Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Գ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Երանելի Մարութայի վարքի պատմությունը

Ո՛վ եղբայրներ և հայրեր, լսեցե՛ք երանելի Մարութայի պատմությունը, թե երկրի վրա ինչ սքանչելիքներ ցույց տվեց Տերը նրա միջոցով, որ որդեգրության շնորհի կոչվեց և հովիվ եղավ Քրիստոսի այն հոտին, որ դևերի պատճառով գահավիժել էր մահաբեր արոտներն ու կորստյան վիհերը, իսկ նրա միջոցով Աստված հաճեց ետ բերել մեր աշխարհի կորուսյալներին։ Եվ ես իմ կարողությանը համապատասխան կպատմեմ, թեև միտքս աղոտ է, իսկ խոսքս անարվեստ` Աստծու էակի սքանչելիքներն ասելու համար, նրա, որ Քրիստոսի զորությամբ երևելի եղավ և կարիքը չունի արվեստավոր խոսքի։ Այժմ Քրիստոսի արքայությանը մեզ հրավիրած ճշմարիտ հովվի սիրով և հավատով պայծառացած լսեցե՛ք ու դուք ևս ծարավեցե՛ք աստվածային խրատների և սքանչելիքների ծարավով, ըմպեցե՛ք քաղցր ճաշակմունքը, որ երանելիի միջոցով ձեզ շնորհվեց Քրիստոսից, որպեսզի շատ բաներից գոնե մի փոքրը իմանաք։

Երկիրն այդ բռնված էր դևերի կռապաշտության հրապույրով, և զոհերով պաշտում էին արարվածներին և ոչ Արարչին, որ օրհնված է հավիտյան։ Եվ ասես գիշերամարտության մեջ ընկած և զանազան չարիքներից տակնուվրա` աստված գիտության լույսը չէր ծագում պես-պես մեղքերի խավարի վրա։ Իսկ երբ Աստծու սքանչելի այր` Մծբինի երանելի Հակոբ եպիսկոպոսի օրերում Աստված կամեցավ ապրեցնել այդ երկիրը և մոլորությունից ետ բերել աստվածգիտության, Հայոց նախարարներից մեկի դուստրը` մի ոմն Մարիամ, կնության տրվեց Ոտայեցիների (Օտացի) քրմապետին, որ այդ աշխարհի տերն էր։ Եվ այս Մարիամի միջոցով քրիստոնեությունը մտավ այս երկիրը։ Եկեղեցիներ և վանքեր կառուցեց, քահանաներ և պաշտոնյաներ կարգեց, որ հանապազօրյա փառաբանություն առաքեին Աստծուն։ Ինքն առատորեն հոգում էր պաշտոնյաների կարիքները և Աստծու և մարդկանց առջև բարեզարդում քրիստոնյաների անձերը։ Ամուսնուն ուղղում էր դեպի քրիստոնեություն, որ թողնի սնոտի պաշտամունքի սպասավորությունը և պաշտի երկնքի ու երկրի Աստծուն։ Շնորհիվ իր բարի խորհուրդների և ամենօրյա աղոթքների, որ ամուսնու համար էր անում, ամուսինը համաձայնեց Մարիամի կամքին` հավատաց ճշմարիտ Աստծուն և մկրտվեց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ։ Եվ նա կոչվեց Մարութա, որ թարգմանվում է աշխարհի տեր, որովհետև այդ աշխարհի տերն էր։ Եվ մեր Աստծու փառքով ոչ սակավ ուրախություն եղավ երանելիներին` թե՛ ամուսնուն, թե՛ կնոջը։ Քիչ ժամանակ անց Մարիամի ամուսին Մարութան վախճանվեց և Մարիամից ծնված երեք որդի թողեց, որ հավատում էին ամենակալ Աստծուն։ Նրանցից մեկը երկրի տերը դարձավ, իսկ երկուսը թագավորների զորավարներ` ամենից երևելի և փառավոր։ Ճշմարիտ հավատով և հույսով Մարիամը ամուսնու թաղումը կազմակերպեց քրիստոնեական կարգով և գոհանալով օրհնում էր Աստծուն, որ իր ամուսնուն նախքան մահը հավատքի եկած տեսավ։ Իսկ դրանից հետո կամենում էր Երուսաղեմ գնալ և նվիրաբերել սուրբ եկեղեցիներին և ինչքը աղքատներին ու եկեղեցու սպասավորներին բաշխել` իր որդիների կյանքի համար։ Այնքան մեծախորհուրդ ու բարեպաշտ էր կինը և Աստծուց երկյուղած, որ մշտապես աղաչում էր Աստծուն, որ իր որդիներից մեկին արժանի անի Աստծուն քահանայանալու, որպեսզի իր ամուսնու` կուռքերին մատուցված առաջին սպասավորության սպին ջնջվի Քրիստոսի քահանայապետությամբ, և ամենասուրբ Երրորդությունը հանապազ փառավորվի իր զարմի կողմից։

Երուսաղեմից գնաց Ասորեստանի Անտիոք և օթևանեց Եղիազարի և Շամունեի Շմավոնի ու նրա վկայած յոթ որդիների վկայարանում։ Եվ ամեն գիշեր Աստծուն աղոթում էր, բոլոր սրբերի բարեխոսությամբ բազում աղաչանքով և արտասուքով խնդրում էր Տիրոջից կատարել իր խնդրածները, որոնք կամենում էր, ինչպես կանխավ ասացինք։ Եվ տեսիլքի ժամանակ տեսնում է Աստծու հրեշտակին, որ իրեն ասում է. «Քաջալերվի՛ր դու, ո՛վ կին, որովհետև քո աղոթքները լսելի եղան Աստծու առջև, և ինչ որ խնդրեցիր Աստծուց` քո ապավինած սրբերի բարեխոսությամբ կլինի քեզ»։ Ահով և խնդությամբ խռնված գոհացավ Աստծուց և փառք տվեց և հավատաց հրեշտակի ասածներին։ Եվ երբ տուն հասավ, իր որդուց, որ երկրի տերն էր, թոռ ծնվեց։ Եվ նրա սիրտը զվարթացավ, և օրհնում էր ամենակալ Աստծուն։ Աստվածասեր քահանա Մարմարայի ձեռքով մկրտեց թոռանը և պապի անունով Մարութա կոչեց։ Եվ մտածեց, որ նրանով է Աստված այցելելու այդ երկիրը, որովհետև մանկան վրա շնորհներ էին երևում։ Հինգ տարի անց նրան ուսման տվեց Մարմարա աստվածասեր քահանայի մոտ, և գիր սովորեցրեց նրան և վարքի իմաստուն ճանապարհն ու հավատքի արդարությունը։ Եվ հասավ Քրիստոսի վախճանի տարիքին։ Բազմաշնորհ էր և Աստծուն ու մարդկանց հաճելի։ Նա դարձավ սարկավագ, իսկ դրանից հետո Աստծու եկեղեցու քահանա, որ իր տատ Մարիամի ցանկությամբ եղավ։ Իմացավ ու հասկացավ կենցաղի սնոտիությունը և ընտրեց սրբության ու արդարության ճանապարհը։ Արհամարհեց աշխարհի կյանքն ու Քրիստոսի հանդեսով շարժվելով` գնում ու առաջանում էր բարեպաշտության ճգնողական ջանքերում։

Այսպիսի խնդությամբ լցվեց Մարիամը և ցնծում ու օրհնում էր Աստծուն, որովհետև տեսավ, թե ինչին է հավատում իր թոռը` ամենայն բարեկարգությամբ զարդարուն։ Եվ մտավ այն վանքը, որ առաջինն էր կառուցել, և կրոնավորվեց մեծ խստամբերությամբ ու իր կյանքի ամեն օր փառք էր տալիս Աստծուն։ Իսկ օրերի ավարտին Մարիամը վախճանվեց և ամենայն առաքինությամբ փոխվեց ի Քրիստոս։ Մարութան գեղեցիկ արարողությամբ կազմակերպեց նրա թաղումը։ Եվ Մարութան ինքը ավելի առաջադիմեց առաքինության ասպարեզում։ Ամենայն մաքրությամբ, աղոթքով և պահքով կրթում էր անձն իր և չէր հոգում աշխարհում որևէ բան ունենալու և առաքինության մրցասպարեզում ամեն ինչով հռչակավոր և ականավոր եղավ։ Եվ իր առատ շնորհների համաձայն` վերակոչեցին նրան եպիսկոպոսության պատվի, որովհետև անձն իր լուսավորվեց աստվածային շնորհներով ու գիտությամբ, և մշտապես առաքինությունն ավելանում էր իր մեջ։ Եվ առաքելական քարոզությամբ գնաց Քրիստոսի ճանապարհով` մոլորյալներին ճշմարտության գիտակցմանը դարձնելու։ Կառուցում էր եկեղեցիներ, կարգում ամենասուրբ Երրորդությանը փառաբանող քահանաներ և պաշտոնյաներ։ Վանքերում, որ իր տատն էր կառուցել, մեծացնում էր ճգնավորների թիվը և հաստատում ուղիղ հավատով և աստվածային կրոնի կարգով` առաջին սուրբ հայրերի նմանությամբ։ Աշխարհի բնակիչներին` տղամարդկանց և կանանց վերստին նորոգում էր ըստ Աստծու պատկերի, սուրբ վարքով և լուսավոր վարդապետությամբ և մեծամեծ սքանչելիքներով, նաև մաքրում էր անհանճար աղանդներից և բազմաստված մոլորությունից և բոլորին առաջնորդում դեպի արդարություն, որովհետև իբրև ղամբար լուսավոր հայտնվեց [նրանց], որ նստած էին խավարում և մահվան ստվերի մեջ։ Այս աշխարհից հալածեց անգիտության խավարը, Քրիստոսի զորությամբ վանեց ձախակողմյան գունդը և հրեշտակների աջակողմյան դասին վստահեց պահապան լինելու Քրիստոսին հավատացողների։ Նրա սիրտը, չար խորհուրդներից սրբված, ճշմարիտ սիրով և առաքինասեր վարքի բաղձանքով ընդունում էր աստվածային շնորհները, իսկ նրա լեզուն արդարությունն էր բարբառում և մշտապես սրբությունը քարոզում ամբողջ աշխարհում։ Նա անվարձ վերցրեց և անվարձ բաժանեց Արարչի պարգևները։ Եվ երբ ամենքը սուրբ եպիսկոպոսից լսում էին Աստծու խոսքը` ճշմարիտ Աստծուն էին դառնում կուռքերի պաշտամունքից, որովհետև սրբի աղոթքներով մարդկանց մոլորված միտքն ուղղվում էր, և կործանում էին աստվածների պատկերները և կառուցում վանքեր ու եկեղեցիներ։ Վերջ տվեցին քրմերի պաշտամունքների մասնակցությանը և բագիններին սպասավորելը փոխարինեցին Աստծու եկեղեցիներ [գնալ]ով և Նրա հաճությամբ։ Երբ արդարության թշնամին տեսավ, որ հոգևոր պատերազմում ինքը սրբից պարտություն է կրել, բարձրաձայն ճչաց բոլորի ականջներին և ասաց. «Վա՜յ ինձ, և վա՜յ իմ հետևորդներին, որովհետև Քրիստոսի ծառա Մարութան հալածեց մեզ մեր բնակությունից, և չգիտենք, թե ուր գնանք, որովհետև Քրիստոսի փառքերը լցրեցին ամբողջ տիեզերքը, և այդտեղից քշվեցինք ինչպես ծուխը հողմից։

Իսկ երանելի Մարութան իրեն հավատացած հոտը կնքեց Քրիստոսի խաչով, որ [թշնամին] այլևս չհամարձակվի գայթակղել նրան։ Հոգևոր մշակն աշխատում էր հանել փուշը բոլորի հոգիներից ու սրտերից և ի փառս Աստծու արդարություն ու սրբություն էր սերմանում։ Աստված Մարութայի միջոցով և բոլոր սրբերի աղոթքով ու բարեխոսությամբ կամեցավ ճշմարտության գիտակցման բերել այն մոլորյալներին, որ մարգարեներին չլսեցին և առաքելական քարոզությանը չանսացին։ Անհովիվ հոտը գահավիժել էր գազանաբարո չար դևերի մոտ, իսկ այս երանելիի միջոցով Քրիստոս քաջ հովիվը, որ իր անձը տվեց գառների համար, հովվական գավազանով` իր կենսատու խաչով, հալածեց դևերին և նրա միջոցով ժողովեց հավատքի միաբանության և ամենասուրբ Երրորդության փառքի գիտության մեջ։ Որ դալար տեղերում արածեն և ջրերում մկրտությամբ լվանան հոգիների և մարմինների աղտն ու լուսավորվեն, հավաքվեն աստվածային փարախում, որ Աստծու Եկեղեցին է։ Գտավ կորուսյալներին, հավաքեց ցրվածներին, բժշկեց հիվանդներին, որ վերստեղծի ծննդյամբ, հոգևոր ավազանով և կենդանարար մարմնով ու արյամբ Փրկչի` Հայր Աստծու Որդի և ժառանգակից Քրիստոսի, որ իրեն մահվան տվեց աշխարհի փրկության համար և այցելեց մերձավորներին ու հեռավորներին։ Իսկ այժմ աշխարհին լույս ծագեց երանելի Մարութայի միջոցով։ Նա նմանվեց Մովսեսին, որ փրկեց Իսրայելը Եգիպտոսին ծառայելուց և հրի ու ամպի սյունով առաջնորդեց դեպի երկիրն ավետյաց։ Նաև քաջությամբ և նախանձախնդրությամբ նմանվեց Պողոսին, որ առաջադիմեց քան մյուս առաքյալները և նշաններով ու արվեստով, մանավանդ շնորհալի թղթերով տիեզերքին ուղղված քարոզ եղավ։ Նույն կերպ և երանելի Մարութան այն երկրին քարոզ և վարդապետ եղավ, որ բոլոր առաքինություններով առլեցուն, կատարյալ և բազում նշաններով օր օրի աճեցնում էր իր հոտը։ Եվ Տերն աջակից էր նրան ամեն ինչում։ Սուրբը ցանկանում էր ընդունել բոլոր երանությունները, որ սովորեց Տիրոջից։ Երանի էր տալիս առաքյալներին և նրանց, որ բաղձացին Նրան կից լինելու։ Եվ այդպես` ճշմարիտ սիրով և հնազանդ ավետարանական քարոզությանը, նրանցից վանում էր սատանայական մտածմունքներն ու չար խորհուրդները, որպեսզի այլևս ոչ մեկի կողմից չհեռացվեին ճշմարտությունից, որ նրանց ավանդվեց կարգն ու հոգևոր կրոնը։ Իսկ ինքն ավելի ու ավելի էր ճգնում, չարչարանք կրելով բոլոր գործերում։ Սիրեց Աստծուն ամբողջ սրտով և ամբողջ ուժով և գործեց բոլոր արդարությունները, և անկարող եմ պատմել զորություններն ու սքանչելիքները, որ Տերը նրա միջոցով ցույց տվեց ամբողջ աշխարհին։ Եվ այս եղավ հույների 3041 թվականին, հռոմեացիների Թեոդոս Փոքր թագավորի ժամանակներում։ Այս աստվածատուր պարգևներով, Սուրբ Հոգու ազդեցությամբ գնաց Ասորեստան, որպեսզի Քրիստոսի զորությամբ նաև այնտեղ վերացնի չար սովորությունների ուժը և նորոգի հավատացյալ ժողովրդին, որ մոգերի բռնություններով խավարեցրել էր Աստծու Եկեղեցին։ Իսկ նա, որպես ճառագայթ փայլելով Աստծու շնորհներից, լուսավորեց հավատացյալներին և ամոթի մեջ թողեց մոգերի մոլորությունը։ Հայտնվեց ճշմարտության հաղթությունը, և պայծառացան Աստծու Եկեղեցիները ամենօրյա պաշտամունքներով։

Սուրբ եպիսկոպոսի սքանչելիքների համբավը հասավ Պարսից Հազկերտ թագավորին, որ հալածում էր քրիստոնյաներին։ Եվ սուրբը կանչվեց նրա մոտ։ Եվ երբ գնում էր, սուրբ եպիսկոպոսի առաջ ելավ թագավորն իր նախարարներով հանդերձ։ Ու երբ տեսավ սրբի աստվածային շնորհները, իր մեծամեծների ներկայությամբ խոնարհվելով երկրպագեց նրան։ Նույն կերպ և սուրբը երկրպագեց Աստծու թագավորին ու ողջույն տվեց և բարի բաներ խոսեց։ Եվ շնորհների վերին ազդեցությամբ ամբողջ սրտով թագավորը սիրեց Աստծու սրբին, որովհետև Աստված կամեցավ այցելել իր ծառաներին. սրբին` հանուն թագավորի սիրու, որովհետև Հազկետն իր իշխանության բոլոր տեղերում հալածում էր քրիստոնյաներին իր գործակալների, մոգերի և մոգպետների ձեռքով։ Եվ բազում չարչարանքներով նեղում էին քրիստոնյաներին, որ երկրպագեն արեգակն ու կրակը, և շատերը, որ չհնազանդվեցին արքայի հրամանին, Քրիստոսի վկա դարձան։ Մեծ նեղություն էր քրիստոնյաների համար, և ոչ մի տեղից օգնություն չկար, սակայն երանելիի միջոցով Տերն այցելեց քրիստոնյաներին և այսպես արգելեց հալածանքները և ազատեց բանտի կապանքներից։

Թագավորը մի հույժ վայելչատես որդի ուներ, որ սիրուն էր, քան բոլոր մնացյալ որդիները։ Նրան լլկել էր չար դևը, և ո՛չ մոգերը, ո՛չ կախարդները, ո՛չ աստղահմաները և ո՛չ էլ մի ուրիշը կարողացավ բժշկել, ինչն Աստծու նախախնամությամբ եղավ, որ մնաց ի փրկություն Տիրոջը հավատացողներին, որ աստվածգիտության ճշմարտությունը ցույց տրվի և Աստված փառավորվի, և Եկեղեցու զորությունը բարձրարարվի։ Եվ ասում է արքան Մարութային. «Մի սիրելի որդի ունեմ, որին չարաչար տանջում է դևը, և ոչ մի կերպ չի բժշկվում, և ես շատ եմ տրտմում նրա համար։ Այժմ խնդրում եմ քեզ` բարձրյալ Աստծու ծառա, որ դու Աստծուց խնդրես, և բժշկվի մանուկն իմ, և դևը դուրս գա նրանից, և առողջանա ու ապրի»։ Եվ ասաց սուրբը. «Թո՛ղ գա քո որդին, և տեսնեմ նրան»։ Եվ երբ բերեցին բոլորի առջև, մանկան մեջ դևը ճչաց և ասաց. «Ինչ [թշնամություն] կա մեր միջև, խաչյա՛լ Քրիստոսի ծառա, [որ] հեռու աշխարհից եկար ինձ իմ բնակությունից հանելու»,- ապա մանկանը գետին տապալեց։ Եվ [երեխան] գալարվում էր, մարմինը` փշաքաղվում, և նրա տեսքը ողորմելի էր և ողբի արժանի, և ահը պատեց բոլորին։ Մի այլ եպիսկոպոս էլ կար երանելի Մարութայի հետ, և [երկուսով] երեսնիվայր գետնին ընկան և աղոթում էին Տիրոջն ու ասում. «Ամենազո՛ր Տեր Աստված, որ լսեցիր առ Քեզ աղաղակող քանանացի կնոջը և գթացիր նրան և հանեցիր դևը նրա դստեր միջից ու բժշկեցիր նրան դևի տանջանքից և խոզերի մեջ մտած լեգեոնը ծովն ընկղմեցիր, որ և այլ բազում դևեր հանեցիր մարդկանց միջից, ոմանցից դու և ոմանցից քո աշակերտների միջոցով հանեցիր։ Ում ողորմեցիր` այցելեցիր քո աշակերտների միջոցով։ Այժմ, զորությունների՛ Տեր, այս մանկան միջի այս չարին սաստի՛ր, որ հալածվի նրա միջից Քո ամենազոր անվամբ, և բոլորն իմանան, որ միայն Դու ես ճշմարիտ Աստված, և սրա առողջացման շնորհիվ դադարեն Քո հոտի հալածանքները, որովհետև Դու ամենակարող ես, և Քո փառքով ամեն բան կատարվում է արարածների համար. այժմ և հավիտյանս»։ Եվ երբ և յուրայինների հետ ասաց` Ամեն, շարժվեց դևը և բարձրաձայն ճչալով ասաց. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ. ինչ փառավոր բնակարանից զրկվեցի»։ Եվ սթափվելով ու զգաստանալով` մանուկը ոտքի ելավ և փառք էր տալիս Աստծուն։ Այս տեսնելով` արքան ուրախացավ և ասաց. «Արդարև քրիստոնյաների Աստվածը մեծ է, քան ազգերի բոլոր աստվածները, որովհետև ինչպես լսել էինք` ճիշտ այդպես տեսանք Նրա ծառայի միջոցով։-Եվ արքան ասաց,-այժմ խնդրիր` ինչ որ քեզ պետք է, և կտամ»։ Եվ երանելի Մարութան ասաց. «Ինձ քեզնից ոչինչ պետք չէ, միայն ազատիր քրիստոնյաներին բանտերից և կապանքներից և չարաչար տանջանքներից, և [թույլ տուր], որ համարձակորեն կարողանան պաշտել իրենց Աստծուն, և քո թագավորության մեջ կարողանան նորոգել Աստծու փառաբանության եկեղեցիները։ Նաև սիրով [և համերաշխ] եղիր Հունաց թագավորի հետ, և քո շնորհիվ խաղաղություն կլինի ամբողջ տիեզերքում»։ Թագավորը լսեց նրա ասածները և կատարեց սրբի բոլոր խնդրածները։

Եվ թագավորը հրովարտակով ավետեց աշխարհին, որ կալանվածներն ազատվեն բանտերից և չարչարանքներից, նորոգեն եկեղեցիները և համարձակ պաշտեն իրենց Աստծուն։ Եվ ովքեր հալածեն կամ նեղեն նրանց` արքունիքից պատուհաս կկրեն։ Եվ մեծ սուգ եղավ մոգերին, իսկ Քրիստոսի հավատացյալներին մեծ ուրախություն ի փառս և ի գոհություն Աստծու։ Բանտերից ազատվեցին Քրիստոսի անվան համար կալանվածները, նաև Հայոց նախարարները։ Եվ մեծ խաղաղություն եղավ արքայի ամբողջ տերության մեջ։ Քրիստոնյաներն իրավունք ստացան Աստծու եկեղեցիները նորոգելու և Աստծուն համարձակ պաշտելու։

Եվ այսպիսի եղելություններից հետո [Մարութան] թագավորից խնդրեց բաց թողնել իրեն։ Եվ նա բազում պարգևներ տվեց և խաղաղության թուղթ և ճանապարհեց Հունաց թագավորի մոտ։ Երանելին եկավ բարեպաշտ Թեոդոսի մոտ և ողջույն տվեց ու մատուցեց Պարսից արքայի հրովարտակը։ Նա ընթերցելով ուրախացավ քրիստոնյաների հանդեպ եղած սիրո և խաղաղության համար և հարցրեց ամենը սուրբից, և նա պատմեց Տիրոջ անվամբ եղած սքանչելիքներն ու հալածանքների դադարումը։ Եվ Թեոդոսը փառք տվեց Աստծուն, որ սրբի աղոթքներով փրկեց Իր ողորմությամբ։ Եվ նա սրբին սիրեց իր բոլոր հայրապետներից ավելի։ Եվ բարեպաշտ Թեոդոսը գոհանում ու օրհնում էր Աստծուն և հարցնում ու սովորում էր երանելիից, որպես սրբից և արժանավորից։ Իսկ հետո հարցրեց նրանից, թե ի՞նչ է կամենում։ Եվ Աստծու այրը թագավորից խնդրեց ամրագույն պարսպով ամրացնել Ծոփքի քաղաքը և քաղաքում կառուցել Աստծու փառքի տաճար, ուր միշտ կկատարվեն Քրիստոսի Պատարագ և Աստծու օրհնություններ, և այնտեղ ժողովվեն մասունքներ բոլոր սրբերից, և այն անվանվի Մարտիրոսների քաղաք։ Թագավորն ասաց. «Բանդ բարի է և միտքդ աստվածահաճո. արա՛ որպես կամենում ես, և ես կհոգամ շինության ծախսերը` որքան որ անհրաժեշտ լինի»։ Եվ ոսկու և արծաթի գանձեր տվեց, նաև ճարտարապետներ, վերակացուներ ու բանվորներ Հունաց աշխարհից, որքան որ անհրաժեշտ էր, և այդ ամենով ու խաղաղասեր պատասխան գրով հանդերձ նրան ուղարկեց Պարսից արքայի մոտ։

Եվ գալով Ծոփք` ձեռնամուխ եղավ պարսպի կառուցմանը, արհեստավորներին գործի դրեց և վերակացուներ կարգեց վրաները, իսկ ինքը, այլ եպիսկոպոսների հետ, գնաց Պարսկաստան։ Տեսնելուն պես` արքան պատվով ընդունեց նրան և բոլոր մյուսներին, որ նրա հետ էին, բայց Մարութային առավել մեծ սիրալիրությամբ էր պատվում։ Եվ սուրբը տվեց Թեոդոս թագավորի հրովարտակը։ Եվ արքան ուրախացավ ոչ սակավ բերկրանքով` թղթի և պատգամների համար. և խաղաղություն և սեր եղավ երկու թագավորների միջև մինչև նրանց վախճանը։

Իսկ արքան շատ վաղուց գլխացավեր ուներ, և բժիշկների ոչ մի միջոց չէր օգնում։ Եվ նա պատմեց Մարութային։ Իսկ Մարութան աղոթելով աջը դրեց արքայի գլխին, և նա անմիջապես բժշկվեց Քրիստոսի անվամբ, և այլևս երբեք չցավեց արքայի գլուխը։ Եվ ավելի սկսեց սիրել ու մեծարել սրբին, որովհետև ճշմարտապես իմացավ, որ Աստված նրա հետ է։

Մոգերը, նախանձով լցված, խորհեցին որոգայթ դնել Աստծու երանելիին, որ կարողանան արքայի սիրահոժարությունից զրկել։ Եվ խորամանկեցին` ինչպես Դարեհ թագավորի ժամանակ բաբելացիները Դանիելի հանդեպ։ Նույն ձևով կրակարանի տակ գետնափոր սենյակ պատրաստեցին և մի մարդու կանգնեցրին ներքևում և նրան սովորեցրին, որ թագավորին ասի` «Չեմ ընդունում քո երկրպագությունը, որովհետև սիրեցիր քրիստոնյաների քահանային, որ ուսուցանում է արհամարհել իմ պաշտոնյաներին»։ Եվ երբ թագավորն ըստ իր սովորության եկավ կրակը երկրպագելու, ներքևի [սենյակի] մարդը բարձրաբարբառ անարգեց թագավորին, և ասես կրակից ելնող նրա ձայնն ասում էր. «Դո՛ւրս արի այստեղից, ամբարիշտ, որովհետև չեմ ընդունում քո երկրպագությունը, քանի որ հարել ես քրիստոնյային, որ քեզ հրապուրում է Խաչյալին պաշտելու և ուսուցանում է անարգել իմ պաշտոնյաներին»։ Թագավորը լսելով զարհուրեց և դուրս եկավ։ Նա տրտմած էր և տարակուսած, և մտքերը պղտորվեցին, և կամենում էր, որ սուրբը մի բան ասի։ Իսկ երանելի Մարութան Սուրբ Հոգու ազդեցությամբ իմացավ նրանց խորամանկությունը և մոտենալով ասաց թագավորին. «Արքա՛, գնա կրակի երկրպագության, և որտեղից որ ձայնը լսվի, այդ մասը բաց, և կգտնես մոգերի խաբեությունը»։ Եվ վերադարձավ այնտեղից ու լսեց նույն ձայնը և հրամայեց բանալ այն տեղը, որտեղից ձայնը գալիս էր։ Բացեցին և հանեցին մարդուն այնտեղից, և նա պատմեց, թե ովքեր էին խորամանկել։ Եվ արքան սպանեց նրանց, իսկ մնացյալներն առավել ևս չարացան և գարշելի հոտ տարածեցին թագավորի աթոռի մոտ։ Նա հարցրեց մոգերին, իսկ նրանք Մարութայի և նրա հետ եղած եպիսկոպոսների վրա գցեցին։ Իսկ արքան ստուգելով իմացավ, թե ովքեր արեցին, և նրանց ևս մահվան մատնեց։ Առավել ևս շատացավ մոգպետների և Պարսից նախարարների չար նախանձը, և խորհեցին սպանել արքային և Մարութային։ Նաև նա, որ երկրորդն էր թագավորի և սիրելի, երևելի ու հզոր էր, քան Պարսից բոլոր նախարարները, երբ տեսավ մոգերի մահը, կամեցավ վրեժխնդիր լինել կրակի պաշտոնյաների համար։ Իր տանը մի խորին հոր փորեց և տակը սուր սուսերներ ցցեց, իսկ վրան թանկարժեք, ազնիվ և պայծառ կտորներից մահիճ և բազմոց պատրաստեց թագավորի համար, որ վրան բազմելով` ներքև ընկնի և սրից խոցվելով` մեռնի։ Եվ արքային ու Մարութային ընթրիքի հրավիրեց։ Իսկ Աստված չարի միտքը հայտնեց սուրբ Մարութային, և սուրբը գաղտնի մտավ արքայի մոտ ու ասաց. «Քանի որ շնորհներ ստացար և ողորմեցիր քրիստոնյաներին, խնայի՛ր անձդ և լսի՛ր այն, ինչ որ կասեմ, որ Տերը ցույց տվեց ինձ։ Մարդը, որ քեզ ընթրիքի է հրավիրել, քեզ համար մահվան որոգայթ է պատրաստել. բազմոցի տակ խոր փոս` և ներքևում ցցված սրեր, որ երբ նստես վրան, ներքև ընկնես և մեռնես»։ Այս լսելով` արքան զարհուրեց և ասաց. «Ասածդ անհավատալի է թվում. ինչու իմ մահը պիտի խորհի նա` այնքան սիրվածն ու իմ կողմից բոլորից առավել մեծարվածը»։ Մարութան ասաց. «Մի՛ գնա այդ ընթրիքին, իսկ եթե գնաս, նրան բազմեցրու այն տեղը, որ քեզ համար է պատրաստված»։ Եվ արքան ասաց. «Թո՛ղ այդպես լինի»։ Եվ եկավ այն երևելին և արքային ու Մարութային բազում աղաչանքով կանչում էր, և նրանք գնացին ու մտան [այն տեղը], ուր պատրաստված էր արքայի բազմոցը։ Եվ արքան հրամայեց նրան, որ բազմի իր տեղը։ Եվ նա ասաց. «Ինչու պիտի ես` ծառաս, բազմեմ արքայի տեղը»։ Սակայն արքան ստիպում էր, իսկ նա ծնկի իջած լալիս և աղաչում էր, բայց նրա աղաչանքը լսելի չեղավ։ Եվ արքան հրաման տվեց զինվորներին, որ նրան վերցնեն և գցեն բազմոցի վրա։ Եվ երբ նրան գցեցին բազմոցի վրա, ընկավ խորխորատի սրերի վրա և մեռավ։ Եվ արքան` տեսնելով կատարվածը և համոզվելով սրբի ասածներում` բարձրաձայն գոչելով ասաց. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ Իրեն սիրողներին հայտնում է գաղտնիքները»։ Եվ դրանից հետո ավելի սիրվեց ու մեծարվեց երանելին արքայի կողմից, իսկ արքան հավատաց ճշմարիտ Աստծուն և հոժարությամբ լսում էր սրբին։ Սակայն երկնչում էր իր հավատը հայտնել նախարարներին, որ պարսիկներին չլարի իր դեմ, և սպանեն իրեն ու խլեն իր թագավորությունը։ Եվ հաջորդ օրը արքան կանչեց իր բոլոր երևելի նախարարներին և պատմեց բոլոր եղելությունները և թե ինչպես ապրեց շնորհիվ երանելի Մարութայի, որ նախապես իրեն ցույց տվեց մահվան որոգայթը։ Եվ ամենքն ասում են. «Թո՛ղ պատվվի և մեծարվի և արքայից ու բոլոր նախարարներիցս մեծամեծ պարգևների արժանանա»։ Եվ [արքան] ասաց. «Թո՛ղ այդպես լինի, որպես ասացիք»։ Եվ արքայից հրաման եղավ, որ իր իշխանության սահմաններում ինչ որ կամենա Մարութան ստանալ` թո՛ղ նրան տրվի դա։ Եվ օրհնեց երանելի Մարութան Աստծուն և ասաց. «Օրհնյա՜լ Տեր Աստված, որ ապրեցրիր արքային որոգայթադիր մահվանից, և հիմա խաղաղություն և սեր կլինի քրիստոնյաների և Հունաց թագավորի հետ միշտ և հանապազ»։ Եվ իր մեծամեծների ներկայությամբ [արքան] ձգեց ոսկի գավազանը սուրբի մոտ և ասաց. «Թո՛ղ լինի քեզ ինչ որ կամենաս»։ Եվ սուրբը խոնարհվեց արքային ու դուրս եկավ նրա մոտից` գոհանալով և օրհնելով Աստծուն։

Եվ ժողովեց նշխարները Քրիստոսի վկաների, որ մոգերի և արքայի կողմից էին սպանվել, և արքայի հրամանով մեծ պատվով ամփոփեց տարբեր տեղերի հանգստարաններում։ Նաև քիչ-քիչ մասնիկներ վերցնելով բոլորի նշխարներից` իր հետ տարավ Մարտիրոսների քաղաքը։ Եվ հրաժեշտ տվեց թագավորին, [ստանալով] խաղաղասեր թուղթ և բազում պարգևներ, նաև ի հուշ` թագավորից ոսկով լեցուն մի ոսկյա բաժակ` քաղաքում Աստծու վկաների տաճարի կառուցման համար։ Եվ տեսավ քաղաքի և Աստծու Եկեղեցու [կառուցման] գործի հաջող [ընթացքը], օրհնեց Աստծուն։ Վերադառնալով եկավ բարեպաշտ Թեոդոսի մոտ, պատմեց թագավորի սիրո և խաղաղության, հալածանքների դադարելու և Աստծու եկեղեցիների նորոգման, նշխարները հանգստարաններում հավաքելու, մասունքները Մարտիրոսների քաղաքը բերելու մասին։ [Պատմեց] նաև, թե ինչ սքանչելիքներ արեց Տերն իր միջոցով և արքային փրկեց մահվանից, որ Պարսից արքան ևս գրել էր Հունաց Թեոդոս թագավորին։ Եվ ընթերցելով` ուրախացավ և գոհությամբ օրհնում էր ամենակալ Աստծուն` մեծամեծ սքանչելիքների և Իր հավատացյալներին` Աստծու այցելության համար, որ եղավ սրբի միջոցով։ Եվ [թագավորը] մեծարեց ու պատվեց Մարութային առավել, քան առաջին անգամ։ Եվ նա թագավորից խնդրեց, որ թույլ տա հավաքել տերության սահմաններում պահվող բոլոր սրբերի նշխարներից մասունքներ և տանել Մարտիրոսների քաղաքը, որպես կանխավ ինքն ասել էր։ Եվ թույլտվություն ստացավ վերցնելու ինչ որ ինքը կամենա։ Եվ գնաց Հռովմ և բոլոր քաղաքներն ու գավառները, նաև գյուղերն ու ճգնավորների վանքերը և Աստծու հաջողությամբ ժողովեց մասունքները։ Եվ վերադարձավ բարեպաշտ Թեոդոսի մոտ։ Եվ ոչ սակավ ուրախություն եղավ թագավորին, և բազում պարգևներ տվեց քաղաքում կառուցված Աստծու և մարտիրոսների եկեղեցիներին` գյուղեր, ագարակներ և ձիթենիների պտղատու այգիներ և լի ուրախությամբ երանելիին ճանապարհեց, որպեսև նա կամեցավ։

Եվ գալով իր աշխարհը` Ծոփքի քաղաքը, զվարճացած սրտով օրհնում էր Աստծուն։ Եվ կառուցեց քաղաքն ու Աստծու եկեղեցին հրաշալի հարդարմամբ։ Եվ Աստծու տան որմերում խորաններ պատրաստեց և դրանցում տապանակներով դրեց գեղեցկահարմար իմաստով կարգված [մասունքները]. Հռոմայեցիների երկրից` հարյուր քսան հազար, Ասորեստանից` քսան հազար, Պարսկաստանից ութսուն հազար, և մեր երկրից` վաթսուն հազար։ Եվ բոլոր բերված նշխարները միասին կազմեցին երկու հարյուր ութսուն հազար։ Չեմ ասում դրանից հետո հավաքվածները կամ այդ քաղաքում նահատակվածներինը, որ նույնպես այնտեղ են։ Թո՛ղ նրանց բարեխոսությամբ Տերը ողորմի մեզ, որ ասորերենից հայերենի թարգմանեցինք այս վկայությունը. ինձ` Գագիկիս և իմ Գրիգոր սարկավագին, որ հետս էր, որ բոլոր հավատացյալներին շնորհվի արժանի լինել այնտեղ ժողովված սրբերի ժառանգությանը։ Եվ այսպիսի բաղձանքով և մեծ հոժարությամբ Մարութան Նփրկերտ քաղաքում ժողովեց նշխարները մարտիրոսների, որոնց անունները գրված են կյանքի գրքում։ Եվ երանելիի օրերում Տերը խաղաղություն հաստատեց երկու թագավորների միջև` Հունաց և Պարսից, և դադարեցրեց հալածանքները, նորոգեց եկեղեցիները ի փառս Իր սուրբ անվան։

Այս ամենից հետո եղավ վախճանը երանելի Մարութայի` հունիս ամսի մեկին, Մարտիրոսների քաղաքում։ Եվ պատվվելով մեծարվեց բոլոր սրբերի նշխարների հետ` բոլոր սուրբ հայրերի և հավատացյալ ժողովրդի կողմից, որովհետև նրա միջոցով Աստված արեց համայն աշխարհի փրկությունը և անաստվածությունից դարձրեց դեպի ճշմարիտ աստվածգիտություն և ամբարշտությունից` դեպի արդարություն։

Արդ անուշադրության մի՛ մատնեք երանելի հոր ավանդածները ուղղափառ հավատի մասին, որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մեջ է և հավատքի խոսք է Որդու մարդեղության մասին, որ մարմին առավ և աստվածային տնօրինությամբ կատարեց բոլոր արդարությունները, Իր փառքերի մարմնի նմանությամբ անապականաբար նորոգելով մեր խոնարհության մարմինը, որ առաքինության համար ասաց, թե հոգով կառավարվենք և մարմնի ցանկությունն արհամարհենք, որպեսզի միասին հասնենք Նրա և այնտեղ հավաքված բոլոր սրբերի ժառանգությանը, ի փառս ամենասուրբ Երրորդության։

* * *

Թագավորների վախճանվելուց հետո Հազկերտի Կավատ թոռը հավաքեց իր զորքերը և եկավ Հունաց սահմանները` Նփրկերտ քաղաքը գրավելու։ Քաղաքի բնակիչները նեղվեցին և վերահաս վտանգից դրդված` կամեցան ոսկով լի ոսկյա բաժակը տանել քաղաքի փրկության համար։ Դա այն բաժակն էր, որ Կավատի պապը պարգևել էր երանելի Մարութային։ Եվ երբ բերեցին արքայի մոտ, և կարդաց իր պապի անունը, որ գրված էր բաժակի վրա, արտասվեց և ասաց. «Չլինի` ես մոռանամ իմ հայրերի հիշատակը կամ չարիք պատճառեմ այս քաղաքին, այլ թո՛ղ իմ կյանքի օրերում սեր և խաղաղություն լինի իմ և այս քաղաքի միջև»։ Եվ խաղաղությամբ վերադարձավ իր աշխարհը, և նրա վտանգից փրկվելով` գոյատևեցին քաղաքն ու ամբողջ երկիրը։ Եվ իմացան ու հասկացան, որ այնտեղ հավաքված սրբերի և երանելի Մարութայի բարեխոսությամբ Տերը փրկեց քաղաքն ու երկիրը։ Եվ փառք Նրան, որ փրկում և ապրեցնում է Իրեն հուսացողներին և ապավինածներին. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« Արեթուսի եպիսկոպոս սուրբ Մարկոսի, Կյուրեղ սարկավագի և նրանց հետ նահատակվածների վկայաբանությունը   |   Սուրբ Մելես եպիսկոպոսի վկայաբանությունը »
© Gratun.org