Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Բ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ մարտիրոսներ և փառավոր վկաներ Եվգինեոսի, Վաղերիանոսի, Կանտիտոսի, Ակյուղասի, Մակարիոսի վկայաբանությունը

Այն ժամանակ Հռոմ մեծ քաղաքում թագավոր էին Դիոկղետիանոսը և Մաքսիմիանոսը, և չար խորհուրդ հղացան` աստված կոչվածների քուրմերի և քաղաքի սինկղիտոսների և մեծամեծների հետ քարոզիչներ ուղարկել Հռոմի բոլոր գավառների իշխանություններին` ողջակեզ և զոհեր մատուցեն աստվածներին, և բոլորը ճաշակեն զոհերի [մսից]։ Բոլորին հաճո թվաց այս գաղափարը և մեծ ցնծությամբ ուրախացան և ասացին. «Մենք բոլորս հավանում ենք ինքնակալներիդ հրամանը` մեր բարերար աստվածներին հստակամտությամբ զոհ մատուցել, իսկ ովքեր չհնազանդվեն` մահով մեռնեն»։ Եվ շուտով թագավորներից հրաման ելավ` քաղաքի բոլոր գլխավորներին հավաքել Հռոմի Կապիտոլիումում, նամակ գրելով այս բովանդակությամբ.

«Միշտ հաղթող թագավորներ, ինքնակալ սեբաստոսներ Դիոկղետիանոսը և Մաքսիմիանոսը, մեծամեծներով և փոքրերով միաբան, իմացանք առատապարգև բարիքները, որ շնորհեցին աստվածները, մանավանդ հաղթությունը, որ ընձեռվեց մեզ, և հակառակորդների տկարությունը և նկուն լինելը նրանց զորությունից։ Նաև երկրի առատ պտղաբերությունը և օդի բարեխառնությունը, որ շնորհվեց մեզ, և բոլոր բարիքները։ Որի համար հրամայում ենք ձեզ` բոլոր գավառներին ու քաղաքներին, որ մեր իշխանության տակ եք, չդադարել աստվածներին զոհ մատուցելուց, այլ ընծայատուր լինել նրանց բագիններին, թե՛ մեկը` ազատ է և թե՛ ծառա, թե՛ զինվոր, թե՛ ռամիկ` ողջակեզների նվիրական զոհերը մի՛ ծուլանաք մատուցել։ Իսկ եթե մեկը հակառակ կենա մեր հրամաններին, այնպիսին մատնվի դատավորների ձեռքը և արգելափակվի խավարչուտ տեղերում, դառն ու չարաչար տանջանքով և բազում հարվածներից հետո սրով մահու վճիռ ստանա։ Իսկ ովքեր հնազանդ լինեն մեր հրամաններին, նաև աստվածների բարերարությունից կգոհանան և ողջակիզված զոհերից կճաշակեն, փառքի ու պատվի կարժանանան»։

Լսելով այսպիսի ուրացության հրամանը Հռոմայեցոց ամբողջ աշխարհը ահուդողով խռովվեց, և մեծ դողով զարհուրեցին, և իբրև խավարի մեգ և տագնապի խուճապ տարածվեց հավատացյալների վրա, քանի որ արևելյան քաղաքների դատավորներից մի լուր եկավ–հասավ թագավորների լսելիքին, գրված ամբաստանության նամակ, թե Կապադովկիան և Մեծ Հայքի բոլոր կողմերը հակառակվեցին ձեր հրամաններին` չկատարելով աստվածների խորհրդավոր տոները և չճաշակելով նրանց նվիրական զոհերի [մսից]։

Երբ այս լսեցին թագավորները, շտապ փոխեցին այն գավառների իշխաններին` մեծ ցասումով զայրացած նրանց վրա, նրանց համարելով օրինազանց և անպիտան։ Եվ նրանց փոխարեն երկու մարդ ուղարկեցին` ազգով և կրոնով հելլենացի, մեկի անունը Լուսիաս և երկրորդինը Ագրիկողայոս. վայրենամիտներ և գազանաբարոներ` խորագետ և հանճարեղ։

Եվ երբ նրանք եկան հասան արևելից երկիրը, այն արյունարբու գազանների հրամանով բոլոր քրիստոնյաները բռնվեցին նրանց անաստված դահիճների ձեռքով և անողորմ տանջանքների ենթարկվեցին, իսկ նրանց, որ թաքնված քրիստոնյաներին մատնում էին, պարգևներ էին տալիս։ Նաև հեթանոսները տեսան այն, թե ովքեր մատնում են քրիստոնյաներին, պարգև են ստանում, այնուհետև շահագրգռված էին լինում հավատացյալներից մեկին գտնել, որ մատնեն այն գիշակեր գազանների ձեռքը։

Եվ երբ քիչ ժամանակ անցավ, հեթանոսներից ոմանք Տրապիզոն քաղաքում լսեցին և փախած քրիստոնյաներին մատնում էին դատավորների ձեռքը` ինչք շահելու նպատակով։ Այնուհետև եկան Սադաղա քաղաքը, որտեղ նստում էր Լուսիաս դուքսը, և պատմեցին երանելի Վաղերիանոսի, Կանտիտոսի, Ակյուղասի և Եվգինիոսի մասին, որ Տրապիզոն քաղաքից էին։ Նաև քրիստոնյաներից շատերը արծաթսիրության ախտով նմանվելով Հուդային` գնացին Սադաղա քաղաքը, հանդիպեցին Կոմենտարիոսին, որ զինվորների դասի զորագլուխն էր, հայտնեցին նրան ասելով. «Ահա Տրապիզոն երկրի և մերձակա Իտիսկոնիա գավառի վարդապետները թաքնված են ամրոցում։ Նրանք թագավորներին ուսուցանում են քրիստոնյաների հավատքը և ասում. «Թագավոր չեն նրանք, ովքեր բռնությամբ պահում են երկիրը, այլ մեկ ուրիշն է` Հիսուս Քրիստոսը, երկնավոր Աստված։ Նրան հրեաները Խաչյալ են ասում, և հեռացրին ողջակեզներից և աստվածների զոհերից։ Եվ ոչ միայն նրանց, այլև այն կողմերի բոլոր գեղջուկ ու ռամիկ մարդկանց խաբելով դարձրին իրենց կրոնին։ Մեկ ուրիշը ևս հայտնվեց մեր քաղաքում, որ գրեթե նրանց աղանդի գլուխն է և չի դադարում ուսուցանել ու քաջալերել բոլոր քաղաքացիներին ու զորականներին` խրատելով ու ասելով. «Մի՛ երկրպագեք աստվածներին, այլ` Հիսուս Քրիստոսին, որին երկնավոր և հավիտենական Թագավոր են կոչում»։ Եվ նրանք թաքնված են այն կողմերի անտառախիտ մայրիների մեջ։

Զորագլուխն ասաց նրանց. «Եթե կարողանաք նրանց ցույց տալ ինձ, բազում պարգևների և պատվո կարժանացնեմ ձեզ` ըստ մեր իշխանի հրամանի»։ Այնժամ զորագլուխը գնաց և ծածուկ հայտնեց Լուսիաս իշխանին այն մարդկանց ասածները, և դուքսը հրամայեց իր մոտ կանչել այն քրիստոնյաներին, Քրիստոսի երանելի վկաներին։ Եվ երբ սրանք [մատնիչները] եկան, դուքսը ելավ և նրանց մեկուսացրեց ամբոխից, հարցնում էր նրանց, թե ո՞րտեղ են սրբերը և ո՞ր քաղաքներից են նրանք։ Նրան պատասխանեցին. «Տրապիզոն քաղաքի սահմաններում կբռնենք նրանց։ Արդ, հրամայիր որսորդներին, շներով գալ մեզ հետ, և զորականներիցդ մեր հետևից գան և շրջապատեն անտառը, որտեղ բնակվում են, և կբռնենք նրանց»։ Այս խոսքը հաճո թվաց Լուսիաս իշխանին, և տվեց ամեն մեկին երեք դահեկան և առաքեց նրանց, պատվիրելով, որ ոչ ոք չիմանա ու չփախչի բարբարոսների երկիրը։

Իշխանը կանչեց Կոմենտարիոսին, որ զորագլուխն էր, և բոլորի ներկայությամբ հրամայեց զորականներին` պատրաստել որսորդներին ու զինվորներին և մատնիչներին նրանց հետ փութով հասնել Տրապիզոնի երկիրը, հետամտել և շրջել, որ միգուցե գտնեն նրանց, և զգուշանալ, որ խռովություն չընկնի երկրում։ Եվ երբ մոտեցան տեղին, որ մատնիչները ցույց էին տալիս նրանց, շրջապատեցին անտառը և աղաղակ բարձրացրին. և թնդում էր երկիրը, ժայռերն ու լեռները ահավոր արձագանքով գոչման ձայներ էին արձակում։ Եվ գազանները հոտոտելով շրջում էին, որս էին կարծում և փնտրում մարդկանց, իսկ որսորդները արագորեն գտնելով նրանց, շատ ուրախանում էին։

Եվ տեսան երանելի Կանտիտոսին, բռնեցին և հարցրին նրան. «Ո՞վ կամ ո՞րտեղացի ես դու և ինչ գործ ունես այս անտառում»։ Պատասխանեց սուրբն ու ասաց նրանց. «Ես քրիստոնյա եմ»։ Մատնիչներն ասացին. «Դո՞ւ ես քրիստոնյաների վարդապետը»։ Երանելին դարձյալ ասում է նրանց. «Ես քրիստոնյա եմ»։ Հարցրի նրան. «Ո՞ր քաղաքի քաղաքացի ես դու, և կամ ի՞նչ է քո անունը»։ Պատասխանեց նրանց և ասաց. «Ես Մակեդոնացոց աշխարհից եմ, Թեսաղոնիկե քաղաքից»։ Եվ մատնիչներն ասացին. «Կապեցեք դրան երկաթե կապանքով և տարեք իշխանի մոտ, և այնտեղ կհարցաքննեն դրան և կիմանան, թե ո՞վ կամ ո՞րտեղից է։ Եվ իրար գլխի մի՛ հավաքվեք, որ քրիստոնյաները չգան և չազատեն դրան, որովհետև ինչպես տեսնում ենք` դա է որոնվածը»։ Եվ կապեցին նրան, տվին զորականներից մեկին, և ճամփա ընկան գնալու Տիսկանա կոչված ճանապարհով։

Եվ իրենք գնալով թանձրախիտ անտառով խուզարկում էին, գտնելու սրբերի մյուս ընկերոջը։ Եվ տեսան մի մարդու, որ լծած եզներ էր քշում։ Եվ բռնելով հարցրին նրան. «Ո՞ւր են փախել քրիստոնյաները, և կամ գուցե հենց դու ես»։ Պատասխանեց և ասաց. «Ես մեղավոր մարդ եմ և ում մասին հարցնում եք` չգիտեմ»։ Եվ սրբերին մատնողները ասացին զորականներին. «Բռնեցեք դրան և տարեք իշխանի մոտ, և նա տանջելով կհարցնի դրան, և կխոստովանի»։ Ստրատելատներն ասացի նրան. «Միայն տեղը ցույց տուր, և քեզ կարձակենք»։ Նա պատասխանեց. «Եվ ինչո՞ւ պիտի ես արդարև անարատ մարդուն իզուր կորստյան և մահվան որոգայթի մատնեմ»։ Իսկ նրանք փաղաքշանքով աղաչում էին նրան, որ չվախենա զարհուրելով և բոլորին լսելի հայտարարի։ Դարձյալ ստիպում էին և ասում. «Մեզ տեղը ցույց տուր միայն հեռվից»։ Եվ այրը հավանեց նրանց [խոսքին], և տարան նրան այնտեղ, և ցույց տվեց։ Այնժամ զորականներով հանդերձ թակարդներ պատրաստեցին այն տեղի շուրջը, ինչպես երեների որսի ժամանակ, բարձր ձայնով ու աղաղակով բռնեցին սրբին։ Նա ուզում էր փախչել նրանցից, բռնեցին և հարցրին. «Ո՞վ ես կամ ո՞րտեղից ես»։ Պատասխանեց և ասաց նրանց. «Ես քրիստոնյա եմ։ Բավական էր ինձ նախասացյալ անունը, որ վայելուչ էր ասել ձեզ»։ Այնժամ մատնիչներն ու ստրատելատները իմացան, թե սա է, որին փնտրում են։ Եվ կապեցին սրբին, հանձնեցին զինվորներին, ուզեցին արձակել այն մարդուն, որ ցույց տվեց նրանց։ Իսկ նա ասաց. «Թե այսպես հաճո թվաց մեր Աստծուն, որ մեր առաջնորդները մատնվեն ձեր ձեռքը, ես ևս չեմ հեռանա նրանցից, որովհետև ճշմարիտ քրիստոնյա եմ»։ Եվ սուրբ վկա Վաղերիանոսը ասում է հավատացյալ մարդուն. «Ե՛կ մեզ հետ, որդյա՛կ, և մի՛ հեռանա մեզնից, որովհետև այսպիսի ուղեկիցներ երբեք չես գտնի և ոչ հրավիրող` Տեր Հիսուս Քրիստոսի նման»։ Զորականները լսեցին, որ այրը քրիստոնյա է, կապեցին և շարունակեցին իրենց ճանապարհը։

Երեք օր հետո սրբին տարան Տրապեզոն քաղաքը։ Զորականները քաղաքացիներին կապվածների մասին հարցրին. «Ո՞րտեղ բանտ գցենք»։ Եվ որոշեցին ընդհանուր բանտում պահել նրանց մինչև Լուսիաս բդեշխի գալը։ Եվ զինվորները անընդհատ շրջում էին քաղաքում, որ թերևս գտնեն սրբերի երրորդ ընկերոջը։ Իսկ սուրբը ապահով թաքստոցում էր։ Եվ իշխանին հայտնեցին, թե նրանց վարդապետներից երկուսին բռնել են, իսկ երրորդին չեն գտել։ Մատնիչները ևս չգտան սուրբ Եվգենիոսին, գնացին ամեն տեղ, և [մարդիկ] չուզեցին ցույց տալ զորականներին։ Երբ այս լսեց Լուսիաս իշխանը` առավոտյան հավաքեց զորքերը և իր զորականների դասը և ճանապարհ ընկավ։ Եվ հինգ օր հետո եկավ Տրապեզոն քաղաքը և իմացավ զորականներից, որ գտել են սրբերին։

Իսկ ամենագով սրբերը այն բանտում գիշեր–ցերեկ աղոթում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին և ասում. «Քեզ հուսացողների անձերը մի՛ մատնիր գազաններին և մի՛ մոռանար աղքատությունը մեր, մեր Տեր Աստված, այլ փրկիր մեզ մեր ատելիների ձեռքից և մեզ ամրացրու Քո ամենահաղթ աջով և մեր վկայության ընթացքը վերջացրու ըստ Քո անսուտ խոստումների»։ Եվ երբ առավոտ եղավ` Լուսիաս դուքսը եկավ և հարցրեց զորքին. «Ո՞րտեղ է ժողովարանը, որ այնտեղ նստելով հարցաքննեմ դատապարտյալներին»։ Քաղաքացիները պատասխանեցին. «Պալատը, որ կոչվում է Վավռեսին, մոտ է ծովին։ Դա է դատաստանի վայրը»։ Եվ քաղաքի բազմությունը հավաքվեց` տեսնելու Քրիստոսի վկաների հանդեսը։ Լուսիաս իշխանը գնաց և նստեց ատյանում և Կոմենտարիոսին հրամայեց բերել բոլորին, որ բանտում էին և հարցաքննել։ Զորագլուխը գնաց բանտ, սրբերին կապանքներով առավ և բերեց [նրա] առջև։ Իսկ սուրբ վկաները միաբան աղոթում էին Աստծուն և ասում. «Տեր Հիսուս Քրիստոս, ամենակալ և գթած Աստված, դու սուրբ մարգարե Դավթի բերանով ասացիր. «Նախապես մի՛ հոգացեք, թե ինչ խոսեք, որովհետև ձեր Հոր Հոգին կխոսի ինչ որ պետք է դուք խոսեք» (Ղուկ. Ա. 14–15)։ Այժմ Տեր և Աստված մեր, խոստացված ժամը հասել է. ուղարկիր Քո հրեշտակին և մեզ տուր մեր բերանը բանալու խոսքը, երբ մտնենք իշխանի առաջ` հանդիմանելու նրա անօրինությունը, որ ամբարշտել է Քո դեմ։ Բայց չարչարանքի նրա հարվածներից մենք չենք վախենում, քանի որ հանապազ Քեզ ունենք մեր աչքերի առաջ»։ Եվ երբ սրբերն ավարտեցին աղոթքը, անօրեն դահիճները բռնեցին նրանց, պատռեցին նրանց հագուստները և տարան իշխանի առաջ։

Երբ Լուսիասը տեսավ նրանց, հարցրեց. «Ասացեք ինձ ձեր անունը, թե ինչ եք կոչվում, ապա ձեր պաշտամունքը և` զոհերի ողջակեզները և երկրպագությունը ո՞ւմ եք մատուցում»։ Սրբերը պատասխանեցին. «Եթե ուզում ես հարցնել մեր ճշմարիտ և արդար անունները` քրիստոնյա ենք, այլ բախտ ու ճակատագիր մենք չգիտենք, իսկ հայրերից և ծնողներից անվանվեցինք Վաղերիանոս և Կանտիտոս»։ Իշխանն ասաց. «Եվ ձեր մյուս ընկերը, որ իրեն քրիստոնյա անվանեց, ի՞նչ է կոչվում»։ Ինքը պատասխան տվեց և ասաց. «Կոչվում եմ Ակյուղաս»։ Դուքսն ասաց. «Ո՞ւր է և երրորդ վարդապետը ձեր, որ հատկապես փնտրում ենք»։ Սրբերն ասացին. «Լսեցինք նրա մասին, որ այս քաղաքում է։ Եթե Աստված սիրում է նրան, հայտնի կդարձնի նրան քո ատյանին, քանի որ կա նաև Գրքում. «Տերը խրատում, տանջում է ամեն որդու, որին ընդունում է» (Առակ. ԺԱ. 9)։ Իշխանն ասաց. «Դո՞ւք եք, որ սովորեցնում եք զոհ չմատուցել աստվածներին և արհամարհել ինքնակալների հրամանները»։ Սրբերն ասացին. «Այո՛, մենք մեզ մոտ եկողներին ուսուցանում էինք ճշմարտության ճանապարհը, որ տանում է հավիտենական կյանք, և` անարյուն ողջակեզներ մատուցել համագոյ և միասնական Երրորդությանը։ Աստծու կամ թագավորի այլ անուն մենք չգիտենք, միայն Հիսուս հավիտենից Թագավորին, որ ունի մահվան և կյանքի վրա իշխանություն»։ Դուքսն ասաց. «Եվ ումից է ստացել Նա իշխանություն»։ Սրբերն ասացին. «Ամենակալ Հորից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և ստեղծեց իր ամեն ինչով»։ Իշխանը հարցրեց. «Այն, որ հրեաները խաչեցի՞ն` Նա՞ կդատի կենդանիներին ու մեռյալներին»։ Սրբերն ասացին. «Այո՛, Նա է Իր զորությամբ տիեզերքը դատում և հարություն տալիս մեռելներին, իսկ ամբարիշտներին անշեջ հուրն է ընձեռում և անվախճան որդերը»։ Իշխանն ասաց. «Եվ երբ որ մեռնենք, նորի՞ց կհառնենք»։ Սրբերն ասացին. «Ինչու է դատում Աստված տիեզերքին արդարությամբ, կամ արդարներին փառք է շնորհում, մեղավորներին անվախճան տանջանք։ Բայց ձեր` ամբարիշտներիդ մասին գրված է. «Ամբարիշտները դատաստանին չեն հառնի և ոչ մեղավորները` արդարների խորհրդին» (Սաղմ. Ա. 5)։ Բայց ձեզ հայտնի լինի սա, որ ձեզնից նրա՛նց հոգիները, ովքեր տանջվեցին և դատվեցին ձեր անիրավությամբ ու ամբարշտությամբ, պահանջելու է Աստված անաչառությամբ և ձեզ կգցի արտաքին խավարը, որ պատրաստված է ձեր հորը` սատանային և նրա հրեշտակներին, բոլոր ամբարիշտներին և Նրան ուրացողներին»։ Իսկ դուքսը մռմռաց սրբերի վրա` իբրև արյունարբու գազան, հրամայեց սրբերի ոտքերն ու ձեռքերը կապել շղթաներով բացի չորս զինվորներից, և արջառաջղով ծեծել նրանց` մինչև արյունը ոռոգի երկիրը։ Եվ սրբերն ասացին. «Տերն է մեր օգնականը, և մենք չենք երկնչում` մարդն ինչ կանի մեզ»։ Իշխանն ասաց. «Եթե չեք համաձայնում զոհ մատուցել աստվածներին, իսկույն կյանքից կզրկեմ ձեզ»։ Սրբերն ասացին. «Մեր մարմնի վրա իշխանություն ունես, ինչ ուզում ես արա՛, իսկ մեր հոգիներին իշխանություն ունի Նա, ով տվել է և կարող է մեզ շնորհել հավիտենական կյանքի առհավատչյա»։

Այն ժամ դուքսը հրամայեց հանել նրանց և կապել փայտից և նրանց ոտքերը պնդել կոճղով և երկաթե շեղբերով քերել ու մածել նրանց անդամները։ Եվ անողորմ դահիճները կանթեղներ մոտեցրին վկաների մարմիններին, այրեցին ու խորովեցին նրանց։ Իսկ սուրբ վկաներն սկսեցին բարձր ձայնով աղոթել և ասել. «Մեր Տեր Աստված, որ Քո մեծ զորությամբ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և նրանց մեջ եղած արարածներին, որ ամենակարող ես, ուղարկիր Քո հրեշտակին և շիջեցրու այս հուրը, որ նեղում է մեզ և ցրիր հնոցի բոցը, ինչպես բաբելոնյան հրից փրկեցիր երեք մանուկներին և այրեցիր քաղդեացիներին։ Նայիր մեզ և անկեզ պահիր մեզ, որպեսզի հավիտյանս փառավորվի Քո անունը»։ Երբ սրբերը այս աղոթեցին, իսկույն չար իշխան Լուսիասի սպասավորները մեռելի պես ընկան և չէին կարող ելնել։ Իշխանը տեսավ, խիստ տրտմեց, և հավաքվածների ամբողջ ատյանը ամոթահար եղավ։ Եվ հրամայեց իջեցնել փայտից և տանել բանտ։ Եվ գնալիս սրբերն աղոթում էին ասելով. «Դու, որ նստում ես երկնքի բարձունքին, Հոր աջ կողմը, ճշմարտության Աստված և ողորմության Տեր, օգնիր մեզ, որպեսզի երբ մեզ մոտենա նեղությունը` հաջողվի մեզ Քո վկայությունների ճանապարհը»։ Եվ գիշերը այսպես ավարտեցին աղոթքն առ Աստված։

Իսկ երանելի վկա Եվգենիոսը քաղաքից դուրս թաքնված էր մի տեղ, քարանձավում, որ կոչվում էր Փշաբեր։ Գիշերվա երազում Տերը երևաց նրան ցերեկի նման և ասաց. «Եվգինեոս»։ Եվ նա ասաց. «Ահավասիկ եմ, Տեր»։ Եվ Տերն ասաց նրան. «Տեսար երկնի արքայությունը քեզնից առաջ [գնացողներին], որ (կանխեցին) քեզ։ Չլսեցիր ավետարանական ձայնը, որ ասում է. «Ով խոստովանի Ինձ մարդկանց առաջ, կխոստովանեմ Ես մարդկանց Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33, Ղուկ. ԺԲ. 9)։ Դարձյալ նրան ասաց Տերը. «Քո անձը հայտնի դարձրու քեզ փնտրողներին և մի՛ ընդդիմանա իմ հրամանին` ինչպես Հովնանը եղավ։ Քարոզիր կյանքի Բանը և սովորեցրու և մի՛ երկնչիր և մի՛ պատկառիր, որովհետև քեզ հետ եմ»։ Այս ասելով Տերը հրեշտակներով հանդերձ բարձրացավ երկինք։ Սուրբ Եվգենիոսը այս ամենը լսում էր ինչպես ցերեկը, և ելավ, կանգնեց աղոթքի և գոհացավ Տիրոջից և փառավորում էր Աստծուն գիշեր ու ցերեկ։

Անօրեն իշխանի զինվորները փնտրում էին նրան և չէին գտնում։ Եղավ, որ մի կին խոտ քաղելիս անցնում էր այն վայրով, որ կոչվում է Վարանխայ, քարայրին մոտիկ, որ կոչվում է Փշաբեր։ Նա լսեց սաղմոսերգության ձայն. սուրբ Եվգենիոսը աղոթում էր։ Եվ կինն ասաց. «Օտարոտի ինչ–որ ձայն լսեցի Ականտիսի [փշաբեր] քարանձավից և մարդու ձայն, թե դա ինչ է` չգիտեմ»։ Երբ քաղաքացիները լսեցին, ասացին նրան. «Ուրեմն դև է խփել քեզ, և մոլեգնել ես։ Ինչպես ես ասում` «Ձայն լսեցի և չտեսա ոչ մեկին»։ Եվ կինը պնդում էր, որ իր ասածը ճշմարիտ է։ Իսկ նրանք, որ փողոցի մեջ հավաքվել էին` մարդիկ և դատավորի սպասավորները, երբ լսեցին, կնոջ հետ միասին գնացին Ականտիս կոչված քարանձավը` իրենց հետ վերցնելով սպառազինված մարդկանց։ Նրանց հետ քաղաքից իջան այրեր և կանայք, և կինը նրանց ցույց տվեց անձավը։ Եվ ձայն էր լսվում բազմության ականջին, երբ երանելի Եվգինեոսը սաղմոսում էր։ Զարհուրած վախենում էին մտնել ներս, որովհետև կարծում էին, թե այնտեղ չար դևեր կան։ Իսկ ովքեր զինված էին, համարձակվեցին մտնել անձավը։ Եվ տեսան սրբին, որ տարածել էր իր ձեռքերը դեպի երկինք և աղոթում էր բարձրաձայն, գոհանում ու փառավորում էր Աստծուն։ Շրջապատեցին սրբին, իսկ նա չդադարեց աղոթելուց և ասաց այսպես. «Ինձ շրջապատեցին բազում շներ, և չարերի ժողով պաշարեց ինձ» (Սաղմ. ԻԱ. 17)։ Հարցրին նրան ասելով. «Ինչո՞ւ ես այստեղ միայնակ բնակվում, կամ ի՞նչ ես փնտրում այստեղ։ Գուցե դու ես, ում որ փնտրում է մեր իշխանը, որ կոչվում ես քրիստոնյաների վարդապետ և ուսուցիչ»։ Պատասխանեց. «Ես քրիստոնյա եմ»։ Իսկ Լուսիաս բդեշխի զինվորներից ուրիշներ հարցրին. «Դու ա՞յս քաղաքից ես, թե` այլ»։ Իսկ երանելին չպատասխանեց, միայն ասում էր` «Քրիստոնյա եմ»։

Այն ժամ զինվորները բռնելով նրան քարշ տվին մինչև քաղաքը` կամենալով նրան տանել դուքսի առաջ։ Իսկ Քրիստոսի երանելի վկան աղաղակում և ասում էր. «Քո վկայության ճանապարհին կզվարճանան որպես ամեն մեծության մեջ» (Սաղմ. ՃԺԸ. 14)։ Ու դարձյալ. «Զի ինչպես քաղցր է իմ քիմքին քո կամքը» (Սաղմ. ՃԺԸ. 103), և հետո. «Չեմ երկնչի չարից, զի դու Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. ԻԲ. 4)։ Մատնիչները լսեցին, որ սուրբ Եվգինեոսը բռնվել է և կամեցան հայտնել իշխանին։ Եվ զինվորները երանելիին բերին դուքսի մոտ, վկայելով, որ դա է քրիստոնյաների իսկական վարդապետը, որ գտան քարանձավում թաքնված։ Երբ իշխանը տեսավ նրան և շուրջը եղած բազմությունը, և օրը տարաժամել էր, հրամայեց պարգև տալ մատնողներին և ամբոխն արձակեց, որ առավոտյան հրապարակավ դատի սրբին։ Եվ տարան երանելիին բանտ նետեցին։ Եվ [դատավորը] ամբողջ գիշեր մտածմունքի մեջ էր, թե ինչ ճանապարհով դատի սուրբ վկային։ Իսկ նա գիշերը լուսացրեց Աստծուն աղոթելով։ Առանձնացված լինելով մյուս քրիստոնյաներից` աղոթելիս ասում էր այսպես. «Տեր Աստված ամենակալ Հայր, մեր հայրերի` Աբրահամի, Սահակի և Հակոբի Հայր, որ Քո Միածին Որդուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին առաքեցիր աշխարհս, որով ճանաչեցինք Քո աստվածությունը, որ եկավ և մարմնացավ անարատ կույս Մարիամից, որ երկրի վրա երևաց և շրջեց մարդկանց հետ, որ Պոնտացի Պիղատոսի առջև վկայեց բարի դավանությունը, որ համբերեց խաչի և մահվան և երեք օր անց հարյավ և փրկեց մեզ գրավորական օրենքի ծառայությունից, վկաների գլխավոր եղավ և ննջեցյալների առաջին պտուղ, և համբերություն տվող, և սուրբ հրեշտակների հրամանատար, սուրբ առաքյալներին լցրեց գիտությամբ և պատվիրեց չմեկնել Երուսաղեմից և սպասել Հոր ավետումին բարձունքից, և այժմ, մեր Տեր Հիսուս Քրիստոս, Քո սրբությունից ինձ զորություն տուր և շնորհիր բանալ իմ բերանը հանդիմանելու ամբարիշտներին, որ գալիս են մեզ վրա»։

Սրանից հետո Լուսիաս դուքսը եկավ, նստեց ատյանում` մի բարձրադիր տեղ, և նախ հրամայեց Կոմենտարիոսին, որ զինվորների զորագլուխն էր, գնալ սրբի մոտ և համոզկեր խոսքերով դիմել սրբին, որ թերևս համաձայնի զոհ մատուցել աստվածներին։ Իսկ երբ սուրբ Եվգենիոսը իմացավ, որ դուքսը ուզում է կանչել իրեն` շտապեց գնալ նրա առաջ։ Եվ մյուս իշխանը, որ Կոմենտարիոսն էր, իմացավ, որ անօգուտ են համոզման խոսքերը, զինվորներին ասաց. «Առեք–տարեք և շուտով հասցրեք բդեշխի առաջ, թերևս նրան կասի, թե ով կամ ո՞րտեղից է, կամ ի՞նչ էր անում քարանձավում»։ Իսկ սուրբ Եվգենիոսը ինքնիրեն կնքեց սուրբ Խաչի նշանով, ասաց. «Ես քրիստոնյա եմ և ոգևորված եմ մեր փրկիչ Աստծու վարդապետությամբ և արժանի չեմ ուսուցիչ կոչվելու, որովհետև մեր ուսուցիչը Քրիստոսն է։ Իսկ ինձ հետևող քրիստոնյաներին ուսուցանում եմ ճշմարտության ճանապարհը` հավատալ և երկրպագել մի Աստվածությանը, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, երևելիների և աներևույթների արարչին, և անարգել ու արհամարհել մարդկանց ձեռքի գործերը, որ ոչինչ են, ինչպես Դավիթ Մարգարեն է ասում. «Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են և նման կլինեն նրանց, ովքեր իրենց ստեղծել են» (Սաղմ. ՃԺԳ. 4)։ Եվ ինչպես առաքյալ և աստվածընկալ Պողոսն է ասում. «Պաշտեցին արարածին և ոչ Արարչին» (Հռոմ. Ա. 25)։

Դուքսն ասաց նրանց. «Դուք` քրիստոնյաներդ, երեք Աստծու եք երկրպագում և ոչ Արարչին»։ Երանելին պատասխանեց նրան ասելով. «Մենք, ո՛վ դուքս, երկրպագում ենք ոչ բաժան երեք հոգու, այլ միասնական և անբաժանելի Երրորդության, մի բնության` ամենակալ Հոր, Միածին Որդու և ճշմարիտ Սուրբ Հոգու։ Իսկ դուք երկրպագում եք մեռելոտի արձաններին և բանսարկուին։ Քրիստոսը, որ ճշմարիտ Աստվածն է, Հորից իշխանություն ստացավ դատելու կենդանիներին ու մեռյալներին, իսկ ամբարիշտները հարություն չեն առնի դատաստանի ժամանակ, այլ կուղարկվեն արտաքին խավարը, որ պատրաստված է սատանայի ու նրա հրեշտակների համար»։

Իշխան Լուսիասը նորից սկսեց բողոքական բաներ խոսել նրա հետ, կարծելով դրանով խաբել և հեռացնել հավատքի բարձրությունից։ Եվ ասաց նրան. «Այս քաղաքի՞ց ես, թե այլ գավառից»։ Սուրբն ասաց նրան. «Այս քաղաքից եմ»։

Իշխանն ասում է. «Անունդ ի՞նչ է»։ Սուրբը պատասխանում է. «Ես նախապես ասացի քեզ և կրկնում եմ, որ քրիստոնյա եմ և չեմ երկրպագում պիղծ դևերին։ Ի՛նչ անելու ես` արա իսկույն»։ Իշխանն ասում է. «Իսկ անուն չունե՞ս»։ Սուրբն ասում է. «Օտար աստվածներ ես չեմ ճանաչում, և իմ ծնողներն այդպիսի ճանապարհ ինձ ցույց չեն տվել, այլ սովորեցրել են հավատալ Հոր, Որդու և Սուրբ Հոգու միաստվածությանը»։ Իշխանն ասում է. «Թո՛ղ համառությունդ և զոհ մատուցիր աստվածներին»։ Իսկ երանելին քմծիծաղով ասում է. «Եվ ո՞ւր են ձեր աստվածները, տեսնեմ նրանց»։

Լյուսիաս իշխանը կարծում էր` զոհ է մատուցելու նրանց, սպասավորներին ու քաղաքացիներին հրամայում է շտապ սրբին տանել այնտեղ, ուր իրենց աստվածներն էին, քաղաքում, Նեմեսիոն կոչված վայրում։ Եվ իշխանն ասում է երանելի Եվգինիոսին. «Եվգինիոս, եթե ինձ լսես և զոհ մատուցես աստվածներին` քեզ ինքնակալների հրամանով դատավորական պատվի կարժանացնեմ քո հնազանդության համար»։ Նաև այլ բազում առաջարկություններով խոսում էին նրա հետ։ Եվ իշխանն իսկույն գնում է Նեմեսիոն, ուր կանգնած էին իրենց աստվածները։ Նրա հետ գնում է նաև քաղաքի ամբողջ բազմությունը, իրենց հետ տանելով և Քրիստոսի սուրբ վկային. ոչ բռնությամբ, այլ իր կամքով գնում է նրանց հետ։

Եվ երբ երանելին մոտեցավ կուռքերին` աղոթքի կանգնեց ու ասաց. «Քրիստոս, Փրկիչ աշխարհի, որ Քո անարատ բազուկները տարածեցիր կենսաբեր խաչի վրա և անապական արյունդ հեղեցիր մեզ համար, խաղաղություն հաստատեցիր երկնքում ու երկրի վրա, որ Դանիել մարգարեի օրերին կործանեցիր բաբելոնյան Բելին, հերձեցիր վիշապին և չարի պաշտոնյաներին ամոթի մատնեցիր, որ Նաբուգոդոնոսոր արքային հրամայեցիր յոթ օր վայրի գազանների ու անասունների հետ խոտ ճաշակել, և արարիչ ու ստեղծիչ լինելով` ցուցադրեցիր աստվածային զորությունդ»։

Երբ աղոթքն ավարտեց` նույն պահին աստվածների երեք արձանները կործանվեցին ու ընկան, դարձան մանր փոշի։ Եվ չարության ոգին, որ բույն էր դրել նրանց մեջ, բարձրաձայն գոչեց, ելավ նրանցից ու ասաց. «Եվգինիոս, ինչո՞ւ ես հալածում մեզ մեր բնակատեղից. մենք աստվածներ չենք, այլ թշնամացած դևեր, և տեսնելով սրանց գեղեցիկ պատկերները` ցանկացանք բնակվել նրանց մեջ։ Այժմ աղաչում ենք քեզ, սուրբդ Աստծու, մեզ այստեղից մի` հեռացնի»։ Իսկ Քրիստոսի սուրբ վկան հրամայեց նրանց համոզվել և գնալ Կովկասի անբնակ լեռը։ Եվ ամբողջ խառնիճաղանջ ամբոխն ու քաղաքացիք տեսան աստվածների արձանների կործանումը։ Իսկ սուրբը խոսում էր մոլոր ոգու հետ, և բազմությունը հավատաց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, և բարձրաձայն գոչելով ասում էին. «Մե՛ծ է քրիստոնյաների Աստվածը, քանի որ Դիային, Ապոլոնին ու Արտեմիսին կործանված տեսանք և մանրացած` փոշու նման»։ Եվ երանելին ասում է բոլորին. «Ճանաչեցի՞ք զորությունը ձեր կուռքերի, որ երկրպագում էիք։ Կարողացա՞ն օգնել իրենց, և ինչո՞ւ պիտի օգնեն ձեզ, կամ` վանեն ձեր դեմ պատերազմող բարբարոսների հարձակումը։ Արդ, հեռո՛ւ մնացեք նրանցից և եկեք իմ Աստծու ետևից, որ ձեզ թողություն տա»։ Սուրբը կամենում էր այլ բաներ ևս ասել նրանց։ Իսկ Լյուսիաս իշխանը բարկացավ, թույլ չտվեց, որ սուրբը շարունակի քարոզել, և ասաց նրան. «Քեզ բամբասողները ճիշտ ասացին, որ այդպիսի խոսքերով ինքնակալների զորքը հեռացրել ես աստվածների երկրպագությունից, և ասում են Հիսուս Քրիստոսը Աստված է, որ խաչվեց հրեաների ձեռքով»։ Սուրբն ասաց. «Չե՞ս ամաչում աստված կոչել նրանց, որ կործանվեցին փոշու նման մանր»։ Իշխանն ասաց. «Արդ ինչո՞ւ կախարդների գլխավոր չես դու, որովհետև ես ոչինչ չեմ տեսնում, իսկ դու խոսում ես իբրև տեսնող, ուրիշներից մեկը նույնպես ոչինչ չտեսավ ու չլսեց»։ Եվ զայրացած իշխանը հրամայեց իջեցնել ատյան։

Այն ժամ դուքսը եկավ, նստեց ատյանում և զինվորներին հրամայեց մերկացնել սրբին և նրան բերել մարմինը ծածկելու կտավ։ Եվ դահիճները իսկույն կատարեցին հրամանը և բերին դատավորի առաջ։ Իշխանն ասաց. «Համաձայնիր և զոհ մատուցիր աստվածներին` քո չարչարանքից առաջ»։ Երանելին ասաց. «Բազում անգամ լսեցիր ինձնից, քեզ ասացի, որ քրիստոնյա եմ և զոհ չեմ մատուցի պիղծ դևերին»։ Դուքսն ասաց. «Հրաժարվիր համառությունից, թեպետև չես երկրպագում ընկած աստվածներին, մոտեցիր և զոհ մատուցիր Ասկղեպիոսին և մյուս աստվածներին, ապա թե ոչ` հոգիդ կանջատես մարմնիցդ»։ Սուրբն ասաց. «Ո՞վ կարող է մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց` նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, սո՞վը, թե՞ մերկությունը, թե՞ հալածանքը կամ տանջանքի երկյուղը, կամ հանդերձյալները, կամ այլ որևէ արարած։ Նախ բժիշկներ ուղարկիր, որ ողջացնեն քո մանրված աստվածներին, որ փշրվեցին»։

Այնուհետև իշխանը բարկացավ և հրամայեց պնդել նրա ոտքերն ու ձեռքերը և փռել գետնի վրա և հաստ մահակներով տանջել` աստվածներին արհամարհելու համար։ Այնժամ դատավորը երանելիին ասաց. «Մի՛ հայհոյիր աստվածներին»։ Իսկ բազում հարվածներից հետո խփողներին ասաց. «Դրան մոտեցրեք փայտին և ոտքերն ու ձեռքերը կապեցեք փայտին, քերեցեք դրա մարմինը` մինչև որ զղջա և խելքի գա և հնազանդվի մեր արդար օրենքներին, զոհ մատուցի աստվածներին»։ Եվ կատարեցին դատավորի հրամանները, և սրբի արյունը ջրի պես հոսում էր վկայի մարմնից։ Իշխանն ասաց. «Ես իսկույն կվերացնեմ քո կախարդությունը և կհանեմ քո գլխից, թող գա քո Քրիստոսը և քեզ փրկե իմ ձեռքից»։ Երանելի Եվգինեոսը պատասխանեց. «Իմ փրկիչ Քրիստոսը կփրկի ինձ քո ձեռքից, անօրեն ամբարիշտ, որովհետև բնավ չիմացա տանջանքները, որ դու պատճառեցիր ինձ, որովհետև իմ փրկիչը կակղացրեց քո չարչարանքի գործիքները»։

Եվ դատավորը սրբի խոսքերից և տանջանքը արհամարհելուց` առավել ամրացավ չարության մեջ և խորհեց այնուհետև խստացնել տանջանքի գործիքները սրբի վրա։ Դահիճներին հրամայեց ջահեր մոտեցնել նրա կողերին և աղաջուր լցնել անդամների վրա։ Եվ երանելին քաջությամբ համբերում էր տանջանքներին և չէր տրտնջում, այլ հոգոց հանելով աղոթում էր Աստծուն և ասում. «Տեր իմ Հիսուս Քրիստոս, որ բազում վշտերից ու նեղություններից փրկեցիր Քո սուրբ առաքյալներին և տիեզերքի քարոզիչ դարձրիր, որ ավերեցիր դժոխքը և ջնջեցիր մահը և Քո կամքից տարամերժվածներին տարար քո արքայությունը, մեղավորներին ազատեցիր մեղքերից, մարի՛ր հրի բորբոքումը և աշխարհից վերացրու սրանց աստվածների պղծության զոհերը, և ողորմիր նրանց, ովքեր երկրպագում են Քեզ հոգով և ճշմարտությամբ»։

Իսկ երբ դատավորը տեսավ, որ սրբին պատճառած բոլոր տանջանքներից ոչ մեկը չօգնեց, դրանից հետո դահիճներին հրամայեց քաղաքից մի ասպարեզ հեռու կրակ վառել և բորբոք կրակի մեջ լցնել բոլոր վկաներին միասին, որոնց անուններն են Մակարիոս, Վաղերիանոս և Ակյուղաս, նրանց հետ և Եվգինեոսը։ Այնժամ եկավ դահճապետն ու ասաց դատավորին. «Ձերդ քաջության հրամանը կատարեցինք, և կրակը առավել ևս բորբոքվում է։ Արդ, ինչ որ հրամայես դատապարտվածների մասին` կանենք»։ Երբ իշխանը այս լսեց, անմիջապես քաղաքի բազմության հետ գնաց տեսնելու հնոցը և Աստծու վկաների վախճանը։ Եվ Լուսիաս իշխանը տեսավ, զարմացավ հնոցի բորբոքման սաստկությունից, այնժամ հրամայեց նրանց գցել հնոցը։ Իսկ երանելի Եվգինեոսը քաջալերում էր ընկերներին և ասում. «Մի՛ երկնչեք այս շիջանուտ հրից, որովհետև ինչպես բարձրանա` նույնպեսև կկորչի։ Միայն աչքը ունի երկյուղ։ Իսկ մենք այս ապականացու հրով անապական գանձն ենք ժառանգելու, որ պատրաստված է Նրա սրբերին, և` հավիտենական կյանքը»։ Եվ միաբանությամբ իրենց ձեռքերը բարձրացնելով երկինք` աղոթում էին Աստծուն ասելով. «Տեր Աստված, որ Քո Միածին Որդուն առաքեցիր Բաբելոն և երեք մանկանց հնոցի հուրը մարեցիր, Քո քաղցրության ցողը առաքիր և այս հնոցը և փրկիր մեզ այս հրից, որ անկեզ մնանք այս բոցից, որ չմերձենա մեզ»։

Մինչդեռ սրբերը աղոթում էին, դուքսը նրանց մոտ [մարդ] ուղարկեց` աղաչելով նրանց, որ իրենց անձերը չգցեն հնոցի մեջ։ Սրբերը պատասխանեցին ասելով. «Մենք պատրաստ ենք ամեն տանջանքի ու նեղության, որ պատճառելու ես մեզ հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ մեզ համար չարչարվեց, հարություն առավ և փրկեց մեզ, և չենք վախենում քո սպառնալիքներից»։ Երբ բռնավորը այս լսեց, արյունարբու գազանի նման մռմռաց, հրամայեց նրանց գցել բորբոք հնոցը։ Իսկ սրբերը իրենց կնքեցին Խաչի նշանով, միասին ընկան կրակի մեջ։ Երեք երանելիներից առաջ կրակի մեջ մտավ երանելի Եվգինեոսը, և մյուսները` նրանից հետո։ Եվ [ներկաները] տեսան, որ Աստծու հրեշտակները մտան նրանց հետ, և [սրբերը] հրեշտակների հետ գնում էին կայծակների վրայով, փառավորում Աստծուն և ասում. «Ամենակալ Աստված, որ Բանդ առաքեցիր մեզ փրկելու, որ վերացրեց մահվան երկունքը և կապվածներին քաջաբար կորզեց, լսիր մեզ` մեղուցյալներիս և բարությամբ ավարտիր մեր ընթացքը ի փառս Քո, խաղաղություն շնորհիր Քո աշխարհին, և հայտնվիր մեզ` Քո հավատացյալներին։

Երկու օր անց շիջավ հուրը, և հայտնվեցին սրբերը, և հրեշտակները վերացան երկինք, և սրբերի մարմինների վրա հրի ոչ մի նշան չէր երևում, և հուրը նրանց հանդերձից մազ անգամ չպակասեցրեց։

Իշխանը դարձյալ զինվորներ ուղարկեց տեսնելու երանելի վկաներին. թե հուրը մոտեցե՞լ է նրանց, թե անկեզ են մնացել։ Ովքեր ուղարկվեցին` չվերադարձան և պատասխան չբերին, որովհետև, երբ տեսան` երկրպագեցին սրբերին և հավատացին Տիրոջը։ Այնժամ դահիճները եկան և հայտնեցին Լուսիասին, թե` «Սրբերը կենդանի են և փառավորում են իրենց Աստծուն, իսկ հուրը բնավ չմոտեցավ նրանց, և քո ուղարկած զինվորները երկրպագեցին նրանց ու հավատացին Քրիստոսին»։

Երբ այս լսեց դատավորը, հրի պես բորբոքվեց և կրճտացրեց ատամները նրանց վրա, որովհետև իրեն տեսավ պարտված, իսկ շատերը հավատացին Աստծուն։ Հրամայեց սրով կտրել նրանց գլուխները` գրելով այսպիսի վճիռ. «Վաղերիանոսին, Կանտիտոսին, Ակյուղասին և Մակարիոսին, որոնք չենթարկվեցին ինքնակալների հրամանին և զոհ չմատուցեցին մեր բարերար աստվածներին, այլ խոստովանեցին, որ քրիստոնյա են, հավատալով ոմն Հիսուսի, որին հրեաները խաչեցին Երուսաղեմում, նրանք, թագավորների զինվորներին կախարդության հրապուրանքով հեռացրին աստվածների երկրպագությունից։ Նրանց բազմիցս աղաչեցինք, և չհնազանդվեցին մեր արդար օրենքներին. բազում տանջանքներից հետո մահվան վճիռ թող ընդունեն, և նրանց մարմինները երկնքի թռչունների և երկրի գազանների կերակուր դառնան»։

Եվ անողորմ զինվորները սուրբ վկաներին դուրս քաշեցին հնոցից, որպեսզի կատարեն բռնավորի հրամանը։ Իսկ Քրիստոսի բոլոր արժանավորությունների արժանավոր վկաները աղաչեցին զինվորներին` մի քիչ հապաղել, որպեսզի աղոթեն։ Եվ թույլ տվին նրանց, և սրբերը բարձրացրին իրենց ձեռքերը և դառնալով դեպի արևելք, սկսեցին աղոթել այսպես. «Տեր Աստված մեր Հիսուս Քրիստոս, Քո ամենասուրբ բերանով հենց Դու ասացիր. «Երկու ձագ մի դանգով են վաճառվում, և նրանցից մեկը երկիր չի ընկնի առանց ձեր Հոր, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 29, հմմտ. Ղուկ. ԺԲ. 6)։ Դու, Տեր, որ Աբրահամին փրկեցիր և ընդունեցիր նրա պատարագը, Դու ես, որ շնորհ արեցիր Հովսեփին եգիպտացոց արքա Փարավոնի առջև։ Դու ես, որ Մովսես մարգարեին ընտրեցիր Քո Իսրայելի ժողովրդին առաջնորդ, նրա միջոցով հերձեցիր Կարմիր ծովը և ժողովրդին անցկացրիր Սինայի անապատը և համբերել տվիր խստապարանոց ժողովրդին։ Դու Հեսուի ձեռքով Հորդանանը բաժանեցիր և Երիքովի ադամանդյա պարիսպը ջրի պես հեղեցիր, որ Քո հրամանով կապկպեց արեգակն ու լուսինը։ Դու ես, որ զորացրիր Իսրայելի դատավորներին այլազգիների վրա և Քո ժողովրդին փրկեցիր ամբարիշտ քանանացիների ձեռքից։ Դու Դավթին հաղթություն տվիր այլազգի հսկա Գողիաթի վրա և փրկեցիր անօրեն Սավուղի ձեռքից։ Դու պահպանեցիր Դանիելին առյուծների գուբի մեջ և Շուշանին փրկեցիր և ազատեցիր դառն ծերերից, և հաղթություն տվիր Թեկղիին ոտնակոխ անելու հուրը և գազանների զորությունը, անարատ պահեցիր սուրբ առաքյալներին իրենց բոլոր նեղիչներից։ Նաև մեր` Քո անարժան ծառաների պաղատանքի աղերսը ընդունիր և մեր ընթացքը ավարտիր Քո շնորհներով»։

Երբ ավարտեցին աղոթքը և իրենց տյառնագրեցին Խաչի նշանով, խոնարհեցրին իրենց պարանոցները, հատվեցին երանելիների գլուխները, և սրբերը նահատակվեցին ի փառս Աստծու։ Եվ, ինչպես հրամայեց դատավորը, նրանց մարմինները գցեցին, և պահապանները նստեցին պահելու սրբերին, որ գիտենան վկաներին փնտրողներին և նրանց մատնեն դատավորի ձեռքը։ Իսկ հավատացյալները, իմանալով սրանց միտքը, սպասում էին գիշերվա իջնելուն։ Եվ երբ մթնեց, և պահապանները քնեցին, [նրանք] եկան և սուրբ վկաների նշխարները ամփոփեցին Աստծու ազդեցությամբ։ Նրանց գլուխները մարմինների մոտ չգտան, բայց նշխարները վերցրին, տարան ամեն մեկին իր տեղը։ Երբ առավոտ եղավ, մտան թաքնվեցին թանձրախիտ մայրիների մեջ, որ իրենց չտեսնեն և մատնեն դատավորի ձեռքը։

Իսկ սրբերի սպասավորներից մեկը ննջեց և երազում տեսավ սուրբ Վաղերիանոսին, որ ասում էր նրան. «Լավ արեցիք, որ մեր մարմիններն ամփոփեցիք։ Դու ե՛լ, քո ընկերներից մեկին վերցրու, ցերեկը գնացեք, իսկ երբ երեկո լինի, գիշերվան մոտ, երբ խոր քնած լինեն պահապանները, առեք մեր գլուխները, բերեք, դրեք մեր ոսկորների, նշխարների մոտ։ Ձեզ նրանցից փայլակնացայտ լույս կերևա և այդպես կգտնեք մեր գլուխները»։

Եվ արթնացավ քնից, իր ընկերներին պատմեց երազը և ընկերներից [մեկին] վերցրեց ու գնաց։ Եվ տեսան, որ նրանց շուրջը լույս էր փայլում, ինչպես ասաց Վաղերիանոսը։ Եվ վերցրին, բերին գլուխները և շատ ուրախացան սուրբ նշխարների գյուտով։ Երեք գիշեր անց պատրաստվեց նրանց հանգստարանը Հարավի Միջագետք կոչված վայրում։ Եվ նրանց մեջ կռիվ ընկավ, թե որը որ վկայի մարմինն է, որ գիտենան նրանց անունով, որովհետև բազում հարվածներից քրքրված մարմինները չէին կարող ճանաչել և սպասում էին սրբերի հայտնությանը։

Եվ զինվորներից մեկը, որին հրամայված էր պահել սրբերին, Հոգով լցվեց և ասաց նրանց. «Աղոթեցեք Աստծուն, և Նա մեզ կհայտնի մեր խորհուրդները. թողնենք յուրաքանչյուր սրբին գրաստները, որոնք բարձած տանում են նրանց նշխարները` ուր հաջողեցնի Աստված և առաջնորդի, որ կողմ գնան նրանք, կիմանանք սրբերի տեղը»։ Եվ միաբան աղոթելով գրաստներին «ազատ» թողին, և գրաստներից մեկը սուրբ Կանտիտոսի նշխարներով գնաց Սավղահինա կոչված տեղը, մյուսը, որ բարձել էր Վաղերիանոսին, նույնն էր, որ Կանտիտոսին էր կրում, տարավ այնտեղ, որտեղից սուրբն էր. այս կերպ եղավ սրբերի հայտնությունը։ Յուրաքանչյուրը առավ իր վկային, բազում ուրախությամբ ու խնդությամբ գնաց իր քաղաքը և երանելիների գլուխները, նրանց մյուս նշխարների հետ դրին տապանի մեջ։ Անպակաս և անապական գանձ հավաքվեց ի բարեխոսություն հավիտենական կյանքի հույս Հիսուս Քրիստոսի հավատացյալների փրկության։ Եվ միաբան օրհնում էին մարդկանց այդպիսի համբերություն տվողին։

Երբ այն ժամանակներն անցան և հալածանքը դադարեց, վայելուչ վկայարան կառուցեցին յուրաքանչյուր սրբի համար ի փառս ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու։

Իսկ երանելի և անպարտելի վկա Եվգինեոսը տակավին կենդանի էր և արգելված խավարչտին բանտում, մեխերով գամված փայտին այնտեղ, որ կանգնեցրել էին տան մեջ, անհագ ձայնով ու սաղմոսերգությամբ գոհանալով օրհնում էր Աստծուն Նրա անպատում պարգևների համար, աղաղակում էր և բարձրաձայն աղոթում, ասելով այսպես. «Ամենակալ Աստված, Քո սիրելի Միածին Որդու Հայր, Աստված զորությունների և հրեշտակների և ամեն անուն կրողների, որ ամեն ինչ հաստատեցիր Քո զորությամբ, որ ծոցածին և էակից Քո Բանը ուղարկեցիր փրկելու արարածներիս, որ եկավ Քո կամքով և մարմնացավ անարատ Կույս Մարիամից, և կրեց մարմնի բոլոր չարչարանքները, բացի մեղքից, և խաչի ու մահվան դիմակայեց և թաղվեց գերեզմանում, և իջավ դժոխք և բոլորին վեր բարձրացրեց մեղքից ու ապականությունից, իսկ երրորդ օրը հարություն առավ մեռելներից և համբարձավ Քեզ մոտ, նստեց Քո մեծության աջ կողմը, ուր էր նախապես, և խոստացավ դարձյալ գալ երկրորդ անգամ դատելու կենդանիներին ու մեռյալներին և հատուցելու յուրաքանչյուրին ըստ գործերի։ Դու, Տեր, Քո մեծ զորությամբ յուրաքանչյուր ժամանակ և դարում լսեցիր արդարների ձայնը և փրկեցիր, պահպանեցիր ամեն վշտից ու նեղությունից, որ հավատի վեմ Քո սուրբ առաքյալ Պետրոսին հրեշտակի միջոցով հանեցիր բանտից, որ կրկնակի շղթայով կապված էր չորս զինվորների մեջ, և Հերովդեսի ձեռքից ու հրեաների ակնկալությունից ազատեցիր, և նրան վստահեցիր արքայության փականքը։ Եվ ընտրության անոթ Պողոսին ու Շիղային բանտի տանջանքներից ազատեցիր։ Այժմ առաքիր Քո հրեշտակին և Քո ողորմությամբ ինձ ազատիր այս բանտի նեղությունից, և արձակիր ոտքերս գայթակղությունից և ազատիր անօրեն ու ամբարիշտ Լյուսիասի ձեռքից, որովհետև Դու ամենակարող ես, Տեր, և Քեզ ենք հղում օրհնություն և փառք Հոր և ամե նաՍուրբ Հոգուդ հետ հավիտյանս. ամեն»։

Այսպես աղոթեց Քրիստոսի երանելի վկան, և ահա Տիրոջ հրեշտակը իջավ երկնքից, երևաց նրան, և բանտում մեծ լույս ծագեց և Քրիստոսի սուրբ վկան ցնծաց ուրախությամբ։ Ու մինչդեռ նա այս մտքերի մեջ էր, Լյուսիաս Անթիպատոսը դահիճներ ուղարկեց բանտ, և երանելիին հանեցին, սուսերով կտրեցին գլուխը, երբ փառավորում էր Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. Ամեն։

Երանելի Եվգինեոսը վախճանվեց վկայությամբ, Տրապիզոն քաղաքում, հունվար ամսի 28–ին, Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի հյուպատության ժամանակ։ Նրա ոսկորների նշխարները դրվեցին վկայարանում, որ մոտ է դղյակի պարսպին, բարձրադիր ու վայելուչ բլրին, գեղեցկաշեն վկայարանում։ Ամեն տարի անխափան տոնախմբությամբ կատարվում էր նրա հիշատակը ի փառս Քրիստոս Հիսուսի, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։

« Վկայաբանությունը Եվգինիա կույսի, նրա հայր Փիլիպոսի, նրա մոր և եղբայրների, որ իր հետ էին   |   Սուրբ Եվդոքսիոսի և Ռոմելոսի, Նունի և Մակարի վկայաբանությունը »
© Gratun.org