաստունների պարկեշտությունը պահվում է հստակորեն, ովքեր այն ստացել են հաստատությամբ, և ի սեր Աստծու քաջաբար է վարվում քրիստոնյան։ Այժմ իմ խղճմտանքը հայտնվել է այս վիճակում։ Քանի որ բնությամբ ես էգ եմ և չէի կարող նրբագեղությամբ իմ ցանկալի Աստծուն ուզածիս պես օգտակար լինել, այդ պատճառով տղամարդ ձևացա. արժանավոր և իրական գեղեցկությունս այլափոխելով ըստ նմանության իմ վարդապետ Թեկղի, ապականացուից և ժամանակավորից փախչելով կամեցա երկնային բարիքի հասնել։ Սա եղավ ի գովություն և ցանկալով աստվածային առաքինությունների` տղամարդու կերպարանք առա։ Այդ պատճառով ես աստվածային պաշտամունքի ցանկությամբ տարված տղամարդու կերպարանք առա, որպեսզի այդպիսով քաջաբար պահեմ կուսությունս»։

Երբ այս ասաց, պատռեց գլխի շորը, և իսկույն կույսի անծանոթ դեմքը և գեղեցիկ լանջը բացվեցին և նորից փութով ծածկեց պատառոտված հանդերձով և շարունակեց խոսել, ասաց եպարքոսին. «Դու իսկ իմ մարմնավոր հայրն ես և իմ երկու եղբայրները` Ապիտոնն ու Սերգիոսը, իսկ ես քո դուստր Եվգինիան եմ, որ Քրիստոսի ցանկության համար արհամարհեցի այս երկրայինը իմ երկու պատանիների հետ, որ ահավասիկ Պրոտեոսն ու Հիակինթոսն են, իմ ներքինիները, որոնք ինձ հետ Քրիստոսի դասը կարգվեցին։ Բայց Քրիստոս այնչափ բավականությամբ կմոտեցնի քեզ, որ վարդապետելովս բոլորի առջև ցանկությունների հաղթող կլինես Քրիստոսով, ինչպեսև ես եմ հավատում, եթե մինչև վերջ անվթար մնանք»։

Սրանից հետո հայրը ճանաչեց դստերը, իսկ եղբայրներն` իրենց քրոջը, և մոտեցան բոլորի աչքի առաջ շրջապատեցին նրան և արտասվելով փարվում էին միմյանց։ Եվ անմիջապես մեկը գնաց և պատմեց նրա մայր Կղոդիային։ Նա լսելով հափշտապ ընթացքով և ձգտումով հասնում է թատրոն։

Եվ արագ–արագ հանելով ոսկեթել հանդերձ` նրա կամքին հակառակ հագցնում են նրան, որ բոլորն իմանան, որ սա Եվգինիան է, և վերև են բարձրացնում նրան, և ամբողջ բազմությունն աղաղակում է ասելով. «Մեկ է Քրիստոսը, մեկ է Տերը, մեկ է քրիստոնյաների ճշմարիտ Աստվածը»։ Բայց եպարքոսը և երեցները բազում քրիստոնյա ժողովրդով թատրոնում էին և սպասում էին, թե երբ են սպանելու` վերցնեն սրբերի նշխարները և ամփոփելով թաղեն։ Նրանք ևս մտնում են թատրոն, փառավորելով Աստծուն, և միաբարբառ աղաղակում, ասելով. «Քո աջը, Տե՛ր, փառավորված է իր ուժով, Քո աջը, Տե՛ր, փշրեց իր թշնամիներին»։

Երբ նրան բարձրացնում էին ի տես բոլորի, որ նրա անչափ պարկեշտությանն անտեղյակ էին, և բոլորը նայում էին, հանկարծակի հուր իջավ երկնքից և մաշեց Մելանիին, և նրա ամբողջ տունը։ Երբ դա ևս տեսան, բազմությանը մեծ խնդություն եղավ երկյուղով հանդերձ, և ութ տարի փակված եկեղեցին բացին, և բոլորը հավատալով քրիստոնյա դարձան։ Մկրտվեց նաև Փիլիպոս եպարքոսը իր` Ապիտոն և Սերգիոս որդիների հետ, մկրտվեց Եվգինիայի մայրը` իր աղախիններով, և հեթանոսների անթիվ բազմությունը քրիստոնեություն ընդունեց։ Եվ ամբողջ Աղեքսանդրիան եղավ իբրև մի եկեղեցի։ Եվ քանի որ բոլոր երեցներն էին առաջնորդում և կարգավորում եկեղեցին, որովհետև առ Տեր էր գնացել նա, որ ավելի առաջ աստվածային օրենքների առաջնորդն էր։ Իսկ նա [Փիլիպոսը] եպիսկոպոս լինելով` մեծապես պատվում էր եկեղեցին, այնպես որ արժանի էր իր պատվին։ Այլև արքունիքն էր կարգավորում նա, որովհետև ուներ եպարքոսական իշխանություն, քանի որ փոխարինող չէր եկել, իսկ բոլոր եգիպտացիները այս պատճառով հեռացան կուռքերի մոլորությունից, դարձան դեպի Քրիստոս և բոլոր քաղաքներում եկեղեցիներ էին հիմնում, և ծաղկում էր քրիստոնեությունը` բարգավաճելով օրեցօր։

Եվ այս բաները այսպես եղան Աստծու շնորհով, իսկ բարու նախանձորդ բանսարկուն և չարի վարդապետն ու գործակիցը բարձրացնում էր հեթանոսներից ոմանց, որ քաղաքի գլխավորներն էին, և ուղարկում այն ժամանակվա թագավորների առջև, ու սուրբ եկեղեցուն և աստվածապաշտ Փիլիպոս եպիսկոպոսին նախանձելով ասացին. «Փիլիպոսի փոխարեն եպարքոս ուղարկվի Պերինոս կոչվածին», – որ թագավորներից հրաման ուներ, թե այդպես պիտի սպանել Փիլիպոսին։ Իսկ Պերինոսը եկավ, չկարողացավ այդ անել, որովհետև Փիլիպոսը սիրելի էր ամբողջ քաղաքի բազմությանը։ Նրա մոտ է ուղարկում քրիստոնյայի կերպարանք առած մարդկանց, որ մոտենալով եկեղեցուն և գտնելով նրան Աստծուն պաշտելիս, մոտեցան նրան իբրև թե նրանից օրհնություն ստանալու, սպանեցին նրան, ինչպես Զաքարիային` տաճարի մեջ, սեղանի մոտ։ Նա եպիսկոպոս եղավ մի տարի և երեք ամիս և վկայի խոստովանությամբ գնաց Տիրոջ մոտ։

Իսկ Եվգինիան առավ իր մարտիրոս հոր մարմինը, տվեց օտարանոցին, որ իր մայր Կղոդիան էր հիմնել Տիրանաս կոչված տեղի մոտ, որը իր եղբայրների աղոթատունն էր ի փառաբանություն Տեր Քրիստոսի, որ թագավորական պատվով կառուցեցին վերոհիշյալ տեղում։

Երբ այս այսպես եղավ, բոլորը, որ Եվգինիայի մոտ էին, և՛ մայրը նրա, և՛ եղբայրները, միաբան լծակցելով շարժվեցին դեպի Հռոմ, և նրանց առաջնորդում էր Աստծու շնորհը։ Որի համար Ապիտոսն ու Սերգիոսը ծերակուտականների կողմից խնդությամբ ընդունվեցին, նույնիսկ նրանցից մեկը հյուպատոս եղավ Կարթագենում, իսկ մյուսը ափրիկեցիների բիտարիտոս կարգվեց։ Բայց Կղոդիան և Եվգինիան շարժվում էին աստվածային խորհրդով և օրըստօրե ջերմանում առաքինության վարքով և բազում անձինք էին մատուցում աստծուն։ Եվ սքանչացած էին բոլոր սինկղիտոսներն ու կույսերը և առաջադիմում էին քրիստոնեական նախանձախնդրությամբ, իսկ Բասիլիա անունով մի կույս, որ Գալիոս թագավորի ազգակիցն էր, զարգացած մտքով և հռչակված իմաստությամբ, գաղտնի եկավ Եվգինիայի մոտ, նրանից լսեց ճշմարտության Բանը, այնպես հավատաց, որ ոչ մի հնար չկար նրան հեռացնելու հավատքից։ Բայց քանի որ չէր կարող շուտ–շուտ տեսնել երանելի Եվգինիային, Պրոտեոս և Հիակինթոս ներքինիներին Եվգինիան պարգևեց նրան։ Եվ ընդունեց, նրանց հետ գիշեր–ցերեկ աստվածային օրհնությամբ ու աղոթքով էր պարապում և դրանով լիանում էր։

Այն ժամանակ մի եպիսկոպոս սուրբ այր և աստվածային խրատներով շատ կատարյալ, եկավ Բասիլիայի մոտ, սուրբ մկրտությամբ լուսավորեց նրան և բոլորին, որ նրա հետ էին, և հաճախակի խրատում էր աստվածային Գրքով հաստատելով նրանց Քրիստոսի հավատքի մեջ։ Եվ նրանք բոլորը միաբան առաքինի վարքով այնքան առաջադիմեցին, որ պատրաստ էին վկայության։ Բայց ինչքան ժամանակ եպիսկոպոսը առաջնորդն էր եկեղեցու, քրիստոնյաները խաղաղության մեջ էին, և նրանց մեջ թշնամիների ոչ մի հուզում չկար, բայց Կիպրիանոս եպիսկոպոսը բազում վշտերի համբերեց հավատքի համար, ուստիև Մաքսիմոս անունով մի հյուպատոս թագավորական հրամանագրով սպանեց նրան, իսկ Նեստոր եպիսկոպոսը այս լսելիս ծածուկ վարքով առանձին էր, որովհետև հռոմայեցի մեծամեծներից շատերին ծածուկ քրիստոնյա էր դարձրել։

Բայց մի օր Բասիլիան եկավ Եվգինիայի մոտ, և սա մեծ խնդությամբ ընդունեց նրան. «Այսօր Տերն ինձ հայտնեց, որ քո արյունը վարդատեսիլ ծաղկի պատկերով կհեղվի. այսինքն` ճգնելով Քրիստոսի խոստովանության համար` հաղթության պսակն ու նշանը կընդունես»։ Իսկ երանելի Բասիլիան այս լսելով և ձեռքերը երկինք բարձրացնելով մեծ խնդությամբ գոհացավ Աստծուց։ Եվ երբ սկսեցին աղոթել և վերջացրին ու նստեցին, Բասիլիան ասաց Եվգինիային. «Յուրաքանչյուրիս, ինչպես տեսնում ենք, Փրկիչը հայտնեց մեր փառքի պսակը, քանի որ ինչպես դու ինձ համար, նույնպեսև ես քեզ համար կելնեմ երկրից` Քրիստոսը հայտնեց ինձ։ Քանի որ տեսա, որ երկնքից կրկնակի հաղթության նշան առար. մեկ` կուսական ճգնությամբ հաղթեցիր Աղեքսանդրիայում, երկրորդ` արյանդ հեղման համար, որ բռնվելու ես»։ Իսկ երանելի Եվգինիան լսելով շատ ուրախացավ և` կանչելով բոլոր կույսերին, ովքեր նրա միջոցով անապական սրբությամբ պարկեշտություն ցանկացան, հրավիրեց իր հետ հաղթելու։ Եվ աղոթքներն ավարտելուց հետո այսպիսի խոսքերով դիմեց նրանց. «Ահա այգեկութի ժամանակն է, երբ գաղափարների պտուղը հասած է երևում, քանի որ իմ սրտի սերն եք, իմ ողկույզները, նախ ինձ ուղարկեցեք, իսկ դուք պատրաստ եղեք արթնությամբ, քանի որ կուսության գլխավոր նշանները սրանք են` նմանվել հրեշտակներին և մոտենալ Աստծուն։ Քանի որ այս առաքինությունը սիրելի է հանդերձյալ կյանքին և` պարկեշտության մայր, սրբության ուսուցիչ, անհոգության տիկին և խնդության առաջնորդ, առաքինության նախանձ և հավատքի պսակ, հույսի օգնություն և պատվի պահպանություն, անձի փառք և հավիտենական հանգիստ, բարության հրավիրակ և երկնային արքայության առաջնորդող։ Այսուհետև մենք պետք է ընտրենք չարչարանք, քանի որ կուսության և սրբության մեջ ենք մնալու. չէ որ փաղաքշանքը աշխարհական է, խնդությունը` ժամանակավոր, որի համար այնտեղ ողբով է ըմբռնվում և արտասուքով։ Որովհետև սկզբում զվարթացնում են մարդուն, իսկ վախճանին հասնելիս` գցում տանջանքի մեջ։ Այս ժամանակ անհոգություն են դնում մտքում, որ պարտավոր դարձնեն մշտական տանջանքի։ Որի համար, ի՛մ պատվական կույսեր, որ քաջապես ինձ հետ կուսությամբ ընթացաք, հաստատուն մնացեք Աստծու սիրուն, որի մեջ կաք և առավել աճեցրեք այն, քանի որ սա ողբալու ժամանակն է, այն ժամանակը, որի մեջ մոլորված էիք, որպեսզի ամենակալ Աստծուց լցվեք անապական խնդությամբ։ Բայց ես ձեզ կհանձնեմ Սուրբ Հոգուն և հավատում եմ, որ իր արքայության մեջ ձեզ կատարյալ և անարատ ցույց կտա։ Եվ ամեն ինչի օրինակ ինձ ունեցեք ձեր աչքի առաջ, մտքում պահելով վարդապետությունը, իմ` տառապածիս վարդապետությունը և նրան փարեցեք բոլոր օրերին»։

Այս և այսպիսի խրատներով դիմեց նրանց, արտասվելով համբուրեց բոլորին և համբուրելուց հետո ասաց. «Ո՛ղջ եղեք, քույրե՛ր իմ, քանզի Բասիլիան, Եվգինիան հեռանում են ձեզնից մարմնով»։ Նույն պահին Բասիլիայի աղախիններից մեկը գնաց Պոմպեոսի մոտ, որին խոսք էր տվել, և ասաց նրան. «Գիտեցի՛ր, որ իմ տիկին Բասիլիան, որ քեզ հետ խոսքկապ էր արել, հրապուրվեց Եվգինիայով և ամենևին հրաժարվել է քեզ հետ ամուսնանալուց»։

Երբ Պոմպեոսն այս լսեց, բարկությամբ բորբոքվեց և գնալով նրա մոտ, ուզում էր մտնել այն սենյակը, ուր Բասիլիան Պրոտեոսի և Հիակինթոսի հետ զբաղված էր աղոթքով ու օրհնությամբ։ Այնժամ Բռնեցին Պրոտեոսին և Հիակինթոսին, ստիպում էին զոհ մատուցել, իսկ եթե ընդդիմանան` սրի կմատնեն։ Նրանք ամենևին չենթարկվեցին, և պես–պես տանջանքներ տվին նրանց։ Համբերեցին բազում տանջանքների, վերջում սրի պատուհաս ընդունեցին և խոստովանության սրբությամբ վախճանվեցին։

Ապա բռնեցին և Եվգինիային և տանջեցին քաղաքի եպարքոս Անիկտիոսի առջև և հրամայեցին գնալ, զոհ մատուցել Արտեմիսին։ Իսկ երանելին տեղ հասավ, մտավ տաճար, կանգնեց արձանի դեմ–հանդիման, ձեռքերը երկինք պարզեց և երկար ժամանակ աղոթեց։ Երբ վերջացրեց աղոթքը, անմիջապես Արտեմիսի արձանն ընկավ, փշրվեց և այնքան մանր եղավ, որ նույնիսկ նրա փոշին չէր երևում։ Իսկ նրանք չիմանալով Աստծու զորությունը` այդ եղածը համարում էին կախարդական արվեստի գործ. հրամայեցին մի մեծ վեմ կապել նրա պարանոցին և գցել Տիբերիոս գետը։ Եվ երբ տարան նրան, գցեցին` անմիջապես քանդվեցին կապանքները, և վեմը նրանից ընկնելով սուզվեց։ Եվ սուրբ Եվգինիան գալիս էր ջրերի վրայով, և բոլոր քրիստոնյաները տեսնելով սքանչելիքը` լցվեցին մեծ խնդությամբ, օրհնում էին և ասում. «Այս է Աստված, որ Եվգինիայի հետ է, նրան չկորցնելու համար է, որ [Քրիստոս] Պետրոսի հետ ծովում էր, որպեսզի նա չընկղմվեր»։

Ու մինչդեռ ջուրը բարձրացրած բերում էր նրան, հասավ ափին և ցամաք դուրս եկավ։ Նրան բռնեցին, դարձյալ բանտ նետեցին և հրամայեցին տաքացնել արքունի բաղնիքը, որի անունն էր Տիբերիանոս, և այնպես բորբոքեցին, որ կայծեր էր արձակում երկաթի նման։ Եվ հրամայեցին նրան գցել այնտեղ, որ բոցով մաշվի։ Երբ մտավ մեջը, իսկույն կրակը մարեց, այնպես որ արքունական բաղնիքը այնուհետև տաքացնել չէին կարող` Նրա հրամանով եղած սառնամանիքից։ Իսկ երբ որ այս հնարը ևս հաղթահարեց շնորհով, որ գործակից էր Իր աղախին Եվգինիային, հրամայեցին դարձյալ բանտ նետել, և նրան գցեցին խավարի տունը, առանց հաց ու ջրի, և ամբողջ տունը լուսավորվեց։ Եվ երանելին մնաց բանտում քսան օր։ Եվ ամեն օր այնտեղ լույս էր ծագում։ Նրան երևաց Աստծու հրեշտակը և զորացնելով նրան ասաց. «Քաջալերվիր Քրիստոսի աղախին Եվգինիա, քանզի Տեր Հիսուս Քրիստոսը, որին ամբողջ մտքով ծառայեցիր, ինձ առաքեց քեզ մոտ, ասելով. «Քաջալերվի՛ր և զորացի՛ր, որովհետև այսօր քեզ երկինք եմ տանելու` ավարտելով քո հաղթության ընթացքը»։ Նույն օրն իսկ, երբ Քրիստոսի ծնունդն էր, մի սպանիչ ուղարկեցին, որ գնաց–սպանեց նրան։ Այնժամ քրիստոնյաները լսեցին, հավաքվեցին, վերցրին Եվգինիայի մարմինը և ամփոփելով փութով դրին մի նշանավոր տեղ` քաղաքից հեռու, ճանապարհի հանդեպ, որ կոչվում էր Զատինա։ Իսկ նրա մայր Կղոդիան գերեզմանի վրա նստած լալիս էր, և նրան հայտնվեց երանելի Եվգինիան, ասաց. «Մա՛յր իմ, խնդա ուրախությամբ, որ Տեր Քրիստոսը ինձ տարավ իր սրբերի ուրախության և հանգստի մեջ, իսկ իմ հորը կարգեց սուրբ հայրապետների դասը։ Եվ քեզ խաղաղությամբ կընդունի այս եկող կիրակի։ Եվ դու պատվիրիր քո որդիներին` իմ եղբայրներին, որ պահեն Քրիստոսի նշանը, որով արժանի կլինեն ընդունակ և ժառանգորդ լինելու Նրա սրբերին»։

Եվ երբ Կղոդիան վերադարձավ տուն, ուսուցանում էր որդիներին` ինչպեսև պատվիրեց երանելի Եվգինիան։ Եվ կիրակի օրը, խորհուրդը կատարելու ժամին, մինչդեռ եկեղեցում էր և աղոթք էր մատուցում, իր հոգին տվեց Քրիստոսին`բոլոր հոգիների Տիրոջը։ Այսպես վախճանվեց նա։ Նրան վերցրին իր որդիներ Ապիտոսն ու Սերգիսը և դրին իրենց քրոջ մոտ։ Եվ նրանք հառաջադիմում էին Տիրոջ նախանձախնդրությամբ բոլոր առաքինություններով, մինչև որ բազում հեթանոսների փրկելով անարժան զոհաբերություններից` դարձնում էին Քրիստոսի հավատին։ Նրանց սրբելով սուրբ մկրտությամբ` իրենք ևս արժանի եղան հետևորդ լինելու իրենց ծնողների և երանելի քրոջ վարքին և խառնվեցին սրբերի դասին։ Նրանց հետ և մենք արժանի լինենք վայելել երկնի արքայության մեջ. օրհնել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև ամեն շունչ պարտավոր է Նրա փառքին, և ամեն ծունկ օրհնի երկնավորներին, երկրավորներին և սպանդարամետականներին, և ամեն լեզու խոստովանի Նրան, որ ամեն ինչի վրա է, և Նրան վայել է փառք, հավիտյանս հավիտենից. ամեն։

« Սուրբ Երմոնիոս կույսի վկայաբանությունը   |   Սուրբ մարտիրոսներ և փառավոր վկաներ Եվգինեոսի, Վաղերիանոսի, Կանտիտոսի, Ակյուղասի, Մակարիոսի վկայաբանությունը »
© Gratun.org