Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Բ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Թաղղոսի վկայաբանությունը

Եգիա քաղաքում Նումերիոսի թագավորության և Թեոդորոսի դատավորության ժամանակ, ինը կաղանդներից առաջ, Հոռի ամսի քսաներեքին դատավորը նստեց Եգիա քաղաքի Անդրիանոսի տաճարում և ասաց. «Կանչեցեք կրոնով ամբարշտին»։ Զորականներն ասացին. «Ահա այստեղ է. խնդրում ենք քեզ»։ Թեոդորոս դատավորն ասաց նրանց. «Ո՞րտեղ բռնեցիք դրան, որի մորուքի հասնելու և ծաղիկ երիտասարդության պայծառանալու սկիզբն է»։ Դենեսիոս դահճապետն ասաց. «Մինչդեռ գնում էինք Անարզաբա մայրաքաղաքը, դեռ հիսուն ասպարեզով հեռու էինք, տեսանք դրան` արևելք ընթանալիս։ Երբ մեզ տեսավ, թաքնվեց անտառի մեջ, և մենք իմացանք, թե քրիստոնյա է և աստվածներին պատվելով` անտառում մնացինք քառասուն օր ու քառասուն գիշեր և դրան գտանք ձիթենու տակ թաքնված։ Երբ բռնեցինք, որ կապենք` սկսեց դիմադրել մեզ, և մենք բրերով չարչարեցինք դրան, ջարդեցինք ոսկորները և երկաթե [կապանք] դնելով ձեռքերին ու ոտքերին` բերինք քեզ մոտ»։

Թեոդորոս դատավորն ասաց նրան. «Ո՞ր պաշտամունքից ես, կամ ո՞ր գահից, կամ ո՞ր քաղաքից, և ի՞նչ է քո անունը»։ Թաղղոսն ասաց. «Եթե ուզում ես իմանալ, թե ինչ պաշտամունքից եմ` կոչվում եմ քրիստոնյա, իսկ թե ուզում ես իմանալ` ինչպես են մարդիկ անվանում` կոչվում եմ Թաղղոս և Լիբանանից եմ, հավատում եմ Գալիլիացուն և ընտանի եմ Երուսաղեմացուն։ Իմ մայրը Հռոմելիանան է, իսկ հայրս` Բեկոսիանոսը։ Ես արվեստով բժիշկ եմ և եղել եմ Հովհաննես եպիսկոպոսի սարկավագը։ Քրիստոնյաների հալածանքի ժամանակ բոլորը փախան, միայն ինձ բռնեցին և հանձնեցին Եդեսիայի Տիբերիանոս դատավորին. ինձ չարաչար տանջանքներ պատճառեց և երեք անգամ հրապարակում տանջանքի ենթարկեց` կարծելով թե իմ մտածումները կդարձնի Աստծու ուրացության։ Ես դիմեցի Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, և [Աստված] ինձ փրկեց նրա անօրեն ձեռքերից։ Իսկ այժմ հասա, հանձնվեցի քո ատյանին, որով եկավ Աստծու անվան համար իմ մեռնելու ժամանակը։ Արա՛ ինչ ուզում ես, որովհետև մոտ է Նա, ով օգնում է ինձ` Քրիստոս»։ Դատավորն ասաց. «Ա՛յ փախստական, մի՛ կարծիր, թե կարող ես իմ ձեռքից փախչել»։ Թաղղոսն ասաց. «Հավատում եմ ամենաթագավոր Աստծուն, որ ամոթի չի մատնի իր` ի Քրիստոս հուսացողներին, և ովքեր Նրա անվան համար գալիս են այս վկայությանը»։ Դատավորն ասաց. «Գայլիկոնով ծակեցեք դրա պճեղները և պարաններ անցկացրեք և քարշ տվեք քաղաքով, որ փախչող է, գուցե կփախչի թագավորներից»։

Եվ սկսեցին անել այդպես, ջանացին ու չկարողացան։ Եկավ նվիրակապետն ու ասաց. «Աղաչում ենք քեզ, տեր, առավոտից մինչև հիմա չարչարվեցինք ու ոչինչ չկարողացանք անել»։ Դատավորն ասաց. «Կրկին ջանացեք, թերևս կարողանաք ծակել»։ Եկավ հյուսն Աստերիոսը և ասաց. «Ինչպես հրամայեցիր` ծակեցինք նրա պճեղները և կապեցինք պարաններով»։ Թեոդորոս դատավորն ասաց. «Այստեղ բերեք փախչողին»։ Եվ բերին։ Ասաց նրան. «Մոտեցիր և զոհ մատուցիր աստվածներին թագավորների հրամանի համաձայն, որ փրկվես տանջանքներիցդ»։ Թաղղոսն ասաց. «Քրիստոնյա եմ և կուռքերին չեմ երկրպագի, որպեսզի չկորցնեմ Աստծուց ինձ խոստացված վարձը»։ Դատավորն ասաց. «Եկեք–կախեցեք նրան գլխիվայր, որպես անզգամներից մեկի»։ Իսկ սատանայի արբանյակները միայն փայտ[ից] կախեցին։ Եվ Թաղղոսի աշակերտ Տիմոթեոսն ասաց. «Տե՛ս ինչ են անում սատանայի արբանյակները»։ Թաղղոսն ասաց. «Լո՛ւռ մնա, քանի որ Քրիստոսն է, որ մեզ օգնում է և նրանց ջանքերը ունայն է դարձնում»։ Դատավորն ասաց. «Օ՜, թշվա՛ռ, ո՛վ է, որ ձեզ չհրամայեցի կախել դրան, և դուք միայն փայտ[ից] կախելով եք տանջում և ծաղրում եք արքունական հրամանս»։ Հյուսն Աստերիոսն ասաց. «Այն հավատացյալ մարդու Տեր Աստվածը կենդանի է, հանցանք չեմ գործում և կամ ծաղրում, այլ ես ևս խոստովանում եմ Քրիստոսին` Թագավոր երկնքի և երկրի, որին նա է հուսացել ու հավատացել»։

Իսկ Աղեքսանդրոս դահճապետն ասաց. «Արդարև մեծ փառք տեսանք այս երանելի մարդու պարագային և չենք կարող դրան ձեռք տալ, որի համար և մենք հավատացինք Քրիստոսին և քրիստոնյա ենք։ Դրանով ճշմարտության գիտություն ստացանք, սուրբ Թաղղոսի չարչարակից կլինենք»։ Եվ դատավորը տեսնելով` խիստ բարկացավ նրանց վրա, մռնչալով իբրև առյուծ, ատամներն էր կրճտում նրանց վրա։ Իսկ Աստերիոսն ու Աղեքսանդրոսը աղոթելով ասացին. «Տեր Աստված քրիստոնյաների, մի՛ թողնիր, որ սատանան հափշտակի անձերը Քո ծառաների, որ խոստովանում են Քեզ»։ Այս ասելով փախան դատավորի առջևից։ Եվ պալատից Միտոս անունով մեկը հասավ ու սպանեց նրանց, եկավ, պատմեց դատավորին, ասաց. «Տե՛ր դատավոր, նրանց հասա լեռան վրա, բռնեցի և սպանեցի սրով և նրանց գցեցի այնտեղ, և ամբողջ բազմությունը տեսավ»։

Դատավորն ասաց. «Դու ի՞նչ ես կամենում, Թաղղո՛ս, զոհ մատուցել աստվածներին և ապրե՞լ, թե՞ մեռնել չարաչար»։ Թաղղոսն ասաց. «Չես կարող համոզել Աստծու ծառայիս զոհ մատուցելու սնոտի դևերին և նրանց պատկերներին։ Չեմ վախենում քո տանջանքներից, քանի որ մերձ է ինձ իմ հույս Քրիստոսը և ինձ կազատի քո տանջանքներից»։ Եվ դատավորը բարկացավ, ելավ անձամբ տանջելու երանելիին, և նրա ձեռքերը փայտացան։ Դատավորն աղաղակեց ասելով. «Աղաչում եմ քեզ, ճշմարիտ Աստծու ծառա, աղոթիր ինձ համար, որ ձեռքերս բուժվեն»։ Եվ երբ Թաղղոսը աղոթեց` ողջացան նրա ձեռքերը։ Եվ բոլորը զարմացած ասացին. «Մեծ է Աստվածը քրիստոնյաների»։ Դատավորն ասաց. «Կանչեցեք նավավարին»։ Եվ երբ եկավ` ասաց. «Դրան գցեցեք նավ և տարեք Սիպրոս քաղաքը և այնտեղ կմեռնի դա, թող իմ ձեռքով չմեռնի»։ Թաղղոսն ասաց. «Դու ես դրել սկիզբը և քո ձեռքով եմ մեռնում»։ Նրան վերցրին, գցեցին նավի մեջ, ու մինչդեռ վարում էին, Թաղղոսն ասաց. «Քրիստոս կարող է դարձնել այս նավը այնտեղ, ուր Թեոդորոսը հարվածեց ինձ»։ Երբ գնում էին, ծովի մեջ ուժեղ հանդիպակաց հողմ ելավ, ետ դարձրեց նավերը, այն նավով հանդերձ, որի մեջ սուրբ Թաղղոսն էր։ Եվ երբ մոտեցան այն տեղին, ուր ատյանն էր, Թաղղոսը աղաղակեց և ասաց դատավորին. «Արդ, ուր են քո աստվածները, ուր են քո պարծանքները. դիմադարձելով Քրիստոսը հաղթեց և բթացրեց քո հայր սատանայի խայթոցը»։

Դատավորն ասաց. «Տեսեք, թե ինչպես կախարդեց և նավերը ետ դարձրեց»։ Եվ հրամայեց կախարդներ բերել։ Երբ բերին, Թեոդորոս դատավորն ասաց. «Ինչ անենք սրան, որովհետև իր կախարդությամբ հաղթեց»։ Ուրբիկոս կախարդն ասաց. «Քրիստոնյաների ազգը չարակռիվ է և չարամահ, բայց դու արա ինչ որ կասեմ քեզ, և արագ կսատկեցնես նրան. պատրաստիր տախտակներ և կարկինի նման սուր գամեր և նրա մազերը մեխել տուր տախտակներին և քարշ տուր քաղաքի հրապարակում։ Այդպես կվերանա նրա կախարդությունը, իսկ դրանից հետո թող նետեն գազաններին, որ քաշքշեն նրա մարմինը»։ Եվ դատավորը շտապ հրամայեց կատարել տախտակներով գամելու հնարքը։ Երբ պատրաստեցին, բերին սուրբ Թաղղոսին։ Նա ձեռքերը տարածելով սկսեց աղոթել և ասաց. «Տե՛ր Աստված, մնա Քո ծառայի մոտ և հաղթիր սատանայի չար հնարներին, որ ինձնով փառավորվի Քո անունը և ճանաչվի նրանց չարության ամբարշտությունը, որ ոչ թե կախարդություն է, այլ քո աստվածության անպատմելի զորությունը»։ Եվ երբ այս ասաց` նրան պառկեցրին տախտակների վրա և գամեցին, և կապելով քարշ էին տալիս նրան քաղաքի ասպարեզում։ Եվ դատավորը նստեց ասպարեզում, հարցրեց. «Ասա՛, ո՞վ տվեց Քրիստոսի չար պաշտամունքը»։ Զորականներն ասացին. «Կարծում ենք, որ մեռավ»։ Դատավորն ասաց. «Շամփուր տաքացրեք, դարձրեք հրի նման և ծակեցեք դրա կողերը, միգուցե խաբում է»։ Եվ երանելի Թաղղոսը ինքնիրեն տյառնագրեց Քրիստոսի Խաչի սուրբ նշանով, շարժվեց վեր վազելով, կտրեց բոլոր կապանքները, որ պնդված էին բևեռներով, կանգնեց մեջտեղում, ավելի զորավոր խոսելով ասաց. «Օրհնյալ է Աստված, որ ինձ հարուցեց մեռելներից և ամոթահար արեց կուռքեր պաշտողներին»։

Այնժամ դատավորը հրամայեց նրա վրա գազաններ բաց թողնել։ Եվ մի մատակ առյուծ եկավ, նրան չվնասեց։ Եվ դարձյալ արձակեց նրա վրա վագրեր, և գազանները գնացին, գորովանքով ընկան նրա ոտքերը։ Եվ սուրբ Թաղղոսը բարձրաձայն ասաց. «Երանի նրանց, որ հավատում են Քրիստոսին, երանելի են` ովքեր առանց երկմտության կմոտենան նրա խոստովանությանը, երանելի են, որ իրենց անձը չարչարանքի մատնեցին` հանուն Քրիստոսի, որովհետև նրանք հաղթում են սատանային»։ Երբ այս լսեց դատավորը, ասաց. «Ինչպե՞ս կախարդեց վայրի գազաններին` դիմելով Քրիստոսի անվանը»։ Եվ հրամայեց բերել նրան ասպարեզի պատի մոտ, որ քաղաքի ամբողջ բազմությունը քարկոծի նրան։

Թաղղոսն աղաղակեց և ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենակալ Հայր, ինձնից հեռացրու մարդկային սպառնալիքը, որպեսզի իմանան, որ Դու ես միակ Աստվածը, բացի Քեզնից` ուրիշ ոչ ոք, իսկ ես Քո ծառան եմ»։ Եվ նա այս ասելով աղոթեց. քարերը ետ էին դառնում և վիրավորում ամբարիշտներից շատերին, իսկ սուրբը չվիրավորվեց, քանի որ ծածկված էր Աստծու շնորհով։ Եվ դատավորը հրամայեց իջեցնել նրան և ասաց. «Մոտեցիր և զոհ մատուցիր աստվածներին, որովհետև նրանք օգնում են քեզ, և որի համար ես ներողամիտ եղա քո նկատմամբ, իսկ եթե ոչ` երդվում եմ Ասկլեպիոսով, այսուհետև կհրամայեմ քեզ մատնել դառն տանջանքների»։ Թաղղոսն ասաց. «Քրիստոնյա եմ և չեմ կարող զոհ մատուցել դևերին։ Ինչպես ուզում ես արա՛, չեմ վախենում քո տանջանքներից, որովհետև Քրիստոսն է, որ օգնում է ինձ»։

Եվ դատավորը հրամայեց ձեթ և ձյութ, ծծումբ և կուպր բերել և միասին խառնել երկաթե կաթսայի մեջ և լավ տաքացնել և լցնել նրա գլխին։ Ասաց. «Տեսնեմ` դրան կօգնի՞ Քրիստոսը, որ նրա հույսն է»։ Թաղղոսն ասաց. «Հավատում եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին, որ զորացրեց և օգնեց ինձ, Նա է, որ հաղթում է քեզ ինձանով, և դու` ամբարշտությամբ կուրացած անօրեն, չես կարող տեսնել իմ Քրիստոսի օգնականությունը»։ Երբ այս ասաց, կաթսան մոտեցրին, որ դեռ եռում էր, և լցրին նրա գլխին։ Իսկ կուպրը եղավ ջրի նման սառն և նրան չվնասեց։ Դատավորն ասաց. «Քո կախարդությամբ հաղթում ես բոլորին, միգուցե քո կախարդությամբ մեզ համոզես քրիստոնյա՞ դառնալ»։ Եվ հրամայեց կանչել Ուրբիկոս կախարդին։ Նա այնպես կռվեց նրա հետ, և երբ [Թաղղոսը] բոլորին հաղթեց` դատավորը հրամայեց կանչել Իլիթոպոս և Քարտիկուր թովիչներին։ Եվ երբ եկան` ասաց. «Ի՞նչ անենք այս քրիստոնյային, որովհետև պարծենալու է, թե հաղթեց մեզ։ Այժմ դրան գցեցեք չար գազանների մեջ»։ Եվ նրան ասացին. «Այս օրերին կան գազաններ, որ ոչինչ չեն կերել»։ Դատավորն ասաց. «Մի՛ խնայեք դրան, այլ գցեցեք գազանների առաջ, որպեսզի գազանները վերջ տան դրան»։

Երբ նրան գցեցին գուբը, գազանները գնում, նրա ոտքերն էին ընկնում, լիզում էին ոտքերը և նրան չէին վնասում։ Իսկ գուբի մեջ կային իժեր, քարբեր և եղջերավոր օձեր։ Թաղղոսը գուբի մեջ գազանների հետ մնաց երեք ցերեկ և երեք գիշեր և այնտեղ փառավորում էր Աստծուն։ Երեք օր անց դատավորն ասաց թովիչներին. «Կախարդները հաղթեցի՞ն այն թովիչին»։ Եվ նրանք պատասխանեցին. «Քո հրամանի համաձայն նրան գցեցինք գուբը. այնտեղ գազանների մեջ մնաց երեք օր ու գիշեր։ Եվ ամենևին չմոտեցան նրան, այլ գիշեր–ցերեկ նրան շրջապատած օրհնում ու փառավորում էին իրենց Տեր Աստծու անունը»։ Զարմացած դատավորը հրամայեց բերել նրան։ Եվ երբ [սուրբը] մտավ նրա մոտ, դատավորն սկսեց համոզել նրան և ասաց. «Ե՛կ, բարի՛ մարդ, զո՛հ մատուցիր աստվածներին, խոստովանի՛ր Ադրիանոս ամենակալին, և քեզ կազատեմ»։ Թաղղոսն ասաց. «Ե՛ւ առաջ քեզ ասացի և՛ այժմ ասում եմ, որ քրիստոնյա եմ, չեմ ուրանա իմ Աստծուն, չեմ մոտենա անզգա քարեղեններին և պիղծ դևերի պատկերներին։ Եվ Ադրիանոսի` ամբարիշտ մարդու համար ինչո՞ւ ես ինձ բռնադատում, որ ես չեմ խոստովանում նրան, այլ գիտեմ, որ անօրեն ու ամբարիշտ է, անսուրբ ու ժանտագործ»։ Թեոդորոս դատավորն ասաց. «Իմ ձեռքից չես պրծնի, մինչև աստվածների վրեժը չլուծեմ, որ հայհոյեցիր, անարգեցիր և արհամարհեցիր մեր դատավորական իշխանությունը»։ Եվ հրամայեց տաքացնել հնոցը, և առավել ջերմացրին։ Պալատից եկավ ոմն Կղավդիանոս և դատավորին ասաց. «Այնպես եղավ հնոցը, ինչպես ճառագայթները սաստիկ այրումից»։ Եվ հրամայեց դատավորը Թաղղոսին գցել հնոցը ընկերներով հանդերձ, որոնք կոչվում էին քրիստոնյա, և որոնց անունները սրանք են. Նարգիսոս, Թեոդիոս, Ակաստասիա, Փիղադուս, Մարկարիա, Թեոդողե և Անաստասիս։...

... Եվ դահիճները վերցրին Թաղղոսին ու նրա ընկերներին, որ բազում չարչարանք էին կրել Տիրոջ անվան համար և գցեցին հնոցը։ [Նրանք] գովում և փառավորում էին Աստծուն, որ իրենց արժանի արեց հասնելու երկնային պսակին։ Իրար գրկած` այրը` այրին, կինը` կնոջը, աղաղակում և ասում էին. «Դու, որ երեք մանուկներին հնոցում հովանի եղար, պահիր մեզ անարատ այս հրի մեջ և ընդունիր մեր հոգիները, որ սուրբ և ճշմարիտ ես և Քո լույսի խորանում դասիր սրբերի հետ, որպեսզի անդադար փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և հավիտյանս ամեն»։ Ամբողջը ասելով հոգիներն ավանդեցին Տիրոջ ձեռքը։ Եվ հանկարծակի որոտմունք, փայլատակում և սաստիկ անձրևներ եղան ու մարեցին հուրը։ Դատավորը երկյուղից հուսալքվեց, աղաղակեց ասելով. «Վա՜յ ինձ` մեղավորիս, որ դառնացրի Աստծուն, և նրա սրբերին կոտորեցի»,– և քիչ օրեր անց կյանքից զրկվեց և շատերը հավատացին Տիրոջը։

Ես` Տանեբոսս, սուրբ Թաղղոսի ծառան, վերցրի սրբերի մարմինները և գերեզման դրի ասպարեզի վերևը` Ադրիանոսի տաճարի մոտ։ Եվ հանապազ փառավորվում է Աստված սուրբ վկաների ճգնությամբ և սրբերի հիշատակը կատարողների հոգիներին ու մարմիններին բժշկություն է շնորհում, որոնք ճշմարտությամբ փառավորում են երեքանձնյա Տերությունն ու Միաստվածությունը այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն1։ ...

...[Թաղղոսը] խաչակնքվելով շարժվեց դեպի վեր, խզեց բոլոր կապանքները, քանդեց գամերը, կանգնեց մեջտեղը և խոստովանելով ասաց. «Օրհնյալ է Աստված, որ ինձ հարություն տվեց մեռելներից և ամոթահար արեց կուռքերի պաշտոնյաներին»։ Այնժամ դատավորը հրամայեց նրա վրա արձակել գազաններ։ Եվ մոտեցավ մի մատակ առյուծ, ընկավ նրա ոտքերը։ Հետո արձակեցին վագր, որ ընկավ նրա առաջ։ Գազանները ձայնով ձևացնում էին սրբի գովություն։ Եվ սուրբ վկան ասաց բարձրաձայն. «Երանի նրանց, որ հավատում են Քրիստոսին, երանելի են, որ առանց երկմտության մոտենում են Նրան խոստովանելու, որովհետև նրանք կժառանգեն պարգևներ։ Երանելի են, որ իրենց անձերը մատնում են Աստծու համար, որովհետև նրանք հաղթում են սատանային»։ Երբ այս լսեց դատավորը, զարմացավ և ասաց. «Ինչպես վայրենի գազաններին կախարդեց` հիշելով Հիսուսի անունը»։ Դատավորը հրամայեց. «Դրան գամեցեք պարսպին»,– և ամբողջ բազմությանը հորդորեց քարկոծել նրան։ Եվ քարկոծելիս սուրբն աղաղակում և ասում էր. «Ամենակալ Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, ինձնից դարձրու սպառնալիքը, որ հասկանան, թե Դու ես Աստվածը և այլ Աստված չկա բացի Քեզնից, և ես` Քո անարժան ծառաս կխոստովանեմ Քեզ»։ Եվ աղոթելիս քարերը ետ էին դառնում և բազում ամբարիշտներ սպանվում էին, իսկ սուրբը չէր վիրավորվում...

Ես սուրբ Թաղղոսի ծառա Տանեբոսը վերցրեց սրբերի մարմինները, դրեց գերեզման ասպարեզի վերնամասում, Ադրիանոսի տաճարի մոտ։ Դրանով Աստված փառավորվում է սուրբ վկաների ճգնությամբ և բժշկություն է շնորհում սրբերի հիշատակը կատարողների հոգիներին ու մարմիններին, որոնք ճշմարտությամբ փառավորում են երեքանձնյա Տերությունը և մի Աստվածությունը. այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« Յոթ սուրբ մանկանց վկայաբանությունը   |   Սուրբ Թեկղի վարքի պատմությունը »
© Gratun.org