Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Գ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Կոդրատոսի վկայաբանությունը

Դեկոս կայսեր և Վաղերիանոսի ժամանակ բազում քաղաքներից բռնում էին քրիստոնյաների և տանում Բութանիայի մայրաքաղաք Նիկոմիդիա, նետում բանտ, պահում ամենայն զգուշությամբ, ապա քարշ տալիս ատյան, որ եթե համաձայնեին ուտել պիղծ կերակուրներից` առանց տանջանքի ազատ արձակեին ամենքին իր գավառը։ Այնուհետև բազում երկյուղ կար քրիստոնյաների մեջ վերոհիշյալ քաղաքում, ոմանք` լեռներում, ոմանք ագարակներում էին թաքնվում։ [Իսկ] առաքինի նահատակները և Աստծու պիտանի ծառաները համարձակ շրջում էին քաղաքում, մեծ ուրախությամբ մտածելով, թե ինչպես արժանի լինեն փառավորելու Աստծուն` խոստովանելով Նրա մարդասիրությունը։ Նրանցից մեկը, որի անունը Կոդրատիոս էր, հույժ զարդարված` հասակով, գեղեցկությամբ, մտքով, խելքով և վայելուչ ազգով և մեծությամբ, և աստված պաշտությամբ, որ ամեն ինչից բարձր է, և եռանդուն հավատով, մոտենում է բռնապետին ու զինվորներին, նրանց տալիս բազում գանձ, որպեսզի բանտում գտնվող իր կալանավոր եղբայրներին դարման տանեն։ Եվ ամեն մեկին անհրաժեշտ խնամք տածեն։ Եվ համարձակություն ստանալով` չէր դադարում մտնել նրանց մոտ և քաջասիրտներին ու հոժարամիտներին հորդորում էր վկայելու Տիրոջը, աղաչում էր հիշել իրեն անընդհատ, իսկ վատասիրտներին ու վհատածներին քաջալերում ու մխիթարում էր, որ չվախենան, այլ ավելի ուրախանան։ Եվ ասում էր, թե մարդկանցից շատերը ոչ հեշտությամբ, այլ մեծ չարչարանքով ու տառապանքով ելան այս կյանքից, և այստեղ` ժամանակավոր կյանքում չհանգստացան և չհասան ու արժանի չեղան հադերձյալին։ Իսկ ով Աստծու համար ճգնեց` բազում մեծամեծ բարիքների առիթ կունենա և՛ այստեղ, և՛ հանդերձյալում. այս իրերի այսպիսի դրվածքը հավատի նահատակության համար էր։

Այնուհետև այն նահանգի բդեշխը ելավ նստեց հրապարակում, հրամայեց առաջ բերել Աստծու ծառաներին։ Եվ երբ եկան կանգնեցին նրա առաջ, բդեշխն ասաց նրանց. «Ձեզնից յուրաքանչյուրն ասի իր անունը, ազգը, պատիվը և աշխարհը»։ Իսկ երանելի Կոդրատիոսը անհագ էր աստվածպաշտությամբ և ծարավի էր անմիջապես գնալու, հասնելու Տիրոջ մոտ. եկավ բոլոր եղբայրներից առաջ, մոտեցավ, որովհետև բոլորից ետ էր և առանց մեկին ձեռք տալու` վազում էր ատյան, վախենալով, թե միգուցե մեկը` ավելի առաջ ճգնավորություն ձեռնարկածներից` տանջանքներից վախենալով ուրանա։ Որովհետև տեսնում էր, որ եղբայրներից ոմանք գունատված և ընդարմացած են բազմապատիկ տանջանքներից, գուցե ավելի թուլացած` կամքով։ Ինքն առաջ էր ընկնում որպես Քրիստոսի քաջ նահատակ և սպառազեն։ Եվ բոլորից առաջ պատասխանելով, ասաց. «Քրիստոնյա ենք կոչվում, այս է մեր անունը և բոլորիս պատիվը, և ազատությունը մեկ է` ծառյում ենք Հիսուս Քրիստոսին` երկնային Թագավորին և աներևույթ Աստծուն։ Մեր քաղաքը երկնային Երուսաղեմն է, ուր Քրիստոս բնակեցնում է Իր մտերիմ զորականներին։ Ահա լսեցիր ամեն ինչ»։ Իսկ բդեշխը, զարմացած նրա համարձակությանը, դռնապաններին ասում է. «Առաջ բերեք այդ ամբարտավանին. ինչ օգուտ է նրան ժպիրհ հանդգնությունը»։ Իսկ նա ինքը այսուայնկողմ հրելով եղբայրներին` հոժարությամբ կանգնեց առաջը և խաչակնքելով իրեն` ասաց բդեշխին. «Ինքնակամ հոժարությամբ քո առջև եմ, ո՛վ բդեշխ, որ քո հայր սատանայի առաջամարտիկն ես դարձել։ Ես պատրաստ եմ ամեն տեսակ չարչարանքների, որ ինձ կգան քեզնից։ Այժմ արա՛ ինչ կամենում ես, որ այդ իսկ փորձով իմանաս` Քրիստոսի զինվորներն անհաղթ են։ Քանի որ մենք վերցրել ենք Նրա կնիքը, ահավասիկ պատրաստ ենք պատերազմելու քո մեքենայությունների դեմ»։

Բդեշխն ասաց. «Ասա ինձ, ո՛վ անզգամ, նախ քո անունն ու բախտը»։ Կոդրատիոսն ասաց. «Արդեն լսեցիր, որ քրիստոնյա ենք, իսկ բախտը մենք չգիտենք, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառաներն ենք»։ Բդեշխն ասաց. «Արժան չէ, որ դու քեզ քրիստոնյա կոչես, որովհետև թագավորի հրամանը քեզ կսպանի, այլ տեսնում եմ քեզ` իմաստուն և գեղեցիկ այր, ուստի և կարծում եմ, թե մեծամեծ տոհմից ես։ Լսի՛ր ինձ, և ես կգրեմ քո մասին թագավորին և քեզ կտրվի դատավորական իշխանություն, միայն թե աստվածներից գոհանաս»։ Կոդրատիոսն ասաց. «Մի՛ խժաբանիր, ո՛վ բդեշխ։ Բազում աստվածներ չկան, այլ մի Աստված Հայր, որից ամեն ինչ է, և մի Տեր Հիսուս Քրիստոս, որով ամեն ինչ և մենք ենք»։ Բդեշխն ասաց. «Կան և բազում աստվածներ, բայց գլխավորը տասներկու աստվածներն են, որոնց պարտավոր ես հավանել ու երկրպագել»։ Իսկ սուրբ Կոդրատիոսը պատասխանում էր. «Բարի չէ բազմաթագավորություն [ընդունելը], մեկ թագավոր է լինում»։ Բդեշխն ասաց. «Մյուսին ևս չտեսա՞ր, երբ այն տանը նայեցիր»։ Կոդրատիոսը հարցրեց. «Ո՞ր»։ Բդեշխը պատասխանեց. «Որ Հոմերոսն ասում է Պիսիդոնի մասին, թե հավաքեց ամպերը, խռովեց ծովը բոլոր հողմերով, ծածկեց ամպերով, ահագին որոտաց աստվածների հայրը վերևից, եկավ Պիսիդոնը և շարժեց երկիրը և Տրովա քաղաքը, և աքայացոց նավերը, շատ ասաց և Արամազդի մասին, թե որքան քաջություններ արեց. տեսնո՞ւմ ես նրանց մեծությունը»։ Կոդրատիոսն ասաց. «Նրանց մասին ինչքան ասաց Հոմերոսը` ճշմարի՞տ ասաց, թե՞ սուտ»։ Բդեշխն ասաց. «Ճշմարիտ»։ Կոդրատիոսն ասաց. «Ով արվագիտության և շնության, ամենապիղծ և գարշելի մոլոր անառակության մասին ասաց, պե՞տք է հավատալ իբրև ճշմարիտ ասվածի, որ աստվածներին վայել չէ, այլ մոլեկաններին ու պիղծերին։ Ձեզ համար ես ամաչում եմ, որ Աստծուն թողած երկրպագում եք պիղծ դևերին և եթե ուզում ես ձեր իսկ բանաստեղծներից կապացուցեմ, որ դև են և գարշելի»։ Բդեշխն ասաց. «Դու սկսեցիր անարգել, և վախենում եմ, թե թագավորը զայրանա իմ դեմ, որ իմ համբերությամբ քեզ թույլ տվի այսպես բարբառել։ Այժմ շտապ կվերացնեմ քո այդպիսի համարձակությունը»։ Կոդրատիոսն ասաց. «Իմ համարձակությունը ինձնից չի կարող խլել ո՛չ քո թագավորը, ո՛չ մեկ ուրիշը»։

Այնժամ բդեշխը հրամայեց մերկացնել նրան և ամրացնել տախտակի վրա և հարվածել գավազանով ու հարցնել` «Ասա՛ քո անունը»։ Եվ նա չպատասխանեց։ Բդեշխն ասաց դռնապաններին. «Անունն ի՞նչ է»։ Նրանք ասացին` «Կոդրատիոս, այլև մեծ տոհմից է։ Խնայեցեք դրան և հանեցեք փայտից»։ Ու նրան ասաց. «Ո՛վ այր, այդ ի՛նչ արեցիր, արատավորել տվիր քո պատիվը»։ Նրան կանչեց իրեն մոտիկ և ասաց. «Համաձայնի՛ր մեզ, քո պատիվն ու ազգը մի՛ անարգիր քրիստոնյաների կրոնով, որով խաբված ես»։ Կոդրատիոսն ասաց. «Նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծու տանը, քան ապրել մեղավորների հարկի մեջ»։ Բդեշխն ասաց. «Լսի՛ր ինձ և զոհ մատուցի՛ր աստվածներին, քանի որ նաև պատվակից ես մեծ հռոմայեցիների ծերակույտին, որպեսզի իբրև մի չարագործ չմեռնես։ Գիտե՞ս, թե քանի բյուր են քաջ այրերը, որ հաստատեցին թագավորների և մեծ սինկղիտոսի հրամանները` ոչ մի քրիստոնյա չթողնել»։ Կոդրատիոսն ասաց. «Երանելի է այն մարդը, որ չգնաց ամբարիշտների խորհրդով և չմնաց մեղավորների ճանապարհին և չնստեց ժանտերի աթոռներին»։ Բդեշխն ասաց. «Քեզ խաբելով մի՛ այլաբանիր, ո՛վ Կոդրատիոս, քանի որ այս հրամանը բոլոր քրիստոնյաների համար մեկ է` թե՛ աղքատի, թե՛ մեծատան, թե՛ գծուծի, թե՛ պատվականի. ատյանս ոչ մեկին չի խնայում»։ Կոդրատիոսն ասաց. «Այդպես է, որովհետև աստվածային Գիրքը ևս ասում է. Ո՛չ ծառա և ո՛չ ազատ, ո՛չ մեծատուն և ո՛չ տնանկ, ո՛չ խուժիկ և ո՛չ սկյութացի, ո՛չ հելլենացի և ո՛չ հուդայական, քանի որ բոլորս մեկ ենք Տիրոջ առջև» (Կողոս. Գ. 11)։ Արդ, աղաչում եմ քեզ` քո թագավորների և սինկղիտոսի հրամանը կատարիր իմ նկատմամբ, քանի որ ես քրիստոնյա եմ, և իմ ազգն ու պատիվը իմ Տիրոջ մոտ է, որ ամբողջությամբ պահում է իմ պայծառությունը, և ոչ թե մարդու մոտ, որ այսօր կա և վաղը չի լինի»։ Բդեշխն ասաց. «Ինձ լսի՛ր և զոհ մատուցիր և վայելիր այս կյանքի բարությունը և այս լույսի պայծառությունը»։ Այս ասելով` բդեշխը արտասվեց մեծ հառաչանքով և թաշկինակով սրբում էր երեսը, իսկ քաջ Կոդրատիոսն ասաց. «Դժնդակ վիշապի խորամանկությունը և մարդասպան բելիարի արտասուքը իմ առաջ մի՛ բեր, հափշտակո՛ղ գայլ, չե՛ս կարող հափշտակել Աստծու ծառայիս»։ Մաքսիմոս դատավորն ասաց. «Ո՛վ չար այր, իմ մեծավայելուչ տերը ողորմում է քեզ, իսկ դու թշնամանում ես նրան»։ Կոդրատիոսն ասաց. «Նա լաց կլինի և իր ծննդյան օրը, ես լալու արժանի չեմ, իսկ դու ո՞վ ես, որ բարբառում ես նրա առջև։ Շատ է բդեշխիդ մեղքը. և եթե դու կամենում ես դատել, Տերը կընդհատի քեզ»։ Աստերիոս վաճառապետն ասաց. «Քո բախտով եմ երդվում, տե՛ր իմ բդեշխ, եթե դրան այդպես թողնես, չի ամաչի թշնամանել ինքնակալ թագավորին և հայհոյել աստվածներին և մեծ վտանգ բերել մեզ վրա»։ Կոդրատիոսն ասաց. «Լավ է ասել աստվածային Գիրքը. «Ինչո՞ւ ամբարտավանացան հեթանոսները, և ժողովուրդները սնոտի բաներ խորհեցին, թշնամացան Տիրոջը և Նրա Օծյալին, երկրի թագավորներն ու իշխանները հավաքվեցին» (Սաղմ. Բ. 1-2), քանի որ ահա այժմ ևս ամբարիշտ և սնոտի իշխաններից դատվում է Քրիստոս»։ Բդեշխն ասաց. «Մերկացրե՛ք այդ ամբարտավանին ու դարձյալ ծեծեցեք, որ հնազանդվի մեր տեր թագավորներին»։

Իսկ երանելին տանջվելիս գոհանում էր Տիրոջից, ասելով. «Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված իմ, Հիսուս Քրիստոս, որ արժանի արեցիր ինձ` անարժանիս ու մեղավորիս կրելու այս չարչարանքները Քո սուրբ անվան համար, որ ես ևս դասակից լինեմ Քո ծառաներին։ Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր, և առջևդ ընկած աղաչում եմ Քեզ, Աստվա՛ծ իմ, իմ ընթացքն ավարտի՛ր Քո սուրբ անունով, խոստովանությունս կնքի՛ր Սուրբ Հոգով, ինձ պարգևի՛ր հանճարեղ միտք և անխոտոր հավատք, իմաստնացրո՛ւ ինձ Քո անչափ իմաստությամբ, պահի՛ր ինձ Քո աջով, Բարձրյա՛լ։ Այժմ փրկության և օգնության ժամանակն է. այժմ Քո խոստումների ժամանակն է, ընդունի՛ր իմ աղաչանքը, որ և իմ մեջ փառավորվի Քո սուրբ անունը. կատարի՛ր և իմ ցանկությունները, հաջողեցրու իմ հոժարությունը, ինձ մոտեցրու Քո Հորը, խոստովանի՛ր ինձ Նրա առաջ, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս»։

Իսկ դահիճները հոգնեցին հարվածելուց և հինգ անգամ փոխվեցին։ Հինգ մատից ավելի բարձրացավ սուրբ վկայի ողը, և իր արյունը գետի պես իջնում էր մարմնով։ Բդեշխը հարցրեց նրան. «Գոնե այժմ հավատո՞ւմ ես աստվածներին»։ Իսկ երանելի Կոդրատիոսը պատասխանեց. «Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, մարդկանց ձեռքի գործ. բերան ունեն և չեն խոսում, ականջ ունեն և չեն լսում, քիթ ունեն և չեն հոտոտում, ունեն ձեռք և չեն շոշափում, ունեն ոտք և չեն ընթանում, և նրանց կոկորդները չեն բարբառում. նրանց նման կլինեն և նրանց արարողները և բոլոր նրանց հուսացողները»։ Պրենիոս բդեշխն ասաց. «Կարծում եմ [ուզում ես] մեզ խաբել, որ այդպես խավարամիտ ես խոսում։ Լսի՛ր ինձ և զոհ մատուցիր աստվածներին»։ Սուրբ Կոդրատիոսն ասաց. «Որովհետև քեզ լույսը խավար է թվում, իսկ ճշմարտությունը մոլորություն` պայծառ ու պարզ խոսքով լսի՛ր և իմացի՛ր, որ ես քո աստվածներին չեմ պաշտում, կայսեր և սինկղիտոսի հրամանին չեմ ենթարկվում։ Այժմ ինչ ուզում ես անել` արա՛ իսկույն և ինձ ուղարկի՛ր երկնավոր Թագավորի մոտ»։ Բդեշխն ասաց. «Քո ճակատագիրը քեզ մեծ անամոթություն է հուշում։ Երդվում եմ աստվածներով, որ չեմ խնայի քեզ, այլ նորօրինակ տանջանքներով և դառն մահվամբ կսատկեցնեմ»։

Օրը տարաժամեց, և [բդեշխը] հրամայեց բանտ տանել բոլոր քրիստոնյաներին։ Տարան նրանց հետ և երանելի Կոդրատիոսին, մանր խեցի փռեցին, սրբին ամրացրին վրան և նրա լանջերի վրա դրեցին մի մեծ քար, և նրա ոտքերը չորս ծակով ամրացրին կոճղին և պարանոցին շղթա գցեցին։ Այդպես եղավ բազում օրեր։ Իսկ երանելի Կոդրատիոսը, իբրև իսկապես քաջ նահատակ, բարեպաշտությամբ և համբերությամբ դիմանում էր դառն ու անողորմ տանջանքներին և չէր հրաժարվում Քրիստոսի հավատքից։

Բդեշխը գնաց Նիկոմիդիա քաղաքը և հրամայեց սուրբ վկաներին իր հետ տանել։ Քաղաք մտնելով [հորդորեց], որ սրբերին առջևից տանեն։ Իսկ սրբերը գնում էին մեծ ուրախությամբ, նրանց հետ և երանելի Կոդրատիոսը, ինչպես առաքինի զորավարը` պանծացած իր զորությամբ, փայլուն սպառազինությամբ ճակատամարտ է մտնում, խոժոռած նայում է պատերազմին, ահագին կերպարանքն երկյուղ է ազդում թշնամի գնդերին, այսպես և նա իբրև գեղեցիկ ու պատվական զարդ կապանքներն իր վրա գցած` հրճվում և ուրախանում էր և առջևից էր գնում։ Հելլենացիների փիլիսոփաները զարմացել էին քրիստոնյաների ժուժկալությանն ու համբերությանը և ասում էին. «Արդարև մեծ են քրիստոնյաների հավատքը և առաջիկա հույսը, որի համար դիմանում են այս չարչարանքներին ու վշտերին»,- և նրանցից շատերը հավատացին Տիրոջը։

Երբ սրբերին կանգնեցրին իշխանի առջև` հրամայեց առաջ բերել Կոդրատիոսին, երբ կանգնեց ատյանի առաջ, բդեշխն ասաց նրան. «Զո՛հ մատուցիր աստվածներին, Կոդրատիո՛ս»։ Սուրբ Կոդրատիոսն ասաց. «Ծառան եմ Քրիստոսի, որ մարգարեի միջոցով ասաց. «Աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն ստեղծել` կկորչեն» (Երեմ. Ժ. 11)։ Բդեշխն ասաց. «Պետք է հնազանդվել թագավորների հրամաններին և ոչ Քրիստոսի, որին Աստված են ասում»։ Կոդրատիոսն ասաց. «Ես իմ թագավոր Քրիստոսին եմ հավանում և ոչ մարդկանց, որ Աստծուն չեն ճանաչում։ Մեզ ավանդված է աղոթել նրանց համար, բայց նրանց համար զոհ ամենևին չմատուցել, դուք ի՞նչ օգուտ եք տալիս կայսերը, երբ զոհ եք մատուցում պիղծ կուռքերին, այլ [ընդհակառակը] բազում վնաս եք պատճառում և առաջին հերթին` ձեզ»։ Բդեշխն ասաց. «Եթե աղոթես թագավորի համար, պարտավոր ես լսել ու հնազանդ լինել նրա հրամաններին, քանի որ ավանդված է ձեզ` «Կայսրինը հատուցել կայսրին և Աստծունը` Աստծուն» (Մատթ. ԻԲ. 22)։ Կոդրատիոսն ասաց. «Բոլոր երկրային պատշաճ պարտքերը, որ պարտադիր էին` հատուցել եմ կայսրին, շտապում եմ և իմ Աստծուն հատուցել Նրա բաժին բոլոր բարեպաշտությունները։ Մեզ քրիստոնյաներիս թագավորը հրամայեց` կա՛մ զոհ մատուցել, կա՛մ մեռնել, և մենք պատրաստ ենք Քրիստոսի խոստովանության համար ոչ թե մեկ, այլ բյուր անգամ մեռնել»։ Բդեշխն ասաց. «Տեսնո՞ւմ ես, թե քրիստոնյաների ինչքան բազմություններ զոհ մատուցեցին աստվածներին»։ Կոդրատիոսն ասաց. «Այդ բոլորից առավել լավ և իմաստուն եմ, եթե չեմ զոհում։ Սակայն` ո՞ւր են նրանք, որ զոհ մատուցեցին, ուզում եմ տեսնել նրանց»։

Այնժամ բդեշխը հրամայեց նրանց բերել իր առջև, և երբ ուրացողները եկան, զայրագին ցասումով աչքերը հառելով նրանց վրա` երանելի Կոդրատիոսն ասաց նրանց. «Խեղճ և ամենաթշվառներ, ո՞ր հանցանքի համար այդքան շուտ ձեզ մատնեցիք սատանայի ձեռքը, լքելով ձեր կարգը և ուրանալով Տեր Հիսուս Քրիստոսին, որ մեր փրկության համար փրկագին լինելով, Իր արյունով մեզ գնեց։ Չսովորեցիք մեռելների հարությունը և Քրիստոսի երկրորդ գալուստը` փառքով և հրեշտակական զորությամբ, դատելու արդարներին և մեղավորներին, արդարներին տանելու հավիտենական կյանք, իսկ մեղավորներին` հավիտենական հուրը և արտաքին խավարը, ուր անվախճան որդն է, և աչքերի լալն ու ատամների կրճտումը։ Ի՞նչ պատասխան եք տալու այն ահավոր օրը, երբ հրեշտակների զորքերը դողով ու երկյուղածությամբ կկանգնեն ձեր առաջ, միայն տեսնելու մեզ և ահագին ատյանը։ Բացեք ձեր սրտի աչքերը և իմացեք, թե որտեղից եք ընկել. հավիտենից Թագավորին թողել, վաճառվել եք անպիտան ծառային, որ իր տիրոջը դրսում գտնելով` ծեծում է իր ծառայակցին և սպանում, որ տերը գալով մեջտեղից կտրի և նրա մի մասը անհավատների մեջ դնի։ Իմացե՛ք, թե ինչ գործեցիք, վախենալով ժամանակավոր տանջանքից և ձեզ մատնեցիք հավիտենական տանջանքի, ինքներդ կտեսնեք արդար դատավորից ձեզ լինելիքը։ Չլսեցիք Նրա ձայնը, որ ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, որ սպանում են մարմինը և չեն կարող սպանել հոգին, այլ մանավանդ վախեցեք Նրանից, որ կարող է մարմինն ու հոգին կորցնել գեհենի մեջ» (Մատթ. Ժ. 28)։

Երբ երանելի Կոդրատիոսն այս ասաց, բոլորը միաբան, բարձր ձայնով և արտասվելով ասացին. «Տե՛ր, վախեցանք տանջանքներից և խաբվեցինք իբրև անբան անասուն և որպես ոչխարներ` գայլերից մասնատված։ Մեր մեղքերը մեզ տարան, փակեցին, մենք ուզեցինք մնալ ժամանակավոր կյանքում և մեռանք հավիտենականում։ Եվ այսուհետև ի՛նչ անենք թշվառականներս` չգիտենք»։ Իսկ երանելի Կոդրատիոսը մեծ ուրախությամբ լցվեց նրանց վերադարձով, տեսավ նրանց արտասուքները և ասաց նրանց. «Քաջալերվեցե՛ք, եղբայրնե՛ր, որովհետև ազնվագութ և ողորմած է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, անոխակալ և գթած։ Բազում արտասուքով ընկեք Նրա առաջ և այժմ հաստատուն մնացեք ի խոստովանություն Քրիստոսի և Իր արյունով ձեզնից յուրաքանչյուրը կսրբվի մեղքերից. եթե մարմնով երբեմն հերքվեցիք, այժմ հաղթեցեք արի խորհուրդներով»։

Իսկ նրանք կական բարձրացրին և լացեցին ժամերով` երեսնիվայր գետնին ընկած, հողը գլուխներին տալով` քարով ծեծում էին իրենց կրծքերը։ Եվ տեսարանն այնքան սոսկալի էր, որ քրիստոնյաները կարեկցեցին ոչ միայն նրանց, այլև հեթանոսներին և անողորմ զինվորներին։ Թվում էր, թե նրանց հետ լալիս ու ողբում են անշունչ քարերը։ Որովհետև ամբողջ քաղաքը զարմացած էր կականի ձայնից. այնտեղ հավաքվեց այրերի, կանանց և մանուկների բազմությունը` հրեաներ, հեթանոսներ, քրիստոնյաներ, որոնք թաքնված էին, մինչև որ հրապարակները, փողոցները, տանիքները լցվեցին բազմությամբ։ Իսկ բդեշխը բարկացավ, հրամայեց կախել երանելի Կոդրատիոսին և քերել և ջահեր մոտեցնել նրա կողերին։ Իսկ քաջ Կոդրատիոսը ուշադրություն չէր դարձնում տանջանքներին, մեծ համբերությամբ քաջալերում էր նրանց և ասում. «Այդպես ճիշտ է, եղբայրնե՛ր, երկար աղոթեցե՛ք Տիրոջը, քանի որ ողորմած է, կլսի ձեզ»։ Եվ նրանք ասացին. «Արժանի չենք անվանելու Քրիստոսի սուրբ անունը, որովհետև թշնամանեցինք Նրան»։ Բայց սուրբ վկան զորացնում էր նրանց ասելով. «Աղոթեցե՛ք, եղբայրնե՛ր, աղոթեցե՛ք. բարերար է մեր Տեր Աստվածը. մոտենում է նրանց, ովքեր դիմում են Իր օգնությանը, մի՛ հուսահատվեք, եղբայրնե՛ր, եկե՛ք ինձ մոտ, գոտեպնդվեցե՛ք և հուսացե՛ք ի Տեր»։ Եվ նրանք գնացին ուժգին հառաչանքով ընկան նրա առաջ. լալիս էր ամբողջ բազմությունը, որ եկել էր տեսարանը դիտելու։

Իսկ սուրբ Կոդրատիոսը, աչքերը երկինք բարձրացրած, արտասվելով գոչում էր. «Տե՛ր Աստված, մեծ և ահավոր, բարերար և ազնվագութ, որ Քո միածին Որդի մեր Տեր Հիսուս Քրիստոսին արդարության արեգակ ծագեցրիր մեզ համար և լուսավորեցիր մեզ, որ նախապես խավարյալ էինք, Նրանով Քեզ հաշտեցրիր մեզ հետ և Նրանով մեզ` նախապես խավարյալներիս, կանչեցիր սուրբ կոչման, ողորմած, գթած, ներողամիտ և բազումողորմ, և ճշմարիտ, որ անտեսում ես մեղքերը, ջնջում մեր ամբարտավանությունները Քո առավել մարդասիրությամբ, Տե՛ր, վտարի՛ր նախաչարին ու մարդասպանին, բարին ատեցող ու նախանձոտ սատանային, կուռքերի հորը և խավարի առաջնորդին, և ընդունիր Քո զորականներին, որ մի փոքր մոլորվեցին սատանայի որոգայթներով և այժմ ապավինեցին Քո ամենազոր բարերարությանը, մի՛ բարկանար նրանց դեմ` որպես ապստամբների, որ թեպետ համր, սակայն մնացին անփոփոխ։ Եթե հաշտությամբ ընդունես նրանց` ընդունի՛ր և իմ` մեղավորիս պատարագը, և հիմա նրանց արժանի արա խառնվելու Քո երկնային ճշմարիտ գնդին և նրանց բարության նշան ցույց տուր, որ չգարշեցիր, այլ ողորմեցիր ու ընդունեցիր ապաշխարողներին։ Տե՛ր Հիսուս Քրիստոս, լսի՛ր ինձ` Քո ծառային, և նրանց փոխարեն առ իմ հոգին, որ Քո սուրբ անունը հավիտյան փառավորվի»։ Եվ բոլոր եղբայրները միասին բարձր ձայնով վերառաքեցին «Ամենը», հանկարծակի մարեցին ջահերը, և դահիճների ձեռքերը թուլացան, և սրբերի վրա լույսի ամպ երևաց, իսկ բդեշխի և հեթանոսների վրա սաստիկ խավար ու դժնի ծուխ տարածվեց։ Ահից բդեշխը և բոլորը, որ նրա հետ էին, զարմացած էին ատյանում, քանի որ կարծեցին, թե քաղաքը կործանվելու է։ Եվ երկար լռությունից հետո լսելի եղավ հրեշտակների ձայնը, որ օրհնում և փառաբանում էին Աստծուն, և բոլոր քրիստոնյաները հավատացին, թե մեծ ուրախություն եղավ երկնքում ապաշխարության դարձածների համար։

Երկու ժամ անց խավարը կամաց-կամաց ցրվեց, հեթանոսները տեսնում էին լույսը, որ սերովբեների շուրջն էր, իսկ ովքեր ամբարշտության մեջ էին, սկսեցին բարձր ձայնով լալահառաչ գոչել Աստծուն. «Մեղավոր ենք, Տե՛ր, քավի՛ր մեր մեղքերը, անօրինություն գործեցինք. հաշտվի՛ր մեզ հետ»։ Եվ բդեշխը հրամայեց բոլոր նրանց բանտ նետել և զգուշությամբ պահել։ Իսկ երանելի Կոդրատիոսին` հրամայեց իջեցնել փայտից և պահել նրանց հետ, քանի որ այնքան ժամանակ կախված էր առաքինի նահատակը։ Եվ նրան հրամայեց զգուշանալ առաջին օրինակով։ Քաղաքի բազմությունը գնում էր սրբերի հետևից։

Մյուս օրը բդեշխը նստեց ատյանում, հրամայեց առաջ բերել նրանց և հարցաքննեց ճշմարտությամբ և իմանալով նրանց ընդդիմաբանությունը և անփոփոխ կամքը` հրամայեց կապել բոլորին, յուրաքանչյուրին տանել [իր] գավառը և կենդանի այրել։ Եվ սրբերը գնում էին` մեծ ուրախությամբ փառավորելով Աստծուն և գոհանալով անակնկալ փրկության համար։ Իսկ երանելի Կոդրատիոսին մի քանի ընկերների հետ [բդեշխը] հրամայեց նախ տանել Հելլեսպոնտոս։ Եվ բազմաթիվ սրբերը, ըստ իշխանի հրամանի, տարվեցին [իրենց] գավառները և նահատակվեցին հանուն Քրիստոսի։

Բդեշխը եկավ Ապամա քաղաքը և զոհ մատուցեց գարշելի կուռքերին և հրամայեց առաջ բերել սուրբ վկաներին, և նրանք բոլորից առաջ բերին Կոդրատիոսին։ Բդեշխն ասաց նրան. «Այսուհետև զոհ մատուցիր աստվածներին և կազատվես քեզ սպասող տանջանքներից, թե՞ տակավին համառում ես»։ Կոդրատիոսն ասաց. «Քրիստոնյա եմ և զոհ չեմ մատուցի դևերին»։ Եվ բդեշխը տեսավ նրա ամբողջ քայքայված մարմինը, զարմացավ և ասաց. «Ինչ նոր բան անեմ այս բռնամահին»։ Իսկ զորականները տարակուսած էին` ինչ պատասխան տան, քանի որ տեսնում էին` այլևս նրա մարմինը տանջանքների չէր դիմանա։ Նա հրամայեց քուրձ բերել և նրան մեջը փաթաթել և խոր փոս փորել ու այնտեղ գցել։ Եվ այնտեղ պարաններով ծեծել նրան և մի ժամ հետո հրամայեց հանել քուրձից` կարծելով թե մեռել է։ Իսկ նա ելավ, կանգնեց նրա առաջ։ Բդեշխն ասաց նրան. «Տանջանքները չազդեցի՞ն»։ Սուրբ նահատակը, գոհանալով Աստծուց, ասաց. «Փա՛ռք Քեզ, Տե՛ր Հիսուս Քրիստոս, քանի որ նրանց [հասցրած] վերքերը մանկական նետեր եղան, և տկարացավ նրանց զորությունը։ Դու ես, որ զորացրիր ինձ, Աստված իմ, ի փառս Քո զորության»։ Եվ բդեշխը զայրացած ասաց նրան. «Քո բոլոր անդամները կտոր-կտոր կանեմ, թշվառակա՛ն, եթե դարձյալ վստահես քո կախարդությանը»։ Կոդրատիոսն ասաց. «Օրհնյալ է իմ Տեր Աստվածը»։ Բդեշխը հրամայեց դարձյալ տանել Հելլեսպոնտոսի Կեսարիա։ Ինքը ևս այնտեղ գնաց Ապամայի օրինակով։ Եվ այնտեղ երկրպագեց գարշելի դևերին, [ապա] հրամայեց երանելի Կոդրատիոսին առաջ բերել և հարցրեց, թե ի՞նչ է կամենում. և իմանալով սուրբ վկայի հաստատամտությունը, ասաց. «Այսուհետև բավարարվիր կրած տանջանքներովդ և զոհ մատուցիր աստվածներին»։ Իսկ երանելի Կոդրատիոսն ասաց. «Քանի որ այս տանջանքներով խաղացիր ինձ հետ, կարծում ես, թե կհամաձայնեմ»։ Այնժամ բդեշխը հրամայեց` նրան ամրացնել քարերի վրա և նրա ձեռքերի ու ոտքերի վրա դնել մեծամեծ վեմեր և նրան ծեծել երկար գավազաններով։ Իսկ երանելին տանջանքի մեջ սաղմոսելով ասում էր. «Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ իմ մանկությունից սկսած և ինձ չհաղթեցին, իմ ողին հարվածում էին մեղավորները» (Սաղմ. ՁԷ. 16)։ Եվ երբ ավարտեց սաղմոսը, բդեշխն ասաց. «Թող ծեծվի երկար, որովհետև ուշքի չեկավ»։ Կոդրատիոսն ասաց. «Խփի՛ր, խփի՛ր մարմնիս, որ տանջել ես համարում, մինչդեռ հոգիս ուրախացնում ես, դա չգիտես»։ Բդեշխն ասաց. «Չար դևի տիրեցիր, ո՛վ թշվառական»։ Կոդրատիոսն ասաց. «Իմ փրկիչ Քրիստոսով երդվում եմ` առավել չարի և ոչ միայն մեկ, այլ նրա ամբողջ զորությանը տիրեցի իմ Տեր Հիսուս Քրիստոսով. Նրան փառք հավիտյանս»։ Եվ եղբայրների բազմությունն ասաց` Ամեն։

Բդեշխը հույժ բարկացավ, թողեց երանելի Կոդրատիոսին, հրամայեց նրանցից երկու հոգու` Սատոռնինոսին և Ռուփինոսին բռնել, կախել և քերել։ Եվ նրանց կախեցին մի փայտից, քերեցին [երկաթե] եղունգներով` մինչև սկսեցին նրանց ներքին անդամները արյունել։ Իսկ նրանք տանջանքի մեջ չէին խոսում, այլ միայն աղաչում էին սուրբ Կոդրատիոսին և բոլոր մերձակա եղբայրներին` աղոթել իրենց համար։ Հետո հենց իրենք` երանելիներն աղոթեցին, ասելով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, բարձրյալ Աստծու Որդի, մեզ ևս ուղարկի՛ր Քո օգնությունը և պաշտպան եղի՛ր Քո խոնարհ ծառաներին, Աստվա՛ծ մեր, և մեզ համբերություն ու հաղթություն տո՛ւր մինչև վերջ»։ Եվ բազում ժամերից հետո, երբ ոչինչ չպատասխանեցին, քանի որ սաստիկ տանջանքից խոսել անգամ չէին կարող, բդեշխը հրամայեց վերցնել և տանել Հելլեսպոնտոնի ճանապարհը և այնտեղ սրով սպանել. այդպես վախճանվեցին երանելիները։ Աստվածասեր մարդիկ ոսկի հավաքելով` տվին դահիճներին և առան նրանց նշխարները և յուրաքանչյուրին տանելով իր քաղաքը` մեծ պատվով թաղեցին։

Իսկ երանելի Կոդրատիոսին [բդեշխը] հրամայեց Ապողովնիդա գնալ իր հետ ուրիշներով հանդերձ։ Եվ մտան Ապողովնի մեհյանը, բռնադատում էր սուրբին` կուռքերին զոհ մատուցել։ Եվ ասաց երանելի Կոդրատիոսին. «Այսուհետև համաձայնի՛ր, ա՛յր դու, և այդ մոլորությունիցդ հրաժարվի՛ր։ Ինչո՞ւ ես թշնամացնում քո պատիվն ու ազգը։ Ճանաչի՛ր աստվածներին և ապրի՛ր։ Եվ բժիշկներին կհրամայեմ դարմանել քեզ։ Մոտեցի՛ր Ասկղեպիոսին, և նա կբուժի քեզ, երկյուղ կրի՛ր մեծ Ապողոնից և Հերակլ Աստծուց և բոլորի թագավոր Արամազդից և անճառ Արիայից և ծովապետ Պիսիդոնից։ Արդյոք չե՞ս նավել երբևէ և չե՞ս ճանաչել նրա ահը։ Երկրպագի՛ր արեգակին. մի՞թե նա ևս մեռավ, ինչպես դու ես հայհոյում, և կամ երկնքում չէ՞»։ Երանելի Կոդրատիոսն ասաց. «Ես երկրպագում եմ ճշմարիտ և աներևույթ Աստծուն և մեր տիրոջ միածին Որդի Հիսուս Քրիստոսին, մեր փրկչին, երկնչում եմ Նրա սպառնալիքներից և սարսում Նրա ամենազոր աստվածությունից և չեմ ուրանում Նրա անճառ զորության անունը։ Չեմ հավանում մեռելոտի կուռքերին, չեմ երկնչում դևերից, արհամարհում եմ մարդկանց ձեռքի գործերը, նաև քեզ, որ ժամանակավոր իշխանություն ունես։ Քանի որ ես տասն օր հետո կերթամ իմ Տիրոջ մոտ, իսկ դու չարաչար դառնությամբ կվախճանվես, քանի որ չճանաչեցիր ճշմարիտ Աստծուն, որդիդ սատանայի և եղբայրդ բելիարի, գարշելի դևերի հաղորդակից, խոզից ավելի անմիտ, մոլեկան շուն, արյունարբու վիշապ, մարդակեր գազաններից ավելի վայրենի, չե՞ս ամաչում այսչափ բազմության առաջ, որոնք չեն ճաշակում [զոհի մսից], ավելի պարկեշտ սնվող են, որոնք մարդկանց անվան ծառա են, որովհետև նրանք սովորաբար պարկեշտությամբ մորթում են ի վայելումն մարդկանց և ոչ դևերի, իսկ դուք քարերի համար եք զոհում, դուք ձեզ երգիծում եք։ Արդ, կգա ձեր զոհերի ընդունիչը և կերևա ու կփնտրի ինքը, կընկալի և կուտի. ձեր քարեղեն աստվածները կասեն` «Ի՞նչ կուզի, որ մեկը զոհի իրենց` ա՞յծ, թե արջառ, թե՞ հավ. ամաչեցե՛ք, ամոթի որդիներ, որովհետև դուք մոլագար եք և մեզ մոլագար եք կարծում»։

Երբ նա այս ասաց` բդեշխը դահիճներին հրամայեց քացախ և աղաջուր ցանել նրա վերքերին և մազեղեն քուրձով շփել, ապա երկաթ շիկացնել ու մոտեցնել նրա կողերին։

Իսկ երանելի Կոդրատիոսը քաջաբար համբերում էր ցավերին և աղոթում էր հեզիկ, միայն շրթունքը շարժելով, և ոչ ոք ամենևին ձայն չէր լսում նրանից։ Եվ երբ դահիճները հոգնեցին` հրամայեց իջեցնել նրան։

Մյուս օրը հրամայեց նախ տանել Հելլեսպոնտոս` սոված։ Դրանից հետո բդեշխը գնաց և հասավ Ռինդակս գետին, այնտեղ նրան հանդիպեց իշխանը ամբոխով և ռամիկներով հանդերձ, իբր այլ առիթով, բայց իրականում Աստծու ծառայի համար, որովհետև ցանկանում էր տեսնել երանելի նահատակին, քանի որ նրա նահատակության համբավը հասել էր Ասիա և ամեն երկիր։ Եվ բդեշխը հրամայեց նրան տանել առաջիկա գյուղը, որ կոչվում էր Տաճարագյուղ, և այնտեղ իջևանեց։ Իսկ առավոտյան նստեց ատյանում, հրամայեց առաջ բերել սուրբ Կոդրատիոսին, և ամբողջ ամբոխը շրջապատել էր` դիտելու սուրբ վկայի նահատակությունը։ Իսկ արյունաթաթավ երանելին զվարթերես էր ցույց տալիս բազմությանը` ինչպես գրված է` «Բերկրացող սրտի դեմքը զվարթ է» (Առակ. ԺԵ. 15)։ Դահիճները ուսամբարձ բերին, քանի որ տանջանքի առավելությունից անկարող էր գնալու, իսկ ճանապարհին սայլով էին բերում։ Եվ երբ բերվեց բդեշխի առաջ, սրբին ասաց. «Իմաստնացա՞ր, ո՛վ Կոդրատիոս, թե՞ բուժված չես ցնորվածությունիցդ»։ Եվ երանելին բարձր ձայնով ասաց նրան. «Իմ մանկությունից զգաստ եմ և իմ մոր որովայնից` Քրիստոսի ծառա եմ»։

Այնժամ բդեշխը երկաթե կրակարան բերել տվեց և դնել կրակի վրա, մինչև եղավ հրի նման։ Եվ հրամայեց վրան դնել սրբին։ Երանելի Կոդրատիոսն ասաց. «Հեռու մնացեք ինձնից, սատանայի՛ արբանյակներ, ես ինքս կբարձրանամ»,-և իրեն կնքելով Քրիստոսի [խաչով], բարձրացավ վրան, և նրանք կրակարանի վրա ձյութ ու ձեթ էին լցնում։ Իսկ սուրբ Կոդրատիոսը սաղմոսում էր, ասելով. «Աստվա՛ծ, ինձ նայիր օգնելու, Տե՛ր, ինձ ընկերանալու փութա, թող ամաչեն և պատկառեն` ովքեր իմ հոգին են պահանջում, հետ դառնան և ամաչեն` ովքեր ինձ չարն են կամենում»։ Երբ սաղմոսն ավարտեց, բդեշխն ասաց. «Քո այս հուրը թույլ է, և այս կրակարանի երկաթը քո սրտից կակուղ է»։ Երբ բազում ժամեր անցան և կրակն ամենևին չէր մոտենում Աստծու սրբին, բդեշխը հրամայեց նրան հանել կրակարանից և գյուղից մի փոքր դուրս տանել, մի բարձրադիր տեղ և այնտեղ գլխատել։ Մինչ երանելի Կոդրատիոսին տանում էին, նա սաղմոսելով ասում էր. «Օրհնյալ է Տերը, որ մեզ նրանց ատամների որս չդարձրեց» (Սաղմ. ՃԻԳ. 6)։ Եվ մոտակա եղբայրները սաղմոսում էին և գնացին մինչև այն տեղը, ուր զոհվելու էր։ Հասան այդ վայրը, [նա] գոհացավ Աստծուց, բազում ժամ աղոթեց` այդպես երանությամբ ավարտեց իր ընթացքը դեպի Քրիստոս։ Եվ եղբայրներն առան նրա սուրբ մարմինը, զգուշությամբ թաղեցին պատշաճ տեղում։

Հանապազ կփառավորենք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« Սուրբ Կիրակոսի և նրա մայր Հուղիտայի վկայաբանությունը   |   Սուրբ Ղինկիանոս հարյուրապետի վկայաբանությունը »
© Gratun.org