Gratun
Search  show page numbers   Sign in
« Վարք Սրբոց, Հատոր Բ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Եվդոքսիոսի և Ռոմելոսի, Նունի և Մակարի վկայաբանությունը

Այն ժամանակ, երբ թագավորում էր Տրայանոսը, բարիատյաց սատանան նրա սիրտը չար միտք գցեց հալածանք սկսելու Աստծու եկեղեցու դեմ։ Ամենուրեք նեղում էին Քրիստոսի հավատացյալներին և ստիպում զոհ մատուցել անշունչ դևերին։ Եվ ամբարիշտ թագավորը նստեց ատյանում և հրամայեց բոլոր քաղաքներում ու գյուղերում զոհ մատուցել աստվածներին, մանավանդ նրանց, որ Քրիստոսի բարեպաշտությամբ էին [ապրում]։ Նամակներով հեծելազոր ուղարկեց ամբողջ երկրով մեկ, որ տանջանքի մատնվեն քրիստոնյաները, ուր և գտնվեն։ Իշխաններից մեկը` Ռոմելոս անունով, մոտեցավ թագավորին ու ասաց. «Ձեր բարեպաշտության հրամանը հզոր է և պատվական, բայց պալատի պատվավորներից որոշ երևելիների ուղարկիր Գալիլիացոց գավառը` քաջամարտիկ և արիագույն զորքի մոտ»։ Թագավորն ասում է Ռոմելոս իշխանին. «Երդվում եմ աստվածների փրկությամբ, որ բարի է քո խորհուրդը»։ Եվ պալատի մեծամեծներից հինգ հոգու հրամայեց` նրան առաքելով բազում նվերներ, գրեց և հրովարտակներ, այսպես. «Տրոյանոս միշտ հաղթող թագավոր, կայսր Հռոմայեցոց, կոմսերի զորագլուխների պատվական դասին, տասներկու ազգերին` ուրախություն։ Մեր քաջությունը հրամայում է երևելի գլխավոր իշխաններիդ մեր պաղատանքը, մեր պատվիրանների միջոցով, որ խորհեցինք միասին ծանուցել ձեզ աստվածների բարերարության մասին, որոնք արիական քաջություն ու զորություն են շնորհում բոլորին։ Դրա համար պարտավոր ենք ընծաներ մատուցել նրանց և զոհեր, և սիրել նրանց ամբողջ մտքով ու զորությամբ, որպեսզի դուք ելնելով պատերազմի` իսկույն հաղթող երևացիք ձեր թշնամիների վրա, որ կան արևելյան կողմերում, մերժելով սպառազինությունը և զինվորության զենքի բոլոր գործիքները` հարձակվեք նրանց վրա»։

Իսկ նրանք իսկույն արհամարհեցին թագավորի հրամանը։ Եվ թագավորը տեսավ իր հրամանը արհամարհված, խիստ բարկացավ և հրամայեց նրանց ելնել իրենց հայրենի գավառից և գնալ Հայաստանի կողմերը, Մելիտենե քաղաքը, ուզելով դրանով անարգել նրանց։ Իսկ նրանք, զարհուրած բռնավոր Տրայանոսի սպառնալիքից` եկան վերոհիշյալ գավառը, որ բարկանալով չկոտորի իրենց։ Եվ նրա զորքի թիվը տասնմեկ հազար այր էր, սուսերամերկ պատերազմողներ։

Այնժամ իշխան Ռոմելոսը, որ պրոպոսիդոսության աստիճան ուներ, ասաց թագավորին. «Ո՛վ թագավոր, դու այնպես կարծեցիր, թե այդ անելով ինչ–որ իմաստուն գործ ես կատարել»։ Թագավորն ասաց նրան. «Ուրեմն դու ե՞ւս խաբվեցիր նրանց աղանդի մոլորությամբ»։ Ռոմելոսն ասաց. «Հիմար և անզգա չարի մոլորությամբ դու ինձ պատմիր քո սնոտի ջանքերը, որ ունես անմռունչ կուռքերի նկատմամբ և մի՛ բամբասիր իմ կատարյալ հավատքը»։ Եվ թագավորը բարկանալով հրամայեց մահակով ծեծել նրան և ասաց. «Տեսնենք` այսուհետև քեզ կօգնի՞ Քրիստոսը, որ ասում ես»։ Սուրբն ասաց. «Անդնդային վիշապ և կեղծավոր, չիմացար որ քո չարչարանքը, որով ենթադրում ես զարհուրեցնել ինձ, ազատում և փրկում է ինձ կուռքերի պղծությունից և ինձ հագցնում է անապական զգեստը, որ պարգևում է Քրիստոս իր սիրելիներին»։ Բարկացած թագավորը հրամայեց կտրել նրա գլուխը։ Եվ սուրբ Ռոմելոսը բարի խոստովանությամբ վախճանվեց ի փառս Աստուծու, հոկտեմբեր ամսի տասնիննին, շաբաթ օրը։

Նրանից հետո մահացավ Տրայանոսը, և ժամանակ անց այլ թագավոր նստեց` Դիոկղետիանոս անունով, որ Աստծուն չէր ճանաչում, մանավանդ ովքեր Քրիստոսին էին հավատում` աշխատում էր ուրացնել։ Եվ նստած բարձր բեմին հրովարտակ ուղարկեց բոլոր գավառների իշխաններին, դատավորներին, զորագլուխներին` բոլորին հավատքից դարձնելու կուռքերի խաբեության։

Այսպիսի հրաման ստանալով` Մելիտենե քաղաքի իշխանը, որի անունը Պոնտիանոս էր, և կրոնով հելլենացի, հրամայեց հայտարարել բոլոր հրապարակներում և գավառներում, թե ովքեր չկամենան հետևել ինքնակալի հրամանին և զոհ մատուցել աստվածներին` անողորմ տանջանքով և սրով կվերջացնեն իրենց կյանքը։ Եվ բոլոր քրիստոնյաները, լսելով բռնավորի այսպիսի սպառնալիքը, իսկույն խուճապի մատնվեցին տանգապի երկյուղից, թաքնվում էին, որ չընկնեն անաստված թագավորի ձեռքը, որովհետև որտեղ գտնեին` նեղում էին և մեծամեծ տանջանքներ տալով` ստիպում զոհ մատուցել աստվածներին ու երկրպագել անշունչ արձաններին։

Որոշ մարդիկ եկան իշխանի մոտ չարախոսելու Մարիանոսի մասին, որ կոչվեց Եվդոքսիոս և պրիմեկիռների դասից էր, որ պատվվեց կոմսական իշխանությամբ, և ասացին. «Երբեք չի հավանում թագավորական հրամանները և աստվածներին զոհ չի մատուցում, այլ խոստովանում է խաչված Աստծուն և հավատում է Նրան»։ Այս լսելով դատավորը զորականներից հինգ հոգու հրամայեց գտնել նրան` ուր որ լինի և բերել դատական ատյան։ Նրանք եկան այն գյուղը, ուր բնակվում էր նա, և հարցրին նրա մասին, և նրանց պատասխանեցին. «Ում որ դուք փնտրում եք, ահա շրջում է այն դաշտում, որ կոչվում է Կուպատիա»։ Գնացին նրա մոտ, իսկ նա կանխավ իմացավ նրանց գալուստը, գնաց սարը և նստեց այնտեղ` տեսնելով նրանց։ Եվ տեսնելով, որ փութով իրեն են փնտրում, եկավ իր տունը, փոխեց հագուստները, հագավ աղքատի շորեր և եկավ մի տեղ հանդիպեց նրանց։ Զինվորները հարցրին նրան. «Արդյո՞ք գիտես, թե որտեղ է բնակվում կոմս Մարիանոսը, որ կոչվում է Եվդոքսիոս»։ Եվ պատասխանեց նրանց. «Իսկ ինչի համար եք փնտրում նրան, կամ ինչ գործ ունեք նրա հետ, ասացեք ինձ, և ես ցույց կտամ»։ Նրան ասացին. «Իշխանն է փնտրում նրան»։ Եվ հարցրեց նրանց. «Ինչո՞ւ է փնտրում նրան»։ Եվ ասացին. «Որովհետև չի ենթարկվում ինքնակալի հրամաններին և աստվածներին զոհ չի մատուցում»։ Եվ ասաց նրանց. «Եկեք իմ տունը, մի փոքր հանգստացեք, և ձեզ ցույց կտամ նրան»։ Եվ նրանց տարավ իր տունը, իր կնոջն ասաց. «Ճաշ պատրաստիր մեզ մոտ եկողներին»։ Իսկ նա սեղան դրեց նրանց առաջ, և ճաշակեցին։ Եվ ասացին նրան. «Այժմ մեզ ցույց տուր Եվդոքսիոս կոմսին»։ Եվ նա ասաց նրանց. «Ում որ փնտրում եք` ես եմ»։ Եվ նրան ասացին այրերը. «Ինչո՞ւ դա արեցիր. հիմա կգնանք և իշխանին կասենք` «Չգտանք նրան»,– իսկ դու թաքնվիր, որ չբռնվես և ընկնես իշխանի ձեռքը»։ Պատասխանեց. «Այդ չեմ անի, այլ կգամ ձեզ հետ, բայց մի քիչ սպասեցեք ինձ»։

Եվ կանչելով իր կնոջը իր տան մասին ասաց նրան. «Ո՛վ կին, ես փոխվելու եմ այս սնոտի ու հանցավոր կյանքից մշտնջենական և հավիտենական կյանք, այլևս ինձ չես տեսնելու այս մարմնով։ Արդ, լսի՛ր ինչ եմ ասում քեզ. երբ ելնեմ այս մարմնից, ողբալով չարտասվես ինձ վրա, այլ հագիր քո հարսանյաց զգեստը, վառիր լապտերներ ու ջահեր, վերցրու մաքուր անոթ և հավաքիր իմ արյունը և վերցրու իմ և իմ որդի Մակարիոսի գլուխները և ուրախ եղիր։ Եվ սա արա որպես Քրիստոսի հարս»։ Երբ նա այս ասաց, զինվորները առան նրան, նստեց իր երիվարը` ազնիվ և պայծառ զգեստներ հագած։ Նրան տարան դատավորի առաջ։

Բռնավորն ասաց. «Ուրա՛խ եղիր, փառավորյալ կոմս Եվդոքսիոս»։ Եվդոքսիոսն ասաց. «Ուրա՛խ եղիր և դու, ո՛վ բռնավոր»։ Դատավորն ասաց. «Ո՛վ կոմս, իմացա՞ր, թե ինչ գործի համար քեզ փնտրեցինք»։ Երանելին ասաց. «Պատմիր ինձ, ո՛վ դատավոր, ինչի համար էիր փնտրում ինձ»։ Իշխանն ասաց. «Քեզ կանչեցինք, որ ենթարկվես ինքնակալի հրամանին և զոհ մատուցես աստվածներին»։ Իսկ սուրբ վկան ծիծաղելով դատավորի անմտության վրա ասաց. «Ես դրա համար եմ հագել պատվական և պայծառ զգեստներ ու նստել սպիտակ երիվարին և եկել–կանգնել եմ բեմին` քո առջև»։ Դատավորն ասաց. «Երդվում եմ բոլոր աստվածներով, եթե թագավորը լսի, որ հնազանդ ես կայսերական հրամանին և զոհ ես մատուցում աստվածներին` քեզ կնստեցնի իր թագավորության երկրորդ աթոռին»։ Երանելին ասաց. «Ես հուսացել եմ արժանի լինել հավիտենական կյանքին և երկրպագել Նրա ճշմարիտ Աստվածությանը»։ Իսկ բռնավորն ուրախացավ, կարծելով թե այս բանն ասում է աստվածների մասին։ Դատավորն ասաց նրան. «Փառավորյա՛լ և քաջ կոմս, առավոտյան արի աստվածների տաճարը և մեզ հետ երկրպագիր նրանց»։ Կոմսն ասաց. «Այո՛։ Եվ քանի՞ աստծու ես հրամայում զոհ մատուցել»։ Իշխանն ասաց. «Դիային, Ապողոնին և մեծն Արտեմիսին»։ Կոմսն ասաց. «Հրամայեցիր երեքին հավատալ, այդպես և ես հավատում եմ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` անբաժանելի Երրորդությանը»։ Իշխանն ասաց. «Ի՞նչպես, ինքնակալի հրամանն արհամարհելո՞վ»։

Այնուհետև նրա զինակիցներից շատերը հավաքվել էին նրա մոտ և կանգնել սրբի առաջ։ Բռնավորն ասաց. «Այժմ, ով ձեզնից չի ուզում ենթարկվել ինքնակալի հրամանին, թող քանդի զինվորական գոտին և դնի իմ առաջ»։ Իսկ երանելի Մարիանոսը, որ կոչվեց Եվդոքսիոս, բոլորից առաջ քանդեց իր գոտին և գցեց բռնավորի առաջ։ Եվ նրանք հարյուր չորս հոգի էին, որ բռնավորին ասացին. «Մենք դասված ենք հրեշտակների երկնային զինվորության մեջ»։ Այնժամ իշխանը տեսավ նրանց համարձակությունն ու բազմությունը` սարսեց նրանցից և նամակ գրեց թագավորին` եթե այս բազմությունը կոտորենք` այլևս ոչ ոք չի կարող հակառակվել ձեր հրամանին և անարգել աստվածներին։ Եվ իմանալով` թագավորը հրամայեց` սրով կոտորել նրանց, ովքեր նախապես քանդեցին իրենց գոտիները, իսկ մյուսներին` անպատուհաս արձակել։ Ստանալով թագավորի հրամանը` [իշխանն] արձակեց վերջիններիս։

Իսկ երանելի Եվդոքսիոսին մոտեցնել հրամայեց իր բեմին և նրան դատավորն ասաց. «Մարիանո՛ս կոմս, այսուհետև հեռացրու քեզնից հիմար մտքերը, որ քեզ պես–պես չարչարանքով չնեղեն»։ Երանելին պատասխանեց ասելով. «Ինչ չարչարանքով ես ուզում ինձ համոզել»։ Դատավորը պատասխանեց. «Հրով և ձեթով, բանտով և սրով»։ Սուրբն ասաց. «Ո՛վ բռնակալ, ինձ ասա. ո՞րն է բարի` փախչել անանց հրից, որ ծովն ու գետե րը չեն կարող հանգցնել, թե՞ այժմյան հրից, որ քիչ ջրով կհանգչի։ Թե՞ ձյութը, որ անանց հրով է եռում, թե դրանից, որ մի փոքր փայտով հալչում և անցնում է, բոցեղեն ապտա՞կը, և հոգեղեն զվարթուններին, թե ապականացու և տկար այրերի ապտակը, սառնամանի՞քը, որ չունի ջերմություն, և ատամների կրճտումը, թե քո սպառնալիքը, այս խոսքե՞րդ, թե այն որ հավիտյան չի անցնում։ Արդ, իմացիր այն, որ քեզ ասացի և հավատա, որ քո աստվածներին զոհ չեմ մատուցի և անշունչ կուռքերին չեմ երկրպագի, այն որ կոչում ես Ապողինար` կորուստ և ապականություն է խաբեության, Արտեմիսը` կորստյան մայր և դուք երեքդ խաբեբա` Դիոկղետիանոս թագավորը, դու` բռնավոր, և ձեր հայր սատանան»։

Դատավորն առավել բարկացավ և ասաց. «Պատվական աստվածներին չարախոսեցիր։ Արդ, մենք երեքս ովքեր ենք»։ Եվդոքսիոսն ասաց. «Քեզ ասացի` դու, թագավորը և ձեր հայր սատանան։ Տե՛ս և իմացիր, ո՛վ անդնդային վիշապ, որ քեզ և թագավորին պատրաստված են հավիտենական հուրը, արտաքին խավարը և տանջող հրեշտակները»։ Դատավորն ասաց. «Թող որ ինձ անարգեցիր, ա՛յ կեղծավոր, ինչո՞ւ հանդգնեցիր հայհոյել թագավորին ու աստվածներին»։ Սուրբն ասաց. «Դուք կլինեք նման ձեր աստվածներին, որոնք անշունչ և անբան են»։

Բռնավորը բարկացավ, նրա երեսի գույնը թռավ, հրամայեց [գետնին փռել], չորս կողմից կապել լարերով և արջառաջիլով տանջել սրբին։ Եվ երանելին նայելով երկինք ասաց. «Տե՛ր, Քեզ հուսացողներին խաղաղությո՛ւն շնորհիր` երկնքում և երկրի վրա։ Տե՛ր, բոլորին, որ Քեզնից խնդրում են օգնել ինձ նեղության մեջ կամ պատերազմում, կամ ծովի վրա, կամ մրրկոտ լեռներում, կամ մոլորության մեջ չարչարվելիս, կամ ճանապարհին, կամ բանտում, և այրիներին ու աղքատներին, ծերությունից վտանգվածներին և մեղքի բեռով ծանրացածներին և ովքեր կգան իմ վկայության տեղը, ուր հեղվում է իմ արյունը Քո սուրբ անվան համար, և իմ հիշատակին ողբալով ու արտասվելով իրենց համար ողորմություն կխնդրեն, շնորհիր նրանց, Տե՛ր, անմիջապես ողորմություն և օգնություն և կատարյալ առողջություն, և փրկիր նրանց բոլոր նեղություններից։ Տե՛ր, հիշիր և իմ ծնողներին և բոլոր ազգակիցներիս, որ նրանց մահտարաժամ չլինի` մարդու և անասունի, և բոլորին ովքեր իմ անունը հիշեն, շնորհիր, Տե՛ր, խաղաղություն երկնքում և երկրի վրա, և պտղավետ արա նրանց այգիներն ու անդաստանները, և ովքեր իմ բարեխոսությամբ խնդրում են և կանչում օգնության, դու ողորմիր նրանց և կատարիր նրանց բարի խնդրանքը։ Տե՛ր, շնորհիր և իմ զուգակցին մասն բարի ժառանգության ինձ հետ գալիք հավերժի մեջ, որ չբաժանվենք միմյանցից»։

Երբ վերջացրեց աղոթքը, դատավորը հրամայեց բանտ տանել նրան և տասն օր անց երանելիին բերել [իր] առջև։ Եվ երբ բերին, բռնավորը նայեց և ասաց նրան. «Եվդոքսիո՛ս կոմս, գոնե այժմ հավանեցի՞ր երկրպագել և զոհ մատուցել աստվածներին, թե՞ նույն համառությանն ես»։ Եվդոքսիոսն ասաց. «Ես հավատացել եմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` անբաժանելի Երրորդությանը։ Ես առաջին չարի խաբեությունից, անօրեն կռապաշտությունից կուրացած և հիվանդ էի հոգով, նաև մարմնով հիվանդ։ Իսկ երբ արժանի եղա վերստին լվացման ծննդյան ավազանում և սուրբ մկրտության` բացվեցին աչքերս և իմաստնացա իմ սրտի ողջախոհ խորհուրդներով։ Բայց այս իմացիր, ո՛վ անիրավ բռնավոր, որ չեմ հավանում քեզ, և քո ոսկեպատ անշունչ աստվածների արձաններին զոհ չեմ մատուցի. դրանք մարդու ձեռքի գործ են և նման են նրանց, ովքեր ստեղծեցին դրանք և բոլոր նրանց հուսացողները»։

Եվ դատավորը բարկացավ, հրամայեց կապարե մուրճով հարվածել նրա կրծքին և ասաց նրան. «Ենթարկվիր ինքնակալի հրամանին, երկրպագիր աստվածներին և կազատվես տանջանքներից»։ Իսկ սուրբը աչքերը երկինք համբարձած` Տիրոջից խնդրում էր տանջանքի առաջին մրցումը և` ուրախությամբ նահատակվել։ Այնժամ դատավորը տեսավ վկայի ջերմեռանդ հավատքն ու հոժարությունը և այսպիսի վճիռ կայացրեց սրբի համար. «Եվդոքսիոս անվանված Մարինոսին, որ գերագույն պատիվ է ստացել կոմսության իշխանությամբ և չի հնազանդվել ինքնակալի հրամանին, անպատվել է մեր աստվածների բարերարությունը` բազում չարչարանքներից հետո տալ մահվան վճիռ»։ Սուրբ վկան մահվան այսպիսի վճիռ ստանալով և հասնելով վկայության տեղը, նայեց, տեսավ իր զինվորության դասից բազմաթիվ զորականների, որ լալով ու ողբալով գնում էին նրա հետևից։ Նրանց հետ լալիս էր և ամբողջ ժողովուրդը։ Եվ ասում է դահիճներին. «Ինձ մի փոքր ժամանակ տվեք աղոթելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին»։ Եվ նայելով երկինք ձեռքերը տարածեց ու այսպես ասաց. «Տեր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովը և ամեն ինչ, որ կա նրանց մեջ, լսիր իմ աղաչանքին և ունկն դիր իմ խնդրանքին։ Օգնիր բոլոր Քեզ հավատացողներին և բոլոր քրիստոնյաներին շնորհիր իրենց հայցածը, ովքեր ինձ կոչում են օգնության։ Եվ այս երկրի վրա սով, սրածություն կամ սասանություն կամ պտղաբերների և խաշանց ծնունդի և ամեն անհրաժեշտ բաների նվազություն չլինի, կամ քաղաքների ու կառույցների ավերող շարժում։ Այլ ովքեր կգան իմ վկայության տեղը և արտասուքով կխնդրեն, Դու, Տեր, անմիջապես կատարիր նրանց սրտի ցանկությունը։ Տեր, շնորհիր և իմ զինակիցներին, իմ ընկերներին խաղաղություն, որ նրանց չհաղթի թշնամին, և նրանք չտեսնեն պատերազմի խառնակություն, իսկ ովքեր լինեն պատերազմի մեջ` չպարտվեն իրենց թշնամիներից, այլ խաղաղեցրու նրանց կյանքը և խորտակիր բոլոր թշնամիներին հեթանոսների պատերազմում»։

Սրանից հետո իր կնոջն ասում է. «Այսուհետև բեր այն անոթը, որ ասացի քեզ և հավաքիր իմ արյունը և կառնես իմ գլուխը ուրախությամբ, և ոչ լալով ու տրտմությամբ և արտասուք չթափես ինձ վրա, որ հեռանում եմ քեզանից և ինձ տապան կպատրաստես, որ կոչվում է Ամինո և դու ննջիր իմ աջ կողմը»։

Եվ դարձավ ժողովրդի կողմը, տեսավ իր զինվորներից մեկին` Զինոն անունով, որ հույժ ողբում էր։ Սուրբը նրան ասաց. «Զինո՛ն, մի՛ ողբա, որ բաժանվում ենք իրարից, որովհետև քեզ չեմ լքում, այլ, ինչպես երկրի վրա շրջում էիր իմ ետևից, նույնպես կշրջես ինձ հետ»։

Այս ասելով եկավ դահիճների մոտ և ասաց. «Որդյակնե՛ր, այժմ կատարեցեք ձեզ հրամայվածը»։ Եվ երկնքից ձայն եկավ նրան ասելով. «Արի՛ քո երկնավոր Հոր մոտ, և դու երանելի ես, որովհետև ավարտեցիր քո ընթացքը երկրի վրա և պահեցիր քո հավատքը, կկատարվեն քո խնդրանքները, որ բոլորի համար խնդրեցիր։ Բայց եթե մեկը լինի պատերազմի կամ նեղության մեջ և քեզ հիշի ամբողջ սրտով` կխորտակվեն նրա թշնամիները։ Ովքեր մեղքով ծանրացած են և կդիմեն քո սրբության տաճարը, ուր դրված կլինեն քո ոսկորների նշխարները, կթողնվի նրանց մեղքերի ծանրությունը»։ Սրանից հետո խոնարհեց իր պարանոցը դահճի առաջ, և [վերջինս] հանեց սուսերը և հատեց նրա գլուխը։ Եվ նրա կինը անոթը բերեց, հավաքեց արյունը և ծիծաղելով վերցրեց նրա գլուխը և ուրախությամբ տարավ սրբի նշխարները այնտեղ, ուր հրամայեց երանելին։

Քրիստոսի ճգնավոր Եվդոքսիոսի նահատակության ընթացքը ավարտվեց հոկտեմբեր ամսի 19–ին, կիրակի օրը, և նրա կին Մանտանան եկավ, անարգեց աստվածներին, թագավորին ու դատավորին։ Եվ բռնավորը լսելով ասաց նրան. «Դա անում ես, որպեսզի դու ևս վկայես և քո ոսկորները հարգվեն անմիտ քրիստոնյաներից։ Երդվում եմ բոլոր աստվածներով և ի փառս նրանց` չեմ կատարի քո սրտի փափագը»։

Հինգ օր անցնելուց հետո սուրբը երևաց իր տիկնոջը և ասաց. «Ընկեր իմ և զուգակից, Մակարիոսին շտապ ուղարկիր իմ ապարանքը, բան ունեմ նրան ասելու»։ Եվ առավոտյան վեր կենալով տիկինը կանչեց նրան ու ասաց. «Որդյակ իմ Մակարիոս, քո տերն իր ապարանքն է կանչում քեզ»։ Եվ սա ուրախությամբ գնաց ապարանքը, զինվորական դասից ոմանք տեսան նրան, կանչեցին, տարան դատավորի մոտ և ասացին. «Սա Եվդոքսիոսի իշխանության տակ էր»։ Տեսնելով նրան` բռնավորն ասաց. «Ո՞ր ազգից ես»։ Մակարիոսն ասաց. «Քրիստոնյա եմ»։ Իշխանն ասաց. «Մի՛ հիմարանա ու մի՛ խենթանա, այլ հավատա աստվածներին և կփրկվես»։ Սուրբն ասաց. «Ես հավատացյալ եմ և հավատում եմ մեծ Թագավորին ու Աստծուն և Որդուն և Սուրբ Հոգուն, և հուսացել եմ իմ Աստծուն, որ հաղթեմ թշնամուն։ Եվ հույս ունեմ հասնելու ինձ շտապ կանչողին»։ Այս լսելով դատավոր Պոնդենդիանոսը հրամայեց սրով նահատակել։

Սուրբ Մակարիոսը վախճան ստացավ, հոկտեմբեր ամսին, ի փառս և ի գովություն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որին փառք հավիտյանս. ամեն։

« Սուրբ մարտիրոսներ և փառավոր վկաներ Եվգինեոսի, Վաղերիանոսի, Կանտիտոսի, Ակյուղասի, Մակարիոսի վկայաբանությունը   |   Սուրբ Եվստաթեոսի, նրա կնոջ և որդիների վկայաբանությունը »
© Gratun.org