Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Բ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Յոթ սուրբ մանկանց վկայաբանությունը

Բոլորի Տերն ու արարիչը, որ գիտե վերջն ու սկիզբը, փորձում է սրտերն ու երիկամները, գիտե առաջիկա լինելիքները, որ պատրաստ էր հառնել իր այն հավատացյալների դեմ, որ չեն ուզում ուղիղ վարվել կամ ուղիղ հավատով առաջնորդվել և անկողոպտելի գանձ թողնել բնական վիճակում, որը ուզեց հայտնել, երբ որ այդպիսի բանի հարց ծագի, նրանց մեջ, ի սկզբանե այնպիսի խորհուրդների փնտրող լինեն։ Քանզի մարդասեր Աստծու սովորությունն է` բարերարություն անել բոլորին, հավատացյալներին անշարժ պահել հավատքի մեջ և հաստատել, իսկ անհավատներին ուղղության բերել նշաններով և զորությամբ` ըստ ժամանակի և ըստ հարկի։ Այդպեսև սուրբ յոթ մանկանց միջոցով սքանչելիք ցույց տվեց և սրանցով հաստատեց հարության հույսը։ Նրանց անուններն են. Մաքսիմիլիանոս, Ամլիքոս, Մարտիմոս, Դիոնեսիոս, Հովհաննես, Հեքսակիոս, Տատիանոս։

Այս յոթը բնակվում էին Եփեսոս քաղաքում։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատքի նախանձախնդիր էին, զարդարված առաքինի վարքով և խաղաղ կյանք էին վարում անբիծ հավատով։ Եղավ` որ Դեկոսը իր թագավորության ժամանակ եկավ Եփեսոս քաղաքը, բոլոր քաղաքացիների հետ իրենց աստվածներին զոհ մատուցելու, և այդպես կատարում էին նանիր և աղտեղի պղծալից նվիրատվություններ։ Իսկ հավատացյալները թաքնվում էին նրա աչքից։

Դեկոս թագավորը հրամայեց մեհյաններ կառուցել կուռքերին և կամեցավ կատարել աղտեղի տոնը։ Հրամայեց հավաքել քաղաքի և շրջակայքի գլխավորներին, որ գան նրա հետ զոհ մատուցեն։ Եվ մարդկանց անթիվ բազմություն հավաքվեց, որոնք հաղորդակից էին թագավորի կամքին և զոհ էին մատուցում։ Իսկ հավատացյալներին մեծ սուգ էր` կուռքերով մոլեգնածների, Աստծու ճշմարտությունից շեղվածների համար, որովհետև քրիստոնյաների հալածանք սկսեց և նեղում էր բոլորին, ովքեր կանչում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Լեռներում, այրերում, անտառներում և քարանձավներում թաքնվածներին որոնում էին զինվորները թագավորի հրամանով։ Ովքեր թուլասիրտ էին, ընկնում էին հավատքի բարձրությունից։ Իսկ հավատքին և կենդանի Հույսին հավատացողները պատրաստ էին ընդդեմ սատանայի և անշարժ հավատով ամոթի էին մատնում բռնավորին, հիշելով ավետարանական խոսքը, որ ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ սպանում են մարմինը և հոգին սպանել չեն կարող, այլ վախեցեք Նրանից, որ սպանելուց հետո կարողություն ունի գեհեն նետելու» (Մատթ. Ժ. 28)։ Սրբերը զանազան տանջանքների էին համբերում, որ նրանց պատճառում էր ամբարիշտը` սատանայի հնարքով։ Եվ Տիրոջ անվան համար կամավոր մահվամբ վկայողները բազում են եղել։ Բայց սրանով չէր բավարարվում Աստծուց օտարացածը, այլև նրանց մարմինները պահում էր պարսպից կախած, կամ ձողին ցցած` քաղաքի դռան առջև, պահում էր անթաղ։ Ո՛հ, որքան էր մոլորությունը Դեկոսի ահավոր և որքան լի ցասմամբ դեպի քրիստոնյաները։ Բայց Աստծուն հուսացողները չէին վախենում մեռնելուց և բռնավորի երկյուղից, և հրեշտակները երկնքում երգում էին հաղթական օրհնություններ սրբերի համար, որոնք ուղիղ խոստովանությամբ վախճանվեցին ի փառս Աստծու, և դևերը սրբերի հաղթությունից ամոթահար եղան։

Իսկ յոթ մանուկները, որոնց անունները վերևում ասացինք, և որոնք անշարժ էին Քրիստոսի հավատքի մեջ, այն ամենը տեսան, անդադար աղոթքի մեջ էին` տքնությամբ և արտասուքով Տիրոջից խնդրելով հավատքի հաստատությունը։ Եվ սրանք երևելի էին Եփեսոսում և պատվավոր մարդկանց որդիներ և թաքնվում էին ամբարիշտ Դեկոսից։ Աղոթում էին ցերեկ ու գիշեր և արտասուքով աղաչում Աստծուն, որ իրենց փրկի սատանայի հնարներից, և հավատարիմ մնան Տիրոջը։ Որոշ չարաբարոներ տեսան նրանց, պատմեցին թագավորին և ասացին. «Քաղաքիս երևելիների որդիները, եպարքոսի որդի Մաքսիմի լիանոսը և նրա ընկերները, յոթ պատվավորների որդիները` միաբանած Քրիստոսի հավատքով` չեն հնազանդվում քո հրամանին և զոհ չեն մատուցում աստվածներին, որոնց մատուցում ես դու»։ Երբ լսեց թագավորը, ցասումով լի` հրամայեց շտապ նրանց բերել և ասաց նրանց. «Ինչո՞ւ զոհ չեք մատուցում աստվածներին, որոնց մատուցում ենք ես և իմ մեծ հրամանին բոլոր ենթարկվողները»։ Մաքսիմիլիանոսը պատասխանեց թագավորին. «Մենք պաշտում ենք երկնքի և երկրի Աստծուն, որի փառքով լցված է ամբողջ երկիրը, Նրան ենք երկրպագում և մատուցում օրհնության պատարագ` խոստովանությամբ և անուշահոտությամբ, որ մնանք Նրա առաջ սրտի սրբությամբ և կատարյալ հավատով և ուղիղ վարքով։ Դևերին զոհ չենք մատուցում մենք և չենք ապականում մեր անձանց սրբությունը»։

Երբ թագավորն այս լսեց, հրամայեց կտրել նրանց գոտիները և պատվազրկել։ Բայց իսկույն մարդասիրություն ցուցադրելով` իբրև մանուկների, ասաց. «Խնայում եմ ձեր մանկությունը, սպասելով որոշ ժամանակ, որ թողնելով այդ մտքերը` հավանեք [իմ խոսքը]։ Իսկ եթե նույն մտքին մնաք` մահով կմեռնեք»։ Եվ հրամայեց տանել նրանց իր մոտից մեծ սպառնալիքով, ինքը մեկնեց քաղաքից։

Սուրբ մանուկները թագավորի մոտից մեկնեցին ուրախանալով, որ Քրիստոսի անվան համար արժանացան անարգանքի։ Եվ գնացին։ Արդարության գործը կատարում էին առավել քան առաջ։ Իրենց ծնողներից ոսկի և արծաթ վերցնելով բաշխում էին կարոտյալներին։ Եվ մտածեցին ելնել քաղաքից և գնալ Ողքոս լեռան անձավը և այնտեղ մնալ անխռով, առանց երկյուղի, պարապել աղոթքով, մինչև Աստված իրենց այցելի և արժանացնի իրենց ընթացքը ավարտելու բարի խոստովանությամբ, ընդունելու պսակը, որ խոստացավ իր սիրելիներին։

Եվ այսպես յոթ մանուկները միասին իրենց հետ դրամ վերցրին աղքատների և իրենց պետքերի համար և գնացին անձավը և մնացին ամենայն արդարության հպատակ լինելով, անդադար աղոթելով, բոլորի Տիրոջից իրենց անձանց փրկություն խնդրելով։ Եվ սպասավոր կարգեցին Ամլիքոսին, որ իմաստուն և ժիր երիտասարդ էր, որպեսզի սպասավորի իրենց։ Եվ երբ գալիս էր քաղաք անհրաժեշտ բաների համար` իր հետ վերցնում էր դրամ, փոխում էր իր կերպարանքը, գնում իբրև աղքատ, իրենց պետք եղածը գնում էր և տեղեկանում` թե ինչ են խոսում քրիստոնյաների մասին, վերադառնալով պատմում էր լսածը և սպասավորում նրանց։

Օրեր անց թագավորը վերադարձավ քաղաք և որոնեց մանուկներին։ Երբ թագավորն եկավ` Ամլիքոսն այնտեղ էր եկել իրենց պետքերի համար։ Այս լսելով մեծ երկյուղով ելավ քաղաքից, գալով իր ընկերների մոտ, ունենալով սակավ հաց, պատմեց նրանց։ Երբ լսեցին` խիստ վախեցան, ընկան երեսնիվայր գետնին, արտասուքով և բազում հառաչանքով աղաչում էին Աստծուն, որ ազատի իրենց այս չար աշխարհից և թագավորի սպառնալիքներից ու սատանայի խարդախությունից, և Իր բարեսեր կամքի համաձայն ելնեն այս չար աշխարհից, մտնեն Աստծու մոտ` արժանավոր վկայությամբ, ժառանգելու անպատում հավիտենից կյանքը, որ պահում է Իր հավատացյալներին։

Աղոթքից հետո Ամլիքոսը սակավիկ հացը դրեց նրանց առջև և աղաչեց, որ ուտեն։ Բոլորը քաջալերված կերան հացը արևամուտին և գոհացան Տիրոջից։ Եվ միմյանց քաջալերում էին ու հորդորում ի սեր Աստուծու և ի համբերություն Քրիստոսի, և հոգ էին տանում արժանանալու վկայության պսակի։ Նիրհեցին և միանգամից բոլորը քնեցին, և մարդասերն Աստված այցելեց նրանց, որ մեռնեն և ազատվեն անօրենի երկյուղից, իսկ ժամանակ անց հավատացյալների հարության վկա լինեն և ամաչեցնեն նրանց, ովքեր չեն հավատում հարությանը։ Եվ չիմացան հոգիների ելնելը մարմիններից, այլ սովորականի նման քնած էին։

Առավոտյան թագավորը հրամայեց մանուկներին տանել ատյան, և ոչ մի տեղ չէին գտնում։ Կանչեց մանուկների ծնողներին, որ երևելի էին, և սպառնաց չարիք պատճառել նրանց, եթե անմիջապես երեխաները մեջտեղ չգան։ Մանուկների ծնողներն ասացին. «Ինչու նրանց համար մեռնենք մենք, որ համոզմունքով պաշտում ենք աստվածներին և զոհ ենք մատուցում` ինչպես հրամայում է քո կամքը։ Իսկ նրանք Ողքոս լեռան անձավում են և մեծ նեղությամբ քրիստոնեական հավատին են հետևում»։ Այս ասացին ծնողները, որովհետև վախեցան թագավորից։ Իսկ նա խորհում էր, թե ինչ անի նրանց։ Եվ չէր ուզում երկրորդ անգամ կանչել նրանց ատյան, որ չհանդիմանվի մանուկներից, քանի որ գիտեր նրանց առաջին հարցաքննությունից։

Ապա հրամայեց մեծամեծ քարերով փակել անձավի դուռը, որտեղ մանուկներն էին։ Սա լինում էր Աստծու տեսչությամբ, որպեսզի սրբերի նշխարները անշարժ մնան, միաժամանակ և վկա լինեն մեռելների հարությանը, և նրանցով փառավորվի Աստված ժամանակին, և նկուն լինեն սատանան ու նրա համախոհները։ Եվ այսպես հրամայեց փակել անձավի դուռը, որպեսզի այնտեղ մեռնեն և նրանց լինի բանտ ու հավիտենական գերեզման։ Հրամայեց, որ ոչ ոք չմտնի անձավը և տեսնի, ինչպես կարծում էր, նրանց կենդանի։ Սա լինում էր վերին խնամքով, որ մնան այնտեղ։ Իսկ Թեոդոսը և Աբոսը` թագավորի հավատարիմները, ծածուկ քրիստոնյա էին։ Իրար հետ խորհեցին և ասացին. «Գրենք սրանց վկայաբանությունը և ժամանակները, դնենք պղնձե գզրոցի մեջ և գցենք անձավը, թերևս Աստված այցելի, և հայտնվեն այս սրբերի նշխարները»։ Եվ ինչպես մտածեցին, այդպես արեցին այս այրերը Աստծու տեսչությամբ. գրեցին սրբերի ժամանակն ու վկայությունը և անունները, և թե ինչպես Դեկոսի հրամանով փակեցին անձավի մուտքը, որ [սրբերն] այնտեղ մեռնեն։ Այս ամենը գրեցին ըստ կարգի, զետեղեցին պղնձե գզրոցի մեջ և ներս գցեցին անձավը։ Եվ Դեկոսի հրամանով շրջապատվեց անձավը, և այն ժամանակ ոչ ոք չիմացավ մանկանց մահը, և սա եղավ Քրիստոսի տեսչությամբ։ Այս ամենից հետո մեռան Դեկոսը և այն ամբողջ ազգը, և փոխվեցին այլ թագավորներ, մինչև Թեոդոս մեծը։

Երբ թագավորեց մեծն Թեոդոս բարեպաշտը, այն տարիներից հետո ըստ Քրիստոսի հավատքի հնազանդվում և պաշտում էր ամենասուրբ Երրորդությունը։ Եղան մարդիկ, որ ասում էին, թե մեռելների հարություն չկա և կործանում էին ոմանց հավատը` ինչպես առաքյալն էր նախապես տեսել և ասել. «Տերը ճանաչեց նրանց, որ Իրենն են» (Բ. Տիմ. Բ. 19)։ Իսկ բարեպաշտ Թեոդոսը ճգնում էր դրա համար և խնդրում Աստծուց լուծում տալ հարցին։ Եվ Թեոդորիտ աղանդի գլուխն էր ոմն Թեոդորիտ` ելլադացոց եպիսկոպոս։ Նա և նրա այլ չար համախոհներ, եկեղեցու և ուղղափառ հավատի ապականիչներ, որոնք ասում էին` «Մեռելների հարությունը արդեն եղել է»,– իսկ ուրիշները թե` «Մաշված և հողից ապականված, բազում տեղեր ցրված մարմինները չեն հառնի, այլ հոգիները միայն կընդունեն անմահությունն ու անանց կյանքը»։ Եվ «Մոլորյալները չիմացան, որ մանուկ չի ծնվի առանց մարմնի որովայնի, և դարձյալ թե` «Մարմինը կենդանի չի ելնի առանց հոգու»։ Եվ փակեցին իրենց ականջները Տիրոջը չլսելու, որն ասում է. «Կլսեն մեռելները Աստծու Որդու ձայնը և դուրս կգան` ովքեր բարիք են գործել` կյանքի հարության, իսկ ովքեր չար են գործել` դատաստանի հարության» (Հովհ. Ե. 28–29)։ Եվ առաքյալն է ասում. «Անմի՛տ, դու որ սերմանում ես` չի կենդանանա, եթե չմեռնի և Աստծուն չտա մարմինը, և ինչպես ուզում է և յուրաքանչյուրը իր մարմինը» (Ա. Կորնթ. ԺԵ. 36)։ Եվ Եզեկիել մարգարեն ասես Տիրոջ անունից ասում է. «Կբանամ ձեր գերեզմանները և կհանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ժողովուրդ իմ, և իմ ոգին կտամ ձեզ և կլինեք կենդանի» (Եզեկ. ԼԷ. 12)։ Եվ այլ այսպիսի բազում բաներ, որ պատմվում են սուրբ Գրքում մեռելների հարության մասին։

Իսկ բարեպաշտ Թեոդոսը արտասուքով խնդրում էր Տիրոջից, քուրձեր հագած և մոխրի վրա նստած հարության երևումն տեսնելու, որ հաստատվի հավատացյալների հույսը, և ամբարիշտների ժողովը նկուն լինի։ Իսկ Նա, որ իր երկյուղածների կամքն է կատարում և լսում նրանց աղոթքները, կամեցավ սուրբ մանկանց միջոցով ցույց տալ հարությունը` Թեոդոս մեծ թագավորի օրերին, որ հայցեց Տիրոջից և ստացավ, որովհետև` «Բոլորը, որ խնդրում են կստանան, և ով հայցում է` կգտնի» (Մատթ. Է. 8),– ինչպես ասաց Տերը Ավետարանում։

Այսպես եղավ մանուկների հայտնությունը. մի պատվավոր այր, որի անունը Ոգողի էր, որի իշխանության տակ էր Ողքոս լեռը, կամեցավ իր հոտի համար գոմ շինել մոտակա անձավը, որի մեջ սուրբ մանկունք էին։ Եվ նրա ծառաները գործավորների հետ աշխատում էին։ Եվ գլորում են քարերը այն դռնից, և բացվում է այրը, որ փակել էր տվել Դեկոսը։ Այն ժամ Փրկչի հրամանով կենդանացան մանուկները, որ անձավում էին, և հարություն առած նստեցին ուրախ ու լուրջ երեսով` ինչպես երեկ կամ նախորդ օրը։ Եվ նրանց վրա մեռելի տեսք չկար, քանի որ մարմիններն ու հանդերձը նույնն էին, և կերպարանքները բնավ փոխված չէին։ Հարություն առան առավոտյան և այսպես կարծում էին, թե երեկոյան ննջել են, և մտահոգ էին ամբարիշտ Դեկոսի հալածանքի և իրենց որոնելու առթիվ։ Դարձան և հարցրին նույն բանի մասին Ամլիքոսին, թե ինչ էր լսել Եփեսոս քաղաքում։ Ամլիքոսն ասաց. «Ինչպես երեկ պատմեցի Դեկոս թագավորը մեզ է փնտրում. կամ զոհ մատուցենք կուռքերին, կամ մեռնենք, եթե չհնազանդվենք նրան»։ Մաքսիմիլիանոսն ասում է իր ընկերներին. «Եղբայրնե՛ր իմ, հիշեցեք երկնային և ահավոր ատյանը և մի՛ զարհուրեք ժամանակավոր երկյուղով, որ բնավ չունի սպառնալիքի ահ։ Չուրանանք մեր կյանքը, որ ունենք Աստծու Որդու հավատով, որ Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի այս չար աշխարհից, և լինենք ի փառս ամենասուրբ Երրորդության։– Եվ դառնալով Ամլիքոսին` ասաց,– Դու դրամ վերցրու, գնա՛ քաղաք, իմացի՛ր, թե ինչ է մտածում Դեկոսը մեր մասին»։

Ամլիքոսը դրամ վերցրեց, փոխեց իր կերպարանքը, որ ոչ ոք չճանաչի և նրան չմատնի Դեկոս թագավորի ձեռքը, ու գնաց։ Նա չգիտեր, որ Դեկոսի ոսկորները հող են դարձել և հոգին խոշտանգման մեջ է։ Եվ երբ մտավ Եփեսոս քաղաքը, տեսավ սուրբ Խաչի նշանը քաղաքի դռանը, իր մտքում զարմացավ։ Շրջեց ամբողջ քաղաքը և նույնպես տեսնում էր տերունական Խաչի նշանը կանգնեցրած տարբեր տեղեր։ Եվ մարդկանց, որ երդվում էին Տեր Հիսուսի անունով։ Եվ քաղաքը թվում էր այլ կերպ, նա հիացած էր ու ապշած և ասում էր իր մտքում. «Երեկ ոչ մի տեղ չկար տերունական Խաչի նշանը, և ոչ ոք չէր համարձակվում տալ զորությունների Տիրոջ անունը, իսկ այժմ համարձակ քարոզվում է Տիրոջ անունը և իսկապե՞ս սա Եփեսոս քաղաքն է, որովհետև բնավ նման չէ, կամ թե երազ է, որ երևում է, չգիտեմ։ Եվ ի՞նչ է այս եղածը, որ ապշեցնում է ինձ։ Ինձ ո՞վ խելամիտ [պատասխան] կտա»։ Եվ մոտենալով մի մարդու ասաց. «Սա ո՞ր քաղաքն է»։ Եվ նա պատասխանեց` Եփեսոսն է։ Եվ Ամլիքոսն իր մտքում ասաց. «Ի՞նչ եղա, Տե՛ր Հիսուս, օգնիր ինձ»։ Եվ ապշած մտքով ու երկյուղով գնում էր շուկա` հաց գնելու և հեռանալու քաղաքից, որ չբռնվի։ Եվ տվեց դրամը, որ ուներ` հաց առնելու, և հացավաճառն ասաց. «Նախկին թագավորների պատկերն ու գիրն ունի»,– և ցույց էր տալիս իր ընկերներին։ Նրանք նայելով Ամլիքոսին ասացին. «Սա գանձ է գտել, որովհետև այս դրամը շատ հին է»։ Ամլիքոսը լսեց և շատ վախեցավ, որովհետև կարծեց, որ Դեկոսի ձեռքն են մատնելու։ Եվ ասաց նրանց. «Աղաչում եմ ձեզ, տվե՛ք ինձ հասնող հացը, և գնամ իմ տեղը»։ Եվ նրան ասում են. «Դու ո՞րտեղից ես... մեզ բաժին տուր, եթե ոչ` կմատնվես դատավորների ձեռքը և կմեռնես»։ Ամլիքոսը այս լսելով ահաբեկված ասաց. «Ես սրան չէի սպասում. ինձ ավելացավ տրտմություն տրտմության վրա»։ Եվ չգիտեր, ինչ պատասխան տա նրանց, որ նեղում էին իրեն։

Քաղաքում լուր տարածվեց, թե բռնվել է մեկը, որ գանձ է գտել, և բազում մարդիկ հավաքվեցին նրա շուրջը։ Նա նայում էր, թե ծանոթներից մեկը երևա, և ոչ ոքի չէր տեսնում։ Եվ զարմացած էր։ Իսկ նրանք նեղում էին իրեն և ասում. «Այս այրը օտարական է,և ոչ ոք չի ճանաչում սրան»։ Ոմանք, կերպարանքից դատելով, փախստական էին համարում նրան։

Լուրը հասավ բդեշխին, որ պատահմամբ սուրբ Մարիս եպիսկոպոսի մոտ էր, եկեղեցում։ Հրամայեցին բերել Ամլիքոսին և պարզել խնդիրը։ Եվ երբ բերին ու տեսան դրամները` հարցրին նրան. «Դու ո՞րտեղացի ես, և ի՞նչ են այս դրամները, որ առաջին թագավորների պատկեր ու գիր ունեն. ամեն ինչ ասա ստուգությամբ»։ Իսկ նա չգիտեր ինչ պատասխաներ։ Եպիսկոպոսն ասաց. «Ճշմարիտն ասա, որդյա՛կ, և ազատվիր փորձությունից, որ բռնվել ես»։ Ամլիքոսն ասաց. «Աղաչում եմ քեզ, տե՛ր, ինձ բան հասկացրու, և ամենն ինչ որ գիտեմ` կասեմ։ Դեկոս թագավորը քաղաքո՞ւմ է, և կամ քաղաքս Եփեսո՞սն է»։ Եպիսկոպոսն ասաց. «Այժմ երկրի վրա չկա Դեկոս թագավորը, այլ բազում ժամանակներ առաջ պաշտում էր կուռքերին և հալածում քրիստոնյաներին։ Այժմ Թեոդոսն է թագավոր` Քրիստոսի հավատացյալ, և ամենասուրբ Երրորդությունը օրհնվում և երկրպագվում է բոլորից, և այս քաղաքը Եփեսոսն է»։ Ամլիքոսն ասաց. «Երեկ Դեկոս թագավորն այս քաղաքում էր, և պատուհասում էր քրիստոնյաներին, և ես երբ լսեցի` վախեցա, գնացի պատմեցի իմ ընկերներին, որ [Դեկոսը] մեզ է փնտրում կորցնելու համար, որովհետև հանուն Քրիստոսի հալածված ենք նրանից յոթ հոգով` քաղաքիս պատվավորների որդիներ։ Մենք վերցրինք բազում ոսկի և արծաթ, բաշխեցինք աղքատներին, և մնաց սակավ դրամ` մեր կարիքների համար։ Այս է, որ տեսնում եք։ Եվ մնում ենք Ողքոս լեռան անձավում, եկեք և տեսեք»։ Եվ ասաց իրենց և ծնողների անունները, և ոչ ոք չէր ճանաչում նրանց։ «Ես,– ասաց Ամլիքոսը,– եկա հաց գնելու և տանելու, իմանալու Դեկոսի մասին։ Եվ այս փորձությունները, որ հանդիպեցի, չէի սպասում։ Ես ձեզ պատմեցի ստույգը։ Այժմ թող կատարվի Աստծու կամքը, որ գիտե ամեն ինչ։ Ես ուրիշ ոչինչ չգիտեմ»։

Այն ժամ եպիսկոպոսն ասաց. «Աստված այսօր մի մեծ սքանչելիք է ուզում հայտնել այս երիտասարդի միջոցով։ Եկեք գնանք Ողքոս լեռան անձավը, տեսնենք Աստծու մեծամեծներին»։ Եվ իրենց հետ բազմությունը վերցնելով գնացին` եպիսկոպոսը, բդեշխը և քաղաքի մեծամեծները, իսկ Ամլիքոսը նրանց առջևից։ Եվ մտավ անձավ, պատմեց իր ընկերներին` ինչ որ պատահեց իրեն։ Ու մինչդեռ եպիսկոպոսը ուզում էր մտնել անձավը` այս ու այն կողմ նայեց, տեսավ պղնձե գզրոցը, հանեց դուրս, բդեշխի և պատվավորների առջև բացեց, և տեսան երկու կապարե տախտակ, որոնց վրա գրված էին յոթ մանկանց անունները, և թե Դեկոս թագավորից հալածված են հանուն Քրիստոսի հավատի։ «Քրիստոսի սուրբ վկաները չհամաձայնեցին պաշտել կուռքերին։ Դեկոսի հրամանով փակվեց անձավի մուտքը, որ լինի սրանց բանտ ու գերեզման։ Եվ մենք` Թեոդոս և Աբոս, արքայի հավատարիմներ և քրիստոնյաներ, գրեցինք, որպեսզի երբ Տերն այցելի, և հայտնվեն սրանց նշխարները` հայտնի լինի, որ այս սուրբ մանկունքը Քրիստոսի վկաներ են»։

Այս լսելով փառավորում էին Աստծուն անպատում սքանչելիքի համար, որ ցույց տվեց Տերը։ Եվ մտան անձավը, տեսան սուրբ մանուկներին` պայծառ, գեղեցիկ և վայելուչ` Աստծու հրեշտակների նման և ընկնելով իրենց երեսների վրա երկրպագում էին և միմյանց ողջունում հոգևոր ողջույնով։ Եվ գոհացան Աստծուց, որ արժանի եղան տեսնելու հարության սքանչելիքը և ահավոր տեսիլը, որ ցույց տվեց Տերը ժամանակին։ Եվ խոսեցին միմյանց հետ, սուրբ մանուկները պատմեցին Դեկոսի օրերին եղած հալածանքների ու գործերի մասին։ Իսկ եպիսկոպոսը պատմեց անաստված թագավորների կործանման, ուղղափառ և քրիստոսասեր թագավորության, քրիստոնյաների կարգի և հավատքի հաստատության մասին։ Եվ նրանք օրհնում էին Աստծուն և անմիջապես տեղեկացրին Թեոդոս թագավորին մանուկների հարության մասին, որ հայտնվեց իր ժամանակ։

Երբ այս լսեց մեծն Թեոդոս, Ամենատիրոջը մատուցեց գոհություն և օրհնություն, որ հարության հույսը հաստատեց սուրբ մանուկների միջոցով, ամոթահար արեց չարին։ Եվ ուրախ եղավ, ցնծում էր և օրհնում Աստծուն, և շտապ հասավ այնտեղ` ցանկանում էր տեսնել սուրբ մանուկներին։ Եվ մանկունք ելան նրան ընդառաջ` անձավից դուրս, և նրանց երեսները փայլում էին աստղերի նման, և երկրպագեցին արքային, իսկ նա երեսնիվար ընկավ, համբուրում էր նրանց ոտքերը, և մանուկները բռնեցին բարձրացրին նրան և նրա հետ մտան անձավը։ Եպիսկոպոսը և բոլոր պատվավորները նստեցին գետնին և գրկելով համբուրում էին սրբերին մեկ–մեկ։ Եվ թագավորը զվարճանում և օրհնում էր, Աստծուն ասելով. «Ո՞վ կպատմի Տիրոջ զորությունները, որ միայն սքանչելիքներ գործեց։ Ո՜վ Աստծու մարդասիրության խորհուրդ, հավիտյան է նրա ողորմությունը իրեն հուսացողներին։– Եվ ասաց,– Ինչ որ քարոզեցին սրբերը հարության մասին, այժմ հայտնապես տեսանք այս սրբերի միջոցով։ Եկեք բոլորս փառք վերառաքենք ամենասուրբ Երրորդությանը` այժմ և հանապազ հավիտյան»։ Թագավորը հարցրեց մանուկներին. «Ձեր ոգիներն ի՞նչ զգացողություն ունեին»։ Սուրբ մանկունք պատասխանեցին. «Ինչպես նրանք, որ իրենց անկողնում ննջում են, առավել զգայությամբ. որ հուսով բարին է, որ հակառակորդի բոլոր հնարներից ազատված է, զարմանալի մի գեղեցկությամբ բերկրացած, որ ոչ աչքն է տեսել, ոչ ունկն է լսել, և մարդու սիրտ չի ընկել, ուր պատրաստվեցին հոգիների շտեմարաններ` արժանավորներին` խնդությամբ և ուրախությամբ, ի փառս Աստծու, իսկ մեղավորներին` տրտմությամբ և հեծությամբ` ըստ յուրաքանչյուրի բարի և չար գործերի։ Բայց կատարյալ բարիքը և պատուհասը մարմնով և հոգով ընդունվում են Աստծու արդար դատաստանին»։

Նաև այլ բազում բաներ խոսեցին թագավորի հետ և նրան օրհնեցին` հանուն Տիրոջ զորությունների և ասացին. «Օրհնյալ լինես դու տիրոջից, Աստծուն սիրելի, որովհետև Աստված քեզ համար մեզնով ցույց տվեց հարության սքանչելիքը»։ Եվ բոլորը միասին ոտքի կանգնելով աղոթեցին և օրհնեցին Աստծուն և [մանուկները] ասացին բոլորին. «Ո՛ղջ եղեք, խաղաղություն ձեզ»։ Եվ իրենց գլուխները դրին [գետնին] ու դարձյալ ննջեցին և ավանդեցին իրենց հոգիները ի փառս Աստծու։ Եվ թագավորը և ամբողջ ժողովուրդը տեսնելով սքանչելիք սքանչելիքի վրա` օրհնում էին Աստծուն և փառավորում Նրան սքանչելիքի պատճառով։

Եվ թագավորը հրամայեց ոսկի տապաններ պատրաստել նրանց։ Եվ այն գիշեր երևալով սրբերն ասացին թագավորին. «Թող մեզ մեր տեղում` ինչպես կանք, մինչև բոլորի հարությունը, և դարձյալ հարություն կառնենք անապականություն հագած, և անմահացած կժառանգենք անսպառ բարիքը»։ Այս լսելով բարեկարգեցին անձավը և գեղեցկացրին, հախճապակիով պատեցին։ [Վկաներին] թողեցին այնպես, որպես ննջել էին, մեծ տոն կատարելով այն օրը` ինչպես վայել էր սրբերին. ի փառս ամենասուրբ Երրորդության հավիտյանս հավիտենից. ամեն։

« Վկայաբանություն սուրբ Եփիմիա կույսի և Քրիստոսի քառասունինը վկաների   |   Սուրբ Թաղղոսի վկայաբանությունը »
© Gratun.org